Առաջին սեր (Թորոս Թորանյան)

Առաջին սեր


ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Արմատներով հազարամյա, ծաղիկներով նորաբույս,
Ու դարերու մրրկավազ փոթորիկեն ինձի հասած
Առաջին սեր,
Գտար զիս ալ, երբ պատանի էի լոկ…
Ու ես քեզմով եղած գինով,
Ու ես քեզնով գտած եմ քեզ,
Օ, անհաշիվ հարստություն,
Կյանթ անսպառ,
Առաջին սեր։

Այնուհետև աներկյուղ կյանքս իմաստ առավ նոր։
Նայվածքներու ալ խոժոռ հանդիպեցանք թեև մենք,
Բայց մարդոց սերը անսուտ ու նվիրումը անբավ
Ըրավ հասակը մեր հաղթ, կամքը ըրավ անկոտրում։

Հետո իջանք պայքարի,
Բանտերու մեջ մնացինք, տանջանքերու տակ դաժան,
Տկարացա թեև ես, բայց սիրեցիր դարձյալ զիս,
Ու թևերուդ մեջ հզոր՝ հզորացած առավել,
Ես կը քալեմ վերստին։

Առաջին սեր, քեզի հետ եմ,
Մեր հանդիպման օրերուն պես առաջին։
Դուն՝ անվախճան գարունի կանչ,
Ես՝ շյուղ կանաչ,
Մշտադալար անտառիդ մեջ,
Առաջին սեր։