Արարատի շրջակայքը և նոցա ազդեցությունը

Արարատի շրջակայքը և նոցա ազդեցությունը

Արարատի շրջակայքը և նոցա ազդեցությունը



I


Քաղցըր Բամբիռով այստեղ Վիպասանք՝
Այդ մեծ սոխակներ հին Հայաստանի,
Երգեցին Հայի և՛ փառք, և՛ պարծանք,
Եվ հաղթանակներ թագավորների։
5 Այդ վայրենացած քարանձավներում,
Ուր այժմ միայն բուեր են կենում,
Լսվում էր թնդյուն կորով նետերի
Հայոց մեծափառ, դյուցազն Մեծերի։
Ա՛հ, օրեր գնացիք, և այդ խորշերին
10 Մնաց մի տխուր տպավորություն...
Նոքա հիշեցին յուրյանց ցանկային...
Բայց ձմեռն փլեց, ծածկվեցավ գարուն։

II



Այդ լուռ տեղերում կարող եք կարծել,
Որ դեռ չէ անցել մարդկություն համար
15 Դյութական դարը, և չե՛ն առասպել
Առասպելները, որ հրաշաբար
Ավանդեցին մեզ անցածի մարդիկ,
Երբ գերբնական երևույթներով
Երևան եկան հազարավոր Դիք,
20 Որոնց պաշտեցի ն երկյուղած սրտով։

Այստեղ բնությունն է ամեն իշխան
Եվ շատ նման է այն բռնավորի,
Որ անգութ լախտով հարստահարության
Կամեր խլել կամք հպատակների։

III



25 Բարձր սարերի ձյունապատ շղթան,
Որպես մի տիտան երկինք վերուղղած,
Եվ խոր անդունդներ, ուր հազարամյան
Անշունչ լռություն թևեր տարածած
Թաղավորում է, և քարուտ ձորեր,
30 Ուր, որպես առյուծ, բաշ ծածանելով,
Վաղում են արագ, փրփրագեղ գետեր,
Դիպչելով ժայռին և փշրվելով.
Այս բոլորն, ասես, հափշտակում են
Անկախությունը ազատ էակի.
35 Նա պիտ հավատա, պաշտե կուրորեն,
Այստեղից աղբյո՜ւր տգետ խավարի։

1884 թվին
Ամարանոցում