Արամբին/XIII
Լուսացավ այն առավոտն, երբ հայր ու աղջիկ պիտի Թիֆլիսից ճանապարհ ընկնեին։
Արդեն ամեն ինչ պատրաստ էր․ իրեղենները կապկպած, տան կահ-կարասիքը մի կողմ հավաքած։ Դեռ երեկոյան Մինաս Կիրիլլիչը խոհարարի վարձը տվել էր և արձակել, որ առավոտյան գա՝ օգնելու։
Մատրենան յուր աղքատիկ իրեղեններր փաթաթել էր մի մեծ սփռոցի մեջ, կապոցը խոհանոցի մի ակյունումն էր դրել ու շտապով հեշտաեռը կրակ էր գցում, որ առանց թեյի չուղևորվեն, թե պարոնն ու տիրուհին և թե, մանավանդ, ինքը։
Մինաս Կիրիլլիչը զարթնեց շատ կանուխ։ Նա շտապով հագնվեց, երկայն ճանապարհորդական կոշիկները ոտներին քաշեց և դուրս եկավ սենյակից։ Նրա դեմքն ուրախ է, աչքերը փայլում են, կարծես Թիֆլիսից հեռանալով, նա հավիտյան իրանից թոթափում է տխուր անցքերի ծանր տպավորությունը։ Երեկոյան նա մի քանի անգամ խոսել էր Վարվառեի հետ ուղևորության մասին։ Նա հարցրել էր աղջկան, թե, արդյոք, ոչինչ տկարություն չի՞ զգում, կարո՞ղ է դյուրությամբ ճանապարհորդել։ Վարվառեն նրան հավատացրել էր, թե ինքը բոլորովին առողջ է և թե պատրաստ է ուղևորվել, ուր որ կկամենա հայրը։ Եվ իսկապես նա, ըստ երևույթին, առողջ էր և զվարթ, այտերը փոքր ինչ կարմրած, քայլվածքը սովորականից աշխույժ և ձայնն անհողդողդ, վճռական։
Դեռ վեց ժամն էր․ ճեպակառքի գնացքին մնում էր երկու ամբողջ ժամ։ Բայց, իրեղենների շատության պատճառով, պետք էր ժամանակից մի կես ժամ առաջ գնալ և ամեն ինչ տեղավորել։
Մինաս Կիրիլլիչը մի անգամ ևս աչքի անցկացրեց սենյակները, զննեց սնդուկները և կապոցները, թե, արդյոք, բան չի՞ մոռացել։ Հետո նա նայեց ժամացույցին, դուրս եկավ պատշգամբը, ուր խոհարարն սպասում էր տիրոջ վերջին պատվերին։
Նա խոհարարին ուղարկեց շուկա՝ ճանապարհի համար պատրաստի ծխախոտ գնելու, իսկ ինքն անցավ խոհանոց։
Կռները կրծքին ծալած, յուր կապոցի վրա նստած, պառավ Մատրենան նայում էր խշխշող հեշտաեռին, խորասուզված մտքերի մեջ։ Ինչո՞ւ եկան, ինչո՞ւ են գնում — հարցնում էր նա ինքն իրան։ Երեսուն տարի էր, որ նա ծառայում էր Քիրիշչիեվի տանը, տեսել էր նրա կնոջ ու զավակների մահը, իսկ Վարվառեին մեծացրել էր յուր գրկում։ Եվ այդ երկար տարիների ընթացքում նա ընտելացել էր հորն ու աղջկան, իբրև մի ընտանեկից։ Նա շատ անգամ խոստովանվում էր, թե նրանց սիրում է ավելի, քան յուր երկու որդիներին, որոնցից մեկը հայտնի չէր թե որտեղ է, իսկ մյուսը — Վոլգայի վրա բանվորություն էր անում և վաստակածը թողնում օղետներում։ Ուր որ տանում էին, Մատրենան գնում էր անտրտունջ։ Մինաս Կիրիլլիչը, մասամբ հարգելով, մասամբ խնայելով ծերությունը, նրան չէր արձակում պաշտոնից, մանավանդ որ Վարվառեն սիրում էր աղախնին։
