Արմանք, Զարմանք, Տարակուսանք

Արմանք, զարմանք, տարակուսանք
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք երկրորդ, Երևան, 2019, էջ 184-185։

Արմանք, զարմանք, տարակուսանք

Իրական զվարճապատումներ


Զարմացած-հիացած

Հեռուստալրագրող էի, աշխատում էի Արցախի հանրային հեռուստաընկերությունում և գյուղական կյանքի ու գյուղատնտեսության վերաբերյալ հաղորդումներով պարբերաբար հանդես էի գալիս հեռուստաեթերում։
Սամվել որդիս, որ դեռ չորս տարեկան էր, միշտ զարմանում էր, թե ինչպես եմ մտնում հեռուստացույցի մեջ։ Մի անգամ ասացի.
— Տղաս, ուզո՞ւմ ես՝ դու էլ մտնես հեռուստացույցի մեջ։
— Հա՜,- զարմացած-հիացած բացականչեց Սամվելը։
Ես նրան տարա հեռուստատեսություն ու կանգնեցրի տեսախցիկի առաջ։ Իսկ երբ օպերատոր Սամվել Սայիյանը միացրեց մոնիտորն ու տեսախցիկը՝ փոքրիկն անմիջապես տեսավ իրեն մոնիտորի էկրանին։ Նրա զարմանքն ու հիացմունքը միախառնվել էին...

12.07.2014, Ստեփանակերտ


Արմանք

Հնգամյա Սամվելը թերթում է «Արցախ» հանդեսի հերթական համարը։
Փորձում եմ բացատրել նրան, թե որտեղ եմ աշխատում ես.
— Գիտե՞ս, տղաս, ես, այ, այդտեղ եմ աշխատում,- ասում ու հանդեսն եմ մատնացույց անում։
— Հա՞,- զարմանում է փոքրիկը,- պապ, բա ո՞նց ես մտնում թղթի մեջ...


Զարմանք

— Այ տղա, որտե՞ղ ես,- զանգում է ընկերը։
— Սևանում եմ։
— Յա՜, չեմ ասում է՝ ինչ ես անում, ասում եմ՝ որտե՞ղ ես,- ջղայնացած՝ երկրորդում է հարցը։
— Սևանում եմ է՜, Սևանում եմ, հանգստանում եմ։


Տարակուսանք

— Յա՜, ի՜նչ մարդիկ են՝ կարմիր ավտոբուսի վրա գրել են «Սպիտակ»։


Մի տարակուսանք ևս

Մեկը մեղրով լի բանկայի վրա «Պանիր» մակագրությամբ թուղթ էր կպցրել։ Երբ հարցրել են, թե ինչու է այդպես վարվել՝ առանց հապաղելու պատասխանել է. — Որ ճանճերը չմոտենան... — Բայց ճանճերն, արդյո՞ք, հայերեն կարդալ գիտեն,- տարակուսանքով իրար են նայել մարդիկ։


«Հնարամիտը»

— Տխուր եմ, Անի,- ասաց մայրիկը։
— Ինչո՞ւ ես տխուր, մամ,- չհամբերեց երկու ու կես տարեկան Անին։
— Քեռուդ բանակ են տարել։
— Մամ, դե իր հերթն էր՝ տարան էլի, ինչի՞ ես տխրում:
...Որոշ ժամանակ անց։
— Տխուր եմ, մամ։
...Լռություն։
— Մամ, չես հարցնելո՞ւ՝ ինչու եմ տխուր...

30.06.2014, Ստեփանակերտ


Արդյո՞ք հայերեն կարդալ գիտեն

Մեկը մեղրով լի բանկայի վրա «Պանիր» գրությամբ թուղթ էր կպցրել։
Երբ հարցրել են, թե ինչու է այդպես վարվել՝ առանց հապաղելու պատասխանել է.
— Որ ճանճերը չմոտենան...
— Բայց ճանճերն, արդյո՞ք, հայերեն կարդալ գիտեն,- տարակուսանքով իրար են նայել մարդիկ։


Խիստ հրահանգ

1993 թվականի ամռանն էր։ Արցախ աշխարհում բուռն պատերազմ էր, իսկ ես շարունակում էի ավագ խմբագրի աշխատանքս «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրությունում։
Մի օր էլ որոշեցի թողնել համեմատաբար խաղաղ ապրելակերպս ու կապվել բանակային կյանքին, բայց առայժմ՝ մասնագիտական կարողություների օգտագործումով։
Դիմեցի դեռևս մի քանի ամիս առաջ հիմնադրված բանակային «Մարտիկ» թերթի համակարգող-հրատարակչին՝ որպես զինվորական լրագրող ծառայության մտնելու խնդրանքով։
Սա երդվեց, որ ազատ հաստիք չունի, խոստացավ, որ հնարավորության դեպքում անպայման իմաց կանի։
Իմ հեռանալուց անմիջապես հետո համակարգողն իր մոտ կանչեց թերթի խմբագրին և խիստ հրահանգեց.
— Այդ երիտասարդը, որ նոր մոտս էր՝ դաշնակ է, եթե հանկարծ թղթակցություն-բան բերի՝ թերթում տպագրելու նպատակով, չվերցնես, հասկացա՞ր...


