2. ԱՎՉԻ֊ՕՂԼԻ

Կըլնի, չիլնի մի մարդ, մի կնիկ։ Սրանք ալեի֊մալեի մի մինուճար տղա են ունենում, էլ զադ չէ: Էս մարդը լավ ավչի ա ըլնում. ասսու իրան օրը նետվանեղը վեր էր ունում, էթում մեշեն, ավ անում, բերում ավի մսովը իրա խիզանը պահում։ Էս Ավչին շատ էր ծերացե, դեն ընկե. օրեն մի օրն էլ հիվանդանում ա, տեղով֊բարձով պառկում, էլ չի վե կենում, մեռնում ա։

Էս Ավչու տղեն ա՝ եբ մեծանում ա, իմանում ա, որ իրա հերը ավչի ա էլե, գալիս ա, մորն ասում.— Ես էլ պտի ավչություն անեմ, իմ հոր փեշակը բանացնեմ. բե՛ իմ հոր նետվանեղը տո՛ւ, էթամ հանդը, ավ անեմ, բա՛լքի կամաց֊կամաց սարվեմ:

— Շա՛տ լավ ես միտք արե, ա՛յ որդի,— կասի մերը,— տենում ես աշխատանք անող չկա, ըսկի չէ՝ հո ֆորսի միս էլա կուտենք, սթար կանենք։

Կէթա մարդի նետվանեղը կբերի, կտա տղին, ջուխտ թուշը կպաչի, ճամփու կդնի հանդը։

Էս տղեն ա՝ կէթա հանդը, ծիտ, չոբան֊խարուկ ռաստ կգա, նետվանեղով կտա, վե կքցի, վե կունի կբերի տուն։ Մերը կուրախանա, աշխարով մին կըլնի, որ տղեն հոր փեշակը սարվում ա։ Ըսենց մին, էրկու, իրեք, հինգ, տասը, տղեն էթում ա չոլը՝ ըսկի դարտակ չի գալի, ղշից-մշից մի զադ վեր ա քցում, բերում տուն։ Ըսենց անց ա կենում մի քանի վախտ. տղեն ընենց թեզ ա սարվում տվչությունը, որ էլ չէլած, կարգին հոր փեշակը բանացնում ա։

Էս Ավչի-օղլին ա՝ ո՛ր նետվանեղ բանացնելը լավ սարվում ա պրծնում, միտք ա անում գնա հեռու տեղերանք էթա ավի։

Օրեն մի օր նետվանեղը վե կալավ, ասսու անումը տվեց, ընկավ ճամփա դպա մեշեն։ Գնաց, գնաց, հասավ մեշեն. ըստե ընչանք իրիկուն ավ արեց, ուզում էր տուն գա, տեհավ՝ մի մղրըբը կոխեց. էլ չուզեց էս բեվախտին էթա, ասեց. «Նիլնեմ մի բանձր ձառի ծերը,— որ ինչ ա՝ ջանավարները վրա չտան,— ընչանք լիսանա, նո՛ր վե կենամ, էթամ տուն»։ Ման էկավ, մի բանձր ծառ գտավ, էլավ ծառի գլուխ, ընդե քնեց:

Գիշերվա մի վախտ Ավչի-օղլին զարթնում ա, ի՜նչ տենում՝ հրես սաղ մեշեն ընե՜նց լիս ա, ընե՜նց լիս ա, հենց իմանաս չրաղդան ըլնի։ Հենց իմացավ սաղ մեշեն կպել ա, վառվում ա: Է՛ս յան մտիկ արեց, է՛ն յան մտիկ արեց՝ զադ չգտավ. բիրդան աչքը քցեց ներքև, տեհավ՝ հրես մի եքա ջանավար էկել ա փռվել էդ բանձր ծառի տակին, ինքն էլ ընենց ա պսպղում, ֆըռֆըռահար գալի, կասենաս ակն ու արեգակ ըլնի։

Ավչի-օղլին էս որ չի՜ տենում, սիրտը ահ ու դողն ընկնում ա. միտք ա անում՝ նետվանեղը քաշի, տա՛ էդ ջանավարին տեղնուտեղը սատկացնի, մին էլ վախում ա՝ փըստ անցկենա, ու ջանավարը դհա կատաղի, վրա հասնի իրան, նիլնի ծառը, իրա մենձ թիքեն անկաջը թողա։ Միտք արեց, միտք արեց, վերջը որ շատ միտք արեց. «Յա՛ տեր աստոծ, դո՛ւ ըլնես իմ կռանը,— ասում ա,— ի՛նչ կըլնի, կըլնի, պտի տամ»: Ասում ա ու նետվանեղը բռնում ա դպա ջանավարը: Տալու բաշտան ջանավարը մնում ա տեղնուտեղը:

Ալուստի տղեն ծառիցը վեր ա գալի, ուզում ա ջանավարի ջամդաքը քաշ տալով բերի հասցնի գեղը, տենում ա՝ շատ ծանդր ա. բերում ա կաշին քերթում ա, ընե՛նց թամուզ, իստակ քերթում ա՝ կաշին սկի մի տեղ էլ ա չի ծակվում. եննա ծալում ա, քցում շալակը, բերում տուն։

Մերը ջանավարի փոստը որ տենում ա, մնում ա զարմացած:

— Տղա՛,— հարցնում ա,— էս սիրուն փոստը ո՞րդիան ա։

— Ա՛յ մեր,— ասում ա տղեն,— բա չե՜ս ասի՝ ըսենց, ըսե՛նց, ըսե՛նց բան։— Նստում ու ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի:

— Էդ լա՛վ էլավ,— ասում ա,— տո՛ւր հազիր թագավորին փեշքաշ. նա էլ քեզ լա՛վ-լա՛վ փեշքաշներ կտա սրա տեղակ, ճամփու կդնի:

— Լա՛վ, ա՛յ մեր, ո՛ր ասում ես, կտանեմ։

Էս տղեն ա՝ Էգսի օրը ջանավարի կաշին վեր ա ունում, դո՛ւզ էթում դպա թագավորի ամարաթը։ Էթում ա, մննում ա նեքսև, թագավորին գլուխ տալի, փոստը աղաքին բաց անում: Թագավորը, իրա նազիր-վեզիրը էս որ չեն տենում, բերանները մնում ա բաց, թե էս ի՛նչ թավուր ջանավար ա, որ կաշին ըսե՛նց լիս ա տալի։ Թագավորը հրամայում ա՝ Ավչի-օղլուն լա՛վ-լա՛վ փեշքաշներ տան, ճամփու դնեն։

Համա նազիր-վեզիրը իրանց մտքումը շատ են թոնթորում տղի վրեն, թե. «Ո՜նց սրա պես մի ջահել տղեն կարենա թագավորին ըսենց փեշքաշ բերի, մենք չկարենանք։ Յա՜վաշ սրա գլուխը մի ընե՛նց օյին բերենք, որ ինքն էլ մնա շշմած»։

Վեր են կենում գալի թագավորին գլուխ տալի, ասում.— Թագա՛վորն ապրած կենա, էս արեգակի պես շողշողուն կաշուն պետք ա ֆլի ոսկոռներից մի ամարաթ, որ նրա հեննա սազի։— Թագավորի բեյինը կմննի էս բանը։

— Շա՛տ լավ եք ասում,— կասի,— ֆլի ոսկոռներից մի լավ ամարաթ դրուստ որ շատ լավ կըլնի. համա ո՞վ կարա բերի։

— Է՛հ, թագա՛վորն ապրած կենա,— կասեն նազիր-վեզիրը,— դրա վրա՜ էլ ես դարդ անում. էսթավուր ճրագի պես վառվող կաշի բերողի ձեռքին ի՛նչ դժվար բան ա ֆլի ոսկոռները բերիլը։ Թե բերի՝ Ավչի-օղլին կբերի, էլ մարդ չէ։

— Բա՛ս որ ըտենց ա, գնացե՛ք Ավչի-օղլուն կանչեք գա,— կասի թագավորը։

Էն սհաթը նազիր-վեզիրը կէթան, Ավչի-օղլուն կկանչեն, կբերեն թագավորի կուշտը։

Ավչի-օղլին կգա թագավորին գլուխ կտա, ընդե կկաննի։

— Տղա՛,— կասի թագավորը,— պտի էթաս ինձ հմար էնքա՜մ ֆլի ոսկոռ բերես, որ մի ամարաթ շինիլ տամ, միջին ապրեմ. կարա՞ս բերի։

— Թագա՛վորն ապրած կենա, կբերեմ, խի՛ չեմ բերի․ համա ի՛նչ որ ուզեմ՝ քու նազիր-վեզիրը քոմմա պտի տան, ռազի՞ ես։

— Ռա՛զի եմ,— կասի թագավորը,— թող քու ասածը ըլնի։

Տղեն թագավորին գլուխ կտա, կթողի կէթա տուն, մորը նաղլ կանի թագավորի ուզածը:

Սրա մերը իմաստուն կլնի, կասի.— Դու սկի դարտ մի անի, կէթաս թագավորիցը իրեք հարիր մարդ կուզես, իրեք հարիր տիկ գինի, իրեք հարիր տիկ արաղ. վե կունես կէթաս ֆլա՛ն մեշեն, ընդե օխտը մենծ հավուզ կա. էդ հավուզների ջուրը լավ կկռճեք, դուս կածեք, էդ գինի, արաղը շուռ կտաք էդ հավուզների մեջը. ֆլերը ճաշվա էն ճնջոթան շոգին կգան կխմեն. խմելու բաշտան քոմմա կրեֆովանան, վե կթափեն, դո՛ւ քու մարդկերանգովը վրա կհասներ, քոմմըքին էլ կկոտորեք, ոսկոռները կջըկեք, կբարձեք սելերը, կգաք։

— Լա՛վ,— կասի տղեն,— ո՛նց որ ասեցիր, ըտե՛նց էլ կանեմ։

Է՛հ, էղ տղեն ա՝ էգսի օրը թեզ վե կկենա, կէթա թագավորի ամարաթը, թագավորին խորը գլուխ կտա, կասի.— Թագավորն ապրած կենա, ինձ պտի տաս իրեք հարիր մարդ, իրեք հարիր սել, իրեք հարիր տիկ գինի, իրեք հարիր տիկ արաղ։

Թագավորն էն սհաթը հրամայում ա, որ տղի ուզածը քոմմա բերեն տան։ Բերում են, ամեն բան հազրում, ճամփի թադարեք տենում, ընկնում ճամփա։

Էթում են, էթում են, շատն ու քիչը աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում են Ավչի-օղլու մոր ասած մեշեն: Էթում են դե՛ս-դե՛ն ընկնում. ո՛ր շատ ման են գալի, էթում են էն հավզները գտնում են։ Էդ հավզների ջուրը Ավչի-օղլին թամուզ կոճել ա տալի, գինի, արաղը քոմմա դարակում են էտ օխտը հավուզը, իրանք էլ էթում են ղրաղ տափ կենում։ Անց ա կենում մի սհաթ, էրկու սհաթ, էն ճաշվա ղըռ շողին, մին էլ ի՜նչ տենան՝ եքա սուրուքով ֆլերը:

Գալիս են քոմմա վրա պրծնում, որ ինչ ա ջուր խմեն. արաղի, գինու ֆոտիցը հաշտ են ըլնում, փռնչալոն եդ փախչում. համա դե՝ ո՞րդե պտի ջուր գտնեին, որ խմեին. էլի մի քիչ վախտից եդը վրա են պրծնում ու մի կուշտ քաշում գլխները. հենց խմելու բաշտան քոմմա հարբում են, շալուքյութ ըլնում, վե թափում:

Էս Ավչի-օղլին ա՝ էն սհաթը իմաց ա տալի հընկորտանցը՝ վրա են պրծնում մի սհաթումը քոմմըքին մորթոտում, քերթում, ոսկոռները բարձում սելերը, ընկնում ճամփա դպա իրանց երկիրը։

Ըսենց գալիս են, գալիս են, մի՛ օր, էրկու օր, մախլասի՝ մի շաբաթ, գալիս հասնում են թագավորի երկիրը․ դո՛ւզ սելերը քշում են թագավորի ամարաթի աղաքին վեր ածում:

Էս որ տենում են՝ թագավորի նազիր֊վեզիրը մնում են մոլորած, թե էս ի՛նչ բան էր, որ իրանց ղրկած տեղիցը Ավչի-օղլին սաղ-սալամաթ եդ էկավ։ Միտք կանեն, որ թազադան ընե՛նց տեղ ղրկեն, որ էլ ըսկի եդ գալու ճար չլնի:

Համա թագավորը ուրախացել, աշխարքովը մին էր էլե. էս ոսկոռների հմար Ավչի-օղլուն լավ֊լավ փեշքաշներ կտա, քոմմա կդնի իրա տանը։

Ըսենց երկար վաէտ էդ ֆլի ոսկոռները կմնա թագավորի ամարաթի աղաքին վերածած։

Կգա էդ երկիրը խոլեր կընկնի. ընե՜նց խոլեր, ընե՜նց խոլեր, որ էլ չէլած։ Օրական մի հազար մարդ կմեռնի խոլերիցը: Թագավորը իրա նազիր-վեզրին կկանչի, դիվան կսարքի, որ տենան, թե՝ էս ի՛նչ բան ա, խի՞ բիրդան ըսենց խոլեր ընկավ իրանց երկիրը։

Զաթի նազիր-վեզիրը դրան ին բանդ, հենց էն սհաթը կասեն.

— Ավչի-օղլունն ա մեղքը, նա որ ֆլի ոսկոռները չբերեր, չթափեր, ըստերանք, ըսենց խոլեր չէր ընկնի մեր երկիրը։

Թագավորը կհարցնի.— Բա ի՞նչ անենք, ո՞վ կարա ամարաթը շինի, էս ֆլի ոսկոռները հավաքի ըստերանք։

— Սավայի Ավչի-օղլուցը մարդ էլա չի կարա շինի,— կասեն նազիր-վեզիրը։

Էն սհաթը մարդ կղրկեն, Ավչի-օղլուն կկանչեն. թագավորը կասի.— Որ էս ֆլի ոսկոռներիցը ամարաթ չշինես՝ իմաց կա՛ց, որ քյալլա կանեմ քեզ։

Խեղճ Ավչի-օղլին դառը-տխուր կգա, մորը նաղլ կանի թագավորի հրամանը։

Մերը կասի տղին.— Ա՛յ որդի, ըսկի դարտ մի անի, գնա թագավորիցը հազար ուղտաբեռ նոխուդ, չամիչ ուզա, ընկի ճամփա։ Կէթաս, կէթաս, մի մենծ ծովի ռաստ կգաս։ Էդ հազար ուղտաբեռն էլ շուռ կտաս ծովը, ծովի ձկները կուտեն, կէթան, իրանց թագավորին իմաց կտան։ Թագավորը դուս կգա ջրիցը քեզ կհարցնի, թե՝ «Ի՞նչ ես ուզում»․ դու էլ կասես՝ «Ինձ տա՛ր, էն ծովի մեջտեղի ցամաքը հանի»։ Քեզ կտանի ծովի միջի ցամաքը, ընտեղ քու հոր աղպերն ա մնում, կէթաս նրա կուշտը, նաղլ կանես՝ ի՛նչ որ քեզ հրամայել ա թագավորը։

Է՚հ, Ավչի-օղլին էգսի օրը վե կկենա կէթա, թագավորիցը կուզի հազար ուղտաբեռ չամիչ-նոխուգը, կընկնի ճամփա: Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, մի՛ շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, կհասնի մոր ասած ծովին։ Էդ հազար ուղտաբեռն էլ շուռ կտա շռռալոն ծովը, ինքը ղրաղին կնստի, թամաշ կանի: Անց կկենա մի սհաթ, էրկու սհաթ, մին էլ կտենա, ըհը՛, հրես Ձկների թագավորը դուս էկավ։

— Հը՛, ի՞նչ ես հրամայում, ուզա, անեմ,— կասի Ձկների թագավորը։

Տղեն կասի.— Զադ չեմ ուղում. ուզում եմ, որ ինձ տանես, ծովի մեջտեղի ցամաքը հանես։

Էն սհաթը Ձուկը կասի.— Նի՛լ մեջքիս։— Տղեն կնստի Ձկան միջքին, մի սհաթումը կտանի կհասցնի ծովի միջի ցամաքին։ Տղեն ըտե վե կգա, կէթա հորողբորը կգտնի, նաղլ կանի, ի՛նչ որ թագավորը հրամայել էր։

Էն սհաթը հորողբերը մատի մատանիքը ժաժ կտա, կասի Ավչի-օղլուն.— Գնա՛, ամարաթը հմի հազիր ա։

Ավչի-օղլին ուրախ-ուրախ էլ եդ կնստի Ձկների թագավորի միջքին, եդ կդառնա ծովի էն էրեսը. Ձկնիցը շնորհակալ կըլնի, ճամփա կընկնի իրանց երկիրը։

Շա՛տ կէթա, քի՛չ կէթա, ասսուն ա այան, սաղ-սալամաթ էլ եդ կհասնի իրա վաթանը։ Կգա, դրո՛ւստ, կտենա թագավորի ամարաթի տեղը ընենց մի թազա ամարաթ ա կաննած, ընե՜նց մի ամարաթ, որ էլ չեմ կարա ասի. մարդ ուզում ա՝ ո՛նչ ուտի, ո՛նչ խմի՝ հենց էդ ամարաթին հայիլ-մայիլ ըլնի, թամաշ անի։ Դո՛ւզ էթում ա թագավորին գլուխ տալի, էն դիհը կաննում։ Էլի թագավորը լավ-լավ փեշքաշներ կտա, ճամփու կդնի Ավչի֊օղլուն իրա տունը։

