Արդյոք կա՞ կարգավորման գործընթաց

Ցանկացած երևույթ կամ գործընթաց ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է գործածել ճիշտ բառեր: Ճիշտ եզրաբանությունը ցանկացած գիտության, եթե ոչ հիմքը, գոնե նվազագույն նախապայմանն է: Քաղաքագիտությունն էլ գիտություն է: Հայաստանի և Թուրքիայի միջև առ այսօր հարաբերություններ չեն եղել այն պարզ պատճառով, որ եղած շփումները կամ եղել են ոչ պաշտոնական կամ եղել են բազմակողմ հանդիպումների ածանցյալներ: Իրավական տեսանկյունից մենք անգամ առևտուր չունենք իրար հետ, քանի որ այն ամբողջությամբ ձևակերպվում է երրորդ երկրների միջնորդ ընկերություններով:

Հետևաբար այսօր, երբ խոսքն ընդամենը Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման և որոշակի, հույժ սահմանափակ հարաբերությունների սկզբնավորման մասին է, իրավաչափ չէ խոսել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» մասին: Պետք է արձանագրել զուտ երևույթը՝ առանց անհիմն ընդհանրացումների, և խոսել միայն «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների սկզբնավորման մասին»:

Հայ-թուրքական կարգավորումն առնվազն պիտի ընդգրկի գոյություն ունեցող խնդիրների եթե ոչ ամբողջական լուծումը, գոնե ձգտումը՝ դրանք լուծելու: Այդպես է միջազգային հարաբերություններում, այդպես է առօրյա կյանքում: Հայերի և թուրքերի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրներն ունեն երեք բաղադրիչ՝ տարածքային, նյութական և բարոյական: Առանց դրանք լուծելու խոսել «հարաբերությունների կարգավորման» մասին անտրամաբանական է ու վաղաժամ:

Չի կարող լինել կարգավորում՝ առանց արդարության հաստատման: Չի կարող լինել անկեղծ երկխոսություն՝ առանց գոնե անդրադարձի բուն խնդիրներին: Բժշկի կողմից հիվանդության պատճառների և բուն հիվանդության անտեսումը չի վկայում հիվանդության բացակայության մասին: Մարդկության դեմ կատարված հանցագործության հետևանքների ամրագրումը կարգավորում չէ, կարգավորումը դա չէ: Ոմանց ձեռքերն ոլորելու, ոմանց շահագրգռելու, ոմանց ուղղակի «առնելու» ճանապարհով ձեռք բերած արդյունքը կարգավորում չէ: Այն պարզապես գործարք է:


17 սեպտեմբերի, 2009թ.