X

Օրը բավական շոգ էր, ամենքը զբոսանքից հոգնած, վերադառնում էին իրենց տները, ճաշելու ժամանակ էր։ Հուզված սրտով, ամոթահար, շփոթված մտքերով, սակայն երջանիկ զգացմունքով Ռոստամյանը դիմեց դեպի քաղաքի կենտրոնը։

Ո՛ւր էր գնում — ինքն էլ չգիտեր։ Նա կամենում էր առանձնանալ մի տեղ և անձնատուր լինել յուր զգացմունքներին։ Քաղց նա տակավին չէր զգում և ոչ էլ գիտեր, թե արդեն երրորդ ժամն է։ Քաղաքի առաջնակարգ փողոցներից մեկում, մի բարձր շինության ներքին հարկի ապակյա դռների վրա, նրա աչքին րնկավ խոշոր ֆրանսերեն տառերով գրված «Կոֆե-Ռեստորան» խոսքը։ Այդ մի ծանոթ հյուրանոց էր, ուր նա մի քանի անգամ ճաշել էր։ Նա մտավ ներս։

Մի մեծ սենյակում դրված էին մի քանի սեղաններ, ձյունի պես ճերմակ և մաքուր սփռոցներով ծածկված։ Մոտ մի տասնյակ հյուրեր, այս ու այնտեղ առանձին-առանձին նստած, լուռ ճաշում էին, աչքի տակով նայելով միմյանց վրա։

Ռոստամյանն անցավ մի ուրիշ փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար։ Նրա առջև իսկույն ցցվեց սև հագնված մի իմերել սպասավոր, կերակուրների ցուցակը ձեռին և մի երկայն անձեռոցիկ ուսով գցած։ Ռոստամյանն առանց ընտրելու, պատվիրեց առաջին աչքին ընկած կերակուրն և մի շիշ գինի։

Մինչև ծառան պատվերը կկատարեր, նա, արմունկները սեղանին հենած, ծանրացած գլուխը ձեռներով բռնած, մտածում էր յուր արարմունքի մասին։

Անսպասելի՜ անցք․․․ ո՛չ, բախտավոր եղելություն։ Ի՞նչպես հանկարծ տեղի ունեցավ այն։ Միթե Ռոստամյանն այդ մտադրությունն ունե՞ր, երբ գնում էր Վարվառեի մոտ։ Ո՛չ․ նրան ձգում էր Վարվառեին տեսնելու ցանկությունը։ Բայց ինչո՞ւ համար, ինչո՞ւ դարձյալ ինքնախաբեությամբ պարապել․ չէ՞ որ վերջ ի վերջո ամեն ինչ պիտի պարզվեր․ չէ՞ որ նրա համար այլևս անտանելի էր դարձել անորոշ դրությունը։ Ուրեմն, կատարվեց այն, ինչ որ վաղ թե ուշ պիտի կատարվեր․․․

Այժմ գեթ փարատվեցին նրա կասկածները — Վարվառեն սիրում է նրան։ Բայց չէ՞ որ նույն Վարվառեն նրա առջև բաց արավ և՛ այն խոչընդոտները — հոր ինքնասիրությունը, մարդկային օրենքներն և կրոնի կանոնները։ Ո՞րն ընտրել — արհամարհա՞նքն, անե՞ծքն, ատելությո՞ւնը, թե՞ մշտնջենական հոգեկան ծանր, մաշող վիշտը, կենդանի մահը, բարոյական ոչնչությունը։

Այստեղ Ռոստամյանի մտքերը շփոթվեցին։ Նա մոռացավ իրան և սկսեց մտածել միմիայն Վարվառեի մասին։ Միթե կարելի՞ է մի կնոջից պահանջել այնչափ քաջություն․․․ միթե սերը կարո՞ղ է Վարվառեին ստիպել, որ նա մի այնպիսի ծանր զոհաբերություն անի — զրկվի հոր սիրուց, ենթարկվի նրա հավիտենական անեծքին, հասարակության նախատինքին, ծաղրին և ատելությանը։ «Հայրս չի կարող տանել այդ ծանր հարվածը, նա շատ է սիրում ինձ», ասաց Վարվառեն։

Սիրո՞ւմ է․ ի՞նչ մի բռնակալական սեր է այդ, ի՞նչ սեր է, որ հանուն մի անբախտ և թշվառ կապի, դրդում է հարազատ հորն իսպառ ոչնչացնել յուր միակ դստեր կյանքը։ Ո՛չ, այդ — մոլեռանդ հոր եսամոլություն է, մի եսամոլություն, որ, սակայն, ծնողական սիրո անունով թունավորում է զավակի գոյությունը։ Մինաս Կիրիլլիչը սիրում է ինքն իրան, յուր հանգստությունն, և ո՛չ երբեք Վարվառեին։