Սրանց թողանք ըստե, գանք խաբարը տանք թագավորի նազիր֊վեզրիցը։

Նազիր-վեզիրը էս որ կտենան, դհա՛ կպատռեն, տրաք-տրաք կգան. թազադան միտք կանեն, բալքի Ավչի-օղլուն լափ կորցնիլ տան։

Վե կկենան, էլի կգան թագավորին գլուխ կտան, կասեն.— Թագա՛վորն ապրած կենա, էս քոմմա լա՛վ, համա էս տեսակ ամարաթը հո՛ էլած, հո՛ չէլած. ա պետքը առանց Անմահական ջրի, առանց Անմահական խնձորի․ ա՛յ, ըտոնք էլ որ բերիլ տաս, դրուստ որ քու լայաղի ամարաթներ կունենաս:

Թագավորի բեյինը կմննի սրանց ասածը, կասի.— Շա՛տ լավ եք ասում, համա ո՛վ կարա էդ Անմահական ջուրը, խնձորը բերի։

— Տնաշե՜ն, դրանից էլ հե՜շտ բան. ֆլի ոսկոռ բերողի, էսթավուր ամարաթ շինողի ձեռին դժա՞ր ա Անմահական ջուրն ու Անմահական խնձորը բերիլը: Ավչի-օղլու ձեռին ըստոնք մի օրվա բան ա. համա սաղ աշխարքի միջին քու պալատը մի հատ կըլնի,— կասեն թագավորի նազիր-վեզիրը։

Թագավորը էն սհաթը կհրամայի Ավլի-օղլուն կանչեն․ մարդ կղրկեն, Ավչի-օղլին կգա, գլուխ կտա թագավորին, աղաքին կկաննի։

— Տղա՛,— կասի թագավորը,— թէ իմ ամարաթի հմար կարեցար Անմահական ջուրն ու Անմահական խնձորը բերի, իմացած կաց՝ ի՛նչ ուզես կտամ, համա որ չբերեցիր՝ գլուխդ կթռնի վրիցդ. դու գիտաս։

Խեղճ Ավչի-օղլին էլի դառը-տխուր գալիս ա տուն, մորը նաղլ անում թագավորի հրամանը։

Մերը ասում ա.— Ա՛յ որդի, դու ըսկի դարտ մի անի, էս քեզ ի՛նչ կսովորցնեմ, դու ընենց արա՛, քեզ ղիան չի պատահի:— Կասի.— Նետվանեղդ վե կունես, կէթաս ֆլա՛ն մեշեն, ընդե մի մենծ ծառ կա, էդ ծառի վրեն Արծիվը բան ա դրե. Վիշապը ամեն վախտ գալիս ա, Արծվի ճտերը ուտում ա։ Կէթաս մի ղրաղ տեղ տափ կկենաս, էն Վիշապին կսպանես։ Արծիվը քեզ կհարցնի, թէ՝ «Ի՞նչ ես ուզում, ասա՝ տամ»։ Դու կասես, որ. «Անմահական ջուր ու Անմահական խնձոր»։ Նա քեզ կասի, թե ո՛նց պտի բերես։

Ավչի-օղլին ա՝ էգսի օրը աղոթրանին՝ թեզ վե կկենա, իրա նետն ու աղեղը կքցի ուսը, մոր հեննա «մնաս բարով» կանի, կընկնի ճամփա։ Կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, մի՛ շաբաթ, է՚րկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, կհասնի մոր ասած մեշեն. դե՛ս ման կգա, դե՛ն ման կգա, էն մենծ ծառը կգտնի։ Կտենա, դրուստ որ, հրե՛ս Արծվի ճուտերը իրանց բնումը ծառի վրեն քնած են. կէթա ուսուլով մի ղրաղ տեղ տափ կկենա։ Անց կկենա մի վախտ, մըկ էլ ի՜նչ տենա՝ հրես մի եքա Վիշապ էկավ շուլալվեց էդ ծառը։ Վիշապին տենալու բաշտան Արծվի ճուտերը ծլվլոցը կքցեն. հենց էդ վախտը Ավչի-օղլին՝ առ հա՛, նետով կտա Վիշապին․ Վիշապը ծառիցը վե կընկնի, կկիտվի էն դիհը. ինքն էլ զաթի բեզարած ա ըլնում, պառկում ա ծառի տակին ու անուշ քնում ա։ Արծվի ճտերն էլ գալիս են թևերը փռում են էդ տղի գլխին, որ արևը չտա. դինջ քնի, չունքի ճաշվա ճընջոթան շոգի արևի փիս վախտն էր:

Էն դհիցը Արծիվը կգա, կտենա՝ հրես իրա բնի ծառի տակին մի մարդ ա պառկած. կուզենա, որ ձվիգ-ձվիգ անի, հենց կիմանա՝ ամեն վախտ դա ա կերել իրա ճուտերին. նո՛ր ընդիան ճուտերը քոմմա նաղլ կանեն Ավչի-օղլու արած լավությունը, Վիշապի ջամդաքն էլ շանց կտան իրանց մորը: Արծիվը ո՛ր էս կիմանա, իրա թևերն էլ կփռի, որ դհա հով ըլնի Ավչի-օղլուն: Ըսենց կքնի մի՛ սհաթ, է՛րկու սհաթ, բիրդան կզարթնի կտենա, որ հրես Արծիվը իրա ճուտերովը թևները բաց են արել իրա վրա, որ հով ըլնի: Սիրտը կարխեյնանա, ուրախ-ուրախ տեղիցը վե կկենա, էն դիհը կկաննի։

Արծիվը կասի.— Ի՞նչ ես ուզում, ա՛յ հողածին, ասա՝ տամ, որ քու լավությունի տակիցը բալի դուս գամ:

— Զադ չեմ ուզում,— կասի Ավչի-օղլին,— Անմահական ջուր ու Անմահական խնձոր եմ ուզում:

— Դե՛ որ ըտենց ա,— կասի Արծիվը,— վե կունես օխտը տիկ ջուր, օխտը բուդ միս. կնստես միջքիս, ես քեզ կտանեմ Անմահական ջրի ու խնձորի կուշտը. որ «բու» կանեմ՝ ջուրը կքցես, «ղո՜ւ» կանեմ՝ միսը, մինչև կէթանք տեղ կհասնենք:

Ըտենց Ավչի-օղլին ա՝ միսն ու ջուրը վե կունի օխտը տիկ՝ ու կնիլնի Արծվի միջքին. Արծիվը կթռնի․ «ղո՜ւ» կանի՝ Ավչի-օղլին միսը կքցի, «ղու» կանի՝ ջուրը, մինչև կէթա էփեջա տեղ. բիրդան ճամփին մի բուդ միսը վե կքցի Ավչի֊օղլին: Իրա բուդը կկտրի, հազիր կանի, հենց Արծիվը «դու» կանի՝ Ավչի-օղլին իրա բուդը կքցի։ Արծիվը կտենա, որ շատ աղի ա, կդնի լնդերի տակը, կպահի: Ավչի-օղլուն կասի.— Աչքերդ պինդ խփի՛, քեզ էլ ղայիմ պահի՛, հրե՛ս, էս մենծ սարը տեսնում ես՝ պտի ճղվի, մննենք սրա մեջը:

Ավչի-օղլին ղայիմ կբռնի, ու Արծիվը ընե՛նց բարձր կթռնի, որ սաղ աշխարը Ավչի-օղլու աղաքին մրջմի չանք էր էրևում: Բիրդան Արծիվը վե կգա մի՛ սառը բչքչան աղբրի ղրաղ, որ էլ չեմ կարա ասի. ընե՜նց մի չայիր-չիման տեղ, ընե՜նց մի բաղչա, որ էլ ի՞նչ ասեմ. էնքա՜մ խնձորներ, էնքա՜մ խնձորներ, որ Ավչի-օղլին մնացել էր շշմած:

Արծիվն էն սհաթը իրա լնդի տակի բուդը կհանի, կդնի Ավչի-օղլու վրա, իրա բմբլիցը կպոկի, կթաթախի Անմահական ջրի մեջ, կքսի Ավչի֊օղլու ոտին, էն սհաթը ոտը էլի կսաղանա:

Արծիվը Ավչի֊օղլուն կասի.— Հրե՛ս Անմահական ջուրը, հրե՛ս Անմահական խնձորը, ինչքա՛մ կուզես կե՛ր ու վե կա՛լ։

Ավչի-օղլին մի խնձոր կլցնի ջեբերը, ծոցերը, մի կուշտ ինքը կուտի, Անմահական ջրիցն էլ վրեն կխմի։ Մի կուժ էլ Անմահական ջուր կլցնի ու էլի կնստի Արծվի միջքին։ Արծիվը կբերի Ավչի֊օղլուն իրանց երկրի սնոռումը վե կդնի, մի բոլ էլ շնորհակալություն կանի, որ իրա ճուտերին Վիշապի ձեռիցը պրծացրեց. հեննեն «մնաս բարով» կանի, կէթա իրա ճուտերի կուշտը։

