Արձակ երգիծանք
1978-2022



Արիս Արսենի

Մուկուչ Թոփալյանի ֆելիետոններից խմբագրել

ԵՍ ՀՈՍԱՆՔ ԵՄ ՈՒԶՈՒՈ՜ՒՄ... խմբագրել

- Չէ, հաստատ որոշել եմ, վաղը «ձախ» գիծ եմ քաշելու, թե չէ՝ էս մթության մեջ ինչքա՞ն կարելի է խարխափել։ Հոսանքը միացնելու եմ՝ նստեմ հեռուստացույցի առաջ։ Ողջ օրը...
Ամեն անգամ կինս հանդիմանում է.
- Գործ չունես, կտուգանեն, 50 հազարը որտեղի՞ց ես տալու։ Մեզ հոսանք պետք չէ։ Թեև փայտ էլ չունենք, բայց էլի մի կերպ յոլա կգնանք...
Է՜, յոլա ենք գնացել է՜, որ մնացել ենք էս անտեր հանրակացարանին դատապարտված։ Կոյուղու խափանումները քիչ էին, հիմա էլ հոսանքն են անջատել։ Կոյուղու մերը չմեռնի, որ խափանվում է՝ սաղ միջանցքը ջրով լցվում է, պատերից էլ՝ հոսում դեպի բնակարանները։ Օրերով, շաբաթներով՝ «չլը՜մփ, չլը՜մփ, չլը՜մփ», մեր քայլերից ջուրը մեկ տեղատվություն ու մեկ էլ մակընթացություն է ապրում։
Մի հարցնող չկա.
- Բա ձեր հանրակացարանը տեր ու տնօրեն չունի՞։
Ունի, ինչո՞ւ՝ չէ, աշխատավարձ ստանող կա, անունն ինչ էր նրա՞, էն, որ մեկ-մեկ հանրակացարան էլ է գալիս։ Է՜, անունն ի՞նչ կարևոր է։ Կարևորը տեր ունենալն է։
Կոյուղու խափանումները քիչ էին, հիմա էլ հոսանքը չկա։ Սաղ քաղաքը լույսով ողողված՝ մեր էս անտեր հանրակացարանում խավար է ու խավար։ Անտեր ասացի՝ լավ է՝ կինս չլսեց, թե չէ՝ էլի կհակաճառի, կասի՝ տեր ունի։ Տեր ունի, իհարկե, կարծում եք՝ չգիտե՞մ, թե՞ մտածեցիք՝ կարող է վախից անունը չտամ։ Չեմ վախի։ Թուրքի առաջ կանգնել ենք՝ չենք վախեցել, հիմա՞ ումից պիտի վախենանք։ Էստեղ են ասել է՜, քնածը վեր կացավ՝ արթունին վախեցրեց։
Չէ, էսպես չի լինի, մի ամսից ավելի է՝ խավարում խարխափում ենք։ Վաղն անպայման պիտի գնամ, դուռն առանց բախելու բացեմ ու մտնեմ ֆաբրիկայի փոխտնօրենի առանձնասենյակը և ասեմ.
- Հարգարժան պարոն Յուրի Բարսեղյան, մեզ ինչի՞ համար ես պատժում, նրա՞ համար, որ փողը ժամանակին մուծել ենք... - Ի՞նչ փող,- իբր անտեղյակ՝ կհարցնի։
- Էն էլի՜, օգտագործված հոսանքի արժեքը։
- Հա՜,- միանշանակ կժպտա հարգարժան պարոնն ու,- ձեզ չեմ պատժում է՜, նրանց եմ պատժում, ովքեր դեռ մինչև հիմա չեն մուծել...
- Բա որ մեր շենքի ոմանց բնակարաններում հոսանք կա՝ նրա՞նց ով պիտի պատժի...
- Ես նրանց հետ գործ չունեմ։ Նրանք «ձախ» գիծ են քաշել՝ թող էլեկտրացանցն այդ գործով զբաղվի։ Ուզում է՝ պատժի, ուզում է՝ չպատժի, ինձ համար մեկ է...
Էլեկտրացանցում էլ երևի կասեն՝ մեր ի՞նչ գործն է, շենքն իրենցը չի՞, թող իրենք էլ գլխացավանքի մեջ ընկնեն։վ Ես էլ չեմ ուզում գլխացավանքի մեջ ընկնել։
Կինս ճիշտ է ասում.
- Գործ չունես, նրանք թիկունք ունեն՝ «ձախ» գիծ են քաշել։ Դու թիկունք չունես, նրանց հետ չես կարող չափվել...
Իհարկե, չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ։ Ես հոսա՛նք եմ ուզում, հոսա՜նք... Թե չէ՝ հոսանքն անջատած, գազն անջատած... Ժողովուրդ, խնդրում եմ, աչքով չտաք՝ հանկարծ ջուրն էլ կանջատեն... Բա՞՜...

«ԼՂ հանրապետություն», 20 հուլիսի 1995 թ., No 120 (151), էջ 5


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ... ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ խմբագրել

Գիտնականների ղարաբաղյան ասոցիացիայի (ԳՂԱ) մամուլի քարտուղար Մուկուչ Թոփալյանը վերջերս հույժ կարևոր տեղեկատվությամբ հանդես եկավ լրագրողների առաջ։ Բանն այն է, որ ասոցիացիայի հերթական գիտաժողովի «թիրախ» էր դարձել բարձրագույն... թվաբանությունը։
«Թվաբանական չորս գործողությունները և դրանց նշանակությունն առօրյա կյանքում» թեմայով հրավիրված գիտաժողովին ներկայացել էին ոչ միայն արցախցի գիտնականներն ու լրատվական դաշտի ներկայացուցիչները։ Ներկա էին նաև գիտնականներ, միջազգային դիտորդներ ու լրագրողներ՝ մերձավոր ու հեռու արտասահմաններից։
Գիտաժողովի կազմակերպման գործն իր վրա վերցրած ԳՂԱ-ի աշխատակազմն ամեն կերպ պատրաստվել էր թվաբանության առկա դրությունը բարձրագույն կարգավիճակի հասցնելու համար։ Այդ առումով ուսումնասիրվել է գիտնականների միջազգային մի շարք ասոցիացիաների առաջավոր փորձը, տրվել ղարաբաղյան հակամարտությանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում թվաբանության դերի ու նշանակության իրական գնահատականը։
Հիմնական զեկուցումով հանդես եկավ ասոցիացիայի գլխավոր քարտուղար Արմանք Զարմանքյանը։ Նա ասաց, որ ետխորհրդային ժամանակահատվածում թվաբանության դերն զգալի աճել է։ Բանն այն է, որ մարդիկ վերջապես հասկացել են, թե ինչպես կարելի է քիչ ջանքերի շնորհիվ մեծ եկամուտներ ձեռք բերել` երկրի տնտեսական շահը հակադրելով անձնական շահին։
Եթե խորհրդային տարիներին կոլտնտեսության ֆերմաներում յուրաքանչյուր կթան կովի ստիպում էին ֆուրաժային կաթնատվությունը հասցնել առնվազն 5-6 հազար կգ-ի, հիմա այդ կաթը կարելի է ստանալ առանց կովերին չարչարելու։ Այստեղ օգնության է գալիս Նորին Վսեմափայլություն Քիմիան, որի դերը նույնպես, որպես գիտություն, խորհրդային տարիներին, մեղմ ասած՝ զգալիորեն նսեմացված էր։ Հիմա քիմիայի անձնվեր ծառայության շնորհիվ կարելի է ստանալ գյուղատնտեսական գրեթե բոլոր մթերքները, առանց դաշտ ու վերամշակման գործարան մտնելու։ Պարզապես գտնում ես քո ուզած ուտեստի կամ ըմպելիքի քիմիական ֆորմուլան և ազատ կարող ես սննդի խնդիր ընդհանրապես չունենալ։
Սա՝ ի միջի այլոց։ Հիմնական զեկուցողը վերադարձավ խնդրո առարկայի դաշտ։ Ինչպե՞ս անել, որ թվաբանության դերը հասցվի բարձրագույն մաթեմատիկայի մակարդակին։ Քանի որ շատերն այսօր, մեղմ ասած, չեն ուզում գլուխ տրաքացնել, բայց բարձրագույնի դիպլոմ անպայման ձեռք բերելու մոլուցքով են տարված՝ որոշել են այնքան էլ չխորանալ բարձրագույնի գիտություններում, այլ՝ գոնե որոշ չափով կատարելագործել դպրոցական կարողությունները։
Թվաբանության օրինակով պրոֆեսոր Արմանք Զարմանքյանը բավականին լուրջ առաջարկություններ ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին։ Նա գտնում է, որ արդեն հնարավոր է քիչ ջանքերի գնով մեծ հաջողությունների հասնել։ Այդ գործում անհատ ձեռներեցների մեծագույն աջակիցը Նորին Վսեմություն Թվաբանությունն է՝ իր չորս պարզ ու հասարակ գործողություններով։ Գումարում ես, հանում ես, բաժանում ես, և որ ամենակարևորն է՝ վերջում բոլորը բազմապատկում ես ու դառնում...
Բայց ամեն ինչ՝ հերթով։ Կարևորը՝ ձեռներեց ու խաբելու որոշակի հմտություններ ունենաս, կարողանաս աշխատատեղերի բացման գլխավոր նպատակաուղղվածություն (թեկուզև՝ կեղծ) ունեցող ֆիրմա ստեղծել և աշխատողներ հավաքել, գումարել իրար, հանել արածը, բաժանել մի չնչին մասը, մնացածը կրկին բազմապատկել ողջ ունեցածով։ Արդյունքը՝ հասկանալի է։ Հարակից զեկուցումներով հանդես եկած գիտնականները ևս ի հարկե նշեցին թվաբանության դերն ու նշանակությունը հանրային կյանքում, մատնանշեցին հատկապես այն կարևոր հանգամանքը, թե ինչպ
ես կարելի է կատարել աշխատաժամանակի բաշխումը, տնտեսումը՝ օգտագործելով ի շահ տնտեսվարողի։ Շատերն, իհարկե, չեն հասկանա, հասկացողներն էլ կլռեն, չէ՞ որ կարող են զրկվել աշխատանքից, հետո՞ ինչ պիտի անեն։ Ինչքան ասես՝ ստիպված կլինեն աշխատել, վերջում էլ դեռ շնորհակալ պիտի լինեն, որ աշխատանք ու աշխատավարձ ունեն։ Զեկուցողներից մեկը նույնիսկ այսպիսի մի պատկերավոր օրինակ բերեց։ Ասաց, որ մի քանի ժամերի հանում-գումարումից էլ նույնիսկ կարելի է շահույթ ստանալ։ Մի քանի ժամերի հանում-գումարումից ոչինչ էլ չի փոխվի, հասարակ թվաբանություն է չէ՞, 4 ժամ (աշխատանք) + 1 ժամ (ընդմիջում) + 4 ժամ (աշխատանք) - 1 ժամ (եսիմ՝ ինչ) = է 7-ժամյա աշխատանքային օրվա։
Ճաքես, տրաքես՝ չես կարողանա գլուխ հանել։ Կամ էլ՝ հակառակն ապացուցես։ Համ էլ՝ գլխի ընկնո՞ղն ով է, ստուգո՞ղն՝ ով, որ չկարողանան «գնել»։ Մեռնեմ բարձրագույն... թվաբանությանը։ Ամենակարող չէ՝ ի՞նչ է։

«Պըլը-Պուղի», 2016 թ., NoNo 1-2 (231), էջ 1


ԲԱՆՆ ԱՐԱՂԻ ՄԵՋ ՉԷ, ԱՅԼ... խմբագրել

- Յա՜, էս ի՞նչ բան է, էս ուսանողները փոխանակ դասախոսությունը լսեն՝ մի բերան հրհռում են,- ինքն իրեն մտմտաց պրոֆեսոր Ռուբեն Զաքարյանն ու դիմեց երկրորդ շարքի երրորդ նստարանի ուսանողուհիներից մեկին.
- Հապա մի կրկնի՛ր ասածս վերջին բառերը։
Ուսանողուհին կանգնեց ու... ասես բերանը ջուր էր առել։
Վերջին նստարանի ուսանողուհիներից մեկն այլևս չէր կարողանում համբերել.
- Պարոն պրոֆեսոր ջան, պարոն պրո...
- Սո՛ւս կաց,- բոթեց կողքինը,- մի՛ ասա,- ու հրհռոցն ավելի աշխուժացավ։
Պրոֆեսոր Զաքարյանը նորից մտատանջության մեջ ընկավ. «Էս ուսանողներն ի՞նչ են լսել էսօր»։
Ու այդպես էլ, մինչև օրվա վերջը, ոչ մի բան կարգին գլխի չնկավ։ Դասերն էլ՝ «լավ-օսալ» վերջացրեց ու երեկոյան բռնեց տունդարձի ճանապարհը։
Ճանապարհին էլ՝ նկատում էր, որ մարդիկ ուրիշ ձևով են նայում իրեն, իսկ ծանոթներն էլ՝ «ծիծղըմ-ծիծղըմ» տալով բարևում-անցնում են, բան ասող չկա։
- Ա՛յ մարդ, էս ի՞նչ է պատահել սրանց,- անհանգստացած պրոֆեսորն ավելի արագացրեց քայլերը։
Վերջապես հասավ տուն։ Տան շեմին կոշիկները հանելիս միայն նկատեց, որ... կոշկի մի «թայն» իրենը չի։
- Հաբա ո՞ւմն է,- նորից մտատանջության մեջ ընկավ։- Հա՜, առավոտյան մտա քրոջս տուն, չլինի՞ էնտեղ են գլխիս «օյին» խաղացել։
Էլ ետ նորից հագնում է կոշիկներն ու, հայդա՝ քրոջ տուն։ Ճանապարհին էլ չէր կարողանում հանգստանալ
- Այ մարդ, դե, ասենք, առավոտյան մտա տուն։ Նախաճաշում էին, ինձ էլ հրավիրեցին, նստեցի, դեռ էն տղին էլ մի գլուխ քարոզ էի կարդում, որ քիչ կոնծի, որ արաղ կոնծելով մարդ չեն դառնում։ Իսկ ես մի կում անգամ բերանս չառա։ Դուրս գալիս էլ, կարգին չեմ հիշում, կարծեմ՝ ուշանում էի, վռազ հագա կոշիկներս ու գնացի։
...Դուռը քրոջ տղան՝ Սեյրանը, բացեց.
- Հը՛, ո՞նց անցավ օրդ, քեռի՛ պրոֆեսոր ջան։ Հո կոշիկս ոտքդ չէ՞ր սեղմում։
- Սո՛ւս, խաղք ու խայտառակ դառա։
- Քեռի՛, էսքան տարի է՝ խմում եմ, լսած կա՞ս, որ կոշիկս թարս եմ հագել, կամ էլ՝ իմի փոխարեն հագել եմ ուրիշինը։ Դե՝ իմացիր, որ բանն արաղի մեջ չէ, այլ...
Կիսատ թողեց խոսքը, որ պրոֆեսոր քեռին հանկարծ չվիրավորվի.
- Դե՛, քեռի ջան, էլ գլխիս քարոզ չկարդաս, լա՞վ...

«Մարտիկ», 1998 թ., No 4 (249), էջ 8 «Պըլը-Պուղի», 2001 թ., No 10, էջ 2


ՓՈՂԵ՜ՐՍ, ՓՈՂԵ՜ՐՍ... խմբագրել

Արդեն քանի օր է՝ հանգիստս կորել է։ Ի՞նչ մարդիկ են, չեն գնում իրենց փողը ստանան, որ ես էլ տեսնեմ՝ ինչ եմ անում։ Ճանապարհին էլ, ամեն անգամ, որ պատահում եմ, մի կերպ զսպում եմ ինձ, որ հանկարծ չհարցնեմ այդ մասին, բայց դե, մեկ է, էսպես երկար շարունակվել չի կարող։
Չէ, էլ համբերել չկա, ահա, գալիս է.
- Հը, հորոխպեր, էդ էլի անտառ ես գնում, հա՞։ Այ մարդ, էդ անտեր անտառում ծառ չես թողնելո՞ւ, մի քիչ հանգստացիր, էլի։
- Է՜, ի՞նչ հանգստանամ, մե՛ր տղա։
- Մի օր տանը նստիր, կամ էլ՝ հենց շրջկենտրոն գնա, էն փողերը չեն տալի՞ս, գնաս ստանաս։
- Տալիս են, է՜, բայց դե, դրա համար վեր կենամ շրջկենտրոն գնա՞մ, աղջիկս կստանա-կուղարկի, է՛լի։
- Հա՜...
Լավ... Ճարս՝ ի՞նչ։ Էլի ստիպված պիտի սպասեմ։ Քունս էլ չի տանում էդ անտեր մտքից։ Գիշերները ո՞նց կլուսացնեմ։
Հը՜մ։ Երկրորդ օրն էլ անցկացրի, կրկին երեկոյանում է, ցերեկներն էլի որոշ չափով հեշտ եմ տանում, գիշերը շատ է դժվար։
Հը՞, էս ոնց որ մեր հորոխպերը լինի չէ՞, էս ո՞ւմ կովն է առաջն արած բերում։ Բա իրենցը գոմեշ չի՞։ Ոնց որ փողն արդեն ստացել ու առոք-փառոք ծախսում են, ես էլ՝ ուղտի ականջում քնա՞ծ։ Լավ չի, լավ չի։ Անցնեմ դռան ետևը, ինձ չնկատի։ Վաղնևեթ գործի կանցնեմ։
Հենց լուսանում է թե չէ՝ իսկույն բակում եմ։ Ախպեր, ինչ սովորություն է, հա՛։ Դե մեր տունը ճանապարհի վրա է, եկող-գնացողներն էլ՝ աչքիս առաջ։
Հա՜, հորոխպոր կինը գալիս է, մոտենամ։

- Հորոխպորկի՞ն, առավոտ-առավոտ էդ ո՞ւր ես վազում տհենց, չլինի՞ հորոխպերս հիվանդացել ա։ - Հորոխպերդ լավ է, հրեն՝ «հանդի» բոստանում աշխատում է։ Հիվանդը ես եմ, բուժկետ եմ գնում, տեսնեմ՝ բուժքույր Սոնյան դեղից-բանից կունենա՞, գուցե օգնի։
Հա՜... Գործերս ոնց որ աջ են գնում։ Տանը մարդ չկա։ Կինը գյուղամեջ գնաց, մինչև ետ կգա՝ առնվազն մեկ ժամ կքաշի, ամուսինն էլ «հանդի» բոստանում է, երեկոյան տուն կգա երևի։ Գնամ, էլ ինչո՞ւ եմ ուշացնում, բայց դե՝ տուն մտնելիս մարդ-մուրթ չտեսնի՞ հանկարծ։ Էս վերջերս գողերի նկատմամբ աչալրջությունն ուժեղացել է գյուղացիների մոտ։ Չէ, ոնց որ՝ մարդ չկա, մտնեմ բակ, հետո՝ տուն։ Պատուհանով։
Էս ի՞նչ է, դուռը բա՞ց են թողել խելոքները։ Ոնց որ կոմունիզմի օրոք ապրելիս լինեն, կողպեք էլ չեն դնում դռան վրա։ Լավ, սկսեմ մուտքից, անցնեմ բոլոր սենյակներով։ Ամեն ինչ տակնուվրա կանեմ, բայց փողը կճարեմ։ Ժամանակս էլ՝ բոլ-բոլ հերիքում է։ Բայց էս ի՞նչ է, էրկու սենյակն արդեն խառնեցի իրար՝ փող չկա։ Աղջիկն էլ քաղաք է գնացել, լավ է՝ ձեռքի պայուսակը թողել էր՝ մի հինգհազարանոց կար մեջը։ Երկրորդ սենյակում էլ բան չգտա։ Էս մարդիկ մի՞թե փողը լրիվ ծախսել են, բա պարտքերս ինչո՞վ պիտի տամ։ Վա՜խ, պարտքերս, պարտքերս։ Ես էլ հույս եմ պահել, որ պարքերիս գոնե կեսը սրանց փողով կմարեմ։
Ուրեմն իզո՞ւր էսքան չարչարվեցի, էսքան ապրանքը դես ու դեն ցրեցի, գոնե չարչարանքիս վարձը ստանայի։ Թե չէ՝ հինգ հազա՜ր դրամ։ Ի՞նչ փող է դա։ Էդքան փողով ո՞վ էսքան գործը կաներ։ Բա ես էլ մարդ եմ, չէ՞։ Բա գոնե էսօրվա իմ չարչարանքը չվարձահատուցվի՞։ Բա՞։ Հիմա ամեն ինչ հաշիվ-հաշվարկով է, չէ՞...

«Պըլը-Պուղի», 2000 թ., No 8, էջ 3


ՎԱԽ՝ ԱԾԱՆՍ, ՎԱԽ՝ ԿՉԿՉԱՆՍ... խմբագրել

Համագյուղացի մի կին խնդրեց ֆելիետոն գրել իր Ածան ու Կչկչան հավերի մասին և բառացիորեն պատմեց հետևյալը.
- Իմ մասին երկու բառով ասեմ, որ վերաբնակչուհի եմ և ապրում եմ գյուղի ծայրամասում գտնվող մեր նորակառույց տանը։ Ոչ մեկին չեմ խանգարում, ոչ մեկի բոստանից ոչ մի բան չեմ թռցնում, ոչ մեկի հավերի վրա էլ, բնական է, աչք չունեմ։ Բայց արի ու տես, որ...
Ես ընդամենը երկու սեփական հավ ունեմ։ Մեկը՝ Ածան, մյուսը՝ Կչկչան։ Ածանը հա՛ ածում է, իսկ Կչկչանը՝ հա՛ կչկչում։
Ածանի ձվով ենք յոլա գնում։ Դե, Կչկչանի արածն էլ քիչ չէ, զրուցընկեր է էլի, ես աշխատում եմ բոստանում, ինքը՝ կչկչում է դեսից-դենից։ Համա որ լեզուն մի քիչ լավ չեմ հասկանում՝ վատը դա է։
Այդպես էլ ապրում ենք։ Բայց մի օր, ավելի ստույգ՝ երկու օր (մայիսի 7-ին և 8-ին) մեր այդ համերաշխ զույգը տան ներքևի ճանապարհի տակ ամեն օրվա պես քուջուջ անելիս է լինում, հանկարծ Կչկչանը սովորականից մի քիչ ավելի ուժեղ է կչկչում։ Իսկույն վազում եմ դեպքի վայրը և ի՞նչ տեսնեմ։ Կչկչանիս գլուխը չկա, իսկ Ածանից էլ միայն մի քանի փետուր է մնացել։ Դու մի ասի, այդ օրերին որսկան Գուրգենն իր «որսկան» շան հետ այդ կողմերով անցկացած է լինում։ Ինքն էլ է լսած լինում Կչկչանիս այդ արտասովոր կչկչոցը, իսկույն էլ մոտ է կանչում «ընկերոջը»՝ հանկարծ անպիտանը մի բան արած չլինի՞...
Կասկածում է, հա, բայց դե՝ շան փոխարեն երդվում է.
- Չէ, ի՞նչ եք ասում, իմ շունն այդպիսի բան չի անի։ Գլուխը պոկի տանի, ջանսաթը թողնի՞, լինելո՞ւ բան է։ Կարո՞ղ է իմ շանը լավ չեմ ճանաչում, ողջ օրը միասին ենք՝ առավոտից-իրիկուն։ Այդ ո՞ւր՝ որսի, այդ որտե՞ղից՝ որսատեղից։ Այդպես՝ ամեն օր։ Ամեն տեսակի միս կերած է, բայց այդ անպիտանը, մեղմ ասած, հավի մսից խոկում է։
Ասում-գնում է։ Չեմ կարողանում «հախ» անել վզին։ Ես էլ, ախր, գիտեմ, որ այդ օրերին, բացի որսկան Գուրգենից ու իր որսաշնից, ոչ ոք այդտեղով ոչ անցել է, ոչ էլ Կչկչանիս ուժեղ կչկչոցը լսել է։
Իսկ մի օր էլ, որ ասացի.
- Բա ինչո՞ւ շանդ վռազ մոտդ կանչեցիր,- զգաստացավ մի քիչ, բայց իրեն չկորցրեց, ասաց.
- Դե, կարող է փռշտացել եմ նաև, կամ էլ՝ հազել, քո՞ ինչ գործն է։ Համ էլ՝ ես շանս չեմ կանչել։
Մի քանի օր էլ է անցնում։ Ինքս ինձ մտածում եմ. «Չէ, ոնց որ՝ սարում որսը պակասել է»։
Ասում եմ.
- Կարող է՞ արդեն գյուղում ես որս անում։
- Յա՜, հլա ուբեդիտ չես եղե՞լ, որ դա իմ շան արածը չի,- ասում է ու,- դրա ասողի բերանը...
Չէ, չեմ զարմանում, այլանդակ մարդուց միայն այլանդակ բառեր կարող ես լսել։ Ես էլ՝ ի՛մ իմացած հայհոյանքն եմ անում՝ անասուն, ապուշ, հիմար...
- Որ կարգին պատվի տեր լիներ է՜, մարդ չէր նեղանա,- «փիլիսոփայում է» որսկանն ու իբր նեղացած՝ հեռանում։
Մի օր էլ կանգնում է գյուղապետի կողքին, թե.
- Մարդուն տարա քիթը դեմ արի, դակազատ արի, որ իմ շունն այդպիսի բան չի անի։ Խի էդքան դոնգի է՞, ի՞նչ կա հավի չոր գլխի մեջ, որ տանի։ Հը՜մ, մարդ էլ ասո՜ւմ եմ։ Տյոտա է։ Արշակ տյոտա՜...
Հողեմ գլուխդ, Արշակիս դու տյոտա ասես՝ ես սուս անե՞մ։ Լինելու բա՞ն է դա։ Կբողոքեմ, բա՞։ Այդ նույն գյուղապետին, մեր՝ Ամառանոցայինի գյուղական համայնքի ղեկավար պարոն Օսկան Վարդապետյանին։ Կասեմ. «Պարոն գյուղապետ, խնդրում եմ (առայժմ) միջոցներ ձեռնարկես։ Համապատասխան։ Պա՞րզ է։ Չձեռնարկես՝ ավելի բարձրին կբողոքեմ։ Թերթում գրել կտամ։ Աշխարհքով մեկ՝ խաղք ու խայտառակ կանեմ։ Նրա՛ն էլ, քե՛զ էլ»...
Որսկան Գուրգե՞ն, դու քո շան հետ իմ հավերն ուտես ու անպատիժ մնա՞ս։ Անունս կփոխեմ։ Ես քեզ ջրի երեսը կհանեմ։ Ես քեզ ուշունց տա՛լ ցույց կտամ։ Ես քե՛զ...

«Պըլը-Պուղի», 2002 թ., No 2, էջ 4


ԶԳՈ՜ՒՅՇ... խմբագրել

Կրթական հաստատության հիմնադրման կեսդարյա հոբելյանն էր նշվում։ Ինչն էլ՝ լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Բայց, թերևս, այնքան էլ պարզ չէր՝ կրթական հաստատության հիմնադրմա՞ն հերթական տարեդարձն էր, շենքի կառուցմա՞ն, թե՞ 50-րդ թողարկման։ Համ էլ՝ դա ի՜նչ կարևոր է։ Կարևորը հավաքվելու առիթ ունենալն է, մարդկանց հրավիրել-հյուրասիրել կարողանալը։ Իսկ հրավիրված-հավաքվածները շատ-շատ էին, հյուրասիրությունն էլ՝ ճոխ։ Տոնական միջոցառմանը (թեև ծրագրով նախատեսված չէր) համընկել էր նաև դպրոցի զոհված շրջանավարտների հիշատակին պատրաստված նոր վահանակի տեղադրում-բացումը։
...Հրավիրվածների մեջ կային նաև որդեկորույս մայրեր, զոհված ազատամարտիկների հարազատներ։ Դե, սևազգեստ մայրը, որ, ընդհանրապես, ուրախ առիթներով կազմակերպվող միջոցառումներին այնքան էլ «չի բարեհաճում» ներկայանալ-մասնակցել, ու, թեև այս անգամ էլ չէր ուզում, բայց անհարմար զգաց մերժել հրավերը։ Հրավիրել են՝ պիտի գնաս։ Որդուդ՝ նվեր մի քանի ծաղիկ կվերցնես ու կգնաս։ Համ էլ՝ ընկերների «շրջապատում» (կողք-կողքի շարված շրջանակների մեջ) մի անգամ էլ կտեսնես որդուդ։ Թե չէ, տանը ողջ օրը նկարի հետ զրուցում ես, զրուցում ու վերջը չի երևում։
...Մտքերից սթափվեց՝ երբ արդեն վահանակի մոտ էր, տեղադրեց որդուն նվեր բերված ծաղիկներն ու գլուխը կամաց վեր բարձրացրեց, հայացքը սահեցրեց նկարների վրայով, տնտղեց մեկ-մեկ, ու... չհասցրեց հասկանալ, թե ինչ կատարվեց. «Ո՞ւր է... Բա ո՞ւր է... Չէ՞ որ կար։ Թե՞ սխալվում եմ։ Չկա՞ր։ Գուցե չի՞ էլ զոհվել բալաս»... Ավելի մտազբաղ դառած, թեև առանց այդ էլ՝ անհանգիստ էր, թողեց դահլիճը։
- Ձեր որդին, մայրիկ, այս դպրոցում չի սովորել, դրա համար են նկարը հանել,- կասեն ու գործը դրանով փակված կհամարվի։
Իսկ հաջորդ ուսումնականն սկսվելուն պես աշակերտները թարմ ծաղիկներով դեպի նորացված վահանակը կվազեն, կբարևեն հին ծանոթների պես, կմատուցեն ծաղիկները, բայց պատասխան բարևների մեջ իսկույն կնկատեն պակասը՝ Շամիրյան Ալեքսանդրի չբարևելը։ Ինչո՞ւ... Եվ իսկույն դասարան կվազեն՝ համադասարանցուն.
- Բա քո հայրիկը... քո հայրիկը...
- Իմ հայրիկը՝ ի՞նչ...
- Քո հայրիկը... չի՞ զոհվել,- մանկական անմեղ ձայնն ավելի կմեղմանա,- սխա՞լ էր, որ նկարը կար նախկին վահանակի վրա...
Նահատակ զինվորի երկու տղաները չեն հասկանա ոչինչ, ու գլխիկոր, կողք-կողքի, կկանգնեն նորացված վահանակի առաջ...
- Չի՞ զոհվել։ Չի՞՜...
Ձայնն արձագանք կտա դասասենյակներում ու հերոս նահատակների արյան գնով ձեռք բերված խաղաղության մասին պատմվող նոր դասը կիսատ կմնա, բառերը կսեղմվեն ուսուցչուհու կոկորդում ու տղաների աչքերին նայել չի կարողանա։
- Ես ի՞նչ մեղավոր եմ, որ նկարը հանել են,- անիմաստ-տխուր կժպտան նրա աչքերը, և սրտի խորքում վիրավորված ապագա զինվորներն այլևս չեն հավատա այդ աչքերին՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ երբեք...
...Իսկ երբ նման երևույթներ են կատարվում մեր շրջապատում՝ մենք մեր աչքերին ինչպե՞ս ստիպենք չտեսնել, ականջներին՝ չլսել, լեզվին՝ այդ մասին չխոսել...
Մինչև ե՞րբ...