Վարվառեի ամուսնական տխուր վիճակը ռուս պառավին խիստ վշտացնում էր։ Ինչո՞ւ այդ երիտասարդ ամուսնացած կինը պիտի զուրկ մնա յուր մարդուց,— մտածում էր նա և, միևնույն ժամանակ, ճանաչելով Միզանդրոնցովի վարք ու բարքը, բարվոք էր համարում, որ Վարվառեն առանց ամուսին ապրի, քան թե այնպիսի մարդու հետ։ Հաճախ նա յուր ցավակցությունը հայտնում էր Վարվառեին, մխիթարում էր նրան, անիծում էր նախ Միզանդրոնցովին, ապա բոլոր տղամարդկանց և հետո ողբում կանանց վիճակը։
— Շտապի՛ր, Մատրենա, ժամանակն անցնում է,— հրամայեց Մինաս Կիրիլլիչը մտնելով խոհանոց։
— Այս րոպեիս,— պատասխանեց պառավը, սթափվելով յուր մտքերից։
— Տիրուհիդ զարթնե՞լ է։
— Երևի, զարթնել է, ապա մի գնամ, տեսնեմ։
Մատրենան շտապով անցավ տիրուհու սենյակը։ Վարվառեն արդեն արթուն էր, բայց դեռ պառկած էր անկողնի մեջ, երեսը դեպի պատը դարձրած, ձեռները վերմակի վրա տարածած։ Մատրենան ներս մտավ թե չէ, լսեց նրա բարձրահնչյուն և հորդոր շնչառությունը։ Նա, կարծելով, որ Վարվառեն քնած է, անկողնակալին մոտեցավ զգույշ, ոտների մատների վրա։
— Դո՞ւ ես, Մատրենա,— արտասանեց Վարվառեն, դժվարությամբ շուռ գալով մյուս կողմի վրա։
— Այո, տիրուհի, զարթնե՞լ եք, վե՛ր կացեք, մենք պատրաստ ենք․ այս րոպեիս սամովարը կբերեմ, պարոնը կոշիկները հագել է։
— Սպասի՛ր, իսկույն կվերկենամ։
Այս ասելով, Վարվառեն թույլ ձեռով վերմակը ձգեց մի կողմ և ոտքի կանգնեց։ Աղախինը աթոռի վրայից վերցրեց նրա հագուստն ու մոտեցրեց նրան։
Վարվառեի ծնկները դողում էին․ նա տաքության մեջ էր, բայց չէր հայտնում։ Դողդողալով, գլուխը պտտելով, նա մի կերպ հագնվեց, ստեպ-ստեպ բռնելով անկողնակալի ծայրից, որ չընկնի։
— Տիրուհի, դուք առո՞ղջ եք,— հարցրեց Մատրենան, մի կասկածելի հայացք ձգելով Վարվառեի երեսին։
— Լավ եմ, Մատրենա, փա՛ռք աստուծո։
— Ոչ, տիրուհի, դուք ինձ խաբում եք, դուք հիվանդ եք։
— Գնա բանիդ, ես իսկույն կգամ,— ընդհատեց աղախնի խոսքը Վարվառեն։
— Ջուր չե՞ք կամենում լվացվելու համար։
— Ո՛չ, հետո, այժմ չեմ ուզում։
Մատրենան դուրս գնաց։
— Տեր աստված, մի՞թե ինձ չի հաջողվիլ զսպել թուլությունս,— ասաց Վարվառեն ինքն իրան,— նախ և առաջ հարկավոր է թաքցնել այս թաշկինակները․․ Կուրծքս․․․ Կուրծքս,— ավելացրեց նա, բարձի տակից երկու արյունաշաղախ սպիտակ թաշկինակներ հանելով և գրպանը դնելով։
Չարագուշակ հազն ընդհատեց նրա խոսքը, նրա այտերը կապտեցին, պարանոցի մուգ-մոխրագոլյն երակները դուրս ցցվեցին։ Նա թաշկինակներից մեկը բռնեց բերանին, բայց այս անգամ արյուն չերևեցավ։
Հեշտաեռն արդեն սեղանատան պատուհանի վրա դրած էր։ Մինաս Կիրիլլիչը թեյ էր խմում։
— Մատրենա, թեյ ածիր տիրուհուդ համար, ժամանակն անցնում է,— շտապով հրամայեց նա, մի կողմնակի հայացք ձգելով աղջկա կարմրած այտերի վրա, երբ նա ներս մտավ։
