Անիից էի վերադառնում և անցնում էի հայկական մի գյուղի միջով։

Գիշերը սաստիկ անձրև էր եկել. այնքա՛ն սաստիկ, որ շատ պատեր ու խրճիթներ փլցրել էր։ Փողոցներից հեղեղներ էին վազում քչքչալով։

Երկինքը միաձույլ կապարագույն ամպերով ծածկված էր. դեռ էլի մեկ֊մեկ անձրևում էր։

Լույսը նոր էր բացվել։ Կանչում էին մի քանի ուշ մնացած աքաղաղներ, ղողանջում էին եկեղեցու զանգակները։ Խրճիթների երդիկներից սկսել էին ծխի սյունակները խիստ ծանրությամբ բարձրանալ և տարածվել տանիքների վրա։

Ձիուս սանձը քաշեցի. և ռ՛չ իսկ արագ քայլել էր հնարավոր․ փողոցներում առվակներ էին գոյացել։

Գյուղի վերջին խրճիթին էի հասել, երբ նրա դուռը ճռնչաց, գոմի ներսում կովի բառաչը լսվեց, մի քանի մանուկների ճիչեր ականջիս հասան և առաջս դուրս եկավ մի ալեզարդ ծերունի, բահն ուսին։

Մի վայրկյան ինձ նայեց, հետո պատերի տակով անցք փնտրեց քայլելու։

Քիչ հետո գյուղից դուրս էինք եկել։ Ես էլ նրա քայլերով սկսեցի գնալ։

Դեմուդեմ, ալիքաձև բարձրանալով, մինչև մշուշալից հորիզոնն էր տարածվում սև լեռնաշղթան։ Նրա կուտակված տարածությունը վերևից թաքնվում էր մառախուղի մեջ և ցածի կողմից ճղփում թացությունով։ Ձյուն էլ, թվում էր, որ կար, բայց շա՜տ հեռու. ամպի սպիտակ շերտեր լինեին կարծես։ Թանձր, սևագույն֊սպիտակախառն մշուշը ծանրացել էր նաև ձորերի և հովիտների, լեռների և բլուրների շուրջը։ Տեղ֊տեղ ցանցաձև, երկնքից գետին իջնող շեշտակի գծերը ցույց էին տալիս, որ խիստ անձրև էր տեղում զանազան կողմերում։ Երևում էր, որ ամպերը դեռ շատ ջուր ունեին և այդ գծերը պիտի քայլեին։ Մշուշի քուլաները թավալվում էին բլրակներն ի վար, քարշ գալիս, ցրվում դեպի դաշտերը… և արոտների կանաչ խոտերը, արտերի ցորենի հասկերը կռացրել էին գլուխները՝ կաթիլների ծանրության տակ։

Ծերունին սկսել էր ավելի հանդարտ քայլել։ Նրա հնամաշ տրեխներից ջուրը հոսում էր գուլպաների մեջ, ոտը թրջում։ Խոնավությունը թափանցում էր բաց կուրծքը և վերարկվի վրա մշուշից կաթիլներ էին դիզվում։

Անցնելով, մի առ մի դիտում էի երկու կողքի արտերը։ Շատերի միայն մի քանի ակոսներն էին ավրվել և մեջտեղում լճակներ գոյացել։

Մի քանիսները լիովին ողողվել էին։ Ջրի հոսանքները արմատախիլ էին արել, քշել տարել ցորենի դալար ծիլերը և հավաքել ակոսների մեջ։ Ցեխ էր գոյացել ամեն մի փոքր շավիղի վրա. ամեն մի փոսի մեջ պղտոր կարմրագույն ջուր էր կիտվել և շատ հասկեր լողում էին նրանց երեսների վրա, որպես խեղդվածներ։

