Աջաբ քա՛նի ժամանակ է, թաք գիդենամ տարիդ, է՛րնէկ

բնագիր
Աջաբ քա՜նի ժամանակ է, թաք գիդենամ տարիդ, է՛րնէկ

Աջաբ քա՜նի ժամանակ է, թաք գիդենամ տարիդ, է՛րնէկ.
Վո՛ւնց ուտիլ գուզէ, վո՛ւնց խըմիլ՝ մօդըդ նըստող եա՛րիդ էրնէկ.
Բացվիլ իս կարմիր վարդի պէս, փաթութ սուսանբա՛րիդ էրնէկ.
Բըլբուլին լալով ման կ’օծիս գիշիր-ցերեկ՝ խա՛րիդ էրնէկ:

Հուտըդ աշխարհըս բըռնիլ է, բերնումդ ունիս զանջափիլըն.
Կանց քիզ լաւ հուտ չի ունենայ Հընդու էկած ղարանփիլըն.
Գիշիր-ցերեկ զուգսիդ մէջն իս, ձեռիդ ունիս (հուտով հիլըն).
Դիբչում է ալ պըռօշնիրուդ. ո՛ւնքիդ, սամանդա՛րիդ էրնէկ:

Շատըն հասրաթէդ կու միռնի, սըրտումըն կ’ունենայ զարուր.
Ով չէ տեսնի՝ մէ՛կ ա՜խ կ’օնէ, ով կու տեսնէ՝ հազար հարուր.
Քու զաթըն քու նըման կուլի, կըշտիդ ունիս օսկէ բարուր.
Բալքա մէկէլ դէդէն բէրէ՝ նըման բարէբա՛րիդ էրնէկ:

Մէ նաղշըդ Արաբ անցկացաւ, մէ նաղշըդ Հընդըստան գընաց,
Մէ նաղշըդ Ղրիմ անցկացաւ, մէ նաղշըդ Դաղըստան գընաց,
Մէ նաղշըդ ՈՒրումէլ կացաւ, մէկըն Փըռանգըստան գընաց.
Ով քու սուրաթըն տեսնում է, ասում է՝ թահա՛րիդ էրնէկ:

Արի նըստի՛, Սայա՛թ-Նովա, խօ՛սքըդ ասա լամզ ու բասով.
Սազին խիլքըդ չըտա՛նուլ տաս էդ խիալով, էդ հավասով.
Ձեռիդ բըռնածըն բըրօլ է. ա՛ծա, խըմի՛նք օսկէ թասով.
Շատ աջայիբ մէհմանդար իս, սուփրի սազանդա՛րիդ էրնէկ:


Էսպէս Արութինի ասած. քրոնիկոնի 443-ին / 1755/:

թարգմանություն
Արդյոք որքա՞ն ժամանակ է, ա՜խ, գիտենամ տարիդ, ե՛րնեկ

Արդյոք որքա՞ն ժամանակ է, ա՜խ, գիտենամ տարիդ, ե՛րնեկ,
Ո ՛չ ուտել կուզի, ոչ խմել՝ մոտդ նստող յարի՛դ երնեկ,
Բացվել ես կարմիր վարդի պես, փնջա՛ծ սուսամբարիդ երնեկ,
Բլբուլին լացով ման կտաս գիշեր-ցերեկ, խա՛րիդ[1] երնեկ:

Հոտդ աշխարհը բռնել է, բերանումդ իմբիր ունես,
Հնդու մեխակից առավել չնաշխարհիկ բուրմունք ունես,
Գիշեր-ցերեկ զուգսիդ մեջը, ձեռքիդ հոտավետ հիլ ունես,
Դիպչում է ալ շրթունքներիդ, հոնքիդ, ծով աչքե՛րիդ երնեկ:

Շատ մարդ կարոտից կմեռնի սրտում ունի տենչը ամուր,
Ով չի տեսել՝ մե՛կ ա՜խ կանի, ով կտեսնի՝ հազար հարյուր,
Զավակդ քո նման կլինի՝ կողքիդ ունես ոսկե բարուր[2],
Գուցե մեկ էլ մայրդ ծնի՝ նման հավա՛սարիդ երնեկ:

Մի նախշդ Արաբ անցկացավ, մի նախշդ Հնդկաստան գնաց,
Մի նախշդ Ղրիմ անցկացավ, մի նախշդ Դաղստան գնաց,
Մի նախշդ Հունաստան անցավ, մեկն էլ Ֆռանգստան գնաց,
Ով քո պատկերը տեսնում է, ասում է՝ կերպա՛րիդ երնեկ:

Արի նստի՛, Սայաթ-Նովա, խոսքդ ասա համ ու հոտով,
Սազին խելքդ տանուլ չտաս էդ մտքով ու էդ հակումով,
Ձեռքիդ բռնածը թանկ շիշ է, լցրու խմենք ոսկե թասով,
Շատ աննման հյուրընկալ ես, սուփրի սազանդա՛րիդ[3] երնեկ:


  1. Խար — փուշ կամ վարդի վնասատու միջատ
  2. Խաղից պարզ երեւում է, որ Բանաստեղծը գովում է իր կնոջը եւ առաջնեկ որդուն՝ Մելիքսեթին: Այլապես տարօրինակ կլիներ ինչոր վրացու զավակ գովել եւ դեռ ցանկալ, որ սիրած կինը էլի զավակ ունենար իր ախոյանից: (Ի.Ս.)
  3. Սազանդար — երաժիշտ, սազ նվագող: