Արշալույսները
Ծաղկում են բարձր լեռների վրա,
Եվ լեռնահայաց երկինքը մեկեն
Դառնում փիրուզյա,
Գտնում է իրեն
Մոլորությունից հետո գիշերվա։
Արշալույսները
Լեռների սրտում նշխար առ նշխար
Արարվում են այն տխուր պահերին,
Երբ մեզ թվում է՝
Լեռներն ուր-որ է կուլ պիտի գնան
Գիշերվա թանձր արհավիրքներին։
Արշալույսները
Կապույտից էլ պարզ
Ձեր ժպիտներն են,
Արեւագալի սարսուռներ հագած,
Սիրավոր լեռներ,
Ու զարդարում են ոչ թե միայն ձեր,
Այլ նաեւ դեմքը բացվող աշխարհի։