Արձանագրությունների, լիազորությունների և հրաժարականների մասին
Վերջին շրջանում մի հարց է հաճախ հնչում, որին այդպես էլ չտրվեց հստակ պատասխան. Ինչո՞ւ է ՀՅԴ պահանջում արտգործնախարարի հրաժարականը, սակայն չի պահանջում նախագահի հրաժարականը:
Չլինելով ՀՅԴ անդամ՝ փորձեմ պատասխանել հնչող հարցին, քանի որ սկզբունքորեն լավ չէ, երբ հասարակության հարցերը մնում են անպատասխան:
Ըստ գործող Սահմանադրության (հոդված 5, կետ 7)՝ ՀՀ նախագահն «իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը»: Այսինքն՝ որպես ընդհանուր ղեկավար՝ նրան է վերապահված արտաքին քաղաքականության ուղենշումը, բայց ոչ իրագործումը: Որպես գործադիր իշխանության մասի՝ երկրի արտաքին հարաբերությունների գերատեսչությանն է վերապահված արտաքին քաղաքականության կենսագործումը: Ընդ որում, ԱԳՆ պարտավոր է հավատարմորեն առաջնորդվել «ընդհանուր ղեկավարման» ուղենիշներով և համապատասխան քայլերը կատարել միմիայն տրված հանձնարարականների շրջանակում: ԱԳՆ պաշտոնյան իրավունք չունի նախագահի հանձնարարականից շեղվել և բանակցել նաև այլ հարցերի շուրջ, առավել ևս՝ երկրի անունից ստանձնել լրացուցիչ պարտավորություններ:
Ի՞նչ ունենք ներկայումս մենք: Երկրի նախագահը բազմիցս հրապարակայնորեն՝ որպես արտաքին քաղաքական գերակա ուղենիշ, առանձնանշել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Արտգործնախարարը նույնպես հրապարակայնորեն քանիցս կրկնել է նախագահի հանձնարարությունը՝ շեշտելով հանձնարարականի «առանց նախապայմանների» հիմնական բնութագրիչը: Ավելին, և՛ նախագահը, և՛ արտգործնախարարը քանիցս հստակեցրել են, որ ներկա փուլում կարգավորումը, ըստ էության, պիտի ունենա 2 դրսևորում. ա) Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում; բ) Հայաստան-Թուրքիա, ըստ իս այսպես կոչված, սահմանի բացում:
Առաջին կետի շուրջ հարցեր չկան: Բնական է, մենք Թուրքիայից ստանալիք ունենք, հետևաբար, պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, որ բանակցենք մեր ստանալիքի կամ համարժեք հատուցման շուրջ: Երկրորդ կետի շուրջ որոշ հարցեր կան, սակայն, խորքի մեջ, էական առարկություններ չկան. կբացենք սահմանը, կտեսնենք, որ մեր սպասելիքները չեն արդարանում և կհիասթափվենք: Խնդիր չեմ տեսնում, մենք վարժվել ենք հիասթափվելուն:
Հիմա հպանցիկ անդրադառնանք ներկայացված զույգ արձանագրություններին և տեսնենք, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում նախագահի՝ առանց նախապայմանների դրույթը պարունակող հանձնարարականին: Ես դեռ առաջիկայում առիթ կունենամ անդրադառնալու նշյալ փաստաթղթերին և պարբերություն առ պարբերություն բացահայտելու դրանց մեջ առկա ավելի քան մեկ տասնյակ անկապ պարտավորությունները: Անկապ, քանզի դրանք բնավ կապ չունեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և, այսպես կոչված, սահմանի բացման հետ:
Առայժմ անդրադառնամ ընդամենը մի կետի, որի առկայությունն արդեն վկայություն է հանձնարարականը անտեսելու և բավարար է ողջ փաստաթուղթը խոտանելու: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրության 5-րդ կետը բառացիորեն ասում է հետևյալը. «Հաստատելով միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը»:[1]
Մի կողմ թողնելով ընդհանրապես նման օրինական պայմանագրերի առկայության հարցը՝ առայժմ բավարարվեմ շեշտելով, որ վերոհիշյալ պարբերությունը նախապայմանից էլ այն կողմ է: Սա Հայաստանի Հանրապետության անսակարկ ու անվերապահ պարտավորություն է: Այսինքն՝ կողմերը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորել են «գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչմամբ»:
Ակնհայտ է, որ բանակցողները գործել են ultra vires, այսինքն՝ ակնհայտորեն գերազանցել են իրենց լիազորությունները և ոտնահարել են նախագահի հանձնարարականը: Բանակցողները մտել են մի դաշտ, որն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է:
Ո՞րն է ելքը: Հայաստանը պիտի չստորագրի ներկայացված նախաստորագրված արձանագրությունները այն հիմնավորմամբ, որ դրանք չեն արտացոլում բանակցությունների՝ ի սկզբանե հայտարարված նպատակն ու բուն էությունը: Հայաստանի Հանրապետությունը պիտի վերահաստատի առանց նախապայմանների՝ Թուրքիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ընդհանուր սահմանային անցակետերի բացման պատրաստակամությունը և ստորագրման ներկայացնի միմիայն այդ դրույթներն արտացոլող սեղմ փաստաթղթեր:
Հղումներ և ծանոթագրություն
խմբագրել- ↑ Ի դեպ ՀՀ ԱԳՆ կողմից ներկայացված արձանագրությունների հայերեն թարգմանությունները սխալաշատ են և խիստ թերի: Վերոհիշյալ պարբերության ԱԳՆ թարգմանությունը հնչում է այսպես. «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»: Անգլերեն բնագրի տվյալ պարբերությունում չկա վերահաստատելով (reconfirming) բառը: Այդ պարբերությունը սկսում է confirming (հաստատելով) բառով: Անվիճելի է, որ հաստատելը և վերահաստատելը իրավական տարբեր նշանակություններ ունեն: Անգլերենի նույն պարբերության մեջ բացակայում է ընդհանուր սահման (common border) հասկացությունը: Այն խոսում է պարզապես գոյություն ունեցող սահմանի (existing border) մասին: Երբ սահմանը բնութագրում ենք որպես ընդհանուր սահման, ապա դրանով իսկ տվյալ սահմանին տալիս ենք որոշակի օրինականության և կայացվածության երանգ:
10 սեպտեմբերի, 2009թ.