Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ կյանքն առանց ընդմիջման շարունակվել է հետագա բոլոր ժամանակաշրջաններում:

Արցախցի հայը ի վերուստ ամենազոր Արարչի տված անաղարտ ձիրքով ու շռայլ տաղանդով դարերին է կտակել ամենապարզ քարե գործիքներից մինչև մարդկային քաղաքակրթության Պառնասին հասնող գոհարներ՝ Ամարաս ու Գանձասար։

Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայի կերտած այդ հրաշքները օտարների աչքում միշտ փուշ են եղել։ Պատահական չէ, որ մեր տաճարներն ու վանքերը, խաչքարերն ու մագաղաթները ավերի ու ավարի են ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից:

Չբավարարվելով դրանով՝ խորհրդային տարիներին ադրբեջանցի «պատմաբանները», կեղծելով և եղծելով իրողությունը, ամեն կերպ փորձել են և այսօր էլ մի առանձնակի եռանդով շարունակում են սեփականացնել Հայոց Արևելից նահանգների պատմական ժառանգությունը։

Դարերի ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով հայրենի եզերքի հետ կապված հուշն ու պատմությունը։

Այս չընդհատվող շղթան ներկայացնող մի մասնիկն էլ սույն գիրքն է, որը պատմելու և ընթերցողին ներկայացնելու է արցախահայության հինգհազարամյա կենսագրությունը։ Մեծ Հայքի ընդհանուր ճակատագրի հետ մեկտեղ Հայոց Արևելից նահանգները՝ Արցախն ու Ուտիքը, ունեն նաև ինքնատիպ պատ­մություն ու զարգացման առանձնահատկություններ։ Պատահական չէ, որ Արցախի պատմությանն զուգընթաց, շարադրվել են ինքնության և ինքնուրույնության համար Ուտիքի հայության մաքառումները։

Ուժն է ծնում իրավունքը։ Այս անարդար, բայց իրատես բանաձևված «ճշմարտությունը» երկրագնդի ժողովուրդների բոլոր ժամանակների ուղեկիցն է եղել։ Եվ առավել շատ ճակատագիրը բացակայում է վերաբերվել նրանց նկատմամբ, ովքեր ավելի վաղ են ընկալել այս իրողությունը։

Արցախահայությունը, ճիշտ ընկալելով այս ճշմարտությունը, իր պատմական երկարատև կենսափորձի վրա հենվելով, կե­նաց ու մահու պայքար է մղել արտաքին ու ներքին բոլոր թշնամիների դեմ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Բայց դա արցախահայության իղձերի վերջնական սահմանը չէ։ Այ­սօր նա կցանկանար քարտեզի վրա ԼՂՀ-ն տեսնել Միացյալ անկախ Հայաստանի մի մաս։

Այսօր էլ արդիական է մեծ արցախեցու՝ Դավիթ Անանունի հայտնի խոսքերը. «Ղարաբաղը ամբողջական Հայաստանից դուրս՝ դա խոց է…։ Եթե Ադրրեջանում խելքը գլխին քաղաքագետներ լինեն՝ նրանք ամենից առաջ պիտի հրաժարվեին Ղարաբաղից։ Եթե Հայաստանում հայրենիքի հավաքման համոզված գործիչներ կան՝ նրանք օրն ի բուն պիտի խորհեն Ղարաբաղի մասին։ Ղարաբաղը՝ Հայաստանին»1։

Հայոց Արևելից նահանգների պատմության ուսումնասիրությունը պատմագիտության արդի խնդիրներից է և կոչված է օգնելու նրա շուրջ ծագած ներկայիս հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը։

Չհավակնելով Արցախի բազմադարյան պատմության մանրամասները շարադրել լիովին՝ մենք փորձել ենք հրապարակի վրա ե­ղած սկզբնաղբյուրների և գիտական աշխատությունների հիման վրա ուրվագծել դրախտային այս աշխարհի հին ու նոր կենսագրության առավել հանգուցային դրվագները։
ԱՐՑԱԽԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ

Ամեն մի ժողովրդի ճակատագրի վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա հայրենիքի պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայ ժողովրդի համար բնապատմական այդ միջավայրը Հայկական լեռնաշխարհն է, որտեղ անհիշելի ժամանակներից առ այսօր ստեղծվել են մարդկային առաջավոր քաղաքակրթության մակարդակի վրա գտնվող մշակութային գոհարներ։

Հայկական բարձրավանդակի ոչ միայն նահանգները, այլ նաև համարյա բոլոր բնակավայրերից յուրաքանչյուրը հարևաններից բաժանված է բնական պատվարներով և, ըստ էության, կազմում է ոչ միայն վարչական առանձին միավոր, այլև բնակլիմայական ինքնուրույն ու ինքնատիպ մի ամբողջություն։ Ասես մարդկային ցեղի ծնունդով, ամենազոր արարչի կամոք Մեծ Հայքին, մասնավորապես Արցախ աշխարհին, բաժին է հասել աշխարհագրական դրախտային մի միջավայր, ուր գոյություն ունեն բոլոր պայմանները բարեկեցիկ ու հարուստ կյանքի համար՝ նախապես իմանալով, որ ճակատագիրը հային ավանդել է ողբերգական ու դրամատիկ դրվագներով հարուստ պատմություն։

Դրախտային այդ հողին աչք տնկած հարևան մեծ ու փոքր բռնակալ տերություններով շրջափակված հային պատվար մնաց նրա ծննդոց բնաշխարհը՝ տալով նրան ամեն կենսականը, ինչ հատուկ էր հող հայրենիին։

Բնաշխարհագրական նման գողտրիկ անկյունում է գտնվում Արցախը, ուր վաղնջական ժամանակներից հայ մարդը արարել ու իր ժառանգներին է կտակել հայրենի անդաստանը։ Արցախը իրենից ներկայացնում է սառած լավայից կազմված մեծ ու փոքր սարահարթերի, լեռնային գոգահովիտների և կիրճերի մի ամբողջ համակարգ՝ բաժանված ներքին լեռնաշղթաներով։ Բարձրաբերձ լեռնագագաթների կողքին այստեղ կարելի է տեսնել ցածրավայրեր՝ բերքառատ այգիներ ու հողահանդակներ։

Արցախը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնոտ տարածքը, Մեծ Հայքի ծայր արևելյան հատվածի մի մասը։ Նրա սահմաններն արևմուտքում հասնում են մինչև Սևանա լճի արևելյան ափերը, հարավ-արևմուտքում՝ Աղավնո (Հագարի), հարավում՝ Երախս (Արաքս) գետերը, արևելքում՝ խորանում Մուխանքի դաշտաբերանում, իսկ հյուսիսից՝ եզրագծվում Դարաբաղյան լեռնաշղթայով։

Արցախն ունի խիստ կտրտված լեռնային մակերևույթ։ Նրա տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1100 մետր։

Արցախը Հայկական լեռնաշխարհի մյուս նահանգների նման նույնպես բնութագրվում է սեյսմիկությամբ։ Մեծ տեղ են գրավում հրաբխային ապարները, իսկ գետահովտային մասում՝ նաև նստվածքային ապարները։ Հրաբխային գործունեության հետևանքով երկրամասի մակերեսը մեծ մասամբ ալիքավոր սարավանդների բնույթ է ստացել։ Այդ լեռնադաշտերը խախտվում են այստեղ-այնտեղ վեր խոյացող կամ պակաս նշանավոր գմբեթաձև գագաթներով։

ԼԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԸ ԵՎ ԼԵՌՆԵՐԸ։ Հյուսիսից՝ Թարթառ գետի վերին հոսանքից մինչև Արաքս գետի հովիտը՝ Արցախի հարավային սահմանագիծը, ձգվում է Ղարաբաղի լեռնաշղթան։ Հյուսիսային հատվածում այն միանում է Փոքր Կովկասի լեռների հետ։ Այս լեռնաշղթայի բարձր գագաթներն են համարվում Մեծ Քիրսը (2725մ), Քառասուն աղջիկը (2828մ) և Դիզափայտը կամ Շաղախը (2480մ)։ Արցախի հյուսիսային մասում՝ արևմուտքից-արևելք, ձգվում է Մռավի լեռնաշղթան, որը Ղարաբաղի լեռնաշղթայից բաժանված է Թարթառ գետի հովտով։ Այս լեռնաշղթայի վրա են Արցախի ամենաբարձր լեռնագագաթները՝ Գյամիշը (3724մ) և Մռավը (3419մ)։ Սրա ճյուղավորությունն է կազմում դեպի հյուսիս-արևելք ձգվող Եզնասար լեռնապարը։

Սևանա լիճը հյուսիս-արևելքից եզերող Քաշաթաղ և Սոդք լեռնաշղթաների միացման վայրում բարձրանում է Ռմբասար գագաթը (3373մ)։ Հայտնի են նաև Սպիտակ քար (3300մ), Իծաքար (3125մ) գագաթները։

Լեռնաշղթաների նմանօրինակ դասավորությունը երկրամասին բերդի տեսք է տալիս։ Իրավացի է Արցախ աշխարհի զավակ, մեծ պատմաբան Լեոն. «Պատմությունը մեզ շատ փաստերով ցույց է տալիս, որ նվաճող ազգերի ահավոր հորձանքները գալիս ընդհարվում էին Ղարաբաղի լեռնաստանին, փշրվում էին ու ետ դառնում։ …Առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը հյուսիսային և արևելյան տափաստաններից։ Բացի դրանից, մենք տեղեկություններ ունենք, որ երբ Արարատյան երկիրը հարձակման էր ենթարկվում արևմուտքից և հարավից (օր. օսմանցիների կողմից), նրա բնակիչները պաշտպանություն էին գտնում, թողնելով իրենց գյուղերն ու տեղափոխվելով Ղարաբաղի լեռնային ամուր տեղերը։ Այնպես որ Ղարաբաղը ոչ միայն իր սահմաններին մոտիկ գտնվող տեղերի, այլև Հայաստանի նույնիսկ հեռավոր կողմերի համար էլ պահապան միջնաբերդի դեր էր կատարում։ Դժբախտության մատնված հայ մարդը գիտեր, որ վերջին ապաստան կարող է գտնել Ղարաբաղի թանձրախիտ անտառների մեջ»2։

Պատահական չէ, որ վաղ միջնադարյան հայ պատմիչները Արցախը անվանում էին Արցախամուր աշխարհ4։ Գեղատեսիլ և անտառածածկ են Արցախի լեռները։ Նրանց բարձրադիր մասերը հիմնականում ծածկված են երփներանգ ծաղիկներով՝ պարուրված խոտային բուսականությամբ։

ԳԵՏԵՐՆ ՈՒ ԳԵՏԱԿՆԵՐԸ։ Արցախի լեռնաշղթաներն ու լեռները կտրտված տեսք ունեն և իրարից բաժանվում են անդնդախոր ձորերով ու հովիտներով, որոնք, իրենց գիրկն առած հարյուրավոր գետեր ու գետակներ, լեռնաշխարհին անզուգական ու անկրկնելի հմայք են տալիս։ Արցախի գետերն ու գետակները արագահոս, բայց ջրառատ չեն, հատկապես ամռան ամիսներին խիստ սակավաջուր են դառնում։ Սնման աղբյուրներ են հալուցքային ու անձրևային ջրերը, իսկ հիմնականում՝ լեռնային վճիտ աղբյուրները։ Արցախի ընդհանուր մակերևույթը արևմուտքից արևելք թեք ուղղություն ունի։ Այդ պատճառով նրա բոլոր գետերը հոսում են արևմուտքից–արևելք ուղղությամբ՝ դառնալով Կուր և Արաքս գետերը սնուցող աղբյուրներ։

Արցախի գետերի ջրերը օգտագործվում են ոռոգման համար։ Սակայն Բաքվի խորամանկ քաղաքականության շնորհիվ այն հիմնականում բաժին էր հասնում դաշտավայրում գտնվող ադրբեջանաբնակ գյուղերին։ Երկրամասի գետերն ունեն նաև էներգետիկ նշանակություն։ Արցախի գետերի ջրերում կան բազմատեսակ քաղցրահամ ձկներ ևս։

Ամենամեծ գետն է Թարթառը (Տրտու)։ Այն սկիզբ է առնում Սևանի արևելյան ափերի լեռնապարների ու Ղարաբաղի լեռնաշղթայի ջրագոյացումներից և, անցնելով Մարտակերտի, Թարթառի և Բարդայի շրջաններով, թափվում է Կուր գետը։ Գետի երկարությունը 200կմ է։ Այս գետի վրա կառուցվել են Սարսանգի և Մադաղիսի հիդրոէլեկտրակայանները։ Թարթառի խոշոր վտակը Թրղի գետակն է։

Իր մեծությամբ երկրորդը Խաչեն գետն է։ Այն, սկիզբ առնելով Ղարաբաղի լեռնաշղթայի Կարմրասար լեռնազանգվածից, հոսում է Մարտակերտի շրջանի տարածքով։ Երկարությունը 119 կմ է։

Մարտակերտի և Շահումյանի շրջանների սահմանագծով հոսում է Կուր գետի ավազանին պատկանող Ինջա գետը։ Համեմատաբար խոշոր գետ է Կարկառը։ Այն սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայից և հոսում է Շուշի քաղաքի մոտով՝ անդնդախոր կիրճով։ Ստեփանակերտի մոտ Կարկառին է միանում Քարին տակ գետը, իսկ Ասկերան քաղաքին չհասած՝ Բալլուջա և Բադարա վտակները։ Գետի երկարությունը 115 կմ է։

Նահանգի հարավային մասով հոսում են Խոնաշեն, Վարանդա, Ամարաս, Մեղրագետ, Իշխանագետ, Իգակ գետերն ու գետակները, որոնք համեմատաբար սակավաջուր են, իսկ ծայր հյուսիսային եզրագծով հոսում է Քուրակ գետը։

ԳԵՏԱՀՈՎԻՏՆԵՐՆ ՈՒ ԴԱՇՏԵՐԸ։ Արցախի կտրտված լեռնային մակերևույթը իր մեջ ներառում է հարուստ հողաշերտով գեղատեսիլ գետահովիտներ և ընդարձակ ու արգավանդ դաշտեր։ Դրանցից հատկապես նշանավոր են Արաքս, Իշխանագետ, Վարանդա, Խոնաշեն, Կարկառ, Խաչեն, Կավարտ, Թարթառ, Ինջա, Քուրակ գետերի հովիտները, որոնք անբավ հարստություն են պարգևում երկրամասի հայությանը։

Հայոց Արևելից գավառների՝ Արցախի և Ուտիքի բնապատմական հիմնական շրջաններից կարևորագույնը Մուխանք դաշտն է։ Նրա կլիման հնարավորություն է տալիս մշակել չոր մերձարևադարձային շրջանների կուլտուրաներ։ Մուխանքի դաշտը երկրամասի առավել արգավանդ մասն է և բոլոր դարաշրջաններում հայտնի է եղել իր հացառատությամբ։ Այնտեղ մշակվել են բազմապիսի գյուղատնտեսական կուլտուրաներ։ Մուխանքի բացառիկ բերրիության վրա ուշադրություն են դարձրել միջնադարյան հայ պատմիչները։ «Բերրի ու արգավանդ է …, լի ամենայն բարիքներով, ջրով, փայ­տով, մրգով ու որսով»։ Հայտնի է ավանդական ասացվածքը Մու­խանքի բարեբերության մասին. ասում էին՝ պարտադիր չէ, որ այս տեղ ցանես, հնձել կարող ես միշտ4։

Պակաս արգավանդ չեն նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների արևելյան ցածրադիր մասերը։

ԿԼԻՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ։ Արցախի կլիման պայմանավորված է նրա դիրքով և բարդ ռելիեֆով։ Կլիմայական պայմանները հիմնականում մեղմ ու չափավոր են։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10°C: Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ միջին ջերմաստիճանը -1C°, ամենատաքը՝ հուլիս-օգոստոսը, միջին ջերմաստիճանը +21°C:

Արցախի դաշտային հատվածներում հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև ու մեղմ է, ամառը՝ տևական, շոգ, չոր, արևոտ եղանակների գերակշռությամբ։ Աշունը մեղմ ու տևական է։ Գարնան և ամռան ամիսներին հատկապես հաճախակի են ուժեղ ամպրոպները։ Ամռան սկզբներին հաճախակի են կարկտահարությունն ու սելավները, մանավանդ դա նկատելի է լեռնային հատվածներում։ Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան տատանվում է 220-900 մմ-ի սահմաններում։ Երբեմն ցուրտ օրերին անձրևի փոխարեն մանրագնդիկ կարկուտ է տեղում, որին ժողովուրդը բանջարբսուկ է անվանում։ Գարնանը և մանավանդ աշնանը հարթություններում ու նրանց շարունակու­թյունը կազմող դաշտաբերանային հովիտներում պարզկա երեկո­ներին երբեմն հաջորդում են մառախլապատ գիշերները։ Արևի ջերմության ու քամու ազդեցության տակ մառախուղը հորձանք է տալիս դեպի լեռները, բայց ընդհանրապես չի հասնում մեծ բարձրու­թյունների ու ցրվում է իր ընթացքում և անհետանում։ Տարվա տար­բեր եղանակներին, տաք և սառը հոսանքների գոյության պայմաններում, երկրամասի տարածքում նկատելի է տարբեր ուժգնության քամիների առկայությունը։ Հաճախ գարնան ամիսներին մեղմ քամիների հոսանքին փոխարինում են ուժեղ քամիները, որոնց հետևանքով պոկվում են նույնիսկ տների տանիքներ կամ առանձին թիթեղներ:

Արցախի հողերի տեսակները պայմանավորված են երկրամասի գոտիականությամբ և ենթարկվում են ուղղահայաց գոտիականության օրինաչափությանը։ Չնայած լեռնային հողագոյացման տարաբնույթ պայմանները նպաստում են հողային ծածկույթի բարդ կառուցվածքի և տրոհվածության ուժեղ արտահայտվածությանը, այնուհանդերձ, լեռնաստորոտներից դեպի լեռնագագաթները հաջորդաբար փոխվում են լանդշաֆտային պայմանները և դրանց համապատասխան հողերի ծագումնաբանական տիպերը։

Ցածրադիր վայրերում հողերը կիսաանապատային, անապատատափաստանային, գորշ, բաց և մուգ շագանակագույն են։ Նախալեռնային և լեռնային վայրերում զգալի տարածություններ են գրավում լեռնային սևահողերը, իսկ անտառային վայրերում՝ մուգ դարչնագույն, պոդզոլային հողատեսակները։ Գետահովտային ցածրադիր մասերում բավական հզոր շերտերով զգալի տարածու­թյուն են կազմում այլուվիալ հողերը, որոնք բնութագրվում են բարձր բերքատվությամբ։ Լեռնային գոտիների արևկող լանջերի վրա հիմնական տիպերին միջանկյալ պատահում են սակավաջուր, կմախ­քային հողատեսակներ։


ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ։ Արցախը անհնարին է պատկերաց­նել առանց նրա կուսական անտառների։ Երկրամասի լեռնային պայմաններում անտառի դերը շատ մեծ է։ Այն կլիմայի անփոխարինելի կարգավորիչ է, զգալի չափով բարձրացնում է օդի հարաբերական խոնավությունը, տարվա ընթացքում կարգավորում մթնո­լորտային տեղումների քանակը, մեղմացնում շոգը, ձմեռային ցուրտը, քամիների կործանիչ ուժը, բարերար ներգործություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության վրա։

Արցախի անտառները հիմնականում խառը տնկարքներ են։ Այստեղ խառը ձևով աճում է հաճարենին, կաղնին, բոխին, թխկին, թեղին, լորենին, հացին, կեչին, ճապկին։ Անտառներում սովորաբար հանդիպում ենք հոնի, խնձորենու, թզենու, տանձենու, ընկուզենու, սալորենու, շլորի, զկեռի, տխլենու կղզյակների։

Գետահովիտների երկարությամբ տարածված են ուռենիները։ Շատ են նաև մոշի և մասրենու թփերը։ Վայրի ծառատեսակների ու թփերի պտուղները հին ժամանակներից մինչև այսօր թարմ կամ չո­րացված ձևով օգտագործվում են որպես սննդամթերք, համեմունք և դեղամիջոց։ Մարդու անարդյունավետ տնտեսավարման հետևանքով անտառի անսպառ բերքի մեծ մասը հիմնականում փչանում է։

Անտառներում առատորեն աճում են սոխի համ ունեցող խազազ կոչվող բուսատեսակը, սունկը, բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսեր՝ մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ, նունուֆար, անթառամ և այլն։

Անտառները կազմում են Արցախի տարածքի 34-35 տոկոսը5: Առավել անտառաշատ են Մարտակերտի և Հադրութի շրջանները։

Արցախը աչքի է ընկնում բուսական համայնապատկերների ու բուսատեսակների արտակարգ բազմազանությամբ։ Այստեղ առատ են մշակովի բույսերի վայրի ազգակիցները՝ ցորեն, աշորա, գարի, վարսակ, ոլոռ, սոխ, ճակնդեղ, զանազան հատապտուղներ, կորի­զավոր, ընդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ։

Երկրամասի տարածքում միմյանց են հաջորդում տափաստաններն ու անտառները, մարգագետնատափաստանները։ Ամենա­ցածր դիրք ունեն կիսաանապատներն ու տափաստանները (300-800մ), ամենաբարձր՝ մերձալպյան, ալպյան մարգագետինները, բարձրախոտերը, քարաժայռային բուսականությունը (1300-2300մ), իսկ 2300 մետրից բարձր տարածված են տունդրային յուրահատուկ բուսատեսակները։ Մարտունու և Մարտակերտի շրջանների արևել­յան ցածրադիր մասերում գտնվող գրեթե չոր, անջրդի հողատարածությունները ծածկված են անապատային և կիսաանապատային բուսականությամբ։ Այստեղ զգալի տոկոս են կազմում ուղտափուշը, կապարը, ոզնախոտը, երնջակը, տերեփուկը։ Այդ տարածքներում տիրապետող բույսը հոտավետ օշինդրն է։ Կիսաանապատային բուսականությունը վաղ գարնանը բավականին թարմ տեսք ունի։ Ծաղկում են էֆեմերները՝ առնասպարը, ճռճռուկը, եղջրագլխիկը, ճարճատուկը, կակաչը, սագասոխուկը, աստղաշուշանը։ Այդ տարածքը օգտագործվում է որպես ձմեռային արոտավայր։ Իսկ մարդու կողմից՝ որպես ուտեստ, օգտագործվում են սիբեխը, թրթնջուկը, կապարը, եղինջը, խատուտիկը, դանդուռը, որպես դեղաբույս՝ կուսածաղիկը, անթառամը, առյուծագը, լոշտակը, հազարտերևուկը, սրոհունդը։

Արցախի տափաստանները հիմնականում ծածկված են տափաստանային գուղձավոր և պնդաթուփ խոտաբույսերով։ Այստեղ տարածված են ավելուկը, եղինջը, ծնեբեկը, թրթնջուկը, կնձմնձուկը, ճռճռուկը, խնջլոզը, փիփերտը, շրիշը, իշակաթնուկը և այլն։

Տափաստանային բուսական ծածկույթը, մյուս տիպերի համե­մատ, ավելի շատ է տուժել մարդկանց կողմից։ Ամեն տարի յուրաց­վել է մի քանի տասնյակ հեկտար խոպան, տափաստան, որի հետևանքով ռեգրեսիվ փոփոխման է ենթարկվել բուսական ծածկը։ Լեռնային տափաստանները տնտեսական խոշոր նշանակություն ունեն։ Նրանց զգալի մասը օգտագործվում են որպես խոտհարքներ և արոտավայրեր, վիտամինների ու դեղանյութերի հավաքման շտեմարան։ Արցախի տափաստանային բուսածածկույթի բնորոշ տի­պերից են չորասեր նոսր անտառները։ Սաղարթավոր նոսր անտառ­ներում ցածրաբուն, լուսասեր ծառերի ու թփերի՝ ցաքու, ասպիրակի, փռշնու, ցախակեռասների, հասմիկի, մահալեբյան բալենու, խնկե­նու, նռնենու, մասրենու, դրախտածառի հարևանությամբ աճում են փետրախոտեր, շյուղախոտեր, աղեղախոտեր։ Ամենուրեք տարած­ված են ուրցի երկու տեսակները, որոնց հոգեպարար բույրով պարուրվում է ողջ շրջապատը։ Անտառամերձ մարգագետիններում աճում են հացազգի և լոբազգի բազմաթիվ բույսեր։ Գարնան վերջե­րին սագասոխին, մկանասոխին, աստղաշուշանին, ձնծաղիկին փո­խարինելու են գալիս հրանուկը, անմոռուկը, որոնց դեղին և երկնակապտավուն գույնի հետ մեծ խայտաբղետություն են առաջացնում ոջլադեղի, վարդակակաչի, երեքնուկների և կակաչների ծաղիկները։ Արցախի տարբեր հանդամասերում կարելի է հանդիպել տատասկի, դաշտավլուկի, հրանուկի, գայլաթաթի, անմոռուկի։ Գետեզ­րերին տեսանելի է ճանճախոտը, մակարդախոտը, ջրկոտեմը, մացառաեղեգը, շերեփուկախոտը, ջրոսպը, ջրահարսը, տարատեսակ ջրիմուռները։ Վերոհիշյալ բույսերին ամենուր ընկերակցում են մոտ 100 տեսակի մամուռներ։ Արցախի բարեխառն կլիման հարմարավետ պայմաններ է ստեղծում խաղողի որթի և շահթթենու լիարժեք աճման համար։ Պատահական չէ, որ դարեր շարունակ հողագործ արցախցին մշակել է այդ երկու կուլտուրաները։ Ընդհանրապես երկրամասի տարածքի մի մասը ունի մերձարևադարձային կլիմայական պայմաններ, որտեղ լավ են աճում թուզը, նուռը, նուշը, արքայանարինջը։


ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ։ Արցախի կլիմայական ու բուսական ծածկին համապատասխան գոյություն ունի բազմատեսակ կենդանական աշխարհ:

Կիսաանապատային և տափաստանային գոտում տարածված են զանազան մորեխազգիներ, որոնց որոշ տեսակները իսկական չարիք են հողագործի համար։ Կիսաանապատներում և ժայռերում ապրում են կարիճների, մողեսների և օձերի որոշ տեսակներ։ Սո­ղուններից կարելի է մատնանշել դաշտային իժը և գյուրզան։ Այգի­ներում և արտերում ապրում են դաշտամկները, ավազամկները, ճագարամկները, որոնք, արագ զարգանալով, դառնում են լուրջ վնասատուներ։ Շատ հարուստ է բզեզների և թիթեռների ֆաունան։ Կաթնասուններից նշված գոտում մշտապես ապրում են նապատակը, աղվեսը, վարազը, ջեյրանը, մի քանի տեսակ չղջիկներ, ոզ­նին, գայլը։ Թռչուններից հանդիպում են աքարներ, փոքրիկ ար­տույտներ, սրակտուցներ, դաշտային կաքավ, լորեր։ Գիշատիչ թռչուններից տարածված են ուրուները, գառնանգղները։ Երկնակամարում մերթընդմերթ տեսանելի է արծիվների սլացիկ թռիչքը։

Անտառաբնակ թռչուններից կարելի է մատնանշել փայտփորը, աղավնին, երաշտահավը, լորոս-ճուռակը, դեղնածաղիկը, մոշահավը, սարյակը, ծիծեռնակը, բուն, կաչաղակը, չարդը։ Անտառներում հանդիպում են նապաստակներ, աղվեսներ, ոզնիներ, կովկասյան աքիսներ, երբեմն էլ եղնիկ, արջ ու անտառային կատու։

Գետերում ապրում են լեռնային գետերին և անուշահամ բարձ­րադիր լճերին հատուկ ձկներ։ Մարդու անհոգի վերաբերմունքի հետևանքով ձկների որոշ տեսակներ անհետացել են։ Բոլոր լճակներում և գետերում տարածված են գորտը, լորտուն և կրիան։ Եղեգնապատ վայրերում հանդիպում է կարմիր բադը։ Աղբյուրներին, գետակներին, լճակներին հատուկ են ջրային որդերը, ճպուռները։ Կանգնած ջրավազաններում ապրում են մոծակների մի քանի տեսակներ։

ԲՆԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Խորհրդային տարիներին երկրամասի բարձիթող պայմաններում Արցախը երկրաբանական հետախուզական առումով համարյա թե չի ուսումնասիրվել։

Մետաղային հանքային հանածոներից Արցախում հնուց հայտնի են բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, իսլանդական շպաթի հանքավայրեր։ Արցախի տարածքը հարուստ է ոչ մետաղային հանքատեսակներով։

Մասնավորապես հարուստ է քարի տարբեր տեսակների հանքավայրերով։ Եթե դարեր շարունակ քարաշատ Հայոց աշխարհը մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար երբեմն ավելորդ դժվարություններ էր ստեղծում, ապա այսօր՝ գիտության և տեխնիկայի հարաճուն վերելքի պայմաններում, քարը ազգային հարստության անհուն-անսպառ աղբյուր է։ Այն ոչ միայն տաճար ու խոյակ է, այլ նաև վերամշակված ձևով մանրաթել, զարդ ու կենցաղային իր է։

Մարմարի հանքավայրեր կան Ասկերանի շրջանի Հարավ, Քարագլուխ, Խրամորթ, Մարտունու շրջանի Նորշեն և Ճարտար գյու­ղերի, Շուշի քաղաքի, Հադրութի մոտակայքում։ Հայտնի են տարբեր գույների գրանիտների հանքավայրերը Մարտունու շրջանի Ննգի, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղերի մերձակայքում։

Արցախը հարուստ է սև և սպիտակ բազալտի պաշարներով։ Արցախի քարհանքերից հիշատակության արժանի են Մարտակերտի շրջանի Վանք, Մարտունու շրջանի Գիշի գյուղերի վարդագույն և Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մուգ կաթնագույն տուֆի հանքերը։ Մարտունու և Մարտակերտի շրջաններում կան կրաքարի անսպառ պաշարներ։

Արցախում հայտնաբերվել են հանքային ջրերի պաշարներ։ Հնուց ի վեր հայտնի է Քարվաճառի շրջանի ջերմաջուրը կամ «բաղինք արքունականը»՝ Թարթառի ձախ ափին։ Այն վաղ միջնադարից եղել է Հայոց Արևելից կողմանց թագավորների և բանակի ամառային հանգստավայրը։

ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ։ 7-րդ դարի հայկական աշխար­հագրական երկի՝ Ա.Շիրակացու «Աշխարհացոյցի» համաձայն՝ Արցախը Մեծ Հայքի տասերորդ նահանգն է և ունի 12 գավառ։ Այդ գավառներն են՝ 1.Մյուս Հաբանդ, 2.Վայկունիք, 3.Բերդաձոր, 4.Մեծիրանք, 5.Մեծկուանք, 6.Հարճլանք, 7.Մուխանք, 8.Պիանք, 9.Պարսկանք, 10.Քուստի, 11.Փառնես, 12.Կողթ6։

Մյուս Հաբանդ-ընդգրկում է ավելի քան 2200կմ² տարածություն7։ «Գավառն, որ ընկած է Ղարուչայի ձախ և Կարկառ գետակի աջ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի գագաթնագծի և դաշտաբերանի մեջ»։ Փաստորեն Մյուս Հաբանդի մեջ ներառվում են ներկայիս Մարտունու և մասսամբ էլ Հադրութի ու Ասկերանի շրջանների տարածքները։

Վայկունիք- տարածված էր Թարթառ գետի վերին ավազանում՝ այժմյան Քարվաճառի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն կազմում է մոտ 800 կմ² տարածություն9։

Հարճլանք - գտնվում է Շուշի-Գորիս ճանապարհի և Հագարի գետի միջև։ Ներկայիս Լաչինի շրջանի զգալի մասը մտնում էր վե­րոհիշյալ գավառի կազմի մեջ։

Բերդաձոր - փռված է Ջերմուկի փեշերից մինչև Հագարիի ձախակողմյան ամենամեծ Ջինգինակապ վտակը՝ կազմելով ներկայիս Շուշիի, Լաչինի, Կուբաթլիի շրջանների մի փոքր մասը։ Այս սահմանների մեջ Բերդաձորի տարածքը կազմում է մոտ 450 կմ²10։

Պարսկանք – հիմնականում զբաղեցնում է Արաքսի առափնյա շրջանները։ Գավառը հարավից սահմանակից է Արաքսին, արևել­քից՝ Պիանք գավառին, հյուսիսից՝ Մյուս Հաբանդին, հյուսիսարևմտյան կողմից՝ Բերդաձորին։ Նշված սահմանների մեջ գավառի տարածքը կազմում է մոտ 2000 կմ²։

Պիանք – ընդգրկում է Արցախի դաշտավայրային հատվածը՝ սահման ունենալով հարավից Արաքս գետը, արևմուտքից՝ Իշխանագետը, հյուսիսային և հյուսիս-արևմտյան կողմերից՝ Մյուս Հաշբանդը, արևելքից՝ Բայլականը։ Տարածքը կազմում է մոտ 800 կմ² 11։

Մուխանք – Պիանքին հաջորդող գավառն է, որը տեղադրվում է Միլի դաշտավայրի մի մասում։ Այն կազմում է 1250 կմ² տարածություն12։

Մեծ Իրանք (Մեծառանք) - զբաղեցնում է Խաչենագետի վերին ավազանը՝ Կարկառ գետից մինչև Թարթառ և Քիրսա սարի փեշե­րից Մարտակերտի դաշտի արևմտյան ծայրը13։ Գավառի տարածքը կազմում է մոտ 1600 կմ²։

Մեծ Կվենք (Մեծ Կողմանք) - տեղադրվում է Թարթառի վտակ Թրղիի և Կուրակ գետակի ավազաններում՝ ընդգրկելով ներկայիս Շահումյանի շրջանը հարակից տարածքներով ու, մանավանդ, Գետաշենի ենթաշրջանը։

Քուստի - ընդգրկել է Ախնջի գետից մինչև Աղստև ընկած տարածքը։ Զբաղեցնում էր մոտ 500կմ² տարածություն։

Փառնես- փռված է Շամքոր գետակի միջին օժանդակի և Գեղամա լեռնաշղթայի գագաթնագծի շարունակության ու Տավուշ գե­տակի հարավ-արևելյան օժանդակի Ախնջիի ափերի և դաշտաբերանի միջև15։ Գավառի տարածքը կազմում է մոտ 700կմ²։ Միջնադարում Քուստի և Փառնես գավառները ընդգրկված էին Փառիսոսի թագավորության կազմում։

Կողթ - գավառը ընդգրկում է Շամքոր և Կուրակ գետակների միջնատարածքը՝ ներառելով այժմյան Դաշքեսանի (Քարհատի) շրջանն ամբողջությամբ, Խանլարի շրջանի մեծ մասը, որը կազմում է 1650կմ² 16։

Արցախ նահանգի ընդգրկած տարածքը այս սահմաններում կազմում է ավելի քան 15500 կիլոմետր² 17։

Այսպիսով, Արցախը բնաաշխարհագրական, վարչա-քաղաքական, տնտեսական և ազգագրական տեսակետներով մի ամբող­ջական տարածություն է կազմում, որտեղ արցախահայությունը հազարամյակներ շարունակ, դիմակայելով չարին, մաքառելով անագորյուն թշնամիների դեմ, համարյա թե անընդմեջ պահպանել է իր ազգային պետականությունն ու ինքնությունը՝ ստեղծելով համամարդկային արժեքներ, մշտապես անխաթար պահելով Հայոց Արևելից դարպասները։
ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Խորհրդային իշխանության տարիներին, Ադրբեջանական տի­րապետության պայմաններում Արցախի տարածքը հայ գիտնականների համար արգելված գոտի է եղել, որի հետևանքով հնագի­տական պատշաճ ուսումնասիրության չի ենթարկվել։ Եվ, այնուհանդերձ, Արցախի տարածքում կատարված մասնակի պեղումնե­րը, որի հետևանքով երևան են հանվել մշակութային կյանքի զանազան բնագավառների ամենատարբեր նյութեր, հնագիտական նույ­նիսկ ոչ բավարար ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդն այստեղ շարունակաբար ապրել է հնագույն ժամանակներից ի վեր։

Այստեղ կարելի է տեսնել քարե դարաշրջանի և հետագա ժամանակաշրջանների բնակավայրերի, բերդերի, առանձին կառույցների ավերակներ ու հետքեր, հողի տակ թաղված զանազան զենքեր, իրեր, զարդեր, գործիքներ։ Նման փաստերը մեզ հուշում են, որ Արցախը հայկական լեռնաշխարհի այն բնակահատվածներից է, որ­ տեղ տեղի է ունեցել նախամարդուց մարդու ձևավորման գործնթացը։

Արցախի տարածքում հայտնաբերվել են բրածո կենդանիներ (գ. Քռասնի), ծովային աստղեր (Աստղաշեն-Դաշբուլաղ), ինչպես նաև փայտի քարացած մնացորդներ։ Ուշագրավ է 1965թ. Հադրութի շրջանի Պետրոսաշեն գյուղից հայտնաբերված արխեոպտերիքսի քարացած գլուխը, որը պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Հադրութի շրջանի Ազոխ գյուղի պալեոլիթյան քարայրից 1968թ. հայտնաբերված նյութերը։ Քարայրում բացվել են 14մ խորությամբ փափկացրած հողի շերտեր, որտեղ հաջորդաբար ներկայացված են քարի դարի մշակույթի բոլոր փուլերը։ Այստեղ հայտնաբերվեցին նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահին պեղածո մարդկանց ոսկորները։ Բացառված չէ, որ այստեղ մարդը հանդես է եկել մինդելյան սառցակալումից առաջ18։

Ազոխում հայտնաբերվել է միջին աշելյան մշակույթին պատկանող պեղածո մարդու ներքին ծնոտ, ինչպես նաև միջագետքյան եղ­ջերուի, դյուսենբերգյան ձիու, ռնգեղջյուրի, մերկանի, բիզոնի ոսկորներ։ Այս գտածոները նման են աշխարհի չորս հնավայրերում՝ Մարոկկոյում, ԳՖՀ-ում, Անգլիայում և Իտալիայում մինչև այժմ հայտնաբերված նյութերին։

Ազոխի և Սատանի դարի գտածոները հնարավորություն են տալիս նշելու Հայաստանում վաղ աշելում մարդու առաջացման մասին։ Դեռ ավելին, ֆրանսիացի հայտնի հնագետ Անրի դը Լյումլեյնի կարծիքով Ազոխից հայտնաբերված բազմազան նյութերը հնարավորություն են տալիս ասելու, որ դրանք «հողագնդի վրա մարդ­կային հնագույն քաղաքակրթության օջախի» ապացույցներ են19։

Ազոխի քարանձավում գտնված նմուշները ժամանակին տեղափոխվել են Բաքու և ներկայացվում են որպես թուրք-ազերիների մշակույթի անբաժանելի մաս։

Արցախի տարածքում կան նաև հնադարյան այլ բնակավայր քարանձավներ, որոնց մի մասը առայսօր չի հետազոտված։ Մաս­նակիորեն կատարված հետախուզական աշխատանքների ժամանակ քարեդարյան շրջանի մարդու գործունեության հետքեր են արձանագրված Թաղլարի, Քարին տակ գյուղերի տարածքում գտնվող Ավանակարան, Ալեքսանա-կարան, Ղուզուն-կարան, Դաշբուլաղ (Քարաղբյուր) գյուղի մոտ գտնվող Սանգյարի-կարան և Ուլուպապ գյուղի անտառում տեղակայված Պախրայի-կարան քարանձավնե­րում։

Թաղլարի քարանձավից հայտնաբերված քարե գործիքները բավականին զուգահեռներ ունեն Իրանական Քրդստանի և Լորիս տանի նույն ժամանակաշրջանի քարայրներից գտնված աշխատանքային գործիքների հետ։

Պետք է ավելացնել, որ Արցախի պալեոլիթյան հուշարձանները բազմաշերտ են:

Արցախի հնավայրերը հարուստ են բրուտանոցներով, գերեզմանաբլուրային, կարասային, քարարկղային, դագաղային (սարկոֆագային) ձևերի թաղումներով ու դամբարանաբլուրներով։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում ուշագրավ հավաքածու են կազմել տարբեր հնավայրերից հայտնաբերված ուլունքները, կացինները, ասեղները, մատանիները, ապարանջանները, նետասլաքները, դաշույնները, կավանոթները, կարասները, թրծած սև գույնի կճուճները, գծանախշերով սափորները, ճենապակյա ափսեները, խաղողի քարացած սերմերը, կորեկի, ցորենի հատիկները։ Դրանք պերճախոս ձևով վկայում են, որ խոր անցյալում այստեղի բնակիչների հիմնական զբաղմունքներից են եղել խաղողագործությունը, դաշտավարությունը, բրուտագործությունը, զինագործությունը և արհեստների այլ ճյուղեր։

Արցախի տարածքում հետախուզական արշավների և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ առավել շատ հայտնաբերվել են բրոնզե և երկաթե դարաշրջաններին վերաբերող վանակատից, քարից, ոսկորից, բրոնզից, երկաթից, կավից և այլ նյութերից պատրաստված զենքերը, զարդարանքները, պերճանքի առարկաները, թռչնակերպ, կենդանակերպ, մարդակերպ արձանիկ­ները, պաշտամունքային փորագիր պատկերների բարդ նախշազարդերով բրոնզե գոտիները, ճարմանդները, դաշույնները, ոսկյա ականջօղերը, որոնք մեծամասամբ պատրաստված են կաղապարելու, դրվագելու և փորագրելու եղանակով։ Զենքատեսակների մեջ առավելապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում քարե գուրզը, հրթիռանման գուրզը՝ հայտնաբերված Քարաղբյուր գյուղի Տանձատափ վայրից, երկճյուղ եղանը՝ ի հայտ բերված Առաջաձորի դամբարաններից, բրոնզից մարտական կացինները, գուրզերը, նի­զակները և դաշույնները, բրոնզաձույլ երկարապոչ նետասլաքները, վանակատից և կայծքարից նետասլաքները, սկյութական տիպի նե­տասլաքները և այլն։ Առաջաձորի և Խոջալլուի դամբարաններից հայտ­նաբերված սպառազինության համար նախատեսված առարկաները հնարավորություն են տալիս վերականգնելու բրոնզեդարյան ծանր հետևազոր ռազմիկների արտաքին տեսքը։ Այսպիսի ռազմիկներից ոմանք «ուղեկցում» էին իրենց զինվորական առաջնորդներին անդրշիրիմյան աշխարհում։ Ղարաբաղի ցեղապետերից մեկի դամբարանում բացի ցեղապետի պճնազարդ աճյունից, հայտնաբերվել են սաղավարտակիր երեք մարտիկների կմախքներ20։

Զարդարանքների, պերճանքի առարկաների, թռչնակերպ ու կենդանակերպ ցուցանմուշներից աչքի են զարնվում Խաչենագետի հովտից, Խոջալլուի դամբարանադաշտից, Արևշատից և Արցախի մյուս հնավայրերից հայտնաբերված եղնիկների պատկերով վզնո­ցը, փորագիր պատկերներով բրոնզաձույլ գոտիները, գավազանի կենդանակերպ գլխիկը, մարդու ձեռքի տեսքով ճարմանդը և բրոնզե ծակոտկեն կախիկները։ Արցախի տարածքում Էմիլ Ռյոսլերի կող­մից հայտնաբերված ագաթե ուլունքը, որի վրա հիշատակված է Ասորեստանի Ադադնիրարի 1-ին (1310 -1280թթ. Ք.ա.) արքայի անու­նը, տեղափոխվել է Պետերբուրգ։

Պրոֆեսոր Խ.Սամուելյանի կարծիքով Ասորական գրությամբ ագաթե ուլունքը Խոջալլու է հասել տեղացի ցեղապետերից մեկի մի­ջոցով, որը ամենայն հավանականությամբ ծառայել է Ասորեստանի բանակում և որպես նվեր ստացել է Ադադնիրարի 1-ինի կողմից21։ Վերոհիշյալ փաստը վկայում է, որ Արցախը Ք.ա. III-II հազարամակներում ներառված է եղել Առաջավոր Ասիայի քաղաքակրթության ոլորտը և սերտ առնչություններ է ունեցել դրա օջախներից մեկի՝ Ասորեստանի հետ։ Հարկ է նաև նշել, որ հայտնաբերված հնագիտական արժեքավոր նյութերի նշանակալից մասը տե­ղափոխվել է Բաքու, Պետերբուրգ, Գերմանիա։

Ակադեմիկոս Բորիս Պիատրովսկու կարծիքով Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված դամբարանների կառուց­վածքի, ինչպես նաև գերեզմանատների ուսումնասիրությունը, նախկինում հայտնաբերված և լավ ուսումնասիրված նմանօրինակ նյութերի հետ համադրումը ցույց է տալիս, որ դրանք իրենց զուգահեռներն ունեն Սևանա լճի ավազանի հուշարձաններում22։ Հնագի­տական գրականության մեջ ընդունված է համադրել Լեռնային Ղարաբաղից, Գետաբեկից, Գանձակից, Սևանա լճի ավազանից, ինչ­պես նաև Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածից ձեռք բերված նյութերը23։ Ասել կուզի, հնագույն ժամանակներից վերոհիշյալ տարածքները հայկական են, հայերի բնօրրանն ու հայրենիքը։


ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՕՋԱԽ

Աշխարհի ժողովուրդների ծագումնաբանության հարցը պատմագիտության ամենախրթին հիմնահարցերից մեկն է համարվում։ Ճիշտ այդպես է նաև հնդեվրոպացիների նախահայրենիքի հարցը։ Նորահայտ բազմապիսի աղբյուրների քննության հիման վրա, Վ. Իվանովի և Թ. Գամկրելիձեի կարծիքով, հնդեվրոպացիների նախահայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհը (կենտրոնում), Իրանական սարահարթի հյուսիս-արևմտյան մասը (արևելքում) և Փոքր Ասիայի ամբողջ տարածքը (արևմուտքում)24։

Ըստ ամերիկյան գիտնականների հաշվումների՝ հնդեվրոպական մայր լեզվից հայերը բաժանվել են Ք.ա. 2300 թվականներին25։

Արցախի հայերը ոչ միայն պատկանում են հնդեվրոպական լեզ­վաընտանիքի արմենոիդ մարդաբանական տիպին, այլև հանդիսանում են այդ տիպի ամենացայտուն ներկայացուցիչները26։ Դեռևս տասնամյակներ առաջ հայտնի արևելագետ Ռ.Վիրխովը, քննության ենթարկելով հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածնե­րից հայտնաբերված նյութերը, դրանք իրար համադրելով, գտել է. «Բնորոշն ու վերին աստիճանի կարևորը ընդհանուր տիպն է, իսկ այս կողմից մինչև այժմ կատարված սակավաթիվ պեղումներն անգամ ցույց են տալիս, որ Գուգարքից սկսած մինչև Թարթառ գետի դաշտը ապրած հին ազգերը մի կուլտուրայի ներկայացուցիչներ էին»27։

Հնագետ Ա. Իսրայելյանը համանման գտածոների վերլուծությունից պարզել է, որ բրոնզեդարյան ժամանակաշրջանում հայկական լեռնաշխարհի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող ցեղերի հավատալիքներն ու ծիսակատարությունները նույնատիպ էին28։

Այս ճշմարտապատումը ժամանակին արձանագրել է նաև Մովսես Խորենացին, ընդգծելով, որ հայոց ավանդական նախնի Հայկի ժառանգներից մեկը՝ Սիսակը, տեր է դարձել Հայաստանի արևե­լյան մասին։ Նրա անունից էր, որ այս աշխարհը կոչվեց Սիսական։ Եվ այս Սիսակի ժառանգներից մեկն էլ՝ Առան անունով, կուսակալ կարգվեց Երասխ գետի ձախակողմին՝ մինչև Կուրի հոսանքը, ուր ավարտվում էր հայերեն խոսքը։ Այս Առանի զավակներից էլ գոյացել են Կուրի ու Արաքսի միջագետքի հայ բնակիչները՝ ուտիացինե­րը, նաև Գարդմանքի, Ծավդեից (Արցախի) և Գուգարացոց իշխանությունները29։ Նորահայտ փաստերը վկայում են, որ հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհում, այդ թվում Հայոց Արևելից գավառներում ապրել են հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդների նախնիները։

Ժամանակի ընթացքում հնդեվրոպական ցեղերի մի մասը՝ ժամանակակից սլավոնական, գերմանո-կելտական ժողովուրդների և այլոց նախնիները, կենսագործունեության նոր տարածքներ ձեռք բերելու նպատակով առանձնացել են նախամայր ժողովրդից, որ­պես ինքնուրույն էթնիկական միավոր՝ հաստատվելով ներկայիս իրենց երկրներում։ Հնդեվրոպական ծագում ունեցող մյուս ժողո­վուրդները՝ հայերը, արիները այդ գործընթացի ժամանակ մնացել են իրենց հայրենիքում։

Այսօր ժողովուրդների տոհմաբանական միասնությունը ապացուցվում է նաև նրանց լեզուների ընդհանրությամբ։ Հնդեվրոպա­կան մայր լեզվի շատ բառեր, որոնք այլափոխված ձևով պահպանվել են ճյուղավորված լեզուներում, այդ թվում հայերենում, արցախյան բարբառում պահպանվել են նախնական կամ նրան մոտ տեսքով։ Այս տեսանկյունից իրավացի է Քերովբե Պատկանյանը, ըստ որի հայերեն բարբառները համարյա անփոփոխ գոյություն են ունեցել նաև 5-րդ դարից առաջ՝ որպես հայ ազգի գոյացմանը մաս­նակցած ցեղերի լեզուների փոփոխված ու մշակված մնացորդները30։

Անգամ Արցախի բարբառում կան որոշակի քանակությամբ բառեր, որոնք գործածական են միայն այդ բարբառում, չեն մտել հայերենի ընդհանուր բառապաշարի մեջ։ Այդ բառերը իրենց հնչյունական կազմով ու արտահայտած իմաստով նույնությամբ արձանագրված են նաև հնդկական սուրբ գրքում՝ «Ռիգվեդայում»։ Ըստ «Ռիգվեդայի» Յաման մահվան թագավորության տիրակալն է, մարդկանց մահ բերող աստվածը։ Նույն հնչյունական կազմով և նույն իմաստով բառը պահպանվել է նաև Ղարաբաղի բարբառում. «Էն յաման տարածը» պետք է հասկանալ «Էն մահը տարածը»31։ «Կուլ» կամ «կոլ» հնդեվրոպական նախարմատը վիզ կամ թե կոկորդ է նշանակել։ Գրական հայերենում այդ արմատը պահպանվել է կուլ տալ, կլանել ձևե­րում։ Նույն արմատից են ծագում ռուսերենի «գլոտածը», ֆրանսերենից կոլյե-վզնոցը, մի շարք լեզուներում օգտագործվող կուլմինացիա-բարձրակետը։ Ղարաբաղի բարբառում «կուլ» կամ «կոլ» նախարմատը պահպանվել է գոյականակերպ տեսքով։ Ասում ենք «քյեցավ կոլավն ընգավ» (գնաց վզովն ընկավ)32։

Շումերական էպոսում, որտեղ ներկայացված է Ք.ա. 28-27-րդ դարերի իրողությունները, հիշատակություն կա նաև Արատտայի աստվածային պանթեոնի մասին։ Մայր աստվածուհին կոչվում էր Տուրտուր, որը շումերենից աքքադացիներին փոխանցված «Գիլգամեշ» էպոսում դառնում է արդեն Ուրար Տուտու։ Ուրար մակդիրի կո­րուստով Տուտու բառը հասել է մեր օրերը՝ կրկնակի իմաստով։ Արևմտահայերենում Տուտու նշանակում է մեծ մայր, տատիկ՝ ինչ-որ չափով պահպանելով նախկին իմաստը։ Իսկ Ղարաբաղի բարբառում տուտու են ասում դանդաղաշարժ, անկարող, որևէ գոր­ծում շնորհք ցուցաբերելու անընդունակ կնոջը։ Ըստ երևույթին, այդ հեռավոր ժամանակներում, հայկական ցեղերի միավորմանը զուգընթաց, նրանց աստվածային պանթեոնների միջև ևս մրցակցու­թյուն ու «կռիվ» է եղել, և արևելյան հատվածում հաղթող է դուրս ե­կել Նանե մայր աստվածուհին՝ դառնալով մեծ մայր, տատիկ, իսկ պարտված Տուտուն ստացել է բացասական իմաստ33։

Բառասկզբի հավելուրդային հ-ով բառերը գերազանցապես բնիկ հնդեվրոպական ծագում ունեն։ Հ-ն գրաբարում և հնդեվրոպական շատ ուրիշ լեզուներում ընկել է՝ պահպանվելով մասամբ խեթալուվական լեզուներում։ Ղարաբաղի բարբառում հ–ն առանձին դեպ­քերում զուգահեռ ունի խեթերենում.

հըն(դ)–(հընդեր, հընդրել)–ըն(դ)–(ընկեր,ընտրել)–խեթ.hanl

հանդ–անդ–(II) andh

հըվէլուկ, (հ)իվըլուկ –աւելուկ -(H)obhel

հղէ-ուղի–(H)uliio34:

Ժամանակակից անգլերենի և ղարաբաղյան բարբառի շատ համանման են ոչ միայն իրենց արտահայտությամբ, այլև օժանդակ իմաստով։ Օրինակ՝ կարպետ-վարպետ, կով-կավ, ռոք-ռոք (քար), հովուր-հովուր (մի պահ), Սթռունհունջ-Քարահունջ և այլն։

Ղարաբաղի բարբառում կան բազմաթիվ բառեր, որոնք արտահայտած իմաստով պահպավել են անգլերենում և ռուսերենում։ Այսպես, օրինակ լեթված (անդաստիարակ) աղջիկ-լյթ գյոլ, դոնգի (հիմար)-պանքի (ավանակ), մռոզ (խոժոր կամ եղանակի հետ կապված վատ, ցուրտ)-մորոզ։

Հետաքրքիր է նաև հետևյալ փաստը. Ղարաբաղի բարբառի բառային կազմի մեջ կան բառեր, որոնք մեզ ավանդված չեն ոչ ոչ հին մատենագրությամբ, ոչ էլ գրավոր նոր աղբյուրներով։ Դրանք չկան նաև արդի գրական հայերենում։ Այդպիսի բառերը հնդեվրոպական ծագում ունեն։ Դրանցից են՝ մըղըմօղ-«ցեց», սլկըհել-«սայթաքել», լօկ-«լորտու», դիգյասկանց-«հանկարծակի», կիլտի-«թլվատ», դույուղ անել-տեղեկացնել», սէտ-«տեղյակ», և այլն35։

Ուշագրավ է, որ Ղարաբաղի բարբառում պահպանվել են գրաբարյան մի շարք հոլովաձևեր և բառեր։ Օրինակ հաքյի-ագի, քըշերավ-գիշերաւ, խոնջան-խոնջան, քըշկոռ-կոշկոռ։

Ինչպես գրաբարում, այնպես էլ Ղարաբաղի բարբառում պահպանվել են բառասկզբի փ և յ հնչյունները, ինչպես՝ փուրգոն-«ֆուր­գոն», փիրմա-«ֆերմա», փիզիկա-«ֆիզիկա», Փրանսիա-«Ֆրան­սիա», յըղէ-«հղի», յէշիլ-«նայել», յէխնել-«հաղթել» և այլն։

Փաստերը վկայում են, որ Ղարաբաղի բարբառը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդների նախալեզվի, այդ թվում՝ հայ ժողովրդական լեզվի ճյուղերից մեկը լինելով, գալիս է հնագույն դարերից և խոսում է հազարամյակներ առաջ հայկական լեռնաշխարհում կատարված էթնիկ տեղաշարժերի մասին։ Ասվածը մեկ անգամ ևս ապացուցում է Արցախի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերի կապը Հայկական բարձրավանդակի նմանօրի­նակ հավաքածոների ու հուշարձանների հետ։

Վերոհիշյալ փաստերը հիմք են տալիս ասելու, որ Ք.ա. 3-րդ հազարամյակում Հայոց Արևելից գավառների՝ Արցախի ու Ուտիքի տարածքներում նույնպես իրականացվել է հայ ժողովրդի կազմավորման գործընթացը։
ԱՐՑԱԽԸ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայկական լեռնաշխարհում ժողովրդակազմավորման գործընթացի ավարտից հետո, Ք.ա. 3-1-ին հազարամյակներում հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում իր ու­րույն տեղն ու դերն ուներ Ուրարտուն՝ Վանի կամ Արարատի թագավորությունը։ Նախապես դա փոքր պետություն էր՝ փռված Վանա լճի ափամերձ շրջաններում։ Այնուհետև այն հզորանում է, հակահարված տալիս Ասորեստանին, և զենքի ուժով խաղաղեցնելով հայկական մյուս իշխանություններին, տարածում իր իշխանությու­նը գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհի վրա։ Մենուա արքայի օրոք (810-786թթ.) սկսվում է Վանի թագավորության հզորության ժամանակաշրջանը։

Նախկինում կարծիքներ կային, որ հյուսիսում Մենուան հասել էր մինչև Արաքսի հովիտը։ 1989թ. օգոստոսի 11-ին երկրաբան Վալերի Իգումնովը Սյունիքի լեռնոտ հատվածներում հայտնաբերել է մի արձանագրություն։ Այն վկայում է, որ Ք.ա. 810-805թթ. միջև ընկած ժամանակահատվածում Մենուան մտել է Սյունիք36։

Հայոց Արևելից գավառների նվաճման հաջորդ փուլը կապված է Վանի թագավորության ամենահզոր արքայի՝ Արգիշտի Ա-ի (786-764թթ.) անվան հետ։ Արգիշտի Ա-ի Կոտայքում գտնված ժայռափոր ար­ձանագրության մեջ խոսվում է Զառ քաղաքի մասին37։ Այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։ Ասվածը հիմնավորվում է նաև Հովհաննես Կարագյոգյանի Արգիշտի Ա-ի Խոռխոռեան տարեգրու­թյան նոր մեկնությամբ, որտեղ նա հավաստի փաստերով ապացուցում որ հաղթող արքան հասել է Զառ գյուղից ոչ շատ հեռու գտնվող Բաղինք արքունականը, Ջերմաջուրը (Իստիսու)38։ Վերոհիշյալ հեղինակի կարծիքով 1956թ. Արին Բերդում բացված շինությունը, որ կոչվում է սուսե39, համընկնում է Արցախի Մարտունու շրջանի Սոս և Քաշաթաղի շրջանի Սուս գյուղերի հետ։ Շատ հնարավոր է, որ Սոս գյուղի շրջակայքում եղել է ուրարտական շրջանից մնացած որևէ սուսե (տաճար)40:

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Արցախը Արգիշտի Ա-ի կառավարման տարիներին ներառված է եղել հայկական պետականության կազմում։

Միաժամանակ ընդգծենք պատմագիտության մեջ տիրող այն կարծիքը, որ Արցախը նվաճվել է Սարդուրի Բ-ի օրոք, վիճելի է։ Սարդուրի Բ-ի կառավարման տարիներին (764–735թթ.) մաքրագործվեցին Վանի թագավորության սամանները։ Նա վերանվանեց իր հոր կողմից նվաճված տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սևանա լճի ողջ արևմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը և, այնուհետև, լճի հարավ-արևմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուկինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչև Ուրտեխինի42։

Սևանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված մեկ այլ ար­ձանագրություն վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորաթյուններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունի, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։

Բ.Պիատրովսկին գտնում է, որ Ուելիկուխի աշխարհն զբաղեցրել է Սևանի արևմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արևելյան մասը։ Հետևապես Սարդուրին Սևանի հարավային ափով շարժվել է դեպի արևելք. «Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արևելք, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղը, որը կապված է եղել Հայաստանի հետ»43:

Որ «Ուրտեխեն» կամ «Ադախունին» նույն Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կտրական անունները44։

Սարդուրի Բ–ի կողմից Գանձադռան տարեգրության հատված­ներից մեկում Ք.ա.741թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը45։

Ադախ տեղանունը հիշատակված է նաև հետագա ժամանակների հայկական աղբյուրներում. «…գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեաց և Ադախայ կրկին անգամ»46։

Արդախ բնակավայրը գտնվել է Արցախի Խաչեն գավառում, որը հանդիպում է միջնադարյան հայ պատմագրության էջերում՝ Անանիա Ա Մոկացի (946-968թթ) կաթողիկոսի մասին եղած վկայության մեջ. «Եւ հասեալ ի գաւառն Խաչենոյ՝ ընդառաջ ելանէր նմա իշխանն Գրիգոր և տարեալ իջուցանէ ի տան խրում։ Եւ ժողովէ զամենայն իշխանս աշխարհիս եւ զեպիսկոպոսումս և զվանականս ի տեղին, որ Արդախն կոչի…»47։

Արդախը հիշատակվում է նաև Գանձասարի՝ 1467թ. վիմագիր արձանագրություններից մեկի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անունը հետագայում տարածվել է ողջ նահանգի վրա։

Սարդուրի Բ-ից հետո Ռուսա Ա-ն (Ք.ա.735-713թթ.) իշխանու­թյան գլուխ անցավ քաղաքական բարդ իրադրության պայմաննե­րում։ Ասորեստանը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Նման իրավիճակում Ռուսա Ա-ն, խելամտորեն գնահատելով ստեղծված կացությունը, ձեռնպահ մնաց Ասորեստանի արմատական շահերը հարավում շոշափելուց։

Մյուս կողմից, Ռուսա Ա-ն նվաճողական գործողություններ ձեռ­նարկեց հյուսիսում։ Նա կրկին հնազանդեցնում է Սևանա լճի արևմտյան և հարավային ափերին ընկած երկրները, որոնք Սար­դուրի Ա-ի մահվանից հետո ապստամբել էին Ուրարտուի դեմ։ Այ­նուհետև, հպատակեցնում է «լճից այն կողմ», այսինքն՝ նրա արևելյա ն ափերի երկարությամբ ձգված բարձրադիր լեռներում ընկած 19 այլ երկրներ, այդ թվում Արցախը։ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայ­ռափոր արձանագրության մեջ նշված 19 երկրների 3-րդ շարքի 1-ին տեղում հիշատակված է Ծամա տեղանունը50։ Սեպագիր Ծամա երկրանունը պահպանված է Արցախի Հադրութի շրջանի այժմյան Ծամձոր գյուղանվան մեջ51։

Ծովինար գյուղի մոտակայքում Ռուսա Ա-ն Թեյշեբա աստծո անունով նաև քաղաք է կառուցել52։

Ստեփանակերտի ու Խոջալլուի դամբարանաբլուրներից պեղ­ված նյութերի մեջ տիրապետող են նաև այն նյութերը, որոնք գիտության մեջ կապվում են Ուրարտական թագավորության հետ։ Այսպի­սի նյութերից մեկը՝ սարղիոնե զարղանախշը, ունի նաև սեպագիր արձանագրություն՝ Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ։ Սա էլ մի վկայություն է, որ հայկական այդ թագավորության մեջ առկա է նաև Աղախ-Արցախի պարզ հիշատակությունը53։

Նույն Խոջալլուի դամբարանադաշտի թաղումները և հարակից այլ նյութեր, հնագետ Վ.Բելկի կարծիքով, պատկանում են հայերին և աղերս ունեն Հայկական բարձրավանղակի համաժամանակյա հուշարձանների հետ54։

Ուրարտուի վերջին շրջանի՝ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված Ռուսա Դ-ի՝ (Ք.ա.600-590թթ.) թագաժառանգ եղած ժամանակի կնիքով կնքված կավե սալիկներից մեկի արձանագրությունը55 վկայում է, որ Ուրարտուի հյուսիս արևելյան սահ­մանը եղել է Կուր գետը։

Փաստորեն վերոհիշյալ ժամանակաընթացքում Ուրարտուն հիմնավորապես հաստատվում է այս հեռավոր լեռնային շրջանում։
ԱՐՑԱԽԸ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Ք.ա. 7-րդ դարի վերջերին Առաջավոր Ասիայում կատարվեցին նոր տեղաշարժեր, որոնք իրենց անդրադարձները ունեցան Հայկական լեռնաշխարհի քաղաքական կացության վրա։

Աննախընթաց վերելքի ուղին բռնեց Մարաստանը։ Մյուս կող­մից էլ Ուրարտուն ապրում էր ներքին խռովահույզ ժամանակաշրջան։ Օրեցօր իրենց զգացնել են տալիս կենտրոնախույս ուժերը։ Արմե-Շուբրիայի կառավարիչ Պարույր Սկայորդին, չենթարկվելով Ուրարտուի կենտրոնական իշխանությանը, իր ձեռքի տակ է միավորում լեռնաշխարհի ողջ արևմտյան մասը՝ Վանա լճից մինչև Եփրատ։ Այդ ժամանակ Մարաստանը և Բաբելոնը դաշինք էին կազմել ընդդեմ Ասորեստանի։ Նրանց միանում է Պարույրը՝ հայկական զորքերով։ Դաշնակիցների հարվածների տակ Ք.ա. 612թ. կործանվեց երբեմնի հզոր Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, իսկ Ք.ա. 580-ական թվականներին՝ Վանի թագավորությունը։ Մարաստանի Կիաքսար թագավորը իրեն մատուցած ծառայության դիմաց Պարույրին ճանաչեց իբրև Հայոց թագավոր։

Այսպիսով, Հայաստանում հիմնվում է նոր թագավորական դի­նաստիա, որը Պարույր արքայի ազգական և իրավահաջորդ Երվանդ Սակավակյացի անունից ստացավ «Երվանդունյաց» կամ «Երվանդական» անունը (Ք.ա . 580-ական−201թթ.)։

Երվանդունիները իրենց գահակալության առաջին իսկ տարիներից ուշադրության կենտրոնում էին պահում Արարատյան դաշտավայրը, որը շուտով դառնում է հայ ժողովրդի տնտեսական-քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը։

Հայոց Արևելից նահանգների հայությունը աշխարհագրական տեսակետից առավել մոտ լինելով նոր թագավորական տան կենտրոնատեղիին, ավելի գործուն մասնակցություն ունեցավ պետականության կերտմանը։

Նոր կազմավորված հայկական թագավորությունը ստիպված էր դիմակայել երեկվա իր դաշնակցին՝ Մարաստանին։ Վերջինս, տի­րելով Արաքսի հովտում և Միջագետքում գտնված հաղորդակցու­թյան ուղիներին, փորձում էր իր գերիշխանությունը տարածել նաև Հայաստանի վրա։ Մարաստանի Աստիագես կամ առասպելական Աժդահակ թագավորի դեմ պայքարը գլխավորեցին Երվանդ Սակավակյացը և նրա որդի Տիգրանը։ Հայոց թագավորը զորք է ժողովում Հայաստանի տարբեր նահանգներից, այդ թվում Արցախից և Ուտի­քից ու հասնում հաջողության56։ Այդ պայքարում հայերին աջակ­ցում են պարսից Աքեմենյանները՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ, որոնք ապստամբել էին Մարաստանի դեմ։ Տիգրան Ա-ի օժանդակությամբ Կյուրոսը Ք.ա. 550 թվականին ստեղծում է աշխարհակալ Աքեմենյան պարսկական տերությունը։ Արցախը Ք.ա. 550 թվականից մինչև 331 թվականը գտնվում էր Աքեմենյան գերիշխանության տակ57։

Տիգրան Ա Երվանդյանի գահակալության շրջանում Հայաստանը ենթարկվեց սկյութական հարձակումներին։ Չնայած Հայոց թագավորը նրանց նկատմամբ հաղթանակի հասավ, բայց և այնպես ժամանակի ընթացքում սկյութներին հաջողվեց բնակություն հաս­տատել Կուրի աջափնյակում՝ Գանձակի գավառում, որը անվանվեց Շակաշեն։ Էթնիկ բախումների հետևանքով նշված տարածքնե­րից հայ բնակչության մի հատվածը տեղափոխվեց Կուրի ձախ ափը58 և մինչև Արցախյան շարժման սկիզբը ապրում էր այնտեղ։

Ք.ա. 4-րդ դարում Աքեմենյան տերությունը բռնել էր քայքայման ուղին։ Նրա անկումն արագացրեց Բալկանյան թերակղզու հյուսի­սում գտնվող Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծի ձեռնարկած արշավանքը։

Ք.ա . 331թ. Գավգամելա վայրում Ալեքսանդրը հաղթանակ է տանում Աքեմենյանների նկատմամբ և վերջ դնում երբեմնի հզոր կայսրությանը։ Մեծ Հայքի սատրապ Երվանդը, օգտվելով առիթից, իրեն հռչակեց անկախ կառավարիչ։ Հայաստանն, այսպիսով, վե­րականգնվում է որպես ինքնուրույն թագավորություն։ Հայկական անկախ պետականության վերականգնումը արդյունք էր նաև Հայաստանի հասարակության ներքին զարգացման, նրա հասունաց­ման, հայոց բոլոր նահանգների միակամության, իշխանության նոր, ավելի բարդ ձևերը ստեղծելու ունակության։

Հայկական թագավորության սահմանների մասին որոշ տեղե­կություններ են պահպանվել։ Ինչպես երևում է Քսենոփոնի «Կյուրոպեդիայի» որոշակի տվյալներից, Հայաստանի և Ատրպատականի սահմանը անցնում էր Արաքսի միջին հոսանքի շրջանից Ուրմիա և Վանա լճերի միջով մինչև Ջերմ գետի (Բոհտան սու) ակունքների շրջանը։ Ջերմ գետով հարավային սահմանը ձգվում էր դեպի արևմուտք և շարունակվում Արևմտյան Տիգրիսով կամ Մասիոս (Տուր-աբդին) լեռնաշղթայով մինչև Եփրատ։ Հայաստանի արևմտյան սահմանի մի մասը պետք է անցած լինի Ամանոսի լեռներով և Կոմմագենե երկրի արևմտյան եզրով։ Եփրատ գետից սահմանը անցնում էր Եկեղիքի հարավային մասով։ Արևմտյան Եփրատից դեպի արևմուտք և հյուսիս գտնվում էր Փոքր Հայքը՝ մինչև Կապադովկիա և Պոնտական լեռները։ Եփրատի վերին հոսանքից հյու­սիսային սահմանը ընթանում էր դեպի արևելք, հավանաբար՝ Ճորոխով, իր մեջ ամփոփելով արդեն փասիանների և հեսպերիտների, ինչպես նաև տաոխների երկրները։ Հայկական պետության հյուսիս-արևելյան սահմանը Կուր գետն էր։ Արևելյան Այսրկովկասի այդ ժամանակաշրջանի պատմության տվյալներից երևում է, որ Կուր գետից արևելք ձգվող տարածությունները, որտեղ բնակվում էին աղվանական բազմաթիվ ցեղեր, գտնվում էին մարական սատրապության և ապա Ատրպատականի պետության հսկողության տակ59։

Փաստերը վկայում են, որ Երվանդունյաց պետության կազմի մեջ մտնում էին նաև Արցախը և Ուտիքը։

Ք.ա. 4-3-րդ դարերում հայոց արքունական տան կալվածներն ու ձմեռանոցը Ուտիք նահանգում էր60։

Պատահական չէր, որ Ք.ա. 2-րդ դարում Արտաշեսի և Երվանդի միջև թեժ պայքարը նոր ընթացք ստացավ Ուտիքում։ Խորենացին վկայում է, որ Երվանդը Ուտիքում էր, երբ լուր ստացավ, թե Արտաշեսի դայակ Սմբատը պարսիկների հետ դաշնակցած մեծաքանակ զորքերով խորանում էր Հայոց նահանգներում։ Երվանդը այդ նահանգում թողնելով կողմնապահներ, ինքը տեղափոխվում է խոր թի­կունք՝ Արարատյան դաշտավայր, իր շուրջը համախմբելով դաշնակիցներին։

Արտաշեսը, մտնելով Ուտիք, նրան են միանում հայ նախարարները և համատեղ ուժերով Սևանա լճի ափերով հասնում Երվանդի բանակին։ Ճակատամարտում՝ պարտության մատնելով Երվանդին, Ք.ա. 201թվականին Արտաշեսը գրավում է Երվանդաշատ մայ­րաքաղաքը և իրեն հռչակում Մեծ Հայքի կառավարիչ61։ Նույնը կատարեց Զարեհը Ծոփքում։ Քիչ անց Ք.ա. 189թվականին Արտաշեսը, օգտվելով արտաքին բարենպաստ հանգամանքներից, իրեն հռչակեց անկախ Մեծ Հայքի թագավոր։

Լինելով Երվանդունյաց տոհմի շառավիղներից մեկը, նա այնքան մեծագործություններ կատարեց և խոր հետք թողեց Հայոց կենսագրության մեջ, որ ընդունված է նոր պետությունը անվանել Արտաշեսյան (Ք.ա.189-Ք.հ.1թ.):

Հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնը վկայում է, որ հայկական պետությունը Արտաշեսի օրոք ընդարձակվել է բոլոր չորս ուղղություններով։ Դեպի արևելք կատարված արշավանքների հետևանքով ձեռք բերված երեք երկրամասերից (Կասպիանե, Փավնիտիս, Բոսորոպեդիա) վերջինը համընկնում է Պարսպատունիք գավառին, երկրորդի տեղը պարզ չէ, իսկ առաջինը՝ Կասպիանեն, Կուրի և Արաքսի գետախառնուրդի շրջանն է և նրանից արևելք, մինչև Կասպից ծովն ընկած երկիրը, որը նույնանում է Փայտակարանի հետ62։ Մ.Խորենացին այն անվանում է Կասբից երկիր63 և, հենվելով Օղյումպ քրմի պատմածի վրա, մանրամասնություններ հաղորդում Արտաշեսի՝ դեպի այդ կողմ կատարած արշավանքի մասին64։ Մ.Խորենացու հաղորդմամբ, այդ երկիրը նախապես էլ Հայաստանի իշխանության տակ է եղել և Արտաշեսի օրոք ապստամբել է։ Արտաշեսը զորք է ուղարկում զորավար Սմբատի ղեկավարությամբ, որը ճնշում է ապստամբությունը և գերեվարում երկրի թագավոր Զարդմանոսին ու բնակչության մեծ զանգվածներ։ Այն հանգամանքը, որ այստեղ Կասբից երկիրը (Ստրաբոնի Կասպիանեն) դիտվում է որպես հայկական պետության ապստամբած մաս և ոչ նվաճվող երկիր, թերևս արտացոլումն է այն իրողության, որ հայ­կական էթնոսը արդեն նախապես տարածված էր այս երկրամասում։ Ուստի և նրա քաղաքական միավորումը հայկական պետու­թյան հետ կարող էր ընկալվել որպես վերամիավորում։

Պատահական չէ, որ Ստրաբոնը, խոսելով Արցախի մասին, պատմում է, որ այն չի սահմանակցվում հարևան երկրների հետ և գտնվում է Մեծ Հայքի խորքում։ Ըստ Ստրաբոնի՝ Արցախը (Օրխիստինան) այդ ժամանակ արտահանում էր մեծաքանակ պատերազ­մական ձիեր65։ Ստրաբոնը մ.թ.ա. 1-ին դարի և մ.թ. արշալույսի Հայաստանը նկարագրելով որպես ականատես, նրա կազմի մեջ ներ­կայացրել է Շակաշեն-Ուտիքը և Օրխիստինա-Արցախը՝ որպես այդ երկրի բուն նահանգներ։ «Կիրը(Կուր),− գրել է նա,− սկիզբ է առնում Հայաստանում, նեղ գետահովտով հոսում է դեպի Ալբանիան՝ Առատաջուր և հախուռն անցնելով նրա և Հայաստանի միջով»66։

Ստրաբոնի հաղորդած տեղեկությունները հնարավորություն են տալիս որոշելու պատմական Հայաստանի հյուսիս-արևելյան սահ­մանները։ Հյուբշմանը գտնում է, որ Հայաստանը Արտաշեսի օրոք իր մեջ բովանդակում էր Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Չորրորդ Հայքը, Աղձնիքը, Մոկքը, Կորճայքի մի մասը, Ուտին ու Արցախը, այսինքն՝ հնագույն Հայաստանի 15 նահանգներից 13-ը67։ Հույն պատմիչը վկայում է, որ Ք.ա. 2-րդ դարում Հայաստանի բնակչությունը միալեզու էր68, այսինքն՝ հայալեզու։

Ստրաբոնի վկայությունները հաստատում են Մովսես Խորենացու տեղեկություններով։ Պատմահայրն ասում է՝ Վաղարշակ ավանդական արքայի (Արտաշեսի) օրոք Հայոց պետության սահ­մանները գծվեցին «զեզերբ հայկական խօսիցս», այսինքն՝ հայոց լեզվի տարածման սահմաններով։ Շարունակելով իր միտքը, Մ.Խորենացին հաղորդում է, թե ինչպես Վաղարշակ-Արտաշեսը կարգավորում է իր արքունիքը, ստեղծում գործակալություններ, նահանգ­ներում նշանակում կառավարիչներ։ Արտաշեսը Հայկի սերնդից Առանին կարգեց Կուրի և Արաքսի միջագետքի, այսինքն՝ Արցախի և Ուտիքի կուսակալ։ «Աշխարհն էլ Աղվանք կոչվեց,− գրում է պատմահայրը, նրա քաղցր բնավորության պատճառով, որովհետև նրան աղու էին ասում»69։

Լեոն, խոսելով հայոց պետականության գոյության համար վե­րոհիշյալ գավառների ռազմավարական նշանակության մասին, գրել է. «…առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանոթյունը հյուսիսային և արևելյան տափաստաններից, Ղարաբաղը անմիջական շարունակությունն է այն հզոր պաշտպանողական պատվարի, որ ներկայացնում է Գուգարքը (այժմյան Լոռին և հարակից գավառները)։ Եվ այս է պատճառը, որ հայկական պետության հիմնադիրներ հանդիսացած Արտաշեսն ու Տիգրանը Գուգարքի հետ միասին Հայաստանի սահմանների մեջ են մտցրել և Ուտին, Արցախն ու Սյունիքը»70։ «Արտաշեսի սերնդից էր,− ասում է Ստրաբոնը,− Տիգրանը. նա իշխում էր բուն Արմենիայում, որը սահմանակից էր Մարաստանին, Աղվանքին, Իբերիային մինչև Կողքիս և Սև ծովի մոտ գտնվող Կապադովկիային»71։ Տիգրան Բ Մեծը, շարունակելով իր պապի՝ Արտաշես Ա-ի կիսատ թողած գործը, առավել ընդարձակեց տերության սահմանները՝ ստեղծելով ծովից ծով Հայաստան։ Նա ոչ միայն ամրապնդեց իր նախորդների ստեղծած միասնական հայկական պետությունը, այլև նրա քաղաքական ազդեցության տակ առավ հարևան երկրները։ «Հայաստան աշխար­հագրական գաղափարը,վ ասում է Հյուբշմանը,− հաստատուն կեր­պով զարգացավ Տիգրանի ժամանակ, որն առաջին անգամ Հայաս­տանին միացրեց Ծոփքն ու Կորդուքը։ Հաջորդ դարերին այս զաղափարը տիրող մնաց հայերի մոտ, թեև քաղաքական հարաբերությունները միշտ նույն գաղափարին չէին համապատասխանում։ Եթե հարավային նահանգները պարսիկներին էին անցնում, արևմտյանը՝ հույներին, հյուսիսայինները՝ վրացիներին կամ աղվաններին, և եթե հռոմեացիներն ու պարսիկները երկիրը իրենց մեջ էին բաժանում՝ Հայաստանը հայերի համար միշտ այն երկիրն էր համարվում, որը հին բացատրությամբ- իր սահմաններն ուներ հարավից Մասիս լեռը (ի նկատի ունի Տավրոսը, որ Հայաստանը բաժանում Միջագետքից,- Ստրաբոն), արևելքից՝ Ատրպատականն ու Մեդիան, հյուսիսից՝ Կասպից ծովի կողմերը գտնվող Պարաքռաթրյան լեռները՝ Վրաստանը, Աղվանքը և Կովկասը՝ Մոսքյան և Կողքիսյան լեռներով, արևմուտքից՝ Պարխարը և Սկյուդիսեսը, Փոքր Հայքն ու Եփրատը, (որը Հայաստանը բաժանում էր Կապադովկիայից և Կոմմագենից)»72։

Լայնածավալ տերությունը ներքաշվեց հելլենիստական մշակույթի ոլորտը, որի բնորոշ գծերից մեկը քաղաքաշինությունն էր։ Տիգրան Բ Մեծը բուն Հայաստանում կառուցեց չորս քաղաքներ և նրանք կոչեց իր անունով՝ Տիգրանակերտ։ Դրանցից մեկը գտնվում է Արցախում՝ Աղդամից ոչ շատ հեռու և որի հիմքերը առ այսօր պահպանվում են։

Տիգրան Բ Մեծը, ունենալով հզոր բանակ, անխաթար էր պահում երկրի սահմանները։ Մ.Խորենացին պատմում է, որ երբ Տիգրանը գտնվում էր տերության հարավային սահմաններում, լսում է, «թե Վայկուն անունով մի ելուզակ վրդովում է Հայոց աշխարհը, գրավե­լով այն ամուր լեռը, որ մինչև այսօր էլ այդ ելուզակի անունով կոչ­վում էր Վայկունիք»73։ Ամենայն հավանականությամբ, պատմահոր ներկայացրած Վայկունիքը, Արցախի Վայկունիք-Քարավաճառ գավառն է։

Ցավոք, հայ և օտար աղբյուրները Հայաստանի սահմանների, երկրի ու նրա բնակչության ազգագրական վիճակի մասին ամենայն մանրամասնությամբ խոսելով հանդերձ, շատ քիչ տեղեկություններ են հաղորդում Երվանդունիների և Արտաշեսյանների ժամանակ Հայոց Արևելից նահանգների ժողովրդի ներքին կյանքի, նրա մշակույթի և նիստ ու կացի մասին։
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում Արցախում և Ուտիքում ապրող հայախոս ցեղերը ժամանակի ընթացքում ստեղծել են հարուստ և բազմաբնույթ հայկական մշակույթ։

Հարկ է նշել, որ դրանք պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել։ Մանավանդ խորհրդային իշխանության տարիներին, Հայոց Արևելից նահանգները հայ գիտնականների համար արգելված գոտի է եղել։ Եվ այնուհանդերձ, կատարված մասնակի պեղումնե­րի, ինչպես նաև հայ ու օտար հեղինակների թողած ժլատ տեղեկու­թյունների շնորհիվ մենք գաղափար ենք կազմում հնագույն մշակույթի զարգացման փուլերի, առանձնահատկությունների, վերելք­ների և վայրէջքների մասին։

Հայտնաբերված նյութերն ու կացարան քարանձավները անգ­նահատելի նշանակություն ունեն Արցախում մարդու վաղ բնա­կության և նախամարդու տարաբնակեցման կարևոր հարցերի լուծման համար։ Հայտնաբերված կացարան քարանձավներից յուրատեսակ հետաքրքրություն է ներկայացնում Շուշիի մոտակայքում գտնվող և Հադրութի Թաղլար, մանավանդ Ազոխ գյուղի մոտ գտնվող բազմաշերտ ու ընդարձակ քարանձավը, որի երկարությունը հասնում է 200 մետրի։ Այս տեղբացվել են մշակութային տասը շերտեր։ Հայտնաբերվել են նա­խամարդու կենցաղային իրեր, աշխատանքային քարե գործիքներ, որոնք ունեն շուրջ 150000-200000 տարվա վաղեմություն։

Ցավոք, այդ նյութերի զգալի մասը ադրբեջանական հրատարակություններում ջանում են ապացուցել, թե ադրբեջանցիները ինչ-որ մի համամարդկային նշանակության նախասկզբնական մշակույթ են ստեղծել։

Առանց քարեդարյան արվեստի որոշակի մակարդակի առկայության, դժվար է պատկերացնել Արցախի հետագա ժամանակների արվեստի բուռն առաջընթացը։

Նոր քարեդարյան ժամանակաշրջանում մարդը սովորում է ավելի խորը՝ բազմազանության և փոխադարձ կապերի մեջ ընկալել իրականու­թյունը։ Այս շրջանի արվեստի համար բնորոշ է դառնում զանազան առար­կաների նախշազարդումը, ոճավորումը, պատմողական բարդությունը, որը հանգեցնում է ամբողջ գործողություններ և երևույթներ ձևավորելու անհրա­ժեշտությանը։

Կենդանական պատկերների հետ մեկտեղ նշանակալից դեր են կատարում կերպավորումները որսի և զինական ընդհարումների տեսա­րաններում։

Արցախի լեռները շատ հարուստ են նշված տիպի հուշարձաններով։ Դրանք բազմազան, բազմաբովանդակ և միանգամայն ինքնատիպ ժայռապատկերների կուտակումներ են։ Արցախի ժայռապատկերների ոճական առանձնա-հատկություններն ու նմանությունները հայկական լեռնաշխարհի մյուս հատվածներում գտնվողների հետ համեմատ ցույց են տա­լիս, որ դրանք ունեն ժամանակագրական շատ լայն ընդգրկում և սկսվելով նեոլիթյան ու վաղ էնեոլիթյան ժամանակներից, հարատևել են մինչև երկա­թե դարը։ Ժայռապատկերներով առավել հարուստ է Քարավաճառի շրջանը։ Այստեղ Չրաղ գյուղից հարավ՝ Սևլիճ (Ղարագյոլ) և Զալխա լճերի մերձակայքում, ծովի մակերևույթից 3000 և ավելի մետր բարձրության վրա բազալտե ժայռաբեկորներին պահպանվել են մեծաքանակ և բազմաբնույթ ժայռապատկերներ։ Նմանօրինակ ժայռապատկերներ հայտնաբերվել են նաև Հադրութի շրջանում Թաղլար գյուղի շրջակայքում։

Արցախի հնավայրերը հարուստ են դամբարանաբլուրներով, մեգալիթյան կոչված (հունարեն՝ մեգա-մեծ, լիթոս-քար), այսինքն՝ մեծքարյան հուշարձաններով՝ մենհիրներով, դոլմեններով և կրոմլեխներով։ Դրանք պատկանում են նեոլիթի վերջին, էնեոլիթի, բրոնզե ու վաղ երկաթե դարաշրջաններին։ Մեծազանգված, անձև ու անմշակ քարերից ստեղծված այդ հուշարձանները կապված են ե­ղել ննջեցյալի թաղման ծեսի հետ կամ ունեցել են պաշտամունքային այլ նշանակություն։ Պեղումները ցույց են տալիս, որ դամբարաններում ոչ միայն պահպանվում են հանգուցյալների կմախքներ, այլև նրանց կենցաղին, ռազմաքաղաքական կյանքին բնորոշ բազ­մաբնույթ առարկաներ։ Դրանք ուսումնասիրելով գերմանացի հնագետ Ռ.Վիրխովը եկել է հետևյալ եզրահանգման. «…սակավաթիվ պեղումներն անգամ ցույց են տալիս, որ Գուգարքից սկսած մինչև Թարթառ գետի դաշտը ապրած հին ազգերը մեկ մշակույթի ներկայացուցիչներ են»74։

Արցախի հնավայրերից հայտնաբերվել են ուլունքներ, մատանիներ, ապարանջաններ, ասեղներ, նետասլաքներ, դաշույններ, կավանոթներ, քարից, բրոնզից, ոսկրից պատրաստված աշխատանքի գործիքներ։

Դրանցից հիշատակության արժանի է եղջյուրից պատրաստված գորգագործի կտուտիչը։ Մատենագիտական տեղեկություննե­րի համաձայն՝ այն օգտագործվել է գործվածքեղենի արտադրության մեջ, հետագայում՝ նաև գորգագործության մեջ։ Վերոհիշյալ նյութերը այսօր պահպանվում են Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Արցախի հնագույն մշակույթի մեջ նշանակալից տեղ ունի բրոնզի, երկաթի դարաշրջանների խեցեղենը։ Ռելիեֆ գոտիներով, կենդանակերպ կանթերով, եռանկյունների մեջ ամփոփված բազմաշար զիգզագներով զարդարված, սև, խամրած փայլով և անփայլ կավանոթների զուգահեռները հայտնաբերվել են հայկական լեռնաշխարհի համաժանակյա հուշարձաններում։ Կիսաշրջանաձև կանթերով, կետածածկ սրածայր եռանկյուններով զարդարված ամենատար­բեր չափսերի պնակները, ակոսազարդ կճուճները, թասերը, թամբաձև սապատավոր կանթով, կանելուրազարդ սափորները պատրաստված են մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով և հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմելու կիրառական արվեստի այդ տեսակի զարգացման փուլերի ու բնորոշ հատկանիշների մասին։

Այստեղ պահպանված խեցեղենում հանդիպում են նաև ուրար­տական ու հելենիստական մշակույթին բնորոշ նախշազարդ սափորներ, կճուճներ և այլ իրեր։ Ուրարտական ժամանակաշրջանին են վերագրվում նաև կարասային թաղումները, որոնք առավել մասսայական բնույթ են ստացել հետագայում Ք.ա. 3-1-ին դդ։ Թաղ­ման, նաև տարբեր տեսակի մթերքներ պահելու համար պատրաստված խոշոր չափսերի կարասները նույնպես վկայում են Արցախում խեցեգործության լայն կիրառման ու զարգացման մասին։

Ուշագրավ են Արցախի տարածքում գտնված զենքատեսակները՝ դաշույնները, նիզակները, երկճյուղ եղանը, կացինները, հրթիռանման գուրզերը և բազմաբնույթ զարդարանքները՝ մանյակները, ուլունքները, մատանիները, կոճակները, զարդաքորոցները, ականջօղերը, հերակալները, զանգակաձև, վրան ձևավոր անցքերով տարբեր չափսերի մեդալիոնները, գինդերկախիկները, ականջօղերը, փորագիր պատկերներով բրոնզե գոտիները։ Առանձնակի հե­տաքրքրություն են ներկայացնում բրոնզե ապարանջանները, որոնց ծայրերը օձանման գլխիկներ ունեն, իսկ օձը նախկինում խոր­հրդանշում էր վերածննդի, իմաստության ու հավերժության զաղափարը։

Ագաթից, սարդիոնից, սաթից ամենատարբեր ուլունքաշարերով հարուստ են Արցախի դամբարանները, ինչը փաստում է դրանց տե­ղական ծագման ու լայն գործածության մասին։ 1890-ական թվականներին Էմիլ Ռյոսլերը Խոջալլուի դամբարանադաշտից հայտնաբերել է արծաթե ուշագրավ ուլունք, որի վրա կա արձանագրու­թյուն՝ Ասորեստանի Ադադնիրարի 1-ին (1310-1282 Ք.ա.) արքայի անվան հիշատակությամբ։ Ուլունքը պահվում է Պետերբուրգի Էրմիտաժում։

Արդուզարդի հետ առնչվում են նաև մետաղյա հայելիները, որոնք նույնպես լայն տարածում են ունեցել անտիկ աշխարհում և հաճախ են հանդիպում Արցախի դամբարաններում։

Հայկական լեռնաշխարհում, այդ թվում Արցախում, քարի բազ­մատեսակ հարուստ պաշարների գոյությունը բարենպաստ պայ­մաններ է ստեղծել ճարտարապետական կառուցողական արվես­տի զարգացման համար։ Դեռևս հնագույն ժամանակներից հայ մարդը, դիմելով քարի օգնությանը, մշակել է խիստ պարզ ու անկատար, սակայն իմաստավորվածությունից ոչ զուրկ կառուցվածքներ։ Դրա հետ մեկտեղ բարդ ռելիեֆի պայմաններում նա մշակել է ամրացված բնակավայրերի՝ բերդշենների կառուցապատման ամենապարզ սկզբունքները, լուծել տեղանքի ընտրության, այն պաշտպանական տարրական միջոցներով և ջրամատակարարմամբ ապահովելու, ինչպես նաև բնակելի տներ կառուցելու հարցերը։

Թշնամական ուժերից պաշտպանվելու նպատակով բրոնզի դարաշրջանում Հայոց Արևելից գավառներում կառուցել են կիկլոպյան բերդեր։ Դրանք, որպես կանոն, զետեղված են համեմատաբար բարձրադիր վայրերում, գետերի, գետակների, առվակների ափե­րին կամ նրանցից ոչ հեռու, տափարակ և բարեբեր դաշտերի մեջ։ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ձախափնյա ձորալանջին, պահպանվում են կիկլոպյան շարվածքով հնամենի բերդի մնացորդ­ները։ Սա ակնհայտորեն իր նպատակին է ծառայել նաև միջին դարերում։ Կա այն կարծիքը, որ դա Ստ. Օրբելյանի հիշատակած Խոժոռաբերդն է76։

Եկվոր քրդերը բերդը կոչում էին Գյավուրղալա (անհավատների բերդ)։

Ք.ա. III-II հազարամյակներին պատկանող բերդերի մնացորդ­ներ են հայտնաբերվել Աղդամի մոտակայքում և Ֆիզուլիի շրջանում։

Վերոհիշյալ բերդերը պարփակված են եղել 3 մետր հաստու­թյամբ անմշակ քարերից կառուցված կիկլոպյան պարիսպներով։ Բնակավայրերի կառուցապատումը անկանոն է՝ ծուռումուռ նրբանցքներով։ Ճարտարապետական հատակագծային տեսանկյունից դրանք շատ նման են Երևանից ոչ շատ հեռավորության վրա գտնվող Շենգավիթ բնակավայրին։ Անգամ Արցախի պատմության անգերազանցելի կեղծարարներից մեկը՝ Դ. Ախունդովը նկատել է այդ նմանատիպությունը։

Նմանօրինակ հուշարձաններից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Հադրութից 8 կմ հեռավորության վրա գտնվող կիկլոպյան շարվածքով բերդի մնացորդները։ Պահպանվել է 160մ երկարությամբ և 3մ հաստությամբ ամրոցի պարսպաշարը, ինչպես նաև 3 աշտարակները, որոնցից 2-ը ունեն 7մ, իսկ մեկը՝ 12մ շրջագիծ։ Ամրոցի տարածքում հայտնաբերված կլոր և օվալաձև շարվածքով բնակարաններն ու տնտեսական շինությունները վկայում են, որ այդ բլրին ժամանակին եղել է բնակավայր, որը մոտովորապես I-III դարերում վեր է ածվել բերդավանի։

Արցախի բարդ ռելիեֆը թելադրել է առանձին բնակավայրերում բնակարանը կառուցել գետնի կամ ժայռերի մեջ՝ ամբողջովին կամ կիսաթաղ վիճակում։ Սենյակների չափերի մեծության դեպքում նրանց քարե ծածկերը հենվել են փայտյա սյուներից ու հեծաններից կազմված հիմնակազմիչ համակարգի վրա։ Քարակերտ նման բնակարանները հանդիպում են շրջանաձև, օվալաձև և ուղղան­կյուն (Քաշաթաղ, Քարավաճառ, Բերդաձոր, Հադրութ, դաշտային Ղարաբաղ) հատակագծերով։ Առաջանալով էնեոլիթի վերջին շրջանում, դրանք հաջորդ դարաշրջանններում որոշ կատարելագործ­ման են ենթարկվել՝ սենյակների չափերի ու կազմի, ինչպես և գործադրած շինարվեստի տեսակետից:

Հայկական շինարարական ավանդույթների հետագա զարգաց­ման ու զգալի կատարելագործման հիմքերի վրա Հայաստանի տարբեր հատվածներում կառուցվել են տասնյակ քաղաքներ, քաղաքատիպ ավաններ, պալատներ, տաճարներ, կամուրջներ, հյու­րանոցներ, թատրոններ, բաղնիքներ։

«Նոր քաղաքների ծաղկումը,- գրել է Ս. Երեմյանը,- որոնք ար­դեն ոչ միայն ռազմավարչական, այլև առևտրաարհեստագործական կենտրոններ էին, քաղաքներ բառի բուն իմաստով, սկսվում է Ք.ա. 3-1-ին դդ.»80։

Հայկական քաղաքները կառուցվում էին կարևոր ճանապարհ­ների վրա՝ բացառապես պետական միջոցներով ու թագավորական քաղաքներ էին։

Սակայն, տարաբախտաբար, այդ հուշարձաններից միայն հազվագյուտ նմուշներ են հասել մեզ։

Հայոց Տիգրան Մեծ արքայի (Ք.ա. 95-55թթ.) կողմից հիմնված և իր իսկ անունը կրող 4 քաղաքներից մեկը գտնվում է Արցախի Շահբուլաղ ամրոցից հյուսիս-արևելք՝ Վանքասարի ստորոտում՝ Թարնոյուտ (Թառնագյուտ) գյուղի կամ Գյավուրղալա քաղաքատեղիի տարածքում։ Տիգրանակերտը շարունակել է գոյատևել նաև վաղ միջնադարում81։ Տիգրանի անունով քաղաք կառուցվել է նաև Ուտիքում։ Ք.հ. առաջին դարում Պարտավը դառնում է առևտրի և արհեստագործու­թյան կենտրոն, կատարելով քաղաքատիպ ավանի դերակատարու­թյուն։

