Ավերումն Հայաստանի
Ավերումն Հայաստանի
Սև ամպերը հայոց երկինք պատեցին,
Պայծառ արևն ու լուսինը ծածկեցին,
Աստղերն ընկան երկնից երկիր, չքացան,
Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան:
Կայծակ խփեց՝ այրեց սրբավայրերը,
Հայապատկան գեղատեսիլ դաշտերը,
Արծաթափայլ գետերն ամեն սևացան,
Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան:
Օվկիանոսն էլ ալեկոծված, կատաղի,
Կլանում է, խղճուկ հայը ո՞ւր փախչի.
Ո՛չ լույս մնաց, ո՛չ ապաստան, ո՛չ պաշտպան,
Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան:
Էլ մենք արդյոք ինչո՞ւ կասենք՝ հայրենիք,
Որ ամեն ժամ թշնամյաց դեմ չկռվինք․․․
Պետք է կռվել, կամ չքանալ հավիտյան,
Կամ ազատել գերությունից Հայաստան:
1903