բնագիր
Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից՝ խոնարհից՝ հիզնից բէդամաղ
Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից՝ խոնարհից՝ հիզնից բէդամաղ.
Քանի գ՝ուզէ մարդ վուր հարբի, վո՞ւնց կու՝լի վազնից բէդամաղ.
Եա՛ր, յիս քիզ ի՞նչ գէթ իմ արի. նըստած իս միզնից բէդամաղ.
Քամեցիր էշխիդ մանգանով. յի՛ս պիտիմ քիզնից բէդամաղ:
Ինչ քիզանից հիռացիլ իմ, իմ ջանումըս ջան չէ մըտի.
Ուշք ու միտքըս դուն իս տարի, ձեռիս մէջըն բան չէ մըտի.
Հէնց գիդիմ, թէ չուրս տարի է Քաղաքըն քարվան չէ մըտի,
Ռախտարի նըման նըստած իմ՝ իջարից, միզնից բէդամաղ:
Հալբաթ սէրըն կէս է ըլի, վուր միզի ատիլ է ուզում.
Չուրս տարեկան էրեխի պէս եարըս խըրատիլ է ուզում.
Բըռնիլ է էշխի դանակըն՝ սիրտըս կըտրատիլ է ուզում.
Շատ մարդ կայ նըստած լաց՝լիլիս, գօզալի նազնից բէդամաղ:
Թէգուզ իմա՛ցի, կարդա՛ցի իմաստնասիրաց առակըն.
Էշխէմէդ ջունուն իմ էլի, վիր էկաւ սըրտիս վարակըն.
Ա՛ստուաձ վըկայ, մարդ չըքա՛շէ՝ դըժար է էշխի կըրակըն.
Տեսայ արունուտ ջէյրանըն՝ վուրսնուրդի նիզնից բէդամաղ:
Անցկացաւ աշունքվայ վախտըն, սալբիքըն խաղալ է ուզում.
Հասաւ գարունքվան հուսանըն՝ բըլբուլըն էլ գալ է ուզում.
Սայաթ-Նովէն առանց նընգիր՝ ճիդըն գըցած լալ է ուզում.
Ջառ կորցըրած խօնթքարի պէս նըստած է խազնից բէդամաղ:
Արութինի ասած. քրոնիկոնի 447-ին (1759):
|
թարգմանություն
Արդյոք քո սիրտը ո՞վ ստեղծեց՝ խոնհարվեց՝ հենակից դժգոհ
Արդյոք քո սիրտը ո՞վ ստեղծեց՝ խոնհարվեց՝ հենակից դժգոհ,
Ինչքան էլ որ մարդը հարբի, ո՞նց կլինի վազից դժգոհ,
Յա~ր, քո դեմ ի՞նչ մեղք եմ գործել, որ նստած ես մեզնից դժգոհ,
Քամեցիր սիրուդ մամլիչով, ե՛ս պիտ լինեմ քեզնից դժգոհ:
Ինչ քեզանից հեռացել եմ, իմ մարմնի մեջ շունչ չի մտել.
Ուշք ու միտքս դու էս տարել, ձեռքս էլ ոչինչ չի գտել.
Կարծում եմ, թե չորս տարի է, Քաղաքը[1] քարվան չի մտել,
Մաքսավորի պես նստած եմ՝ տուրքից ու կշեռքից դժգոհ:
Գուցե սերը կես է եղել, որ նա մեզ ատել է ուզում.
Չորս տարեկան մանուկի պես յարս խրատել է ուզում,
Բռնել է սիրո դանակը՝ սիրտս կտրատել է ուզում,
Շատ մարդ նստած լաց է լինում՝ իր սիրուհու նազից դժգոհ:
Թեկուզ կարդա՛ցի, հասկա՛ցա իմաստնասիրաց առակը,
Սիրուցդ ես խենթացել եմ, մաշվեց իմ սրտի վարակը[2].
Ա՛ստված վկա, մարդ չքաշի՝ դժվար է սիրո կրակը.
Տեսա արյունոտ եղնիկը՝ որսորդի նիզակից դժգոհ:
Անցկացավ արդեն աշունը՝ նոճիքն խաղալ են ուզում,
Հասել է գարնան ձնհալը՝ բլբուլը ետ գալ է ուզում,
Սայաթ-Նովեն առանց ընկեր՝ վիզը ծռած լալ է ուզում.
Զորք կորցրած արքայի պես նստած է իր գանձից դժգոհ:
|