Ճարտարապետությանը զուգընթաց որոշակի զարգացում են ապրել նաև քանդակագործությունն ու նկարչությունը։ Հայ և օտար սկզբնաղբյուրներից հայտնի է, որ հայկական հեթանոսական տաճարներում եղել են կավից, մարմարից, փղոսկրից, ոսկուց, արծաթից և այլ նյութերից շինված աստվածների և թագավորների մեծ ու փոքր քազմաթիվ արձաններ։ Սակայն այդ արձաններից մեզ մի քանի նմուշներ ու բեկորներ են հասել։

1898թ․ գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը, ուսումնասիրելով Զարուխ գյուղի մերձակայքում գտնվող հնավայրը, հայտնաբերել է մի շարք քանդակների բեկորներ, որոնք, նրա կարծիքով, հայկական ծագում ունեն։ «Այդ քանդակները,- գրել է Ռյուսլերը,- պատկերում են թամքած երիվարներ՝ լիակատար ռազմական հանդերձանքով։ Ամենայն հավանականությամք այսօրինակ քարերը հին հայկական գերեզմանոցների մահարձանների թվին են պատկանում»։

Առանձնակի նշանակություն ունեն կանացի արձանիկները, որոնք խորհրդանշում էին կյանքի, հարատևման, պտղաբերության, արգասավորման, մայր աստվածության գաղափարը։ Ֆիզուլու շր­ջանի Գալագյաղ բնակավայրում հայտնաբերված կնոջ երկու արձանիկները վերագրվում են Ք.ա առաջին դարի հելլենիստական մշակույթին։

Արցախի որոշ բնակատեղերից հայտնաբերվել են նաև տղամարդու արձանիկներ, որոնք, բացի երկրագործական պաշտամունքի առարկաներ լինելուց, հավաստում են հայրիշխանական նահապետական հարաբերությունների հաղթանակը։ Դրա մասին է վկայում Ասկերանի շրջանի Բալլուջա գյուղի տարածքից հայտնաբեր­ված և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում պահպանվող տղամարդու դեմքով և կենդանու մարմնով արձանիկը։

Նկարչական արվեստի գոյության և զարգացման մասին է վկայում Արցախի տարբեր դամբարաններից գտնված նախշազարդ հատկապես կարմիր գույնի դոմինանտությամբ խեցեղենը։

1883թ գնդապետ Վեյս-Ֆոն–Վեյսենհոֆը դաշտային Ղարաբաղում՝ ներկայիս Աղջաբեդու շրջանի Բայաթի տարածքից հայտնաբերել էր ջնարակված աղյուս և խեցեղեն նմուշներ83։ Դեռևս Ք.ա. 4–3-րդ հազարամյակներում, հայ ժողովրդի կազմավորման գործընթացին զուգընթաց, սկսում է ձևավորվել հնագույն հայկական կրոնը։ Հին հայկական հավատալիքների մեջ զգալի տեղ էին գրավում բնապաշտական, կոսմոգոնիական ըմբռնումները։ Չկարո­ղանալով ճանաչել բնության և կյանքի շատ ու շատ երևութները, մարդը նրանց գերբնական ուժ էր վերագրում կամ համարում էր նման ուժերի գործողությունների արգասիք։

Հայոց Արևելից նահանգներում ամենագլխավորը արևի պաշ­տամունքն էր։ Ք.ա.2-րդ հազարամյակի վերջերին և առաջինի սկզբներին պատկանող Արցախում հայտնաբերված հիասքանչ բրոնզե գոտիների վրա արևը պատկերվում է անիվի, սայլի, մարտակառքի ձևով։ Սրանց վրա կամ կողքին գծանկարվում են արևի ու ամպրոպ-կայծակի սպառազեն մարդակերպ աստվածություններ։ Արև-աստվածն իր երկնային օրապտույտը կատարում էր ոչ միայն մարտակառքով, մակույկով, այլև հրեղեն ձիերի օգնությամբ։

«Արևաբնակ» մարդկանց կամ ոգիների բազմաթիվ ֆիգուրներ կան Ուտիքի Շակաշեն գավառի ուշ բրոնզեդարյան դամբարանային դրվակազարդ խեցեղենի վրա 84։

Քրիստոնեական հուշարձանների (Ասկերանի շրջան գյուղ Սղ­նախ) վրա նույնպես պահպանվել են հեթանոսության ժամանակաշրջանում արևի ու աստղերի պաշտամունքը վկայող քանդակները85։

Երկրամասում տարածված էին տոտեմական և որսորդական հավատալիքները։ Հայ ժողովրդական հեքիաթները, առասպելները, էպոսը լի են որսորդ նախնիների, դյուցազունների, աստվածների կերպարներով, որոնք մարտնչում էին վիշապ օձերի, դևերի դեմ։ Այդ մասին են վկայում ուշ բրոնզեդարյան գոտիների գծազարդ պատկերները որսորդական սյուժեներով։

Շամքորում գտնված գոտու վրա ներկայացված են դիմակավորված ու զգեստավորված կիսամարդակերպ սպառազեն որսորդների կերպարներ, որոնք հետապնդում են եղջերուների։ Այս պատկերի մեջ շեշտված են անտառների ու որսի աստվածությունները։

Եթե նախորդ շրջանում հայկական կրոնի մեջ գերակշռում էին բնապաշտական և կոսմոգոնիական պատկերացումները, ապա հել­լենիզմի դարաշրջանում վերջնականապես ձևավորվում է ամբողջ հայ ժողովրդին պատկանող մարդակերպ աստվածների մի համակարգ, երբ յուրաքանչյուր աստծու կամ աստվածուհու հատկացվում էր իր որոշակի տեղն ու դերը և ընդգրկում էին ոչ միայն բնության երևույթները, այլև հասարակական հարաբերությունների ոլորտնե­րը։ Արցախում տեղ է գտել արևի և արդարադատության աստված Միհրի պաշտամունքը։ Ղազախ քաղաքի արվարձաններում պահ­պանվել է հեթանոսական տաճարի մնացորդներ, որը նվիրված էր Միհր աստծուն։

Ամենայն հավանականությամբ Դադի վանքի տեղում նույնպես եղել է Միհր աստծու տաճար։

Արցախում և Ուտիքում տարածված էր նաև Արամազդի ու Անահիտի պաշտամունքը։

Քարավաճառի շրջանի Չաղրթաղի խաչքարերի վրա պահ­պանվել է Արամազդ աստծո խորհրդանիշը հանդիսացող քանդակը։ Դիոն Կասիոսի վկայությամբ Կուր գետի առափնյա հատվածում Անահիտի անվամբ կար առանձին մարզ։

Արցախի հնագույն մշակույթի անբաժանելի մաս է կազմում նրա բարբառը։ Նրա տարածման սահմանների մեջ է մտնում Արցախը, Ուտիքը, Փայտակարանը, Սյունիքը։

Արցախահայութունը բազում դարեր շարունակ, անտեսելով դժ­վարություններն ու կյանքի մատուցած անակնկալները, անաղարտ է պահել ոչ միայն երկրի սահմանը, այլև իր հյութեղ բարբառը, որը հետագա հարյուրամյակներում նոր բնագծերի նվաճման հիմք դարձավ։
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ

Արտաշեսյանների դինաստիայի անկումից հետո 1թ. մինչև 52թ. Հայաստանը հայտնվեց հռոմեա-պարթևական հակամարտության ոլորտում։ Հայ ժողովուրդը արմատներով մոտ լինելով պարթևնե­րին, այդ պայքարի ընթացքում առավել շատ հակված էր դեպի Արշակունիները և աջակցում էր նրանց։ Միաժամանակ Հայաստանում հռոմեացիների վարած քաղաքականության հետևանքով ծայրահեղ դժգոհություն էր տիրում նրանց դեմ։ Հենց այս հանգամանքներն էլ օգտագործեց Վաղարշ Ա Արշակունին։ Շուտով Վաղարշ Ա-ի եղ­բայր Տրդատը հայ-պարթևական միացյալ ուժերով Հայաստանից դուրս մղեց հռոմեացիներին։ 64թ. Հռանդեայում կնքված հաշտու­թյամբ Հռոմը ճանաչում էր Տրդատի գահակալությունը Հայաստանում։ Սակայն Արևելքում լիովին չհեղինակազրկվելու համար Ներոն կայսրը պայմանագրի մեջ կատարեց մի վերապահություն. այն է՝ Տրդատը անձամբ պիտի ներկայանար Ներոնին և նրանից ստանար արքայական թագ։ Տրդատը մեծ շուքով ընդունվեց Հռոմում և Ներոնի կողմից ստացավ թագ ու հանդերձանք։ Վերադառնալով Հայաստան՝ նա 66թ. Հայոց նախկին պետության աշխարհագրական սահմաններում հիմնադրեց հայ Արշակունյաց թագավորու­թյունը։

Հետաքրքիր է այն փաստը, որ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քար­տեզում Արցախը դիտվում է որպես նոր պետության առաջատար նահանգներից մեկը89։ Այս իրողությունը ժամանակին արձանագրել են Ք.ա. առաջին դարից մինչև Ք.հ . հինգերորդ դարն ապրած հույն և հռոմեացի մատենագիրները։

Ստրաբոնը վկայում է. «Հայաստանի ներսում կան շատ լեռներ և շատ լեռնադաշտեր, որոնց մեջ խաղողի այգին հեշտությամբ չի աճում. նաև շատ հովիտներ, ոմանք չափավոր, ոմանք էլ շատ բերրի, ինչպես Արաքսենի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Աղվանքի ծայրը և թափվում է Կասպից ծովը, և սրա հետ Շակաշենը՝ (Ուտիքը–Վ.Բ.) սահմանակից Աղվանքին և Կուր գետին, հետո Գուգարքը…»90։

Պլինիոս Ավագը գրում է. «Աղվանները տարածված են Կովկասյան լեռների վրա և նրանց երկիրը ձգվում է մինչև Հայաստանի և Իբերիայի սահմանը հանդիսացող Կուր գետը»91։ Իսկ Պտղոմեոսը գրում է. «…Կուրը, որ հոսում է ողջ Իբերիայով և Աղվանքով՝ նրանից անջատելով Հայաստանը»92։ Դիոն Կասիոսը, նկարագրելով Պոմպեոսի արշավանքը, խոսում է ալբանացիների մասին, «որոնք ապրում են Կուրից վեր»93։ Ստեփանոս Բյուզանդացին Կուրի աջափնյակը համարում է հայկական, հաստատելով նաև, որ «Օտինան(Ուտիքը) Հայաստանի նահանգն է»94։

Հին Հայաստանի աշխարհագրության ամենանշանավոր երկը՝ Շիրակացու «Աշխարհացոյց»-ը, որը Արշակունյաց Հայաստանի իրական վիճակի նկարագրությունն է տվել, հայ-աղվանական սահ­մանի վերաբերյալ նշել է. «Աշխարհն Աղուանից, որ ընդ մեջս է գետոյն Կուրայ և Կովկաս լերինն»95։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանի 19-րդ դարի առաջին կեսի հասարակական գործիչ ու գիտնական Աբաս Կուլի-Աղա Բաբիխանովը, շարադրելով արևելյան Այսրկովկասի պատմությունը, եկել է հետևյալ եզրահանգմանը. «Դատելով զանազան հանգամանքներից ու աղբյուրների տեղեկություններից, կարե­լի է եզրակացնել, որ Կուրի աջափնյակը՝ մինչև Արաքսի հետ միախառնվելու տեղը կազմել է Հայաստանի մասը»96։

Արշակունյաց հարստության շրջանում, ավատատիրական կարգերի սկզբնավորման և ժառանգական հողատիրության ինստի­տուտի ձևավորման ընթացքում պարարտ հող է նախապատրաստվում կենտրոնախույս ուժերի տարանջատման և գավառական իշխանությունների ու թագավորի միջև հակամարտության համար։ Արշակ Բ-ի կառավարման տարիներին (350–368թթ.) Արցախի Առանշահիկները հայոց մի շարք նահանգների նախարարական տների հետ միասին իրենց դուրս համարեցին Արշակունյաց գերագահության վարույթից։ Սակայն շուտով Պապի ժամանակ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը պատժեց անհնազանդ իշխաններին և հյուսիսում նորից սահման դարձրեց Կուր գետը՝ «ինչպես որ առաջ էլ եղել էր»97։ Այս իրողություններն արտացոլվել են Հայոց արքունի­քում նախարարների պատվաստիճանն ու զբաղեցրած տեղերը վավերացնող պետական փաստաթղթում՝ «Գահնամակում» և նախարարների ռազմական ուժը ցույց տրվող «Զորանամակում»։ Ըստ վերջինի՝ Փայտակարանը հայ կենտրոնական բանակին տալիս էր 300 զինվոր և նրանց նախարարը գրավում էր արքունիքի 70 բարձերից իններորդ տեղը, իսկ Ուտիքի իշխանը նույն բանակին տրամադրում էր 1000 զինվոր98։

Ճակատագրի քմահաճ բերումով Հայքը, սփռված լինելով արևելքից արևմուտք տանող տարանցիկ ճանապարհների խաչմերուկում, հզոր տերությունների համար հայակործան պատերազմների թատերաբեմ է եղել։ Մինչև 4-րդ դարի երկրորդ կեսը աշխար­հի չորս կողմերից Հայաստան խուժած հորդաները, դեմ առնելով հայ բազկին, հողմացրիվ էին լինում։

Մեծ Հայքի կործանման գործում առանձնակի ակտիվություն էին ցուցաբերում Սասանյան Պարսկաստանն ու Բյուզանդական կայսրությունը։

387թ. պարսկա-բյուզանդական համաձայնությամբ Մեծ Հայքի թագավորությունը ծվեն-ծվեն արվեց երկու բռնակալ տերությունների միջև։ Հայաստանի արևելյան հատվածը անցավ Պարսկաստանին, իսկ արևմտյանը՝ Բյուզանդիային։ Դեռ ավելին, հայ նախարարների դիմադրական ուժը լիովին կոտրելու նկատառումով «…նրանից էլ շատ գավառներ այս և այնտեղ խուզվեցին… և այն ժամանակ և այնուհետև հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեցավ, նվազեցավ, իր նախկին մեծությունից ընկավ․․․ և երկուսի աշխարհներից (խոսքը վերաբերում է Հայաստանի բյուզանդահպատակ մասի թագավոր Արշակին և պարսկահպատակ մասի թագավոր Խոսրովին-Վ.Բ.) մի փոքր մասը մնաց երկու թագավորներին»99։ 387թ. բաժանման համաձայն՝ դեռևս 363թ. «ամոթալի դաշնագ­րից» մի քանի տարի անց անջատված Մեծ Հայքի ծայրամասերը, որոնք այնուհետև վերամիավորվել էին Պապի թագավորության տարիներին, կրկին անջատվեցին։ Դրանք էին Ուտիք, Բաղասական աշխարհները, ինչպես և «Մարաց ամուր աշխարհը» և Գուգարքի հյուսիսային գավառները։ 387թ. դաշնագրի համաձայն սրանց գու­մարվեցին բդեշխությունները՝ Աղձնիքը, Կորդուքը, Նոր–Շիրականը, Գուգարք նահանգն ամբողջովին, ապա հետագայում, Վարդանանց ապստամբությունից հետո, նաև Արցախ նահանգը։ Սրանք ծայրամասային, «եզրային» նահանգներ էին՝ 103359 քառ. կմ ընդհանուր տարածությամբ100։

Այդպիսով՝ Մեծ Հայքն ընդմիշտ մասնատվում էր, մնում էր Միջ­նաշխարհը՝ Բարձր Հայք, Ծոփք, Ծոփք Մեծ, Տուրուբերան, Մոկք, Վասպուրական, Սյունիք, Տայք, Այրարատ նահանգները՝ 184916 քառ. կմ ընդհանուր տարածությամբ։ Միջնաշխարհն իր հերթին բաժանվում էր երկու մասի. նրա արևելյան մեծագույն մասը՝ 73%-ը (երեք քառորդից ավելին)՝ 134341 քառ. կմ տարածությամբ, ենթարկվում էր Սասանյան Իրանին, իսկ 27%-ը (գրեթե մեկ երրորդը), այն է՝ 50575 քառ.կմ, անցնում էր Հռոմեական կայսրությանը101։

Արշակ Գ-ի մահից հետո հույներն իրենց բաժնում այլևս թագավոր չնշանակեցին։ Այդպիսով՝ Արևելյան Հռոմեական կայսրության հպատակ Արևմտյան Հայաստանը կորցրեց իր պետականությունը։ Հայ ժողովրդի համար սկսվեց մղձավանջային մի շրջան։

Նման անփառունակ վախճան պիտի ունենար նաև Արևելյան Հայաստանը։

Սակայն միառժամանակ դեպքերը զարգացման այլ ընթացք ունեցան։ Ուրիշ կերպարանք ստացավ քաղաքական կյանքը Արևե­լյան Հայաստանում։ «Հայաստանի բաժանմամբ նրա մեծագույն մասը դարձել էր Սասանյան Պարսկաստանից վասալական կախում ունեցող մի երկիր, որն արդեն ձևաորված նախարարական իրավունքի հիման վրա պահպանել էր իր ներքին ինքնավարությու­նը»102։

Պարսից արքայից արքան, հայ նախարարական տների հզորությունը հաշվի առնելով, դեռևս չէր համարձակվում Հայոց երկիրը գահազուրկ անել։ Պարսկական բաժնում կախման մեջ դրված, ժամանակավորապես իր գոյությունը պահպանող Արշակունյաց թագավորությունը սկսում է ապրել իր հոգեվարքը և աստիճանաբար կորցնում ազգապահպանման գործում որոշակի դեր կատարելու իր վաղեմի ունակությունները։ Պարսկական արքունիքը, օգտագործե­լով քաղաքական, ռազմական ու տնտեսական լծակները, ամեն գնով փորձում է անդառնալիորեն կործանել Արշակունյաց թագավորության դարերով մշակված, համակարգված վարչական հաս­տատությունները, դրանով հայ ժողովրդի վզին փաթաթելով օտար վարչակարգ։ Նման ձևով են վարվում բոլոր ժամանակների բռնավորները, պարզ գիտակցելով, որ անիշխան ժողովուրդը վերջ ի վերջո դատապարտված է կործանման։ Այս պայմաններում էլ Արցախն ու Ուտիքը շարունակում են պահպանել իրենց հայեցի ոգին։

Հայերեն գրերի տարածմանը վերաբերող աղբյուրներում հանգամանորեն խոսվում է նաև Հայոց Արևելից կողմանց գավառների մասին։ Կորյունը վկայում է, որ Մ.Մաշտոցը Գարդմանքում (Ուտիք) ոչ միայն գիր ու դպրություն է տարածում, այլև զբաղվում է քարոզչական գործով։ Մաշտոցը լուսավորական լայն գործունեություն է ծավալում նաև Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր Փոքր Սյունիք103։ Նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում, ըստ ավանդության, Սեսրոպ Մաշտոցը բացել է առաջին դպրոցներից մեկը։

Վռամ Ե արքան, հայ նախարարների անհամերաշխությունից օգտվելով և նրանց մի մասի համաձայնությունը ստանալով, 428թ. գահընկեց արեց վերջին Արշակունի գահակալ Արտաշեսին։ Հայոց երկիրը դարձել էր Սասանյան պետության մարզերից մեկը։ Սասանյանները ունեին հեռուն գնացող նպատակներ. վերջնականապես իրենց ենթարկել Այսրկովկասը, այն դարձնել պարսից տերության մի մասը, ոչնչացնել հայերի, վրացիների և աղվանների քաղաքական ու մշակութային անկախությունը։

Այդպիսի հանգամանքներում ստեղծվում է նաև Աղվանից մարզ­պանությունը։ Վարչական այս նոր միավորի ծնունդը տարածաշր­ջանում առաջացրեց քաղաքական, սոցիալ-տնտեսական ու տարածքային նորորակ փոփոխություններ։ Որպես հետևանք Հայաստանից անջատվեցին ու Աղվանքին միացվեցին Արցախ և Ուտիք նահանգները և Աղվանք վարչաքաղաքական միավորի հարավային սահմանը առաջին անգամ հասցվեց մինչև Արաքս գետը։

Հարկ է նկատել, որ Սասանյանները նման գործ ձեռնարկեցին Արշակունյաց հարստության կործանումից անմիջապես հետո, սակայն Արցախի հայության անզիջում դիմադրության հետևանքով այդ ծրագիրը մնաց անկատար մինչև 450-ական թվականները։

Դրա մասին է վկայում նաև Եղիշե պատմիչի մի հաղորդում, ըստ որի մինչև Ավարայրի ճակատամարտը Վասակ Սյունին պառակ­տիչ գործունեություն էր ծավալում նաև «ամենայն կողմանս ամրականաց աշխարհին, ի Տմորիսն և ի Կորդիսն, յԱրցախ և յԱղուանսն, ի Վիրս և յաշխարհն Խաղտեաց»104։

Այս քննությունից կատարելիք միակ եզրակացությունն այն է, որ Արցախն ու Ուտիքը հայոց մյուս նահանգների հետ միասին ճակատ հարդարելով շարունակում են պայքարը բոլոր այն արհավիրքների դեմ, որ, սկսած միասնական հայկական թագավորության անկումից(428թ.), բերում էին օտար բռնակալները։
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Անտիկ աշխարհի մայրամուտին ձևավորվող քրիստոնեությունը 1-2-րդ դարերում բավական տարածվել է արևելյան երկրներում։ Հռոմեական կայսրության արևելյան նահանգներում՝ Ասորիքում, Պաղեստինում, Կապադովկիայում հիմնավորվելով այդ ուսմունքը տարբեր ձևերով թափանցում էր Հայաստան։

Մ.թ. 34թ. Եդեսիա է գալիս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը Թադեոս անունով (Ադդէ)105։ Այստեղից քարոզչական նպատակնե­րով Հայաստան է գալիս, ենթարկվում հալածանքների և նահատակվում Արտազ գավառում։ Իսկ Բարդուղիմեոս առաքյալի քարոզչության կենտրոնը եղել է Անձևացոց գավառը։ Ըստ ավանդու­թյան նա քարոզել է նաև Հայաստանի այլ կողմերում՝ Գողթնում, Աղբակ գավառում, ուր և նահատակվել է։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Բարդուղիմեոսը Սյունիքում հաստատում է եպիսկո­պոսական աթոռ106։

Մ.Կաղանկատվացու հավաստմամբ Թադևոսին բաժին էր ընկել Հայաստանի մի մասը՝ քրիստոնեություն էր տարածում արևելյան կողմերում, այնուհետև «եկավ հռչակվելու արժանի մարտնչողը և երիցս երանելի Գրիգորիսը»107։

Թադևոսի նահատակությունից հետո կիսատ գործը շարունակեցին նրա աշակերտները, որոնցից մեկը՝ Եղիշեն, Երուսաղեմի առաջին հայրապետ Սուրբ Հակոբից ձեռնադրություն ստանալով, քրիստոնեություն է տարածել Արցախում և Ուտիքում։ Նա Ուտիքի և Արցախի սահմանագլխին, Գիս վայրում կառուցել է եկեղեցի։ Քրիստոնեական հավատի հակառակորդները Զերգունի դաշտում Հոմենք կամ Բոմեն(այժմ Բում գյուղը Կուտկաշենի շրջանում) բնակավայ­րում սպանում են Եղիշեին։ Հավատացյալները սրբի մասունքները հավաքում և հողին են հանձնում Ուռեկան գյուղում։ Ստեփանոս քահանան էլ մասունքներից սրբի գլուխն առանձին պահ է տվել հողին։ Հետագայում այն ամփոփվել է Ջրվշտիկ վանքում, իսկ դրանից հետո պիտի կոչվեր Գլխովանք կամ Եղիշե առաքյալ։

Հետագայում Եղիշեի նահատակության վայրում հուշասյուն է կանգնեցվել. « …յետ բազում ժամանակաց բարեպաշտն Վաչագան՝ Աղուանից արքայ, կանգնեաց սիւն ի գրի նահատակութեանն Եղիշայի…»108։

Թադևոս առաքյալի աշակերտներից մեկ ուրիշը՝ Դադին կամ Դադոյին Արցախում քրիստոնեություն է քարոզել և այստեղ էլ նահատակվել, «Դադին՝ մի եւթանասնիցս, որ գնաց հրամանաւ Թադեի ի Մեծն Հայք կողմաս հիւսիսոյ, և լուծալ զմահն Աբգարու դարձավ և եմուտ ի Փոքր Սիւնիք, և տեղին շինեցյալ վանք և յանուն նորա կոչեցալ Դադիու»109։ Փաստորեն այդ ժամանակ նահատակ­ված քարոզչի գերեզմանի վրա էլ վաղ միջնադարում կառուցվել է առաջին սրբատունը։ Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վե­րակառուցվել է և դարձել միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ և մեծարժեք շինություններից մեկը։

Եղիշեի մյուս աշակերտներին նույնպես բաժին հասավ դաժան ճակատագրից։ Բոլոր քարոզիչ նահատակների գերեզմանների տեղում հետագայում կանգնեցվել են կոթող-հուշասյուններ, մատուռներ կամ, ավելի ուշ՝ եկեղեցիներ։ Հիշենք, թեկուզ, նահատակված Քահալցիցիկի գերեզմանը Վարդաշենի մոտ, Գյումրատայինը՝ Ծե­րիկ գյուղում, Վլասինը՝ Նիժում, իսկ Գրիգոր Լուսավորչի թոռ Սբ.Գրիգորիսինը՝ Վատնյան դաշտում (այժմ՝ Բիլիջի շրջան)110։

Տրդատ Գ-ի կառավարման տարիներին վճռական քայլեր կատարվեց քրիստոնեական հավատքը Հայաստանում ոչ միայն տարածելու ու արմատավորելու, այլ նաև պետական կրոն հռչակելու բնագավառում։

Տրդատ Գ-ի հրամանով Մեծ Հայքի բոլոր նահանգների «ընտիր իշխանները, կուսակալները, կողմնակալները, հազարապետները, բյուրավորները»111, այդ թվում Ծավդեից (Արցախ) իշխանը, հավաքվել և Գրիգոր Լուսավորչին ուղեկցել են Կեսարիա քաղաքը, որտեղ նրան Հայոց երկրի քահանայապետ են օծել։

Ծավդեից անանուն այդ իշխանը Հայոց Արևելից կողմերի աշ­խարհիկ տերերից առաջինն էր, որը Եփրատի սուրբ ջրերում մկր­տություն ընդունելով ձեռնամուխ եղավ Արցախում քրիստոնեու­թյան արմատավորման գործին։ Նրան ամենուր աջակցում էր Հայոց առաջին հայրապետը՝ Գրիգոր Լուսավորիչը։ Նա Արցախի Հաբանդ գավառի Ամարաս ավանում հիմնադրել ու կառուցել է Հայոց երկրի առաջին եկեղեցիներից մեկը։

Ըստ ավանդության՝ եկեղեցու շինարարությանը հետևելիս՝ Գրի­գոր Լուսավորիչը ամեն առավոտ բարձրանում էր Ամարասի դիմացի բլուրը, կատարում լուսաբացի իր աղոթքը։ Այդ պատճառով էլ այն բլուրը առ այսօր Լուսավորչի սար է կոչվում։

Քրիստոնեության տարածման այս նախնական շրջանում Հայաստանի և հարևան երկրների բնակչության զգալի մասը դեռևս հե­թանոս էր, այդ իսկ պատճառով հատուկ դեր էին կատարում քարո­զիչները՝ քորեպիսկոպոսները, որոնք գնում էին ծայր գավառներն ու այդ երկրների առավել հետամնաց շրջանները՝ կրոնական նոր ուս­մունքը տարածելու։ 4-րդ դարում Վեկերտի Հոբ անունով մի քահանա քրիստոնեություն տարածեց Արցախի Պարսկանք կոչված գավառում։

Այդ քարոզիչներից առանձնապես հայտնի է Գրիգորիս եպիսկոպոսը։ Հայտնի է, որ Գրիգոր Լուսավորչի օրոք միայն բուն Հայաստանում գոյություն են ունեցել շուրջ 400 եպիսկոպոսական թեմեր։ Վրթանեսը իր 15-ամյա որդուն՝ Գրիգորիսին կարգում է Հայոց Արևելից գավառների եպիսկոպոս։ Չնայած երիտասարդ հասակին, Գրիգոր Լուսավորչի թոռը իր եռանդուն գործնեությամբ, խս­տաբարո վարքով և պահվածքով մեծ ազդեցություն ունեցավ նորադարձ ժողովրդի վրա, վերանորոգեց ու շինեց եկեղեցիներ, ավար­տին հասցրեց իր պապի կողմից հիմնադրած Ամարաս ավանի եկեղեցին, որը դառնում է ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Աղվանքի հոգևոր կենտրոններից մեկը։ Նա հորդորեց ամենքին՝ զորանալ իրենց նոր հավատքի մեջ։ Գրիգորիսի համբավը տարածվում է նաև հարևան Աղվանից երկրում։ Արցախում և Ուտիքում իր եկեղեցական գործերը կարգավորելուց հետո քարոզչական գործունեության է գնում Աղվանք։ Այս երկրի Սանեսան թագավորը մինչ այդ քրիս­տոնեություն էր ընդունել։ Գրիգոր Լուսավորչի կողմից կարգված Աղվանքի հույն եպիսկոպոսի մահվանից հետո Սանեսան թագավորի համաձայնությամբ երկրի հոգևոր պետ է կարգվում Գրիգորիսը։ Անդրկուրյան տարածքներում վաչկատուն մազքութների շրջանում քրիստոնեական հավատքը տարածելու ընթացքում Գրիգորիսը նահատակվում է Վատնյա դաշտում։ Գրիգորիսի հետ գնացած սար­կավագները նահատակի մարմինը բերում են Հաբանդ գավառը և թաղում Ամարասի վանքում։ «Եւ ապա բարձին գնա որք ընդ երթեալ էին գավառէն Հաբադյալ, և բերին ի գավառն իւրեանց և կողմանս Աղուանից, ի սահմանս Հայոց ի Հաբանդի ի գեօղն որ անուանեալ կո­չի Ամարազ։ Եւ եղին զնա առ եկեղեցաւն, զոր շինեալ էր առաջնույն Մեծին Գրիգորի, հաւուն Գրիգորիսի՝ քահանայապետի մեծի աշ­խարհ հին Հայաստան երկրին»115։

«Այնտեղ նրան դրեցին եկեղեցում՝ հյուսիսային կողմից բեմի մոտ։ Զաքարիայի սուրբ արյունք լցրին մի սրվակի մեջ, մի այլ սրվակի մեջ էլ դրին երանելի Պանդալեոնի նշխարները։ Երկու շշերն էլ տեղավորեցին ամենասուրբ մանուկ Գրիգորիսի մասունքների հետ»116։

Հայոց Արևելից գավառներում քրիստոնեության դարձի հաջորդ շրջանը կապված է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Հայերեն նշանագրերը ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը, ինչպես ասում է Խորենացին, «բոլոր գավառներում դպրոցներ հիմնեց և պարսից բաժնի բոլոր կողմերը սովորեցրեց, բացի հունական մասից»117։

Մեսրոպագիր առաջին դպրոցներից մեկն էլ բացվում է Ամարասում։ Հայերեն գիրն ու դրա հիմքերի վրա ստեղծվող դպրոցներն ու գրականությունը նաև զորեղ միջոց են դառնում քրիստոնեական կրոնը և գաղափարախոսությունը Հայաստանում ամրակայելու գործում։ Հայոց գրերի և քրիստոնեական հավատքի միջոցով էր հնարավոր պահպանելու ժողովրդի միասնությունը։ Դա իր հերթին նպաստում էր ստեղծելու ազգային ինքնագլուխ եկեղեցի, որը դարեր շարունակ կատարելու էր լուսավորական ու ազգապահպան դեր։ Մաշտոցը, բացի քրիստոնեություն և հայկական դպրություն տարածելուց՝ շատ տեղերում հաստատում է վանքեր, «և դարձյալ վանականների շատ և անհամար խմբեր շեն և անշեն տեղերում… բնակեցնելով հաստատեց»- գրում է Կորյունը118։

Մեսրոպ Մաշտոցի Արցախում քարոզչական զործնեության մասին է վկայում նաև Գիս ավանում Վաչագան Բարեպաշտի կողմից հայտնաբերված մեծ լուսավորչին պատկանող խաչը, որը հետապնդողներից փրկվելիս այս ավանում էր թաղել Մաշտոցը։ Այս անգամ սրբությունը տարվում է «Ի սուրբ եկեղեցին և ինքնին մեծ իշ­խանն և սուրբ հայրապետն ամենայն մեծամեծօքն անդ հասանեին, և ակն սրբոյ Մաշտոցի իւր իսկ ձեռաց լեալ էր, որով դարձուցաներ զաշխարհս Աղուանից ի կռոց մոլորութենէ»119։

Փաստորեն քրիստոնեությունը մինչև 5-րդ դարի առաջին կեսը Արցախում և Ուտիքում հասարակության առանձին խմբերի հա­վատ լինելուց դառնում է ամբողջ ժողովրդի կրոնը։ Քաղաքական անկախությունը կորցնելուց քիչ առաջ սկսված այս պայքարի գործը հետագայում Վաչագան Բարեպաշտի օրոք ավելի ևս ընդարձակվում է։
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 5-ՐԴ ԴԱՐԻ ՀԱԿԱՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Թեև 428 թվականից հետո հայոց երկիրը զրկվել էր սեփական թագավորից, սակայն հասարակությունը չի դիմազրկվել, շարունակում է գործել որպես ինքնուրույն համակարգ։ Նոր պետական հաստատության՝ մարզպանության կողքին լիարյուն գործում էին Արշակունյաց ժամանակաշրջանի գործակալությունները։

Նոր պայմաններում, չնայած Սասանյանները Հայոց եկեղեցին առել էին իրենց անմիջական հսկողության ներքո, բայց հաստատությունը մնացել էր նույնը։ Դեռ ավելին, միասնական թագավորաթյան բացակայության պայմաններում, Հայ առաքելական եկեղե­ցին անգնահատելի դեր կատարեց հասարակության բոլոր խավերի համախմբման և հայ ոգու ու ինքնության պահպանման գործում։ Այս պայմաններում եկեղեցու կշիռը բավականին աճել էր։ Իրավացի է Հ.Մանանդյանը, որը քննության առնելով վերոհիշյալ ժամանակաշրջանում հայ նախարարական տների իրավաքաղաքական կարգավիճակը, գրել է. «428 թվականից հետո Պարսկական Հայաստանի նախարարական ինքնավար կազմակերպության մեջ զգալի փոփոխություններ չէին եղել»120։

Փաստորեն ժամանակի հայ հոգևոր և ավատական վերնախավի մի մասի նուրբ ու ճկուն քաղաքականության շնորհիվ, մեղմելով պարսկական արքունիքի հայակուլ նկրտումները, երկիրը պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը, նախարարությունների ինքնավար վարաչաձևը, հայաշունչ ոգին ու քրիստոնյա կրոնաբարոյական վարքագիծը։

Այս ամենը ոչ միայն հայ ժողովրդի պայքարի ու մաքառումների, այլև հազարամյակների ընթացքում Հայաստանում ստեղծված ու զարգացած պետական մարմինների կենսունակության և կատարե­լության արդյունքն էր։


Տիզբոնը, սկսած 5-րդ դարի քառասունական թվականներից (438թ. գահ բարձրացավ պարսից արքա Հազկերտ 2–րդը), այլևս չէր հանդուրժում հայ նախարարների ներքին ինքնավարությունը։ Այս քաղաքականության սկիզբը դրվեց հարկերի աննախադեպ բարձ­րացումով։ «Ո՞վ կարող է պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր ու սակեր, բաժեր ու հասեր էին նշանակված լեռների, դաշտերի և անտառների վրա»,− վկայում է Եղիշեն։ Բացի շինականներից ու ռազմիկներից, հարկատու էր դառնում հոգևորականությունը, որը մինչև այդ ապահարկ էր։ Հայոց դիմադրական ուժը վերջնական գլխատման նպատակով Հազկերտ Բ-ն հարված հասցրեց նաև հայոց այրուձիին։ Հազկերտ Բ-ի հրովարտակով քրիստոնյա հպատակ երկրներից՝ Աղվանքի, Վրաստանի և առանձնապես Հայաստանի տարբեր գավառներից, այդ թվում նաև Ծավդեից (Արցախից)122 դուրս էր բերվում զինվորական ուժը, մեկուսացվում Պարսկաստանի արևելյան հեռավոր վայրերում ու հոշոտվում։ Հազարապետ Դենշապուհը կաշառքով, բամբասանքով ու քսու գործարքներով իրար դեմ էր լարում հայ նախարարներին, ստեղծում անվստահության, փոխադարձ ատելության ու խռովքի մթնոլորտ։

Հազկերտ Բ-ն, չբավարարվելով դրանով, փորձում էր հայ ժողովրդին զրկել իր բարոյաքաղաքական համոզմունքների, սովո­րույթների, ավանդությունների, կացութաձևի հիմքերի հիմքից՝ ազգային հավատքից, հետ շրջել նրա վերընթաց կյանքի պատմության անիվը, ներքաշել նրան պարսկական բարքերի հորձանուտը, և վերջնականապես ուծացնել նրան։ Հավատքի հարցում պատահական չէր Տիզբոնի անզիջում դիրքը, որովհետև Հայոց եկեղեցին իր ներքին վարչական կազմակերպությամբ վերարտադրում էր Արշակունյաց Հայաստանի պետական կազմակերպությունը և փաստո­րեն քաղաքականապես մասնատված Հայաստանը կաթողիկոսի հոգևոր տեսչության տակ էր դնում։

Փաստորեն Հայ եկեղեցին երկրի կենտրոնաձիգ ուժերը պահ­պանող զորեղ գործոն էր, որն իր կազմակերպվածությամբ դիմակայում էր Պարսկաստանի անսանձ բռնությունները։

Հայերին կրոնափոխ անելու նպատակով Սասանյանները բռ­նության են դիմել դեռ չորրորդ դարում Տիրանի որդու՝ Արշակ թագավորի օրոք։ Այդ քաղաքականությունը, որը հետապնդում էր հայերի դեպի Բյուզանդիա հակվելու գաղափարական նախադրյալները ոչնչացնելու նպատակով ուժեղացնում է արքայից արքա Հազկերտ Բ-ի թագավորության տարիներին123։

Նախանցյալ ժամանակներում հայերին կրոնափոխ անելու համար գործադրած ճնշման բոլոր միջոցներից ոչ մի արդյունք չէր ստացվում։ Այն ժամանակ պարսից արքունիքը անցնում է արդեն բացահայտ բռնության քաղաքականության։ 450թ. փետրվարին Հայաստանին, Վրաստանին և Աղվանքին ներկայացվում է սպառ­նալի պահանջ քրիստոնեությունից հրաժարվելու և զրադաշտություն ընդունելու մասին։ Այդ անօրինական պահանջը ալեկոծեց հայ հասարակության բոլոր խավերի սիրտն ու միտքը։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հայ ավագ 17 նախարարներն ու 17 հոգևոր տերերը ժողովի են հրավիրվում Արտաշատում124։ Ղազար Փարպեցին, հիշելով Արտաշատում հավաքված հայ հոգևոր ու աշխարհիկ տերերի անունները, չի հիշատակում Արցախի և, ընդհանրապես, Հայոց Արևելից կողմանց ու բյուզանդահպատակ նախարարներից ոչ մեկի անունը։ Հավանաբար վերոհիշյալ շրջաննե­րի հայ նախարարները չեն մասնակցել Արտաշատի ժողովին, որովհետև նախ և առաջ հարցը անհետաձգելի քննության կարիք ուներ և Հայաստանի հեռավոր ծայրերից նրանց հրավերը ժամանակի հետ էր կապված։ Եվ երկրորդ, գահնամակում նշված 70 նախարար­ներից քչերն էին վճռական դեր խաղում երկրի քաղաքական կյանքում։ Պատահական չէ, որ Հազկերտը պարսկական դավանանքը հայերին պարտադրելու առիթով, Տիզբոն էր հրավիրել ոչ թե 70, այլ միայն 10 իշխանների։ Ընդհանուր առմամբ Բյուզանդիան և Պարս­կաստանը ձգտում էին Հայաստանի ծայր գավառները մեկուսացնել հայրենիքից, հեշտացնելով իրնեց գործը՝ առանձին-առանձին հաշվեհարդար տեսնելու հայերի հետ։

Պարսից հազարապետ Միհրներսեհի նամակին հայերը խիստ պատասխան են գրում՝ պաշտպանելով քրիստոնեությունն ու նրա սկզբունքները։ Ավելի քան մեկ ու կես դար առաջ քրիստոնեություն ընդունած հայ ժողովուրդը այլևս չէր կարող հրաժարվել ազգային սրբություն դարձած իր ավանդություններից և ապրելակերպից։

Հազկերտը զայրագին խոսքերով անուն-անուն իր մոտ է կանչում տասը մեծամեծ նախարարների։ Հայոց միաբանության մեջ էին նաև այլ նախարարներ որոնք հայրենիքից դուրս էին գտնվում, ուս­տի նրանք էլ գնացին Տիզբոն125։ Վարդանի հետ կեղծ ուրացության էր գնացել նաև Արցախի Առանշահիկ տոհմից Վաչե թագավորը126։

Մինչև Տիզբոն մեկնելը 3 աշխարհները՝ Հայաստանը, Վիրքը և Աղվանքը միմյանց մոտ ուղարկեցին պատգամավորություն, ուխտ դրեցին և հաստատեցին՝ Ավետարանի վրա երդվելով «Այո, գնում ենք, սակայն չենք համաձայնի ուրանալ երկնի ու երկրի Արարչին»127։ Հայոց, Վրաց և Աղվանից իշխանները մնացին անկոտրում և հավատարիմ իրենց ուխտին։

Հազկերտ Երկրորդը մահվան սպառնալիքով հայ իշխաններից պահանջում է անմիջապես կրոնափոխ լինել, հակառակ դեպքում ասվում է, որ բազմաթիվ փղերով զորք կուղարկի Հայաստան՝ նրանց կանանց ու որդիներին բռնելու ու Սագաստան աքսորելու, առհասարակ անպաշտպան բնակչությանը կոտորելու ու երկիրը քար ու քանդ անելու համար։ Մոտալուտ վտանգը կանխելու նպատակով նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականությունը։

Նոր հավատքը Հայաստանում տարածելու և հաստատելու համար կառավարությունը այրուձի է գումարում և մոգպետի գլխավո­րությամբ հավաքագրում 700 մոգերից կազմված խումբ։ Հայաստանից բացի նրանք պիտի քարոզեին նաև Վիրքում, Աղվանքում, Լփնաց, Աղձնյաց, Կորդովաց, Ծավդեից (Արցախ), Դասն աշխարհներում128։ Զգուշության համար Հազկերտը պատանդ է վերցնում Վասակ մարզպանի երկու որդիներին՝ Բաբիկին, Ամիրներսեհին, վրաց Վազգեն, Հայոց Արևելից կողմանց Վաչե արքաներին և Գուգարաց Աշուշա բդեշխին129։ Մինչև հայ նախարարների վերադարձը Հայոց աշխարհում առօրեական էր դարձել համընդհանուր ապստամբության գաղափարը։ Պարսից մոգերի առաջին իսկ միջոցառումները հանդիպեցին հայոց վճռական դիմադրությանը։ Մոգերի կանգնեցրած ատրու­շանները ոչնչացվեցին Անգղ գյուղում, Զարեհավանում և այլուր։ Այս ու այնտեղ ապստամբած հայ հավատացյալները քարկոծում էին մոգերին, որոնցից շատերը զոհ գնացին ժողովրդական ատելու­թյանը։ Ապստամբած ժողովուրդը հարձակվում է քաղաքների և ամրոցների վրա, ամենուրեք կոտորելով ու հալածելով պարսկական կայազորները։ Ապստամբական շարժումը թևակոխում է իր հաջորդ փուլը՝ տարերային ընդվզումից վերածվելով նախարարական Հայաստանի կազմակերպված ապստամբության։ Նախարարների մեծ մասը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, վճռել էր զենքով դուրս գալ պարսկական բռնապետության դեմ՝ պաշտպանելու իր ազգային ինքնուրույնությունն ու հավատը։

Հզոր թշնամու դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու նպատակով Վարդան զորավարի նախաձեռնությամբ շուտափույթ կերպով նամակներ են հղվում Թեոդորոս Բ կայսրին, հունաց ավագանուն և Բյուզանդական մասի նախարարներին՝ Աղձնյաց բդեշխին, Անգեղ տան իշխանին, Ծոփքի, Հաշտյանքի, Եկեղիքի գավառների մյուս իշխաններին ու Անտիոքի մեծ սպարապետին130։ Ղազար Փարպեցու տեղեկություններից երևում է, որ Վարդան Մամիկոնյանը և նրա համախոհները նույն բովանդակությամբ նամակներ չեն ուղարկել Հայոց Արևելից կողմանց, այդ թվում Արցախի իշխաններին։ Բանը նրանում է, որ Հայոց Արևելից կողմանց հայ նախարարները, առանց ապստամբական կենտրոնի հրավերի, կամովին ներ էին քաշ­վել ազատագրական շարժման հորձանուտների մեջ։ Այդպես էր Ավարայրում ու Սարդարապատում, այդպես է նաև այսօր։

Շուտով պարզվեց, որ վախճանվել է օգնություն խոստացած բյուզանդական կայսր Թեոդորոսը, իսկ նրան փոխարինած Մարկիանոսը ոչ միայն հրաժարվեց օգնել, այլև նախապատրաստվող հայկական ապստամբության մասին անմիջապես տեղեկացրեց պարսից արքունիքին։ Բյուզանդական Հայաստանի նախարարները ևս չեն կարողանում օգնության հասնել իրենց հայրենակիցներին։ Հայ ապստամբներին մնում էր հույսը դնել սեփական ուժերի վրա և պատրստվել ահեղ գոտեմարտի։ Այս միջոցին տագնապալի լուր է ստացվում, թե պարսկական բանակը 300 մոգերի հետ մեկ­տեղ, բռնի դավանափոխությունը ի կատար ածելու նպատակով, հարձակվել է Աղվանքի վրա։

Քննարկվող ժամանակաշրջանում Աղվանքում ապրող ցեղերը ապրում էին առանձին-առանձին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Այս հանգամանքից օգտվելով Հայոց Արևեյից կողմանց՝ Արցախի, Ուտիքի Վաչե Առանշահիկ թագավորը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։ Մեր թվարկության 5-րդ դարից սկսվող հայ պատմագրության մեջ Կուրի ձախափնյա երկրի վերը նշված ցեղանունները հիշատակվում են Լփնիք ձևով131։

Ուտիքի, Արցախի և Կուրի ձախափնյա շրջանների քաղաքական կյանքը իրենց ձեռքը վերցրած Առանշահիկները Վաչե թագավորի գլխավորությամբ կազմակերպեցին հակապարսկական շար­ժումը։ Վաչեի մայրը պարսկուհի էր, մոգական կրոնի հետևորդ։ Վաչեն իր հերթին ամուսնացած էր Հազկերտի քրոջ աղջկա հետ։ Հազկերտ Բ-ն հավատալով Վաչեի կեղծ ուրացությանը, պատանդու­թյունից նրան ազատում է։ Հայորդին վերադառնալով հայրենիք, արյան կանչով անզիջում պայքար սկսեց պարսից հայակուլ քաղաքականության դեմ։

Վաչեի դեսպանները Վարդան Մամիկոնյանին և Վասակ Սյունեցուն խնդրում են արագացնել ռազմական գործողությունները պարսիկների դեմ և օգնության գալ իրենց։ Ստանալով այդ լուրը, հայերը իրենց ուժերը բաժանեցին երեք գնդի։ Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, ուղարկվեց Հեր և Զարևանդ գավառները՝ հարավային սահմանները պահպանելու համար։ Զոր­քի մի մասը տրվեց Վասակ Սյունեցուն, որպեսզի սա իր առաջարկած ծրագրի համաձայն Սյունիքից գաղտնի ճանապարհով անցնի և թիկունքից հարվածի պարսիկներին։ Մնացած մասը տվեցին Վարդան Մամիկոնյանին, որը Գուգարքով պիտի անցներ Աղվանք ու օգներ ապստամբներին։

Վարդանանց գունդը Աղվանքին օգնության էր գնացել 450թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին132։ Գնդին միացել էին Խորեն Խոռխոռունին, Արշավիր Կամսարականը, Թաթուլ Դիմաքսյանը, Արտակ Պալունին, Գյուտ Վահևունին, Հմայակ Դիմաքսյանը՝ իրենց զինվորական ուժերով։

Երբ Վարդան Մամիկոնյանն Այրարատը թողնելով, իր զորքով շարժվում էր դեպի Աղստև գետի հովիտը, Վասակ Սյունին նամակ­ներ է ուղարկում Փայտակարան՝ պարսից հազարապետ Միհրներսեհին և Ճորա երկրի սահմանապահ մարզպան Սեբուխտ Նիխորականին, որոնցով հայտնում է հայոց ռազմագնդերի գործողությունների մասին։ Հայոց զորքերի առաջխաղացումը կանխելու նպատակով Սեբուխտը թողեց Ճորա պահակն, անցավ Կուր գետը և մոտեցավ Խաղխաղին[1]։ Պարսկական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր հայոց գնդերին։ Վարդանը շուտափույթ հայոց այրուձին բաժանում է 3 մասի. աջ թևի զորամասի հրամանատարությունը հանձնում է Արշարունյաց իշխան Արշավիր Կամսարականին և նրան նիզակակից կարգում ավագ սեպուհ Մուշին՝ Դիմաքսյան տոհ­մից։ Ձախ թևի զորամասի հրամանատարությունը հանձնում է Խորեն Խոռխոռունուն և նիզակակից կարգում Հմայակ Դիմաքսյանին։

Վարդան Մամիկոնյանը ինքը վերցնում է կենտրոնական գունդը։ Վարդան զորավարը, չնայած իր ուժերի համեմատական փոք­րամասնությանը, նախաձեռնությունը չի թողնում Սեբուխտին։ Վարդանի զորագունդն Ուտիքի և Արցախի միացյալ ջոկատների հետ միասին նախահարձակ եղան, շփոթմունքի մեջ գցելով պարսկական գերակշիռ ուժերին։ Պարսիկներին համագործակցում էին նաև աղվանական մի շարք ցեղախմբեր։

Հայերի հանկարծակի հարձակումը կործանարար հետևանք ու­նեցավ Սեբուխտի համար։ Վարդան Մամիկոնյանի գնդերը պարս­կական զորքի աջ և ձախ թևերին խփելով, սեղմում են գետին և մեծ ջարդ կազմակերպում։ Նրանց մի մասը ընկղմվում են ճահիճներում։ Պարսկական բանակի խղճուկ մնացորդները հրամանատարների հետ մեկտեղ փորձում են նավակներով Կուրի մյուս ափն անցնելով, փրկություն գտնել։ Փախչողներն ընկնում են Արշավիր Կամսարականի զինվորների նետերի տարափի տակ։ «Արշավիր Կամսարականը, ինչպես որ միշտ էր սուրբ զորավարի խոսքն ու կամքը հլու կատարող, շտապ իրագործելով նրա հրամանը, նավակների ու փախստականների ետևից նետեր արձակելով և խոցոտելով նավավարնե­րին ու շատ ուրիշներին, որոնք նավերի մեջ էին, սաստիկ վերքեր հասցրեց նրանց։ Վիրավորների տապալվելուց նավերն էլ կործանվում էին, և նավավարներից ու պարսիկ գլխավորներից շատ-շատերը գետասույզ լինելով կորան»133։ «Չափազանց հանդուգն հարձակման պատճառով գետասույզ եղածները ավելի շատ էին, քան ցամաքում սրով ընկածները։ Շատ սպանվածներից վճիտ ջուրը արյունի է փոխվում։ Նրանցից ոչ ոք չի ազատվում, միայն անտառախիտ թավուտներում թշնամու զորականներից մեկը զենքով բարձրանում է ձիու վրա և մազապուրծ եղած գույժ է տանում գլխավոր բանակը, որ փախչում, ապաստանում է մեծ մայրաքաղաքում»134։

Ճահճուտներում շարունակվող ճակատամարտի թեժ պահին Արշավիր Կամսարականն ու Մուշ Դիմաքսյանը իրենց ձիերով խրվում են տիղմի մեջ։ Առիթից օգտվելով Բաղասական[2] թագավորազներից ոմանք հարձակվում, սպանում են Մուշին և վիրավորում Գազրիկին։ Արշավիր Արշարունին օգնության հասնելով, իր զինակիցներով սրահարում է Լփնիքի[3] թագավորի եղբորը՝ Վուրկին և ուրիշ շատերին։

Առայսօր Խաղխաղի ճակատամարտը հայ պատմագրության մեջ ներկայացվում է որպես հայ-աղվանական միացյալ ուժերի կռիվ ընդդեմ պարսիկների։ Մինչդեռ վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Վարդան Մամիկոնյանը իր զորագնդով ոչ թե աղվաններին է օգնության գնացել, այլ պարզապես Հայոց Արևելից կողմանց, այդ թվում Արցախի իշխաններին, որոնց տիրույթներն էին մտել պար­սիկները և փորձում էին կրոնափոխել տեղի հայությանը։

Խաղխաղի ճակատամարտում հայկական գնդերը կռվում էին պարսկա-աղվանական միացյալ ուժերի դեմ։

Չի բացառվում նաև, որ Վարդան սպարապետը օգնել է նաև աղ­վանական մի քանի ցեղերի, նրանց բնակավայրերն ու բերդերը պարսիկներից ազատագրելու։ Այդ է վկայում Մովսես Կաղանկատվացին և Վարդան Մամիկոնյանի հետագա գործողությունը։ Ահա թե ինչ է գրում Մ․Կաղանկատվացին. «Աղվանքի իշխաններից ուշինականներից բազմաթիվ մարդիկ, որոնք աստծու անվան համար ցրվել ու տարածվել էին Կապկոհ(Կապկոհ էր կոչվում Կովկասյան գլխավոր լեռնաշղթան) լեռների թաքստոցներում, երբ տեսան հայոց զորքերի մեծ հաղթությունը, նրանք էլ էին միանում հայոց զորքի հետ և մասնակից դառնում նրանց հերոսությանը»135։ Այս փաստը մի ավելորդ անգամ նորից ապացուցում է, որ Ալբանիա-Աղվանքի ցեղերի մի մասի զինյալ ջոկատները Վարդան Մամիկոնյանի զորագնդին են միանում Խաղխաղի ճակատամարտի հաղթական ելքից հետո միայն։

Այս խոշոր հաղթանակից հետո Վարդանը շարունակում է արագաթափ առաջ շարժվել և մեկը մյուսի հետևից պարսիկներից ազատում Աղվանքի քաղաքներն ու գյուղերը։ Նա հասնում է մինչև Ճորա Պահակը(Դերբենդ), վերացնում պահապաններին, հրամայում կործանել կովկասյան լեռնականների և հոների ճանապարհները փակող ամրությունները և փոխօգնության դաշինք կնքում նրանց հետ։ Հենց այդ ժամանակ լուր է ստացվում Վասակի ուխտադրժու­թյան մասին։ Վիրավոր գուժկանի լուրը ցնցում է ինչպես Վարդանին, այնպես էլ իր զինակիցներին։ Նա շտապում է ետ դառնալ։ Վարդանի բանակը այդ ժամանակվա պայմաններում կատարում է մի անօրինակ արագ երթ՝ Ճորա Պահակից մինչև Հայաստանի կենտրոն՝ Այրարատ տարածությունն անցնելով մեկ ամսվա ընթաց­քում։

Վասակ Սյունին, հանկարծակի գալով, շուտափույթ ամրանում է իր հայրենի Սյունիքում, նախապես ավերելով Այրարատի ամրու­թյունները և ոչնչացնելով պարենամթերքը, որպեսզի Վարդանի զորքը չկարողանա այնտեղ ձմեռել։ Վասակ Սյունին և նրա կողմնակիցները ժողովրդին համոզում էին հրաժարվել ապստամբության մտքից, խոստանալով ամեն ինչ հարթել և խաղաղ ճանապարհով հասնել նախկին իրավիճակի վե­րականգնմանը։ Վարդանի կողմնակիցների միաբանությունը քանդելու նպատակով նա իր կողմնակիցներին ուղարկում է Հայոց աշ­խարհի ամուր կողմերը և հարևան երկրները՝ Տմորիք, Կորդովաց աշխարհ, Արցախ, Աղվանք, Վրաստան և Խաղտյաց աշխարհ, «պնդացնում էր, որ ոչ ոք նրանց հյուրընկալության արժանի չհամարի»136։

Այս օրերին պարսկական տերությունը ռազմաքաղաքական ծանր կացության մեջ էր։ Հազկերտ Բ-ն պարտություն է կրում հոնե­րից Միջին Ասիայում և անզոր էր ապստամբների հետ խոսել բռնության ու զենքի լեզվով։ Վասակ Սյունին, օգտագործելով այս հանգամանքը, համոզում է արքայից արքային, որպեսզի մեղմացնի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Հազկերտ Բ-ն «ներման» հրովարտակ է ուղարկում ապստամբներին։

Այս ամենի հետևանքով հայ հասարակությունը երկփեղկվում է։ Առաջ են գալիս իրարամերժ երկու հոսանքներ։ Վարդան Մամիկոնյանը և իր կողմնակիցները գտնում էին, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զենքի ուժով, իսկ Վասակ Սյունին իր համախոհներով փորձում էր Հայաստանը փրկել խաղաղ ճանապարհով՝ պարսիկների հետ լեզու գտնելու միջոցով։ Ահա գաղափարների նմանօրինակ տարամետության պատճառով մինչև Ավարայրի ճակատամարտը երկրում բռնկվեց քաղաքացիական պատերազմ։

Անդրադառնալով Վասակի գործունեությանը, Եղիշեն գրել է. «…մինչև իսկ բազմաթիվ հարազատ եղբայրների բաժանեց մի­մյանցից. հորն ու որդուն միաբան չթողեց և խաղաղության մեջ խռո­վություն գցեց»137։ Եղբայրասպան պատերազմը ծվատում էր երկրի առանց այն էլ կազմալուծված ուժերը։ Եվ պատահական չէ, որ Ավարայրի ճակատամարտի օրը հայոց գնդերը հայտնվեցին Տղմուտ գետի հակառակ ափերին։

Պատմագիտության մեջ թյուր մտայնություն կա, թե իբր Ավարայրի ճակատամարտին արցախահայությունը չի մասնակցել։ Մեզ հասած սկզբնաղբյուրները և հատկապես Եղիշե պատմիչի տեղե­կությունների քննությունը իրավացիորեն պնդում են, որ այդ ճակատամարտին մասնակցել են նաև արցախահայերը։

Իրենց զինվորական ուժերով ապստամբությանը միացել էին Գահնամակում գրանցված 32 և չգրանցված 5 հայ իշխաններ138։

Եթե մենք պայմանականորեն հիմք ընդունենք Զորանամակի տվյալները, մոտավորապես կստացվի, որ գահնամակում գրանցված 37 նախարարությունները, արքունիքի և նրա ծակալների հետ միասին, կարող էին մարտի դուրս բերել 53600-անոց բանակ։

Այս թվի մեջ չեն մտնում Արցախի Բակ զորավարի, Շիրակի Դիմաքսյան, Մարդաստանի Արծրունյաց և Վահնունյաց զինվորական ուժերը, որոնց մասին տվյալներ չկան Զորանամակում։ Նշված թվի մեջ չեն մտնում նաև Գահնամակում չգրանցված և նոր կազմավոր­ված չորս կրտսեր իշխանական տների ուժերը, որոնք մասնակցում էին ապստամբությանը139։

Ինչպես մեզ հայտնի է Ավարայրի ճակատամարտին մասնակ­ցել է 66 հազար հեծյալ և հետևակ զինվոր։ Փաստորեն մնացած 12400 մարտիկների կազմում գտնվում էր նաև Արցախի Բակ զորավարի գունդը։

Լինել չլինելու հարցը բռունցքեց պարսկահպատակ Հայաստանի բոլոր գավառների հայությանը։ Արցախի քաջորդիները Բակ Առանշահիկ իշխանի գլխավորությամբ Վարդան զորավարին թև ու թիկունք դարձած մարտնչեցին Ավարայրում՝ իրենց նվիրական արյունը հեղելով ազատության դաշտում։

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունենում 451թ. մայիսի 26-ին։ Վաղ առավոտյան պարսկական զորասյուները խռնվում են Տղմուտի ափին, բայց չեն համարձակվում գետն անցնել։ Հայերը պարսիկներին հանկարծակի բերելու նպատակով, Վարդանի հրամանով առաջինն են գետն անցնում և զարգացնում հարձակումը։ Մարտը սկզբից հաջողություն էր խոստանում հայերին։ Վարդանը իր հեծյալ գնդով, շեշտակի գրոհով մխրճվելով Մուշկանի բանակի դասավորության խորքը, մրրկաթափ հարվածով ցաքուցրիվ է անում ու փախուստի մատնում թշնամու ամենաընտիր զորամասը՝ մատյան գունդը, որը պաշտպանում էր ճակատի կենտրոնը։ Վարդանը, հաջողությունից ոգևորվելով, իր գնդով շատ առաջ անցնելով, կտրվում է մյուս զորամասերից։ Այն ժամանակ Մուշկան Նիսալավուրտը պահեստում գտնվող զրահավոր փղերով ամրացված իր հատուկ զորաբաժնին հրամայում է առաջ անցնել և շրջապատել նրան։ Վարդանը անհավասար կռվում ընկնում է հերոսի մահով։ Կատաղի մարտը շարունակվում է մինչև մութն ընկնելը։ Կորցրած լինելով իրենց զորավարին, հայերը մյուս օրը ետ են քաշվում և ամրանալով բերդերում՝ շարունակում են դիմադրությունը։

Գնահատելով Ավարայրի ճակատամարտի ելքը, Եղիշեն գտնում է, որ երկու բանակներից ոչ մեկն էլ չհաղթեց։ Նրա կարծիքով երկու կողմերը իրար դեմ դուրս գալով՝ իրար պարտության մատնեցին։

Ազատության դաշտում հերոսաբար նահատակվում են 1036 հայ ռազմիկներ, այդ թվում զորավար Վարդան Մամիկոնյանն ու բազմաթիվ իշխաններ։

Ավարայրի հերոսամարտում զոհված հայորդիները դասվել են «հայրենիքի նահատակների» շարքը, սրբացվել ու դարձել հայրենի­քին անմնացորդ ծառայելու պայծառ օրինակ։ Այսօր էլ «Վարդանանց տոնը» համազգային տոն է, որ նշվում է ամենուրեք՝ թե հայրե­նիքում և թե սփյուռքում140։ Երվանդ Լալայանի տվյալներով դարի սկզբներին այն տոնվում էր նաև Գանձակի գյուղերում141։ Վարդանանց դյուցազնամարտի անձնազոհ մարտիկների անունները ոսկե տառերով գրվեցին հայ ժողովրդի բազմադարյան պատմության մագաղաթյա մատյանում։

Ավարայրից հետո աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայ ժո­ղովրդի ամեն մի սերունդ խորին ակնածանքով և երախտագիտու­թյամբ է հիշում իր անձնվեր որդիներին։ Ավարայրի նահատակների անունները հավերժացնող բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել Հայոց աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում նաև Արցախում։

Արցախի հայությունը սրբությամբ է պահպանել Ավայրայրի բոցաշունչ ոգու՝ Ղևոնդ Երեցի հիշատակը։ Վարանդայի Ավետարանոց, Սարգսաշեն, Վերին Թաղավարդ և Մոշ-խմհատ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր է խոյանում Սուրբ Ղևոնդա անապատը կամ Ղևոնդիկ վանքը։ Եկեղեցում պահպանվում է Ղևոնդի պատկերը։ Այս բնակավայրերի տարեցները ասել են Սար­գիս եպիսկոպոս Ջալալյանին, թե Ս.Ղևոնդ երեցի և մյուս նահատակ հայերի նշխարները բերել ամփոփել են այդտեղ ու կառուցել եկեղեցի142։ Եկեղեցում մի շարք մասունքների հետ պահպանվում է Ղևոնդյանց մասունքները մի արծաթե միջակ խաչում[4]։

Հադրութի շրջանի ծայրամասային Ամուտուկ (այժմ Թեզխարաբ) գյուղի եկեղեցին կոչվում է Վարդան Զորավարի անունով։ Այդ եկեղեցում, իբրև սրբություն, պահվում է սևագույն քար, որն իբրև թե ներկված է սուրբ Վարդանի արյամբ143։ Վարդան զորավարի անունով մեկ ուրիշ մատուռի ավերակներ գտնվում է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Սարգիս Ջալալյանցը գրել է. «Մուշկապատցիք ունեն զքարաշէն եկեղեցի, առ որով է մատուռն սուրբ Վարդան նահատակի, ուր յաճախեն ուխտալորք բազումք»144։

Հինգերորդ դարում պարսկական բռնատիրության դեմ հայոց պայքարն Ավայրայրով չավարտվեց։ Հայոց աշխարհի բոլոր կող­մերում բռնկվել էր պարտիզանական պայքարի բոցը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ անդունդի եզրին կանգնած հայ ժողովուրդը բռունցք­վեց իր հին ու նոր հայրենիքը փրկելու, իր ինքնությունը պահպանելու։ Ժողովուրդը քաշվում է անառիկ լեռներն ու ձորերը, որտեղից անընդհատ հարձակումներ է գործում պարսկական պատժիչ ջոկատների դեմ։ «…Յուրաքանչյուրը թողեց իր գյուղը, ավանն ու ագարակը։ Հարսները դուրս եկան առագաստներից և փեսաները՝ սենյակներից, ծերերն ընկած աթոռներից և երեխաները ծնողների գրկերից. երիտասարդներն ու կույսերը և տղամարդկանց ու կանանց ամբողջ բազմությունը գնացին բռնեցին անմարդաբնակ վայրերի ամրոց­ներն ու բազմաթիվ լեռների ապահով տեղերը։ Ավելի լավ էին համարում գազանների նման քարանձավների մեջ բնակվել աստվածապաշտությամբ, քան թե ուրացությամբ փափուկ կյանք վարել իրենց տներում։ Առանց տրտնջալու դիմանում էին խստեղեն կերակուրներին և չէին հիշում իրենց սովորական խորտիկները։ …Համբերությամբ դիմանում էին և մեծ առավելությամբ տանում այդ քաջ նահատակությունը։ Որովհետև եթե բաց աչքերով չտեսնեին խնդալից հույսը, չէին էլ կարող այնպիսի մեծ առաքելություն կատարել»145։ Թշնամին քուն ու հանգիստ չուներ հայոց հողում։

Սովորաբար պարսիկները պաշարում էին այն ամրությունները, որտեղ պատսպարված էր լինում խաղաղ բնակչությունը և ներումն խոստանում՝ եթե հանձնվեն։ Տեղ-տեղ պաշարվածները ստիպված էին հանձնվել՝ քաղցից և ծարավից դրդված։ Բայց կամովին հանձնվածներին էլ պարսիկները չէին խնայում, կոտորում էին կամ գերության քշում, իսկ բնակավայրերը՝ հրկիզում146։

Արցախի հայոց գունդը Բակ զորավարի հրամանատարությամբ բազմաթիվ փախստականներով, ամրացել էր Անգղի բերդում։ Այս­տեղ էր նաև Հովսեփ կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը և մյուս քահանաները։ Մուշկան Նիսալավուրտի պարսկական բանակը, Վասակ մարզպանի գնդի հետ միասին, շրջապատում են բերդը, գրոհում, բայց անզոր են գտնվում վերցնել այն։ Թշնամին դիմում է նենգու­թյան. Վասակ մարզպանը երկու-երեք անգամ երդվում է Ավետարանով, փորձում է հավատացնել պաշարվածներին, որ եթե նրանք անձնատուր լինեն, ապա ոչ ոքի նկատմամբ բռնություն չի գործադրի։ Զորականների հիմնական մասը չի հավատում չարամիտ Վասակին: «Հայոց քաջ զորականներից մեկը, Բակի անունով, …բարձ­րանալով պարսպի վրան սկսեց նախատել անօրենին և հիշեցնում էր պարսից զորագլխի առաջ այն բոլոր չարիքները, որ նա հասցրել էր հայոց աշխարհին»147։

Բակ զորավարը նույն գիշերը 700 հոգով ճեղքում է պաշարման շղթան և հեռանում Արցախի անտառները։ Բերդում մնացածները՝ 213 զինվոր պարենի պակասության պատճառով գերի հանձնվե­ցին։ Անձնատուր եղածներին անմիջապես սպանեցին։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Ավարայրից Արցախի անտառները նա­հանջող սյունեցի և արցախցի հայրենասեր ռազմիկները Անգեղաձորում, Ուտիքում, Արտաբույնքում, Ջաղացքարում լուրջ կորուստներ են կրում պարսից հետապնդող զորքերից։ Այս վայրերում էլ, ի պատիվ նահատակվածների, սյունեցիները կառուցում են վկայարաններ148։

Պարսկական զորքերը ասպատակում էին հայկական գյուղերն ու ավանները, տեղահան են անում ու գերեվարում խաղաղ բնակչու­թյանը, կրակի մատնում տները։ Ի պատասխան թշնամու վայրագությունների, Խաղտյաց լեռներում, Տմորիքի անմատչելի ամրոց­ներում, Արցախի խիտ անտառներում, Միջնաշխարհի և Կապույտ լեռան բերդերում ամրացված հայ ռազմիկները պաշտպանությու­նից անցնում են հարձակողական գործողությունների։

Արցախի հայությունն առանձնակի եռանդով ներքաշվեց պարտիզանական շարժման մեջ։ Արցախի մայրիներն ու լեռները դարձել էին պարտիզանական պայքարի թեժ օջախներ։ «Վարդանանց օրերում,–գրել է Ղևոնդ Ալիշանը,– փախստականներից շատերի համար ապավեն եղան նրանց լեռները, որտեղից խաբեությամբ իջեց­նելով՝ Վասակը նրանց տալիս էր պարսիկների ձեռքը, բայց կային և այնպիսիները, որոնք սուրբ զորավարի նահատակությունից հետո «տիրեցին Արցախի բազում ամրոցների» և դիմադրում էին պարսիկներին»149։

Այդ օրերին Արցախի խիտ անտառներում ամրացված ապստամբները բազմաթիվ անգամ պատգամավորություններ էին ու­ղարկում Հյուսիսային Կովկասի հոների մոտ և հիշեցնում, որ նրանք կատարեն հայերին օգնելու մասին նախկինում տված իրենց խոստումները: Ի վերջո, հոների մի մեծ ջոկատ ներխուժում է Անդրկով­կաս, այնտեղից ասպատակում, ավերում պարսկական շատ գավառներ, գերեվարում բազմաթիվ մարդկանց։ Վերադարձին հոները հարձակվում են հյուսիսային Կովկասի այն ցեղերի վրա, որոնք օգնել էին պարսիկներին՝ ընդդեմ հայերի։

Չնայած ծանր փորձություններին, Արցախի հայությունը պահպանեց իր անկախությունը։ 451թ. հուժկու ապստամբությունից հետո, հատկապես Պարսկաստանում տեղի ունեցած խլրտումներից օգտվելով՝ Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմը գլուխ է բարձրացնում, իրեն հայ­տարարում թագավորություն։ «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի մեջ կան հավաստի տվյալներ, որոնք հաստատում են, որ այս ժամանակից հետո Առանշահիկներին որոշ առումով հպատակ էին նույնիսկ անդրկուրյան Աղվանքի գավառները150։

Հենց Առանշահիկներն էլ կազմակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները։ Այն գլխավորեց և առանձնակի ջանադրությամբ բորբոք պահեց Հայոց Արևելից կողմանց թագա­վոր Վաչե Առանշահիկը։ Նա Վարդան Մամիկոնյանի համախոհնե­րից էր։ Սպարապետի սպանությունից հետո, Արցախն ու Ուտիքը պարսիկների հնարավոր ասպատակություններից զերծ պահելու և ազատագրական պատերազմների հետևանքով երկրի վերքերը ամոքելու նպատակով, Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ պսակադրվեց Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Նա մինչև անգամ հետագայում Պերոզի հրամանով 461թ. հիմնում է Պերոզապատ (հետագայում Պերոզապատը վերանվանվեց Պարտավի, իսկ այժմ՝ Բարդայի)։

457թ. մահանում է Հազկերտ Բ-ն։ Նրա երկու որդիների՝ Որմիզդի ու Պերոզի միջև սկսվեցին գահակալական կռիվներ։ Հանգամանքներից օգտվելով Վաչեն իրենից թոթափում է մոգությունը, դառնում է իր նախնյաց քրիստոնեական լուսավորչական կրոնին և ապստամբության դրոշ բարձրացնում պարսիկների դեմ։ Վաչեի քաջակորով մարտիկները սրընթաց հարվածներով կարճ ժամանակամիջոցում պարսիկներից ազատագրում են Արցախի և Ուտիքի բերդերը։ Շուտով Պարսկաստանում գահակալական կռիվներից հաղթող է դուրս գալիս Պերոզը։ Սա Վաչեին հպատակեցնելու համար մեծաքանակ զորքով ներխուժեց Ուտիք և Արցախ։ Վաչեն անցավ անդրկուրյան Աղվանք, դաշն կնքեց ալբանական 11 ցեղերի հետ։ Բարձրանալով հյուսիս, նա քանդեց Ճորա Պահակի ամրությունները և հյուսիսային Կովկասի ցեղերի բազմությունների հետ միասին հարձակվելով, ջարդեցին արքունի բանակը։ Պերոզն ստիպված էր նամակներով և պատգամավորներով խաղաղություն առաջարկել Վաչեին։ Սակայն ապստամբ արքան անդրդվելի էր։ Նա արքայից արքայի առաջարկներին պատասխանում էր հանդիմանությամբ՝ այն բոլոր չարագործությունների համար, որ պարսիկներն էին արել Հայոց դեմ։ Վաչեն «հանդիմանում էր նրան (պար­սիկներին, տվյալ դեպքում Պերոզին -Վ.Բ.) Հայաստանը զուր տեղը ավերելու համար, հիշեցնում էր նախարարների մահը, գերիների չարչարելը, որոնց հավատարմության և վաստակի համար կյանք շնորհելու փոխարեն արևից զրկում եք։ Ես բարվոք եմ համարում տանջանքներով մեռնել, քան ուրացող լինելով ապրել»151։

Անկարող լինելով սեփական ուժերով հաշվեհարդար տեսնելու Վաչեի հետ, Պերոզը մեծ կաշառքով Աղվանքի վրա է ուղղում հյու­սիսային խայլանդուրների[5] խաժամուժը։ Վաչեի փոքրաքանակ զորքը մի ամբողջ տարի օրհասական մարտեր է մղում պարսիկնե­րի և հոների բազմաքանակ ուժերի դեմ։

Սպառվում են Վաչեի ուժերը, սակայն նա ետ չի կանգնում պար­սիկների դեմ մինչև վերջ մարտնչելու վճռից։ Դեռ ավելին, տեղ-տեղ հայերը փայլուն հաղթանակի են հասնում։ «Շատերը կռվի մեջ ոչնչացան, շատերն էլ տանջալից հիվանդություններից հյուծվեցին։ Պաշարման երկարելուց երկրի մեծ մասը ավերվեց, բայց ոչ ոք այն տեղից չհեռացավ»152։

Պերոզն արդեն անկարող էր զսպել նրան։ Այս անգամ նա փոր­ձեց խաղալ Վաչեի զգացմունքների ելևեջների վրա, նրան պահանջագիր ուղարկելով, թե՝ «իմ քրոջը և քեռորդուս ուղարկիր, որովհետև նրանք ծագումով մոգության էին պատկանում, բայց դու քրիստոնյա դարձրիր, իսկ քո երկիրը թող քեզ մնա»153։ Վաչեն հայրենի եզերքի ազատության նվիրակ լինելով այս անգամ էլ կատարեց Պերոզի պահանջը, զինավառ շարունակելով կենաց և մահու պայքարը։

Հետագայում դեպքերը զարգացման այլ ընթացք ունեցան։ Հայոց Արևելից կողմերում սկսվող ներքին խլրտումների և Պերոզի անընդ­հատ ճնշումների հետևանքով Վաչեն լքվում է բոլորի կողմից, թողնում աշխարհիկ կյանքը և ավետարան առնելով գնում քարոզչության։

Սարզիս Ջալալյանցը հին մելիքանիստ Ավետարանոց ավանում լսել է մի ավանդություն, ըստ որի Վաչե թագավորը ճգնել է հենց այստեղ154։ Ուրիշ ոչ մի տեղեկություն չկա Վաչեի կյանքի վերջին շրջանի մասին։
ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Հինգերորդ դարի երկրորդ կեսի Արցախի հայության ազատատենչ ոգորումները անհետևանք չմնացին։ Աղվանից մարզպանության ներսում ձեռք բերեցին իրենց վարչաքաղաքական ինքնու­րույնությունը և ստեղծեցին պետական ձույլ մի միավոր, որը պատմությանը հայտնի է որպես Աղվանից թագավորություն անունով։

457թ. մեռնում է Պարսից Հազկերտ թագավորը։ Երկրում խռո­վություն է սկսվում։ Հանգամանքից օգտվելով՝ Վաչե Առանշահիկը պարսիկներին քշում է իր երկրից և Արցախում ու Ուտիքում իրեն թագավոր հռչակում։

Քննարկվող ժամանակաշրջանում բուն Աղվանքում ապրող ցե­ղերը միավորված չէին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Առիթից օգտվելով Վաչե Առանշահիկը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։

Նոր թագավորության համար Մ.Կաղանկատվացու վկայու­թյամբ Վաչեն կառուցում է Պարտավ155 մայրաքաղաքը։

Սակայն երկրի ներքին անհանգիստ վիճակը և պարսից արքունիքի ճնշումներն ու բանսարկությունները Վաչեին չթողեցին շարու­նակել հայրենաշեն գործը, որի մասին առավել հանգամանալից խոսվեց վերևում։

Շուրջ երեսուն տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում Վաչեի եղբոր որդի Վաչագանը։ Վաչագանի Արցախի հայկական թագավորությունն իր մեջ ընդգրկում էր Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես և Կուր գե­տի ձախափնյա Կամբեճան գավառը։ Բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայու­թյան պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։

Պետության հիմքերը անսասան դարձնելու և երկրի հոգևոր կյանքը աշխուժացնելու համար Վաչագան թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցաշինությանն ու նախանձախնդիր ջերմեռանդություն ցուցաբերեց հայ դպրության տարածման գործում։

Մովսես Կաղանկատվացին գրել է. «Բարեպաշտ Վաչագանը Արևելքում տարվա օրերի թվով եկեղեցիներ շինեց»156։

Վաչագան թագավորը լավ էր հասկանում, որ Պարսկաստանի կողմից վարվող հայերի ուծացման քաղաքականությանը կարելի էր դիմակայել հայոց եկեղեցու հիմքերի ամրապնդմամբ և քրիստո­նեական հավատքի տարածմամբ։ Վաչագան Բարեպաշտը իր ար­մատներին հավատարիմ՝ հետևելով հայոց արքա Արտաշես Ա-ին Բարեպաշտի մեծագործություններին, սրբացման առարկա էր դարձնում ազգային եկեղեցու այնպիսի գործիչների, ինչպիսիք են Գրիգոր Լուսավորիչն ու նրա թոռ Գրիգորիսը, Պանդալեոն բժիշկն ու Դիզափայտի նահատակները, Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները։ Նա միաժամանակ Արցախի Դարահոջ գյուղն է բերում Սուրբ Գրիգորի ու Հռիփսիմե և Գայանե կույսերի նշխարները։ Այս ամենի համար ժողովուրդը նրան տվեց Բարեպաշտ պատվատիտղոսը։

Վաչագան թագավորը ջերմեռանդ ձևով պայքարում էր հեթանո­սական սովորությունների ու հոռի բարքերի դեմ, որոնք հակասում էին համամարդկային արժեքներին։

Սկզբնաղբյուրների վկայությամբ քրմերը բռնում էին մարդկանց և կապում սրբազան շղթաներով ու մի ամբողջ տարի կերակրում, այնուհետև նրան օծում էին իբրև զոհի և զոհաբերում մյուս մատաղացու կենդանիների հետ157։

Մովսես Կաղանկատվացին շարունակելով Ստրաբոնին ման­րամասնում է․ «մատնահատների աղանդը ծիսական մարդասպանությունը կատարում էր հետևյալ խորհրդավոր պայմանների մեջ։ Բռնվում էր մեկը սովորաբար պատանի հասակում, նրան տարածում էին գետնի վրա և նրա ձեռքերի ու ոտքերի չորս բութ մատները կապում էին գետնի մեջ տնկված չորս ցիցերի։ Այսպիսով կաշկանդ­վածին չէին խոցոտում և չէին սպանում, այլ նախ ողջ-ողջ քերթում էին նրա կաշին որոշված ձևով։ Առաջ կտրում էին աջ թևի բթամատը և նրա հետ մի շերտ կաշի, որ քերթում էին կրծքի վրայով մինչև ձախ ձեռքի ճկույթը, որ նույնպես կտրվում էր։ Այսպես էին վարվում զոհի ոտների հետ էլ։ Հետո նրան սպանում էին, իսկ կաշին «կազմելով» դնում էին սապատի մեջ։ …Մարդասպանությունը հաճախ կատար­վում էր ավելի մեծ չափերով։ Քրմապետը հավաքված հավատացյալներին հրամայում էր բաժանվել երեք դասի և յուրաքանչյուր դասին -բռնել երեքական մարդ՝ մեր նկարագրած կերպով սպանելու համար»158։

Վաչագան Բարեպաշտը իսպառ ջնջեց մատնահատների, խեղ­դողների, թունավորող-կուրացնողների աղանդները։

Քրմերի երեխաներին քրիստոնեական ոգի ներարկելու համար բացում է դպրոցներ, որտեղ դասավանդում էր նաև անձամբ ինքը՝ թագավորը։

Վաչագան Բարեպաշտի կառավարման ընթացքում երկիրը տնտեսական վերընթաց էր ապրում։ Ծաղկում էին արհեստները։ Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի (Վարընկաթաղ, Լյուլասազ, Կամարի) գյուղում եղել է գործատուն, որտեղ ընտիր կապույտ կտոր էին պատրաստում Վաչագանի արքունիքի համար։ Այս գոր­ծատունը և բնակավայրը կոչվել են կապտարար, այսինքն կապույտ կտոր արարողներ, կապույտ գործողներ159։

Բարգավաճող երկրին անհրաժեշտ էր նաև շքեղաշուք մի մայ­րաքաղաք։ Այդ նպատակով Վաչագան Բարեպաշտը մի ոստան է կառուցել Տրտու գետի ափին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ։ Մատենագիտական աղբյուրներում այդ բնակավայրը հիշատակվում է Գյուտական և Դյութական ձևերով160։

Վաչագան արքայի անվան հետ է կապված նաև Մարտակերտի շրջանի Դաստակերտ գյուղը։ Վաչագան թագավորը մի դուստր է ունեցել, որի մասին Մովսես Կաղանկատվացին գրում է. «Թագավո­րը Խնչիկ անունով մի փոքրիկ դուստր ուներ, որին չափազանց սի­րում էր նա և որի անունով կառուցել էր մի դաստակերտ»161։

Հայոց Արևելից կողմանց քաղաքական ու տնտեսական կյանքը կանոնավորելու համար Վաչագան թագավորը Արցախի Աղվեն ամառանոցում (այժմյան Մարտակերտի շրջանում) 488թ. գումարեց հայ հոգևոր և աշխարհիկ տերերի մի ժողով, որտեղ քննարկվեցին և ընդունվեցին նորաստեղծ թագավորության օրենքներ։

Հայտնի է, որ մինչ Վաչագան Բարեպաշտի 21 կանոնների ընդունումը IV դարում Աշտիշատում և Շահապիվանում հայ Արշակունի թագավորները ընդունել էին հոգևոր, քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող օրենքներ։ Սակայն բուն մայր երկրում հայկական պետականության կորստի պայմաններում անհրաժեշտ էր ստեղծել օրենքների մի հավաքածու, փաստելու նոր իրողությու­նը՝ հայոց երկրի մի անկյունում ստեղծված թագավորության գոյությունը, որը հետագա խռովահույզ դարերում խորհրդանիշ պիտի դառնար արցախահայության չընդհատվող պետականության համար։

«Սահմանադրութիւն կանոնական»-ը Հայոց Արևելից կողմանց սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների ուսումնասիրման համար բացառիկ արժեք է ներկայացնում։ Ըստ Աղվենի կանոնների պետական և եկեղեցական հարկերը պարտադիր էին հասարակության բոլոր խավերի համար՝ շինականներից մինչև ազնվական խավերի ներկայացուցիչները, նույնիսկ արքայական տոհմից սերվածները։

Հայ հասարակության բարոյական կերպը անխաթար պահելու համար ընդունված օրենքների համաձայն արգելվում էր մերձամուսնությունը, տղամարդու քմահաճ ամուսնալուծությունը, վհուկ­ներին ու կախարդներին դիմելը, հոգևորականների (քահանայից մինչև եպիսկոպոս) վատ վարքը՝ սովորական գայթանքից(մոլորվել, սխալանք թույլ տալ) մինչև գողություն ու անբարոյականությունը։ Թագավորի գերագույն իշխանությունը սրբագործելու համար «Սահմանադրութիւն կանոնական»-ը թագավորին էր վերապահում օրենքների սահմանումը և երկրի ներսում բոլոր ազատներն ու արքայազունները, հոգևորականներն ու աշխարհականները պարտավոր էին խոնարհաբար ենթարկվել արքունիքի ընդունած ամեն մի վճռին։

Աղվենի կանոնները պարտադիր նորմեր էր հասարակության բոլոր խավերի համար։ Այդ կանոնները վկայում են հայ հասարակության լիարյուն կենսագործունեության և օրենքի տառի ու ոգու գերակայության մասին։

Նկատենք, որ նմանատիպ օրենքներ եվրոպական երկրներում ընդունվեցին 10-12 դար հետո՝ ուշ միջնադարում։ Աղվենի ժողովից հետո երկիրն ապրում էր խաղաղ ու բարգավաճ կյանքով։

Վաչագան թագավորը երկրի խաղաղ վերընթացը ապահովելու համար վարում էր նպատակասլաց ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն՝ հարևան երկրների հետ պահելով ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Այդ նպատակով Վաչագան թագավորը իր աղջկան կնություն էր տվել Պարսից թագավորի եղբոր Աբլ-Աբաս որդուն։ Վերջինս քրիստոնեություն էր ընդունել և ապրում էր Մեծ Սյունյաց նահանգում, «երկրորդ Երուսաղեմ» կոչված վանքի մոտ։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ Վաչագան թագավորն իր փեսայի հետ դավադրաբար սպանվել է Սյունիքի Բարգուշատ(Քաշունիք) գավառում163։ Նրա դիակը փոխադրվել և ամփոփվել է Մարտակերտի շրջանի Ջրվշտիկ կամ Եղիշե Առաքյալ վանքի կողքի մի մատուռում։ Ամենայն հավանականությամբ հին դամբարանը չի պահպանվել։ Երախտապարտ սերունդները հետագայում նրա դամբարանի տեղը մատուռ են կառուցել։ 1286թ. Վաչագանի գերեզմանի վրա նոր տապանաքար են դրել, վրան փորագրել. «Այս է հանգիստ Վաչագան թագավորին Աստված ողորմի Հայրապետայ և ոյր ծնողացն, որ շինեց զեկեղեցիս առաջնորդութիւն տէր Սիմոնի թիւ ՉԼԵ (1286) էր»164։

Վաչագան Բարեպաշտի կարճատև գահակալությունը մի ամբողջ դարակազմիկ շրջան է հանդիսացել միջնադարյան Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում։
ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 7-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

ՊԱՐՍԻՑ ԱՐՔՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎԵԼԻՑ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒ­ՆԸ: Վաչագան բարեպաշտի մահվանից հետո վեցերորդ դարի համարյա ամբողջ երեք քառորդը Արցախն ապրում էր խաղաղ ու բարգավաճ կյանքով։ Դա հիմնականում բացատրվում էր Սասաանյան Իրանում տիրող քաղաքական համեմատաբար կայուն կացութ­յամբ։ Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ (531-578թթ.) Պարսկաստանում սկսվում է տնտեսական և մշակու­թային աննախընթաց վերելք։ Բարեփոխվում է երկրի ռազմավարչական և հարկային համակարգը։ Երկրում սկսված շինարարական եռուզեռի ընթացքն ու անդորրը պահելու համար Խոսրով Ա Անուշիրվանը սկսեց հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել այլ հավատքների, այդ թվում քրիստոնեության նկատմամբ։

Դեռևս Կավատ Ա-ի ժամանակ Պարսկաստանը վարչականորեն բաժանված էր չորս «քուստակների»՝ երկրամասերի։ Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ ռազմական բարեփոխումով այդ չորս երկ­րամասերը միաժամանակ դարձել էին ռազմական շրջաններ։ Յու­րաքանչյուր երկրամաս՝ «կողմ», բաժանված էր առանձին մարզ­պանությունների և «շահրերի»(աշխարհների)165։ Մարզպանական Հայաստանը, Ատրպատականը, Վիրքը, Աղվանքը, Կասպից ծովի հարավային եզերքին գտնվող Դմբավանդ, Տապարստան, Ռուան և ամոլ երկրները կազմում էին Հյուսիսային Քուստակը, որը կոչվում էր նաև «Քուստի-Կապկոհ», այսինքն՝ Կովկասյան Քուստակ166։ Արցախի Առանշահիկների թագավորությունը Աղվանից մարզպանության կազմում ներառված էր հյուսիսային Քուստակի մեջ և իր տեղն ու դերն ուներ Սասանյան Պարսկաստանի ռազմավարչական հիերարխիկ համակարգում։

Ճիշտ է նկատել հայտնի կովկասագետ Ս.Վ.Յուշկովը, որ Առանշահիկների ավատական իշխանությունը համարվում էր Հայոց երբեմնի մեծ ու հզոր պետության մի բեկորը, որը, թեկուզև կախյալ վիճակում, ապրում էր պետական ինքնահատուկ կյանքով167։

Հայոց երկիրը քաղաքական տեսանկյունից բաժան-բաժանանելուց զատ Սասանյան Պարսկաստանը ձգտում էր նրան տկարացնել նաև տնտեսական տեսանկյունից։ Այդ նպատակով Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ անց է կացվում աշխարհագիր՝ գրանցվում են ցանքատարածությունները, այգիներն ու պարտեզները, ինչպես և անասունների գլխաքանակը։ Գլխահարկի քանակը պարզելու համար կազմակերպվել է ազգաբնակչության վիճակագրություն։ Հարկը գանձվում էր տարեկան երեք անգամ։ Հողահարկը վճարում էին ազգաբնակչության բոլոր խավերը, իսկ գլխահարկը՝ ստորին դասերը՝ շինականները և քաղաքացիները168։

Նախկինում հողահարկը գանձվում էր բնատուրքի ձևով՝ պարզապես տրվում էր ստացված բերքի որոշ քանակը, այժմ հարկահավաքները պահանջում էին և բնատուրքով, և դրամով։ Հարկային նոր համակարգը մեծ դժգոհություն հարուցեց բնակչության բոլոր խավերում։ Դրա արտահայտությունը հանդիսացավ Հայոց Արևելից կողմանց իշխանների ապստամբությունը պարսից բռնատիրության դեմ։ Սասանյաններին հաջողվեց ճնշել ապստամբությունը և մասնակիցներին ենթարկել դաժան պատժի։ «Մեծամեծաց իշխանաց աշխարհին Աղուանից, որք ապստամբեցան յարքայեն Պարսից և կորեան անկան բազումք ի նոցանէ՝ ոմանք ի սուր, ոմանք ի խեղութիւնս անդամոց և ոմանք տարագրեալք յաշխարհս հեռաւորս»169 դառը կսկիծով պատմում է Մովսես Կաղանկատվացին։

Հայոց Արևելից կողմանց տերերի՝ Առանշահիկների իշխանապետության բեկորները պահպանել ու պարսից հայակործան քաղաքականությանը դիմակայելու նպատակով հայոց թվականության առաջին տարում (552թ.) հիմնադրվեց կաթողիկոսական աթոռ։ Աղվանից առաջին կաթողիկոսն է դառնում Մեծառանք գավառի եպիսկոպոս Աբասը։ Կաթողիկոսանիստ կենտրոն դարձավ Պարտավ քաղաքը։ Աղվանքի հայրապետությունը, բացառյալ տեղական նշանակության հարցերի, նվիրապետական տեսակետից ենթակա էր Հայոց կաթողիկոսությանը։

Նորաստեղծ կաթողիկոսությունը սկզբից ևեթ մեծ հեղինակու­թյուն ուներ նաև հարևան նահանգների հավատացյալների մեջ։ Շուտով նրա գահերեցությունը ընդունեցին մինչև Դերբենդի դռները փռված նահանգները։ ԵՎ պատահական չէր, որ հայաղվանքում հիմնադրված աթոռը կոչվում էր «Կաթողիկոսություն Աղվանքի, Լփնաց և Չողա»։ Դրա մասին է վկայում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղյանի Աբասին հղած թուղթը, որտեղ նա թվարկում է Աղվանից կաթողիկոսության մեջ մտնող թեմերն իրենց առաջնորդներով։ Ահա դրանք. «Բարիներին, արդարամիտներին, աստվածասերներին, իմ սիրելի եղբորն ու աթոռակցին՝ Աղվանքի կաթողիկոս տեր Աբասին, Բաղախատի եպիսկոպոս Մովսեսին, Կապաղակի եպիսկոպոս Գրիգորին, Ամարասի եպիսկոպոս Հռոմի կին, Բաղասականի եպիսկոպոս Տիմոթեոսին, Շաքիի եպիսկոպոս Ամբակումին, Գարդմանքի եպիսկոպոս Հոհանիկին, Մեծ կողմանց եպիսկոպոս Ղևոնդին»170։

6-րդ դարի երկրորդ կեսին Սյունիքի եպիսկոպոս Պետրոսն իր թեմը նույնպես միացրեց Աղվանքի աթոռին, որոշելով այդպես մնալ մինչև սուրբ Գրիգորի աթոռի միասնական դառնալը171։

Աբաս կաթողիկոսը իր աթոռակալության առաջին իսկ օրվանից անզիջում պայքար սկսեց աղանդավորության դեմ, անխաթար պահելով հայոց եկեղեցու միասնությունը։

ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ «ՍԻՍԱԿԱՆ» ՇԱՀՐԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ։ Հայոց կենտրոնաձիգ պետության բացակայության պայմաններում պարսկական արքունիքը մշտապես ձգտում էր իրար դեմ լարել հայ նախարարական տներին և, խառնակ իրավիճակից օգտվելով, եր­կարաձգել իր գերիշխանությունը Հայաստանում։ 571թ. Սյունիքի իշխան Վահանը առանձնանալով մարզպանական Հայաստանից և իբրև առանձին շահր(վարչական միավոր–Վ.Բ.), անմիջականորեն ենթարկվեց Ատրպատականի մայրաքաղաք Գանձակում նստող Քուստի-ի-Կապկոհի փոխարքային։ Պարսից արքա Խոսրով Ա Անուշիրվանը մեծ գոհունակությամբ ընդունեց Վահան Սյունու այդ քայլը և Սյունիքին միացվեց սահմանակից Արցախ նահանգը, որի Հաբանդ գավառը(հետագայում Վարանդա), դարձավ Վահանի կենտրոնատեղին և, ինչպես ցույց է տալիս Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցը», այնուհետև Հաբանդ գավառը կոչվեց «Սիսական-ոստան», իսկ Սյունիքի և Արցախի միացյալ շահրը-իշխանությունը սասանյան պետությունում հայտնի էր «Սիսական» անու­նով172։ Առաջ անցնելով ասենք, որ Սեբեոսի Պատմության մեջ Թեոդորոս Ռշտունու և Մուավիայի միջև բանակցությունների մասին խոսելիս Հայաստանը (Հայքը) և Սյունիքն (Սյունիք ասելով հասկացվում է նաև Արցախը-Վ․Բ.) առանձին են հիշատակվում։ Արաբ­ների արշավանքների մասին խոսելիս նույնպես պատմիչը նշում է, որ արաբները կողոպտեցին Հայոց երկիրը, Աղվանքը և Սյունիքը։ Պատահական չէր, որ հին հայկական աղբյուրներում Արցախը երբեմն հիշատակվում է «Փոքր Սյունիք», կամ «Սյունյաց երկրորդն» անուններով173։ Հայաստանի մնացյալ մասերից «Սիսական-ոստան»-ի անջատված վիճակը տևեց գրեթե 83 տարի(571-654թթ.)։ Սասանյան արքունիքում բարձր էր «Սիսական»-ի քաղաքական կշիռը։ Վարչական այդ նոր միավորի իշխանի գերագույն հսկողության տակ էին գտնվում Ճորա պահակը և Դարբանդի ամրությունները։ Նրա զորամասերը՝ «սիսականցիները», մեծ համարում ու­նեին սասանյան արքունիքում174։

Արաբական արշավանքների հետևանքով Առաջավոր Ասիայում քաղաքական ուժերի նոր վերախմբավորումների պայմաններում Համազասպ Մամիկոնյանի գլխավորությամբ մի կարճ ժամանակահատված(654-661թթ.) միավորվեցին Հայաստանի պարսկահ­պատակ և բյուզանդահպատակ հատվածները։ Սեբեոս պատմիչը գրում է, որ Սասանյան Իրանի կործանումից հետո Սյունիքն ու Արցախը նորից միացան միացյալ Հայաստանին175։ Փաստորեն VII դարի երկրորդ կեսում Հայոց իշխանին ենթակա էին Մեծ Հայքի հիմնական նահանգները՝ Այրարատ, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Մոկք, Տուրուբերան, Տայք և Գուգարքի Տաշիր գավառը, ինչպես նաև Աղձնիք ու Կորճայք նահանգների լեռնային մասերը։ ՀՈՆԵՐԻ ԿԱՄ ԽԱԶԱՐՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՊԻ ԱՐ­ՑԱԽ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ VII դարը արցախահայությանը բերեց նոր անակընկալներ ու արհավիրքներ։ VII դարի սկզբներից Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս բնակվող բազմաթիվ խառ­նամբոխ ցեղեր Ճորա պահակով և Ալանաց դռներով Այսրկովկաս էին թափանցում և մահ ու ավեր սփռում շեն գյուղերում և քաղաքներում։ Այդ ցեղերը մ.թ. առաջին դարից Այսրկովկասի ժողովուրդներին հայտնի էին մեկ ընդհանրական անունով՝ հոներ։ VIIդարի սկզբներին Այսրկովկասում նորից հայտնված այդ ցեղերին հայ մատենագիրները անվանում էին խազիր176 կամ խազար։

VI դարի կեսերին խազարները առաջին անգամ մտան Այսրկովկաս և ավերեցին Կուրի աջափնյակը, մեծապես չշոշափելով հայ­կական նահանգների շահերը։

Խազարական արշավանքները դեպի Այսրկովկաս սաստկա­ցան VIIդարի սկզբներին, երբ նոր թափով սկսվեց պարսկա-բյուզանդական հակամարտությունը՝ տարածքաշրջանում առաջնու­թյան հասնելու համար։

Մավրիկիոս կայսեր սպանությունից հետո, օգտվելով Փոկասի դեմ բռնկված ապստամբություններից, Խոսրով Փարվեզը 602թ. պատերազմ է սկսում Բյուզանդիայի դեմ։ Պատերազմական գործո­ղությունները սկզբում ծավալվում են հյուսիսային Միջագետքում, ապա տեղափոխվում Հայաստանի կենտրոնական նահանգները։

Հայաստանում պարսկաբյուզանդական ճակատամարտերը հաջորդում էին մեկը-մյուսին, ոտքի կոխան դարձնելով բարեշեն գյուղերն ու քաղաքները։

608-616թթ. պարսկաբյուզանդական պատերազմական գործո­ղությունների արդյունքն այն եղավ, որ Պարսից Խոսրով Փարվեզը Միջագետքում, Ասորիքում, Հայաստանում, Փոքր Ասիայում, Պաղեստինում և Եգիպտոսում տիրացավ ընդարձակ տարածքների177։

Այս ժամանակ (610թ.) Բյուզանդիայում գահընկեց է արվում և սպանվում Փոկասը։ Կայսերական գահն անցնում է Հերակլին(610-641թթ.)։ Վերջինս Բյուզանդական կայսրությունը փրկելու համար վերստեղծեց մարտունակ բանակ և 622թ. նոր թափով վերսկսեց պատերազմական գործողությունները։ Կայսերական զորքերը հետապնդելով Խոսրովին ավերում են Ատրպատականը։ Այնուհետև Բյուզանդացիները հասան մինչև Ու­տիք ու Արցախ և գրավեցին Պարտավը178։ Հայոց Արևելից նահանգ­ների իշխանները բնակչության հետ միասին պատսպարվեցին լեռ­նային Արցախի ամուր տեղերում։ Ձմեռելու նպատակով բյուզանդական զորքը ճամբար է դնում Տրտու գետի ափին՝ Գյուտական գյուղի մոտ 179։

Խոսրովը որոշում է աքցանի մեջ առնել բյուզանդացիներին և ջարդել։ Խոսրովի հրամանով Շահր-Վարազ զորավարը գալով Պարսկաստանից, անցնում է Այրարատի ծայր հարավում գտնվող Շարուրի դաշտով, Սյունիքի՝ Վայոց ձոր, Գեղարքունի, Սոդք գավառներով, և այնուհետև Փառիսոս-Գարդմանով ու ճամբար դնում Ուտիքի Տիգրանակերտի, ինչպես Սեբեոսն է ասում, «Միւս Տիգրանակերտի» մոտ180, նպատակ հետապնդելով չթողնել բյուզանդացի­ներին մտնել Վրաստան և խորանալ Հայաստանի մեջ։

Մյուս կողմից թիկունքից հարվածելու նպատակով պարսկական մեկ այլ զորախումբ Շահենի գլխավորությամբ բանակ է դնում Կուր գետի ձախափնյա մասում Խաչենագետ և Կարկառ գետերի միջև գտնվող Արցախի Տիգրանակերտ ավանում181։

Նման պայմաններում Հերակլը կայացնում է ամենաճիշտ վճի­ռը։ 621 թվականին կայսրը հանկարծակի հարձակվելով Շահենի զորքերի վրա, պարտության է մատնում նրան և Արցախի Բերդաձորի վրայով անցնում Սյունիք-Նախիջևան182։

Արևմտյան Հայաստանի տարածքում մի շարք ջախջախիչ հար­վածներից հետո բյուզանդացիները հեռանում են դեպի իրենց երկիրը։

Չնայած դրան ռազմական գործողությունները նոր թափով վերսկսվեցին 626 թվականին։ Երկու կողմերն էլ փորձում էին ձեռք բերել դաշնակիցներ։ Խոսրովը ավարների խաքանին համոզեց շարժվել դեպի Կ.Պոլիս, իսկ Հերակլը լեզու գտավ խազարների հետ։ «Սաստիկ ամբոխիլ ելին խազիրք ասպատակել յաշխարհս մեր՝ հրամանաւ Հերակլի», ասում է Կաղանկատվացին183։ Այնու­հետև պատմիչը նկարագրում է Չողից մինչև Ուտիք ու Արցախ խազարների կատարած սահմռկեցուցիչ ալան-թալանը։ Խազարները գրավում են Պարտավը, Կաղանկատույք գրողի մոտ՝ լեռան ստորո­տում, անխնա ջարդում անպաշտպան ժողովրդին։ Ուտիքից փախածների մի մասը փրկվում են Արցախի անմատչելի լեռներում ու բերդերում։

Քրիստոնյաների պաշտպան իրեն հռչակած Բյուգանդական կայսրը այս անգամ շտապում է Այսրկովկաս՝ միանալու Ջեբու խաքանի խազարական հորդաներին, և իր ծարավը հագեցնելու քրիստոնյաների արյունով։

Մեծաքանակ այդ գորքը պաշարեց Տփղիսը։ Պաշտպանների խիգախության շնորհիվ այս անգամ վաճառաշահ ու գեղատեսիլ քաղաքը փրկվեց վերահաս աղետից։ Սակայն հաջորդ տարին Հերակլն ու խազարական խաքանը վերստին պաշարում են Տփղիսը։ Երկու ամսվա ծանր դիմադրությունից հետո ընկնում է քաղաքը։ Հերակլն ու խաքանը վրիժառությամբ կոտորում են անպաշտպան բնակչությանը, փորում վրաց մեծ իշխանի և պարսից կուսակալի աչքերը՝ ի պատասխան անցած տարվա դդում-ծաղրանկարի, որի վրա խաքանը կույր էր նկարված եղել։ Իրենց սև գործը կատարե­լուց հետո դաշնակիցները նորից շարժվեցին դեպի Հայոց Արևելից գավառները։ Արշավանքը գլխավորում էր Ջեբու խաքանի որդին Շաթը, որին պատվիրված էր չհնագանդվելու դեպքում կոտորել 15 տարեկանից բարձր տղամարդկանց և մանկահասակներին ու կանանց գերության քշել184։

Այս ճակատագրական պահին պարսից մարզպանը ժողովրդին անպաշտպան թողնելով փախավ Պարսկաստան։ Խազարները ամեն տեղ մահ ու ավեր են սփռում։ «Յանկարծակի պատեաց մէգն և մառախուղն զամենայն երեսս երկրիս մերում առ հասարակ, ի տունս և յանցս ճանապարհայ բերան ամենեցուն կարդայր վա՜յ, վա՜յ։ Գոչիւն բարբարոսայն ոչ լռէր և չէր՝ ուր ոչ ելանէր սատակիչ բարբառ չար թշնամեացն, և այն ի միում ալուր և ի միում ժամու։ Քանզի բաժանեցին յառաջագոյն վիճակաւ ըստ գնդից զգավառս և զշէնս զհեղեղատս և զգետս, զաղբիւրս և զմօրզ, զլերինս և զդաշտս՝ յամենեսին միապէս ըստ ժամադրին սփռեալ զասպատակս աշխարհակալ և ի ծագաց մինչև ի ծագս դողացին սահմանք մեր… Զի երեսաց սրոյն, որպէս յահեղ առիւծէի մագիլ գիշաքարշ բեկանող արջոյն ի ժանիս սովոյն մատնէին. ի միասին լքեալք, յոդալոյծք, սովաբեկք, ակամայ դիմեալք ի գերութիւն՝ որպէս ի չարութենէ օձից ի յահէ տեսլեան դառնաշունչ թշնամոյն խածանէին»185։ Այս ճակատագրական պահին էլ հանդես է գալիս Պարսից դեմ հայ իշխանների կազմակերպած ապստամբության մասնակից, պարսից 25-ամյա գերությունից հենց նոր վերադարձած Աղվանից աշխարհի կաթողիկոս Վիրոն։

Կաթողիկոսը փորձեց բանակցությունների միջոցով ժամանակ շահել ու մեղմացնել խազարների դաժանությունները, սակայն անօգուտ։ Այն ժամ, ուրիշ ելք չգտնելով, կաթողիկոսն Չարաբերդ-Ջրաբերդում հավաքված հոգևոր ու աշխարհիկ տերերին առաջարկեց յուրաքանչյուրն իր ունեցածից մի բան բաժին հանել և կաշառել Շաթ խաքանորդուն։ Վիրոն, հավաքված հարստությունը վերցրած, մեծամեծերից կազմված մի պատվիրակությամբ գնաց ներկայացավ Շաթին, որը բանակ էր դրել Պարտավից հյուսիս, Տրտու գետի ափին։

Նվերները ստանալուց հետո Շաթ խաքանորդին չավերեց երկի­րը։ Վիրոյի միջնորդությամբ ազատվեցին գերյալները։ Շաթ խաքանորդին խոստանում է այլևս չհարձակվել Վիրոյի երկրի վրա, այլ բավարարվել միայն հարկեր վերցնելով։ Չնայած դրան, խազարնե­րը դեպի Այսրկովկաս արշավեցին 630 թվականին, նոր արհավիրք­ներ բերելով ժողովրդին։

Տասնամյակներ շարունակ խազարների չընդհատվող արշավանքները քայքայեցին երկրի տնտեսությունը։ Մի ժամանակվա արգավանդ դաշտերն ու այգիները մնացին անմշակ ու վերածվեցին անապատների։ Սովն ու մահտարժամը պատել էր երկիրը։

Մարդիկ ստիպված են լինում ուտել ինչ-որ պատահի՝ սատկած անասունների միս, ծառերի ճյուղեր, հին կաշի, ծխաթակ կաշեպարկեր, կոշիկների հին կապիչներ, իսկ ով գտներ պտուղ ու կորիզ, կաղար ու կուտեր։ Պատմիչի ասելով նույնիսկ մեռածների միս էին ուտում։ Այսքանից հետո էլ մարդկանց վրա խելացնորություն եկավ, որով հիվանդները երկու ամիս անզգա ընկնում էին, սևանում, կորց­նում մարդկային տեսք ու կերպարանք։ Սակայն կատարվեց և դրանից ավելի վատթարը. գարնան առաջին կանաչի հետ կենդանի մնացածները դաշտ էին դուրս գալիս խոտով սնվելու։ Եվ դրանից էլ բազմապատկվում էր մահացողների թիվը։ Աշխարհն ասես համատարած գերեզմանոց էր անթաղ մեռելների186։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ 7-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԵՍՈՒՆԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ 9-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԸ

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ։ 7-րդ դարի սկզբներին Հայոց երկրի անդորրը խաթարեցին արաբական մահասփյուռ արշավանքները։ Բյուզանդա­կան կայսրությունը լքել էր հայերին։ Հզորության ուղին բռնած արաբական խալիֆայությանը դիմադրելը դառնում էր անիմաստ։ Քաղաքական ճիշտ կողմնորոշումն այդ ծանր պայմաններում ճակատագրական նշանակություն պիտի ունենար հայության համար։ Հեռատես քաղաքական գործիչ Թեոդորոս Ռշտունին, հաշվի առնե­լով ստեղծված կացությունը, կողմնորոշվեց դեպի խալիֆայությու­նը։ 652թ. Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը։

Սեբեոսը այս բանակցությունների մասին խոսելիս Հայաստանը և Սյունիքը Արցախի հետ միասին առանձին է հիշատակում187։

Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահվանից հետո, երր Հայոց իշխան ընտրվեց նրա փեսա Համազասպ Մամիկոնյանը։ Նրա իշխանության տարիները(651-661թթ.) խաղաղության և բարգավաճման մի շրջան կազմեցին։ Համազասպ Մամիկոնյանը իր իշխանության տակ վերցրեց Մեծ Հայքի համարյա բոլոր գավառները։ Սյունյաց իշխանությունը Արցախի հետ նույնպես միացավ Հայաստանին188։

Ջիվանշիրը ընդունում էր Համազասպ Մամիկոնյանի գերագույն իշխանությունը։ Հայոց իշխանին ենթակա էին Մեծ Հայքի հիմնական նահանգ­ները՝ Այրարատ, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Մոկք, Տուրուբերան, Տայք և Գուգարքի Տաշիր գավառը, ինչպես նաև Աղձնիք և Կորճայք նահանգների լեռնային մասերը, իսկ Բարձր Հայքն ու Չորրորդ Հայքը արաբներն իրենց ձեռքում էին պահում որպես ռազմաստրատեգիական տեսակետից կարևոր դիրք ունեցող վայրեր՝ Բյուզանդիայի դեմ մղված պայքարում189։

Դեռ ավելին, Համազասպին հաջորդած Գրիգոր Մամիկոնյանի իշխանության տարիներին(661-686թթ.) Հայաստանը հրաժարվեց հարկ վճարել արաբներին։ Թվում էր, թե նորից պիտի վերածնվեր հայկական կորսյալ պետականությունը։

Հզորության ուղին բռնած խալիֆայությունը չէր կարող հանդուրժել հայկական պետականության վերականգնման փորձերը։ Մերթ ընդ մերթ Հայաստանի սահմաններին երևում էին մահասփյուռ արաբական բանակները։

Հայոց Արևելից գավառների հայությունը Ջիվանշիր թագավորի առաջնորդությամբ մի առ ժամանակ ինչպես զենքով, այնպես էլ դիվանագիտությամբ կարողացան դիմակայել արաբների ճնշումնե­րին։ Ջիվանշիրը շարունակեց Հայոց մեծ սպարապետ Թեոդորոս Ռշտունու ճկուն քաղաքականությունը։ Խալիֆի համակրանքը շահելու նպատակով Ջիվանշիրը մեկնեց Դամասկոս։ Նրան արքայավայել ընդունեցին։ Մուավիան Կուրից մինչև Ճորա պահակը ընկած հողերի կառավարումը հանձնեց «Արևելքի իշխանին»՝ Ջիվանշիրին։ Միաժամանակ նա դարձավ միջնորդ արաբների և հյուսիսային Կովկասի ցեղերի՝ հոների, խազարների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։

Այս ամենից հետո Ջիվանշիրին մեծամեծ նվերներով ճանապարհեցին երկիր։ Վերադարձի ճանապարհին՝ Արուճ ավանում, Հայոց մեծ իշխան Գրիգոր Մամիկոնյանը և Անաստաս կաթողիկո­սը պատվով ընդունեցին Ջիվանշիրին, նախանշելով հետագա անե­լիքների համատեղ ծրագիրը։

Արաբների վստահությունը լիովին շահելու նպատակով երկրորդ անգամ՝ 671թվականին Ջիվանշիրը գնաց արաբ խալիֆի մոտ190։ Մեծաշուք պատիվների արժանանալուց հետո,– գրում է պատմիչը,– արքայավայել մեծարանքի ու սիրո խոսքերից հետո, խալիֆը Ջիվանշիրին անքանակ ու անգնահատելի նվերներ է տալիս, որոնց թվում էին երկու զարմանահրաշ բաներ՝ փիղ և թութակ, ու առաջարկում միաժա­մանակ իշխել Ատրպատականում և նրանից արևելք ընկած Սիւնեստանյաց երկրում191։ Ջիվանշիրը մերժում է խալիֆի առաջարկը։ Արցախահայության հակաարաբական շարժումը նոր թափ ստացավ հետագա ժամա­նակներում։

Աղբյուրները վկայում են, որ 9-րդ դարի սկզբներին հյուսիս-արևելյան Հայաստանի հակաարաբական շարժումը գլխավորում էր Սահլ Սմբատյան Առանշահիկը։

821թ. արաբները Պրատավից շարժվելով Արցախի խորքերը, ասպատակեցին Ամարասը, և մոտ հազար հոգի գերեվարելով, ամրացան Շիկաքար բերդում։ «Այդ ժամանակ քաջ ու շքեղատեսք Սահլի Սմբատյան Առանշահիկ իշխանը և իր քաջազոր եղբայրնե­րը իրենց զորքերով լուսադեմին վրա տվին, նրանց բոլորին միասին, դիաթավալ արին, ցիրուցան դարձրին և, ինչպես առյուծի ժանիքներից, գերիներին խլեցին»192։

Հաջորդ անգամ 12 հազարանոց բանակի հետ ճակատամարտը տեղի ունեցավ Մուխանք դաշտում։ Ժամանակագիրը վկայում է, թե «Այստեղ էլ Սահլ Սմբատյանը, որ Զարմիհրական արքունի տոհմից էր, իրենց գործակից դարձնելով մեծ նահատակ Գեորգիոսին, թշ­նամիների վրա խոյացավ՝ որպես արծիվը տկար թռչունների վրա և, դաշտում այս ու այնտեղ կոտորելով, մնացորդներին փախուստի մատնեց»193։

9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության խառնակ վիճակը նպաստեց նրա տիրապետության տակ ընկած երկրների ներսում նոր խմորումների առաջացմանը, որոնք բոլորն էլ ինք­նավարության էին ձգտում։ Թուլացող տիեզերական կայսրության փոխարեն տեղերում հզորանում էին ընդիմադիր ուժերը։ Հայաստանում առանձնապես վերելք էր ապրում Բագրատունյաց նախարարական տունը, որը 9-րդ դարի կեսերից սկսած հրաժարվում էր նույնիսկ հարկ վճարել արաբներին։ Իսկ Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգներում սյունեցիները և Ուտիքի ու Արցախի նախարարական տները դարձել էին իրենց երկրամասերի լիիրավ տերերը։ Մութավաքիլ խալիֆն(847-861թթ.) բիրտ միջոցների դիմեց Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար։ 850թ. այդ նպատակով Հայաստան ուղարկվեց Աբու Սաիդ ոստիկանը, որն իր հարկահաններով երկիրը սկսեց կողոպտել։ Նախկին ծանր ու անտանելի հարկերին ավելացվեց նաև «ջիզյա» կոչվող այլադավանության հարկը, որը գանձվում էր ոչ մահմեդականներից։ Այս վիճակը երկար հանդուրժել չէր կարող հայ ժողովուրդը։ Առաջինը ապստամբական դրոշ էին բարձրացրել Վասպուրականի Արծրունիներն ու Տարոնի Բագրատունիները։ Ապստամբները Խութեցի Հովնանի և Բագրատունյաց իշխանազունների գլխավորությամբ Մշո դաշտում ջախջախում են հայկական շարժումները ճնշելու նպատակով եկած արաբական զորքերին։ Արաբ ոստիկան Յուսուֆը հայ վրիժառուներից մազապուրծ թաքնվեց սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթի ներսում, սակայն հենց տեղում հայ ռազմիկներից մեկը աշտեով սպանեց նրան։ Արաբական խալիֆայությունը այսօրինակ խայտառակ պարտության վրեժն առնելու համար թուրք զորավար Բուղա Շարաբիի գլխավորությամբ 200 հազարանոց մի զորաբանակ ուղարկեց Հայաստան և Անդրկովկաս[6]։ Բուղան արյան մեջ խեղդեց Սասունը, Վասպուրականը, Ռշտունիքն ու Մոկքը։ Հայկական այս նահանգների բախտին արժանացավ նաև Արևելյան Վրաստանը Տփղիս մայրաքաղաքով։ Եվ միայն Կովկասյան լեռնաշղթայի փեշերին՝ Կախեթում բնակվող ծանարները սաստիկ ջարդ տվեցին Բուղային, որն ստիպված եղավ ամոթով փախչել պատերազմի դաշտից։

Կախեթից Բուղան ուղղվեց դեպի Գուգարաց դաշտը և իջավ Պարտավ քաղաքը, Կուրից հյուսիս մտավ Հայաստանի արևելյան կողմերը՝ Ուտիք-Արցախ լեռնաշխարհը։ Ձերբակալվեցին Գարդմանի Կտրիճ իշխանը, Խաչենի Ատրներսեհն իր հոր՝ Սահլ Սմբատյանի194 հետ, լեռնային Ուտիքի Սևորդիների Ստեփանոս Կոն իշխանը195։ Բուղայի արնածարավ բանակի թափը կոտրվեց Դիզակում։ Հենվելով իր բերդերի անմատչելիության և առավելապես իր քաջ զինվորականության վրա, Դիզակի Աբու-Մուսե իշխանը վճռեց դիմադրություն ցույց տալ Բուղային։ Լեռնային Քթիշ(Գտիչ)[7] ամրոցում հավաքվեցին Եսայի իշխանի ոչ միայն զորքը, այլև շրջակա գյուղերի ժողովուրդը։ Եվ Եսայի Աբու Մուսեն սկսում է եռանդուն պատրաստություններ տեսնել։ Բուղան հայ իշխանից պահանջում է գալ իր մոտ և հնազանդություն հայտնել։ Եսայի Աբու Մուսեն պատասխանում է նրան մի նամակով, որի ամբողջ բովանդակությունը տոգորված է ջերմ հայրենասիրությամբ և որի մանրամասները մեզ է թողել Թովմա Արծրունին. «Աշխարհակալների սովորությունն է արքունի հոգածությամբ գնալ երկիրը, իբրև հնազանդների մոտ, վերցնել, թեթևացնել տառապյալների նեղությունները, իբրև խնամարկուներ, և ոչ թե ավազակաբար ավերել, սրածելով ու գերեվարությամբ ավերակ դարձնել երկիրը։ Եվ եթե դու արքունիքից եկել էիր խաղաղությունը պահպանելու, շենություն պիտի պարգևեիր սրանց և ոչ թե ավերանք ու խառնակություն։ Եվ արդ թող հայտնի լինի, որ ինչքան բավականանա իմ զորությունը և քանի դեռ կենդանի եմ, կընդդիմակայեմ տեր աստծո ուժով ու զորությամբ և քեզ տեսնելու եմ ոչ թե սիրով ու խաղաղությամբ, այլ զենքով, աղեղով ու սրով, քաջ տղամարդկանցով և ընտիր երիվարներով։ Եվ եթե դու ցանկանում ես ապրեցնել քեզ ու քո զորքը, արի ել այստեղից ու դուրս գնա իմ երկրի սահմաններից։ Ապա թե ջանաս զրկվել այս կյանքից՝ քո զայրույթի, կատաղության պատճառով և ոսկորներդ ցրես անապատներում ու դառնաս երկրի գազանների, երկնքի թռ­չունների կերակուր, քո կամքը թող լինի, ես անպարտ եմ քո արյան համար, մանավանդ, որ մեծ բարեպաշտություն եմ համարում սպանել աստծո թշնամիներին, ինչպես Մովսեսն Ամաղեկին, Հեսուն Քանանացիներին, Սամուելն Ագագին և Դավիթը Գողիաթին, նաև ինչ­պես իսրայելացիներն սպանեցին այլազգիներին։ Եվ աստված սիրեց նրանց։ Նույն կերպ կանեմ քեզ և քո զորքի հետ։ Արդ չեմ կամենում երկար խոսել քեզ հետ, քո ձեռքերում է խաղաղությունն ու խառնակությունը։ Եթե, ինչպես ասացի, հեռանաս ինձանից, խաղաղություն կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմ, կռիվ ու ճակատամարտ։ Դու կդառնաս թիրախ, իսկ իմ աղեղը՝ խոցոտող, դու՝ ախոյան, իմ զինվորները՝ հաղթանակող, դու՝ ոսոխ, իսկ իմ զորքը քեզ դատապարտող, քո պատերազմը և մեր հաղթությունը, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը՝ մենք նրա ժառանգորդ, քո ավարը՝ մենք ավարառուներ, դու ավազակ, մենք կո­ղոպտիչներ, դու եղեգն, մենք դյուրավառ կրակ, դու հարդ, իսկ մենք դյուրությամբ փչող քամի, դու ծաղիկ, իսկ մենք թարշամեցնող խորշակ, դու պտղալից հանդ, մենք ապականող կարկուտ, դու շինվածք առանց հիման, իսկ ես հիմնիվեր տապալող հեղեղ, դու լեշ, իմ զոր­քը հոշոտող գազան, որ պատռոտում է քո սրտի առագաստը, դու խաղալիք, իսկ մենք մանուկներ, որ բռնելով քո զորությունը, խաղում, կատակում ենք քեզ հետ և քո այդ ողջ հպարտության ու անբարեհաճության հետ, դու վայրի երե, մենք՝ որսորդներ, դու թռչուն, իսկ մենք բարձրությունից ցած ենք իջեցնում և ձգում որոգայթի մեջ, դու ծովի վիշապ, մենք՝ կարթ, քո քիմքից վեր ենք ձգում քեզ անդունդների խորքից. դու իբրև եղջերու առանց եղջյուրների, մենք արծիվներ քո վերևում, քո աչքերը կուրացնողներ, որ քո լեշը գցում ենք մեր ձագերին և խորշերում բնակվող աղվեսներին։ Եվ մինչև որ քեզ վրա չվերցնես այն, ինչ խոսեցի քո պատգամավորների հետ ու ավելի ջանաս վտանգել մեզ՝ դու կընդունես վտանգավորը»196։

Աղբյուրները վկայում են, որ Եսային «երիցու (քահանայի) որ­դի» էր։ Չնայած դրան, նա անվեհեր կռվող էր և չի պարտվել ոչ մի պատերազմում։ Բուղան պարզ ընկալելով լեռնցի իշխանի շիտակ խոսքը, լրջորեն նախապատրաստվեց բերդի գրավմանը՝ պատնեշ­ներ կանգնեցրեց ամրոցի դեմ, քարակույտեր շինեց, տեղակայեց քարաձիգ մեքենաներ։ Բերդապահ զինվորականությունը և խաղաղ բնակչությունը հայտնվեց խուլ պաշարման օղակում։ Այդպիսով պաշարումը տևեց մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում Բուղան 28 անգամ գրոհում է բերդի վրա և ամեն անգամ էլ խայտառակ պարտություն կրելով հետ է նահանջում։ Պաշարումը երկարաձգվելով Բու­ղայի զորականները ամրոցի շրջակայքում իրենց համար վրանաբ­նակ մի բնակավայր կառուցեցին։ Թովմա Արծրունին պատմում է, որ Բուղան այդ անհաջողություններից հուսալքված փակվեց իր վրանում և 10 օր ոչ ոքի չէր ընդունում։ Սարսափելով լեռնցների գրոհներից նա իր վրանը շրջապատել էր բազմաթիվ զորագնդերով։ Բուղայի բանակում գտնվող դավաճան հայ նախարարներից մեկը՝ Սմբատ սպարապետը, սիրտ է անում մտնել հուսահատված հրամանատարի մոտ և սփոփել նրան։ Խալիֆը Բուղայից պահանջում էր հաշվեհարդար տեսնել ամրոցի պաշտպանների նկատմամբ։ Պատերազմական գործողությունները վերսկսվեցին նոր թափով։ Վերջին այդ հարձակմանը մասնակցում էր արաբական ողջ զորքը։ Եվ այդ ահեղ ընդհարումից ստեղծվեց մի ցնցող տեսարան և խոր տպավորություն գործեց Սմբատ սպարապետի որդի Մուշեղի վրա, որն էլ մի ոտանավոր գրեց և այդ օրը նմանեցրեց Քրիստոսի երկ­րորդ գալստյանն ու ահեղ դատաստանին197: Աբու Մուսեի քաջավարժ զորքը առանց շտապելու հակահարձակման է անցնում և թշնամուն քշում բերդի պարիսպներից այն կողմ։ Բուղան այս անգամ էլ պարտություն կրեց։ Գտիչի պաշտպանները մեծաքանակ ավարով նորից վերադարձան իրենց ամրոցը։ Ամենից զարմանալին ու հետաքրքիրն այն է, որ բերդի պաշտպանները նման դժոխքային պայմաններում Բուղային կործանած Գտչավանքի փոխարեն կառուցեցին նոր եկեղեցի։ Քանի որ սրբավայրի կառուցումն ընթացել է ճակատամարտի թեժ պահին, ապա այդ իսկ պատճառով էլ այն կոչվել է Թեժ անունով[8]։

Նման պայմաններում իր ցեղակիցների գործելակերպին հատուկ՝ Բուղան դիմեց խարդավանքի։ Մութավաքիլից Եսայիի համար բերել տվեց մի թուղթ, որով նա հրավիրվում էր Բաղդադ՝ խալիֆի հետ խաղաղության բանակցություններ վարելու։ Լեռնցի ասպետ-զորավարը որքան խիզախ ու անպարտ էր, այնքան էլ միամիտ ու հավատավոր էր թշնամու խարդավանքների առաջ։ Եսայի իշխանը գնաց արաբական բանակը, ուր ընդունվեց մեծամեծ պատիվներով։ Նրան նվիրեցին սուր, թանկագին հանդերձներ, նժույգ­ներ, վրան։ Ծանարների երկրում և Արցախում խայտառակ պար­տություններ կրելուց հետո խալիֆը 855 թվականին Բուղային Հայաստանից ետ կանչեց։ Գտիչից վերադառնալով Պարտավ, Բուղան Հայաստանի տարբեր վայրերից գերեվարած հայ իշխաննե­րին շղթայակապ ուղարկեց խալիֆի մոտ։ Գերյալների թվում էր նաև թշնամուն ծառայություններ մատուցած Սմբատ Բագրատունի սպարապետը։ Գերվածների խմբից առանձին, ոչ իբրև գերի, արաբական պահակի ուղեկցությամբ Բաղդադ գնաց Աբու-Մուսե Առանշահիկը։ Այդպես էլ նա չվերադարձավ հայրենիք՝ նահատակ­վեց Բաղդադի բանտում։

Եսայի Աբու-Մուսեի և Գտիչի անանուն մյուս պաշտպանների մաքառումները հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումների ամենանշանավոր էջերից մեկն է համարվում։ Իրավացի է Լեոն. «Եսայի Աբու-Մուսեն իր գլխավորած պայքարով ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում հայոց աշխարհի այդ ժամանակվա արյունոտ նահատակումների մեջ»198։ Այնքան տպավո­րիչ էր այդ պայքարը, որ Արծրունիների տան պատմիչ Թովմա Արծրունին Եսայի Աբու-Մուսեին Արծրունի իշխաններից ավելի բարձր էր դասում։ Այսօր էլ Գտիչի հողածածկ միջնաբերդի վիմահերձի գլ­խին դեռ կանգուն անտաշ քարով շինված եկեղեցին տեղացիները կոչում են Երիցու որդի։ Հայ ժողովրդի հակաարաբական պայքարը, մանավանդ արցախահայության ընդվզումները անարդյունք վախճան չունեցան և հանգեցրին Հայաստանի անկախության վերականգնմանը։

ՊԱՐՍԻՑ ՄԻՀՐԱՆՅԱՆ ՏՈՀՄԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ 7-րդ դարում ավարառու ցեղերի անընդհատ կրկնվող արշավանքները և պատմության թատերաբեմ ելած իսլամի նորահավատ՝ արաբների հայակործան դավերի հետևանքով քամվեց Հայոց Արևելից գավառների կենսատու հյութերն ու պարարտ հող նախապատրաստվեց պարսից Միհրանյան տոհմի Արցախում և Ուտիքում հիմնավորվելու ու շուրջ երկու դար հայոց նահանգները խառնակ վիճակում պահելու համար։

7-րդ դարի սկզբներին պարսից Խոսրով Բ Փարվեզի տոհմակից­ներից մեկը՝ Միհրանը արքայից արքայի վրեժխնդրությունից փախչելով (վերջինս մասնակցել էր արքայի հոր սպանությանը) 30 000 ընտանիք վերցրած հասնում է Գարդմանք և այնտեղ իշխող Առանշահիկներից տասներկու հոգու դավադրաբար կոտորում ու տեր դառնում գավառի մի մասին։

Միհրանին հաջորդում է որդին՝ Արամայելը, իսկ սրան էլ Վարդը, այնուհետև Քաջ Վարդանը։ Ամբողջ երկրին տիրելու համար վերջինս խնջույքի է հրավիրում Առանշահիկ 60 իշխանազունների և, բացի իր փեսայի՝ Առմիհր Առանշահիկի, դավադրաբար բոլորին կոտորել է տալիս։ Նվաճելով ամրողջ երկիրը, նա, իր իշխանությունը ամրապնդելու համար, կառուցում է Գարդման բերդը։

Առանշահիկները Գարդմանից դուրս մղվելով, ամրանում են Ար­ցախի լեռնային բավիղներում, շարունակելով պայքարը իրենց օրի­նական իշխանության պահպանման համար։

Չնայած տասնամյակներ տևած երկու տոհմերի միջև արյան վրեժին, երկրամասում արձանագրվել է նաև խաղաղ գոյակցության որոշ դրվագներ։ Հայկական միջավայրն իր բարերար ազդեցու­թյունն ունեցավ Գարդմանի նոր տերերի քաղաքական գործելակերպի և մշակութային արարումների վրա։ Այդ գործընթացը ավելի խո­րացավ քաջ Վարդանի որդիներ, քրիստոնեություն ընդունած Վարազ Գրիգորի և Ջիվանշիրի կառավարման շրջանում։

Միհրանյան տոհմի ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Ջիվանշիրը(637-683թթ.) երկիրը ղեկավարում էր հայկական օրենքնե­րով ու բարքերով։ Պատահական չէ, որ նա իր համար կին առավ Սիսական նահանգի իշխանի աղջկան։ Ջիվանշիրը փորձում էր շրջակա երկրների նկատմամբ վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, անխաթար պահելով երկրի սահմաններն ու ներքին անդորրը։ Ընդունելով պարսից արքայի գերագահությունը, իր զորքերի գլուխ անցած կռվում է շահնշահի թշնամիների դեմ և անպարտելի հերոսի անուն վաստակում։ Քաջագործությունների համար Հազկերտը նրան հռչակում է ողջ Աղվանքի սպարապետ199։ Վաչագան Բարեպաշտի թագավորության փառքն ու սահմանները վերականգնելուն ձգտող Ջիվանշիրի օրեցօր մեծացող հեղինակությունը սկսեց անհանգստացնել պարսից արքունիքին։ Երկիրը մտած պարսկական զորքերին նա հաղթեց Պարտավի մոտերքում։ Հետապնդելով պարսիկներին, Ջիվանշիրը անցնում է Կուր գետի ձախ ափը և Կամբեջան գավառում ջախջախում պարսիկներին ու ազատում գերյալ ծնողներին և եղբայրներին։

Ճկուն արտաքին քաղաքականության միջոցով Ջիվանշիրը մի առ ժամանակ բարեկամական հարաբերություններ պահպանեց բյուզանդացիների, արաբների, հոների և պարսիկների հետ։

Այդ նպատակով նա մեկնեց Վաղարշապատ՝ հանդիպեց Բյու­զանդիայի կայսեր հետ և նրանից մեծամեծ պատիվներ ու ընծաներ ստացավ200։ Ջիվանշիրը լեզու է գտնում նաև հոների խաքանի հետ։ Երբ հոները մտան Այսրկովկաս և դեռ չէին հասել Ուտիքի ու Արցախի սահմաններին, նա առաջանցիկ քայլ կատարեց։ Իր 17 բանագնացների հետ անցնում է Կուր գետը և խնդրում խաքանի աղջկա ձեռքը։ Այս նոր ստեղծված բարեկամության շնորհիվ հետ է վերադարձվում 120 հազար ոչխար, 7 հազար ձի և արջառ, 1200 գերի­ներ201, ինչպես նաև հոների օգնության շնորհիվ նա Այսրկովկասում հակակշռություն է ստեղծում։ Ջիվանշիրը որպես շրջահայաց գոր­ծիչ, վարում էր նաև խելամիտ արտաքին քաղաքականություն։ Երկրի տնտեսական վերելքը ապահովելու համար թեթևացրեց հարկե­րը։ Պարսկական և արաբական ձուլարար քաղաքականությանը դիմակայելու նպատակով երկրում կառուցեց եկեղեցիներ, ծավալեց քրիստոնեական ու հայկական ազգային սրբությունների քարոզիչ­ների շարժում։ Մեծարվում է Մեսրոպ Մաշտոցը և Գիս ավանում նրա թողած սուրբ խաչը համաժողովրդական ցնծությամբ տեղափոխում են եկեղեցի202։ Ջիվանշիրի ժամանակ Հայոց Աղվանքի մշակութային կյանքը մի նոր վերելք է ապրում։

Չնայած Միհրանյաններին հաջողվել էր Հայոց Արևելից գա­վառներում տեր ու տնօրինություն անելու և տանելի կացություն էր ստեղծվել Առանշահիկների հետ հարաբերություններում, բայց և այնպես Արցախի լեռնային գավառներում հայոց հինավուրց այդ տոհմը, պահպանելով իր շառավիղները, մտմտում էր նորից վերականգնելու բռնազավթված իշխանությունը։ Գինարրբունքից հետո, գիշերային մի զբոսանքի ժամանակ Պարտավի իր պարտեզում Ջիվանշիրին դաշունահարեց Առանշահիկ մի իշխանազուն։ Ջիվանշիրին սպանողը Պարտավից փախչում է դեպի Արցախ։ Հևտապնդողները չկարողանալով բռնել նրան, կողոպտում են նրա հոր ունեցվածքը, հրդեհում տունը203։

Ջիվանշիրի սպանությունից հետո իշխանությունը անցնում է նրա եղբոր որդուն՝ Վարազ-Տրդատին։

Ջիվանշիրի սպանության վրեժն առնելու համար հոները նորից ասպատակում են երկիրը։ Երկիրը վերահաս աղետից փրկելու նպատակով Վարազ-Տրդատը Եղիազար կաթողիկոսի գլխավորու­թյամբ մի պատվիրակություն է ուղարկում հոների խարանի մոտ, խոստանալով հարկ վճարել վերջինիս։ Մյուս կողմից 705թ. Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը փորձեց հարկատու դարձնել Հայոց Արևելից գավառների հայությանը։ Այդ նպատակով բանակցությունների­ պատրվակով Վարազ-Տրդատին և նրա երկու որդինե­րին՝ Գագիկին ու Վարդանին հրավիրեց Կ.Պոլիս և բանտարկեց։

Հինգ տարի բանտարկության մեջ մնալուց հետո Վարազ-Տրդատին հաջողվեց համոզել կայսրին և վերադառնալ հայրենիք։ Այլ ելք չգտնելով՝ Վարազ-Տրդատը հպատակություն հայտնեց արաբներին։

Հուստինիանոսը, լսելով Վարազ-Տրդատի այդ որոշումը, նրա երկու որդիներին փակում է միանգամայն անլույս մի բանտում204։

Հյուսիսային Կովկասի ցեղերի, բյուզանդացիների և արաբների անընդմեջ կրկնվող արշավանքների ու խարդավանքների հետևանքով 8-րդ դարում Միհրանյանների տոհմը թուլացավ։ Բնիկ իշխանական տան Առանշահիկների համար գործունեության ասպարեզ բացվեց. 9-րդ դարի սկզբին Միհրանյան վերջին արու իշխանազունին՝­ Ստեփանոսին սպանեցին Թարթառի հովտում, Դադիվանքի մոտ։ Մայրը կենդանի մնացած միակ դուստր Սպրամին փախցրեց Խաչենի բերդը, այնտեղ ամուսնացրեց Սահլ Սմբատյան մեծ իշխանի­ որդի Ատրներսեհի հետ։

Այսպիսով երկու տոհմերի միջև գոյություն ունեցած երկդարյա պայքարը ավարտվում է քաղաքակիրթ եղանակով։ Առանշահիկները նորից դարձան Արցախի և Ուտիքի լիիրավ տերերը։
ԱՐՑԱԽԸ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի հակաարաբական ընդվզումները անարդյունք վախճան չունեցան և հանգեցրին Հայաստանի անկախության վե­րականգնմանը։ 885թ. արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Ա Բագրատունուն Մեծ Հայքի նահանգների գերագահ տիրակալ։ Արցախամուր աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության ուղեծրում։

9-10–րդ դարերին վերաբերող արաբ աղբյուրները վկայում են, որ Պարտակից Դվին տանող ճանապարհի բոլոր քաղաքները հայկական էին և պատկանում էին Աշոտ Բագրատունու թագավորությանը205։ Ժամանակակից հայ մատենագիրները հավաստում են, որ Արցախի իշխանները ընդունում էին Աշոտի գերագահությունը206։ Բագրատունյաց պետության կազմավորումից քիչ անց ասպարեզ են գալիս գավառային մի շարք թագավորություններ։ Հայ պատմագրության մեջ տիրում է այն կարծիքը, որ դրանց ծնունդը պայմանավորված էր կենտրոնախույս ուժերի քայքայիչ գործունեու­թյամբ։ Լիովին չժխտելով այդօրինակ ուժերի գոյության փաստը, միաժամանակ դրանց չպետք է գերագնահատել։

Հայտնի է, որ Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչները, հայ ժողովրդի հակաարաբական ընդվզումների շրջանից մշտապես փորձում էին առավելագույնս օգտագործել դիվանագիտության տրված ճկուն հնարավորությունը։ Անցնելով պետության գլուխ, նրանք այս անգամ փորձեցին շահել հայ նախարարական տների համակրանքն ու ամրապնդել գավառային իշխանությունները, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ թագավորությունների հզորացման գործընթացը։ Դրանով հանդերձ Բագրատունիները չէին մոռանում կենտրոնաձիգ իշխանության պահպանման անհրաժեշտությունը, որի առհավատչյան է հանդիսանում գավառային թագավորությունների կողմից Բագրատունիների գերագահության ընդունման փաստը։

Փաստորեն Բագրատունիներին հաջողվեց ստեղծել կոնֆեդերատիվ բնույթի մի պետություն, որը տեղերին հնարավորություն ընձեռեց ստեղծել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը կարգավորող այնպիսի կառույցներ, որոնք պետք է դիմակայեին ապագա արհավիրքներին։

Նմանօրինակ կարգավիճակ ունեին նաև Արցախի իշխանապետությունները։

ԽԱՉԵՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ 9-րդ դարի առաջին կեսերին Արցախի արևմտյան և հյուսիսային կողմերում ստեղծվում է Խաչե­նի իշխանությունը, կենտրոն ունենալով համանուն բերդը։ Վերոհի­շյալ ժամանակահատվածում Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը մի շարք հաղթանակներ տանելով արաբների նկատմամբ, ամրապնդեց իշխանության դիրքերը՝ նոր հողերի տիրելով Սևանա լճի ավազանում։ Նրա օրոք Խաչենի իշխանության սահմանները տարածվում էին Սևանի արևելյան ափերից մինչև Մուխանք դաշտը(Միլի տափաստանը–Վ.Բ.),(այժմյան ԼՂՀ Մարտակերտի, Շահումյանի, Քարավաճառի, Քաշաթաղի, Շուշու շրջանը, Մարտունու և Ասկերանի շրջանների մի մասը և ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածները)։

Փաստորեն Խաչենի իշխանությունը, իր մեջ ներառելով Արցախի տարածքի գերակշիռ մասը, միջնադարում երբեմն իր անունը տարածում էր ողջ նահանգի վրա։

Սահլ Սմբատյանի կյանքի վերջին տարիներին երկիրը կառավարում էին նրա երկու որդիները՝ Հովհաննեսը և Ատրներսեհը։ Հովհաննեսը­ տնօրինում էր Ներքին Խաչենի գավառներին՝ Թարթառի աջափնյակն ու Խաչենագետի ավազանը, իսկ Ատրներսեհը իշխում էր վերին Խաչենում207։ Չնայած դրան ավագության կարգով կրտսեր եղբայրը ընդունում էր Հովհաննեսի գերագահությունը։ Դրա մասին է վկայում սուրբ Հակոբա վանքում 853 թվականից պահպանված, մինչև այժմ հայտնի հնագույն գիր-թվական ունեցող, մի արձանագրություն, որի մեջ Հովհաննեսը ներկայանում է որպես Հայաղվանքի իշխան208։

Արաբական տիրապետության դեմ կազմակերպած ապստամբության պատճառով հայ մի շարք իշխանների, այդ թվում Սահլ Սմբատյանին և իր երկու որդիներին, 855 թվականին Բուղան աքսորել է Արաբիա։ Աքսորից տուն վերադարձավ միայն Ատրներսեհը և շարունակեց իշխել ինչպես Վերին, այնպես էլ Ներքին Խաչենում։

Խաչենի իշխանությունը առավել հզորացավ 9-րդ դարի վերջե­րին Ատրներսեհի որդի Գրիգոր Առանշահիկի իշխանության տարի­ներին։ Նա իր իշխանությունը տարածեց նաև Կուր գետից այն կողմ՝ Կամբեջան գավառի վրա209։ Գրիգորի տիրույթներն այդ ժամանակաշրջանում հասնում էին արևմուտքում՝ մինչև Սևանի արևե­լյան ափերը, Մեծ Մազրա, Շողվագ կետերով, իսկ արևելքում՝ մինչև Պարսկաստանի մատույցները։

Արաբական աղբյուրներում Գրիգորը հիշատակվում է Համամ անունով, որը հունարեն «Գրիգորի» արաբերեն թարգմանությունն է (երկուսն էլ նշանակում են «զգոն, արթուն, հոգատար»210։ Փաստորեն աղբյուրներում հանդես եկող Համամ Բարեպաշտը նույն Գրիգոր Առանշահիկն է։

Չնայած իր հզորությանը, Համամ-Գրիգորը ճանաչում էր Բագրատունիների գերագահությունը։

Առանշահիկների իշխանական տունը շարունակում էր գլխավարել Խաչենի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի առաջընթացը։ Գրիգորը Թարթառի աջ ափին կառուցեց Հավքախաղաց բերդը, որը դարձավ աթոռանիստ կենտրոն։ Առանշահիկների հովանավորությամբ Խաչենի տարբեր գավառներում կառուց­վեցին անառիկ ամրոցներ՝ Կաչաղակաբերդը, Խաչենաբերդը, Խոխանաբերդը, Լևոնաբերդը, Ջրաբերդը, հրաշագեղ խաչքարեր ու վանական համալիրներ։ Այդ խաչքարերից մեկը գտնվել է Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղում և այսօր պահվում է Ադրբեջանի պատմության թանգարանում։ Հայատառ այդ շիրիմաքարը ադրբեջանցիները համարում են իրենց ստեղծածը։

Քաղաքական կայունություն ունեցող և տնտեսական ու մշակութային վերընթաց ապրող Խաչենի իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեին ոչ միայն հայկական թագավորությունները, այլև հեռու և մոտիկ պետությունները։ 10-րդ դարում Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը վկայում է, որ իր երկիրը առնչու­թյուններ ուներ Արցախի հետ և նամակներ հղելիս այն հասցեագ­րում էր այսպես՝ «Հայաստան-Խաչենի իշխանին»211։ Համամ Բարեպաշտը հեղինակություն էր նաև արաբական խալիֆայությու­նում։ Երբ 893թ. արաբները գերում են հայոց կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցուն և հասցրել էին Պարտավ, Համամ-Գրիգորը նրան ազատեց «բազմաբաշխ գանձեր վճարելով, ապա նրան շքեղ մեծարանքներով, ողջ-առողջ ուղարկեց Հայաստան»212։

9-րդ դարի վերջերին Համամ-Գրիգորի մահվանից հետո Խաչենի իշխանությունը տրոհվում է նրա որդիների միջև։ Գրիգոր-Համամը ունեցել է հինգ արու զավակներ՝ Ապուլին, Ատրներսեհը, Սահակ Սևադան, Սմբատը և Վասակը։ Ավագ որդին՝ Ապուլին սպանվել է եղբոր՝ Սմբատի կողմից։ Դրա մասին է վկայում Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղում մնացած շիրիմաքարը213։

Համամ Բարեպաշտի մյուս որդին Ատրներսեհը 910 թվականին Կուրի ձախափնյակում հիմնում է Կամբեճան-Շաքիի թագավորությունը214։ Այստեղ նա իշխեց մինչև 10-րդ դարի կեսերը։ Նրան փոխարինեց որդին՝ Իշխանակը։ Վերջինս տեղի տվեց իր մոր՝ վրաց իշխանաց իշխան Գուրգենի քրոջ, Դինարի խարդավանքներին գավառի հայության զգալի մասին դարձրեց քաղկեդոնական և մեկընդ­միշտ կտրեց հայկական միջավայրից215։

Այլ ընթացք ունեցան Սահակ Սևադայի, Սմբատի և Վասակի իշխանությունները, որոնց և նրանց հաջորդների հայրենանվեր գործունեության շնորհիվ, մաքառելով չարի ու թշնամու դեմ, երկար դարեր հայությունը պահպանեց իր ինքնությունը։

Սահակ Սևադան՝ Խաչենի իշխանական տան ամենաքաջ ու գրասեր ներկայացուցիչներից մեկը, քննարկվող ժամանակաշրջանում իշխում էր անմատչելի լեռնաստան Փառիսուսում, ինչպես նաև Գարդմանում ու Ձորագետում216։ Հայոց կենտրոնական թագավո­րության և հարևան իշխանությունների հետ սերտ կապեր ստեղծե­լու նպատակով Սահակ Սևադան իր դստերը՝ Շահունդուխտին կնության էր տվել Սյունյաց գահերեց իշխան Սմբատին, իսկ մյու­սին Բագրատունի Աշոտ Բ Երկաթին։ Ժամանակակից պատմիչ Հովհաննես կաթողիկոսը նրան կոչում է «հոյակապ իշխան մեծ Սահակ», որ ուներ «զիմաստութիւնն իւր մեծ»217։

Անհանգիստ ու արդարամիտ խառնվածք ունեցող իշխանը չէր հանդուրժում հայ նահատակների նկատմամբ Աշոտ Բ Երկաթի կոշտ դիրքորոշումը, որի հետևանքով գործը հասնում է պատերազ­մական ընդհարման։ Ահեղ ճակատամարտում Սահակ Սևադան և նրա որդի Գրիգորը պարտվում են։ Աշոտ Բ-ն այլ պատիժ չգտնելով կուրացնել է տալիս աներոջն ու նրա որդուն218։ Նման վերաբերմունքի հետևանքով Աշոտ Բ արքայից երես թեքեցին հայ իշխանները և նա արաբների դեմ պայքարում մնաց միայնակ։

Սմբատն ու Վասակը իշխում էին երկրի ներքին գավառներում։ Սմբատը տիրում էր Ներքին Խաչենում՝ Գանձասարի շրջակայքում, իսկ Վասակը՝ Վերին Խաչենում։

Համամ Բարեպաշտից սերված այս ճյուղերը հետագայում տվել են նոր ոստեր։ 12 և 13-րդ դարերի իրողություններում հայտնի են Հաթերքի Վախտանգյանները, Խոխանաբերդի Վախտանգ Սակառյանները, Գեռաքարեցի իշխանազունները, Դեսումյանները, Դլենյանները և Խաղբակյան-Պռոշյանները։ Վերջիններս Զաքարյանների օրոք իշխում էին Սյունիքի և Այրարատի մի մասում և լուսավոր հետք քողեցին հայոց պատմության միջնադարյան ժամանակահատվածում։

ՓԱՌԻՍՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ։ Բագրատունյաց թա­գավորության շրջանում Արցախում գործող պետական միավորներից իր նշանակությամբ և հզորությամբ հաջորդը կարելի է համարել Փառիսոսի թագավորությունը։ Սահակ Սևադայի հիմնած իշխանու­թյան հիմքերի վրա 10-րդ դարի կեսերին նրա թոռան՝ Հովհաննես Սենիքերիմի ջանքերով ստեղծվում է Փառիսոսի թագավորությունը։ Վերոհիշյալ թագավորությունը տարածվում էր Շամքոր գետակի վերին ավազանում, Ղարաբաղի լեռնաշղթայի փեշերով դեպի հյու­սիս ու արևմուտք մինչև Շամքոր, հյուսիսում սահման ունենալով Կուր գետը։ Հովհաննես-Սենիքերիմի իշխանությունը ճանաչեցին Գարդմանքի, Ձորագետի և Ուտիքի ուրիշ հողերի տերերը219։ Փառիսոսի թագավորությանը ճանաչում են Պարսից արքունիքը և Բյու­զանդիայի կայսրը։ Սերտ կապեր հաստատելով Ատրպատականում նստող Մելիք-շահի հետ և ձեռք բերելով նրա վստահությունն ու հովանավորությունը՝ Հովհաննես-Սենիքերիմը ընդարձակեց թագավորության սահմանները, բարեկարգեց երկրամասը, կառուցեց վանքեր ու եկեղեցիներ, խթանեց մշակութային գործը։ Թագավորանիստ քաղաքն էր Փառիսոսը։ Դեռևս 8-րդ դարի սկզբներին վրացական աղբյուրներում հիշատակվող այս քաղաքը220 Հովհաննես-Սե­նիքերիմը նորից կառուցապատեց, այն ամրացնելով անմատչելի պարիսպներով, աշտարակներով, դարձնելով անմատչելի բերդա­քաղաք։ Փառիսոս բերդաքաղաքը տեղադրվում է Շամքոր գետակի վրա, Կալաքենդ գյուղի մոտ և նրա շրջակայքում221։

Հզորացող Փառիսոսի թագավորությունը անհանգստություն է առաջացնում հարևանների շրջանում՝ մանավանդ վրաց թագավորությանը, Անիի Բագրատունիներին և Գանձակի մահմեդական ամիրայությանը։ 1003թ. մահացան Հովհաննես-Սենիքերիմը և նրա եղբայր Գրիգորը։ Օգտվելով առիթից նույն 1003թ. Գագիկ Բագրատունին, դաշնակցած Գանձակի Փադլուն ամիրայի հետ, փորձեցին իրենց միջև կիսել Փառիսոսի թագավորության տարածքները222։ Սակայն այս ձեռնարկումը անհաջողության է մատնվում։ Գահն անցնում է Գրիգորի որդի Փիլիպեին։ Չնայած թագավորությունը շարունակում էր ապրել, բայց նրա դիրքերը երերուն էին։ Դա հիմնականում պայմանավորված էր 10-րդ դարի 70-կան թվականներից Գանձակում հաստատված Փադլունյան մահմեդական ամիրայության հետ, որը սերվել է իրանական-քրդական Շեդադյաններից։ Սա առաջին մահմեդական վարչական ինքնուրույն միավորն էր, որ խաթարեց Հայոց Արևելից կողմանց միասնությունը։ Աղբյուրները վկայում են, որ Փադլունյաններին օժանդակում էին հայ իշխաննե­րը223։

Հայրենադավ ուժերի վրա հենվելով Փադլունյանները Արցա­խում և Ուտիքում իշխող Առանշահիկների տոհմի ներկայացուցիչ­ներին դուրս են մղում երկրամասի դաշտավայրային շրջաններից։

Գանձակի Փադլուն ամիրան ձեռնամուխ եղավ նաև Արցախի հյուսիսային գավառները նվաճելու գործին։ Երկիրը վերահաս աղետից­ փրկելու նպատակով Փիլիպեն բարեկամական այցով գնում է Փադլունի մոտ։ Վերջինս կալանավորում է Փիլիպեին։ Ըստ Վարդան պատմիչի այս դեպքը տեղի է ունեցել 1044թ. հետո224։

Շուրջ մեկդարյա գոյությունից հետո կործանվեց նաև հայկական գավառային թագավորություններից մեկը։

Առանշահիկները ժողովրդի մի մասի հետ ստիպված են լինում ապաստանել Արցախի, Սյունիքի, Ուտիքի և Հայաստանի մյուս լեռնային քիչ թե շատ ապահով գավառներում։

Այդպիսիններից էր Ուտիքի Առանշահիկների տոհմի ներկայացուցիչ Օշինը, որը իշխում էր Գանձակի շրջակայքում գտնվող Մայրեացաջրում։ Օշինը դարձավ Կիլիկիայի Լամբրոն բերդի և նրա շրջակայքի տերը։

Օշինի հաջորդներից էր Հեթում Ա-ը, որից էլ սկզբնավորվում է Կիլիկիայի Հեթումյանների թագավորական տունը225։

Չնայած կործանվեց Փառիսոսի թագավորությունը, բայց նրա ավանդները վախճան չունեցան։ Դրանք արմատավորվեցին և տարածվեցին հայկական մյուս նահանգներում, ուր հիմնավորվել էին Առանշահիկների տոհմի վերընձյուղված ոստերը։

Հայտնի է, որ Սահակ Սևադայի դստրերից մեկը՝ Շահանդուխտը հարս էր գնացել Բաղաց Կապան, իսկ Սենիքերիմի քույրը Կարսի Մուշեղ Բագրատունի թագավորի կինն էր։ Նրանք, ինչպես նաև նրանցից սերվածները, մշակութային և հայրենանվեր այլ ձեռնարկումներ իրականացրին վերոհիշյալ թագավորություններում, շարունակելով Առանշահիկների կենսունակ ավանդները։

ԴԻԶԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ 8-րդ դարի վերջին Արցախի հարավային գավառներում իշխում էր Առանշահիկների մեկ այլ ճյուղ։ Դիզակի իշխանությունը վերընթացի ուղին բռնեց Եսայի Աբու Մուսեի կառավարման շրջանում (9-րդ դարի առաջին կես)։ Նրա իշխանությունը տարածված էր Դիզակ գավառի և Վարանդայի մի մասի վրա։ Միաժամանակ տիրանալով Միհրանյանների կալվածք­ներին226 Եսայի իշխանը ստեղծեց տվյալ ժամանակաշրջանում Արցախում գործող իշխանություններից մեկը։ Ունենալով ռազմական պատկառելի ուժ Եսայի իշխանը դիմակայեց արաբներին և դրսեկ մյուս թշնամիներին։ 855թ. Եսայի իշխանին խարդավանքով Բաղդադ տանելուց հետո, որի մասին հանգամանալից խոսվեց վերևում, հոր գործը շարու­նակեց Մովսես իշխանը։ Այս Մովսես իշխանի անունով էր Եսային կոչում Աբու Մուսե (Եսայի՝ հայր Մովսեսի)։

Տվյալ ժամանակաշրջանում Արցախում գործող սովորության համաձայն երբեմն թագավորական տան պայազատները իշխում էին երկրամասի տարբեր գավառներում՝ ընդունելով ավագի գերագահությունը։ Նման կարգավիճակով Դիզակում իշխում էին Մովսե­սի որդիները՝ Գագիկը և Վաչագանը։

Պատմագիրների հիշատակությունները և մեզ հասած հուշար­ձանները վկայում են, որ Դիզակի իշխանության կենտրոնն է եղել ներկայիս Հադրութի շրջանի Տումի գյուղը։

Իշխանանիստ Տումիի թիկունքում է գտնվում Դիզակի իշխանների գերեզմանոցը, որից քիչ վերև՝ մի առանձնացած սարահարթի վրա պահպանվում են շինության բեկորներ։ Տեղացիները ավանդաբար դրան անվանում են Թագավորի պալատ։ Վերոհիշյալ շինությունից քիչ հեռավորության վրա՝ բլրին գտնվում է ավերված մատուռ և մի տապանաքար՝ Թագավորի գերեզմանը։ Մակար Բարխուդարյանի կարծիքով դա Գագիկ իշխանի գերեզմանոցն է227։ Թագավորի պալատից հյուսիս՝ ձորում պահպանվում է սրբատաշ քարերով կառուցված Թագավորի աղբյուրը։ Գյուղի հարավային կողմում կանգնած կիսավեր Կարմիր եկեղեցու լուսամուտի կամարին կար արձանագրություն. «Ի ՆԽԹ(1000) թվին Հայոց, ի թագավորութեանս տեառն Գագիկա՝ որդու Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծո»։ Արձանագրություն ունեցող քարը պահպանվում է Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Փաստորեն Գագիկի քույր Սոփին նույնպես վկայում է Արցախի հարավային հատվածում գոյություն ունեցած թագավորության մասին։

Գագիկի թագավորական իշխանության մասին է վկայում նաև նրան վերաբերող մի այլ արձանագրություն՝ Վարանդայի Վերին Թաղավարդ գյուղի Ջոխտ-Պառավածառ եկեղեցու մի խաչքարի վրա, նրան ճանաչում էր իբրև «Աղուանից իշխանաց իշխանի»228։ Դիզակի թագավորության գլխավոր բերդը՝ Գտիչը(Քթիշ) գտնվում է Տումի և Տող գյուղերի միջև՝ Տողասարի վրա։ Գագիկի մահվանից հետո նրան հաջորդել է եղբայրը՝ Վաչագանը:

Արաբ մատենագիրները նրան ճանաչում էին որպես «Գորոզի տեր Վաշաղիա իբն Մուսա»229, այսինքն՝ Մովսեսի որդի։ Վաչագանի իշխանությունը ընդունում էր նաև Ամենայն Հայոց հայրապետ՝ Անանիա Մոկացին։

Հարկ է նշել, որ Խաչենի, Փառիսոսի և Դիզակի իշխանությունները իրար հետ սերտ հարաբերություններ ունեին և համաարցախյան հարցերը լուծում էին համատեղ ջանքերով։ Դրա մասին է վկայում նաև կաթողիկոս Անանիա Մոկացին։ Երբ նա աղանդավո­րության դեմ պայքարելու համար 958թ. Արցախ է ժամանում, Գանասարում Հայոց վեհապետին պատվով ընդունում են Դիզակի, Խաչենի և Փառիսոսի իշխանները230։
ԱՐՑԱԽԸ ՍԵԼՋՈՒԿ ԹՈՒՐՔԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի իշխանությունների բարգավաճ կյանքը խաթարվեց սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ 11-րդ դարում սելջուկ-թուրքերն իրենց ծավալուն աշխարհակալությամբ ստեղծեցին պատ­մական մի նոր իրադրություն, որից կախված էր նաև հայ ժողովրդի բախտը։

Թուրքական ցեղերի հայրենիք են համարվում Չինաստանից հյու­սիս ընկած շրջանները։ 10-րդ դարի երկրորդ կեսին թուրքախոս ցեղե­րին միավորելով՝ նրանց առաջնորդ Սելջուկը հիմք դրեց աշխարհա­կալ մի կայսրության։

11-րդ դարի 40-ական թվականներից սկսվեցին սելջուկյան ծավալուն արշավանքները դեպի Իրան, Իրաք, Այսրկովկաս և Փոքր Ասիա, այդ թվում՝ Հայաստան։

Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման շրջանում սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հա­րավային շրջանները, դեռևս չշոշափելով Հայոց Արևելից գավառների հայության շահերը։

1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերը նոր սուլթան Ալփասլանի գլխավորությամբ անցան Արաքս գետը և մտան Նախիջևան։ Նա իր որդու՝ Մելիքշահի առաջնորդությամբ մի մեծ զորաբանակ Նախիջևանի վրայով ուղարկեց Հայաստանի կենտրոնական շրջանները նվաճելու, իսկ ինքը ուղղվեց դեպի Վրաստան231։

Ճանապարհին Ալփասլանը սրի ու գերության մատնեց Արցախն ու Ուտիքը, այնուհետև ողջ բուն Աղվանքը և մտավ Վրաստան232։ Ալփասլանի կառավարման տարիներին (1036-1072թթ.) արդեն նվաճված էր ամբողջ Հայաստանը և Փոքր Ասիայի տարածքների զգալի մասը։ Այն իր ավարտին հասցվեց Ալփասլանի հաջորդ Մելիքշահի սուլթանության տարիներին (1072-1092թթ.)։

Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Հայաստանի և Փոքր Ասիայի մեծագույն մասը ավերվեց։ Ժամանակակից հայ և օտարազգի մատենագիրները ահով ու սարսափով են գրել սելջուկ-թուրքերի չլսված չարագործությունների մասին։

Ժամանակակիցը վկայում է, որ Ալփասլանը Անին գրավելուց հե­տո բնակչության մեջ սարսափ տարածելու նպատակով ժողովրդի ներկայությամբ լողանում է գերիների արյան մեջ233։

Մելիքշահի ժամանակ սելջուկ-թուրքերը հիմնավորվելով Փոքր Ասիայում, հսկայածավալ կայսրության դատարկ գանձարանը լցնելու նպատակով հնարավորություն տվեցին նվաճված ժողովուրդներին՝ մասամբ վերականգնելու իրենց քայքայված երկրներն ու տնտեսու­թյունը։

Մելիքշահը բարիացակամ վերաբերմունք ուներ Արևելյան Հայաստանի բնիկ իշխանությունների և առանձնապես Բաղաց թագա­վոր Սենիքերիմի ու նրա տոհմակիցների՝ Խաչենի իշխանների նկատմամբ234։ Այս կապերի շնորհիվ որոշ չափով վերաշինվեցին Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգների ավերված գյուղերն ու քա­ղաքները, թեթևացվեցին հարկերը, կառուցվեցին նոր շինություններ։

Մելիքշահի մահից հետո նրա որդիների, եղբայրների ու սելջու­կյան տան մյուս անդամների միջև սկսվեցին գահակալական արյու­նահեղ կռիվներ, որի հետևանքով վերափոխվեց սելջուկյան կայսրու­թյան քաղաքական քարտեզը։ Հսկայածավալ տերությունը տրոհվեց բազմաթիվ մեծ ու փոքր իշխանությունների և ամիրայությունների։

Հայոց երկիրը բաժան-բաժան էր եղել սելջուկներին ենթակա տեղական մի քանի մանր իշխանությունների և ավելի մեծ թվով նոր առաջացած սելջուկ-թուրքական ամիրայությունների միջև։

Մեծ Հայքին սահմանակից սելջուկ ամիրայություններից ամենազորեղը Ատրպատականի Ելտկուզյանների իշխանությունն էր։ Նրանք աստիճանաբար թուրքացրին Ատրպատականը և հիմնավոր­վեցին այնտեղ։ Նրանց մայրաքաղաքը սկզբում Եկբատանն(Համադան) էր, իսկ հետո Դավրեժը (Թավրիզը)։ Բացի Ատրպատականից, Ելտկուզյաններին էր ենթարկվում նաև Ուտիքը՝ Պարտավ, Բայլական և Գանձակ քաղաքներով։

Ելտկուզյանները խլել էին Նախիջևանը և հաստատվել այնտեղ, իսկ Սյունիքն ու Արցախը, ինչպես նաև Դվինը, Անին, ենթարկվում էին նրանց հաճախակի ասպատակություններին235։

Սելջուկյան արշավանքների հետևանքով զգալիորեն փոխվեց Ա­ռաջավոր Ասիայի ցեղային կազմը՝ Արևելքի հին ժողովուրդների՝ հույ­ների, հայերի, պարսիկների, ասորիների և ուրիշների հաշվին Փոքր Ասիայի մի շարք երկրներ քայլ առ քայլ ենթարկվեցին թուրքացման։

11-րդ դարի վերջերին Ուտիքը նվաճելուց հետո սելջուկ-թուրքերը անընդհատ կրկնվող գրոհներով փորձում էին տիրանալ Արցախի լեռնային գավառներին։ Նման պայմաններում Սյունիք է տեղափոխվում Աղվանից կաթողիկոս Տեր Ստեփանոսը236։

Այս ամենին գումարվեց 1139թ. սեպտեմբերի 30-ի ահավոր երկրաշարժը։ Մխիթար Գոշի վկայությամբ. «Երկրաշարժից բազում ավերածություններ էին եղել Փառիսոսի ու Խաչենի բազմաթիվ վայրե­րում, դաշտերում լեռներում։ Ընդ որում Գանձակ մայրաքաղաքն առ­հասարակ անդունդի մեջ է խորտակվել՝ խորասույզ անելով իր բնակիչներին, քանի որ չորս կողմերի ամեն ինչ առել էր իր ծոցը։ Եվ լեռ­նային մասում շատ դղյակներ ու գյուղեր տապալվեցին, վանքերի ու եկեղեցիների հետ միասին, որոնք էլ փլվել էին իրենց բնակիչների գլխներին»237։

«Երկրաշարժից փլվեց նաև Ալհարակ լեռը և փակեց իր միջով անցնող ձորակը, և գոյացավ ծովակ (խոսքը այժմյան Գյոյ-գյոլ կամ Կապույտ լճին է վերաբերվում−Վ.Բ.), որ կա մինչև այսօր»238,−պատ­մում է Կիրակոս Գանձակեցին։

Բնական աղետին հաջորդեցին սելջուկ ամիրանների արշավանքները դեպի Խաչեն։

1142թ. Գանձակի ամիրան ասպատակեց Թարթառի հովտի բնակավայրերը։ 1143թ. Պարսկաստանի կողմերից Չոլի ամիրայի գլխավորությամբ մի մեծ զորաբանակ, մտնելով Խաչեն նվաճեց գավառի ամրոցները, քանդեց եկեղեցիները, կոտորեց բնակչությանը և մեծաքանակ գերիներով ու ավարով հեռացավ Պարսկաստան239։ Չնայած դրան Արցախի իշխանները արագ վերականգնելով կորցրածը չհպատակվեցին սելջուկ ամիրային։

Երկու տարի անց(1145–1146թթ.) Չոլին կրկին գալիս է Խաչենի վրա, բայց այս անգամ չկարողանալով գրավել բերդերը, բավարարվում է անպաշտպան բնակավայրերի թալանով ու եկեղեցիների ավե­րումով։ Այրվում է նաև Դադի վանքը240։ Արշավանքները դեպի Ար­ցախ և Սյունիք ավելի սաստկացան, երբ 12-րդ դարի կեսին Գանձա­կի կուսակալությանը տիրացավ Ատրպատականի Ելտկուզյան կամ Փահլավանյան տոհմը։

Սյունյաց Գրիգոր թագավորը, որ արու ժառանգներ չուներ, իր դստերը՝ Կատային ամուսնացնում է Խաչենի Հասան Գեռաքարեցի իշ­խանի հետ և նրան դարձնում թագաժառանգ241։ Վերջինս փորձում էր համագործակցել վրացիների հետ և փրկել թագավորությունը։ Սա­կայն օրավուր աճող ճնշմանը անհնարին էր դիմակայել։ 1170թ. սել­ջուկները պաշարեցին թագավորության վերջին հենակետը՝ Բաղաբերդը։ Չնայած դիմադրությանը, Բաղաբերդի վիճակը դարձավ օրհասական։ Հասան Գեղաքարեցին ստիպված իր ընտանիքի հետ գիշերով հեռանում է Խաչեն՝ դեպի իր հայրենական կալվածքը։ Դրանից շատ չանցած սելջուկները խաբեությամբ տիրացան բերդին և հիմնավեր արին։ Բերդում պահվում էին մեծարժեք իրեր, մեծ թվով սրբություններ, եկեղեցական թանկարժեք սպասներ, մասնավորապես Տաթևի եպիսկոպոսական աթոռի մասունքները, ոսկե և արծաթե գոհարազարդ իրերը և շուրջ 10000-ի հասնող ձեռագրեր242, մոտավորապես այնքան, որքան այսօր պահվում է Մատենադարանում։ Կո­ղոպտվեց ողջ հարստությունը և ոչնչացվեց վերոհիշյալ ձեռագրերի մեծագույն մասը։

Սյունյաց թագավորության անկումից հետո մնաց Խաչենի իշխա­նությունը։ Այս ժամանակաշրջանում այն արդեն վերջնականապես բաժանված էր երեք ճյուղերի, որոնցից մեկի իշխանանիստն էր Խոխանաբերդը՝ Գանձասարի վանքի մոտ, մյուսինը՝ Հաթերք ամրոցը Թարթառի ձախ ափին, երրորդինը՝ Հանդաբերդը Ծար գավառում։ Նման քաղաքական կացություն էր տիրում Արցախում, երբ Զաքարյանները հայ-վրացական զորքերի գլուխ անցած սկսեցին ազա­տագրել Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգները։
ԱՐՑԱԽԸ ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

12−րդ դարի սկզբներից սելջուկ–թուրքական լայնածավալ կայսրության քայքայմանը զուգընթաց հզորացման ուղին էր բռնել վրացական թագավորությունը։ Հայ ժողովուրդը շարունակում էր մնալ սելջուկ-թուրքական գերիշխանության ներքո։

Հայ Բագրատունիների մի ճյուղը, որ այդ ժամանակ իշխում էր Վրաստանում, չէր կարող հաշտվել նման կացության հետ։

Հայերին անհրաժեշտ էր Վրաստանի օգնությամբ սելջուկյան լուծը թոթափելու, իսկ վրացիներին՝ վրաց-սելջուկյան մրցակցու­թյան մեջ հավատարիմ դաշնակից ունենալու և Այսրկովկասում քաղաքական գերիշխանությունը ապահովելու։

Հայ-վրացական ռազմա–քաղաքական համագործակցության ջերմացման գործում մեծ դերակատարություն ունեին վրաց արքու­նիքում ծառայող հայ իշխանները՝ մանավանդ Զաքարյանների հայտնի տոհմի ներկայացուցիչները։ Նրանց էլ բախտ վիճակվեց գլխավորելու հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը։

Հայաստանի ազատագրման գործը 12-րդ դարի 90-ական թվականներին նոր թափ ստացավ և նրանում վճռական դեր կատարե­ցին Զաքարյան իշխանական տնից հատկապես վրաց-հայկական զորքերի ամիրսպասալար Սարգսի Զաքարե և Իվանե որդիները։ Կիրակոս Գանձակեցին, խոսելով Զաքարյան եղբայրների մասին, ասում է. «սրանք քաջ մարդիկ էին ու հզոր էին իշխանությամբ և ար­ժանացել էին պատիվների վրաց թագուհու կողմից»243։

Սկսվում են պատերազմական գործողություններ Զաքարյանների գլխավորությամբ, որոնք բերեցին ռազմական նշանակալից հաղթանակներ. ազատագրվեց Հայաստանի զգալի մասը։

1196թ. Զաքարե ամիրսպասալարը և Իվանեն, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, Արագածոտն գավառում նվաճեցին անառիկ ամրոց Ամբերդը, որից հետո մեկը մյուսի հետևից ազատագրեցին հյուսիս-արևելյան Հայաստանի գավառները։

Այդ հաջողությունից անհանգստացած Ատրպատականի ու Գանձակի աթաբեկ Աբու Բաքրը փորձեց կանգնեցնել երկու եղ­բայրների հաղթարշավը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Շամքորի և Գանձակի միջև, որտեղ վրաց-հայկական միացյալ ուժերը հաղթանակի հասան։ Զաքարեի և Իվանեի զորքերը գրավեցին Շամքորն ու Գանձակը։ Այդ հաղթանակները դյուրացրին Ար­ցախի, Ուտիքի, Սյունիքի, Շիրակի և Արարատյան դաշտի ազատագրումը։

Գանձակի ամիրայի պարտությունը և թուլացումը հեշտացրեց Արցախի և Ուտիքի հողերի ազատագրումը։ Հայոց Արևելից գավառներում ջանադրությամբ էր գործում Զաքարյանների Վահրամյան ճյուղը։ Զաքարեի և Իվանեի հորեղբայր Վահրամը և նրա որդիները կալվածքներ ունեին Ձորոփոր կամ Կայեն գավառում(այժմ՝ Ղազախ)։ Հետագայում Թամար թագուհու ռուս ամուսնու՝ Գեորգիի ապստամբության ժամանակ Կայեն գավառը և հարակից շրջանները հարել էին ապստամբներին, բացի Զաքարյան Վահրամի Զաքարե որդուց։ Սա հավատարիմ էր մնացել թագուհուն, դրա համար էլ Թամար թագուհուց իբրև պարգև ստացավ Գազը և բազում այլ բերդեր ու ավաններ244։

Հայ-վրացական միացյալ ուժերը ազատագրեցին Գարդմանը, Քարահերձը, Երգեվանքը, Տավուշը, Կածարեթը, Տերունականը, Գազը, Շամքորը245։

Դաշնակիցները մինչ այդ ազատագրել էին Գեղարքունիքը։ Սելջուկներից մաքրվում է նաև Ծար գավառի զգալի մասը։

Հայ-վրացական միացյալ ուժերի հաջող գործողությունները ոգևորեցին Ներքին Խաչենի տերերին, որոնք էլ սեփական ուժերով ազատագրեցին իրենց երկրամասը։ Այդ պայքարի շնորհիվ ազատագրվեցին Ուտիքի և Արցախի գերյալ տարածքները։ Ազատագր­ված գավառների լիիրավ տերերն էին դարձել կամ հին իշխանական տների ներկայացուցիչները, կամ էլ այդ պայքարում առավել աչքի ընկած զորավարները։ Արցախի իշխանական տներից մեկի ներկայացուցիչ Վասակ Խաղբակյանը և նրա երեք խիզախ զավակները իրենց քաջագործությունների համար, որպես «արեանգինք», Զաքարյաններից ստացան մի նոր ընդարձակ տիրույթ Վայոց ձորում246։ Նրանք տարածքներ ունեին նաև Շահապունիքի, Վարաժնունիքի, Կոտայքի շրջանում, մի մասն էլ Այրարատի նահանգում։ Խաղբակյանների իշխանության կենտրոններն էին Սրկղունքը(ներկայումս՝ Վերնաշեն) և Բոլորաբերդը։ Վասակին 1223թ. փոխարինել է Պռոշ որդին, որն այդ թվականից մինչև 1284թ. վարել է Զաքարյանների բանակի սպարապետի պաշտոնը, արի ու հմուտ զորավար է եղել, պետական ու ռազմական ականավոր գործիչ։ Պռոշի անունով իշխանական այդ տունը հետագայում կոչվել է Պռոշյան։

Խաղբակյանները կամ Պռոշյանները հայրենաշեն գործունեություն ծավալեցին Վայոց ձորում և հարակից շրջաններում։ Նրանց հովանավորությամբ կառուցվեցին հոյակերտ շինություններ, եկե­ղեցիներ, որոնցից արժանահիշատակ է Գեղարդի վանական համալիրը։

Խաղբակյան-Պռոշյան իշխանական տան որոշ շառավիղներ մնացին Արցախում։ Խաղբակի որդի Դլենը, թեև կալվածքներ ուներ Սյունյաց աշխարհում կամ Բաղաց թագավորության մեջ, բայց ժառանգորդների հիմնական նստավայրը Արցախում էր247։

Զաքարյաններին չհաջողվեց ստեղծել միաձույլ կենտրոնաձիգ պետություն։ Սակայն հայոց միասնությունը անխաթար պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տների հետ։

Ներքին Խաչենի տեր Վախթանգ-Տանգիկի կինն էր վրաց-հայկական միացյալ զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյան մեծ իշխանի դուստր Խորիշահը, սրանց որդին էլ՝ Հասան-Ջալալ Դոլան։ Այս Հասանի անունով էլ նրանց շառավիղները սկսեցին հետագա դարերում կոչվել Հասան-Ջալալյաններ։ Վերին Խաչենի կամ Ծարի Հասան իշխանը ամուսնացել էր Զաքարեի և Իվանեի մյուս քրոջ՝ Դոփի հետ։ Վերջինս չափազանց լայնախոհ, եռանդուն մի գործիչ էր, որի հայրենանվեր գործունեությունը իրավունք վերապահեց այդ տոհմը կոչել նրա անունով՝ Դոփյան։ Դոփյանների իշխանության մեջ ներառված էին նաև Սևանա լճի արևելյան և հարավային ափերը՝ մինչև Շողվագ, այսինքն Գեղարքունիքի մեծագույն մասը։ Դոփյանների իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը(ներկայիս Քարվաճառի շրջանի Զառ գյուղի տեղում)։

Դոփյանների և Վախթանգյանների տիրույթների մեջտեղում, Հաթերքի շրջանում իշխում էր Վախթանգ իշխանը, Կյուրիկե Բ-ի դուստր Մամքանի որդին։ Վախթանգի կինն էր Արծրունյաց տոհմի հռչակավոր քուրդ իշխանի դուստր Արզու խաթունը։ Քուրդը Տփղիսի ամիրապետ-քաղաքագլուխն էր, Կայեն ու Մահկանաբերդ գավառների տերը և նրա քույրն էլ Սարգիս Զաքարյանի կինն էր եղել, այսինքն՝ Զաքարեի և Իվանեի մայրը։

Խաչենը և նրա զինվորական ուժեղ ազնվականությունը խոշոր և խիստ կարևոր դեր են կատարել Զաքարյանների տիրապետության ժամանակաշրջանում։ Խաչենի իշխանական տոհմերը ոչ միայն իրենց ձեռքում ունեին Խաղբակյան, Դոփյան, Վախթանգյան և Հասան-Ջալալյան մեծ իշխանությունները, այլև Իվանե աթաբեկի մոտ բարձր պաշտոնյաններ կամ գործակալներ էին, հեջուր կամ կառավարիչ և նրա որդու խնամակալներ248։

Սարգիս Զաքարյանի դստրերից՝ Նանան Լոռու Կյուրիկյան Աբասի կինն էր, իսկ Նրջիսը հարս էր գնացել Դսեղի Մամիկոնյանների տունը249։

Իր այս վերաբերմունքով Միջնադարյան Հայաստանի կյանքում Զաքարյանների իշխանական տոհմը մեծապես խթանեց ազգահավաքման հույժ կարևոր գործին, ազգային ինքնուրույնություն ձեռք բերելու գաղափարին և ամուր հող ստեղծեցին երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային վերելքի համար։

Քննարկվող ժամանակաշրջանում Արցախում գտնվող երեք իշխանությունները (Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն) տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։

Վերին Խաչենը կամ Ծարա իշխանությունը, որն ազատագրվել էր Զաքարյանների օժանդակությամբ, ընդունում էին Զաքարյանների գերագահությունը։ Զաքարյանների իշխանապետության տարիներին Վերին Խաչենում տիրություն էր անում Հասան իշխանը։ Նրա վաղաժամ մահվանից հետո երկրամասում իշխում էր նրա կի­նը՝ Դոփին։ Եթե նրանց իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը, ապա տոհմական գերեզմանատուն էին դարձրել Վաղուհասի Մայրաքաղաք ու Խադա վանքերը։ Վերջինս կառուցվել է Հասանի եղբայր Հովհաննես կրոնավորի ջանքերով։

Դոփը եռանդուն գործունեություն է ծավալում Վերին Խաչենի իշխանության ամրապնդման, հարևանների հաշվին իր տարածք­ների ընդլայնման, վանական համալիրների կառուցման ուղղությամբ։ Դոփի որդին՝ Գրիգորը, չափահաս դառնալուց հետո, իշխանությունը թողնում է նրան և եկեղեցի գնում՝ կրոնավորելու։ Դոփը վախճանվել է Հաղբատում և նրա դին սփոփել են գլխավոր տաճարի գավիթում, որտեղ առայսօր պահպանվում է նրա գերեզմանաքարը։

12-րդ դարի երկրորդ կեսի և 13-րդ դարի սկզբների իրողություններում հիշատակության արժանի է Միջին Խաչենի կամ, ավելի ճիշտ, Հաթերքի Առանշահիկ ծագում ունեցող վախթանգյանների իշխանական տան գործունեությունը։ 1142-1182 թվականներին Հաթերքի իշխանության գահակալն էր Հասան իշխանաց իշխանը։ Նա բազմաթիվ հաղթանակներ տանելով իր թշնամիների նկատմամբ, խաղաղությամբ իշխում էր Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի և Հավքախաղացի շրջակայքում250։

Նշված ժամանակահատվածում Արցախում գործող մի սովորու­թյան համաձայն, տեղի իշխանները իրենց առաքելությունը ավարտված համարելով, կրոնավոր էին դառնում՝ մտնելով եկեղեցի և իրենց կյանքի վերջին տարիները նվիրում աստվածահաճ գործունեության։ Նման օրինակ ձևով վարվեցին նաև Հաթերքի Հասան իշխանաց իշխանը և նրա կին Մամքանը՝ Բագրատունի Կյուրիկե թագավորի դուստրը։

Հասանի և Մամքանի 6 որդիներից իշխանությունը անցավ ավագին՝ Վախթանգին։ Նրա օրոք Հաթերքի իշխանությունը ավելի փարթամացավ ու զորեղացավ։ Պատահական չէր, որ նրան ականատես մատենագիրները հիշում են «գլխաւոր այլոց իշխանաց»251 ձևով։ Վախթանգի զորքերը քաջաբար կռվում էին հարևան սելջու­կյան ամիրայությունների դեմ, օգնում հարևան հայկական իշխանություններին՝ թուրք ասպատակիչների դեմ մարտերում։

Վախթանգ իշխանաց իշխանը հովանավորում էր գիտության և արվեստի մարդկանց։ Հաթերքում էր ապաստանել առակագիր և մեծ իրավագետ Մխիթար Գոշը։ Այնուհետև նա իր եղբայրների հետ հիմնովին վերանորոգում են երկրաշարժից ավերված Նոր գետիկի վանքը, հովանավորում նշանավոր հոգևոր կենտրոնների գործու­նեությունը։

1214թ. վախճանվեց իշխանաց իշխան Վախթանգը։ Դրանից առաջ մահացել էին նրա երկու զավակները, ավագը՝ Հասանը նահատակվել էր սելջուկ թուրքերի դեմ կռվելիս, կրտսերը՝ Գրիգորը, մահացել էր երիտասարդ հասակում։ Եվ իշխանական աթոռը մնացել էր առանց օրինական ժառանգի։

Նման պայմաններում Հաթերքի իշխանական տան մնացած անդամների համաձայնությամբ իրենց տիրույթների արևմտյան մեծագույն մասը տրվեց Ծարի Դոփյաններին, իսկ Դադի վանքից արևելք ընկած ամբողջ տարածքը Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաններին։ Ներքին Խաչենի իշխանական տան ներկայացուցիչները Արցախի մյուս գահերեցների համեմատ առավել մեծ ինքնուրույ­նություն ունեին։ Ներքին Խաչենի իշխանությունը իր վերելքի ուղին բռնեց 12-րդ դարի 60-ական թվականներից, երբ երկրամասում իշ­խում էր Վախտանգ Ա-ն։ Նրան փոխարինած որդին՝ Հասան մեծը շարունակեց հոր գործը։ Վերջինիս 1174թ. և 1181թ. թողած արձանագրությամբ խաչքարերը պահպանվում են Գանձասարում։ Հասան մեծից հետո Ներքին Խաչենում գահերեցի իրավունքով իշխեց Վախթանգ-Տանգիկը։ Նա ամուսնացած էր վրաց-հայկական միացյալ զորքերի գերագույն հրամանատար(ամիրապասալար) Սարգիս Զաքարյանի դուստր Խորիշահի հետ։ Վախտանգ-Տանգիկը մեծ հեղինակություն ուներ վրացական արքունիքում և հովանավոր­վում էր Զաքարյանների կողմից։ Վախտանգ-Տանգիկը մահացել է 1214 թվականին252։

Ներքին Խաչենի իշխանությունը անցավ Վախտանգ-Տանգիկի ավագ որդուն՝ Հասան-Ջալալ Դափային։ Ներքին Խաչենի տիրոջ անունը արաբական ծագում ունի։ Հասան նշանակում է գեղեցիկ, Ջալալ՝ փառք, մեծություն, իսկ Դավլա՝ հարստություն, պետություն։

Ամենայն հավանականությամբ Ներքին Խաչենի տերը այլ անուն է ունեցել։ Պարզապես նրա հայրենաշեն, խելամիտ գործու­նեության հետևանքով են նրան տվել վերոհիշյալ մականունները, որոնք համապատասխանում են նրա արած-թողածին։

Հասան-Ջալալի կառավարման շրջանում Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց։ Նմանօրի­նակ զարգացումը թույլ տվեց, որ երկրամասը ունենա նաև քաղաքական անկախություն։ Հասան Ջալալը «բնակաւոր ինքնակալ» էր Ներքին Խաչենում, իրեն համարում էր «թագաւոր բարձր և մեծ Արցախական աշխարհի»253։ Հասան-Ջալալի քաղաքական այս կար­գավիճակը ընդունում էին նույնիսկ Վրաց թագավորները254։

Սակայն Արցախի իշխանություններին վիճակված չէր երկա­րատև խաղաղություն։ Պատմական ասպարեզ իջած մոնղոլ-թաթարները իրենց հորդաներով նոր արհավիրքներ բերին հայ ժողովրդին։
ԱՐՑԱԽԸ ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։ 13-րդ դարի սկզբին կենտրոնական Ասիայում մոնղոլական ցեղերը, միակորվելով իրենց առաջնորդ Տեմուչինի(վերջինս ստացավ Չինգիզ խան պատվատիտղոսը, որը նշանակում է ծովերի թագավոր), շուր­ջը ստեղծեցինի պետություն, որը բախտորոշ դեր խաղաց ինչպես Ասիայի, այնպես էլ արևելյան Եվրոպայի պատմության մեջ։

Աշխարհակալ նվաճումները մոնղոլները սկսեցին 1209թ.։ Սկզբում Չինգիզ խանը գրավեց Չինաստանի մի զգալի մասը, 1217-20 թվականներին՝ Արևելյան Թուրքեստանը, Խորեզմի պետությունը և Իրանի մի հատվածը։

Նվաճելով Միջին Ասիան և Իրանի մի մասը, մոնղոլների տրամադրության տակ դրվեց նյութական անբավ միջոցներ, որը նպաստեց նրանց առաջխաղացմանը դեպի արևմուտք։ 1220թ. ամռանը Խորեզմի շահ Ալա ադ-Դին Մուհամմադին հետապնդելու, Իրանն ու Այսրկովկասը հետախուզելու նպատակով Չինգիզ խանը Միջին Ասիայում առանձնացրեց 30000-ոց մի րանակ՝ Ջեբե նոյինի և Սուբադայ Բահատուրի գլխավորությամր255։

Մոնղոլական այդ զորամիավորումը գրավում է մի շարք քաղաք­ներ Խորասանում ու պարսկական Իրաքում և ապա շարժվում Ատրպատական։ Անցնելով Երասխը՝ մոնղոլները հասան Մուղան, որ տեղից էլ շարժվեցին դեպի Պարտավ-Գանձակ-Շամքոր-Տփղիս ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող ճանա­պարհով։ Գրավելով Շամքորը, նրանք առաջ շարժվելով, ընդհարվեցին վեցին հայ-վրացական 10 000-ոց բանակի հետ։ Վերջիններս, պար­տություն կրելով, նահանջում են։ Ճակատամարտից հետո մոնղոլ­ները Գուգարքից մտնում են Վրաստան, ընդհուպ մոտենալով Տփղիսին։ Սակայն բավականաչափ ուժեր չունենալով և ճանապարհների վտանգավոր լինելը մոնղոլներին ստիպեց վերադառնալ և բանակ դնել Պարտավի ու Բայլականի միջև ընկած դաշտում՝ Բեղամեջի շրջանում։ Վրաց արքունիքը մոնղոլներին դիմադրելու նպատակով փորձեց հարևան երկրների հետ դաշնակցել և մեկ ընդհանուր ճակատ ստեղծել։ Սակայն մոնղոլները նախաձեռնությունը իրենց ձեռքից չտալու համար, չսպասելով գարնան բացվելուն, կրկին շարժվեցին դեպի Վրաստան։ Հայ-վրացական միացյալ ուժերը Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ շարժվեցին մոնղոլներին ընդառաջ։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1221թ. հունվարին Կոտման(այժմյան Թոուզ գետի մոտ)։

Հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին։

Այնուհետև մոնղոլները, ասպատակելով Հայաստանի հյուսի­սային և Վրաստանի հարավ-արևելյան շրջանները, վերադառնում են Ուտիք և 1221թ. գարնանը ավերածության են մատնում Մարաղա, Համադան, Խոյ, Սալմաստ, Նախճավան, Արդաբիլ, Սարաբ քաղաքներն ու նրանց շրջանները։ Մոնղոլներին համառ դիմադրու­թյուն ցույց տվեց Ուտիքի Բայլական քաղաքի բնակչությունը։ Չնայած բնակչության հերոսությանը, մոնղոլները մեկ ամսից հետո գրո­հով գրավեցին քաղաքը։ Բայլականի գրավումից հետո մոնղոլները շարժվում են դեպի Գանձակ։ Մոնղոլները, իմանալով քաղաքի անառիկության, ինչպես նաև բնակչության քաջության մասին, ստանալով իրենց պահանջած դրամն ու զգեստները, հեռանում են այն տեղից256։

Գանձակից մոնղոլական զորաբանակը շարժվեց դեպի Հյուսի­սային Հայաստան՝ նույն Գանձակ-Շամքոր-Տփղիս ուղղությամբ և նորից բախվեց հայ-վրացական ուժերի հետ։ Ճակատամարտը տեղի է ունենում 1222թ. հունվարին Կուրի ափին, Խունանի դաշտում։

Չնայած աջ թևում Վահրամ Գագեցին իր քաջարի ջոկատով կոտորելով մոնղոլներին, զգալի հաջողությունների են հասնում, բայց և այնպես հայ-վրացական միացյալ զորքերը Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ սաստիկ պարտություն են կրում։

Չնայած դրան հայ-վրացական միացյալ ուժերը հետ են քաշ­վում Տփղիս և նախապատրաստվում թշնամուն հակահարված տալու։

Մոնղոլները տեղեկանալով դրա մասին, խուսափեցին ընդհարումից և հյուսիս-արևելյան Հայաստանից շարժվեցին դեպի Շիրվան, պաշարեցին Շամախին ու գրավեցին այն։

Դրանից հետո իրենց գործն Այսրկովկասում ավարտված համարելով՝ մոնղոլները շրջանցելով Դերբենդը, լեռնային դժվարանցանելի վայրերով հասան Հյուսիսային Կովկաս։

Դրանով ավարտվում է մոնղոլների առաջին արշավանքը դեպի Այսրկովկաս։ Այն ուներ հետախուզական նպատակ։

Դեռ նոր էին հեռացել մոնղոլները, երբ ղփչաղները Հյուսիսային Կովկասից մեծաքանակ ուժերով ներխուժեցին Այսրկովկաս։ Նրանք Գանձակի ամիրայի հետ համագործակցելով մահ ու ավեր էին սփռում Հայաստանի և Վրաստանի բնակավայրերում։

Իվանե աթաբեկը վրացական բանակի ուժերով Գանձակի մոտ հարձակվում է նրանց վրա, սակայն պարտություն է կրում։

Ճակատամարտում զոհվում են նաև Խաչենցի Խաղբակ իշխանի որդի Գրիգորը և թոռ Պապաքը։ 1223թ. միայն վրացական, հայ­կական միացյալ ուժերին է հաջողվում ջախջախել ղփչաղներին և նրանց դուրս քշել Այսրկովկասից։

Մոնղոլների հետախուզական արշավանքից և ղփչաղների աս­պատակություններից հետո դրությունը Այսրկովկասում շարունակ­վում էր մնալ լարված։

Խորեզմի շահ Մուհամմադի որդին՝ Ջալալ ադ-Դինը, նպատակ ունենալով նախ կանխել իր գլխավոր թշնամի մոնղոլների առաջ­խաղացումը, ապա վերականգնել Խորեզմի պետության վաղեմի դիրքերը, որոշում է ամրանալ Իրանի հյուսիս-արևմտյան մասում և Այսրկովկասում։ Փոխանակ ռազմական մի դաշնակցություն ստեղ­ծելու մոնղոլների դեմ մղվող պայքարում, Ջալալ ադ-Դինը սկսեց ասպատակել տարածքաշրջանի երկրները, անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեց քրիստոնյաների նկատմամբ, դրանով իսկ փորելով իր գերեզմանը։ Ջալալ ադ-Դինի յոթնամյա արշավանքները(1225-31թթ.) չափազանց ծանր հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար։ Ավերվե­ցին ծաղկուն քաղաքներն ու գյուղերը։ Թուլացավ երկրի տնտեսական և ռազմական կարողությունները։ Երկրում սկսեց թագավորել սովն ու համաճարակը, ժողովուրդը թողնված էր բախտի քմահաճույքին։

Չնայած դրան, այդ արշավանքների ժամանակ Ջալալ ադ-Դինը համարյա ոչնչով չշոշափեց Արցախի իշխանությունների շահե­րը։ Խորեզմի շահի զորքերը ավերեցին Ուտիքի դաշտավայրային շրջանները, հատկապես Գանձակի շրջակայքը։

Մոնղոլները ուշի ուշով հետևում էին Այսրկովկասում տեղի ունեցող անցքերին, նպատակ ունենալով հարմար պահին ջախջախելու Ջալալ ադ Դինին և վերջնականապես տիրելու նրա տիրապետության տակ գտնվող երկրներին։

Մոնղոլները հետապնդելով Ջալալ ադ-Դինին վերջնականապես 1231թ. հաղթանակի հասան նրա նկատմամբ։ Ջալալ ադ-Դինին հետապնդող մոնղոլները ավերեցին Պարսկաստանը և հասան մինչև Եդեսիա ու Սամոսատ, ապա մարտերով առաջացան մինչև Եփրատ, ավեր ու սպանդ գործելով արշավեցին Դիարբեքիր և Ջազիրա 257։ Այնուհետև նրանք վերադարձան Ատրպատական։

Մոնղոլները, անցնելով Երասխը, հաստատվեցին Մուղանի բարեբեր դաշտում258։ 1232թ. վաղ գարնանը նրանք շարժվեցին դեպի հյուսիս-արևմուտք, պաշարեցին Գանձակը։ Քաղաքի բնակչության դիմադրությունը ավելի բորբոքեց մոնղոլներին։ Նրանք թափանցե­լով քաղաք՝ արյան բաղանիք սարքեցին, սրի քաշեցին ողջ բնակչու­թյանը, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին259։ Այս անգամ էլ մոնղոլները չհիմնավորվեցին գրավված տարածքներում և մեծաքանակ ավարով ու գերիներով հեռացան Պարսկաստանի խորքերը։

ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԳՐԱՎՈՒՄԸ։ 1235թ. Չինգիզ խանի հաջորդ, նրա կրտսեր որդի Ուդեգեյի կողմից հրավիրված համամոնղոլական ղուռուլթայը որոշեց նոր արշավանքներ սկսել և գրավել Ռուսաստանը, Արևելյան Եվրոպայի և Այսրկովկասի երկրները։

1236թ. ռազմական գործողություններ են սկսվում մի կողմից՝ դեպի Ռուսաստան, Բաթուի գլխավորությամբ, մյուս կողմից՝ դեպի Այսրկովկաս, Չարմաղանի գլխավորությամբ։

Այսրկովկասում մոնղոլներին դիմակայող միակ իրական ուժը՝ վրացական թագավորությունը, Ռուսուդան թագուհու որդի Դավթի և գահի օրինական ժառանգի՝ Գեորգի Լաշայի որդի Դավթի միջև իշխանության համար մղվող պայքարում արդեն կազմալուծվել էր։ Ներխուժելով Այսրկովկաս, Չարմաղանը բանակ է դնում Մուղանի դաշտում, որը դառնում է մոնղոլական ուժերի հավաքատեղի։ Մոնղոլ զորավարները վիճակահանությամբ Հայոց, Վրաց և Աղվանից երկրների տարբեր իշխանությունները միմյանց միջև բաժանելով, սկսեցին իրենց ավերիչ ասպատակությունները260։

Մոլար Նոյինին բաժին հասավ Հայաստանի հյուսիս-արևելյան գավառները։ Նա պաշարեց Շամքոր քաղաքը։ Մոնղոլները զգալի կորուստների գնով իրենց ձեռքն են գցում Շամքորը և ավերում։ Դրանից հետո, համարյա առանց դիմադրության, մոնղոլները գրավում են Քութայիս հեռացած Վահրամ Գագեցու տիրույթի մյուս բերդերն ու ամրոցները։

Տավուշ բերդի հարավային կողմում՝ Լորուտ գյուղի դիմաց, մոնղոլները գերեվարում են Վանական վարդապետին և նրա աշակերտներին, այդ թվում Կիրակոս Գանձակեցուն։

Վանական վարդապետին հետագալում հայերը փրկագնով ազատեցին, իսկ Կիրակոսին հաջողվեց գիշերով փախչել և վերադառնալ թշնամու կողմից մինչ այդ ավերված ու հրդեհված Գետիկի վանքը261։

Գրավելով հյուսիս-արևելյան Հայաստանի բնակավայրերը մոնղոլները տակնուվրա արին նաև Վրաստանը։ «Թաթարներն այնպի­սի զարհուրանքներ արին, որ շատ վրացիք թողնում էին բերդերն ու ամրությունները և Կովկասյան լեռները փախչում»-լալահառաչ գրում է վրաց ժամանակագիրը262։

Հայ ֆեոդալների մի մասը իրենց տիրույթներից չզրկվելու և արյունահեղությունից խուսափելու համար որոշում են հպատակվել մոնղոլներին։

Նմանօրինակ առաջին փորձը կատարեց Իվանեի որդի Ավագ Զաքարյանը։ Մոնղոլները պաշարեցին Կայեն բերդը, որտեղ պատսպարվել էր Ավագ Զաքարյանը։ Համոզված լինելով, որ եր­կար չի կարող դիմանալ, Ավագն իր տան վերակացու Գրիգոր Տղա Խաչենցուն ուղարկում է Սևանա լճի ափերին բանակած մոնղոլական զորքերի հրամանատար Չարմաղանի մոտ։ Այնուհետև ինքը՝ անձամբ Ավագ Զաքարյանը ներկայացավ մոնղոլ զորավարին և հնազանդություն հայտնեց նրան և մնաց իր տիրույթի իշխանը։

Սևանա լճի առափնյա շրջաններին և Սյունիքին տիրելուց հետո մոնղոլական մեկ այլ զորախումբ Ջուղբուղա Նոյինի գլխավորու­թյամբ ձեռնամուխ եղավ Խաչենի նվաճմանը։

Ներքին Խաչենի հայության մի մասը պատսպարվեց Հավքախաղաց բերդում։ Չնայած խաչենցիների ցուցաբերած համառ դի­մադրությանը, մոնղոլներին այնումենայնիվ հաջողվեց գաղտագողի մտնել բերդ և սրախողող անել պաշտպաններին։

Մոնղոլները արցախահայության կամքը կոտրելու համար ամենադաժան ու վայրենի ձևով հաշվեհարդար տեսան խաղաղ բնակ­չության հետ։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Հավքախաղացի բնակչության մի մասին սրի քաշեցին, իսկ մնացածներին բերդից գահավեժ արեցին։

Արյունը առու դարձած ջրի պես գնում էր։ Շատ ժամանակ անց չթաղված նահատակների ոսկորները քարե կույտերի տեսք ու­նեին263։ Ապա մոնղոլները շարժվեցին Ներքին Խաչենի տիրակալ Հասան-Ջալալի վրա, որը ամրացել էր Գանձասարի հանդիպահայաց անառիկ Խոխանաբերդում։ Մոնղոլները երկար ժամանակ չէին կարողանում գրավել բերդը։ Տեսնելով, որ կռվով անհնար է գրավել այն, դիմեցին արդեն իրենց փորձված մեթոդին. հնազանդության կոչեցին Հասան Ջալալին, խոստանայով նրան թողնել իր երկիրը։ Ներքին Խաչենի տերը դրսից օգնության հույս չունենալով և երկիրն ավելորդ ավերից ու կոտորածներից փրկելլու նպատակով ընդունեց մոնղոլների առաջարկը։

Չնայած Հասան-Ջալալը հնազանդվեց մոնղոլներին, բայց և այնպես ամբողջ Խաչենի նվաճումը բավական դանդաղ ընթացավ, որովհետև ժողովուրդը համառորեն դիմադրում էր։ Պայքարը շարունակվեց 1238թ. ներառյալ264։

Մոնղոլները, նվաճելով Պարսկաստանը, Այսրկովկասը և Փոքր Ասիայի արևելյան շրջանները, ստեղծեցին վարչական նոր միավոր­ներ։ Վրաստանը, Հայաստանը, Առանը, Շիրվանն ու Ատրպատականը կազմեցին մեկ կուսակալություն, որի կառավարիչն էր Չարմաղանը։ Այս կուսակալության կազմում էլ Վրաստանն ու Հայաս­տանի իշխանությունները կազմեցին վարչական մեկ ինքնուրույն միավոր, որը մոնղոլները անվանեցին Գյուրջիստանի վիլայեթ։

Մոնղոլական կայսրության մեծ խան Ուդեգեյը Չարմաղանին հանձնարարել էր մնալ տեղում և ամեն տարի մայրաքաղաք ուղարկել մեծ քանակությամբ ոսկի և թանկարժեք այլ ապրանքներ265։ Մոնղոլները դաժան հարկապահանջությամբ քամում էին նվաճված երկրների կենսատու ավիշը։ Դրանով չբավարարվելով, մոնղոլները հպատակ երկրների ազատագրական շարժումները կանխելու և դի­մադրական ուժից զրկելու համար կռվելու ընդունակ բնակչությանը զանգվածաբար ոչնչացնում էին կամ էլ այդ ուժերը օգտագործում էին նոր նվաճումների համար, նրանց մոնղոլական զորքերի առաջին շարքերում՝ ստիպելով կռվել յուրայինների դեմ։

«Անկասկած է,– գրում է Համադալլահ Ղազվինին,– որ եթե հազար տարվա ընթացքում որևէ այլ աղետ չլինի, մոնղոլական արշավանքների ու տիրապետության հետևանքները ուղղել հնարավոր չէ …»266։

Հպատակություն հայտնած Արցախի իշխանները նույնպես մասնակցեցին մոնղոլների կազմակերպած արշավանքներին։ Կարինի գրավմանը մասնակցում էր նաև Հասան-Ջալալը։ Իսկ Տիգրանակերտի գրոհման ժամանակ զոհվեց Վերին Խաչենի իշ­խան Գրիգորի որդին՝ Սևադան։

Ներքին Խաչենի տիրոջ Հասան-Ջալալի ճկուն քաղաքականու­թյան և մոնղոլ զորապետների նկատմամբ առատաձեռնության շնորհիվ Խաչենի հայությունը մի առ ժամանակ զերծ մնաց մոնղոլ­ների վարյագություններից։ Մոնղոլները առավել բարյացակամ դարձան Հասան-Ջալալի նկատմամբ, երբ Չարմաղանի որդի Բորա-նոյինը ամուսնացավ հայ իշխանի աղջկա՝ Ռուզուքանի հետ։

Հասան-Ջալալի միջնորդությամբ քիչ թե շատ ապահով և տանելի վիճակ ստեղծվեց հայկական մյուս գավառների համար։ Գերու­թյունից և անխուսափելի վախճանից փրկվեցին հարյուրավոր հայեր։ Խաչենի լայնախոհ տիրոջ շնորհիվ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի և մոնղոլների միջև կնքվեց դաշնակցության պայմանագիր, որի շնորհիվ երկիրը փրկվեց վերահաս աղետից։

Շուտով իրավիճակը փոխվեց ի վնաս Հասան-Ջալալի և խաչենցիների։ 1242թ. սկզբներին Հայաստանում գտնվող մոնղոլական կուսակալ ամրացած Չարմաղանին փոխարինում է Բաչու զորավարը։ Վերջինս առավել մեծ չափերով էր օգտագործում հայերի զի­նական ուժը արևմտյան և հարավային Հայաստանը վերջնականապես նվաճելու համար։

Մշտապես կրկնվող պատերազմների ծախսերը փակելու նպատակով մոնղոլները ավելի սաստկացրին հպատակ ժողովուրդների հարկապահանջության գործը։ 1246թ. արևմտյան երկրներից կայսրության հասանելիք հարկերը հավաքելու նպատակով Գույուկ խաքանը Արղունի և Բուղայի գլխավորությամբ մեծ հանձնախումբ ու­ղարկեց Իրան և Այսրկովկաս։ «…Այս Բուղան,– պատմում է Կիրակոս Գանձակեցին,– որ եկավ թաթարական զորքերի մոտ, մտնում էր ավագանու տները և իրեն ինչ դուր է գալիս անխնա առնում էր, ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել նրան․․․»267։

«Եվ բոլորից պահանջում էին խստագույն հարկեր ավելի քան մարդը կարող էր տալ, սկսեցին աղքատացնել և նեղել անհնարին չարչարանքներով և տանջանքներով և մամլակներով։ Եվ թաքնվո­ղին բռնում և սպանում էին, և ով չէր կարող հարկը վճարել նրանց ե­րեխաներին էին վերցնում պարտքի դիմաց․․․»268։

Մոնղոլների վարած դաժան կեղեքման, բռնությունների և ահաբեկման քաղաքականությունը շուտով առաջ բերեց խորը ատելու­թյուն նվաճված երկրներում։

Դաժան հարկահանության դեմ մեծ դժգոհություն առաջացավ նաև Խաչենում։ Ապստամբները պատսպարվել էին անառիկ Խոխանաբերդում, որի դեմ մոնղոլները ոխ ունեին դեռևս 30-ական թվականներից։ Բուղան մեծաքանակ զորքով շարժվեց այնտեղ, քարուքանդ արեց Խոխանաբերդը, այնուհետև Դեդը, Ծիրանաքարը և այլ ամրոցներ։ Նա Հասան-Ջալալին ավագանու առջև պատիժների ենթարկեց։ Միայն հայ իշխանը շատ ոսկի ու արծաթ տալով հազիվ փրկվեց մահից269։ Մոնղոլների կամայականություններին վերջ տալու նպատակով, այս դեպքերից հետո Հասան-Ջալալը և Խաչենի իշխանական տան ներկայացուցիչներից մեկը՝ Իվանե Զաքարյանի տան կառավարիչ Գրիգոր տղան (հեջուբ Գրիգորը) մի պատվիրակության գլուխ անցած Բաթու խանի որդի քրիստոնյա Սարթախի միջնորդությամբ և ուղեկցությամբ մեկնում են Բաթուի նստավայր, այժմյան Աստրախանի տեղում գոյություն ունեցած Իթիլ քաղաքը։ Բաթու խանը մեծ պատվով ընդունեց հայ իշխաններին, նրանց վերադարձրեց հայրե­նի բոլոր տիրույթները և տեղի մոնղոլ կուսակալներին հրահանգեց բարյացակամ վերաբերվել Խաչենի բնակչությանը։

Վերադառնալով հայրենիք այս անգամ Հասան Ջալալի դեմ բռ­նություններ սկսեց գործադրել մեծ լիազորություններ ունեցող հարկահան Արղունը։

Այլ ելք չտեսնելով, Հասան Ջալալը նույն Սարթախի ուղեկցությամբ 1255թ., կնոջ՝ Մամքանի և միակ տղա Աթաբակի հետ մեկնում է Մոնղոլիա՝ մեծ խանին իր գանգատները ներկայացնելու։ Ճանապարհորդությունը տևում է 5 տարի։ Մանգու խանը բավարարում է Հասան Ջալալի պահանջները, նրան վերադարձնելով գերագահ իրավունքը։ Չնայած դրան, Արղունի դավերը Հասան-Ջալալի նկատմամբ շարունակվեցին։ Չնայած մոնղոլ խաները առերես բարյացակամ էին վերաբերվում հայ իշխանների նկատմամբ այնքան ժամանակ, որքան հնարավոր էր լինում դրանով շորթել նրանց հարստությունը։ Իսկ իրականում իրենց պաշտոնյաներին դրդում էին հնարավորին չափ շատ շահագործելու հայ հպատակներին։

Քոչվոր ազնվականության ու պաշտոնեության անկաշկանդ կամայականություններն ու բռնությունները 50-կան թվականների վերջերից պատճառ դարձավ Հայաստանում և Վրաստանում ապս­տամբական շարժումներին։

1260թ. բռնկված ապստամբությունը գլխավորում էր վրաց թագավոր Ուլու Գավիթը։ Հասան Ջալալը նույնպես միացավ ապստամբներին։ Արղունի զորքը պարտություն կրեց ապստամբներից։ Շարժման թափը կոտրելու նպատակով Արղունի դրդմամբ ձերբակալեցին վրաց Գոնցա թագուհին, նրա Խոշաք դուստրը, Զաքարյան Շահնշահը, Հասան Ջալալը և շատ ուրիշ իշխաններ։ Կալանավորվածները բազում գանձ տալու միջոցով հազիվ կարողանում են մահից փրկվել271։

Ապստամբների և մոնղոլների միջև պատերազմական գործողու­թյունները շարունակվեցին մինչև 1261թ.։ Ուժերի անհավասարու­թյան պատճառով վրաց Ուլու Դավիթ թագավորը նորից հպատակություն է հայտնում մոնղոլներին։

Ապստամբության ճնշումից հետո Արղունը նորից կալանավո­րում է շարժման կազմակերպիչներին՝ հայ և վրաց իշխաններին, այդ թվում Հասան Ջալալին։ Նրանց տեղափոխում են Ղազվին։

Հասան Ջալալի դուստր Ռուզուքանը փորձում է Հուլավուի կնոջ՝ Տողուս-խաթունի միջոցով փրկել հորը։ Արղունը դրա մասին իմանալով դահիճներին հանձնարարում է հոդակոտոր անելով սպանել Հասան Ջալալին272։

Աթաբակը նահատակված հոր մասունքները տեղափոխում և թաղում է Ներքին Խաչենի իշխանական տոհմի տապանատանը՝ Գանձասարի վանքի գավիթում։

Այնքան ակնհայտ էր Հասան Ջալալի տեղն ու դերը Խաչենի Առանշահիկ իշխանական տան ներկայացուցիչների շարքում, որ հե­տագա դարերում այդ ճյուղը սկսեց անվանվել նահատակ իշխանի անունով՝ Հասան Ջալալյաններ, որոնց մեծագործություններին բազմաթիվ սերունդներ պիտի ականջալուր և ականատես լինեին։

Այսպես էին կոչվում նաև հոգևոր այն նվիրապետները, որոնք ներկայացնում էին նույն իշխանական տոհմը և արդեն ժառանգական իրավունքով 13-րդ դարի երկրորդ կեսից տնօրինում էին նահանգի եպիսկոպոսությունը, իսկ 15-րդ դարից նաև ամբողջ Հայոց Արևելից կողմանց կաթողիկոսական աթոռը։ Հասան Ջալալի թափուր գահը ժառանգեց միակ արու զավակը Իվանեն կամ Աթաբակը (1261-1287)։ Նրա կառավարման շրջանում Ներքին Խաչենի իշ­խանությունը համեմատաբար խաղաղ մի շրջան ապրեց։ Դա հնարավորություն տվեց Աթաբակին զբաղվելու շինարարական ու մշակութային գործունեությամբ։ Նա ավարտեց Հասան Ջալալի կիսատ թողած Գանձասարի վանքի գավթի շինարարությունը։

Նման կացություն էր ստեղծվել նաև Վերին Խաչենում։ 1220-ական թվականներից այստեղ տերություն էր անում Հասանի և Դոփի որդի Գրիգորը։ Ինչպես մյուս հպատակ հայ իշխանները, Գրիգորը նույնպես մասնակցում է մոնղոլների կազմակերպած արշավանք­ներին, որի ընթացքում Հայոց Արևելից գավառների իշխանները մեծ փրկագներով ազատում էին արևմտյան Հայաստանի հայ գերյալ­ներին և մշակութային արժեքները, մանավանդ ձեռագիր մատյանները։ Վերին Խաչենում 1250–ական թվականներից Գրիգոր իշխանին փոխարինեց որդին՝ Հասան Բ-ն։ Աղբյուրները այս Հասանին պատվում են «արիակամ», «քաջ» և «հաղթող զորական» ու նման այլ մակդիրներով273։ Հասան Բ-ն բարիդրացիական հարաբերություններ ունենալով մոնղոլների հետ խաղաղ կյանք ապահովեց Վերին Խաչենի հայության համար։ Հասան Բ-ն վախճանվել է 1287թ.։ Ինչով էր բացատրվում 13-րդ դարին երկրորդ կեսի համեմատաբար խաղաղ կացությունը։

Ներքին Խաչենի տեր Աթաբեկի և Վերին Խաչենի իշխան Հասան Բ-ի իշխանությունը համընկավ մոնղոլական կենտրոնական իշխանության թուլացման հետ։ Մոնղոլ-թաթարական ավագանին նվաճված ժողովուրդների հաշվին անբավ հարստություն դիզելով այս անգամ կռվում էին միմյանց դեմ՝ գերագահության հասնելու համար։

1256թ. Հուլավու խանը հաղթանակի հասնելով Իրանի, Ատրպատականի, Արևելյան Վրաստանի, Հայաստանի, Ռումի, Քրդստանի, Իրաքի մոնղոլ կուսակալների նկատմամբ, ինչպես նաև վերջնականապես հնազանդեցնելով տեղական հնագույն ֆեոդալական տներին, փաստորեն հիմք դրեց Հուլավյան մոնղոլա-իրանական պետությանը, որը և պատմության մեջ մտավ «իլխանություն» անունով (իլխան-ժողովրդի տեր)։

Հուլավուի և նրան հաջորդած Աբաղա խանի(1265-1282թթ) կառավարման տարիներին երկրում տիրում էր հարաբերական խաղաղություն։ Հուլավյանք մոնղոլական կենտրոնական իշխանության և հարևան երկրների ցեղակից տերերի դեմ պայքարելու նպատակով հավատարիմ դաշնակիցներ էին փնտրում տեղի իշխանական տների շրջանում։ Եվ պատահական չէ, որ նրանք հնարավորություն էին տալիս, որպեսզի այդ իշխանությունները հզորանան և կարգավորեն իրենց ներքին տնտեսական ու մշակութային կյանքը։ Սակայն հանգիստ քաղաքական կացությունը երկար չտևեց։ 1282թ.՝ Աբաղայի մահից հետո, նրա եղբայր Թագուդարը, հենվելով իր համախոհների վրա, դավադրաբար տիրացավ գահին։ Իշխաններից առաջինն էր նա, որ ընդունեց մահմեդականություն և կոչվեց Ահմադ։ Նորից քրիստոնեապաշտ հայության համար սկսվեցան լուր տառապանքների մի շրջան։ Թաթար-մոնղոլական բռնակալները նվաճված երկրներում պարբերաբար կրկնվող կողոպուտի ու ավերածությունների և անասելի ծանր հարկերի միջոցով ժողովրդին դատապարտել էին ծայր աղքատության և հուսահատության։ 14-րդ դարի սկզբներից սկսած մոնղոլական ծավալապաշտ կայսրությու­նը գնաց քայքայման ուղիով։ Մոնղոլ կուսակալներն ու զորապետները, հաճախ գժտվելով միմյանց հետ կամ ըմբոստանալով կենտրոնական իշխանության դեմ, դարձել էին իրենց կառավարած երկրամասի անկախ և ինքիշխան տիրակալներ, իսկ հպատակ ժողովուրդների համար՝ դահիճներ։ Հայ բնակչության վիճակը դարձավ ողբերգական և Ղազան խանի ժամանակ մոնղոլները պաշտոնապես ընդունեցին մահմեդականությունը։ Ազգային ու սոցիալական ճնշումներին գումարվեց կրոնական հալածանքը։ Հայաստանի շատ նահանգներում ծայր են առնում արտագաղթն ու փախուստը։ Վանքերում ու եկեղեցիներում այլևս չկար նախկին խլրտուն մշակութային կյանքը։ Նախկին շեն բնակավայրերը սկսում են դա­տարկվել։

Սակայն Արցախի հայությունը, ապավինած իր լեռնաշխարհին, տեղի չտվեց նաև այդ փորձության առաջ։
ԱՐՑԱԽԸ ԼԱՆԿ ԹԱՄՈՒՐԻ, ԿԱՐԱ-ԿՈՅՈՒՆԼՈՒ ԵՎ ԱՂ-ԿՈՅՈՒՆԼՈՒ ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ԼԱՆԿ-ԹԱՄՈՒՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ: Հայության արնածոր վերքերը դեռ չէին սպիացել, երբ 14-րդ դարի 80-ական թվականներին Այսրկովկաս խուժեցին ոսկե հորդայի արյու­նարբու հորդաները։ Կոտորածների ու ավերածությունների ենթարկվեցին հատկապես հյուսիս-արևելյան Հայաստանի գավառնե­րը այդ թվում Ծարն ու շրջակաները։

Այդ իրավիճակում 14-րդ դարի վերջերին հայ ժողովրդի գլխին պայթեց չարիքներից մեծագույնը. սկսվեցին Լանկ-Թամուրի մահասփյուռ արշավանքները։

Մոնղոլական Բարլաս ցեղից սերված Թարաղայի որդի Թամուրը, Լանկ(կաղ) մականունով, լինելով խիզախ զորահրամանատար ու խորամանկ քաղաքագետ, իր շուրջը համախմբելով համախոհնե­րին 1370թ. Միջին Ասիայում Սամարղանդ կենտրոնով ստեղծեց մոնղոլա-թուրքական ռազմա-ֆեոդալական պետություն։

Ստեղծելով հզոր ու մարտունակ բանակ Ոսկե Հորդայի, Ռու­սաստանի, Հնդկաստանի, Իրանի, Այսրկովկասի ու Փոքր Ասիայի երկրները դարձան Լանկ-Թամուրի հորդաների ոտքի կոխան։

1386թ. գարնանը նա գրավում է Թավրիզը, անցնելով Արաքսը, մտնում Սյունիք։ Նրա զորքերը տարբեր ուղղություններով արշավելով և կոտրելով կազմակերպված դիմադրությունը, կարճ ժամանակաընթացքում հասնում են մինչև Կարբի, Բջնի, Գառնի, Սուրմարի և Կողբ։ Այնուհետև Լանկ-Թամուրի զորքերը ներխուժում են Արցախ, գրավում Վերին Խաչենը։ Ծարի Դոփյան իշխանական տան ներ­կայացուցիչ Հասանը կնոջ՝ Խոնձայի և վեց որդիների՝ Գրիգորի, Սարգսի, Շանշիի, Ջհանշիի, Աղբուղայի և Շիրվանի, ինչպես նաև իշխան Սադունի հետ, անհավասար պայքարում նահատակվում են274։ Փրկվում է միայն Հասանի Վահրամ որդին։ Ավերվում են Խաչենի բարգավաճ բնակավայրերը։ Ժողովրդին գլխատելու, հետագա ապստամբություններից խուսափելու և թիկունքի ապահովության համար թամուրյանները կոտորում էին ոչ միայն տեղական իշխանավորներին, այլ նաև գյուղական այնպիսի պաշտոնյաներին, ինչպիսիք էին տանուտերերն ու ձեռնավորները275։

Այս նվաճումներից հետո Թամուրի զորքերը մտնում են Վրաստան և 1386թ. նոյեմբերի 21-ին գրավում ու կողոպտում Տփղիսը։

Ձմեռման համար Այսրկովկասում Լանկ-Թամուրը բանակատե­ղի ընտրեց հատկապաս տարվա այդ եղանակին մեղմ կլիմա ունե­ցող Մուխանք գավառը, որը կոչվում էր նաև Ղարաբաղի դաշտ։ Հարկ է նշել, որ Ղարաբաղ անունը պատմական սկզբնաղբյուրներում առաջին անգամ արձանագրվում է 14-րդ դարի վերջին «Վրացական ժամանակագրության» և պարսիկ պատմագիր Համադալլահ Ղազվինիի մոտ276։

1394թ. սկսվեց Լանկ-Թամուրի երկրորդ արշավանքը դեպի Հայաստան։ Այս անգամ Լանկ-Թամուրի զորքերը Հյուսիսային Սիջագետքից անցան Արևմտյան Հայաստան, դաժանորեն հաշվեհար­դար տեսան տեղի բնակչության հետ և հասան Այրարատ։

Լանկ-Թամուրը ստիպված էր շտապ հեռանալ դեպի Աղվանք՝ հակահարված տալու Ասկե Հորդայի խան Թողթամիշին, որը ներ­խուժել էր Շիրվան277։ Թողթամիշը խույս տվեց ընդհարումից և հե­ռացավ Ասկե Հորդա, իսկ Լանկ-Թամուրի զորքը ձմեռեց Մուղանի դաշտում՝ ասպատակելով շրջակա Արցախի և Ուտիքի բնակավայրերը։

1399 թվականին Լանկ-Թամուրը երրորդ անգամ հայտնվեց Այսրկովկասում։ Մտնելով Իրանի հյուսիսային նահանգները, նա անցավ Արաքսը, մտավ Մուղան, 7 ամիս շարունակ գերեց ու կողոպտեց Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները։ Շատ բնակավայրեր վերածվեցին ավերակների ու անբնակ դար­ձան։

1399–1403թթ. պատերազմական գործողությունների արդյուն­քում Լանկ-Թամուրը դարձավ ողջ Այսրկովկասի, Փոքր Ասիայի, Միջազետքի ու Սիրիայի տիրակալը։ Նրա գերագույն իշխանությունը ճանաչեց նաև Եգիպտոսի սուլթանը։

1403–1404թթ. Լանկ-Թամուրն իր բանակով ձմեռեց Ղարաբաղի դաշտային մասում, իսկ գարնանը մեծ ավարով ու գերիներով վերադարձավ Սամարղանդ։

Ժամանակակից աղբյուրները սրտաճմլիկ նկարագրություններ են պահպանել Լանկ-Թամուրի գործած ավերածությունների, բնակչության սրածության, գերեվարության, նյութական ու հոգևոր արժեքների կողոպուտի ու ոչնչացման մասին։ Պատերազմական գործողությունների պատճառով շատ վայրեր անմշակ էին մնացել, որի հետևանքով եղավ անբերրիություն և սաստիկ սով։ 1407թ. այդ ամենին գումարվեց ահավոր «մահտարժամ»-ը։ Դաժան համաճարակին զոհ գնացին հազարավոր մարդիկ։ Երկիրը մեծ մասամբ մնացել էր անտեր՝ զրկված իր տեղաբնիկ հայազուն իշխանություններից։ Արցախի դաշտային գավառները, հատկապես Մուխանքը կտրվում է հայկական միջավայրից և կորցնում իր ազգագրական ամբողջությունը։

Այդ ամենով հանդերձ Արցախի Առանշահիկ նախարարական տան շառավիղները, դիմակայելով օտար բռնավորների դժնդակ տիրապետության մղձավանջները, ավելի մանրացած, կառչեցին լեռնաստանի անմատչելի գավառներին, լիահույս սպասելով նոր բարենպաստ օրերի գալստյանը։

ԱՐՑԱԽԸ ԿԱՐԱ-ԿՈՅՈՒՆԼՈՒ ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ։ Լանկ-Թամուրի մահվանից հետո նրա հսկայածավալ պետությունը, որ ստեղծվել ու գոյատևում էր բռնությամբ ու ահաբեկումով, սկսվեց արագությամբ քայքայվել։

Օգտվելով երկրում տիրող խառնակ վիճակից թուրքմենական ցեղերից մեկի առաջնորդ Կարա-Յուսուֆը 1407թ. գրավում է Թավրիզը և մինչև 1410 թվականը նվաճում է Ատրպատականը, Հայաստանը տանը և ոըջ Միջագետքը։ Այսպիսով, կարակոյունլու թուրքմենական ցեղե­րը տիրելով Առաջավոր Ասիայի երկրներին, ստեղծում են աշխարհակալ մի պետություն (1410-1468թթ.)։

Նոր տերերը քաջ գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պե­տական գանձարանը լցնելու կարևորությունը, համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխող վերնախավի նկատմամբ։ Կարակոյունլու տիրակալերը պետական բարձր պաշտոնների էին առաջ քաշում հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։

Նման իրավիճակում էր գտնվում նաև երկիրը աղ-կոյունլու թուրքմենների տիրապետության շրջանում (1468–1502թթ.)։

Նորից վերականգնվեցին Ներքին Խաչենի Հասան-Ջալալյան և Վերին Խաչենի Դոփյան իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։

1287թ. Իվանե-Աթաբեկի մահվանից հետո Ներքին Խաչենում տիրում էր Ջալալին, որն սկզբնաղբյուրներում ներկայացվում է որպես շինարար և եկեղեցապաշտ իշխան։ Ջալալ Ա-ին փոխարինել է որդին՝ Իվանե Մեծը։ Նրա գերագահությունը ճանաչում էին ոչ միայն Ներքին Խաչենի, այլ նաև Վերին Խաչենի ու Հաթերքի իշխանները։

Արդեն 15-րդ դարի իրողություններում հիշատակվում է Իվանեի որդի Ջալալ Բ-ն, Զազան, Աղբաստը, Սայտուն, Վելիջանը։ Պահ­պանված վավերագրերը վկայում են նրանց հայրենաշեն գործունեության մասին։ Առանձնապես հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Գանձասարի վիմագիր արձանագրությունները։

Նշված ժամանակահատվածում կատարվեց նաև արժանահի­շատակ մի իրադարձություն։ 1470 թվականին Աղվանից Հովհաննես կաթողիկոսի մահվանից հետո կաթողիկոսական աթոռը Քոլատակ գյուղի մոտ գտնվող սուրբ Հակոբա վանքից փոխադրվեց Գանձասար։ Հասան-Ջալալյան մեծագույն տոհմի հայրապետները բազում դարեր իրենց օրհնյալ խաչով ու հարկ եղած դեպքում մերկացրած սրով անսասան պահեցին Արցախի սահմանները։ Նշված ժամանակահատվածում Վերին Խաչենում շարունա­կում էին իշխել Դոփյան իշխանական տան ներկայացուցիչները։ Ճիշտ է, նրանք չունեին նախկին փառքն ու հզորությունը, բայց հին օրերի նախկին կարգի համաձայն տնօրինում էին գավառի հայության կյանքը։

14-րդ դարի 80-ական թվականներին Վերին Խաչենը ասպա­տակվեց Ոսկե Հորդայի խան Թոխթամիշի զորքերի կողմից։ Դոփյան իշխանական տունը ավելի թուլացավ և, ի տարբերություն Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաննների, 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին բաժանվեց 3 ճյուղի՝ Շահանշենք, Աղբուղենք, Ջհանշենք։ Նրանցից էլ հետագայում սերվեց Մելիք-Շահնազարյան հայտնի գերդաստանը, որն իր գործունեությունը ծավալեց Վարանդա գավառում։

Հայ նախարարական տների զգալի մասը 14-15-րդ դարերում իրենց քաղաքական և տնտեսական դիրքերը զիջեցին Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և չնայած թուլացած ու տկարացած, բայց և այնպես կարողացան պահպանել դարեր շարունակ երկրամասում գոյություն ունեցած պետական ինստիտուտների կենսունակ բեկորները։

Պահպանվել է կարա-կոյունլու Ջևանշահի (1437-467թթ.) հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։ Այս ժամանակից սկսած էլ հայկական աղբյուրնե­րում մելիքներ են կոչվում Արևելյան Հայաստանի գավառական իշ­խանները[9]։ «Մելիքը տեր էր, տիրապետող, այն էլ ինքնագլուխ ու միահեծան, ոչ ոք իրավունք չուներ ընկերանալ նրա իշխանու­թյանը։ Ամենուրեք պիտի հնազանդվեին մելիքին, կատարեին նրա հրամանները, որովհետև մելիքը բարձր իշխանության կողմից նշանակված իշխանավոր էր։ Իր կողմից մելիքը պարտավոր էր լինել արդարադատ, պիտի հոգ տաներ իր երկրի բարօրության մասին»278։ Չնայած Արցախի մելիքները իրենց տիրույթներում ունեին անսահմանափակ իշխանություն, բայց և այնպես միջնադարյան խավարի ու հետամնացության պայմաններում լեռնաստանում գոր­ծում էին նաև ժողովրդավարական սկզբունքներ, որոնք հարիր են ժամանակակից քաղաքակրթությանը, այն էլ շատ դեպքում՝ եվրոպականին։ Այսպես, մելիքներին սովորաբար փոխարինում էր նրանց ավագ որդին։ Սակայն նրանք իրենց պարտականություն­ներն ու իրավունքները ստանձնում էին ժողովրդի համախոսական համաձայնությունից հետո279։ Ահա Արցախում ժողովրդի և իշխանության այս միասնությունը դարձավ ազգային ինքնուրույնության պահպանման հիմնական գրավականը։ Եվ այդ միասնական կենարար ուժը հզոր ազդակ հանդիսացավ երկրի ազատության գործին։ Արցախի լեռներում հետագադարերում ծնվեց հայրենիքի՝ Մեծ Հայաստանի ազատագրության գաղափարը։
ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

16-րդ դարի սկզբներից մինչև 17-րդ դարի 30-ական թվականնե­րի վերջը, Հայաստանը այս անգամ ռազմական թատերաբեմ էր դարձել Առաջավոր Ասիայում քաղաքական առաջնության ձգտող Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև։

1502թ. շահ Իսմայիլը, պարտության մատնելով աղ-կոյունլուներին և գրավելով մայրաքաղաք Թավրիզը, հիմք դրեց կըզըլբաշների Սեֆյան պետությանը։ Շահ Իսմայիլը պետական կրոն հայտարարելով շիիզմը, իսլամի մյուս տարատեսակի՝ սուննիզմի հետևորդնե­րի դեմ անհաշտ պայքար սկսեց։ Սուննիզմը հովանավորող Թուրքիան, ընդունելով այս մարտահրավերը, ռազմական թատերաբեմ դարձրին երկու տերությունների միջև գտնվող հայոց երկիրը։

Մինչև 1507թ. շահ Իսմայիլը նվաճում է Հայաստանի մի զգալի մասը, Արևմտյան Քրդստանը, Բաղդադն ու արաբական Իրաքը։ 1512թ. սուլթան Սելիմ Ահեղը հարձակման անցնելով, նախաձեռնու­թյունը վերցրեց իր ձեռքը։ Կարճ ժամանակաընթացքում թուրքերը զավթեցին Հայաստանի հարավ-արևմտյան մի շարք նահանգներ ու գավառներ, այդ թվում Երզնկայի ու Կամախի շրջանները, Բարձր Հայքի ու Տուրուբերանի մի քանի գավառներ, Ծոփքն ու Մշո դաշտը։ Այդպիսով, Օսմանյան թուրքերը պատմության մեջ առաջին անգամ տիրացան հայկական հողերին։ Հաջորդ տարիներին պատ­երազմը շարունակվում է փոփոխակի հաջողություններով։

Պարբերաբար կրկնվող արշավանքները, կոտորածն ու գերեվարությունը և սրանց հաջորդող սովն ու մահտարաժամը ամայացնում էին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, ոչնչացնում արտադրողական ուժերը։

16-րդ դարի թուրք պատմագիր Փեչևին որպես ականատես նկարագրում է այն ավերածությունները, որ կատարեց օսմանյան բանակը Երևանի նահանգում, Նախիջևանում, Սյունիքում և Ղարաբաղում. «Նրանք Երևանում–գրում է Փեչևին,-շահի որդու և մի շարք անվանի խաների ու սուլթանների հոյակապ և գեղազարդ պալատները, պարտեզներն ու այգիները, հատկապես «Սուլթանական բաղ» անունով հատնի դրախտանման այգիները, բոլորը հրի մատնեցին, այրեցին ու հողին հավասարեցրին։ Այնուհետև մտան Ղարաբաղ կոչված երկիրը, որն իր լեռներով և հարուստ այգիներով շատ հայտնի մի գավառ է Աջեմի (Պարսկաստանի-Վ.Բ.) երկրում։ Անսպասելի կերպով երկիրը մի այնպիսի փոշով ծածկվեց, որ մարդը մարդուց չէր կարելի ջոկել, լուսավոր ցերեկը մութ գիշերվա վե­րածվեց։ Այս գավառի բնակչությունն այնպես էր ցրվել ու ոչնչաց­վել, որ մարդու հետք անգամ չերևաց։ Սակայն գտնվեցին որոշ տեղերում պահված և քարայրներում թաքցված գանձեր ու զանազան ապրանքներ։ Բանակն անսահման հարստություն ու ավար ձեռք բերեց, իսկ հարստությունների մի մասը, որ տանելու հնարավորու­թյուն չկար, կրակ տվին ու այրեցին»280։

Այս ամենին եթե ավելացնենք նաև ժամանակակից Հովհաննես Ծարեցու նկարագրությունը համատարած մահտարաժամի մասին, որ առաջացավ երկրում պատերազմի ժամանակ կամ հետագայում տեղի ունեցած նախճիրներից, ավերումներից ու ավարառումներից հետո281 պատկերը ամբողջական կլինի։

1552թ. Շահ-Թամազը արշավում է դեպի Արևմտյան Հայաստան։ Թուրքերի հակահարձակման հետևանքով Շահ-Թամազը հետ է նահանջում՝ իր հետ բռնագաղթեցնելով հազարավոր հայերի։ Տեղահանված հայերի մի մասը գերադասեցին ապաստանել համեմատաբար ապահով Ծարա իշխանության սահմաններում282

1555թ. պատերազմող կողմերը Ամասիայում հաշտություն կնքեցին։ Այսրկովկասը անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։

Հայ և այսրկովկասի մյուս ժողովուրդների ազատագրական պայքարի հետագա հնարավորությունները խափանելու նպատակով 16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական 3 միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղն բեկլարբեկությունները283։

Ամասիայի հաշտության պայմանագրից հետո Այսրկովկասով անցնող երկու տերությունների բաժանարար գիծը չէր բավարարում Թուրքիային և Պարսկաստանին։

1578թ. Պարսկաստանում գահին տիրացած Մուհամեդ Խուդաբանդայի դեմ պայքար սկսեցին կըզըլբաշ ընդդիմադիր ցեղապետերն ու ավագանին։ Քաղաքացիական պատերազմի ասպարեզ դարձան Խորասանի, Համադանի, Առանի և Ղարաբաղի երկրամասերը։

Ստեղծված խառնակ վիճակից օգտվելով Թուրքիան ծավալուն պատերազմական գործողություններ սկսեց Պարսկաստանի դեմ։

1578թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը մտնելով Այսրկովկաս, գրավեցին Շիրվանը։ Երկու տարի անց նրանք խուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։

Թուրքական մահաբեր Յաթաղանին ուղեկցում էր սովն ու մահտարաժամը։

Պատմիչի վկայությամբ մարդիկ սնունդ հայթհայթելիս այլևս չէին տարբերվում գազաններից։ Մարդիկ ուտում էին ինչ պատահեր, երբեմն էլ հարձակվում էին անպաշտպան անասունների վրա, միսը հում-հում ուտում։ Իսկ ուժասպառ եղածները փողոցներից հավաքում էին ոսկորները և բերանները առնելով մռնչում էին։ Հին տրեխները և կաշե փոկերը եփում ուտում էին։ Գարնան բացվելուն պես սևացած մաշկով մարդկանց հոտը թափառում էր դաշտերում՝ սնվելով վայրի խոտաբույսերով։ Մարդկանց մեծ մասը ուռչելով մահանում էր։ Տասնյակ դիակներ անթաղ մնացին։ Այս կամ այն գյու­ղերում քաղցից խելագար մարդիկ իրար միս էին ուտում։ Անթաղ դիակներ ուտելով՝ վայրենացել էին շները։ Գայլերի ոհմակները, մտնելով գյուղերը, խժռում էին անպաշտպան մարդկանց284։

Թուրքերը չբավարարվելով դրանով, մի քանի տարի անց Օս­ման Յուզդեմիր զորավարի գլխավորությամբ Ղրիմի թաթարները և հյուսիսային Կովկասի խառնամբոխ ցեղերը, անցնելով Կուր գետը, ասպատակեցին Գանձակը, Պարտավը, Ջրաբերդը, Խաչենը, Վարանդան, Դիզակը՝ մահ ու ավեր սփռելով մինչև Երասխ գետը285։ Այս ավառարությունից ժամանակավորապես փրկվեց միայն Արցախի Ծար գավառի բնակչությունը։ 1582թ. թուրքական մեկ այլ զորաբանակ, զավթելով Սևանա լճի ավազանի գավառները, մտան Ծար և տեղի բնակչությանը հալածեցին մինչև Գանձակ286։

1580–ական թվականներին թուրքերի անընդմեջ կրկնվող արշավանքների հետևանքով պարսիկները դուրս մղվեցին Հայաստանից, Վրաստանից և Ատրպատականից։ Օսմանցիները տիրացան Թավրիզ քաղաքին։ Այդ ժամանակ Սեֆևյանները իրենց իշխանությունը լիակատար կործանումից փրկելու համար նրանց ներկայացուցիչ և պարսից գահին տիրացած շահ Աբբասը (1587-1629թթ.), բանակցելով թուրքերի հետ, 1590թ. մարտին պարսիկների համար շատ թանկ գնով հաշտություն կնքեց։ Նրանք ստիպված եղան թուրքերին զիջել Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Ատրպատականը՝ Թավրիզ քաղաքով։

Հայ ժողովրդի համար ստեղծվեց առավել ծանր մղձավանջային վիճակ։ Առանձնապես ժողովրդի համար սոսկալի չարիք դարձավ մանկահավաքը։ Սուլթան Սուլեյման I-ը, իր ենիչերական զորամասերը համալրելու նպատակով, կարգադրեց երկուսից-հինգ տարեկան տղաներին հավաքել, առանձնացնել և զորանոցային պայմաններում նրանց վարժեցնել զինվորական գործին։

Նման պայմաններում հայ ժողովուրդը ընտրեց չարիքներից փոքրագույնը՝ փորձելով համագործակցել պարսիկների հետ և ազատվել թուրքական անագորյուն լծից։

Հայերից, վրացիներից, քրդերից ներկայացուցիչներ գնացին Շահ-Աբասի մոտ և նրան խնդրեցին, որ նա ազատագրի Հայաստանը, Վրաստանը, Ատրպատականը օսմանյան թուրքերի լծից։

Արցախից՝ Սարուխան բեկը և իր եղրայր Նազարը Ոսկանապատ գյուղից, Օղլան քեշիշը և իր եղրայր Ղալաբեկին՝ Հաթերքից, Ջալալ բեկն իր եղբոր որդիներով Խաչենից, մելիք Սուջումը՝ Դիզակից, մելիք Փաշիկը՝ Քոչեզ գյուղից, մելիք Բարան՝ Բրիտաս գյուղից, Մելիքսեթ եպիսկոպոսը՝ Վերին Զակամից՝ Մելիքզատա գյուղից, մելիք Հայկազը՝ Քշտաղսի գավառի Խանածախ գյուղից։ Իսկ Դիզակի գավառի չորս գյուղերի բնակիչներ միանգամից թողեցին իրենց բնակավայրերը և գնացին Պարսկաստան։ Շահը սրանց բնակեց­րեց Սպահան քաղաքում287։

Թուրքիայի դեմ պատերազմելու համար երկարատև նախապատրաստությունից հետո 1603թ. շահ Աբբասը անցավ Արաքսը և խանդավառ ընդունելություն գտավ մեծահարուստ Ջուղայի հայ խոջաների կողմից։ Արաքսի ափից մինչև խոջա-Խաչիկի ապարանքը փռված էին գորգեր։ Շահ Աբբասին հաջողվեց գրավել նաև Երևանի բերդը։ Թուրքերը կենտրոնացնելով իրենց ուժերը անցան հակահարձակման։ Շահ Աբբասը, վարելով այրված հողի տակտի­կան, հրամայում է իր զորքին հետ նահանջել, ամայացնելով թուրքերի հարձակման ուղղությամբ ընկած շրջանները, իսկ բնակչությանը քշել դեպի խորը թիկունք, թշնամուն զրկելով հանգրվանի և պաշար ձեռք բերելու հնարավորությունից։

Արարատյան դաշտավայրը դարձավ հարևան գավառներից հավաքագրված գաղթականության հավաքատեղի։ Բռնագաղթի ենթարկվեցին նաև Սևանա լճի ափամերձ շրջանները, այդ թվում նաև Ծարի բնակչության մի մասը։