Ավչի-օղլին էլ ուրախ֊ուրախ Անմահական ջրի կուժը կդնի ուսին ու յա՜լլա՝ կկրընդի դպա թագավորի ամարաթը։ Կէթա դո՜ւզ թագավորի աղաքին գլուխ կտա, Անմահական ջրի կուժն ու ծոցի խնձորները կհանի, կդնի թագավորի աղաքը։

Թագավորը, իրա նազիր-վեզիրը, էս որ կտենան, շատ կզարմանան, թե սա ո՞նց գնաց ըսենց թեզ Ջուրն ու Խնձորը գտավ բերեց։

Թագավորը կասի.— Տզա՛, գնա՛ դինջացի, էգուց արի ի՛նչ ես ուզում՝ տա՛մ սրա տեղակ։

Համա ա՛րի նազիր֊վեզիրի սրտիցը խաբար տուր։ Սրանք էրկուսն էլ շատ միտք կանեն, շատ միտք կանեն, թե յարաբ մենք ո՞րդե պտի սրան ճամփենք, որ էթալն ըլնի, գալը չըլնի։ Ըտենց միտք կանեն, միտք կանեն, բիրդան մաները կընկնի, որ Լեմս թագավորը մի շա՛տ սիրուն աղջիկ ունի։ Լավ կըլնի, որ թագավորին սրեն՝ Ավչի֊օղլուն ղրկի Լեմսի աղջկանը բերի. զաթի որ թագավորը ղրկի, էլ Ավչի-օղլին եդ էկողը չի։ Դուզ կէթան թագավորի կուշտը։

— Չես ասի՛, թագա՛վորն ապրած կենա, ի՛նչ ենք միտք արե,— կասեն նազիր֊վեզիրը։

— Ի՞նչ,— կհարցնի թագավորը։

— Որ Ավչի-օղլին ըտենց ղոչաղ ա, շատ լավ կըլնի, որ ղրկենք էթա՝ Լեմսի թագավորը մի սիրուն աղջիկ ունի, ղրկի թո՛ղ էթա էն աղջիկը բերի քեզ հմար. էսթավուր ամարաթին ընենց հուրի֊մալաք թագուհի ա պետք,— ուրախ-ուրախ կասեն նազիր֊վեզիրը։

— Դե որ ըտենց ա, ղրկեք, Ավչի-օղլին թող գա՛,— կասի թագավորը։

Զաթի նազիր-վեզիրին էլ հենց էդ էր պետք. մարդ ղրկեցին Ավչի-օղլու եննուցը։

Ավչի-օղլին կգա, գլուխ կտա թագավորին, կասի.— Էլի ի՞նչ ես հրամայում, թագա՛վորն ապրած կենա։

ԹաԳավորը կասի.— Որ ըսքան բանը բերեցիր, իմ ամարաթը զարդարեցիր, մնաց, որ էթաս, Լեմսի թագավորի աղջկան էլ բերես ինձ թագուհի, նոր են վախտը ի՛նչ ուզում ես՝ կտա՛մ ու էլ ինձ բան չի մնա պակաս։

Ավչի-օղլին դառը-տխուր կգա, մորը նաղլ կանի թագավորի հրամանը։

Մերը կասի.— Դու արխեին կաց, դժար հրամանները քոմմա կատարել ես, հմի դրանում ի՛նչ կա, որ դարտ ես անում։ Կէթաս թագավորիցը օխտը ձեռք դափ ու զուռնա, մի քանի հատ էլ լավ գյամի կուզես, քոմմըքի հագին էլ ոսկե շորեր ըլնի։ Վե կունես կէթաս ֆլա՛ն ծովը. գյամիքը կնստեք, կէթաք դո՛ւզ ծովի մեջտեղը։ Հենց ծովի միջին էդ թագավորի ամարաթն ա, նրանք համեշա ընտեղ ջրի միջին են ապրում, ըսկի իսանի էրես չեն դուս գալի։ Ածիլ կտաս, թագավորի աղջիկը դուս կգա անկաջ անելու. հենց դուս եկավ թե չէ, վե կալ դի գյամին ու փախեք եդ։

Ավչի-օղլին ա՝ էլի առավոտը թեղ վե կկենա, կէթա թագավորի ամարաթը. նի կմննի նեքսև, թագավորին խոր գլուխ կտա, կասի.— Թագա՛վորն ապրած կենա, ինձ օխտը ձեռք լավ դափ֊զուռնա հրամայի տան. քոմմըքի հագին էլ ոսկե շորեր ըլնի հագած, մի քանի հատ էլ լավ գյամի։