Նա տակավին չէր կարծում, թե աղջկա հիվանդությունն այնչափ վտանգավոր է։ Վարվառեն բաց արավ սնդուկը, գնաց յուր սենյակը, այնտեղ մնում էին մի քանի իրեղեններ, որոնց պիտի տեղավորեր։
Մինչ նա զբաղված էր յուր գործերով, ծերունին խոհարարին հրամայեց գնալ երկու կառք բերել, որ իրեղենները ժամ առաջ ուղարկի։ Իսկ Մատրենան, Վարվառեի համար մի բաժակ թեյ ածած, սպասում էր։ Մինաս Կիրիլլիչը ծխելով անցուդարձ էր անում։ Շուտ-շուտ նա նայում էր ժամացույցին և շտապեցնում էր աղջկան, որ գործն ավարտի։ Արդեն յոթը ժամը լրանում էր։ Վարվառեն իրերը տեղավորեց, վերջացրեց և նստեց սնդուկի վրա, որ հանգստանա։ Շնչառությունը բոլորովին թուլացել էր, այտերի կարմրությունն անհետացել։
— Դու շատ հոգնեցիր,— ասաց Մինաս Կիրիլլիչը,— ո՛չինչ, ճանապարհին կհանգստանանք։ Ես վարձել եմ մի ամբողջ ճեպակառք։ Բացի մեզանից, ոչ ոք չի լինիլ։ Խմի՛ր թեյդ։
Վարվառեն, անշարժ նստած, նայում էր հատակի մի կետին։ Նրա շունչն ավելի ու ավելի սպառվում էր․ գերբնական ուժ էր հարկավոր նրան, որպեսզի կարողանա զսպել յուր հիվանդությունը։
— Ի՞նչ է, Վարվառե, ինչո՞ւ ծանր ես շնչում․․․
— Ոչինչ․․․— ասաց Վարվառեն և, ձեռը հենելով պատին, աշխատեց բարձրանալ։
— Դու տկար ես Վարվառե․․․ Սպասի՛ր, գունաթափվում ես։ Մատրենա, օգնի՛ր նրան, հիվանդ է․․․
Եթե աղախինն և հայրը նույն վայրկյանին չշտապեին մոտենալ, Վարվառեն կընկներ հատակի վրա։ Նա հենվեց աղախնի ուսին։ Մյուս կողմից բռնեց Մինաս Կիրիլլիչը, գոչելով․
— Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց։
Բայց, պատասխանի փոխարեն, նա յուր ձեռի ափի մեձ զգաց դստեր սառույցի պես պաղած բազուկը, որի երակը հազիվ-հազ զարկում էր։ Նա երկյուղով գրկեց աղջկան, նայեց երեսին։ Գույն չկար, շունչ չէր լսվում։
— Օգնի՛ր, Մատրենա․ նա հիվանդ է,— բացականչեց շվարած հայրն և, աղախնի օգնությամբ, դստեր անշնչացած դիակը տարավ նրա սենյակը։
Մատրենան շուտով բաց արավ կապոցներից մեկը, մի րոպեում անկողինը պատրաստեց։ Վարվառեին պառկեցրին։
— Կառքերը պատրաստ են,— լսվեց ծառայի ձայնը։
— Նստիր նրանցից մեկն և շտապիր Միսկարյանցի մոտ, ճանաչո՞ւմ ես, խնդրիր իմ անունով, որ այս րոպեիս գա։ Մատրենա, վազի՛ր և տանտիրուհուն հրավիրիր այստեղ, շո՛ւտ։
Մինչ Մատրենայի վերադառնալն և այրի Նատալիայի գալը, ծերունին, Վարվառեի թուլացած ձեռն յուր ափի մեջ բռնած, աշխատում էր խրախուսական խոսքերով ուշքի բերել նրան։ Վարվառեն սթափվեց և․ մռայլ հայացքով նայեց հոր երեսին։
— Իսկույն կանցնի,— ասաց նա դողդոջուն ձայնով,— բժիշկ հարկավոր չէ․․․ իսկույն կուղևորվենք․․․
— Ոչ, Վարվառե, այսօր չէ, վաղը կգնանք, դու տկար ես․․․ մի՛ վախենար, բժիշկը կգա և կօգնի․․․
Ներս մտավ այրի Նատալիան և, ճակատի մազերը հետ քաշելով, կես զարմացած և կես վախեցած մոտեցավ Վարվառեի անկողնակալին։