«Բերդ», 2002 թ., No 17 (1902), էջ 3


ԱՀԱ՝ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵ՜Ր... խմբագրել

1988-ի փետրվարյան ընդվզումից երեք ու կես տարի անց անկախություն ձեռք բերած մեր երկու հայկական պետություններում բնակչությունը, հիմնականում, միատարր է, ինչը, երևի թե, չի կարելի ասել Պաշտպանության բանակի անձնակազմի մասին։ Վերջերս էլ՝ բանակի մասշտաբով մի անլսելի-անիմանալի լուր է տարածվել, ինչը ցնցել է շատերին։ Բանն այն է, որ բանակի ուսումնական զորամասերից մեկում հինգ լեզվով խոսող մի կուրսանտ է հայտնաբերվել, ով նաև գրում է բանաստեղծություններ ու վեպեր, երգում է, նվագում և այլն։
Թղթակիցների մեր խումբն անմիջապես զորամաս այցելեց՝ այդ արտակարգ իրողությունը պատշաճ ձևով լուսաբանելու նպատակով։
Զինվորը ներկայացավ մեզ և, ի զարմանս բոլորի, հայերենով հնչած մեր բոլոր հարցերին միանշանակորեն պատասխանեց օտար (մեզ՝ դեռևս ոչ հեռու անցյալի հասարակարգից քաջածանոթ) լեզվով։
Հենց այդ օտար լեզվով էլ ներկայացրեց իր կենսագրությունը, հետաքրքրությունների շրջանակը և այլն։
Պարզվեց, որ նա Կնյազ Թորոնի Թամոյանն է, ազգությամբ՝ եզդի, չորս-հինգ լեզու իմացող (հայերեն՝ ոչ), զորակոչվել է Հայաստանի հյուսիսային հարևան երկրից և շատ լավ է խոսում նաև այդ երկրի լեզվով։ Նաև՝ այդ լեզվով բանաստեղծություններ էլ է գրում։
Բանաստեղծություններն, իհարկե, մենք չտեսանք, նաև՝ նոր սկսած «վեպը» մեր բանակի մասին։ Վախեցավ չկարողանանք ընթերցել։ Երևի մտածեց, որ միատարր բնակչություն ունեցող պետությունում միայն մայրենիով են կարողանում հաղորդակցվել, մոռանալով, որ դարեր շարունակ այս երկիրը խաչմերուկն էր բոլոր լավի ու վատի, արժեքավորի ու անարժանի, քաղաքակրթության ու վայրենաբարոյի։ Իսկ ժողովուրդն էլ, պարզ է, սովոր է ամեն ինչի՝ և՛ շառ ու շուռի, և՛ թշնամանքի ու կեղծ բարեկամության։
Համենայնդեպս, ո՛չ վրացերենով, ո՛չ էլ ռուսերենով գրած ոչինչ չտեսանք։ Դրանից հետո էլ պարզվեց, որ մեր հերոս Կնյազը նաև արհեստավարժ երգիչ է, երգում է վրացերեն, ռուսերեն, հունարեն, մի քիչ արաբերեն, մի այսքան էլ (ցուցամատի ծայրի չափ)՝ հայերեն։ Ճիշտն ասած՝ զարմացա, որ մեր կես ժամից ավել տևած զրույցի ընթացքում հայերեն մեկ բառ անգամ չփոխանակած մարդը կարող է երգել նաև հայերեն։
Իսկ երբ հարցրի (իհարկե՝ ոչ հայերենով), թե հայերեն չիմացող զինվորն ինչպես է հաղորդակցվում իր հայ ծառայակիցների ու հրամկազմի հետ, ինչպես է մասնակցում հայերենով անցկացվող պարապմունքներին ու յուրացնում օրվա դասանյութը և այլն՝ Թամոյանի պատասխանը կարճ էր ու լակոնիկ.
- Вот в этом и вся проблема!
Այո, «проблема»-ն հասկացանք, բայց թե ինչպես է լուծվում դա՝ այլ խնդիր է։ Նրան զինվորական կանոնադրությունների ռուսալեզու գիրք է տրամադրվել, բայց հո մարտական ու մասնագիտական պատրաստության բոլոր առարկաների գծով չի կարող չէ՞ ռուսալեզու գրականություն ձեռք բերել և, բոլորի հետ ու բոլորից առանձին, հմտանալ իր զինվորական մասնագիտության մեջ։
Թամոյանի համբավը նաև զորամասում ստուգումներ իրականացնող հանձնաժողովի սպաներին էր հասել։ Նրանք էլ փորձեցին Թամոյանի թվաբանական գիտելիքները ստուգել։ Բայց երբ պարզվեց, որ 2+2x2-ը ոչ թե 6, այլ 8 է անում՝ տարակուսած հեռացան։
Ահա, այսպիսի բաներ։ Ճիշտ են ասել, չէ՞. ի՜նչ ասես, որ չի կարող պատահել կյանքում։ Բայց որ սկսել է բանակում էլ պատահել՝ դա արդեն իսկապես որ... «проблема» է։

«Պըլը-Պուղի», 2016 թ., NoNo 1-2 (231), էջ 1


ԽԱՂՈՂԻ... ԺԱՎԵԼ խմբագրել

Երբ առաջին անգամ այդ խանութից խաղողի ինքնաթոր օղի առա՝ կատակով ասացի.
- Ոնց որ՝ ժավել լինի։
Դրանից հետո այդ խանութից օղի առնելիս՝ ժավել էի խնդրում, ինձ պետք եղածը ստանում ու տուն գալիս։
Կինս անընդհատ ասում էր.
- Ինչո՞ւ ես միշտ օղի առնում, մի անգամ էլ ուրիշ բան բեր, էլի՞...
Ասում եմ.
- Մեղավո՞ր եմ, ես ժավել եմ ուզում՝ իրենք խաղողի թորած օղի են տալիս։
- Այդպիսի բա՞ն կլինի, թե՞ էլ ուրիշ հեքիաթ չունես պատմելու։
...Ուրեմն՝ կինս չի հավատում ինձ։
Լավ, հաջորդ անգամ միասին կգնանք։
Մտնում ենք խանութի դռնից ներս և պոլիէթիլենե շիշն անմիջապես մեկնում եմ գործակատարին ու խնդրում շշի մեջ ժավել լցնել։ Կինս համակ ուշադրությամբ հետևում է նրա գործողություններին, իսկ սա ամեն անգամվա պես բացում է թորած օղով լի տակառիկն ու լցնում շիշը։
- Տեսնո՞ւմ ես,- դիմում եմ կնոջս,- ասում եմ՝ չես հավատում։
Կինս ծիծաղում է։ Վերցնում ենք շիշն ու գալիս տուն։
Այդպես շարունակվեց մինչև...
...Խանութպան Սերժիկն ամեն անգամ ասում էր.
- Էսա նոր խանութիս շենքի կառուցումը որ ավարտեմ ու տեղափոխվենք այնտեղ, սպասարկումն ավելի բարձր մակարդակի վրա է լինելու։ Էլ հետդ դատարկ շիշ բերելու կարիքը չես ունենա։ Շշալցված-պատրաստ՝ խանութում դրված է լինելու։ Գալու ես վերցնես՝ գնաս։
Այդ օրն էլ եկավ։ Ուրախ-ուրախ, որ արդեն կարող եմ առանց դատարկ շշի գալ, մտա խանութի նոր շենքի դռնից ներս և Սերժիկին ուղղված շնորհավորական ոչ երկար խոսքից հետո մոտեցա նոր գործակատարին։
- Ես ժավել եմ ուզում,- ասացի՝ ամեն անգամվա պես։
- Այ, այնտեղ է, վերցրեք,- ցույց տվեց հատակին շարված շշերը։
Վերցրի շիշն ու մնացի կանգնած.
- Բայց... սա... ժավե՞լ է։
- Իհարկե, բարձր որակի,- անմիջապես վրա բերեց գործակատարը։
Տարակուսանքն ինձ գամել էր տեղում։
- Բայց... սա... ոնց որ իսկակա՛ն ժավել լինի,- հազիվ ինքս ինձ լսելի ձայնով ասացի։
Ու երբ վճարելուց հետո մանրը նախկինից ավելի շատ վերադարձվեց՝ տարակուսանքս համոզմունքի վերաճեց։ Շարունակեցի մնալ կանգնած։
- Ի՞նչ,- գործակատարի դեմքի հարցական արտահայտությունը սթափեցրեց ինձ։
- Ես... սա երևի... չվերցնեմ։
- Չվերցնե՞ք։ Բայց Դուք ժավել չէի՞ք ուզում։v - Ժավե՞լ։ Ուզում էի։ Ես խաղողի՛ ժավել էի ուզում։ Խաղողի՛ ժավել...

«Պըլը-Պուղի», 2016 թ., NoNo 1-2 (231), էջ 1


ԱՍՈՒՄ ԷԻ ՉԷ՞, ՈՐ ԴՐԱԿԱՆԸ ԼԱՎ Է խմբագրել

(Այս ինչպես եղավ, որ դրականն ու բացասականը փոխվեցին տեղերով)

«Այսքան ուրախ կյանքը մեզ
Լենին պապիկն էր տվել,
Իսկ մենք էլի, միշտ ինչպես՝
Դեռ սովոր ենք դժգոհել»։
Երգն է մնացել, հա։ Հիմա՞ ինչի նման է։ Գնում ես հիվանդանոց՝ ստուգվում։
Ասում է.
- Դրական է։
Ասում ես.
- Դե լավ է, որ դրական է, ես էլ սկսում էի կասկածել,- քմծիծաղում ես։
Ասում է.
- Ի՞նչն է լավ, ես ասում եմ՝ դրական է, դու ասում ես՝ լա՞վ է։ Ու դեռ քմծիծաղում է՞լ ես։
Ասում ես.
- Բա ի՞նչ է, որ լավ չէ։ Ամբողջ կյանքում մեզ սովորեցրել են, որ դրականը լավ է, բացասականը վատ է։ Ամենուր դրական վարքագիծ ենք դրսևորել, հեռու ենք մնացել վատ սովորություններից։
Ասում է.
- Հա՜, դա մի ժամանակ էր, անցավ ու պրծանք դրանից։ Հիմա նոր ժամանակներ են, նոր բարքեր։
- Լավ, հիմա՝ ի՞նչ,- հարցնում ես։
Ասում է.
- Մեջդ վիրուս կա, պիտի այդ վիրուսը միջիցդ հանենք, որ հիվանդությունդ բուժվի։
- Հա՞,- ասում ես,- ուրեմն հիվանդ ե՞մ։
Ասում է.
- Հա, որ դրական է՝ ուրեմն հիվանդ ես։
Ասում ես.
- Բժշկուհի ջան, բա ի՞նչ անենք, իմ հալն ի՞նչ կլինի։
Ասում է.
- Այդքան շատ մի մտահոգվի, մի 14 օր կմնաս տանը, լավ կսնվես, մեկ-մեկ էլ՝ պարացիտամոլից-բանից կուլ կտաս, կպրծնի՝ կգնա։
- Հաստատ կպրծնի՞, բժշկուհի ջան,- ասում ես,- չես խաբում, չէ՞։
- Չէ՜,- ասում է,- ինչի՞ խաբեմ։
- Դու ասում ես, է՜, բայց հավատալս, մեկ ա, չի գալիս։
Ասում է.
- Ինչի՞։
Ասում ես.
- Է՜, քանի՜-քանիսի գլուխը կերավ այդ հիվանդությունը։
Ասում է.
- Ես ասում եմ ժամանակներն արագ են փոխվում՝ դու էլի քո հին երգն ես երգո՞ւմ։ Հիմա ուրիշ մուտացիայով է այդ հիվանդությունը՝ հեշտ ու թեթև են տանում։
Ասում ես.
- Դե լավ է, որ այդպես է։ Իսկ այդ 14 օրվա՞ մասին ինչ էիր ասում։
Անգիր արածի պես վրա է տալիս.
- Դե մի 14 օր կմնաս տանը, լավ կսնվես, մեկ-մեկ էլ՝ պարացիտամոլից-բանից կուլ կտաս, կպրծնի՝ կգնա։
- Մնամ տա՞նը, աշխատանքի չգնա՞մ։ Ինչ լա՜վ է։ 14 օ՜ր։ Երկու շաբա՜թ։ Ասում էի չէ՞, որ դրականը լավ է։

06.09.2022, 18։13

Արմանք, զարմանք, տարակուսանք խմբագրել

Իրական զվարճապատումներ


ԶԱՐՄԱՑԱԾ-ՀԻԱՑԱԾ խմբագրել

Հեռուստալրագրող էի, աշխատում էի Արցախի հանրային հեռուստաընկերությունում և գյուղական կյանքի ու գյուղատնտեսության վերաբերյալ հաղորդումներով պարբերաբար հանդես էի գալիս հեռուստաեթերում։
Սամվել որդիս, որ դեռ չորս տարեկան էր, միշտ զարմանում էր, թե ինչպես եմ մտնում հեռուստացույցի մեջ։ Մի անգամ ասացի.
- Տղաս, ուզո՞ւմ ես՝ դու էլ մտնես հեռուստացույցի մեջ։
- Հա՞,- զարմացած-հիացած բացականչեց Սամվելը։
Ես նրան տարա հեռուստատեսություն ու կանգնեցրի տեսախցիկի առաջ։ Իսկ երբ օպերատոր Սամվել Սայիյանը միացրեց մոնիտորն ու տեսախցիկը՝ փոքրիկն անմիջապես տեսավ իրեն մոնիտորի էկրանին։ Նրա զարմանքն ու հիացմունքը միախառնվել էին...

12.07.2014, Ստեփանակերտ


ԱՐՄԱՆՔ խմբագրել

Հնգամյա Սամվելը թերթում է «Արցախ» հանդեսի հերթական համարը։
Փորձում եմ բացատրել նրան, թե որտեղ եմ աշխատում ես.
- Գիտե՞ս, տղաս, ես, այ, այդտեղ եմ աշխատում,- ասում ու հանդեսն եմ մատնացույց անում։
- Հա՞,- զարմանում է փոքրիկը,- պապ, բա ո՞նց ես մտնում թղթի մեջ...


ԶԱՐՄԱՆՔ խմբագրել

- Այ տղա, որտե՞ղ ես,- զանգում է ընկերը։
- Սևանում եմ։
- Յա՜, չեմ ասում է՝ ինչ ես անում, ասում եմ՝ որտե՞ղ ես,- ջղայնացած՝ երկրորդում է հարցը։
- Սևանում եմ է՜, Սևանում եմ, հանգստանում եմ։


ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ խմբագրել

- Յա՜, ի՜նչ մարդիկ են՝ կարմիր ավտոբուսի վրա գրել են «Սպիտակ»։


«ՀՆԱՐԱՄԻՏԸ» խմբագրել

- Տխուր եմ, Անի,- ասաց մայրիկը։
- Ինչո՞ւ ես տխուր, մամ,- չհամբերեց երկու ու կես տարեկան Անին։
- Քեռուդ բանակ են տարել։
- Մամ, դե իր հերթն էր՝ տարան էլի, ինչի՞ ես տխրում:
...Որոշ ժամանակ անց։
- Տխուր եմ, մամ։
...Լռություն։
- Մամ, չես հարցնելո՞ւ՝ ինչու եմ տխուր...

30.06.2014, Ստեփանակերտ


ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԵՐԵՆ ԿԱՐԴԱԼ ԳԻՏԵՆ խմբագրել

Մեկը մեղրով լի բանկայի վրա «Պանիր» գրությամբ թուղթ էր կպցրել։
Երբ հարցրել են, թե ինչու է այդպես վարվել՝ առանց հապաղելու պատասխանել է.
- Որ ճանճերը չմոտենան...
- Բայց ճանճերն, արդյո՞ք, հայերեն կարդալ գիտեն,- տարակուսանքով իրար են նայել մարդիկ։


ԽԻՍՏ ՀՐԱՀԱՆԳ խմբագրել

1993 թվականի ամռանն էր։ Արցախ աշխարհում բուռն պատերազմ էր, իսկ ես շարունակում էի ավագ խմբագրի աշխատանքս «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրությունում։
Մի օր էլ որոշեցի թողնել համեմատաբար խաղաղ ապրելակերպս ու կապվել բանակային կյանքին, բայց առայժմ՝ մասնագիտական կարողություների օգտագործումով։
Դիմեցի դեռևս մի քանի ամիս առաջ հիմնադրված բանակային «Մարտիկ» թերթի համակարգող-հրատարակչին՝ որպես զինվորական լրագրող ծառայության մտնելու խնդրանքով։
Սա երդվեց, որ ազատ հաստիք չունի, խոստացավ, որ հնարավորության դեպքում անպայման իմաց կանի։
Իմ հեռանալուց անմիջապես հետո համակարգողն իր մոտ կանչեց թերթի խմբագրին և խիստ հրահանգեց.
- Այդ երիտասարդը, որ նոր մոտս էր՝ դաշնակ է, եթե հանկարծ թղթակցություն-բան բերի՝ թերթում տպագրելու նպատակով, չվերցնես, հասկացա՞ր...


ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ խմբագրել

1995-ի հուլիսի 1-ին Կենտրոնական պաշտպանական շրջանից տեղափոխվեցի «Մարտիկ» թերթի խմբագրություն՝ զինծառայությունս շարունակելու որպես զինվորական լրագրող, բայց տեղափոխման հրամանը զորամաս հասավ յոթ օր ուշացումով։ Նույն օրն էլ՝ հուլիսի 7-ին, զինվորական հետագա ծառայության վայր ներկայացա։
Թերթի գլխավոր խմբագիրն ասաց.
- Յոթ օր ուշ ես ներկայացել զորամաս։ Ֆինբաժնի պետին պիտի կարգադրեմ, որ յոթ օրվա աշխատավարձդ պահի։


ԱՍՏԻՃԱՆԱԶՐԿՈՒՄ խմբագրել

Ծառայության նոր վայրում, հենց առաջին օրը, «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիրը նայելով ավագ լեյտենանտի ուսադիրներիս՝ ասաց.
- Գիտե՞ք, պարոն ավագ լեյտենանտ, ձեզ պիտի աստիճանազրկենք մեկ «աստղով», որովհետև հիմա լեյտենանտի° հաստիք եք զբաղեցնում։
Պետք է խոստովանեմ, որ գլխավոր խմբագիրն, իրո°ք, հասավ իր նպատակին, թեև դրա համար 8 ամիս 17 օր պահանջվեց։ Արդյունքում՝ ես ոչ թե միայն մեկ «աստղով» աստիճանազրկվեցի, ինչպես նախապես «խոստացել էր» գլխավոր խմբագիրը, այլ՝ լրիվությամբ «աստղաթափ» եղա։


ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ խմբագրել

Նոր գլխավոր խմբագիր նշանակվեց։ ՊԲ կադրերի բաժնից հրահանգեցին՝ լուսանկարվել անձնական գործի համար։ Բայց քանի որ սպայական կոչում առայժմ չուներ՝ չգիտեր ինչ կոչումով լուսանկարվել։ Նոր նշանակված սպային սովորաբար լեյտենանտի կոչում է շնորհվում, բայց քանի որ ինքն առավել փնտրված կադր էր և բավականին տարիքով, որոշեց, որ իրեն առնվազն կապիտանի (վատագույն դեպքում՝ ավագ լեյտենանտի) սպայական կոչում կշնորհվի, ուստի, կանչեց խմբագրության ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանին և հրահանգեց լուսանկարել նախ՝ կապիտանի, ապա՝ ավագ լեյտենանտի ուսադիրներով։
- Աշոտ, գուցե լեյտենանտի ուսադիրներով է՞լ լուսանկարես, կարող է՝ հանկարծ լեյտենանտի կոչում տան,- կասկածեց գլխավոր խմբագիրը։
Կասկածանքն արդարացավ՝ լեյենանտի° կոչում շնորհվեց։


ՀԵՐԹԱՊԱՀԸ խմբագրել

Այցելում ենք զորամաս։
- «Մարտիկ» թերթից ենք,- ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանն ու ես ներկայանում ենք Հսկիչ-անցագրային կետում՝ զորամասի տարածք մտնելու թույլտվություն ստանալու համար։
Հերթապահ զինծառայողը կապվում է վերադասի հետ.
- Մարտիկի տղաներից եկել են, ի՞նչ անեմ, բաց թողնե՞մ...


ԱՆՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ խմբագրել

Այցելում ենք զորամաս, զրուցում զինվորների ու սպաների հետ։
Ներկայանում է հերթական սպան.
- Օր Դավոյան՝ դասակի հրամանատար։
- Օ՞ր,- զարմանում ենք ես ու ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանը։
- Ճիշտ այդպես,- հաստատում է սպան։
...Նյութը պատրաստ էր տպագրության, իսկ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիրը դեռ տատանվում էր՝ սպայի անունը լրիվությամբ գրե՞լ, թե՞...
Ի վերջո՝ որոշում է անունը 50 տոկոսով կրճատել և արդյունքում (տպագրված նյութում) Օր Դավոյանը դառնում է... Օ. Դավոյան։


ՄԱՐՏԻԿԸ՝ «ՄԱՐՏԻԿԻՆ» խմբագրել

Զանգում եմ Նորոգման-վերականգնողական առանձին բազայի հրամանատար, փոխգնդապետ Մարտիկ Հայրապետյանին. - «Մարտիկ» թերթից են անհանգստացնում Ձեզ,- ասում եմ։
- Մարտիկը լսում է «Մարտիկին», ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- անմիջապես հետևում է պատասխանը։


ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԷԻ... խմբագրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մամուլի քարտուղար էի։ Պետս պահանջում էր ամեն օր, վաղ առավոտյան, թարմ տեղեկատվություն տրամադրել, ինչի համար ժամերով պետք է համացանցում մնայի, բոլոր ծանոթ-անծանոթ կայքերը տնտղեի, օրվա թերթերն աչքի անցկացնեի և, որ ամենակարևորն է, տեղական հեռուստաընկերության լուրերը բաց չթողնեի։
- Առաջինը դո°ւ պիտի նայես ու մեզ տեղյակ պահես, թե մեր մասին ինչ լրատվություն է եթեր հեռարձակվում, մամուլի° քարտուղար,- կիսահեգնախառն շպրտեց նա։
- Բայց, ախր, աշխատանքի բերումով երեկոյան ժամը ութի հիմնական թողարկմանն էլ չեմ հասցնում տանը լինել։
- Հիմա ի՞նչ ես առաջարկում, քո առանձնասենյակում էլ պիտի հեռուստացույց տեղադրե՞մ, հա՞...

17.05.2011, Ստեփանակերտ


ՈՉ ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ խմբագրել

- Աշխատանքային ժամերին՝ ոչ մի բանաստեղծություն, լսեցի՞ր,- խիստ հրահանգեց պետս,- գրել միայն աշխատանքից հետո։ Առաջին և վերջին անգամ եմ զգուշացնում։

28.06.2011, Ստեփանակերտ


ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ խմբագրել

Մայրն իր զինվոր որդուն նամակ է գրում, ծրարում ու ծրարի վրա գրում հասցեն՝ «Քաղաք Ղարաբաղ, Մոսուն պոլկը, Արմեն Վարդանյանին»։
Եվ, պատկերացնո՞ւմ եք, նամակը... տեղ է հասնում։

ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՉԵՆ ԾԵԾՈՒՄ խմբագրել

Շարքային Հայկ Ղուկասյանը հարազատներին շուտ-շուտ է նամակներ գրում։
Իսկ բոլորովին վերջերս նամակներից մեկում գրել էր. «Մայրիկ ջան, սուտ է, որ ասում են, թե իբր Հայոց բանակում սպաներն ամեն օր ծեծում են զինվորներին։ Ինձ, օրինակ, այսօր չեն ծեծել»։


ՏՀԱՃ ՀՈՏ խմբագրել

Վաշտի ավագը մտնում է զորանոց։
Հերթապահը ներկայանում է։
- Այս ի՞նչ տհաճ հոտ է,- հարցնում է հերթապահին։
- Պարոն ավագ, մինչև ձեր գալը ոչ մի հոտ էլ չկար,- փորձում է արդարանալ հերթապահը։


«ԴԺԳՈՀԸ» խմբագրել

Շարքային Արթուր Մկրտչյանը սկզբում դժգոհ էր.
- Չեմ ուզում մնալ բանակում,- ասում էր։
Իսկ հիմա, երբ արդեն լիովին հարմարվել է ու մոտենում է զորացրման ժամանակը՝ էլի դժգոհում է.
- Չեմ ուզում տուն գնալ,- ասում է,- տանն ո՞վ է ինձ առավոտյան ժամը 6-ին վերկացնելու, կամ էլ՝ երգելով ճաշելու տանելու։


«ՀԲ» խմբագրել

Զինվորներից մեկին հանձնարարվեց վերծանել ՀԲ հապավումը.
- «Հայկական Բանակ»,- իսկույն վրա բերեց նա։
- Ի՞նչ՝ «Հարիֆցրին Բերին»,- արձագանքեց մյուսը։
Հին տղաներից մեկը, որ ներկա էր զրույցին՝ չդիմացավ գայթակղությանն ու.
- Չէ, չէ, ի՞նչ եք ասում։ ՀԲ՝ այսինքն՝ «Հասնենք Բաքու»։
- ՀԲ՞՝ «Հավայի Բան»,- վերջակետեց չորրորդը։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ խմբագրել

Նորավարտ լրագրողուհին աշխատանքի է ընդունվում հանրապետության շրջանային թերթերից մեկի խմբագրությունում։
Ներկայացնում է դիմումն ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Կադրերի հաշվառման անհատական քարտը լրացնելիս, երբ հասնում է «Սոցիալական դրություն» տողին, հանկարծ դիմում է երիտասարդ խմբագրին.
- Հիմա ի՞նչ գրեմ այս տողում, գրեմ՝ կո՞ւյս։


ՁԿՆԵՐԻ՜Ն ԽՐԱՏԵՔ... խմբագրել

Մի մարդ կարթով ձուկ էր որսում, երբ հանկարծ գետափին հայտնվում է բնության պաշտպանության լիազորը։
- Քաղաքացի,- դիմում է նա ձկնորսին,- Դուք մեղադրվում եք որսագողության մեջ։
- Ինչպե՞ս թե,- փորձում է «արդարանալ» որսագողը,- ես իմ կարթերը միայն լողացնում եմ գետում, իսկ Դուք Ձեր ձկներին խրատեք, թող չմոտենան...

1979


ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱԶԱՏԻՐ... խմբագրել

Խմբագիրը դիմում է կադրերի գծով աշխատողին.
- Մեզ մոտ կարո՞ղ ես գտնել ամենագործունյա, հմտավարժ ու համարձակ (նաև՝ երիտասարդ) այն լրագրողին, ով ամենայն հավանականությամբ կկարողանա փոխարինել ինձ։
- Կփորձեմ գտնել։
- Հենց որ նման մեկին հայտնաբերես՝ անմիջապես մի այնպիսի պատրվակ գտիր, որ կարողանանք ազատվել նրանից։


ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԻՆ խմբագրել

Ուսուցչուհին դիմում է դասարանին.
- Երեխանե՛ր, ո՞վ կարող է ասել՝ բայը քանի՞ եղանակ ունի։
- Բայը ունի հինգ եղանակ,- անմիջապես պատասխանում է առաջին նստարանի աշակերտը։
- Որո՞նք են,- դիմում է կողքի նստածին,- կարո՞ղ ես թվարկել։
- Ինչո՞ւ չէ,- ասում է աշակերտն ու արագ-արագ վրա բերում,- գարուն, ամառ, աշուն, ձմեռ։
- Բա հիգերո՞րդը որն է,- զարմանում է ուսուցչուհին։
- Մե՛ր եղանակը,- մեղավոր-անմեղ ժպտում է աշակերտուհին, իսկ ուսուցչուհին հիշում է սևակյան բանաստեղծության հայտնի տողերը։


ԱՆԴԱՎԱՃԱՆ... ՍԵՐ խմբագրել

Գլխավոր խմբագիրը դիմում է հաշվապահին.
- Հենց որ գործերից թեթևանաս՝ կանցնես ինձ մոտ,- ու մտնում է իր առանձնասենյակը։
Անցնում է որոշ ժամանակ, իսկ հաշվապահը չի երևում։ Ստիպված նորից է գալիս հիշեցնելու։
- Դեռ ջահել ես,- հանդիմանում է,- բայց հիշողությունդ արդեն դավաճանում է քեզ։
- Եկա՛, եկա՛,- շտապում է հաշվապահը։ - Յա՜, կարծում է, թե դավաճանել եմ, է՞՜,- գլխավոր խմբագրի անհետանալուց հետո ավելացնում է նա։

1991


ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ խմբագրել

- Ամսագիրը տարար՝ ճամպրուկը բերիր։ Իսկ եթե ճամպրուկը տանես՝ ի՞նչ ես բերելու։
- Ոսկի։
- Ավելի լա՞վ չէ՝ Վոլսկի բերես, թե չէ՝ էս պոլյանիչկոները մեզ կերան...

1991


ՊԱՐՏՔՈՎ ՓՈՂ խմբագրել

- Խնդրում եմ պարտքով հինգ ռուբլի տաք։
- Ներեցեք, բայց ես ձեզ չեմ ճանաչում։
- Դրա համար էլ հենց ձեզ եմ դիմում, որովհետև ճանաչողներն այլևս պարտքով փող չեն տալիս ինձ։

1978


«ԱՆՀՅՈՒՐԸՆԿԱԼ» ԳՅՈՒՂՈՒՄ խմբագրել

Սեյտիշենցիների մասին պատմում են, թե իբր Սեյտիշեն (Խաչեն) գյուղի մոտով անցնող ճանապարհով դեպի վեր գնացող ուշացած ճամփորդներին սեյտիշենցիները հորդորում են շարունակել ճանապարհը՝ քանի դեռ լրիվ չի մթնել, «օր կա, յեր հնցե» ասելով։ Դա նաև հուշում է այդ գյուղի բնակիչների, այսպես ասած, անհյուրընկալ լինելու մասին։ Բայց, այնուամենայնիվ, ես մի գիշեր հյուրընկալվեցի այդ գյուղում, որովհետև գյուղամերձ ճանապարհով ոչ թե բարձրանում, այլ... իջնում էի...

11.09.2011, Ստեփանակերտ


«ՉԱՓՍԸ» խմբագրել

Լսեցի՝ 27-90-27, ու... չհավատացի։
- Ո՞նց, բայց կարծեմ՝ նախկինում ընդունելի չափսը 90-60-90 էր, թե՞ սա էլ հղի կնոջ չափս է։ Ուրիշ բան է՝ եթե գոնե 60-90-60 ասեիր։
Պարզվեց՝ իր բջջայինի համարն էր ասել։


ԲԱՐԵՎԻՆ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ խմբագրել

Մտնում ես «Ղարաբաղ-Տելեկոմի» սպասարկման ցանկացած սրահ և քո առաջին իսկ արտաբերած բառին՝ բարևին, ի պատասխան՝ լսում ես. «Խնդրեմ՝ Ձեր անձնագիրը»։ Եվ որ կարևոր է՝ շա՜տ քաղաքավարի ձևով։


«ՄԻՇՏ ՀԱՍԱՆԵԼԻ» խմբագրել

Ասում են՝ ամենանորաոճը լավ մոռացված հինն է։
«ՂՏ»-ի կյանքից լավ մոռացված մի դրվագ էր այն, որ մի ժամանակ ընկերության բոլոր կին ու աղջիկ աշխատողներին ինչ-որ մարտի 8-ի (թե ապրիլի 7-ի՝ կարևոր չէ) հովանոցներ էին նվիրել՝ «Միշտ հասանելի» գրությամբ։
Պարզ է՝ այդ հովանոցները մեր քաղաքում քիչ երևացին։ Բայց՝ երևացի՜ն։
Ու մնացին հիշողության մեջ։


«ՂՏ»-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ խմբագրել

«Ղարաբաղ-Տելեկոմի» վարչակազմը սովորություն ունի տոն օրերի կապակցությամբ շնորհավորել իր բաժանորդներին։ Բացառություն չեն նաև մարտի 8-ն ու ապրիլի 7-ը։
Մի առանձնահատկություն «ՂՏ»-ն, այնուամենայնիվ, ունի, շնորհավորում է բոլո°ր բաժանորդներին անխտիր՝ թե° տղամարդ, թե° կին։

07.10.2017, Ստեփանակերտ


ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ խմբագրել

- Գիտե՞ս, թեև չես ընտրվել, բայց, որպես հարևան, ես քո օգտին եմ տվել իմ ձայնը։
- Է՜, բոլորն են այդպես ասում, բայց ոչ մի ձայն էլ չեմ ստացել։
- Վա՜յ, ի՞նչ մարդ է՝ չի հավատում է՜։ Ահա, խնդրեմ,- ասում ու գրպանից հանում է քվեաթերթիկն ու մեկնում համայնքի ավագանու անդամի թեկնածու հարևանին։


