Աշուն (Արիս Արսենի)
Հիմա աշուն է,
Ծառերը հիմա ներկվել են կարմիր ու դեղին:
Մաղում է բարակ անձրև
Ու փչում սառը քամի:
Փողոցով անցնելիս
Արդեն զգացվում է արևի պակասը,
Եվ... ուզես-չուզես`
Սկսում ես հարմարվել վերարկուին:
Իսկ հովանո՜ցը...
Ես չեմ սիրում վերարկու հագնել:
Ես սիրում եմ աշնանային սառն օդը,
Մեղմ ու բարակ անձրևը:
Հիմա աշուն է:
Ծառերը հիմա ներկվել են կարմիր ու դեղին:
Փողոցի միակ տնօրենը քամին է արդեն:
Նա ջանում է մերկացնել ծառերին,
Ու մեկ-մեկ թափվում են տերևները
Մայթերի վրա,
Իսկ անցորդներն անխնա կոխկրտում են,
Եվ ուզում ես ճչալ փողոցով մեկ.
- Մի՜ կոխկրտեք, մե՜ղք են տերևները...
Բայց լսողն ո՞վ է,
Մարդիկ շտապում են,
Ամեն մեկն իր գործն ունի:
Քամին էլ է շտապում:
Նա աշխատում է «Մինչև ձմռան գալը`
Ո՜չ մի տերև ծառերի վրա» նշանաբանով:
...Լա՜վ, թող թափվե՜ն տերևները,
Միայն թե ձմեռը շուտ գա...