Սպասավորն արդեն բերել էր նրա պահանջածը։ Նա մի քանի պատառ կերակրից դրեց բերանը, մի բաժակ գինի խմեց և լիք շիշը զզվանքով հեռացրեց մի կողմ։

Ի՞նչ է անում այժմ այդ սիրող հայրը․— արդյոք նախատո՞ւմ է աղջկան, իսկ աղջիկը, նրա առջև չոքած, արտասվալի աչքերով ներումն է խնդրում․․․

Նա մտաբերեց և՛ Կատոյի խորամանկ աչքերը, չարախնդիր ծիծաղը։ Ուրեմն այդ կինը լրտեսել է նրանց։ Վերջապես, թաքցնել այսուհետև այլևս անկարելի է։ Վաղը, մյուս օրն անզուսպ կինն ամբողջ քաղաքի մեջ հռչակելու է կատարված անցքը, հարկավ, մեկին հինգ ավելացնելով։

Անա՜րգ։ Ի՞նչն է այդ կնոջը ստիպում թշնամանալ ուրիշների բախտին։ Նախա՞նձը։ — Ո՛չ, կա մի այլ պատճառ․․․ Չէ՞ որ մի բանով պիտի արդարացնի յուր հանցավոր խիղճը։ Տեր աստված, և այդպիսինե՞րը պիտի դատավոր լինեն Վարվառեի գլխին․․․

Հյուրանոցը տակավ առ տակավ դատ արկվեց, մյուս սենյակից ձայն չէր լսվում։ Սպասավորն անդադար ներս էր մտնում ու դուրս գալիս։ Ռոստամյանը վճարեց և դուրս գնաց։

Փողոցում նրա տխրությունը կրկնապատկվեց, ո՞ւր գնալ այժմ։ Տո՞ւն վերադառնալ։ Ոչ — անկարելի է առայժմ։ Ամոթի զգացմունքը դարձյալ գրգռվեց նրա մեջ։ Ի՞նչ երեսով նա պիտի հանդիպի Մինաս Կիրիլլիչին։ Անշուշտ ծերունին գիտե արդեն, թե ինչու յուր հարևանն այնպես այլայլված դուրս եկավ։

Թո՛ղ իմանա, թո՛ղ հայտնի լինի և՛ ամենքին։ «Ո՛չ ոք, ո՛չ ոք այլևս չի կարող մեզ բաժանել, ո՛չ հասարակության բամբասանքը, ո՛չ օրենքի խոչընդոտները և ո՛չ Մինաս Կիրիլլիչի պատվասիրությունը, միայն թե Վարվառեն սիրե ինձ այնպես, ինչպես ես եմ սիրում»․․․

— Ռոստամյան,— լսեց նա հանկարծ մի ծանոթ ձայն, հետ նայեց և կանգ առավ։

Փողոցի մյուս կողմից շտապ քայլերով մոտենում էր մի երիտասարդ պարոն։

Դա Ռոստամյանի ուսանող ընկեր Սարգսյանն էր։ Այս երիտասարդի հետ Ռոստամյանը Մոսկվայում համեմատաբար ավելի մոտիկ բարեկամություն ուներ, քան մի որևէ ուրիշի հետ, թեև Սարգսյանն ուսանում էր համալսարանում, իսկ ինքը՝ երկրագործական ճեմարանում։ Սարգսյանն ի բնե բարեսիրտ, անկեղծ և մտածող, խոսել սիրող տղա էր։ Նրա բուն թիֆլիսեցի ծնողները բավական ունևոր մարդիկ էին, ուստի շատ անգամ նա յուր ստացած թոշակի ավելվածով կարողանում էր օգնել աղքատ ընկերներին։ Ի միջի այլոց, նա մի անգամ նեղությունից ազատել էր և՛ Ռոստամյանին, հակառակ վերջինի համառությանը, տալով նրան փոխադարձաբար մի գումար ուսման և բնակարանի վարձն յուր ժամանակին վճարելու համար։ Ռոստամյանն, այս օգնությունից հետո, ի սրտե հարգում էր Սարգսյանին և թեև նրանց բարեկամությունը մտերմության աստիճանից տակավին հեռու էր, բայց դեպք եղած ժամանակ Սարգսյանն յուր անկեղծությամբ կարողանում էր մերձենալ նրա սրտին․․․

— Ո՞ւր ես գնում այսպես մտամոլոր,— հարցրեց Սարգսյանը, բարեկամաբար ժպտալով և երկու ձեռներով սեղմելով Ռոստամյանի աջը։

— Հենց այնպես, զբոսնում եմ,— պատասխանեց Ռոստամյանը։

— Ուրեմն թույլ տուր քեզ ընկերանալ։ Զարմանալի է, տոներին ես սաստիկ տխրում եմ անգործությունից։ Գնա՛նք միասին։

Նրանք, խոսակցելով, անցան դեպի Միքայելյան կամուրջի կողմը։ Սարգսյանը հարցրեց Ռոստամյանի առողջության և գործերի մասին, պատմեց յուր դրությունը, հաղորդեց մի քանի նորություններ։ Հետո խոսակցությունն անցավ նրանց նախկին ուսումնակիցների վրա։ Սարգսյանը սկսեզ մեկին պախարակել, մյուսին քննադատել, մի երրորդի մասին խոսել արհամարհանքով։

— Գիտես ինչ — ասում էր նա կյանքից հիասթափված մարդու եղանակով․— այս անպիտան կյանքը մարդուս շատ է փչացնում։ Նա մի սարսափելի փորձություն է։ Այն, ինչ որ ատում էինք ուսանողության ժամանակ, այժմ մեզ շատ հրապուրիչ է երևում․ մենք նրանով հափշտակվում ենք։ Օրինակ, ես․․․ պարզ զգում եմ, որ օրից օր ընկնում եմ, անկեղծ եմ ասում, ընկնում եմ, Ռոստամյան։ Երբեմն նայում եմ ինձ նախկին Սարգսյանի աչքերով և ի՛նչ եմ տեսնում, գիտե՞ս, տեսնում եմ, որ արդեն մինչև ծնկներս, խոզի պես, խրվել եմ կեղտոտ, հոտած ճահճի մեջ և մի փոքր ևս անցնի, պիտի բոլորովին նստեմ։ Այդ դեռ ես եմ․․․ կան ինձանից վատերը։ Սաթունյանը, այն ծայրահեղ նիհիլիստը, այժմ ծայրահեղ չինովնիկ է դարձել։ Մեսրոպյանը, հիշո՞ւմ ես այն մոլեռանդ քարոզչին, որ միշտ ժողովրդի շահերի համար փրփուրը բերանին կխոսեր, երևակայի՛ր, այժմ չի ամաչում ասել․ «Զոհում եմ իմ բոլոր այն ժամանակվա գաղափարները մի կնոջ քաղցր ժպտին»։ Ծաղրում է, ծիծաղում է, բամբասում է, է՛հ, ինչ ասես, անում է․ մաշում է յուր կոշիկներով պարահանդեսներում դահլիճների հատակը, խանդում է, նախանձում է, աշխատում է վայր ձգել յուր հակառակորդի անունը։ Եվ այս բոլորն ինչո՞ւ համար։— Երբեմն մի կնոջ աչքին լավ երևալու համար։ Ախ, Ստեփան, չես կարող երևակայել, թե կին ասած արարածը որքան աղավաղում է մեր բնությունը։ Նա ինձ էլ է փչացրել ․․․

— Կինն աղավաղո՞ւմ է մեր բնությունը,— կրկնեց Ռոստամյանը։— Եվ այդ ասում ես դո՞ւ, որ մի ժամանակ պաշտպանում էիր կանանց։

— Այո՛, պաշտպանում էի, ինչու թաքցնեմ մ՛եղքս, պաշտպանում էի և հիանում այն փիլիսոփաներով, որոնք գոռում ու գոչում են, թե կինը տղամարդի ստրուկն է, թե նա հարստահարում է և այլն, և այլն։ Որովհետև մեր բոլորի աշխարհայացքներն ու գաղափարները փոխվել են, ես էլ եմ փոխել իմ համոզմունքը։ Բայց ես գտել եմ ճշմարտությունը։ Ես պնդում եմ այժմ, որ մենք տղամարդիկս ենք կանանց ստրուկները և ոչ թե նրանք — մերը։ Ուսումնասիրի՛ր կյանքի մանրամասնությունները և դու շատ ապացույցներ կդտնես։ Ասա, խնդրեմ, որո՞նք են ստրուկի հատկությունն՛երը։ ՉԷ՞ որ կեղծավորությունը, հաճոյախոսությունը, բութ սրախոսությունը, ստախոսությունը, երկյուղը, հլու հնազանդությունը։ Այժմ ասա, ո՞վ ո՛րի առջև ավելի է կեղծում, հաճոյախոսում, ստում․ ո՞վ ո՛րի կամքին ավելի է հպատակվում կյանքի մեջ — կի՞նը, թե՞ տղամարդը։— Տղամարդը։ Ես շատերին եմ ճանաչում, որ հաջողություն ունին կանանց շրջանում լոկ այն պատճառով, որ գիշեր ու ցերեկ կեղծավորում են նրանց, ուղղակի կամ ակնարկություններով գովում են նրանց քիթը, բերանը, աչքերը, հասակը, հլու հնազանդությամբ կատարում են նրանց կամքը։ Այլևս չեմ խոսում այն անթիվ հիմարների մասին, որ կնոջ մի ժպիտի համար կրկեսային ծաղրածվի դեր են կատարում։ Ահա՛, մտիկ արա այն տուտուցին,— ավելացրեց Սարգսյանը, Ռոստամյանի ուշադրությունը դարձնելով մի բավական երիտասարդ տղամարդի վրա, որ անցնում էր երկու կանանց հետ։— Ինչո՞ւ նա է մեջքից այնպես թեքվում խոսելու ժամանակ և ոչ թե կանայք։ Բայց նայի՛ր, ինչպես կանայք հպարտ, գլուխները բարձր պահած, լսում են, առանց անգամ նրա երեսին նայելու։ Իսկ նա հիմարներից չէ․ մարդը Թիֆլիսի մեջ հայտնի է ինչպես ամենախելոք դատախազ։ Եվ այսպես, կանայք տղամարդկանց ստիպում են նախ մեջքը թեքել, հետո լեզուն, հետո ամբողջ բնավորությունն և հետզհետե ստորացնում են նրանց ու գցում․․․

Մինչ Սարգսյանը խոսում էր, Ռոստամյանը լուռ խորհում էր նրա ասածների մասին։ «Շատ կարելի է, որ քո ասածը ուղիղ է», մտածում էր նա, մերթ ժպտալով և մերթ հավանական կամ բացասական բառեր արտասանելով։

Նրանք արդեն Միքայելյան փողոցումն էին։ Օրը սկսել էր մթնել։

Հանկարծ Սարգսյանը կիսահեգնական եղանակով ասաց․

— Դու էլ բավական փոխվել ես, Ռոստամյան։ Առաջ ես քեզ վրա ծիծաղում էի, որ դու, պառաված կույսի պես, աշխարհից հեռացած, փակվել ես տանը։ Բայց հետո, երբ մի փոքր կյանքի համն առա, քեզ ամենախելոք մարդն էի համարում և նախանձում էի։ Այժմ, եղբայր, տեսնում եմ — չէ, քեզ էլ կյանքի հոսանքը փոքր առ փոքր քշում է։ Ախ, կանա՜յք, կանա՜յք։

Այս անսպասելի նկատողությունն և խորհրդավոր եղանակը, որով Սարգսյանը կրկնեց «կանայք» խոսքը, Ռոստամյանին շփոթության մեջ ձգեցին։

— Ես չեմ հասկանում քո ասածը, պա՛րզ խոսիր, Սարգսյան,— ասաց նա հետաքրքրված։

— Լավ, հրեշտակ մի՛ ձևանար։ Ո՞վ է այն կինը, որի հետևից այնպես ընկել էիր նվագահանդեսի երեկո։ Հիշո՞ւմ ես․․․ Այնքան հափշտակված էիր, որ ինձ էլ չնկատեցիր։

— Նա իմ հարևանն է։

— Պսակված է և մարդուց բաժանված, չէ՞։

— Այո,— պատասխանեց Ռոստամյանը լուրջ եղանակով։

— Հը՛մ, ուրեմն զուր չե՞ն խոսում։

— Ո՞վ է խոսում, ի՞նչ են խոսում։

— Ես, ճշմարիտն ասած, ուրիշների ասածներին շատ էլ չեմ հավատում, բայց խոսում են, ի՞նչ արած։ Ճանաչո՞ւմ ես տիկին Բեզիրգանովին, քո տան տիրուհու աղջկան։ Ուղիղն ասած, ես այդ կնոջ երկրպագուների՛ց չեմ, գիտեմ ինչ պտուղ է։ Բայց նա ընդունված է մի լավ ընտանիքում։ Այդ ընտանիքի հետ, անունը մի՛ հարցնիր, ես շատ լավ ծանոթ եմ, այցելում եմ։ Ահա, այնտեղ եմ լսել։

— Բայց ի՞նչ ես լսել։

— Որ դու սիրահարված ես այն կնոջ վրա։ Ես չեմ հավատում, միայն զգույշ կաց թակարդի մեջ չընկնիս, Ստեփան․ քեզ նմանները ոտքով ու ձեռքով են ընկնում։ Բայց, կրկնում եմ, չեմ հավատում, որ դու սիրահարվես ամուսնացած կնոջ վրա, այդ դու չես անիլ։

— Իսկ եթե անե՞մ,— հարցրեց Ռոստամյանը, տակավին կարողանալով պահել յուր սառնությունը։

— Այն ժամանակ, է՛հ, ինչ ասեմ, պիտի զգույշ լինել։ Այդպիսի դեպքերում ճարպիկները հետ դառնալու միշտ ճանապարհ են թողնում, եթե ոչ— հետևանքը կարող է վատ լինել․․․

