Արձագանքից խաբված
Արձագանքից խաբված
Աքլորն ելավ կտեր ծերը՝
Ծուղ-րու-ղո՜ւ...
Ձենը հասավ էն քերծերը՝
— Ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ...
Աքլորն իսկույն ծիկրակեց վեր
Բարկացած,
Որ իմանար՝ թե էն ո՞վ էր
Իր դիմաց.
Բայց երբ մեկ էլ պինդ ծղրտաց՝
Ծուղ-րու-ղո՜ւ,
Քար ու քարափ նորից թնդաց՝
— Ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ...
Մեր փահլևան
Աքլոր աղան
Է՛լ չսպասեց, ու զայրացած
Գլխիկոր,
Թևին տվեց, թռավ նա ցած՝
Դեպի ձոր։
Թռա՜վ, գնաց, լեռ քարափին
Պինդ կպավ.
Մեկ էլ հանկարծ՝ ներքև տափին
Վար ընկավ։
Նա վար ընկավ՝ ջարդ ու փշուր
Լեշ կտրած,
Երկինք ելավ, թև ու փետուր
Գզգզած։
Ու մեր հպարտ
Աքլորն անդարդ
Նանի համար մի ցավալի
Վայ դառավ,
Գնաց սատկեց՝ շան ու գելի
Փայ դառավ: