Ավանակ ես տո․․․

Ավանակ ես տո․․․


Ամեն անասունից հիմար ես ու ցած,
Տանջվում ես ու տանջվում գլուխ քաշ արած,
Ահագին փալանը միշտ մեջքիդ դրած․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:

Ինչքան որ աշխատիս, ինչքան որ ջանաս,
Էլի քանի սաղ ես, էշ պիտի մնաս,
Ուր որ քեզի քաշ տան, էնտեղ կգնաս․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:

Տերդ քեզի խաբել է ըռուպմ գարով,
Առաջ ընկած կերթաս սարով ու քարով,
Պոչդ թափ-թափ տալով՝ հայ ու հավարով․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:

Էդ մեծ գլխիդ մեջը խելք չես ունեցել,
Ինչո՞ւց է, որ էդքան էշ ես մնացել,
Երկար ականջներդ տնկել զռացել․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:

Էդ քու բախտդ քեզի էշ բերեց աշխարհ,
Ինչքան ապրիս, պիտի տանջվիս չարաչար,
Չունիս ազատվելու քեզ ոչ մի հնար․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:

Հերիք է էշ մնաս, հիմա՛ր ավանակ,
Որ վրեդ ծիծաղեն ամեն ժամանակ,
Մինչև ե՞րբ պիտ լինես, տո, ծաղր ու ծանակ․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:

Եկ, Շերամիս լսե՝ փալանդ վար դիր,
Հին ճամփից հեռացի, նոր ճամփա գտիր,
Թե որ ինձ չես լսում, ախոռդ մտիր,
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:

Խորամանկ աղվեսից վեր առ օրինակ,
Շան նման գլորվիր տիրուդ ոտքի տակ,
Մի կտոր խելք ճարե, տո՛, էշ ավանակ.
Գեթ մեռնելիս զուռնով տանին գերեզման:

1917