Թագավորը էն սհաթը կհրամայի, Ավչու-օղլու ուզածները քոմնա կտան։

Ավչի֊օղլին օխտը ձեռք դափ-զուռնեն վե կունի, կընկնի ճամփա։ Կէթա, կէթա, կէթա, լի՛ս կէթա, մո՛ւթ կէթա, ըսենց օխտը շաբաթ ճամփա կէթա, ասսու զորությունովը կհասնի մոր ասած ծովին։

Էն սհաթը կհրամայի՝ կտմանց գյամիքը քոմմա ոսկով կզուքեն կհազրեն, իրանք էլ ոսկե շորները կհագնեն, կնստեն, գյամիքը կքշեն դպա ծովի մեջտեղը։ Շատ կէթան, թիչ կէթան, ասսուն ա այտն, կհասնեն լափ ծովի մեջտեղը. նո՛ր ըստե Ավչի-օղլին գյամչըքանցը կաննացնիլ կտա գյամիքը դափը֊զուռնեն ածիլ կտա։

Էդ դափը-զուռնաչիքն ես՝ մի ընե՜նց ղայդեք կածեն, մի ընենց ղայդերք, որ սաղ ծովի ձկներին, ջանավարներին մղկտացնիլ կտան․ մարդ ըսկի ո՛նչ ուզում էր ուտի, ո՛նչ խմի, հենց նստի դրանց ածելուն լսի: Ըսենց կածեն մի օր, էրկու օր, մըն էլ կտենան՝ էն թագավորը դուս էկավ ջրի էրեսը, հայիլ-մայիլ էլավ էդ զուռնաչքանց ածելուն։ Մի սաղ թամամ ամիս էդ դափր-զուռնաչիքը կածեն գյամըքանց միջին, համա էդ թագավորն էլ ո՛նչ ուտում էր. ո՛նչ խմում, հա լսում էր դրանց։

Դե՛ հո մի սաղ ամիս սոված չէ՞ր կարա մնա. գնաց տուն՝ հաց֊մաց ուտի ու էլի դուս գա լսի, տնեցիք հարցրին.— Էսքան վախտ ո՞ւր իր գնացե:

Թագավորը կասի.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ծովի վրա, չեմ գիտա որդիան են էկե էդ դափը-զուռնաչիքը. ընե՜նց են ածում, որ մարդի միտք ո՛նչ ուտիլն ա գալի, ո՛նչ խմիլը:

Թագավորի աղջիկը էս որ կլսի, կզարդարվի, կզուգվի, դուս կգա ծովի էրեսը, որ ինքն էլ լսի։ Խեղճը հենց դուս գալը կիմանա՝ էն սհաթը Ավչի-օղլին վրա կպրծնի, վե կունի թագավորի աղջկանը ու գյամչքանցը կհրամայի, որ քշեն դպա իրանց երկիրը։

Ըսենց կգան, կգան, շատն ու քիչը աստոծ գիտա, օխտը շաբաթվա վրա կհասնեն իրանց երկիրը։

Ավչի֊օղլին ուրախ-ուրախ աղջիկը վե կունի կտանի թագավորի ամարաթը։

Թագավորը էս աղջկանը որ կտենա, շատ կուրախանա, վե կկենա Ավչի-օղլու ճակատը կպաչի, էդ աղջկանն էլ կտա Ավչի֊օղլուն։ Նո՛ր Ավչի-օղլուն թագավորը կղրկի իրա մոր եննուցը:

Ավչի-օղլին ուրախ-ուրախ կէթա մորը քոմմա գլխի անցկացածը նաղլ կանի, ոնց որ ես ձեզ նաղլ արի, նոր վե կունի, կբերի թագավորի ամարաթը։

Նո՛ր ըստե օխտը օր, օխտը գշեր հարսանիք կանեն, լավ արախությունով Ավչու֊օղլուն կպսակեն։ Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, էն օխտը ձեռք դափը-զուռնեն էլ ածիլ կտան։

Դե զաթի թագավորն էլ հալիվորել էր, կբերի Ավչի֊օղլուն էլ իրա ձեռքովը կկարգի թագավոր, որ իրանից եդը Ավչի-օղլին երկիրը կառավարի։

Խեղճ նազիր-վեզիրն էլ կտենան, որ իրանց մտքի շատ բաները քամին տարավ, իրանք էլ կգան Ավչի֊օղլուն գլուխ վե կբերեն։ Ավչի֊օղլին էլ նրանց կբաշխի։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։