Տառը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Առուն գնում է)

Վարդան Հակոբյան

Եղա անխոհեմ
***

Առուն գնում է -
հնարավոր են բոլոր ճամփեքը։
Եվ նա հուշերը - որպես մոտ անցյալ -
թողնում է ետեւ
ու հավաքելով իր վտակները,
ծով մտնում՝ արդեն գետի կապույտով։
Ինչ անունով էլ կոչվելիս լինեն
ջրերը, ցրված ձոր ու լեռներում,
տաք արմատներ են
կորած ծովերի։
Իմ արմատներն էլ իմ երազելը
             եւ սիրելն են ի՛մ,
ամենից առաջ՝ խոսել-երգելս
այն լեզվով, որով
շուրթերս, խոսքի բացվելուց առաջ,
ըմպել են կաթը ամենատես մոր։
Առուն գնում է -
հնարավոր են բոլոր ճամփեքը։

Ո՞վ տեղադրեց լեռները այսպես՝
իմանալով, որ
ես պիտի ծնվեմ նրանց գրկի մեջ
        մայիսյան մի օր
ու արմատներով մխրճվեմ լեռանց
                խորքերը անհուն։
Իմ սաղարթներում երկինքն է խշշում,
որ, անշուշտ, դուրս չէ ծովի օրենքից.
- Երկրագունդը անչափ կլոր է
եւ գլորվելու համար շատ հարմար,
ո՞ւր է քայլերի անմեղությունը...
Եվ ես դառնում եմ այս ձայնի ծառան,
եւ ինձ չեմ ուզում պոկել իմ քարից,
տանել ուրիշ տեղ.
իսկ թե պետք է դա, իսկ թե պետք է դա,
սա հավանական միակ ելքն է՝
լեռներն էլ պոկել արմատներիս հետ։

Առուն գնում է-
հնարավոր են բոլոր ճամփեքը,
                բացի այն մեկից,
որով ես վաղուց վերադարձել եմ։