― Վա՛խ, վա՛խ,― արեց ծերունին։

Ու առաջ գնաց։

Բայց վնասն ընդհանրապես շատ էլ մեծ չէր երևում։ Հողը դիմացել էր. երևում էին բոլորովին չփչացած արտեր անգամ. ծիլերը դիմացել էին և այժմ զվարթությամբ ցցել էին սկսում իրենց գլուխները. միայն թե կային այնպիսիները, որոնք ոտաբոբիկ էին դարձել ― արմատը մերկացրել։ Ջուրն էր այդպես շինել նրանց։

― Է՛հ. փառք աստծո,― խոսեց ծերունին՝ տեսնելով դրանք,― շատ էլ վնաս չի եղել։

― Քո արտն էլ այդպես կլինի, ծերուկ,― սրտապնդեցի նրան։

Անխոս՝ գլուխն երերցուց։ Կասկածում էր. հայացքը միշտ դեպի հեռուներն էին։ Այդպես քայլելով մենք հեռացանք գյուղից և հետո ծռվեցինք դեպի լեռները։

Ծռվելիս՝ ծերունին մի րոպե կանգ առավ և աշխատեց հեռվից նշմարել իր արտի դրությունը։

― Ո՞րն է արտդ։

― Այն բարձրինը։

Ինչ֊որ ջրի հեղեղատներ էին հոսում այնտեղ, ջրակույտներ փայլփլում։ Միգուցե այդ ջրերը նրա արտի միջովն են անցել, ամեն ինչ սրբել, տարել։

Ծերունին գունատվեց։

― Տունս քանդվել է…― մրմնջաց նա։

― Մի՞թե վնասվել է։

― Չգիտեմ դեռ,― ասաց նա խեղդված ձայնով,― գուցե աչքերս չեն տեսնում… ծերացել եմ…

Առաջ գնացինք։ Մոտենում էինք։ Քայլելն ավելի դժվարանում էր. վերևից գրեթե ցեխի հեղեղ էր, որ իջնում էր ցած, խառն՝ ծիլերով, ցողուններով…

Ծերունին հևում էր. շունչը կտրվել էր։ Քիչ էլ քայլեցինք։ Է՜լ կանաչ չէր երևում, է՛լ ոչինչ. ցեխի հեղեղ և ջուր էր, որ տեսնում էինք. ավերիչ, ապականիչ հեղեղ…

Մի քանի քայլ անելուց հետո կանգ առավ ծերունին և բահը ուսից ցած թողեց։

Իր արտի կողքին էր։ Թշվառ արտ…

Վերևից, փոսերի մեջ գոյացած ջրերը պատռել էին իրենց թումբերը, ուժգնությամբ ցած հոսել և գրեթե սրբել էին արտը։ Տեղ֊տեղ օազիսների պես մնացել, իրենց մերկ արմատներն էին ցույց տալիս՝ ցորենի ծիլի կղզյակներ։ Երկար, կանաչ երկար շերտեր միմյանց վրա, արմատախիլ, ջարդված, հոգեվարք, սահել էին ամեն ուղղությամբ և թաթախվել ցեխով։ Ոմանք մինչև վիզը խրվել, ուրիշները հազիվ էին երևում։

Հողն ամբողջ կանաչել էր նրանց դիակներով…

Եվ անձրևը տեղում էր, տեղում ու իր խոշոր կաթիլներով ճղփացնում լճացած ջրերը։

Ընկավ բահը ծերունու ձեռքից. աչքերը մթնեցին, ծնկները կթոտեց, և նա տեղնուտեղը, իր ընտանիքին կերակրող ցորենի դիակների կողքին նստեց ու գլուխը ձեռքերի մեջ ծածկեց…

Ձիս քշեցի և հեռացա։ Մխիթարական ո՛չ մի խոսք ասելու սիրտը չունեցա։

Եվ երբ հեռվից ետ նայեցի, տեսա թշվառ ծերունուն միշտ նույն դիրքի մեջ, նստած իր ավերած արտի կողքին, գլուխը ձեռքերին և ալեզարդ մազերը տեղացող անձրևի տակ…