Ասում էինք չէ՝ Թուրքիան չի փոխվել

Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից 100 հազարն անօրինական են և Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթե պետք լինի, կարտաքսենք նրանց մեր երկրից:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ, 16 մարտի, 2010թ.


Թուրքիայում բնակվող հարյուր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազ. հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի և, հատկապես, աշխարհի արձագանքի: Ավելի ճիշտ, այդ արձագանքի բացակայության մասին:

Երբ Նիդերլանդների Ազատության կուսակցության ղեկավար, ընդամենը կուսակցության ղեկավար և պատգամավոր, Գեերթ Վիլդերսը (Geert Wilders) հայտարարեց, որ պետք է երկրից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին, աշխարհը ծառս եղավ. ինչպե՞ս կարելի է, ո՞ւր մնացին մարդու իրավունքները: Միանգամայն ճիշտ արձագանք: Իսկ ինչո՞ւ է այսօր նույն աշխարհն անարձագանք թողնում Թուրքիայի գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետ Էրդողանի նույնաբնույթ հայտարարությունը հայերի դեմ: Ի՞նչ է, վախենո՞ւմ եք Թուրքիայի դեմ խոսել: Բա ու՞ր մնացին ձեր սկզբունքներն ու մարդու իրավունքները:

Ներկայումս ԱՄՆ-ում ապրում է 10-12 մլն անօրինական ներգաղթյալ լատինամերիկյան երկրներից: Սրանք ոչ միայն անօրինական են գտնվում այդ երկրում, այլև մեծ մասամբ անօրինական են մուտք գործել Ամերիկա: Այսուհանդերձ, ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայաստանցիների, նրանց երեխաներն իրավունք ունեն դպրոց հաճախել, և նրանք պետության կողմից ստանում են զգալի սոցիալական աջակցություն: ԵՄ երկրներում, ուր այդքան ջանասիրաբար ձգտում է Թուրքիան, անօրինական ներգաղթյալների թիվը 8-10 մլն է: Նրանց մեջ կա մի քանի հարյուր հազար գաղթական Թուրքիայից: Սրանց մի մասը, ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայաստանցիների, ապրում է տեղացի հարկատուների հաշվին: Զանազան տվյալներով այսօր ԱՄՆ-ում ապրում է 1.5-3 մլն արաբ՝ ծագումով կամ քաղաքացիությամբ: Տվյալներն անհստակ են ու էապես տարբեր, քանի որ նրանց մի զգալի մասն անօրինական է գտնվում այդ երկրում: Երբ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ ռազմական հարձակման ենթարկվեց արաբների կողմից, ամերիկյան որևէ պաշտոնյա չխոսեց ԱՄՆ-ում անօրինական բնակվող արաբներին արտաքսելու մասին: Ամերիկյան հասարակությունը գալարվում էր ցավի, վիրավորանքի ու վրդովմունքի ճիրաններում, սակայն որևէ մեկի մտքով իսկ չանցավ հարձակումը կազմակերպած ու իրականացրած արաբների պատճառով վտարել երկրում անօրինական բնակվող արաբներին:

Հիմա պատկերացնենք աշխարհի արձագանքը, եթե Բուշը հանկարծ որոշեր ի պատասխան իր երկրի վրա հարձակման ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ամերիկաբնակ արաբներին: Վստահաբար «ողջ առաջադեմ մարդկությունը» կմիանար հակաամերիկյան ցույցերի, բողոքների ու ճառերի մեջ: Եւ ճիշտ էլ կաներ: Ամեն մեկը պատասխանատու է իր արարքի համար: Խմբակային պատիժների ժամանակներն անցել են:

Էրդողանի սպառնալիքի անհեթեթությունը պատկերացնելու համար եկեք քննենք մեր իրավիճակը: Հայաստանը չի հարձակվել Թուրքիայի վրա: Հայերն օդանավ չեն քշել Կապույտ մզկիթի կամ Աթաթուրքի դամբարանի վրա: Հայերը 3500 թուրք չեն սպանել Ստամբուլի կենտրոնում, ինչպես ոմանք՝ Նյու-Յորքի կենտրոնում: Պարզապես ԱՄՆ-ի և Շվեդիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծ մասը տվյալ դեպքում ծագումով հայ է, օրինական և քաղաքակիրթ ճանապարհով հասել է նրան, որ ԱՄՆ և Շվեդիայի խորհրդարանները տարբեր մակարդակներով բանաձևեր են ընդունել: Ես չեմ էլ անդրադառնում անգամ այդ բանաձևերի բովանդակությանը և բնույթին:

Դրանք տվյալ դեպքում էական էլ չեն: Կարևորը Թուրքիայի արձագանքն է և այդ արձագանքը դատապարտող եվրոպական և ամերիկյան արձագանքի բացակայությունը: Հայաստանը, ցավոք սրտի, որևէ մասնակցություն չի էլ ունեցել այդ բանաձևերի ընդունման գործում, սակայն Թուրքիան ատամներ է կռճտացնում Հայաստանի դեմ: Եթե թուրքերը վերոհիշյալ բանաձևերից նեղված են, թեև անմտություն է նեղվել ճշմարտության վերահաստատումից, թող Թուրքիայից արտաքսեն ամերիկացիներին և շվեդներին: Ի՞նչ է, ատամը չի բռնում, թե միայն մեր դեմ հոխորտալ գիտեն: Եւ այս մտածողությամբ թուրքերն ուզում են Եվրոմիություն մտնե՞լ, ուզում են գերմանացիների հետ նույն տան մեջ ապրե՞լ: Էրդողանի խոսքերից միջնադարի ու հաշվեհարդարի հոտ է գալիս:

Ասում էինք չէ՝ Թուրքիան չի փոխվել:


17 մարտի, 2010թ.