Այս խոսքերը վիրավորեցին Ռոստամյանի զգացմունքը։ Նա հասկացավ Սարգսյանի միտքը։ «Ահա, ուրեմն, ինչպես է մտածում ու խորհում նույնիսկ կրթված մարդը»,— ասաց նա յուր մտքում։ Նա լռեց, Սարգսյանը — նույնպես, զգալով, թե ի՛նչ ազդեցություն արին յուր խոսքերը նրա վրա։ Փողոցի ծայրում նրանք ձիաքարշ նստեցին և վերադարձան։ Այլևս խոսակցությունը չշարունակվեց․ Ռոստամյանն առիթ չէր տալիս, թեև Սարգսյանն աշխատում էր մեղմացնել յուր խոսքերի ծանր տպավորությունը։

Արդեն խուլ գիշեր էր, երբ Ռոստամյանն եկավ յուր բնակարանը․․․

Ճաշի ժամանակ, ճաշից հետո Մինաս Կիրիլլիչը լուռ, անդադար տարօրինակ հայացքներով մտիկ էր անում Վարվառեի շփոթված դեմքին։ Երեկոյան սովորական պահին դուրս եկավ փողոց, բայց դռներից հեռու չգնաց, կես ժամ անցուդարձ արավ տան առջև, հետո ներս մտավ և փակվեց յուր առանձնասենյակում։

Հաջորդ առավոտը ծերունին կանչեց խոհարարին, օրվա ուտելիքի համար պատվերներ տվեց և, հակառակ մշտական սովորության, այդ մասին չհարցրեց աղջկա ցանկությունը։ Յուր սենյակից նա դուրս եկավ միայն ճաշի ժամանակ, իսկ երեկոյան թեյը խմեց այնտեղ և գնաց այրիի մոտ։ Երկու ժամ անցած, նա հետ եկավ, ավելի հուզված և դարձյալ փակվեց յուր սենյակում։

Վարվառեն հուսաբեկ, սիրտը դառնությամբ լի, լուռ, չէր համարձակվում ուղիղ մտիկ անել հոր երեսին։ Պարզ էր նրա համար, որ հայրը մի բան հասկացել է, ուստի առաջին պահ ամոթն ավելի էր տանջում նրան, քան սիրո հագուրդ չստացած զգացմունքը։ Նա ավելի կցանկանար, որ հայրը պարզեր յուր կասկածը, նախատեր նրան բացարձակ, կամ լռեր։ Հոր անխոսությունն, իմաստալի հայացքները, մերթ ընդ մերթ հառաչելն և, վերջապես, անսովոր խուսափումը, միանգամայն կեղեքում էին դստեր սիրտը։

Սիևնույն ժամանակ, Վարվառեն գիտեր, որ այդ լարված դրությունն երկար տևել չի կարող․ վաղ թե ուշ հայրը բացատրություն պահանջելու է, ուրեմն բարվոք է վաղ, քան թե ուշ։

Ի՞նչ պատասխան պիտի տար հորը․ սիրո՞ւմ է, թե՞ չէ Ռոստամյանին, եթե հայրը հարցն այսպես պարզ կերպով առաջարկեր։— Այո, սիրում է։ Բայց կարո՞ղ է նա այնքան քաջություն ունենալ կամ խստասիրտ լինել, որ չխաբի հորն, այն հորը, որի առջև երբեք նա չէր ստել։ Ոչ, թաքցնել յուր երջանկությունը — նա չի կարող։ Իսկ հայտնել․․․ ավելի դժվար է։

— Նա ուժ չի ունենալ հարվածին դիմանալու․․․— կրկնում էր Վարվառեն անդադար․․․

Երեկոյան նրա դառնությունն ավելի զորացավ, երբ, յուր սենյակի դռներից նայելով, Ռոստամյանի պատուհանում լուսո նշույլ չտեսավ։ Ո՞րտեղ է նա, արդյոք, ի՞նչ պատահեց նրան․ մի՛ գուցե հուսահատությունից յուր գլխին մի փորձանք բերեց։

Ամբողջ երեկո, սենյակի մեջ անցուդարձ անելով, նա չարաչար տանջվում էր այն մտքից, թե ինչու Ռոստամյանին հեռացրեց իրանից հուսահատ դրության մեջ, ինչու այդ տագնապալի րոպեներին հիշեցրեց նրան խոչընդոտների մասին։ Դողդոջուն քայլերով, գունաթափ դեմքով երբեմն նա մոտենում էր գավթի կողմի լուսամուտին և երբեմն փողոցի կողմի լուսամուտին։ Նայում էր դեպի գավիթ, նայում էր դեպի փողոց, և գիշերային մթությունը ահով լցնում էր նրա սիրտը։ Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել, ո՞րտեղ գտնել Ռոստամյանին։ Հանկարծ նրա երևակայությունը սկսեց սոսկալի պատկերներ ստեղծել։ Մերթ Ռոստամյանն երևում էր նրան Քուռի ափում, կամուրջի վրա, պատրաստ գետը ձգելու իրան, մերթ արդեն խեղդված, կամ գնդակահար և արյունաներկ կրծքով թավալված խուլ փողոցներից մեկում կամ մի հյուրանոցում։ Վարվառեն խելագարված– հարձակվում է նրա սառն դիակի վրա, բայց արդեն ուշ է, նրա ականջին հնչում են երեք սարսափելի բառեր։