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ԱՐԿԱԾ» խմբագրել

Երկու ընկերուհի կատակախառն զրույցներով իջնում են Ազատամարտիկների պողոտայով։ (Օր-օրի գեղեցկացող Ստեփանակերտն ավելի է պճնավորված երևում Տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական այս օրերին)։ Աղջիկներից մեկը հանկարծ շրջվում է դեպի մայթեզրի հերթական նախընտրական-քարոզչական պաստառն ու վանկարկելով կարդում.
- Սա-քո քա-ղաքն է։
- Ի՞նչ, ի՞նչ Սաքո, աղջի,- ջղագրգռված հարցնում է ընկերուհին։- Ո՞վ է այդ Սաքոն, խոստովանիր, նոր սիրեկանդ է, հա՞։
- Ի՞նչ սիրեկան, ի՞նչ ես ասում,- անմեղ ժպիտը կախվում է աղջկա դեմքից,- ցուցապաստառի վրա կարդացի, ահա, դու էլ կարդա։

27.08.2019, Ստեփանակերտ «Արցախի կոմունիստ», 2019 թ., No 9 (235), էջ 4


Եթերում արցախի հեռուստատեսությունն էր... խմբագրել

Երգիծապատումներ 1989-ի հեռուստաեթերից, հեռուստասցենարներից և հեռուստատեսության կյանքից առհասարակ


ՍԿՍԵՆՔ ՍԿԶԲԻՑ խմբագրել

Տեխնիկական խոտան էր, չէինք կարողանում եթեր դուրս գալ։ Եվ, ահա, երկնագույն էկրանին վերջապես երևաց հաղորդավարուհի Իննա Հայրապետյանը.
- Հարգելի հեռուստադիտողներ, տեխնիկական խաթարումների պատճառով ներողություն ենք խնդրում,- ասաց նա և շարունակեց հեռուստաեթերը։


«ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՒ ԱՆՍՈՎՈՐ» խմբագրել

Հաղորդման սցենարից

Կադրում՝ Պողոսագոմեր գյուղը։ Պատկերներ՝ գյուղից։ Ծերունիներ՝ գյուղից։


«ՀԻՆ ԶԻՆՎՈՐԸ» խմբագրել

Հաղորդման սցենարից

Կադրում՝ Պողոսագոմեր գյուղը։ Կամերան գյուղամիջով գալիս-մտնում է 103-ամյա ծերունու տունը, ծերունու դեմքը։


«ԲԺԻՇԿ-ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԵԿ ՕՐԸ» խմբագրել

Հաղորդման սցենարից

Կադրում՝ երեխաներից որևէ մեկը արտասանում է որևէ բանաստեղծությունից որևէ քառատող։


«ՄԵԾ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐԴԻԿ» խմբագրել

Հաղորդման սցենարից

Կադրում՝ թղթակիցը մտածկոտ քայլում է Ստեփանակերտի փողոցներով... Տեսախցիկը ցուցանակից շրջվելով՝ ընդգրկում է ամբողջ փողոցը և շարժվում առաջ... Փողոցը կամաց-կամաց մթնում է, ապա՝ կամաց-կամաց լուսանում։ Էկրանի վրա երևում է սեղանի մոտ նստած թղթակիցը՝ ձեռքում բռնած մի գրություն. «Մուկուչ Արզանյանը եղել է բացառիկ համեստ և հասարակ ընկեր»։


«ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹԻՒՆ» խմբագրել

Հաղորդման սցենարի վրա արված մակագրությունից

Ռեժիսորին՝ Սրբազանը գալու է հինգշաբթի օրը։ Խնդրում եմ նկարահանման հացը արագացնել։


«ՄՈՌԱՑՎԱԾ ԱՐՀԵՍՏ» խմբագրել

Հաղորդման սցենարից

Կադրում՝ Ննգի գյուղը՝ խոշոր պլանով։ Կուժ, գավաթ, խնոցի՝ խոշոր պլանով։ Գյուղի բրուտանոցը՝ ընդհանուր պլանով։ Գյուղի ծեր կանայք՝ խոշոր պլանով։
Վարպետ Վարդանը ներկայացնում է բրուտագործական իրերը, իսկ Աշխեն տատիկը՝ խոշոր պլանով՝...


«ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ՖԵՐՄԱ» խմբագրել

Հաղորդման սցենարից

Եթե ոչ հեռու անցյալում երիտասարդները դժկամորեն էին ֆերմա գալիս, կամ բոլորովին չէին ուզում, այսօր արդեն անասնապահների ու կթվորների շարքերը համալրվում են նոր ու բանիմաց կադրերով, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Ի՞նչն է պատճառը, որ երիտասարդները հանկարծ կանգնեցին դեմքով դեպի... ֆերման։


«ԱՐՑԱԽՅԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ-89» խմբագրել

Հաղորդաշարի հաղորդումներից մեկի սցենարից

Մայքլ Ջեքսոնը... Ստեփանակերտում, Մարտակերտում, Հադրութում ու... Շեխերում,- մարզի մյուս քաղաքներում, ավաններում ու գյուղերում։


«ՄԻ ՕՐ ՔԱՂԳՈՐԾԿՈՄՈՒՄ» խմբագրել

Հաղորդման սցենարից

Կադրում՝ քաղխորհրդի գործկոմի շենքը։ Ընդհանուր միջանցք։ Ընդունարանում սպասող մարդիկ։ Նրանց դեմքը։ Հետո կամերան մտնում է քաղգործկոմի նախագահի տեղակալի աշխատասենյակը։ Աշխատասենյակ են մտնում նաև մի քանի քաղաքացի, իսկ հեղինակը մի քանի խոսքով կադրի (կամերայի) հետևից ներկայացնում է տվյալ անձնավորությանը։ Օրինակ՝ Այսինչ Այսինչյան, Ստեփանակերտ է տեղափոխվել Բաքվից 1989-ի հունվարի կեսերին, ունի չորս մասնագիտություն, երեք երեխա և մեկ կին։


ՍԱՍՈՒՆԻԿԻ «ԲԼԻՑ-ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ» խմբագրել

Ավտովարորդ Յուրի Հակոբջանյանը պատմում է, որ Արփագետուկ գյուղում նկարահանումների ժամանակ տեղի ունեցած այսպիսի մի խոսակցության է ականատես եղել.

- Ասում են՝ «դուբլյոնկաներ» եք ստացել ու տվել թուրքերին, ճի՞շտ է,- կոլվարչության նախագահին հարցով դիմում է հեռուստատեսության թղթակից Սասունիկ Ալեքսանյանը։
- Այո,- կարճ պատասխանում է նախագահը։
- Ինչո՞ւ...
- Որովհետև նրանք են աշխատում մեր ֆերմայում։ Դու երեք օրով արի փոխարինիր մեր կթվորուհիներից որևէ մեկին՝ «դուբլյոնկանե ետ վերցնեմ ու տամ քեզ։
- Չէ, չէ, չեմ կարա,- հրաժարվում է թղթակիցը։
- Դե՝ որ չես կարա...- ջղայնացած զրույցին է խառնվում Հադրութի շրջխորհրդի գործկոմի նախագահը։
- Դու սո°ւս, թե չէ՝ հրես մի սինխրոն կտամ, կմնաս տեղդ կանգնած,- ասում է թղթակիցն ու խոսափողը մոտեցնում շրջխորհրդի գործկոմի նախագահի բերանին։
Նախագահը մնում է շշկլված-կանգնած...

1989, Ստեփանակերտ


«Երգիծական հեռատիպի» ժապավենից խմբագրել

«Պայքար» ընդհատակյա թերթի արխիվից


ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԽՄԿԿ 28-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ խմբագրել

Վրեժ ԱՐԱՐԱՏՅԱՆԻ ռեպորտաժը խմբագրել

Ոգևորված ԽՄԿԿ 28-րդ համագումարի պատմական որոշումներով, այս տարվա առաջին եռամսյակում Խորհրդային երկրի գյուղատնտեսական ոլորտի աշխատողներն արտադրել են շուրջ 4 մլն տոննա միս, որի վաճառման և վերավաճառման անօրինակ արարողությունը վերջացնելուց հետո երկրորդ եռամսյակում մսավաճառները գրպանել են 4 մլն ռուբլի փող, իսկ երրորդ եռամսյակում որոշել են վաճառել մնացած ոսկորները։
Սոված մարդկանց կարագով, մսով, ձվով, կաթով և այլ մթերքներով բավարարելու նպատակով որոշվել է 1990 թվականի դեկտեմբերից անցնել ինքնածախսածածկման։ Այսինքն՝ բյուրոկրատական ապարատի աշխատողներն այսուհետ աշխատելու են այնքան, որքան ուտում են։
Քանի որ խորհրդային կուսակցական լիդերներն այլևս մարզ չեն գալիս, Արցախի գյուղատնտեսության աշխատողները որոշել են այս տարի չոգևորվել ոչ մի համագումարի ոչ մի որոշմամբ և իրենց արտադրած մթերքները չուղարկել այլևս Մութալիբովին, Սաֆոնովին, Պոլյանիչկոյին և նման այլ անկուշտ ձրիակերների։
Զարմացած այս հանգամանքից՝ կաթնատու-մսատու կովերը հավերժական ոգևորությունից ուշքի եկան և սկսեցին պոզահարել այն կթվոր-կթվորուհիներին, ովքեր իրենց տված անարատ կաթին ջուր խառնելով՝ ֆուրաժային կովի կաթնատվությունը հասցնում էին 4, 5, 6, 7, նույնիսկ՝ 8 հազար լիտրի և ուրիշի մաքրությունը կեղտոտելու հաշվին ոսկե մեդալներ շահում, Կոմունիստական աշխատանքի հարվածային դառնում, իսկ լավագույն դեպքում՝ արժանանում Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձրագույն կոչման։
Ցնծության մեջ են առանձնապես՝ հավերը, որոնք դեռևս երկու տարի առաջ էին ուզում արտասահմանյան անձնագրեր ձեռք բերել և փախչել Ամերիկա։
Հիմա Կևորկովը, Ալիևը, Բրեժնևը (ողորմի նրան) էլ Արցախ չեն գա, իսկ ֆերմաների վարիչներն էլ իրենց (հավերին) չեն ստիպի հինգ կոպեկանոց կեր ուտել ու ածել... տասնհինգ կոպեկանոց ձու։
Քանի որ լուրեր են պտտվում, որ Խորհրդային Միությունում շուտով կարող է սով սկսվել և տալոնով կլինեն հացը, ջուրը, ձուկը, աղը, կաթը, պանիրը, մածունը, նույնիսկ՝ օդը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել բնակչությանը, որ այսուհետև պետք չէ համագումարի որոշումներ կարդալ ու նրանցով ոգևորվել։
Ավելի ճիշտ ենք համարում հողը վարձակալությամբ վերցնելն ու մշակելը։

1990, սեպտեմբեր, Ստեփանակերտ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ խմբագրել

ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ - Ըստ ադրբեջանական բութ պատմաբանների՝ ժողովուրդ, որն ապրում է Արցախի ներկայիս տարածքում։