Ծառայության նոր վայրում

1995-ի հուլիսի 1-ին Կենտրոնական պաշտպանական շրջանից տեղափոխվեցի «Մարտիկ» թերթի խմբագրություն՝ զինծառայությունս շարունակելու որպես զինվորական լրագրող, բայց տեղափոխման հրամանը զորամաս հասավ յոթ օր ուշացումով։ Նույն օրն էլ՝ հուլիսի 7-ին, զինվորական հետագա ծառայության վայր ներկայացա։
Թերթի գլխավոր խմբագիրն ասաց.
— Յոթ օր ուշ ես ներկայացել զորամաս։ Ֆինբաժնի պետին պիտի կարգադրեմ, որ յոթ օրվա աշխատավարձդ պահի։


Աստիճանազրկում

Ծառայության նոր վայրում, հենց առաջին օրը, «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիրը նայելով ավագ լեյտենանտի ուսադիրներիս՝ ասաց.
— Գիտե՞ք, պարոն ավագ լեյտենանտ, ձեզ պիտի աստիճանազրկենք մեկ «աստղով», որովհետև հիմա լեյտենանտի° հաստիք եք զբաղեցնում։
Պետք է խոստովանեմ, որ գլխավոր խմբագիրն, իրո°ք, հասավ իր նպատակին, թեև դրա համար 8 ամիս 17 օր պահանջվեց։ Արդյունքում՝ ես ոչ թե միայն մեկ «աստղով» աստիճանազրկվեցի, ինչպես նախապես «խոստացել էր» գլխավոր խմբագիրը, այլ՝ լրիվությամբ «աստղաթափ» եղա։


Նոր գլխավոր խմբագիրը

Նոր գլխավոր խմբագիր նշանակվեց։ ՊԲ կադրերի բաժնից հրահանգեցին՝ լուսանկարվել անձնական գործի համար։ Բայց քանի որ սպայական կոչում առայժմ չուներ՝ չգիտեր ինչ կոչումով լուսանկարվել։ Նոր նշանակված սպային սովորաբար լեյտենանտի կոչում է շնորհվում, բայց քանի որ ինքն առավել փնտրված կադր էր և բավականին տարիքով, որոշեց, որ իրեն առնվազն կապիտանի (վատագույն դեպքում՝ ավագ լեյտենանտի) սպայական կոչում կշնորհվի, ուստի, կանչեց խմբագրության ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանին և հրահանգեց լուսանկարել նախ՝ կապիտանի, ապա՝ ավագ լեյտենանտի ուսադիրներով։
— Աշոտ, գուցե լեյտենանտի ուսադիրներով է՞լ լուսանկարես, կարող է՝ հանկարծ լեյտենանտի կոչում տան,- կասկածեց գլխավոր խմբագիրը։
Կասկածանքն արդարացավ՝ լեյենանտի՛ կոչում շնորհվեց։


Հերթապահը

Այցելում ենք զորամաս։
— «Մարտիկ» թերթից ենք,- ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանն ու ես ներկայանում ենք Հսկիչ-անցագրային կետում՝ զորամասի տարածք մտնելու թույլտվություն ստանալու համար։
Հերթապահ զինծառայողը կապվում է վերադասի հետ.
— Մարտիկի տղաներից եկել են, ի՞նչ անեմ, բաց թողնե՞մ...


Անվան առեղծված

Այցելում ենք զորամաս, զրուցում զինվորների ու սպաների հետ։
Ներկայանում է հերթական սպան.
— Օր Դավոյան՝ դասակի հրամանատար։
— Օ՞ր,- զարմանում ենք ես ու ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանը։
— Ճիշտ այդպես,- հաստատում է սպան։
...Նյութը պատրաստ էր տպագրության, իսկ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիրը դեռ տատանվում էր՝ սպայի անունը լրիվությամբ գրե՞լ, թե՞...
Ի վերջո՝ որոշում է անունը 50 տոկոսով կրճատել և արդյունքում (տպագրված նյութում) Օր Դավոյանը դառնում է... Օ. Դավոյան։


Մարտիկը՝ «Մարտիկին

Զանգում եմ Նորոգման-վերականգնողական առանձին բազայի հրամանատար, փոխգնդապետ Մարտիկ Հայրապետյանին. — «Մարտիկ» թերթից են անհանգստացնում Ձեզ,- ասում եմ։
— Մարտիկը լսում է «Մարտիկին», ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- անմիջապես հետևում է պատասխանը։


Մամուլի քարտուղար էի...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մամուլի քարտուղար էի։ Պետս պահանջում էր ամեն օր, վաղ առավոտյան, թարմ տեղեկատվություն տրամադրել, ինչի համար ժամերով պետք է համացանցում մնայի, բոլոր ծանոթ-անծանոթ կայքերը տնտղեի, օրվա թերթերն աչքի անցկացնեի և, որ ամենակարևորն է, տեղական հեռուստաընկերության լուրերը բաց չթողնեի։
— Առաջինը դո՛ւ պիտի նայես ու մեզ տեղյակ պահես, թե մեր մասին ինչ լրատվություն է եթեր հեռարձակվում, մամուլի՛ քարտուղար,- կիսահեգնախառն շպրտեց նա։
— Բայց, ախր, աշխատանքի բերումով երեկոյան ժամը ութի հիմնական թողարկմանն էլ չեմ հասցնում տանը լինել։
— Հիմա ի՞նչ ես առաջարկում, քո առանձնասենյակում էլ պիտի հեռուստացույց տեղադրե՞մ, հա՞...

17.05.2011, Ստեփանակերտ


Ոչ մի բանաստեղծություն

— Աշխատանքային ժամերին՝ ոչ մի բանաստեղծություն, լսեցի՞ր,- խիստ հրահանգեց պետս,- գրել միայն աշխատանքից հետո։ Առաջին և վերջին անգամ եմ զգուշացնում։

28.06.2011, Ստեփանակերտ


Նամակ զինվորին

Մայրն իր զինվոր որդուն նամակ է գրում, ծրարում ու ծրարի վրա գրում հասցեն՝ «Քաղաք Ղարաբաղ, Մոսուն պոլկը, Արմեն Վարդանյանին»։
Եվ, պատկերացնո՞ւմ եք, նամակը... տեղ է հասնում։

Զինվորներին չեն ծեծում

Շարքային Հայկ Ղուկասյանը հարազատներին շուտ-շուտ է նամակներ գրում։
Իսկ բոլորովին վերջերս նամակներից մեկում գրել էր. «Մայրիկ ջան, սուտ է, որ ասում են, թե իբր Հայոց բանակում սպաներն ամեն օր ծեծում են զինվորներին։ Ինձ, օրինակ, այսօր չեն ծեծել»։


Տհաճ հոտ

Վաշտի ավագը մտնում է զորանոց։
Հերթապահը ներկայանում է։
— Այս ի՞նչ տհաճ հոտ է,- հարցնում է հերթապահին։
— Պարոն ավագ, մինչև ձեր գալը ոչ մի հոտ էլ չկար,- փորձում է արդարանալ հերթապահը։


«Դժգոհը»

Շարքային Արթուր Մկրտչյանը սկզբում դժգոհ էր.
— Չեմ ուզում մնալ բանակում,- ասում էր։
Իսկ հիմա, երբ արդեն լիովին հարմարվել է ու մոտենում է զորացրման ժամանակը՝ էլի դժգոհում է.
— Չեմ ուզում տուն գնալ,- ասում է,- տանն ո՞վ է ինձ առավոտյան ժամը 6-ին վերկացնելու, կամ էլ՝ երգելով ճաշելու տանելու։


«ՀԲ»

Զինվորներից մեկին հանձնարարվեց վերծանել ՀԲ հապավումը.
— «Հայկական Բանակ»,- իսկույն վրա բերեց նա։
— Ի՞նչ՝ «Հարիֆցրին Բերին»,- արձագանքեց մյուսը։
Հին տղաներից մեկը, որ ներկա էր զրույցին՝ չդիմացավ գայթակղությանն ու.
— Չէ, չէ, ի՞նչ եք ասում։ ՀԲ՝ այսինքն՝ «Հասնենք Բաքու»։
— ՀԲ՞՝ «Հավայի Բան»,- վերջակետեց չորրորդը։


Աշխատանքային առաջին օրը

Նորավարտ լրագրողուհին աշխատանքի է ընդունվում հանրապետության շրջանային թերթերից մեկի խմբագրությունում։
Ներկայացնում է դիմումն ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Կադրերի հաշվառման անհատական քարտը լրացնելիս, երբ հասնում է «Սոցիալական դրություն» տողին, հանկարծ դիմում է երիտասարդ խմբագրին.
— Հիմա ի՞նչ գրեմ այս տողում, գրեմ՝ կո՞ւյս։


Ձկների՜ն խրատեք...

