Աշտարակ (Սմբատ Շահազիզ)
Աշտարակ
Գեղեցկանիստ է Աշտարակ,
Շատ այգիներ նա ունի,
Այնտեղ երկինքն է կապուտակ,
Այնտեղ օդն է քաղցրալի։
5
Մեծ, ընդարձակ, կանաչ դաշտեր
Լի են ծաղկով քաղցրահոտ.
Մարդահասակ, խնկանըվեր
Բարձրանում է այնտեղ խոտ։
Այդ սիրուն գյուղն ունի մի գետ,
10
Եվ այն լի է ձկներով.
Այնտեղ Իշխան և Կարմրախետ
Խա՜ղ են կապում խայտալով։
Եվ հարազատ այգիներից
Տարածվում է քաղցրություն,
15
Եվ Քասախը ուրախալից
Բերում է ձեզ յուր ողջույն։
Բայց այդ բոլորն ստրկության
Կաշկանդած է կապանքով.
Ժողովուրդը թշվառական
20
Խեղդված է մեծ խավարով։
Եվ տխրությամբ ես կանգնած եմ,
Եվ ողբում է իմ հոգիս.
«Ո՛վ Աշտարակ. քեզ սիրում եմ,
Ո՞վ քեզ սիրեց, որպես ես»։
25
Կես գիշերին, երբ քնով խոր
Հանգստանում է աշխարհ,
Վեր եմ կենում ես սգավոր,
Աղոթո՜ւմ եմ քո համար։
հունիսի 2
Բոգորողսկ