Աչքերդ

Աչքերդ


Ծով մը կապույտ կծավալի
Աչքերուդ մեջ, ուր չըկա սեր,
Ծով մը հանդարտ, ըզմայլելի,
Ուր կը ցոլան ցայտուն լույսեր․
Բայց ըզգացումն հոն կհալի,
Ինչպես տաքին՝ պատառ մը սեր։

Երբեմն անկե կանցնին բարակ
Ճառագայթներ պայծառ ու ջինջ,
Ջըղուտ հոգվույդ ցոլքեր կըրակ
Երևույթով մ'աղվոր, անջինջ․
Բայց կմարին անոնք արագ,
Ինչպես հովին դեմ կայծ մ'ոչինչ։

Մերթ ծաղիկներ կըլլան փափուկ
Գորշ կապույտով մանուշակին,
Այնքան նըրբին և խուսափուկ,
Որ չունին գույն որոշակի․
Բայց կթափին ինչպես հափուկ
Դաժան շունչին դեմ խորշակի։

Օր մ'ալ տեսնես շատ են հոգներ
Մեծ թախծի խոհով մ'անանց․
Արցունքներու տակ կայլակներ
Թարթիչներեդ կմաղվին թաց,
Որ կթըվին սև ժանյակներ
Գոհարներու շարքով բանված։

Աշխարհներ են աչքերդ անհուն,
Ուր կան լույսեր, հույզեր հըսկա․
Սառույց, հըրդեհ, բոցեր փայլուն,
Ժըպիտն ու հույս չեն բացակա․
Կուգան, կանցնին անկե սահուն
Գութն ու արցունք, լոկ սեր չըկա։

1892