Արտուտը իր ձագերով ու երկրագործը

Պարապ վախտի խաղալիք (Արտուտը իր ձագերով ու երկրագործը)
ԱՐՏՈՒՏԸ[1] ԻՐ ՁԱԳԵՐՈՎԸ ՈՒ ԵՐԿՐԱԳՈՐԾԸ

Առակ է ասած։— Ընկերիդ խոսքին
Հավատա՛, էլի պինդ կա՛ց քո բանին։
Շատ դրուստ խոսք է― օրհնվի բերանն,
Որ էս ասել ա՝ բաս լսե՛նք առակն։
    Գարունքն որ բացվեց, օրերն քաղցրացան,
    Սար ու ձոր ծաղկեց, դաշտք ու անդաստան
    Իրանց զարդարանքն հաքան, զուգվեցան։
    Ծաղիկ, հոտ ու հով ամեն տեղ առան։
    Ամենն էլ ուրախ ձեն ձենի տվին,
    Արջը մերումը, ձուկն ծովի տակին,
    Ղշերն հանդերումն, սարերի գլխին
    Իրանց արևի վրա խնդացին։
Չգիտեմ՝ կամո՞վ էր, թե հենց զոռով.
Մեկ արտուտ թռչուն քեֆին նայելով.
Թռչում էր, գնում, ման գալիս սիրուն,
Էլ չէ՛ր մտածում, թ՚եկել էր գարուն։
Քիչ էլ որ մնար, պետք էր անց կենար։
Վերջը նրա էլ բնությունը քաշեց,
Սիրտը ուզեց, որ որդոց մեր դառնար,
Ձագերն եդևին քցեր ու ման գար։
    Ղշին ի՞նչ պետք էր շատ մեծ թադարեք,
    Ո՛չ տուն կուզի նա, ո՛չ մեծ թանթանեք։
    Բուն դրեց հարդումն, ձու ածեց, նստեց։
Մեկ քանի օրից հետո ճուտ հանեց։
Ցորենը հասավ, հնձի վախտն էկավ,
Բայց ձագերի դեռ օրը չհասավ,
Որ թռչին, գնան, ուտելիք ճարեն,
Մորն էին նայում, կուտ բերի, ուտեն։
Մեկ օր էլ որ մերն բնիցն հեռացավ,
Խրատ տվեց նրանց, ու էնպես թռավ։
«Մնա՛ք բարով՝ ասեց՝ իմ ազիզ որդիք,
Կացե՛ք դուք էստեղ, նաբաթ ա՝ մարդիկ
Թե գալու ըլին, որ հարդը հնձեն,
Իմացե՛ք՝ նրանք ինչ խոսին, ասեն։
Ու ինձ ասեցե՛ք, ուրիշ տեղ ճարեմ,
Հմիկ գնում եմ, որ պաշար բերեմ»։
    Հենց նա դուրս գնաց, հարդի տերն էկավ,
    Ցորենին մտիկ արեց ու որդուն ասավ։
    «Հարդը հասել ա, դու էլ ես տեսնում:
    Հասկի ճիթը կախ մեր ցորենի միջումն։
    Էլ վախտ չի կորցնես, էքուց կգաս,
    Մեր բարեկամներին իմացում կտաս,
    Որ գան մեր հանդը մեզ քոմակ անեն»։―
Հենց խեղճ ձագերը իմացան էս ձենն,
Լվլվացին ու անսաս վշվշացին։
Ա՜խ՝ ո՞ւր ես մեր մեր, ի՞նչ տեղ՝ ասեցին.
Արի՛, դու հասի՛ր, ա՜խ՝ մեր հավարին»։―
    «Ի՞նչ ա պատահել», մերը հարցրեց։
    «Ի՞նչ պետք է ըլի, հանդի տերն ասեց,
    Բարեկամներին որդին գնա, կանչի,
    Որ էքուց հարդը հնձվի, պրծնի»։―
    «Էլ ոչինչ չասե՞ց», մերը հարցրեց։―
    Էստուր համար դուք հեչ դարդ մի՛ անեք։
    Թող լիսը բացվի, հետո իմացե՛ք։
    Էս ձեր կերակուրն, կերե՛ք, կշտացե՛ք,
    Որդիք ու պարկինք։ Դուք հաց կերել չէք»։―
Ինչպես որ էլավ, նրանք կտկտացրին,
Գլուխ գլխի տված՝ մոր թևի տակին
Կուչ էկան ու շուտ աչքը խփեցին։
Օրը լուսացավ, բարեկամ չէկավ,
Ղուշն էլի պաշար բերելու թռավ։
Ու խեղճ երկրագործն էլ իր հանդն էկավ։
Ժաժեց գլուխն, որդուն էլ ասավ։
    «Հեռու բարեկամն, մոտիկ ազգականն
    Ի՞նչպես մեկ կըլին՝ որդի՛ սիրեկան։
    Աստծու անունը տո՛ւր, էքուց գնա՛,
    Հորախպորդ ու մեր խնամուն ասա՛»։―
Ղլվլոցն ընկավ մեր ձագերի մեջ.
Էլի իրանց մորն ձեն տվին՝ որ հենց
Էն սհաթին եդ գա, իրանց ճար անի։
«Ա՜խ՝ մեր ազիզ մե՛ր՝ արի, ա՜խ՝ արի՛։
Ազգականներին որդին գնաց բերի»։
    Հեչ ձեն մի հանե՛ք», մերն պատասխանեց։
    «Մի էլ վախենաք ամենևին հեչ։
    Աստված հիշեցե՛ք ու էստեղ կացեք.
    Թո՛ղ օրը բացվի, հետո դուք տեսե՛ք,
    Ազգականն էլ իր դարդը կունենա։
    Մուխաննաթ մարդի մհանեն շատ ա։
Երրորդ անգամը տերն իր հանդն էկավ։
«Ամա՜ օյին են գալիս մեզ», ասավ։
Շա՛տ բարի՝ էս թող մեզ խրատ ըլի,
Որ ումուդ չանենք էլ ուրիշի խոսքի։
Ու մեր սրտումը լավ տպավորենք։
Որ մարդիս ախպերն, բարեկամն ինքն ա,
Գնա՛ սիրելի՝ մորդ ու քվորդ ասա՛,
Որ մանգաղն առնին, էքուց հանդը գան,
«Վա՜յ նրանց՝ որ այլոց ապով կմնան»։―
    Արտուտն որ լսեց, ձագերին կանչեց։
    «Հիմիկ վախտն էկավ, որ գնանք», ասեց։
    Ձագերն էլ իսկույն մոտ էլան գլխին,
    Առաջին անգամն թևերը բացին
    Ու մոր եդևիցն ինչպես որ էլավ,
    Հանդիցն դուս էկան, քիչ քիչ բարձրացան
    Ու թռռալով, ու ճռվղալով
    Ու ծվլալով, ու ճթճթալով
    Ծվալով, գվալով
    Արտի վրովը գնացին, անց կացան,
    Հասան ամպի տակն, աչքից հեռացան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արտուտ ղշին աշխարհաբար չոբանխաբուկ են ասում։ Ծտի նման, բայց գլխին մեկ սուր քաքուլ ունի, ու հետ ածելիս՝ փոքր թռչում ա, էլ եդ վեր գալիս, նստում։ Բունը միշտ հարդի միջումն ա դնում։