Առվույտն ու կորնգանը դեմի հողերում
ԱՌՎՈՒՅՏՆ ՈՒ ԿՈՐՆԳԱՆԸ ԴԵՄԻ ՀՈՂԵՐՈՒՄ[1]
Արհեստական խոտացանության նշանակությունը մեր լեռնագավառներում շատ մեծ է։ Այդ խնդրի բարեհաջող լուծումից է կախված ո՛չ միայն այդ գավառներում շահավետ անասնապահություն ստեղծելը, այլև դաշտային մյուս մշակույթների ձեռնտու ցանքաշրջանառությունը։
Ցանովի խոտերի մշակույթը տարածելու, նորանոր հողամասը նրան հատկացնելու անհրաժեշտությունը լեռնային գավառի գյուղացին արդեն շատ լավ գիտե։ Այդ խնդրում գուցե մեր ագրոաշխատավորների ագիտացիան ուշացած համարվի։ Այժմ հրամայական է գործնական միջոցների կիրառումը, պիտանի ձևերի ցուցադրումը, մատչելի գներով ցանովի խոտաբույսերի սերմեր հայթայթելը և այլն։
Անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրության և խիստ հաշվեառման ենթարկել այն բոլոր փորձերը, որ կատարում են այս կամ այն գյուղում՝ ցանովի խոտերի մշակույթն է՛լ ավելի զարգացնելու։ Առաջին թեթև ծանոթությունն անգամ համոզում է, որ շատ նշանակալից փոփոխություններ են կատարվում մեր գյուղերի տնտեսության մեջ։ Բնորոշ է, որ մի շարք շրջաններ, որոնք պատերազմից առաջ առվույտի և կորնգանի սերմերը դրսի շուկաներում էին ձեռք բերում, այժմ իրենք են պատրաստում իրենց տնտեսության մեջ։ Գյուղեր կան, որոնք այժմ ունեն այնքան առվույտ ու կորնգան, ինչքան պատերազմից առաջ, բայց այդ առվույտն ու կորնգանը տեղում ստացած սերմից է։
Միանգամայն նորություն է այն, որ գյուղացին իր առվույտատեղը կամ կորնգանը չի հնձում, այլ թողնում է միայն սերմացու ստանալու, որովհետև այդ ավելի ձեռնտու է։ Տնտեսություններ կան, որոնք դարձել են մի֊մի սերմաբուծարաններ և շրջանի գյուղացիությանը մատակարարում են առվույտի և կորնգանի սերմ. փոփոխության է ենթարկվում և այդ սերմացուն ստանալու տեխնիկան։ Նրանց, որոնք այժմ առվույտ և կորնգան են ցանում, ամեն տարի սերմացուի համար թողնում են մի առանձին հողակտոր։
Նկատվում է նաև մի ուրիշ կարևոր հանգամանք, որի մասին ուզում ենք հիշել այս հոդվածով։ Գյուղացին աշխատում է, ջրովի հողերի պակասից ստիպված, առվույտի և կորնգանի համար հատկացնել անջուր հողերը, դեմի սարը, գյուղամոտիկ հողամասերը և այլն։ Ճիշտ է այդ դեպքում առվույտն ու կորնգանը պակաս են բերք տալիս, փոխվում է և մշակության ձևը, բայց և այնպես, տնտեսական ձեռնտվությունը նրան ստիպում է տարեցտարի ընդլայնել դեմի առվույտի և կորնգանի տարածությունը։
Շատ գյուղերում են փորձեր կատարվում։ Կորնգանը շատ տեղեր է անջուր հողերում բսնում, բայց վերջերս նկատելի է առվույտի մշակումը նման դեմի հողերում։
Մենք ստորև տալիս ենք Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղի մշակման ձևը, որովհետև շրջանում այդ ասպարեզում առաջին պիոները եղել է այդ գյուղը։
Դեմի հողերում առաջին անգամ կորնգան ցանել է 18 տարի առաջ նույն գյուղացի Քրիստափոր Հարությունյանը, որից հետո մյուս գյուղացիք սկսել են ավելի շատ մշակել։ Օրինակը վարակել է և շրջակա գյուղերին։ Դեմի հողերում կորնգան մշակելուց հետո վերջերս սկսել են ցանել և առվույտ։ Երկուսն էլ դեմի հողերում միայն մի անգամ են բերք տալիս, որից հետո, աշնան դեմ մնում է շատ լավ արոտատեղ։
Դեմի կորնգանի և առվույտի համար հողը վարում են սեպտեմբերի վերջին, գութանով, 3—4 վերշոկ խորությամբ։ Գարնանը, ցանելուց առաջ, ապրիլին կրկնահերկ են անում, այս անգամ արորով, 2 վերշոկ խորությամբ։ Ապրիլից ավելի շուտ ցանելու դեպքում ցրտահարության երկյուղը կա։