Մի մարդ կարթով ձուկ էր որսում, երբ հանկարծ գետափին հայտնվում է բնության պաշտպանության լիազորը։
— Քաղաքացի,- դիմում է նա ձկնորսին,- Դուք մեղադրվում եք որսագողության մեջ։
— Ինչպե՞ս թե,- փորձում է «արդարանալ» որսագողը,- ես իմ կարթերը միայն լողացնում եմ գետում, իսկ Դուք Ձեր ձկներին խրատեք, թող չմոտենան...

1979


Անմիջապես ազատիր...

Խմբագիրը դիմում է կադրերի գծով աշխատողին.
— Մեզ մոտ կարո՞ղ ես գտնել ամենագործունյա, հմտավարժ ու համարձակ (նաև՝ երիտասարդ) այն լրագրողին, ով ամենայն հավանականությամբ կկարողանա փոխարինել ինձ։
— Կփորձեմ գտնել։
— Հենց որ նման մեկին հայտնաբերես՝ անմիջապես մի այնպիսի պատրվակ գտիր, որ կարողանանք ազատվել նրանից։


Հայոց լեզվի դասին

Ուսուցչուհին դիմում է դասարանին.
— Երեխանե՛ր, ո՞վ կարող է ասել՝ բայը քանի՞ եղանակ ունի։
— Բայը ունի հինգ եղանակ,- անմիջապես պատասխանում է առաջին նստարանի աշակերտը։
— Որո՞նք են,- դիմում է կողքի նստածին,- կարո՞ղ ես թվարկել։
— Ինչո՞ւ չէ,- ասում է աշակերտն ու արագ-արագ վրա բերում,- գարուն, ամառ, աշուն, ձմեռ։
— Բա հիգերո՞րդը որն է,- զարմանում է ուսուցչուհին։
— Մե՛ր եղանակը,- մեղավոր-անմեղ ժպտում է աշակերտուհին, իսկ ուսուցչուհին հիշում է սևակյան բանաստեղծության հայտնի տողերը։


Անդավաճան… սեր

Գլխավոր խմբագիրը դիմում է հաշվապահին.
— Հենց որ գործերից թեթևանաս՝ կանցնես ինձ մոտ,- ու մտնում է իր առանձնասենյակը։
Անցնում է որոշ ժամանակ, իսկ հաշվապահը չի երևում։ Ստիպված նորից է գալիս հիշեցնելու։
— Դեռ ջահել ես,- հանդիմանում է,- բայց հիշողությունդ արդեն դավաճանում է քեզ։
— Եկա՛, եկա՛,- շտապում է հաշվապահը։ - Յա՜, կարծում է, թե դավաճանել եմ, է՞՜,- գլխավոր խմբագրի անհետանալուց հետո ավելացնում է նա։

1991


Երկխոսություն

— Ամսագիրը տարար՝ ճամպրուկը բերիր։ Իսկ եթե ճամպրուկը տանես՝ ի՞նչ ես բերելու։
— Ոսկի։
— Ավելի լա՞վ չէ՝ Վոլսկի բերես, թե չէ՝ էս պոլյանիչկոները մեզ կերան...

1991


Նոր համալիր

Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ կոլտնտեսության ֆերմայի վարիչը հպարտությամբ հայտարարում է. — Մենք արդեն տեղափոխվել ենք կաթնամթերքային նոր համալիր՝ հարյուր գլխի համար։ — Իսկ դուք բոլորդ միասին հարյուր գլուխ կա՞ք,- չի համբերում հեռուստադիտողը։


«Չծխողը»

— Այսուհետև չեմ ծխի։ — Չեմ հավատում։ — Արի գրազ գանք։ — Ինչի՞ վրա։ — Մի տուփ «Սալյուտի»...


