ԱՇՆԱՑԱՆԻ ՕԳՈՒՏԸ

Երրորդ տարին է, որ մենք առանձին ուշադրություն ենք դարձնում թե՛ աշնավարին և թե' աշնան ցանքին։

Հաջողություններն անկասկած են։ Մանավանդ Լենինականի և Սևանի ռայոններում, որտեղ աշնացանի տարածությունը 100 հեկտարից ավելի էր, այժմ մի քանի անգամ է ավելացել։

Ի՞նչ օգուտ ունի աշնացանը։

Աշնացանի բերքն ավելի է, քան նույն հողի գարնան ցանքի բերքը: Վարուցանը աշնանը կատարելով՝ գյուղական աշխատող ձեռքերի, լծկանների ու մեքենաների ավելի կատարյալ բաշխում է կատարվում, քան եթե գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կատարենք գարնանը։

Այս երկու հիմնական առավելությունները համոզում են, թե ինչո՞ւ է ձեռնտու աշնան ցանքը։

Ինչպե՞ս մշակել հողը

Աշնացանի համար մեզանում հատկացնում են խոզանը, որի վրա տավարն արածում է, և ապա գութանով վարում են, ցանում գարի կամ ցորեն։

Բայց տավարը հողը պնդացնում է, չորացնում, և ուժասպառ հողն էլ պակաս բերք է տալիս, թեև ցանքը կատարում են աշնանը։

Պետք է հնձից անմիջապես հետո խոզանը շատ երես վարել և մինչև աշնան սկիզբը թողնել, որ հողը հանգստանա, ինչպես և փտեն ծղոտները։

Աշնացանն անելուց առաջ այդ ցելը պիտի կրկնավար անել, այս անգամ խորը, ծանր գութանով։

Այդպիսի վարից հետո կատարած աշնան ցանքը կարող է միայն բարձր բերք տալ։

Ինչպե՞ս անցնել աշնավարին

Դժվարություններից գլխավորն այս ձևն ընդունելու այն է, որ հնձից հետո անմիջապես սկսվում է կալը, ուրեմն՝ լծկաններն ազատ չեն խոզանը վարելու։

Բացի այդ, ծղնոտում (քյուլաշը) անասուններն արածում են մինչև սեպտեմբերը, իսկ եթե մենք քուլաշատեղը վարենք, ուրեմն՝ արածելու տեղ չի ունենա։

Սակայն այս դժվարությունները հաղթել կարելի է, եթե մենք ուզում ենք մեր դաշտերից ավելի բերք ստանալ։

Առաջին հերթին՝ կոլեկտիվները պիտի անցնեն աշնացանի օրինակելի կազմակերպման, որովհետև նրանց մեքենաները, գործիքները, աշխատող ձեռքերը հնարավորություն են տալիս թեթև գութաններով խոզանը երեսանց վարել և թողնել մինչև աշունը։

Գյուղի նախրի պահպանման գործը պիտի կազմակերպել այնպես, որ հնձից հետո, եթե աշնավար պիտի արվի, սարից կամ արոտատեղից անասունները բաց չթողնեն խոզաններում արածելու։

Մեր հողապակաս պայմաններում հանցանք է անասունների ոտնատակ տալ փխրուն հողը, մերկացնել ծղոտներից, ամառվա արևի տակ հողը չորացնել և ուժասպառ անել։

Աշնան պարարտացումը

Միայն խոր վարը հերիք չի աշնացանից բարձր բերք ստանալու։

Ճիշտ է, խոր վարած հողը աշնան անձրևներից և ձմեռվա ձյունի տակ ավելի լավ է փափկում, հողի մեջ եղած դժվարամարս սնունդը լուծվում է և դառնում մարսական բույսի համար, փափուկ հողն ավելի լավ է պահում խոնավությունը, բայց և այնպես՝ գոմաղբով պարարտացնելը շատ մեծ անհրաժեշտություն է։

Այնտեղ, որտեղ գոմաղբ կա, պիտի այդ պարարտանյութը դաշտ դուրս բերել հենց վարից առաջ և խառնել վարած հողին։

Մանավանդ հոգնած հողերը կարիք են զգում այդպիսի պարարտացման։ Խոր աշնավարը հնարավորություն է տալիս միաժամանակ և հողը գոմաղբով պարարտացնելու։