«Պատճառը դու էիր»։

Վայրկենաբար նրա մեջ բուռն ցանկություն հղացավ դուրս վազել, որոնել Ռոստամյանին, գտնել, հետ դարձնել։ Թող նա չհուսահատվի, Վարվառեն նրան է պատկանում հավիտյան, այո, հավիտյան, ոչ ոք չի կարող բաժանել նրանց։ Նա զոհում է յուր կյանքը․․․ մինչև անգամ․․․ հոր սերը, պատիվը։

Նա հարձակվեց դեպի դռները, նայեց մի անգամ ևս դեպի գավիթ և արդեն պատրաստ էր դուրս գալ, երբ նրա ականջին պատշգամբի մյուս կողմից հասավ խոսակցության թույլ ձայն։ Երկու մարդկային ուրվագծեր երևացան հեռվից — մեկն անցավ տանտիկնոջ բնակարանի մյուս կողմը, բաց արավ Ռոստամյանի սենյակն և մտավ ներս։ Վարվառեն հառաչելով հետ դարձավ։ Նա կենդանի է, այո, ահա՛ նրա ստվերը աղոտ լուսավորված պատուհանի ապակիների վրա։ Ուրախության արցունքը թրջեց Վարվառեի այտերը։ Նա թեթևացած սրտով մտավ անկողին։ Բայց բորբոքված նյարդերն երկար միջոց հանգստություն չէին գտնում․․․

Նույն դրությունը շարունակվեց երկրորդ օրն և երկրորդ գիշեր։ Առավոտը Ռոստամյանը կանուխ դուրս գնաց և չերևաց մինչև կես գիշեր։

Երրորդ օրը ծերունին առավոտը թեյ խմեց, խոհարարին ուղարկեց շուկա, աղախնին ուղարկեց մի ուրիշ տեղ, դռները փակեց և Վարվառեին կանչեց յուր առանձնասենյակը։

— Նստի՛ր,— ասաց նա սառն և հանդիսավոր եղանակով, ձեռով ցույց տալով յուր դեմուդեմի աթոռը, և ինքը, տնային խալաթը հագին, նստեց սեղանի մյուս կողմում։

Նրա այտերը դեղնած էին, ձեռները դողում էին։ Վերջին երկու օրվա ընթացքում նա, կարծես, ավելի նիհարել էր ու ավելի ծերացել։

Վարվառեն զգաց, որ հասել է վճռական րոպեն և աշխատեց, որքան կարելի է, զսպել յուր ներքին ալեկոծությունը։

— Վարվառա Մինայեվնա,— խոսեց ծերունին հանդիսավոր եղանակով,— ես ձեզ հրավիրել եմ, որ հարցնեմ այն, ինչ որ հարցրի երկու շաբաթ սրանից առաջ, և դուք վճռական պատասխան չտվեցիք։ Ասացե՛ք, վերջապես, համաձա՞յն եք ապրել ձեր ամուսնու հետ, թե՞ ոչ։

Վարվառեն ոչինչ չպատասխանեց։

— Համաձա՞յն եք, թե՞ ոչ,— կրկնեց Մինաս Կիրիլլիչն, այս անգամ ամենախիստ դատավորի քննող ձայնով ու շարժումով։

— Պապա․․․ ասաց Վարվաոեն և աջ ձեռով ծածկեց աչքերը։

— Համաձա՞յն եք, թե՞ ոչ,— կրկնեց հայրը։

— Ես այն օրը ձեզ պատասխանեցի․․․

— Թողե՛ք, աստված սիրեք, այդ փափուկ ձևերը, ձեր քնքշությունն ինձ արդեն ձանձրացրել է։ Պատասխանեցե՛ք հարցիս․ կամենո՞ւմ եք հաշտվել ձեր օրինական ամուսին Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովի հետ։

— Ո՛չ,

Մինաս Կիրիլլիլի աչքերը փայլեցին։ Սակայն զսպեց յուր բարկությունը։

— Ա՞յդ է ձեր վերջին պատասխանը։

— Այո,— արտասանեց Վարվաոեն զարմանալի համարձակությամբ, որ ներշնչում էին նրան հոր խստահնչյուն ձայնն և վճռական հարցը։

