ԱՇՈՒՆ-2


Ծերունին ինչ-որ բան էր վերհիշում,
Կամ ինչ-որ մի բան գուցե ուզում էր
                 Մոռացության տալ,
Մեկ է, չէր լինում։
Օրը աշնանն էր։
Եվ տերեւ-տերեւ ապրած գույներին,
Եվ տերեւ-տերեւ չապրած գույներին
Կարոտն էր միայն տիրություն անում։
Այդ պահին մի խենթ տղա էր անցնում
                 Աշնան ծառուղով
Եվ փորձ էր անում ծառերից ընկնող
Տերեւը բռնել, տերեւը աշնան։
Ծերունին տեսավ,
Ժպտաց ծերունին.
«Մեկ է, չես կարող, մի՛ փորձիր այդպես,
Երբ ժամը հասնի,
Նա ինքը կգա ու կգտնի քեզ»։
.............................................
Ծերունու ուսին տերեւ էր իջել,
Քամին չգիտեր՝
                Տանի՞, չտանի՞...