Առ իմ ընկեր



I


Սեր և մանկություն՝ կայտառ երկվորյակ,
Միմյանց գրկող անմեկին ընկեր,
Որպես գարնան հետ և՛ վառ ծաղիկներ,
Որպես պարզ օրով և՛ վառ արեգակ...
5 Սերն է, սիրելի՛ք, չկամիմ խաբել,
Որ ձեր տրտունջը մեղմացնում է,
Եվ, թե ծերությունդ դեռ չէ ժամանել,
Որպես մի թռչնակ ձեզ միշտ ժպտում է։
Սորա համար չէ՞, երբ դուք տեսնելով
10 Երկու սիրահար դզված, ճեմելիս,
Ըզգում եք ձեր մեջ մի ժամ անխռով,
Իբրև բերում էր ձեզ մեծ ավետիս։

II


Թե վերաբերել այդ ինձ կամեի՝
Ես զմայլելով նայում եմ նոցա.
15 Նոցա կեցությունն է նախանձելի.
Բախտավոր րոպեք թափում են ահա՜...
Մեր մահկանացու աշխարհն անպակաս
Լի է ամեն այն տհաղությունով,
Ուր մեկին մեծ ջահ, մյուսին մեծ վնաս,
20 Գանգատ, հայհոյանք զրախոս լեզվով։
Բայց այդ ամոլքը, այդ սիրո որդիք.
Հեռու այս կյանքի չարություններից.
Միշտ բավական են և միշտ երջանիկ,
Դոցա վերա է ծաղկում Սե՜րն անբիծ։

III


25 Միայն, երբեմըն, նախանձի ոգին,
Որպես մի չար-դև մեր մեջ շրջելով,
Սերում է կասկած սիրո աշխարհին,
Մինչ նորա կապը իսպառ լուծելով։
Բայց դո՛ւ, ի՛մ ընկեր, գիտե՞ս ինչ է Սեր.
30 Երկու կողմերի համակրություն.
Իսկ թե առավել երբ երկու սրտեր
Ունին մի վերին զուգավորություն։
Առանց այդ կապին Սերը կյանք չունի,
Եվ այսօր, էգուց պիտո է մեռնի.
35 Ուրեմըն՝ սիրի՛ր, քանի սիրում է,
Եվ խեղդի՛ր քո սերն, երբ նա մենակ է։

IV


Եվ դու այդ օրից կորուսանում ես
Քո իրավունքը, որ դու ունեիր,
Բայց անկման խաչը, եթե խելոք ես,
40 Եվ վերադ չառնել դու կարող էիր։
Միայն մտածի՛ր, մեր բախտավոր ենք,
Երբ կառավար է ազատ կամքը մեր,
Իսկ թե մեք նորան բռնաբարեինք,
Մեր կյանքը սաստիկ պետք է նվազեր։
45 Եվ քո սիրածը բախտավոր յուրյան
Հաշվում էր մինչև սերտ սիրում էր քեզ.
Այդ սերը անցավ, և նա ինքնիշխան
Գնաց՝ նո՛ր բախտի կազմել ասպարեզ։

1864 թվին
հուլիսի 21
Բոգորոդսկ