— Չէ՞ի ասում ձեզ, որ հիվանդ է, տեսա՞ք,— դարձավ նա ծերունուն հանդիմանորեն։— Ոչինչ, Վարվառե, աղջիկս, ուշքի եկ, սիրտ առ․․․
Նա շտապով վազեց, մի բաժակ քացախ բերեց և սկսեց նրանով տրորել հիվանդի ճակատը, պարանոցը, ձեռներն ու ոտների մատները։
Ծառան վերադարձավ և հայտնեց, թե բժիշկ Միսկարյանցը չի ուզում գալ։
— Ինչո՞ւ,— հարցրեց Մինաս Կիրիլլիչը զարմացած և բարկացած։
— Ասում է, զբաղված եմ։
— Անպիտա՛ն, նա իրավունք չունի մերժելու․․․ ես կգնամ և կբերեմ։
— Զուր կլինի աղա, նա բարկանում է, ասում է, ես բժշկում էի նրան, չթողին, որ առողջացնեմ․․․ Այժմ, ասում է, թող ուրիշ բժիշկ կանչեն․․․
— Դոկտոր Միսկարյանցը շատ կոպիտ մարդ է, նա չի գալ, ես գիտեմ, ուղարկեցեք Միրզախանյանցի հետևից, նա իսկույն կգա,— մեջ մտավ այրի Նատալիան։
Ծառան գնաց և, արդարև, իսկույն բերեց Միրզախանյանցին։
Դա մի երիտասարդ մարդ էր, միջահասակ, ֆրանտ հագնված, սաթի պես սև միրուքով, ծնոտը սափրած ու բերանը գրեթե բոլորովին ծածկված հաստ և երկայն ընչացքով, որ ծիծեռնակի թևերի էին նմանվում։
Նա, յուր դեմքին փորձառու գիտնականի արտահայտություն տալով, որ բոլորովին սազ չէր գալիս նրա կանացի այտերին և ճակատին, զննեց հիվանդին, խրախուսեց և անմիջապես գրիչ ու թուղթ պահանջեց։ Ամեն ինչ կապկպած էր, այրի Նատալիան վազեց Ռոստամյանից բերեց գրիչ, թուղթ ու թանաք։ Մինչև այրիի վերադառնալը բժիշկը հարց ու փորձ էր անում հիվանդի մասին, ինքնուրույն հայացքներ ձգելով յուր շուրջը։ Երբ նա կողմնակի հարցերով իմացավ սենյակների դատարկության պատճառը, նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա սկսեց ավելի մեղմ խոսել։ Մինաս Կիրիլլիչը չքավոր մարդ չէր․․․
Վարվառեն դեղերը ընդունեց այրի Նատալիայի օգնությամբ, որ մոր պես փայփայում էր նրան։
Մինաս Կիրիլլիչը, հարկավ, ուղևորությունը հետաձգեց անորոշ ժամանակով։ Կապոցներն և սնդուկները նորից բաց արին, սենյակներն ընդունեցին իրանց առաջվա տեսքը, խոհարարը մնաց, կյանքը սկսեց ընթանալ, ինչպես առաջ։
Բժիշկը գալիս էր առավոտ ու երեկո և միշտ խրախուսում էր, թե ոչինչ, շուտով հիվանդը կառողջանա,․․
Այրի Նատալիան օրական մի քանի անգամ այցելում էր Վարվառեին և ժամերով նստում էր նրա մահճակալի մոտ։ Բարեսիրտ կինն ուղղակի տանջվում էր, ակնհայտ տեսնելով, թե ինչ արագությամբ կյանքը սպառվում է գեղեցիկ և ծաղիկ մարմնի մեջ։ Տաքությունը մերթ սաստկանում էր, մերթ նվազում։ Իսկ բժիշկը շարունակում էր հուսադրել թե՛ հորն և թե աղջկան։
Եվ ինքը հիվանդը միայն ժպտում էր, երբ լսում էր բժշկի խրախույսը։ Նրա համար այլևս այսուհետև միևնույնն էր — կառողջանա, թե չէ, նա մտածում էր հոր մասին։ Ի՞նչ կպատահի, արդյոք, ծերունուն, ո՞վ կմխիթարի նրան և ինչո՞վ։ Սակայն երբեմն նա ինքն իրան սիրտ էր տալիս, թե վերջին տխուր անցքերը նվազեցրել են հոր սերը, ուրեմն հարվածն այնքան զգալի չի լինիլ ծերունու համար, որչափ եթե նա սիրեր Վարվառեին նախկին սիրով։ Ավելի վշտացնում էր հիվանդին Ռոստամյանի վիճակը,— այրին անմխիթար լուրեր էր հաղորդում յուր կենողի մասին։
Վարվառեի հիվանդությունն առիթ տվեց Ռոստամյանին, վերջապես, հայտնել այրիին յուր սերը, հայտնել այն, ինչ որ վաղուց հայտնի էր վերջինին։ Ինչու և ինչպես թաքցներ այլևս, քանի որ ամեն օր նա անհամբեր, դառն տանջանքով, սպասում էր, մինչև որ տանտիրուհին լուր կբերեր հիվանդի մասին։
Վերջին օրերը նա դարձյալ տանից դուրս չէր գալիս, բացի այն դեպքերից, երբ իշխանավորի կողմից կանչվում էր։ Իշխանավորն առաջին անգամ նրան մի թեթև ակնարկ արավ, թե շատ է ուշացնում յուր աշխատությունն, երկրորդ անգամ ուղղակի նկատողություն արավ, իսկ երրորդ անգամ սաստիկ հանդիմանեց։
Այս տեսակցությունների ժամանակ Ռոստամյանն յուր իշխանավորի և պաշտոնակիցների մոտ տարօրինակ էր պահում իրան։ Մինչ գործերի մասին նրանից տեղեկություններ էին պահանջում, նա, կարծես, չէր լսում իրան առաջարկված հարցերն և մի անգամ տված հարցը կրկնել էր տալիս կամ ապշած նայում էր իշխանավորի երեսին։ Կային այնպիսի համարձակները, որ ուղղակի իրարու մեջ սկսեցին խոսել, թե նրա ուղեղը վնասվել է։ Այս կարծիքն, ինչպես աշխարհի բոլոր չար լուրերը, կայծակի արագությամբ տարածվեց Ռոստամյանի մասին նրա բոլոր պաշտոնակիցների շրջանում և հետո, իբրև մի ստույգ իրողություն, սկսեց անցնել փողոց։
Վերջապես, մի անգամ ևս Ռոստամյանին կանչեցին և մի քանի օր ժամանակ տալով, պարտավորեցրին այս անգամ գործն անպատճառ ավարտել և ներկայացնել։ Հակառակ դեպքում սպառնում էին զրկել նրան յուր պաշտոնից։ Բայց ո՛ւր․․․ Ռոստամյանն ոչ միայն աշխատելու, այլև գործի մասին մտածելու կարողություն ու ցանկություն չուներ։
Նրան զրկեցին պաշտոնից, գործերն առան և հանձնեցին մի ուրիշ պաշտոնյայի։ Ռոստամյանն հարվածն ընդունեց ամենայն անտարբերությամբ։
Ի՞նչ օգուտ այսուհետև պաշտոնից և գործից և ո՞ւմ համար, քանի որ նրա գոյության նեցուկը օրըստօրե խախտվում ու քայքայվում է։
— Նատալիա Պետրովնա, միթե հույս չկա՞, որ նա առողջանա։
— Աստծուն է հայտնի, որդի․․․
Եվ Ռոստամյանը գլուխը քաշ էր գցում հուսահատ ու լռում։ Ինչ փույթ բժշկի հույս տալուց, քանի որ և՛ այրիի անորոշ պատասխանը, իմաստալի հայացքները, և պատշգամբի վրա մերթ ընդ մերթ երևացող Մինաս Կիրիլլիչի վշտահար դեմքը, և՛ ամեն ինչ, և՛, կարծես, նույնիսկ օդը ներշնչում են Ռոստամյանին, թե այլևս անկարելի Լ հուսալ․․․
Այսպես, ուրեմն, մարդիկ հասան իրանց նպատակին — սպանեցին նրան, որ հանդգնում էր ձեռք բարձրացնել նրանց կուռքերի վրա․․․ Դատաստանն ապագայի ձսռքումն է․․․
Այրի Նատալիան, տեսնելով, որ յուր երիտասարդ կենողը շատ է տանջվում, աշխատում էր մխիթարել նրան։ Բայց զուր․․․ Խեղճ կինը կեղծելու ընդունակությունից զուրկ էր, վասնորո նրա սուտ հույսերը ազդեցություն չէին անում։ Պատահում էր, որ նա, Վարվառեի մոտից վերադառնալուց հետո, միայնակ երկար ժամանակ մտածում էր գտնել երիտասարդ կնոջ դժբախտության իսկական պատճառը։ Նա մերթ մեղադրում էր Մինաս Կիրիլիչին, մերթ Միզանդրոնցովին, երբեմն և՛ Ռոստամյանին, բայց նրա մեղադրանքը և ոչ մեկի վրա կանգ չէր առնում։ Ի վերջո նա գլուխը տարակուսանքով շարժում էր և լուսամուտից նայում հեռու ու հեռու․․․
Կատոն առաջվա պես շուտ-շուտ այցելում էր մորն և երկար հարց ու փորձ էր անում նրան թե Վարվառեի և թե Ռոստամյանի մասին։ Ռոստամյանն, ինչպես միշտ, տակավին և այժմ խույս էր տալիս նրանից։ Բայց նախանձամիտ կինը նախկին խստությամբ չէր դատապարտում Վարվառեին։ Բարեսիրտ Նատալիան այնպիսի տխուր գույներով էր նկարագրում հիվանդի դրությունը, որ աղջիկը լռում էր։
Մի օր, երբ այրին յուր սենյակներից մեկը կահավորում էր յուր որդու համար, որ շուտով պիտի գար, Կատոն ներս մտավ — սաստիկ հուզված և բարկացած։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց մայրը զարմացած և երկյուղով։
Կատոն ձեռի հովանին և գլխարկը շպրտեց սեղանի վրա և գոչեց․
— Գնա ու Վարվառա Մինայեվնային ասա, որ ես շատ ու շատ հավանում եմ նրա արածը։ Անպիտան, կինտո, հավլաբարցի, բազազ․․․
— Ո՞ւմ վրա ես բարկացած, Կատո, ի՞նչ կա,— հարցրեց մայրը։
— Այն կա, որ դու ինձ դժբախտացրել ես։
— Ե՞ս եմ դժբախտացրել քեզ, ի՞նչպես։
— Այնպես, որ ինձ տվել ես այն հավլաբարցի կինտոյին․․․ Կոպիտ, անկիրթ․․․ համարձակվում է կասկածել իմ մասին․․․
— Կասկածե՜լ,— կրկնեց մայրն ապշած,— ի՞նչ ես ասում, Կատո։
— Լսիր ու կիմանաս, թե ինչ եմ ասում․ ես այսուհետև․․․ էլ․․․ չեեեմ կա․․․ րող․․ Լազրոյի․․․ հետ․․․ ապրեեել․ Նա խելագարվել է, գիտե՞ս, խելագարվել է։ Նա իմ հյուրերին իմ տնից դուրս է փախցնում, նա ինձ քաղաքի մեջ խայտառակ է անում, անունս կեղտոտում է․․․
— Ո՞ւմ է դուրս արել, ե՞րբ,— ընդհատեց այրին կատաղած աղջկա խոսքը։
— Սպասի՛ր, պատմեմ։
Եվ Կատոն պատմեց։ Առավոտյան Լազար Մակարիչը գնում է յուր գործին։ Կատոն մնում է տանը միայնակ և սկսում է տնային գործերով զբաղվել։ Տասն ու մեկ ժամին տիկին Մեյբարովի եղբայրը — իշխան Սերաֆիոն Բեգխանովը — գալիս է յուր քրոջ կողմից հարցնելու, թե երբ են ամառանոց գնալու։ Առաջինը չի ու վերջինն էլ չի լինիլ աշխարհում — ծանոթը ծանոթի մոտ կգա ու կգնա։ Նստում է, խոսում է դեսից ու դենից։ Էհ, Կատոն, քաղաքավարության համար, իշխանին սուրճի է պահում․ մնում է «խեղճ» երիտասարդը։ Այդ ժամանակ վերադառնում է Լազար Մակարիչը, տեսնում է իշխանին և քիթը քաշ է անում։ Կատոն աշխատում է իշխանի հետ ավելի քաղաքավարի վարվել, էհ, հյուր է, ինչո՞ւ վիրավորվի։ Մի ժամ, մի ամբողջ ժամ այդ կոպիտ, անկիրթ, բազազ Լազրոն աչքունքը թթվեցրած կամ լուռ է մնում կամ եթե խոսում է, կարծես, ակամա։ Վերջն իշխանը գնում է, և Լազրոն սկսում է գոռաի այ դես, այ դեն, ինչ գործ ունի իմ տանն այդ երիտասարդ իշխանը, ե՞ս ով, նա՞ ով։
— Ասում եմ,— շարունակեց Կատոն վրդովված,— չէ՞ որ երկու տարի է ծանոթ ենք դու էլ, ես էլ․ «Ծանոթս ո՞րն է, ասում է, դու ես իմ վզին կապել, ես այդ տեսակ դատարկ մարդկանց հետ գործ չունիմ։ Քաղցած է, ասում է, նրանից օգուտ չկա, մի որ էլ կամ պարտք կուզի կամ մի ուրիշ վատ բան կանի»։ Ի՞նչ վատ բան կանի,— հարցնում եմ ես։ «Նրա աչքունքից, ասում է, երևում է, որ իստակ մարդ չէ՛»։ Հիմա, տեսնո՞ւմ ես, մամա, հավլաբարցի քաչալ Լազարեն այնքան մեծ մարդ է դառել, որ իշխաններին էլ չի հավանում։ Ես սկսում եմ խաղաղացնել․․․ Չի լինում, տեսնում եմ, որ աչքերը կարմրած, գայլի պես կատաղած, մարդը փոքր է մնում, որ ինձ տեղն ու տեղը խեղդի։ Վերջը, էլ համբերությունս կտրվեց, սկսեցի հանդիմանել։ Նա ավելի կատաղեց և մի այնպիսի հիշոց տվեց․․․ Ամոթից դուրս եկա ու փախա այստեղ, որ չլսեմ։ Չէ, չէ, մամա, ես այն տեսակ մարդու կնիկ լինել չեմ կարող, նա գժվել է։
Այրին սկսեց խաղաղացնել աղջկան, հրավիրեց ճաշին մնալ, խոստացավ նախատել Լազար Մակարիչին և հաշտեցնել։
— Ես չեմ հաշտվիլ նրա հետ,— գոչեց Կատոն,— թող գնա, ուր որ ուզում է, թող ինձանից լավ կնիկ ճարի իրան համար․․․
Հետևյալ օրը Կատոյի բարկությունն անցավ, և նա խոստացավ մորը, հաշտվել, եթե միայն վերջինը կգնա, Լազար Մակարիչին մի լավ կնախատի և այնպես կանի, որ նա ինքը գա, ներողություն խնդրի․․․
— Թե չէ, ես նրա մոտ չեմ գնալ,— ավելացրեց Կատոն։
Լազար Մակարիչն առաջին օրը շատ կատաղած էր, բայց երբ Կատոն հակառակեց և գիշերեց յուր մոր տանը, առավոտը սկսեց ափսոսալ, որ այնպես կասկածել էր նրա հավատարմության մասին և այնքան կոպիտ էր վարվել հետը։ Սակայն ինքնասիրությունը նրան թույլ չէր տալիս հաշտության ձեռք կարկառել Կատոյին։ Նա սպասում էր և հույս ուներ, որ կինն ինքը կվերադառնա և ներումն կխնդրի։ Վերջապես, երկու օր անցած զոքանչը ներս մտավ, նա մտքումն ուրախացավ, բայց արտաքուստ այրի Նատալիային ընդունեց սառնությամբ։ Այրին սկսեց համոզել նրան, որ հաշտվի, աղջկա կողմից ներողություն խնդրեց, մեղադրեց Կատոյին և, վերջ ի վերջո, փեսայի համառությունը կոտրեց, հետը տարավ յուր տունը, ուր Կատոն անհամբեր սպասում էր։ Նրանք միասին ճաշեցին։ Հաշտությունն ավելի ամրացնելու համար, Նատալիան նրանց ստիպեց երեք անգամ համբուրել մեկզմեկու։ Սակայն այրին դարձյալ տխրեց։ Ով գիտե, թե ինչ անցավ նրա մտքով, տեսնելով յուր աղջկա դյուրափոխությունը․․․
Մինչ մարդ ու կին, ճաշից հետո, կես լուրջ և կես կատակի ձևով հանդիմանում էին միմյանց, Նատալիան շտապեց Վարվառեի մոտ։ Կես ժամ անցած վերադարձավ այնտեղից, այս անգամ ավելի տխուր։
— Ինչպե՞ս է,— հարցրեց Կատոն։
Այրին, լուռ, գլուխը խորհրդավոր կերպով շարժեց։ Հաշտված ամուսինները վերադարձան իրենց տուն։ Այրին անմիջապես գնաց Ռոստամյանի մոտ։ Սա, սենյակի մի անկյունում նստած, գլուխը կրծքին քաշ արած, մռայլ հայացքը բևեռել էր հատակի մի կետին։ Տեսնելով տանտիրուհուն, սթափվեց, բայց տեղից չշարժվեց։ Արդեն նա պատրաստված էր վերջին սարսափելի հարվածն ընդունելու։ Այրին հանդարտ քայլերով մոտեցավ և նստեց սեղանի մոտ, հառաչելով և «ախ ու վախ» քաշելով։
— Այնտեղի՞ց եք գալիս, Նատալիա Պետրովնա,— հարցրեց Ռոստամյանը։
— Կես ժամ առաջ այնտեղ էի,— պատասխանեց այրին և, շրթունքները սեղմելով, քթի ծակերով ներս շնչեց օդը։
Ռոստամյանը մի հարցական հայացք ձգեց տանտիրուհու վրա։
— Աստված ողորմած է, որդի․— ասաց այրին,— բժիշկն այնտեղ էր, էլի հույս է տալիս։
— Խոսո՞ւմ է։
— Ինչու չէ, մեկ-մեկ խոսում է։ Ինձ տեսնելիս խիստ ուրախանում է, ձեռս, միշտ բռնած, բաց չի թողնում, քանի որ մոտը նստած եմ վինում։ Է՛հ, ինչ ասեմ, տա աստված, որ առողջանա խեղճ կնիկը, ես խոմ նրան իմ որդուս չափ սիրում եմ։ Ո՞վ ունի նրա հոգին ու սիրտը։ Նա բարի է, հրեշտակի պես։ Տեր աստված, աշխարհիս երեսին քի՞չ կան վատ, չարահոգի մարդիկ, ինչո՞ւ հիվանդությունը նրանց չի մոտենում։
Ռոստամյանը լսում էր թե չէր լսում, բայց անթարթ աչքերով նայում էր նրա երեսին։ Հանկարծ նա հարցրեց․
— Նատալիա Պետրովնա, դուք էլ, ուրիշների նման, մեղադրո՞ւմ եք Վարվառեին։
Նատալիա Պետրովնան հասկացավ Ռոստամյանի հարցի միտքը, բայց իսկույն չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան հառաչելով, նայեց դեպի գավիթ և նույն դրության մեջ ասաց․
— Աստծու գործն է, ես ի՜նչ գիտեմ։ Մարդս չի կարող աստծու արած բանին հակառակել․․․
Արդյոք, ո՞րն է «աստծու արած բանը», որին մարդ չի կարող հակառակել — Վարվառեի ամուսնությո՞ւնը, թե՞ սերը։ Այնինչ, այրին, մի փոքր անցած, կրկին ախ քաշեց և, ավելացրեց․
— Երանի թե ամենքն էլ Վարվառեի պես արդար լինեին․․․ Աստծուն է հայտնի, ինչպես սիրեցի նրան։
Ավելի նա ոչինչ չասաց։ Բայց վերջին անորոշ խոսքը, որ այրին արտասանեց մի առանձին եղանակով, պարզ արտահայտում էին խղճի բողոքը մանկությունից նրա մեջ արմատացած գաղափարների դեմ։
Ռոստամյանն այլևս ոչինչ չհարցրեց։ Դարձյալ գլուխը թեքեց կրծքին և դարձյալ աչքերը հառեց հատակի մի կետին․․․