Զմայլուն հայացքով նայում եմ, ինչպես
Գարնան վառ արփին պայծառ երկնքում
Ժըպտում է և, ջերմ սիրահարի պես,
Երկրին առաջին համբույրն է ղրկում։
Եվ լույս-համբույրից ա՛յնքան խանդավառ
Հուզված ցընցվում է նիրհուն բնություն.
Զարթնում ոգեշունչ նոր կյանքի համար
Եվ զգում իր մեջ մի նոր զորություն:
Հալչում են ձյուներ — սարալանջերից
Արագ, անհամբեր վազում դես ու դեն.
Պարտված արևի հըզոր շողերից
Փախչում է ձըմեռն անզոր ու անզեն:
Եվ ես լսում եմ — մերձակա ձորից
Ինչպես հորդացած անհանգիստ գետակ
Ազատ վըշշալո՜վ, դուրս եկած ափից,
Կարծես երգում է գարնան հաղթանակ:
Եվ սարալանջից սուրալով հողմիկ,
Գետակի սահուն երեսն է շոյում.
Մեղմ հուզում ջըրեր, օրորում ալիք,
Ու անուշ սուլում դալար ափերում։
Եվ նորաբողբոջ ծաղիկներ գարնան
Գետակի ափին գըրավիչ շարված,
Ժպտում են քընքո՜ւշ, բուրում դուրեկա՜ն,
Հենց նոր արևից լույս — համբույր քաղած...
Զմայլուն հայացքով նայում եմ, ինչպես
Կյանքն է նորոգվում բընության կըրծքին.
Եվ ջերմ, հոգեթով օրհնում եմ ես քեզ,
Կենսաբեր գարնան համբո՜ւյրն առաջին։