Առյուծ և աղվես և արջ
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ
Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամուտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի՜ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:
Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»: