Արհամարհանք (Մատթեոս Զարիֆյան)

Արհամարհանք


Ցավիս խորերեն, տե՛ս, ճակատագիր,
Անսահման ծիծաղ մ’ունիմ քեզի դեմ,
Գիտցի՛ր որ նորեն քեզ կ’արհամարհեմ,
Չկարծես թե ա՛լ զիս կործանեցիր․․․

Իզո՛ւր կը թափես մոխիր սըրտիս վրա․
Ճառագա՜յթ կա հոն՝ իջած անհունեն․․․
Զոհերն հարվածիդ լոկ ոսկորներս են,
Անոնց պետք չունի՛ միտքըս որ սուրա․․․

Պայծա՜ռ է ճակատս՝ արշալույսի պես.
Հոգիս՝ միշտ աղվոր, միշտ հպարտ, ժըպտուն՝
Դեռ կը սավառնի՜ անհունե անհուն․․․

Իզո՛ւր սըրտիս վրա մոխիր կը թափես․
Աստվածնե՜ր կան հոն՝ իջած երկընքեն.
Ցավիս խորերեն, տե՛ս, անոնք կ’երգե՜ն․․․