ԱՎԱԶԻ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐ


Սկյութացի կանայք, ասում են, կարող են աչքերով սպանել
այն տղամարդկանց, որոնց ատում են։ Բայց այդ ո՞ր
կինը չունի նման կախարդանք,
մանավանդ՝ սիրած տղամարդուն սպանելու համար։

Լեռան երկինքը բարձր է լինում։ Մեղեդին օդը
ջերմացնում է, եւ փոխվում է տարվա
եղանակը։ Գագաթների անհանգրվան ընթացք։

Հեռուն չափվում է թեւերով։

Քարը, որ սարի լանջն ի վար սրընթաց իջնում է, դու
քո հայացքով կանգնեցնում ես շեշտակի, եւ ստիպում, որ
նույն արագությամբ քարը շարունակի վեր ընթանալ՝
եկած ճանապարհով։
Ծիտը մերկ ճյուղին տերեւախաբ է տալիս։

Քամին միակ հրապարակն է, ուր
պարում են էգ գայլերը։
Այն ո՞վ է՝ պարակցում նրանց՝
մի որձ տերյեր գրպանի մեջ։

Ես իմ արձակած նետի ետեւից հասնում, ետ եմ բերում՝
քանի դեռ այն չի հասցրել դիպչել նշանակետին։ Մինչդեռ
ձյունն իր ընթացքի մեջ այնպես դանդաղ է ու անշտապ, որ
միջպետական պատվեր է հիշեցնում։

Իմ չունեցած սիրուց մեծ սեր աշխարհում չկա, իսկ
այն, ինչ ունեցել եմ, չունեցածիս ստվերներն են միայն։

Ամեն մեկի մեջ կարող եմ դուռ գտնել՝ իմ աշխարհից ներս
մտնելու համար, բացի ինձանից։ Աղբյուրը քնել է լեռան ստվերում։