Ծերունին մի վայրկյան լուռ մտածեց։

— Շնորհակալ եմ ձեր վերջնական պատասխանի համար,— շարունակեց նա, հառաչելով,— շատ շնորհակալ եմ։ Այժմ թույլ տվեք հարգելի տիկին, մի ուրիշ հարց ևս առաջարկել ձեզ։— Ես վճռել եմ այս մոտ օրերս ուղևորվել Մոզդոկ, կկամենա՞ք, արդյոք, ինձ հետ գալ․․․

Ավելի շարունակել հարկավոր չէր․ Վարվառեն հասկացավ հարցի բուն բովանդակությունը։ Նա գլուխը խոնարհեցրեց կրծքին և ոչինչ չպատասխանեց։

— Մենք չենք կարող Թիֆլիսում մնալ այսուհետև,— ասաց ծերունին, յուր զննող հայացքն ուղղելով աղջկա երեսին,— այո, չենք կարող․ պետք է այստեղից գնանք, հասկանո՞ւմ եք, պետք է գնանք շուտով, մյուս օրը, վաղը, հենց այսօր․․․

Այլևս նա կորցրեց յուր սառնությունը։ Նրա ներքին շուրթն ու ծնոտն սկսեցին դողալ և ձայնը զգացվեց։ Նրա յուրաքանչյուր մի խոսքն ասեղի պես ցցվում էր Վարվառեի սրտի մեջ։ Դուստրը հազիվ կարողացավ զսպել իրան, որ աթոռի վրայից չընկնի հոր ոտների առաջ։ Այսպես, ուրեմն, հայրը հասկացել է ամեն ինչ և ուզում է բաժանել նրանց։

— Դուք չե՞ք խոսում, տիկին,— գոչեց ծերունին,— հասկանում եմ պատճառը։ Եվ ինչպես չհասկանամ, պարզ է, պարզ․․․ Անամ․․․

Նա, ատամները կրճտելով, ձեռն ուժգին զարկեց սեղանի ծայրին և ոտքի կանգնեց։

— Հա՜յր․․․— արտասանեց Վարվառեն թույլ ձայնով։

— Աա, ուրեմն, հարգելի տիկին, չե՞ք հերքում․․․ ուրեմն այն գարշելին, որին ես հիմարություն արեցի իմ տունն ընդունել, խելքից հանե՞լ է ձեզ։ Նա՞, այն լի՞րբը․․․ Ախ, եթե ես կիմանայի․․․ Անամոթ աղջիկ, ասա՛, ուշ չէ՞․․․

Վարվառեի աչքերի առջև խավարվեց ամեն ինչ, նա ցնցողաբար վեր թռավ տեղից և չոքեց հոր ոտների առջև։

— Հա՛յր, սիրելի, բարեսիրտ հայր, մի՛ անիծեք ինձ, խնայեցեք, ո՛չ, ուշ չէ, հայր, մեղավորն ես եմ․․․

Դառն հեկեկանքը կոկորդում խեղդում էր նրա խոսքերը։ Դողդոջուն ձեռներով նա բռնեց հոր խալաթի փեշերը և մոտեցրեց յուր շրթունքներին։

— Հեռո՛ւ կաց, անիծված, հեռո՛ւ, ասում եմ․․․— բացականչեց բարկությունից խելագարված ծերունին։

Բայց Վարվառեն, հոր փեշերը գրկած, աղերսալի հայացքով նայում էր դեպի վեր, նրա կատաղի դեմքին։

— Հեռացի՛ր․․․— կրկնեց հայրը, հողաթափի ծայրով խփելով աղջկա կրծքին․․․— Գնա՛, սիրի՛ր նրան, սիրեցե՛ք միմյանց, վայելեցե՛ք․․․ թո՛ղ Քիրիշչիեվի պատիվը ցեխի հետ հավասարվի․․․ Թո՛ղ ատեն նրան․․․ Թո՛ղ տեսնողները մատով ցույց տան նրա վրա և զզվանքով երես դարձնեն․․․ Գնա՛, ես աղջիկ չունիմ․․․ Նա մեռավ ինձ համար, ա՜խ, եթե մեռներ մյուսների հասակում․․․ Ի՞նչ էր անում նա այստեղ, ասա, ի՞նչ էր անում այստեղ այն անամոթը․․․

— Նա մեղավոր չէ․․․ զուր եք անիծում նրան․․․

— Մեղավո՜ր չէ, դեռ համարձակվում ես պաշտպանե՞լ նրան։ Նա մեղավոր չէ և այստեղից դուրս է վազում խելագարի պե՞ս, ինձ տեսնելով, չի իմանում որտեղ թաքցնի գլուխը, և մեղավոր չէ։ Հարցրու հարևաններին, նրանք կպատմեն քեզ։ Դու ինչ գիտես, խեղճ ողորմելի, դու անմեղ ես․․․ կիրքն այնքան կուրացրել է Ձեզ, որ չեք նկատել պատուհանից ձեզ նայող ու ծաղրողներին։ Չորանա՜ր քո ծնունդը։

