ԱՇՆԱՆ ԻՆՔՆԱԳԻՐԸ


Աչքս փակում եմ -
                ահա Բեթհեզդա լիճն է մտնում
                Անդրե Ժիդը՝
                շարժելու քնած ջուրը, որով Հիսուսը
                մաքրագործում է երկիրը։

Աչքս փակում եմ -
                ահա, Բելլերոֆոն
                պոետներից, հինգ րոպեով,
                խնդրել է Պեգասը եւ թռչում է՝
                սպանելու հրեշին։ Ուր է՝ թե։

Աչքս փակում եմ -
                ահա, Ալմավիրի հերցոգն ուտում է սպասյակին՝
                իր դիետային խիստ հավատարիմ (տես՝ Յա. Հաշեկ),
                բայց քանի որ մոռացել է աղի մասին, միսը ոչ այն է՝
                հավի, ոչ այն է՝ էշի մսի համ ունի։

Աչքս փակում եմ -
                ահա, տատս երեսարանք է տալիս
                Աքիլլեսին՝ միթե կարելի է Քսանթոսի նման ձիուն
                կառքի լծկան դարձնել,
                չէ՞ որ նա անկրկնելի գուշակ է ու բանաստեղծ։

Աչքս փակում եմ -
                ահա, համբուրում եմ տխրությունը մեր
                չհանդիպած օրերի։ Բարձրաձայն կանչում եմ,
                չգիտեմ՝ թե ում։ Եթե երկինք չկա,
                ապա որտեղո՞վ են թռչում հավքերը։

Աչքս բացում եմ -
                ահա, աշնան ինքնագիրը խոտերի
                վրա ոչ մի կերպ չի ընթերցվում, իսկ
                համաշխարհային եղանակը խոստանում է
                անԱրարատ ջրհեղեղ։