ԵՐԿՐԱՇԱՐԺ - Տեղի է ունենում ընդերկրյա ցնցումներից, որոնք վերջին ժամանակներս կապված են նաև քաղաքական ցնցումների հետ։

ԷՔՍՏՐԵՄԻՍՏՆԵՐ - ԽՍՀՄ-ում ապրող օկուպացված տարածքի բնակիչներ (ազգությամբ` հայ, քանակը` 3 մլն)։

ԼԱՉԻՆ - Աշխարհում մեզ հայտնի միակ վայրը, ուր հոշոտվում ու պատանդ են վերցվում նույնիսկ ինքնաթիռային վթարի ենթարկվածները։

ԽՍՀՄ - Լայնարձակ երկիր, որտեղից փախչելու համար նրա քաղաքացիները տասն օրը մեկ ինքնաթիռ են փախցնում։

ԿՈՄՈՒՆԻՍՏ - Կոմունիզմի շինարար, ով 73 տարի շարունակ «կառուցեց» սոցիալիզմ, հետո՝ զարգացած սոցիալիզմ, իսկ հիմա էլ ձեռնամուխ է եղել... «վերակառուցման» աշխատանքներին։

ԿՈՈՊԵՐԱՏՈՐ - Նորահայտ բառ է, օգտագործվում է նախկինում գործածական ԱԼՎԵՐՉԻ այլաոճ բառի փոխարեն։

ԿՏՐՈՆ (նախնական պատվերի) - Ծաղկող սոցիալիզմին հատկանշական փաստաթուղթ։

КОРРУМПИРОВАННЫЕ ЭЛЕМЕНТЫ - Ոչ քիմիական տարրեր, որոնք Մենդելեևի պարբերական աղյուսակում չկան։ Վերջերս հայտնաբերվել են Արցախի տարածքում՝ կենտրոնական իշխանությունների կողմից։ Հետաքննությունը շարունակվում է։

КПСС - Капут перестройки - спасите Союз!

ՆՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ - Մտքերի ամբողջականություն, որին հատուկ է ցանկացած պարագայում իր արտաքին տեսքը փոխելու և որակական նոր ձևով հանդես գալու ունակությունը։

ПЕРЕСТРОЙКА - Պետության վերափոխման իրականացումն ապահովող որոշակի համակարգ, որը կարող է ուղեկցվել перекройка-յով։

ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ - Քաղաքական կարգավիճակ, որը Չիլիում կոչվում է Պինոչետի դիկտատուրա, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ Պրետորիայի ռասիստական ռեժիմ, Արցախում՝ արտակարգ դրության պարետություն։

«ՍԵՎ ԱՐԿՂ» - Բոլոր ինքնաթիռներն ունեն դրանից։ Չի հրկիզվում, չի կոտրվում, չի բացվում, չի քայքայվում և... չի գողացվում, նայած՝ ինքնաթիռային վթարը Խորհրդային միության որ վայրում է տեղի ունենում։

ՍՈՒՄԳԱՅԻԹ - Խորհրդային քաղաք, որտեղ բնակարանների պակասության պատճառով տեղաբնակ թուրքերը կարող են սպանել բնակարանատեր մարդկանց (ծնթ.՝ հայերին) և քաղաքին շնորհել ինտերնացիոնալիստի կոչում։

ՓՏՈՂ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ - Ինքը փտում է, հոտը մեզնից է գալիս։

1990, օգոստոս-սեպտեմբեր, Ստեփանակերտ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ խմբագրել

ԿՈՐԵԼ Է խմբագրել

Գեներալ-գուբերնատոր Սաֆոնովը։
ՊԱԿ-ի աշխատակիցները մեծ վարձատրություն են խոստանում գեներալին գտնողին։


ԿՈՐԵԼ Է խմբագրել

Կենտրոնական հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագրության անգլուխ (ներեցեք՝ գլխավոր) խմբագիր Սագ-ալաևի (թե՞՝ Սագ-ալիևի) խիղճը (այդ մասին մեզ տեղեկացրել են բոլորովին վերջերս, թեև սագ-ալաևյան հակահայկական հիստերիան արդեն 3 (երեք) տարի է՝ ինչ շարունակվում է։
Գտնողին խոստանում են... Սիբիր քշել։


ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ՝ ՀՈՒՄՈՐ խմբագրել

Պատմում է Վրեժ ԱՐԱՐԱՏՅԱՆԸ

*** խմբագրել

Բախտագուշակ գնչուհին Մութալիբովին մահից հետո դրախտ է խոստանում, իսկ Սաֆոնովին՝ դժոխք։ Այնպես է պատահում, որ մահից հետո երկուսն էլ դրախտ են ընկնում։ Մութալիբովը զարմանքով հարցնում է Սաֆոնովին.
- Ո՞նց եղավ, որ դու էլ դրախտ ընկար։
- Ձերոնց տված փողերով կաշառեցի գերեզմանոցի պահակին՝ ինձ էլ դրախտ ուղարկեց,- պատասխանում է Սաֆոնովը։


*** խմբագրել

Մի արցախցի մտամոլոր քայլերով մտնում է Մոսկվայի կենտրոնական հանրախանութը և սկսում նայել ցուցափեղկերը։ Վաճառողուհին մոտենում է նրան ու հարցնում.
- Что Вы хотите, молодой человек?
- Մի-ա-ցո՛ւմ,-մտքերից չկտրվելով բացականչում է արցախցին։
- Это очень дорого стоит! - պատասխանում վաճառողուհին։


*** խմբագրել

Տարիներ անց մի լենինականցի պատահմամբ հանդիպում է Սաֆոնովին՝ մարշալի ուսադիրներով։
- Ծո՛, էս պագոննե՞րը երբ ստացար որ,- զարմացած բացականչում է լենինականցին։
- Սյասին քյա՛ս (ձայնդ կտրիր), а то прикажу повесить,- հետևում է պատասխանը։

1990, օգոստոս, Ստեփանակերտ


Նոր հումոր խմբագրել

ՏԱՐԲԵՐ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ՝ «ԱՐՑԱԽԵՐԵՆՈՎ» խմբագրել

ՏԱՐԲԵՐ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ՝ «ԱՐՑԱԽԵՐԵՆՈՎ» խմբագրել

ԱՆԱՊԱ (քաղաք ՌԴ-ում) - Ան ապա` առանց ապայի (պապիկի)։

APACHE (քաղցրավենիք) - Ապա չէ՞։ Ապա է՜։

ԵՐԵՎԱՆ - Յերե Վան (Վերին Վան)։

ՄԵՅԴ - Դիակ (Made (մեյդ) in USA):

ՍԱՐ ԿՕԶԻ (Նիկոլա Սարկոզի` Նիկոլա Պոլ Ստեֆան Սարկոզի դը Նադ-Բոչա, ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության 23-րդ նախագահը) - Սար կուզի:

ՎԵՍԿԻ (Աննե Վեսկի, փոփ երգչուհի՝ Էստոնիա) - Ոսկի։

ՏՎԵՐ (քաղաք ՌԴ-ում) - Տվէր` Ներքև։

ՏՈՒԱՊՍԵ (քաղաք ՌԴ-ում) - (Տու ապսեյը՞ս: Չէ՜, Տուապսեյումո՜ւմ):


ՆՈՐԱՈՃ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ խմբագրել

ԱԳԼՃԿ - Առանց գազ լցնելու ճանապարհեն կմնաս:

ԵՊՀ - Երևանա պատառ հեռու:

ԼՂՀ - Լվացքտ ղրաղան հվաքե:


ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ-ՍՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ խմբագրել

ВЛКСМ - Վլյաթեն լարկուտը կզտեց Սմսոնեն մղակումը:

Վարթազար, չափար ուբերի, Շմավոն իդյոտ:


ԵՐԳԻԾԱՊԱՏՈՒՄՆԵՐ խմբագրել

Ո՞ՒՄ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ խմբագրել

Նա միշտ ու ամենուր այնպիսի՜ հպարտությամբ ու բարեկիրթ ձևով էր խոսում իր «բակինեցե «ազգությանե մասին: Բայց ադրբեջանցիները «չթողեցին», որ լիովին մոռանա իր ազգային արմատները, որոնք նա այնքան ուժեղ էր ատում, որ այնուհետև, երբեք ու ոչ մի անգամ, չայցելեց Հայաստան:
Ո՞ւմ մասին է խոսքը:
(Գ.Կասպարով)


«ԴԱՏ»՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ խմբագրել

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում օրերս դատական նոր գործընթաց է սկսվել: Հայկական կողմից Ադրբեջանի պետական սահմանն «ապօրինաբար հատելու» մեղադրանքով դատարանի առաջ է հայտնվել մեկ... կով:
Կովն իր պաշտպանության օգտին մեղմացուցիչ հանգամանքներ է ներկայացրել, ասելով, որ ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով Հայաստանում այլևս ոչ խոտ է մնացել, ոչ էլ` արոտավայր:
Դատավորն անցել Է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

20.07.2021,10:58


ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ խմբագրել

Հեռուստատեսային բազմաժամյա ցուցադրություն, որի ընթացքում հարուստ պետությունների աղքատ քաղաքացիները դրամ են հանգանակում աղքատ պետությունների հարուստ քաղաքացիների համար։


ՀԱՄԵՐԳՆ... ՍԿՍՎԱԾ Է խմբագրել

- Չեմ տեսնում ձեր ձեռքե՜րը:
- Չենք լսում Ձեր երգե՜լը:


ՉԳԻՏԵՍ՝ ԽՆԴԱ՞Ս, ԹԵ՞ ԼԱՍ... խմբագրել

*** խմբագրել

- Որտեղացի՞ ես,- հարցնում եմ կողքիս նստած անծանոթին:
- Ոչմիտեղացի:
- Ինչպե՞ս թե՝ ոչմիտեղացի: Հայաստանում, կարծեմ, Ոչմիտեղ անվանումով բնակավայր չկա,- փորձում եմ կատակել:
- Բնակավայր չկա, բայց Հայաստանում հիմա տասնյակ հազարներով են ոչմիտեղացիները,- ասում ու շրջում է դեմքը:

*** խմբագրել

- Դո՞ւ որտեղացի ես,- հարցնում է կողքիս նստած անծանոթը:
- Մարտակերտցի,- վստահ պատասխանում եմ:
- Հիմա՛ ես մարտակերտցի, վաղը, չես իմանա՝ որտեղացի կլինես:
- Վաղն է՛լ կլինեմ մարտակերտցի:
- Ես էլ հադրութցի էի: Մինչև 2020-ի աշունը: Կարծում էի՝ մի՛շտ եմ հադրութցի լինելու,- ասում ու կախում է գլուխը:- Ա՛յ, որ, Աստված մի արասցե, բռնատեղահանվես՝ այդ ժամանակ դու է՛լ ես ոչմիտեղացի դառնալու:

24.11.2022 (ժ. 22:44)