Բաժակ փրկության Աստվածածնի պատկեր

Ռափայել Պատկանյան

Արաքսի արտասունքը
ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՊԱՏԿԵՐ


    Ինչո՞ւ լալագին աչքով նըխշած է
Տիրամոր պատկերը ժամումը կախած.
Ինչո՞ւ ձեռները նա խաչ կապած է,
Աչքերը դեպի երկինք ամբարձած։

    Ինչի՞ է կարոտ, ի՞նչ է աղոթում,
Անարատ, անմեղ, սուրբ Աստվածածին,
Ասես՝ խոսքերը ջերմեռանդ սըրտեն
Գնում են երկինք դեպ առ սուրբ Որդին։

    Նահախ չի իջնում երկնառաք ցողը

Ցամքած, կոշտացած մեր երկրի վըրա,
Նահախ չի ծաղկում սևացած հողը,—
Այս են պաղատում աչքերը նորա։

    Թե որ անմեղը չաղոթեր իսկի
Իրա մեղավոր աղբորը խաթրին,

Երկիր կու ճաքվեր ահեղ ձեներով,
Երկինք կու խռովեր վերից մեր գըլխին։

   Թե որ արդարը չի ներեր իրա
Չարչարող տանջող, զալում դուշմանին,
Էլ ո՞վ էր մեզի փըրկում, ազատում,

Իսպառ կուլեինք դըժոխքի որդին։

   Ապա՝ լա՛ց իլիր, ծանր ա՜խ քաշե,
Որբոց Մեր, այրյաց մըխիթարություն.
Թո՛ղ քու արտասունք վազեն ջըրի պես,
Թաք որ ցամաքի երկրես չարություն։