Ասում էի չէ՞, որ դրականը լավ է
(Այս ինչպես եղավ, որ դրականն ու բացասականը փոխվեցին տեղերով)
«Այսքան ուրախ կյանքը մեզ Լենին պապիկն էր տվել, Իսկ մենք էլի, միշտ ինչպես՝ Դեռ սովոր ենք դժգոհել»։
Երգն է մնացել, հա։ Հիմա՞ ինչի նման է։ Գնում ես հիվանդանոց՝ ստուգվում։
Ասում է.
— Դրական է։
Ասում ես.
— Դե լավ է, որ դրական է, ես էլ սկսում էի կասկածել,- քմծիծաղում ես։
Ասում է.
— Ի՞նչն է լավ, ես ասում եմ՝ դրական է, դու ասում ես՝ լա՞վ է։ Ու դեռ քմծիծաղում է՞լ ես։
Ասում ես.
— Բա ի՞նչ է, որ լավ չէ։ Ամբողջ կյանքում մեզ սովորեցրել են, որ դրականը լավ է, բացասականը վատ է։ Ամենուր դրական վարքագիծ ենք դրսևորել, հեռու ենք մնացել վատ սովորություններից։
Ասում է.
— Հա՜, դա մի ժամանակ էր, անցավ ու պրծանք դրանից։ Հիմա նոր ժամանակներ են, նոր բարքեր։
— Լավ, հիմա՝ ի՞նչ,- հարցնում ես։
Ասում է.
— Մեջդ վիրուս կա, պիտի այդ վիրուսը միջիցդ հանենք, որ հիվանդությունդ բուժվի։
— Հա՞,- ասում ես,- ուրեմն հիվանդ ե՞մ։
Ասում է.
— Հա, որ դրական է՝ ուրեմն հիվանդ ես։
Ասում ես.
— Բժշկուհի ջան, բա ի՞նչ անենք, իմ հալն ի՞նչ կլինի։
Ասում է.
— Այդքան շատ մի մտահոգվի, մի 14 օր կմնաս տանը, լավ կսնվես, մեկ-մեկ էլ՝ պարացիտամոլից-բանից կուլ կտաս, կպրծնի՝ կգնա։
— Հաստատ կպրծնի՞, բժշկուհի ջան,- ասում ես,- չես խաբում, չէ՞։
— Չէ՜,- ասում է,- ինչի՞ խաբեմ։
— Դու ասում ես, է՜, բայց հավատալս, մեկ ա, չի գալիս։
Ասում է.
— Ինչի՞։
Ասում ես.
— Է՜, քանի՜-քանիսի գլուխը կերավ այդ հիվանդությունը։
Ասում է.
— Ես ասում եմ ժամանակներն արագ են փոխվում՝ դու էլի քո հին երգն ես երգո՞ւմ։ Հիմա ուրիշ մուտացիայով է այդ հիվանդությունը՝ հեշտ ու թեթև են տանում։
Ասում ես.
— Դե լավ է, որ այդպես է։ Իսկ այդ 14 օրվա՞ մասին ինչ էիր ասում։
Անգիր արածի պես վրա է տալիս.
— Դե մի 14 օր կմնաս տանը, լավ կսնվես, մեկ-մեկ էլ՝ պարացիտամոլից-բանից կուլ կտաս, կպրծնի՝ կգնա։
— Մնամ տա՞նը, աշխատանքի չգնա՞մ։ Ինչ լա՜վ է։ 14 օ՜ր։ Երկու շաբա՜թ։ Ասում էի չէ՞, որ դրականը լավ է։
06.09.2022, 18։13