Նախքան ցանելը կրկնահերկը հավասարեցնում են ցաքանով, մի քանի անգամ, որպեսզի հողի երեսը միահավասար լինի և սերմերը խոր կամ երես չընկնեն։
Պատահում է, որ կորնգանին հատկացրած հողը չեն ցաքանում, իսկ ցանելուց անմիջապես հետո նորից ցաքանում են թե կորնգանը և թե առվույտը։
Ցանում են ձեռքով, դեսյատինին առվույտ՝ 2½ — 3 փութ, իսկ կորնգան՝ 6½ — 7½ փութ։ Ջրովի հողերում ավելի քիչ են ցանում, քան դեմի հողերում, որովհետև դեմի հողում ավելի շատ սերմեր են փչանում, սերմերն ավելի են վտանգի ենթակա։ Բացի այդ, տեղական սերմն ավելի խիտ են ցանում, որովհետև չհասած սերմեր շատ կան։ Խիտ ցանելու դեպքում ավելի փափուկ խոտ է ստացվում։ Այդ հանգամանքն էլ պակաս նշանակություն չունի։
Երբեմն աշնանացանի վրա, գարնանը, առանց ցաքանելու, շաղ են տալիս սերմ և, որպեսզի սերմերը թաղվեն հողում, ոչխար են քշում արտի վրայով։ Այդ ձևը շատ ընդունված է ջրովի հողերի համար, ավելի պակաս՝ դեմի հողերում։
Տանելուց հետո, 8—10 օր անց, երևում է արդեն կանաչը։ Այդ շրջանի համար վճռական նշանակություն ունեն անձրևները։ Տանելուց հետո, եթե մի կամ երկու անգամ անձրև է գալիս, հաջողությունը ապահովված է, անգամ եթե երաշտ տարի է լինում։ Անձրևներ չգալու դեպքում դեմի հողերում առվույտի և կորնգանի բերքը դառնում է հարցական։
Այդ գյուղում փորձեր են արվել կորնգանն աշնանը ցանելու։ Ճիշտ է, աշնան առատ անձրևները նպաստավոր են եղել կորնգանի համար, բայց ձմռանը ցրտահար են լինում հիմնովին։ Այնպես որ այժմ այդ փորձերը կրկնելն ավելորդ են համարում։ Նույնն է և ջրովի հողերում մշակվող առվույտի և կորնգանի նկատմամբ։
Դեմի հողերում հաջող տարիներում կորնգանը բարձրանում է մինչև 18—20 վերշոկ, իսկ առվույտը' 12—13 վերշոկ։ Երաշտ տարիներում ավելի կարճ են մնում։
Քաղում են հունիսի վերջերին։ Կորնգանը 6—10 օր ավելի շուտ են հարում, քան առվույտը։ Հարում են գերանդիներով։ Ամենից վատ տարին անգամ դեմի առվույտը մի դեսյատինից տալիս է 250 խուրձ խոտ. իսկ կորնգանը՝ մի քիչ ավելի։ ճիշտ է, ջրովի հողերում թե առվույտի և թե կորնգանի բերքն ավելի է լինում, բայց նկատված է, որ դեմի հողերում երկուսն էլ ավելի քաղցրահամ են լինում, տավարն ավելի ախորժակով է ուտում:
Բարձր սարալանջերում դեմի առվույտն ու կորնգանն ավելի լավ են կանաչում, քան ձորերում։ Սարալանջի ավազահողերում դեմի կորնգանն է լավ բերք տալիս, իսկ մի քիչ ավելի ուժեղ հողերում՝ դեմի առվույտը։ Սերմացու ստանալու համար առվույտի առաջին քաղն են թողնում, իսկ կորնգանի՝ երկրորդ քաղը։ Գյուղացիք գերադասում են ջրովի առվույտից սերմ ստանալ, քան դեմի. նույնը և կորնգանի նկատմամ: Սերմացու խուրձերը կամ կամով են կալսում (կորնգան), կամ կարպետի վրա ծեծում փայտով։ Սերմերի հասունությունը որոշվում է նրանց խշխշոցով։
Այդ բոլոր առավել կողմերի վրա ավելանում է և այն հանրածանոթ փաստը, որ առվույտն ու կորնգանը պարարտացնում են հողերը: Նույն Քրիստափոր Հարությունյանը դեմի կորնգանի տեղում ցորեն է ցանել և ստացել մեկին տասը բերք, այնինչ մեկին հինգ բերքր համարվում է շրջանում շատ հաջող։
Գավառի ագրոաշխատավորներին է մնում ամեն կերպ աշխատեք դեմի առվույտի և կորնգանի մշակույթը տարածել, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, քանի որ ջրի պակասը դեռ երկար ժամանակ կասեցնելու է ցանովի խոտաբույսերի ջրովի մշակույթի տարածումը:
- ↑ 1