Պարտքով փող

— Խնդրում եմ պարտքով հինգ ռուբլի տաք։
— Ներեցեք, բայց ես ձեզ չեմ ճանաչում։
— Դրա համար էլ հենց ձեզ եմ դիմում, որովհետև ճանաչողներն այլևս պարտքով փող չեն տալիս ինձ։

1978


«Անհյուրընկալ» գյուղում

Սեյտիշենցիների մասին պատմում են, թե իբր Սեյտիշեն (Խաչեն) գյուղի մոտով անցնող ճանապարհով դեպի վեր գնացող ուշացած ճամփորդներին սեյտիշենցիները հորդորում են շարունակել ճանապարհը՝ քանի դեռ լրիվ չի մթնել, «օր կա, յեր հնցե» ասելով։ Դա նաև հուշում է այդ գյուղի բնակիչների, այսպես ասած, անհյուրընկալ լինելու մասին։ Բայց, այնուամենայնիվ, ես մի գիշեր հյուրընկալվեցի այդ գյուղում, որովհետև գյուղամերձ ճանապարհով ոչ թե բարձրանում, այլ... իջնում էի...

11.09.2011, Ստեփանակերտ


«Չափսը»

Լսեցի՝ 27-90-27, ու... չհավատացի։
— Ո՞նց, բայց կարծեմ՝ նախկինում ընդունելի չափսը 90-60-90 էր, թե՞ սա էլ հղի կնոջ չափս է։ Ուրիշ բան է՝ եթե գոնե 60-90-60 ասեիր։
Պարզվեց՝ իր բջջայինի համարն էր ասել։


Բարևին՝ ի պատասխան

Մտնում ես «Ղարաբաղ-Տելեկոմի» սպասարկման ցանկացած սրահ և քո առաջին իսկ արտաբերած բառին՝ բարևին, ի պատասխան՝ լսում ես. «Խնդրեմ՝ Ձեր անձնագիրը»։ Եվ որ կարևոր է՝ շա՜տ քաղաքավարի ձևով։


«Միշտ հասանելի»

Ասում են՝ ամենանորաոճը լավ մոռացված հինն է։
«ՂՏ»-ի կյանքից լավ մոռացված մի դրվագ էր այն, որ մի ժամանակ ընկերության բոլոր կին ու աղջիկ աշխատողներին ինչ-որ մարտի 8-ի (թե ապրիլի 7-ի՝ կարևոր չէ) հովանոցներ էին նվիրել՝ «Միշտ հասանելի» գրությամբ։
Պարզ է՝ այդ հովանոցները մեր քաղաքում քիչ երևացին։ Բայց՝ երևացի՜ն։
Ու մնացին հիշողության մեջ։


«ՂՏ»-ի առանձնահատկությունը

«Ղարաբաղ-Տելեկոմի» վարչակազմը սովորություն ունի տոն օրերի կապակցությամբ շնորհավորել իր բաժանորդներին։ Բացառություն չեն նաև մարտի 8-ն ու ապրիլի 7-ը։
Մի առանձնահատկություն «ՂՏ»-ն, այնուամենայնիվ, ունի, շնորհավորում է բոլո°ր բաժանորդներին անխտիր՝ թե° տղամարդ, թե° կին։

07.10.2017, Ստեփանակերտ


Յուրօրինակ քվեարկություն

— Գիտե՞ս, թեև չես ընտրվել, բայց, որպես հարևան, ես քո օգտին եմ տվել իմ ձայնը։
— Է՜, բոլորն են այդպես ասում, բայց ոչ մի ձայն էլ չեմ ստացել։
— Վա՜յ, ի՞նչ մարդ է՝ չի հավատում է՜։ Ահա, խնդրեմ,- ասում ու գրպանից հանում է քվեաթերթիկն ու մեկնում համայնքի ավագանու անդամի թեկնածու հարևանին։


Նախընտրական «արկած»

Երկու ընկերուհի կատակախառն զրույցներով իջնում են Ազատամարտիկների պողոտայով։ (Օր-օրի գեղեցկացող Ստեփանակերտն ավելի է պճնավորված երևում Տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական այս օրերին)։ Աղջիկներից մեկը հանկարծ շրջվում է դեպի մայթեզրի հերթական նախընտրական-քարոզչական պաստառն ու վանկարկելով կարդում.
— Սա-քո քա-ղաքն է։
— Ի՞նչ, ի՞նչ Սաքո, աղջի,- ջղագրգռված հարցնում է ընկերուհին։- Ո՞վ է այդ Սաքոն, խոստովանիր, նոր սիրեկանդ է, հա՞։
— Ի՞նչ սիրեկան, ի՞նչ ես ասում,- անմեղ ժպիտը կախվում է աղջկա դեմքից,- ցուցապաստառի վրա կարդացի, ահա, դու էլ կարդա։

27.08.2019, Ստեփանակերտ «Արցախի կոմունիստ», 2019 թ., No 9 (235), էջ 4