Մոնթե Մելքոնյան - իմ ժողովրդի հերոսական
զավակ, ես հավատում եմ, որ դու երբե՛ք, ինչ էլ
լինի, չես լքի Արցախը։ Ավո՛։ Դու միշտ մեզ հետ ես՝
որպես դեռ նոր ծագող բարի լույս՝ մաղթված
մեր լեռներին։
Հողից մինչեւ երկինք կանգնած է սարը,
հողից մինչեւ երկինք սարը Ավո է,
ճակատի վրա՝ աստղ ու շուշան,
ճակատի վրա՝ լույսի մանանա,
չհանգչող լույսի կերոն է Ավոն։
Եվ ընթանում է Մռովը անկանգ,
հորիզոնի մեջ արյան բոցեր կան,
պատառոտված են արշալույսները,
Կնդրուկի լերանց խունկ են աչքերը,
քրքումն արեւի աշտանակ է սուրբ։
Հագավ Արցախը ժպիտն Ավոյի,
ճամփան բաց դռան կանչ-հրավեր է,
շունչը սոսափ է թռչող թեւերի,
Մոնթեն դաշտի մեջ ամարասվել է,
Մասիսից մի հեղ ձյուն դրեք շուրթին։
Վերցրու ձեռքերը, լեռանն եմ ասում
ու բուրվառում են քառսուն խնկեղեգ,
քառսուն եղեւնի հասնում են երկինք,
դեմից գալիս է Սեդան - հրեշտակ
եւ օծված է նա գիշերվա շաղով։
Մոնթե, զավակս... Զարկդ Դավթինն է...
ուղին դարձի մեջ իրեն ճանաչեց,
երգը փնտրում է լարը աղբյուրի,
քաջածաղիկ է ծիրանին ու հիր...
Արցախ, Աստծո դուռն ես երկրային։