Նա ազատեց յուր փեշերն աղջկա ձեռներից և հեռացավ։ Ձեռները փշրտելով, Վարվառեն կանգնած էր պատի տակ։ Ուժգին շնչառությունից նրա կուրծքը սաստկությամբ բարձրանում էր և ցածանում։ Բայց տակավին ուշքը վրան էր, թեև գունաթափվել էր, որպես մի անշնչացած դիակ։ Ի՞նչ ասել, ի՞նչպես արդարանալ, հերքե՞լ, որ չի սիրում Ռոստամյանին, խաբե՞լ ծերունի հորը։— Ո՛չ, այդ անկարելի է և զուր կլինի խաբել։ Նրան ամեն ինչ հայտնի է․․․ կամ ինքն է անձամբ պատուհանից լսել նրանց խոսակցությունը կամ մի ուրիշը լսել է և պատմել։ Վարվառեն մտաբերեց այն սև պատկերն, որ այն օրը սրընթաց անցավ պատուհանի առջևով։ Ո՞վ էր նա։

— Ինձ նման հո՞րն ես անպատվում, ապերախտ աղջիկ,— շարունակեց ծերունին։— Լա՛վ, ասենք, թե ես եմ պատճառը, որ քո ամուսնությունը դժբախտ եղավ, բայց, անիծված, միթե ուրիշ միջոց չունեի՞ր, որ վրեժդ հանեիր ինձանից, միթե միայն այդ խայտառակությո՞ւնն էր մնում ինձ պատժելու համար։ Հազար անգամ բախտավոր կլինեի, եթե դու թույն տայիր ինձ, սպանեիր։ Իսկ ա՞յժմ․․․ ի՞նչ անեմ, ասա, ի՞նչ անեմ․․․ գնամ, սպանե՞մ այն սատանայի ծնունդին․․․

— Հա՜յր,— գոչեց Վարվառեն, ձեռները պարզելով դեպի կատաղած ծերունին․․․— սպանեցե՛ք ինձ, ես ուրախությամբ պատրաստ եմ մեռնել ձեր ձեռքից։ Ես հանցավոր եմ, խոստովանվում եմ։ Բայց հանցավոր եմ նրանով միայն, որ սիրում եմ․․․ ուրիշ ոչինչ։ Ես չեմ ուզում ձեզ սուտ ասել, խաբել, ինչո՞ւ երկրորդ անգամ հանցանք գործեմ։ Եթե իմ կամքից լիներ կախված, ես նրան չէի թողնիլ, որ ոտք դնի այստեղ։ Բայց․․․ չկարողացա։ Ինչո՞ւ բերիք դուք ինձ այստեղ, ինչո՞ւ ինձ և նրան կրակի մեջ գցեցիք։ Ի՞նչ եմ ասում։ Ոչ, դուք մեղավոր չեք, այսպես պիտի լիներ և եղավ։ Բայց ուշ չէ, երդվում եմ մորս գերեզմանով, որ ուշ չէ, հավատո՞ւմ եք, պապա։ Մինչև այս րոպե ինձ միմիայն նրա սերն է հայտնի․․․ ուրիշ ոչինչ։ Այժմ մնում է, որ ես մոռացության տամ այդ սերն էլ։ Գնա՛նք, պապա, հեռանա՛նք Թիֆլիսից․․․ ես պատրաստ եմ․․․ ես․․․ կմոռա․․․

Վարվառեն չկարողացավ ավարտել վերջին խոսքը, գլուխը թուլացած ծռվեց դեպի աջ ուսը։ Նա անշնչացած ընկավ հատակի վրա։

Մի քանի վայրկյան սառն, ապշած ծերունին նայում էր դստեր անշունչ դիակի վրա։ Հանկարծ նրա դեմքը փոխվեց․ նա մի խուլ հնչյուն բաց թողեց կրծքից, հարձակվեց Վարվառեի դիակի վրա և ձեռը դրեց նրա ճակատին։ Նույն վայրկյանին նա սթափված վեր թռավ տեղից, վերցրեց սեղանի վրայից լիքը շիշն և սկսեց ջուր շփել Վարվառեի գլխին, երեսին, կիսաբաց կրծքին։

Սակավ առ սակավ Վարվառեն ուշքի եկավ, ծանրացած կոպերը բարձրացրեց և անորոշ հայացքով նայեց շուրջը։ Նրան թվաց, որ հայրը սենյակից դուրս է գնացել։

Այնինչ ծերունին այդ վայրկյանին, աթոռի վրա նստած, ալեզարդ գլուխը կոների վրա դրած, դառն արտասուք էր թափում աչքերից․․․