Հայոց պատմության մեջ իր չափերով նախընթացը չունեցող այս ահռելի գաղթաշարժը կործանարար եղավ հայ ժողովրդի համար։ Պարսկաստանի խորքերը քշվեցին շուրջ 300 հազար հայեր։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639թ.։ Այն ավարտվում է Կոստանդնուպոլսում կնքված հաշ­տությամբ։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արշարունիքի մի մասը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Չնայած Շահ Աբբասը և նրա հաջորդները հայության նկատմամբ կատարեցին դաժանություններ, բայց և այնպես Իրանի խորամանկ տիրակալը, լավ ծանոթ լինելով հայ զինվորների քաջու­թյանը, փորձեց Արցախի մելիքների ուժը օգտագործել թուրքիայի ծավալապաշտության դեմ։ Այդ նպատակով նա խրախուսեց մելի­քական կարգը, օրինականացրեց նրանց իրավունքներն ու պար­տականությունները։

Առանձին ծառայությունների համար շահերը մելիքներին գյուղեր էին նվիրում, նրանց իրավունք էր վերապահվում պահել մշտական զորք։ Մելիքները պարտավոր էին պաշտպանել երկրի սահմանները, շահին հարկեր վճարել, մասնակցել նրա արշավանքներին։

Չնայած Արցախի մելիքությունները պարսից տերության կազ­մում օգտվում էին միայն ներքին ինքնավարության կարգավիճակից, բայց և այնպես հայկական այդ մանր իշխանությունների տե­րերի ճկունության, քաջության և անձնական բազմաթիվ այլ բարե­մասնությունների շնորհիվ դարձան հայության ինքնության պահ­պանման երաշխիք, նպաստեցին հայկական ինքնատիպ մշակույթի զարգացմանը և դարձան ապագա ազատագրական պայքարի գաղափարախոսներն ու առաջնորդները։

Արցախի մելիքների մի մասը իրենց անձնական կապերի շնոր­հիվ մեծ հեղինակություն ունեին պարսից արքունիքում։

Աղբյուրների վկայությամբ Գեղարքունիքի տեր մելիք-Շահնազար Ա-ն (1570-ական թվականներ-1606թ.) վայելել է պարսից ար­քունիքի հովանավորությունը։

Մելիք-Շահնազար Ա-ին հաջողվեց իր որդու՝ Յավրի բեկի հետ միասին թուրք ասպատակիչներին հալածել Գեղարքունիքից։

Այդ ծառայության համար Շահ-Աբբասը հրովարտակով վավե­րացրեց սերնդե-սերունդ իրենց գավառում իշխելու Մելիք-Շահնազարյանների մելիքական իրավունքը288։

1606թ. շահ Աբբասը դեպի Թիֆլիս կատարած ռազմերթից վերադառնալու ժամանակ Մազրայում հյուրընկալվեց Մելիք-Շահնազար Ա-ի որդիներ Յավրի և Քամալ բեկերին։ Վերջիններիս շահը թանկագին նվերներով պատվեց, դաստակերտեր ու գյուղեր տվեց և թագավորական կնիքով հաստատեց նրանց իրավունքները Գեղարքունիքի վրա289։

Շահի արքունիքում մեծ հեղինակություն ուներ նաև Քաշաթաղ գավառի մելիք-Հայկազը290, որի ապարանքը առայսօր պահպանվում է Աղավնագետի հովտի գյուղերից մեկում նախկին Լաչինի շրջանի Սուլթանքյանդում։ «Իբրև խոշոր կալվածատերեր և արևե­լյան վասալներ՝ մելիքները մեծ հարստություն էին դիզում և ապրում էին ճոխության մեջ, հետևելով, իհարկե, պարսկական ճաշակին և բարձրաստիճան ավագանու նիստ ու կացին, բայց մնալով միաժամանակ կատարյալ ժողովրդական մարդիկ, ժողովրդի մեջ ապրող և ժողովրդի հետ շփվող՝ առօրյա կյանքի բոլոր մանրամասնությունների մեջ։ Նրանք ունեին շատ խոշոր տնտեսություն և ծառաների հոծ բազմություն»291։

Երկրամասի անդորրը պահպանելու համար Արցախի մելիքները լեռնային անմատչելի ծերպերում ժամանակի ընթացքում կառու­ցել էին տասնյակ ամրոցներ, որոնք բազմիցս դիմակայել են ահարկու թշնամու գերազանցող ուժերին։

Շահ-Աբբասը մի կողմից խրախուսելով Արցախի մելիքներին և մյուս կողմից էլ նրանց միասնության մեջ վտանգ տեսնելով, հետագա բարդություններից խուսափելու նպատակով Պարսկաստանի խորքերից քրդական ցեղեր տեղափոխեց և բնակեցրեց Սյունիքի ու Արցախի մելիքությունների միջև՝ Արաքսի ափից մինչև Մռովի փե­շերը։ Այդ ժամանակներում տեղի էին ունենում նաև լեզվական ներ­թափանցումներ։ Եվ այսպես էր, որ Արցախի Բերդաձոր գավառը դարձավ Լաչին, Քարվաճառը՝ Քելբաջար, Ծարը՝ Զառի, Լեռնաբերդը՝ Լևի, Մոզը՝ Մոզքյանդի, Ջերմաջուրը՝ Իստիսու և այլն։

Տնվորի կեցվածքով եկվորները անմիջապես չկարողացան տեր դառնալ հայկական երկրամասին։ Դրա մասին է վկայում Քարավաճառի(Քելբաջարի) և Քաշաթաղի(Լաչին) շրջաններում ներկայումս պահպանվող 17-18-րդ դարերում կառուցված եկեղեցիների, մատուռների մնացորդները։

Չնայած դժնդակ ժամանակներին, Արցախի մելիքական տնե­րը, ապավինած լեռնաստանի անմատչելի բարձունքներին, չնայած տկար, բայց և այնպես շարունակեցին պահպանել հայկական պե­տականության բեկորները։ 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի սկզբների Արցախի մելիքությունների պատմության վերաբերյալ գրավոր սակավ տեղեկություններ են պահպանվել։ Դրան հակառակ՝ պահպանված եկեղեցիների, խաչքարերի, հասարակական նշանակության կառույցների՝ կամուրջների, աղբյուրների վիմագրերը լույս են սփռում վերոհիշյալ ժամանակաշրջանի պատմության մութ կողմերի վրա։

Վավերագրերից ու վիմագրերից հայտնի են այդ շրջանի մի շարք մելիքների անունները։ Սոդքի մելիք Քամալին հաջորդել է նրա ավագ որդի Աստվածապովը։ Սրան էլ հաջորդել է իր որդի Մելիք-բեկը՝ հիշատակված մինչև դարի 17-րդ դարի 70–ական թվականների վերջը, որին էլ փո­խարինել է Շահնազար Բ-ն292։

Սրանց հետ միասին հիշվում են մելիքների Ծարա ճյուղի այլ ներկայացուցիչներ՝ Ջհանգիր բեկը (հիշ. 1676 թ.)293, Մելիք Սիրզախանը (հիշ. - 1684թ.294 - 1701թ.)295,

Մելիք Բեկը (հիշ.-1717թ.)296։

Այդ շրջանից մեզ հասած հիշատակարաններից մեկում Ծարը ներկայացվում է Փոքր Սյունիք ձևով297, որտեղ մինչև 18-րդ դարի 30-ական թվականները բնակվում էին բացառապես հայեր։ Ընդ­հուպ մինչև 18-րդ դարի առաջին քառորդի վերջերը, շրջանի (ներկայիս Քարավաճառի) տարածքում գոյություն են ունեցել շուրջ 140 մեծ ու փոքր գյուղեր298։ Արցախահայության խռովահույզ կյանքը բեկբեկումներով հասավ 18-րդ դարի սկզբների ազատագրական պայքարի շրջանը։
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳՈՐՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ

18-րդ դարի սկզբներին չնայած ստեղծված քաղաքական ծանր իրավիճակին, հաջորդ տասնամյակներում հայ մելիքները դարձան ազգային ազատագրական շարժման դրոշակակիրներ։

Հարկ է նշել, որ այս ժամանակներում պարսից տերությունը խարխլվում էր ներքին երկպառակություններից ու աֆղանների հետ ձգձգվող պատերազմներից։ Այս պայմաններում Արցախի մելիքների իրավա-քաղաքական կարգավիճակը ավելի բարձրացավ, մեծացավ նրանց ինքնուրույնությունը։ Մելիքները հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, որը նպաստեց Արցախի հայ բնակ­չության տնտեսական վիճակի բարելավմանը։

Մյուս կողմից Պարսկաստանի դարավոր թշնամին՝ Թուրքիան, նրան առավել հյուծելու նպատակով հրահրում էր Դաղստանի ավարառու լեռնականներին, որոնք էլ մշտապես ահ ու սարսափի մեջ էին պահում Իրանի հյուսիսային նահանգների բնակիչներին։ Առավել շատ տուժում էր հայությունը։

Լեզգիների ավերիչ արշավանքների մասին հետաքրքիր տեղե­կություններ են պահպանվել. «Խոթայ վանքը (Դադի վանք-Վ.Բ) շատ զարմանալի շէն և հարուստ է եղել, բայց անիրավ լեզգիքը թափուրղա արին։ Դրանք աներեսի պէս՝ հենց որ կամ աղն էր պակաս լինում կամ մաղը, վազում էին մեր պապերի մօտ և նստում ամիսներով, ամեն ինչ պահանջում առօք փառօք վայելում։ Վերջը՝ որ յուրսահատում են, դրանց ձեռից ազատվելու համար, խորհուրդ են անում հայ իշխաններն ու մեծերը, այդտեղ լինում է ամբողջ Ջրաբերդին յայտնի Սիպտակ երեցը, որ նրանց երկար խօսք ու զրույցը կտրում է հետեւեալով.– ամենից լաւ հնարն է, վեր կացէք գիշեր ժամանակ ձեր տներում քնոտած շուն-լէզգիներին կոտորեցէք, որ միանգամ աչքները վախենայ, մեր երկիրը ոտք չկոխեն։ Այս պատուէրը իսկութեամբ կատարեց մեծ մասը, բացի մի քանի վախկոտներից։ Լէզգիներին կոտորելու լուրը հասաւ Դաղստան, անթիւ անհամար լէզգիք թափուեցին Խոթայ վանքի մօտերը, ժողովուրդն իւր ընտանիքն առած խոր ծմակներն ապաւինեց, իսկ նրանց թողած տներն ու իրերը կրակի բոցերին մատնուեց»299։

Պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքների առաջն առնե­լու նպատակով անջատ-անջատ գործող Արցախի մելիքները, ապավինած իրենց անառիկ բերդերին, ստեղծեցին զինական միաս­նություն, որը պատմությանը հայտնի է սղնախներ անունով։ «Սըղնախ»-«սըղմախ» թուրքական բառ է, որ նշանակում է «սեղմել» «ամրացնել»։ Ռուսական վավերագրերում «սղնախի» փոխարեն գործ էր ածվում «армянское собрание», որը պետք է թարգմանվի «հայկական հավաքատեղի կամ հավաքույթ»։ Զենքի վարպետներն օգտագործում էին տեղում եղած երկաթի, պղնձի, արճճի, արծաթի հանքերը, վառոդ պատրաստելու պարագաները՝ աղբորակ և ծծումբ։ Բազմաքանակ էր նաև սղնախականների զինական ուժը։ Կարիքի դեպքում հայ զորքերի և զինապարտների թվաքանակը մի քանի հազարից երբեմն հասնում էր երեք չորս տասնյակ հազարի, իրենց շարքերում հաշվելով 30 հազար ձիավոր և 10 հազար հետևակ300։

1722թ. գարունը բացվելուն պես Դաղստանի լեռնականների մե­ծաքանակ զորքերը անցնելով Ճորա Պահակը ավերեցին վաճառաշահ Շամախի քաղաքը ու հայտնվեցին Արցախում301։ Այս անգամ լեզգիների առաջ երկիրը անպաշտպան ու անպատրաստ չէր։ Լեռներում ամրացած կանոնավոր և վարժված զորքը Ջրաբերդի շրջակայքում արժանի հակահարված հասցրեց թշնամուն։

Դրա մասին է վկայում նաև Ղարաբաղի չորս մելիքների նամակը Պետրոս Մեծին «Մեկ տարի է, որ երկիրս Աղուանից գերի է ձեռըս լազգոց, նոքայ կոտորէյին և եսիրն տանէյին, ես մնացածն տեղոյս բռնակալաց թուրքերն այրելով, խորովելով հարկս բահանջէին ամէնն թախտու թալան յափշտակեյին։ Եվ մերումս անճար մնալով ծեռս տվաք միմեանց, ես ծառայից ծառայ Եսայիս և այր ոմն Շրվան անուն, ևս Սարգիս անուն, որ այս երկուքս ի Չարայպերթու (Ջրաբերդ) են, ես Եսայի Պարտայու և մելիք Յովսէփ ի գանճայու, միմեանց ծեռ արկաք Ժ (10) և ԺԲՌ(12000) մարդ ժողովեցանք, պատերազմ մտանք կամ թե լազկոյ հետ կամ թէ տանս Աղուանից թուրքաց հետ. ամուր ծայրս քարանց սըղնաղ կապեցինք ի մեծի թագաւորիդ սուրդ աղօթիւն շատ կոտորումն և յաղթութիւն եմք առեալ ի վերայ թուրքաց…»302։

Վերոհիշյալ չորս մելիքների ներկայացրած զինվորականությու­նը կենտրոնացված էր Ջրաբերդ և Գյուլիստան գավառներում, Մռովի ստորոտում։ Այն հայտնի է նաև Մեծ սղնախ անունով։ Ի սկզբանե Մեծ սղնախի զինվորականության ղեկավարն ու ոգեշնչողը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Հայոց զորքի մի մասը տեղակայված էր Քիրսի ստորոտում՝ Վարանդայի Ավետարանոց և Սղնախ գյուղերի տարածքում, ինչպես նաև ներկայիս Շուշի քաղաքի շրջակայքում։ Մինչև այժմ էլ Շուշիի հարավ­-արևելյան հանդիպակած ձորի անմատչելի ծերպերում պահպանվում են պաշտպանական կառույցների մնացորդները։ Փոքր սղնախը գլխավորում էր Ավան հարյուրապետը, որը մինչև 1717թ. Շամախու խանական զորքերի մեջ ծառայող հայ զինվորականներից էր։

Դրանցից բացի դեպի լեռնային երկրամասի խորքերը տանող հանգույցակետերում դեռևս վաղ միջնադարից գոյություն ունեցող բերդամրոցներն ու պատնեշները վերանորոգվում և կառուցվում էին նորերը։ Այդ տեղերում նույնպես ստեղծվում են սղնախներ։ Փաստորեն Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Սղնախի և Շուշիի սղնախներից բացի սղնախներ են եղել նաև Բադարա գյուղի մոտակայքում, Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքում՝ Քոչիզում, Տող և Տումի գյուղերում։ Արցախի տարբեր գավառներում, այդ թվում Ծարում ստեղծվում են նաև տեղական բնույթի մանր զորակայաններ։

Հայոց զորքերի կողմից ջախջախված ավարառու լեռնականնե­րը նահանջեցին դեպի Կուրի ձախափնյակը և այլևս չհամարձակվեցին երևալ Ղարաբաղի կողմերում։

Անարգ թշնամու դեմ միակամ էին դարձել լեռնաստանի մելիք­ներն ու սոցիալական մյուս խավերը։ Մինչև անգամ մի խոսքի եկան Գանձասարի Եսայի կաթողիկոսն ու նրան թշնամի Երից Մանկանց վանքի հակաաթոռ կաթողիկոս Ներսեսը[10]։

Հյուսիսային լեռնականների դեմ ինքնապաշտպանության գոր­ծը տարերայնորեն վեր է ածվում պարսկական իշխանության դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական շարժման։ Այդ շարժման ղե­կավարները ժամանակին այս երևույթի մեջ նշմարում էին հայոց ազգային հանգած իշխանության «նոր նորոգում»303։

Հայկական ինքնավարության տեղական մարմիններն իրենց ու­ժերը լարում էին լեռնահայաստանում պարսկական իշխանության մնացուկները վերացնելու համար։ 1722թ. Գյուլիստանի, Ջրաբերդի և Գանձակի հայ զինված ուժերը ջանքեր էին գործ դնում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի մատույցները և փակելու Գանձակի ու Թիֆլիսի ճանապարհները պարսիկ և նրանց հարող այն խաների առաջ, որոնք հարկեր էին պահանջում նրանցից կամ հարկահանու­թյան պատրվակով ավերում ու թալանում էին հայկական գյուղերը։ Նման զինաբախումներ տեղի էին ունենում նաև հարևան շրջաննե­րում։ 1723թ. հոկտեմբերին Դիզակի մահալում (Հադրութի մոտ), հայկական զինված ջոկատները խանական հեծյալների հետ ունե­ցան զինաբախում, որի ժամանակ վերջիններս կորցրին 2000 մարդ304։

Արցախահայությունը ոչ միայն թոթափում է պարսկական լուծը, այլև Ավան հարյուրապետի գլխավորությամբ 1724թ. օգնության հասավ Սյունիքի ծանր մարտերում խիզախող Դավիթ-Բեկի զոր­քերին։ Սղնախների զորքի Ղափան գնալը տեղի է ունեցել արտակարգ իրադրության մեջ։ Ղափանից գրություն է ստացվել, որ Բարգուշատի սուլթանը և Նախիջևանի պարսիկ խանը՝ Պարսկաստանի դրածո ֆեոդալները, հարձակվել են Սյունիքի վրա, չորս-հինգ հազար տղամարդ կոտորել և կանայք գերի տարել305։ Համատեղ ուժերով թշնամուն հալածում են Սյունիքից։ Արցախի հայկական ինքնավարության տեղական մարմինների ազատագրական ոգորումները համընկան Պետրոս Մեծի հայտնի Կասպիական արշավանքի հետ։ Ռուսաստանը հետամուտ էր իրանական մետաքսի ամբողջ արտահանությունը Թուրքիայի ցամա­քային ճանապարհներից շրջելու Դնեպրի, Կասպից ծովի և Վոլգայի ջրուղին և գրավելու Պարսկաստանի ծովափնյա նահանգները։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր դարձավ, երբ Հյուսիսային պատերազմը մոտեցավ իր ավարտին։ Այս բանը դարձավ հրամայական, քանի որ օսմանյան Թուրքիան, օգտագործելով Իրանի ծանր դրությունը, իրեն հայտարարում էր Այսրկովկասի և Ատրպատականի «օրինավոր ժառանգորդը», սպառնալով զինակալել Սեֆյանների տիրազրկված երկրամասերը։

Այսպես նախորդ փուլերում սկզբնավորված և ամրապնդված հայ-վրաց-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը դիվանագի­տական ոլորտից անցավ կոնկրետ գործողությունների ասպարեզ, նպատակ ունենալով Այսրկովկասն ազատել Պարսկաստանի, ապա Թուրքիայի տիրապետությունից և Ռուսաստանի հովանավորության տակ ստեղծել հայ-վրացական միացյալ պետություն։

Համաձայն Պետրոս Մեծի հանձնարարականի հայ-վրացական միացյալ ուժերը ռուսների հետ հանդիպելու էին Շիրվանում, ուր շարժվում էին ռուսական զորքն ու նավատորմիղը։ Հայ և վրաց ռազ­մական ուժերի հանդիպումը տեղի ունեցավ Գանձակի մոտ՝ Չոլակ գյուղում 1722թ. սեպտեմբերի 22-ին։ Հայկական 10 հազարանոց ընտիր զորքին գլխավորում էին Եսայի կաթողիկոսը և Ավան, Շրվան, Շահնի ու Սարուխան հարյուրապետերը։ Եսայի կաթողիկոսը հայտարարեց, որ հայերը իրենց հոգիները, զավակներին և ունեցվածքը ի սպաս են դնում սկսած գործին306։ Բայց ռուսական ու վրաց-հայկական զորքերի նախատեսված հանդիպումն ու միավորումը չիրականացավ։ Մի կողմից միջազգային դրության լարվածության ուժեղացումը, մյուս կողմից ռուսական նավերի խորտակվելն ու վնասվելը, պարենի ու զինամթերքի հսկայական կորուստը, հիվանդություններն ու մարդկային զոհերը դժվարացրին արշավանքի ողջ ծրագրի կենսագործումը։

Այսրկովկասում դեպքերը զարգացան ի վնաս հայ-վրացական զինակցության։ Շահը Վաղթանգ 6-ին զրկեց Քարթլիի Վալիի և զորահրամանատարի­ պաշտոնից ու մեղադրեց «դավաճանության» մեջ։ Նրա փոխարեն շահը իրեն դրածո էր դարձրել Կախեթի թագավոր Կոստանդինին, որն ընդունել էր մահմեդականությունը(Մահմուդ-Ղուլի անունով) հայտարարվել նաև Երևանի, Գանձակի ու Ղարաբաղի բեկլարբեկ և հրաման ստացել՝ պարսից զորքով գնալ Վախթանգի դեմ ու գրավել Թբիլիսին։ Թողնելով Վրաստանի մայրաքաղաքը, Վախթանգը ստիպված եղավ անցնել Ռուսաստան։

Արտաքին աշխարհից մեկուսացված հայ զինվորականությունը միայնակ կանգնեց պարսիկների, թուրքերի և լեզգիների դեմ։ Սակայն, այս վիճակում իսկ, լիակատար հուսահատության չմատնվելով, սղնախականները լարում էին իրենց ամբողջ կարողություննե­րը՝ երկրի ինքնապաշտպանությունն ապահովելու համար։

Ստանձնելով այսքան բացառիկ մի դեր, հայ զինվորականու­թյունը դառնում է երկրի գերագույն տերն ու տնօրենը, կենտրոնացնում­ իր ամբողջ իշխանությունը, և այնուհետև բանակցություններն ու դիմումներն առանձին անհատների անունից չէին վարվում, այլ հայոց սղնախների անունից։ Ամեն տեղ բորբոքվեց տեղային մանր, լեռնական պատերազմը։

1723 թվականին Արցախի սղնախականների համար սկսվեց փորձության մի նոր շրջան։ Այս անգամ լեռնաստանի հայությանը վիճակված էր դիմակայելու ավելի վայրագ ու ահեղ թշնամու՝ թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Թբիլիսին գրավելուց հետո 1723թ. հոկտեմբերին թուրքական 80 հազարանոց զորքը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ շարժվե­ցին դեպի Գանձակ։ Քաղաքի պաշտպանությանը մասնակցում էին նաև սղնախների մարտական ուժերի մի մասը։ Թուրքական զորքը պարտություն կրեց և նահանջեց, Գանձակի պատերի տակ ­ թողնելով հազարավոր սպանվածներ։ Դեռ ավելին, հայ զինվորականու­թյան պահանջով Իբրահիմ փաշան ազատ արձակեց քաղաքի շրջակա գյուղերից գերեվարված հայերին։ Ականատես լինելով հայ­կական բանակի մարտունակությանը, Իբրահիմ փաշան Ավան հարյուրապետին հակապարսկական և հակառուսական ճակատ ստեղծելու առաջարկություն արեց։ Հայերը մերժեցին։ Իր հերթին Պետրոս Մեծը հակաթուրքական ճակատ ստեղծելու և սղնախների հետագա անելիքները պարզելու նպատակով Այսրկովկաս է ուղարկում դեսպանորդ Իվան Կարապետին։ Նույն թվականի դեկտեմբերի վերջին Իվան Կարապետը հասնում է Ղարաբաղ, իր հետ բերելով Պետրոս Մեծի հրովարտակը։

Հուշագրում նշվում է, որ Պետրոսը հայերին վերցնում է իր պաշտպանության տակ, հուսադրում, որ կօգնի նրանց ազատվելու, սակայն մինչ այդ Ռուսաստանը պետք է ամրապնդի իր դիրքերը մերձկասպյան շրջաններում և նախապատրաստվի Հայաստանին օգնելու՝ համալրելով Գիլանում, Բաքվում ամրացված զորամասե­րը։ Հայերին կոչ է արվում չթուլացնել իրենց դիմադրությունը, իսկ մեծ վտանգի դեպքում տեղափոխվել և բնակվել ռուսաց կողմից նոր նվաճված Կասպիականի ափերին307։

Ըստ էության Պյոտրի խոստումները անորոշ էին։ Դեռ ավելին 1724թ. հուլիսի 12-ին Կ.Պոլսում ռուսական դեսպան Նեպլյուևը Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն թուրքերը ճանաչեցին Ռուսաստանի տիրապետությունը՝ Դերբենդից մինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում։ Փո­խադարձաբար ռուսները ճանաչեցին թուրքերի իրավունքները Իրանի այսրկովկասյան տիրույթների նկատմամբ, ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը, ինչպես նաև նրանց տիրապետությունը Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս և Թավրիզ-Քերմանշահ գծից դեպի արևմուտք ընկած իրանական հողերի վրա308։

Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրով չէր կարելի միջամտել կողմերի գրաված երկրամասերի գործերին, ուստի ռու­սական արքունիքը պարբերաբար խուսափողական պատասխաններ էր տալիս օգնություն խնդրող հայերի նամակներին, միաժամանակ զգուշացնելով վրաց և հայ գործիչներին՝ չգրգռել թուրքերին։ Սղնախների ղեկավարները ոչ միայն մերժեցին արտագաղթի ծրագիրը, այլև լարեցին իրենց վերջին ուժերը թշնամուն դիմադրելու համար։

Ստեղծված պայմաններում սղնախների առաջնորդները, շարունակելով բանակցությունները ռուսական իշխանությունների հետ, միաժամանակ դաշնակիցներ էին որոնում մոտալուտ ժամանակներում թուրքական ագրեսիան կանխելու համար։ Դիվանագի­տական այդ պրպտումները նախապատրաստեց իրանական իշ­խանությունների, իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու մահմեդական ֆեոդալների և հայկական սղնախների միջև 1724թ. մար­տի 24-ի Գանձակի պայմանագրի կնքումը։ Հայկական կողմից պայմանագրի տակ ստորագրեցին Գանձասարի Եսայի կաթողիկո­սը, Երից Մանկանց Ներսես կաթողիկոսը, Ավան, Միրզա, Թար­խան, Բաղի, Մարգիս, Աբրահամ հարյուրապետերը և Թամրազ, Բաղի, Գրիգոր, Եգան և Դանիել մելիքները։ Վերջիններս պարտավորվում էին հրաժարվել Գանձակի շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից և խոստանում օգնության գալ քաղաքի ազգաբնակչությանը՝ թուրքերի կամ լեզգիների կողմից հարձակում լինելու դեպքում։ Գանձակի կառավարիչները փոխադարձաբար խոստանում էին՝ մեղապարտ ճանաչել ու պատժել ղաջարներին կամ քաղաքացիներին, եթե նրանք փորձեն կողոպտել սղնախներին ու Ղարաբաղի քրիստոնյաներին կամ օգնության չգան նրանց թուրքերից և եզդիներից պաշտպանելու համար։ Գանձակի մուսուլմաններն ու Ղարաբաղի սղնախականները 1725թ. 200 հոգուց բաղկացած պատվիրակություն են հղում շահ Թահմազի մոտ՝ տեղեկացնելու ստորագրված պայմանագրի մասին։ Շահի մոտ պատվիրակություն գնաց նաև Դավիթ-Բեկի ղեկավարությամբ թուրքերի դեմ պայքարող ղափանցիների կողմից։ Պատվիրակները վերադարձան Ղարաբաղի և Ղափանի սղնախների ղեկավարներին շահի հղած խալաթներով։

Այսպիսով, Գանձակի պայմանագրի ստորագրումից հետո, հայերի դիմադրական պայքարը շրջվելով թուրքական հարձակումնե­րի դեմ՝ ժամանակավորապես կորցնում է իր հակաիրանական բնույթը։ 1724թ. Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո թուրքական հրամանատարության առաջնահերթ խնդիրն էր՝ վերացնել Ռուսաստանի և Թուրքիայի արանքում գոյություն ունեցող հայկական սեպը։ Այդ խնդիրը լուծելու համար 1724թ. հունիսին թուրքական զորքը Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտը, այնուհետև գրավեցին Նախիջևանն ու Օրդուբադը, ապա թափանցեցին Գողթն, իսկ հարավում նվաճեցին Համադանը։ Չորս կողմից աքցանի մեջ առվեց Երևանը։ Չնայած քաղաքի հերոսական պաշտպանությանը, սեպտեմրերի 26-ին պաշար­ված Երևանը անձնատուր եղավ։ Երևանի անկումից հետո թուրքական բանակը առաջ շարժվեց և գրավեց Թբիլիսին, Ղազախը, Լո­ռին և մոտեցավ Գանձակին։

Երևանը գրաված թուրքական հրամանատարությունը հարկադրեց Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսին՝ նամակ գրել Գանձասարի Եսայի կաթողիկոսին և խորհուրդ տալ նրան, որ նա համոզի Արցախի մելիքներին՝ պատգմավորներ ուղարկել թուրքական հրամանատարության մոտ և իրենց հպատակությունը հայտնել, այլապես նա սպառնում է մտնել Ղարաբաղ և կոտորել հայերին։

Ղարարաղի քաղաքական շրջանները որոշել էին մինչև վերջ կռվել թուրքական բանակի դեմ, ուստի և մերժեցին թուրքերի առաջարկը։ Թուրքական 4700 հոգուց բաղկացած զորքը Շահին, Սալահ և Ալի փաշաների գլխավորությամբ Գանձակի կողմերից մտան Վարանդա, տեղավորվելով գավառի 33 գյուղերում։ Տեղացիները զգալով, որ չեն կարող դիմադրել թվով գերակշռող թշնամուն, առերես ընդունեցին նրանց հպատակությունը և կեր ու խումից հետո Դիզակի մելիք Եգանի և Վարանդայի մելիքի աղջկա Գայանեի գլխավորությամբ, մի գիշերվա մեջ նախօրոք դրված պայմանով կոտորում են թուրքերին։ Գայանեն անձամբ ղեկավարում է գործողությունը Ավետարանոցում և ինքն էլ սպանում է իրեն հետապնդող Սուլեյման բեկին։ Եսայի Հասան-Ջալալյանի տեղեկությունների համաձայն միայն 150 ասկյարի հաջողվեց փախչել։ Ղարարաղցիները ազատեցին 200 գերիների և իրենց հերթին գերեցին Սալահ փաշային։

Թուրքերի դեմ մղվող պայքարում Արցախի հայության անկոտրում կամքի մասին է վկայում նաև Մարտիրոս եպիսկոպոսի 1726թ. հունվարին Դերբենդի պարետին ուղղված հետևյալ տեղեկությունը. «Թուրքական փաշան Գանձակից գրել է Սղնախների հայերին, որպեսզի նրանք ուղարկեն 5 տարվա հարկը, առաջարկելով՝ եթե դրամը ձեզ մոտ պատրաստ է, ուղարկեցեք, իսկ եթե պատրաստ չէ, ապա հաճեցեք պատրաստել բոլոր տարիների համար։ Իսկ եթե չու­ղարկեք, այն ժամանակ մենք կգանք և ուժով ձեզանից կվերցնենք։ Եվ նրանք՝ Սղնախների հայերը պատասխանել են նրան թե՝ մեզ մոտ դրամ չկա, բայց միայն ամեն մի մարդու մոտ մի հրացան է և մի սուր. եթե ցանկանում եք գալ եկե՛ք, մենք աստծու օգնությամբ պատրաստ ենք ձեզ դիմավորելու և ձեզանից չենք վախենում»309։

Սղնախականները շարունակում էին կռվել թուրքերի դեմ, միաժամանակ Եսայի կաթողիկոսն ու մելիքները, զորապետերն ու ռու­սաց արքունիքի բանագնացներն անդադար նամակներ էին հղում ցարին ու նրա ազդեցիկ ներկայացուցիչներին՝ խնդրելով նրա խոս­տացած օգնությունն ու հովանավորությունը։ Հյուսիսից ակնկալվող օգնությանը հետամուտ լեռնաստանի զինավառ հայությունը մինչև վերջ վճռականորեն էր լցված հայրենիքի սահմանները անխաթար պահելու գործում։ Այս մասին Իվան Կարապետը հայտնում է կանցլեր Գ.Ի.Գոլովինին. «Էսպես կռվարար խալղ, որ էստեղ կայ, ո՛չ ինչ դեղ չկայ։ Ղզլպաշի երկրում (այսինքն՝ պարսկահպատակ Հայաստանում) էսօր ԺԲՌ(12000) մարդ ձիով ողջ չախմախով թուֆանկ, ողջ թուրով հազիր են։ ՈՒ առանց ձիով էլ յենչաք, որ աստուած ախպար ու ողջին էլ թուֆանկ կայ։ Ամեն օր Ժ(10) թուֆանկ այ շինում ու չախմախայ շինում։ Էստեղ բան ան գտել արջիջի, էրկաթի ու պղնձի․․․»310։

Դաժան մարտերը թուրքական բանակի դեմ շարունակվեց ամ­բողջ 1726թ. ընթացքում։ 1726թ. հունիսի 15-ի նամակով Եսայի կաթո­ղիկոսը, Ի.Կարապետը, Ավան, Աբրահամ, Թարխան և մյուս յուզբաշիները Վանխթանգ 6-ին հայտնում են, որ հունիսի 10-ին Գանձակից թուրքական զորքը Խաչենի վրա է հարձակվել, ավերել Ղազանչի, Ղապրթու, Չանկաթաղ գյուղերը, թալանել ու գերեվարել բնակչու­թյանը, բայց սղնախից գնացած հայկական զորքերը վրա են հասել, կոտորել թշնամուն, ազատել գերիներին ու վերադարձրել ավարը311։

1726թ. օգոստոսի 1-ին գեներալ Լևաշովը հայտնում է, որ սղ­նախների հայերը ետ են շպրտել թուրքական մեծ ուժերի չորս խո­շոր հարձակումները և մինչև այժմ էլ համառորեն կռվում են312։

Հերթական ճակատամարտերից մեկի մասին հետաքրքրական տեղեկություն է պարունակում 1726թ. նոյեմբերի 15-ին Ավան և Օհան հարյուրապետերի արքունիքին հղած մի գրություն։ Այս հարյուրապետերը, առանց ամսաթիվը նշելու հայտնում են, որ մի նոր կռիվ է եղել իրենց բերդի մոտ և նրանք կոտորել են թուրքերից 800 հոգի, որոնց թվում երկու հրամանատարների։

Թուրքերը, ծանր հակահարված ստանալով, հետ են դարձել Գանձակ313։ Այս կռվի մասին ռուսաց արքունիքին մանրամասն տե­ղեկություն է հաղորդել Իվան Կարապետը։ Ըստ պատվիրակի տե­ղեկության, օսմանյան 40 հազարանոց բանակը լեզգիների օժանդակ ուժերի հետ միասին Սարը Մուստաֆա փաշայի գլխավորու­թյամբ 1726թ. աշնանը խորացել էր Ղարաբաղի մեջ։ Առաջին ճակատամարտը տեղի է ունեցել Շուշի բերդի շրջակայքում։ Թուրքական բանակի ճնշման տակ հայ զինվորականությունը Ավան հարյուրապետի գլխավորությամբ ամրացան շրջակա բերդերում։ Ներ­քին Սղնախների բնակչությունը պատսպարվում է Վերին Սղնախ­ներում։ Այնուհետև պատերազմական գործողությունների թատե­րաբեմը տեղափոխվեց Սիմեոն և Օհան հարյուրապետերի սղնախ­ների շրջակայքը։ Չորս օրվա համառ մարտերից հետո հայերը հաղ­թանակի հասան։ Այս կռվում սպանվեցին թուրքական բանակի երկու հրամանատարներ։ Ղրխչեշմե աղասին և Ենկիչար աղասին, իսկ Սարը Մուստաֆա փաշան փախուստի է դիմել314։

Հայ-թուրքական պատերազմը օրեցօր դառնում է ավելի կատաղի ու անխնա։ Արյունահեղ կռիվները, ինչպես գրում էր Մինաս վարդապետը, տեղի էին ունենում համարյա ամեն օր315։ Ուշագրավ է գեներալ Դոլգորուկովի 1727թ. մայիսի 11-ին իր կառավարությանը հայտնած այն զարմանքը, թե ինչպես են հայերը դիմանում ստեղծված դրությանը. «Միայն աստված էր պահպանում հայերին, թե չէ՝ մարդկային խելքից բարձր է հասկանալ, թե դեռ ինչպես են նրանք պահվում այդքան զորեղ թշնամու առաջ»316։ Այնուհետև ռուս գեներալը 1727թ. հուլիսի 26-ին գրում է. «Երրորդ օրն է, որ Սղ­նախներից այստեղ է եկել հայ Հակոբը, նամակով, որ ուղարկել են ինձ Ներսես կաթողիկոսը, Աբրահամը, Սարգիսը, Ներսեսը և Պետրոսը։ Նամակի մեջ նրանք գրում են ինձ, որ աստծո օգնությամբ, մեծ թվով թուրքեր են ջարդել, որի համար ես առաջիկայում ևս ամեն տեսակ բարիքներ եմ աստծուց մաղթում նրանց…»317։ Արցախի հարավային սահմաններում անհաջողության մատնված թուրքերը այս անգամ էլ փորձեցին խոցել երկրամասի հյուսիսային դարպասները։ Հայ զինվորականության հենակետներն էին դարձել Գյուլիստանն ու Ջրաբերդը։ Հայերը ոչ միայն դիմադրում էին, այլև հաղթական մարտերից հետո թշնամուն հարկադրում են նահանջել Գանձակ։

Չկարողանալով կոտրել սղնախների հայության համառ դիմադրությունը, թուրքերը փորձում էին երկպառակտություն առաջացնել ազատագրական շարժման առաջնորդների միջև, նույնիսկ կաշառքներ էին առաջարկում Եսայի կաթողիկոսին։

Ազատագրական մաքառումների ամենաթեժ պահին՝ 1728թ. վախճանվեց Եսայի Հասան -Ջալալյանը։

Կաթողիկոսի մահից հետո ռուսական կառավարության սին խոստումներից հոգնած և հետագա դիմադրությունը անհուսալի համարելով Ավան հարյուրապետն իր համախոհներով 1729թ. անցավ Ռուսաստան, ծառայության մտնելով ցարի բանակում։ Նրան հետևելով, 1730թ. օգոստոսի 18-ին սղնախցիներից Դերբենդ են անցել 137 հայեր՝ հարյուրապետ Աբրահամի, Ալավերդիի, Բաղիրի, Սիմեոնի, եպիսկոպոս Պետրոսի և գնդապետ Գրիգորի հետ318։ Սղնախների առաջնորդների նման քայլը կորստաբեր եղավ լեռնաստանի հայության համար, բաց անելով աղետալի գաղթականու­թյան ճանապարհը, որն այնուհետև երկար ժամանակ դուրս էր ծծում երկրի կենսական հյութերը, թուլացնում և ուժասպառ անում նրան։ Հայաթափումն աննախադեպ ու մասսայական չափեր ընդունեց հատկապես Ծար գավառից։ Մի քանի տասնամյակների ընթացքում հայաշունչ այս գավառը գրեթե ամբողջովին հայաթափվեց։ Արտագաղթածների մի մասը հանգրվանեցին Վրաստանում։ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվել էին Տփղիսում, յանշաղցիները՝ Տփղիսից ոչ հեռու Տաբախմելիք(այժմ՝ Տաբախմելա գյուղը Գարդաբանի շրջանում) գյուղում, խութավանքցիների մի մասը՝ Շուլավերում։ Արդեն 1760-ական թվականներին շրջանի տարածքը գրեթե լիովին հայաթափ էր, բացառությամբ Խութավան գյուղի և երբեմնի եպիսկոպոսանիստ ու թեմական կենտրոն Դադի վանքի319։

Ծարի լեռնային արոտավայրերը դեպի իրեն է ձգում Կուր-Արաքսյան տափաստանում ծվարած մահմեդական քոչվոր խաշնարած ցեղերին։ Արտագաղթի ճանապարհն էր բռնել նաև Արցախի մյուս գավառների հայ բնակչությունը։ Գյուլիստանի մելիքների մի մասը հանգրվանել էր Կախեթի Թելավ քաղաքում և Վրաստանի կազմում գտնվող Գուգարքի Բողնոփոր գավառում (Բոլնիս)։ Արտագաղթածների մի մասը բնակություն են հաստատել Քարթլիի բազմաթիվ վրացական գյուղերում։ Միայն շուրջ հարյուր գյուղ էին հիմնադրել արցախահայերը Շաքի և Շիրվան գավառներում320։ Այս ճանա­պարհով Արցախի հայությունը Հյուսիսային Կովկասում հիմնեց ինը գյուղ321։

Չնայած դրան սղնախների պայքարը շարունակվեց նաև հետագայում։ 1729թ. գեներալ Դոլգորուկոգվը ցարին հղած մի դիմու­մի մեջ հավաստիացնում է, որ սղնախներում հազարավոր զինվորներ պահում են իրենց դիրքերը և ոչ մեկը նրանցից անձնատուր չի լինում թշնամուն322։

1729-1731թթ. հայ դիմադրական շարժման գլխավոր օջախը դարձավ Գյուլիստանի բերդը, որի հրամանատարը հայկական աղ­բյուրի համաձայն կոչվում է «Աբրահամ սպարապետ», իսկ սուլթանական ֆերմաններում քանիցս հիշվում է «Գյավուր Աբրահամ» անունով, որում նկատի է առնված ոչ միայն հայ ազգությունը, այլ երևի նրա ռազմավարության կատաղի բնույթը323։ Ուշագրավ է, որ Գյուլիստանում ծավալված այս դիմադրական պայքարին մասնակ­ցեցին 1722թ. Հայաստանից Լեհաստան փախած և 1728թ. Ղարաբաղ վերադարձած հայ այն մարտիկները, որոնց գլուխ էր կանգնած Յուզբաշի Գրիգոր Ստեփանյանը324։

Ազատագրական շարժման նոր թափը կոտրելու համար սուլթանը «սրբազան պատերազմ» հայտարարեց հայերին և հատուկ ֆարմանով հրամայեց Երևանի Իբրահիմ փաշային, Բայազետում նս­տող Մահմուդ փաշային, քուրդ ամիրաներին և Դաղստանում, Շիրվանում ու Գանձակում տեղակայված իր զորքերին համատեղ ուժերով հիմնահատակ քանդել հայերի բնակատեղիներն ու ամրությունները325։

Սղնախների ազատագրական պայքարի ավանդները վախճան չունեցան։ 1732թ. Ներսես կաթողիկոսը նամակով դիմեց գեներալ Վ.Լևաշովին թուրքական լուծը տապալելու գործում Արցախին աջակցելու խնդրանքով326։ 1733թ. սեպտեմբերի 14-ին Այսրկովկասում Ռուսաստանի քաղաքական ծրագրերի մասին առաջարկու­թյուններով իր կառավարության առջև հանդես եկավ Պ.Շաֆիրովը. «Սղնախների հայերի միջոցով այս քաղաքը (իմա՛ Շամախին-Վ.Բ.) վերցնելու դեպքում կարելի է ամբողջ փոքր Հայաստանը (իմա՛ Արցախը–Վ.Բ.) կամ ինչպես այժմ են անվանում՝ հայկական սղնախնե­րը գրավել, որոնց բոլոր տարածքները հայ քաջ քրիստոնյաներով են բնակեցված և նրանք իրենք ինքնուրույն մի քանի տարի պաշտպանվում էին ինչպես թուրքերից, այնպես էլ պարսիկներից…»327։

Սղնախների հայերի սխրանքները համընկնում էին թուրք նվաճողների դեմ ոտքի ելած իրանական ժողովուրդների համաշավիղ ընթացքին, որի գլուխ կանգնեց Պարսկաստանի նոր տիրակալ՝ Նադիր շահը։ Պարսկաստանում կատարվող փոփոխություններին զուգահեռ Արցախում սղնախների հիմքերի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք մոտակա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական շարժման նոր հանգրվաններ։
ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շահ Աբասից հետո, նրա հաջորդների ժամանակ, թեև Պարսկաստանը ապրեց առերևույթ խաղաղության մեջ, սակայն սկսվել էր նրա տնտեսական քայքայումը և քաղաքական անկումը։

Շահ–Հուսեինի օրոք աֆղանները՝ Մահմուդի ղեկավարությամբ, գրավելով հարավային Պարսկաստանը, ոչնչացնելով Սեֆյան տոհ­մի ներկայացուցիչների մեծ մասին, ժամանակավորապես իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։

Անիշխանության մատնված երկրամասերը ենթակա էին ամենասանձարձակ ահաբեկման և հարստահարության։ Այդ ամենին գումարվեցին թուրքերի կողմից գործադրվող բռնությունները։ 1727թ. հոկտեմբերին աֆղանները Թուրքիայի հետ կնքված պայմանագրով նրանց զիջեցին Այսրկովկասը, Քուրդիստանի, Խուզիստանի և Կենտրոնական Իրանի մի քանի նահանգներ։

Շահ-Հուսեինի որդին՝ Շահթամազը, որ փախել և գտնվում էր Մազանդարանում, լսելով հոր գահընկեցությունը, իրեն հռչակում է Պարսկաստանի տիրակալ և զորք գումարելով գալիս Թավրիզ։ Համաժողովրդական պայքար է սկսվում ինչպես թուրքական, այնպես էլ աֆղանական բռնակալության դեմ։

Հանդես գալով Խորասանում և գլխավորելով կըզըլբաշ ցեղերի ապստամբական ելույթները, ինչպես նաև կարճ ժամանակում մի քանի վճռական հաղթանակներ տանելուց հետո, մեծ համբավ վաստակեց Աֆշար ցեղի Կըրկլու ցեղախմբի նախկին շարքային ռազ­միկ Նադիրկուլի խանը։

Նա իր քաջությամբ գրավում է Շահ-Թահմազի համակրանքն ու վստահությունը, մտնում նրա մոտ ծառայության և նշանակվում զորքերի հրամանատար՝ վերանվանելով նրան Թահմազկուլի խան(Թահմազի ծառա)։ Թահմազկուլին մաքրում է Պարսկաստանը աֆղաններից և ամրացնում պարսկական իշխանությունը Իրանում։ Նա իր քաջագործություններով մեծ հեղինակություն էր վայելում բանակի և ժողովրդի մեջ։ Այնուհետև Թահմազկուլին հաղթական պատերազմներ է մղում օսմանցիների նկատմամբ։

Արցախի սղնախներում, Սյունիքում և Այրարատում զինավառ հայությունը, թուրքերի դեմ մղվող իրենց հերոսական պայքարով ինքնըստինքյան, հանդես էին զալիս որպես Նադիրի դաշնակիցներ։

Նադիրի բանակում գործող հայկական զորախմբերը համալրվեցին հատկապես 1735թ. Գանձակի պաշարման ամիսներին, իսկ երբ նա շարժվեց դեպի Կարս, Արցախի և Սյունյաց հայ զինվորականությունը մելիքների գլխավորությամբ ուղեկցում էր նրան ամենուրեք։ Գեղարքունիքից անցնելիս Նադիրը մեծ պատիվներ տվեց Մելիք-Շահնազարյաններին328։

Կարսի շրջանը ասպատակության ենթարկելուց հետո, Նադիրն իր զորքով նորից անցավ Ախուրյանը և բանակ դրեց Եղվարդի շրջակայքում։

Այդ օրերին Նադիրի մոտ էին գտնվում Արևելյան Հայաստանի համարյա բոլոր հայ մեծամեծերը. Դիզակի Մելիք-Եգանը, Գեղարքունյաց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, Երևանի Մելիք-Մկրտումն ու Սելիք-Հակոբջանը և շատ ուրիշներ։

Իրանի ապագա խորամանկ տիրակալը լավ էր հասկանում հայերի հակաթուրքական տրամադրվածությունը և օսմանցիների դեմ մղվող վճռական գոտեմարտում հայ մելիքների վրա նայում էր որպես հուսալի դաշնակցի։ Առանձնապես Նադիրը ջերմ հարաբերություններ ուներ Դիզակի մելիք Եգանի հետ։ Նադիրի պալատական պատմիչ Մուհամմադ-Քյազիմը բազմիցս հիշատակում է նրան, որպես նուրբ քաղաքագետին հատուկ արտակարգ ընդունակություններով օժտված իմաստուն մի գործչի, որը Նադիրի կողմից մեծ սի­րո և վստահության էր արժանացել329։

Մելիք Եգանը անհամար նվերներ մատուցելով և հորդորելով Նադիրին, վերջինս այցելում է Էջմիածին և նոր հրովարտակներով հաստատում կաթողիկոսի և հոգևորականության իրավունքները330։ Ըստ Մուհամմադ-Քյազիմի, նա վանքի վերանորոգումը հանձ­նարարում է հմուտ վարպետների՝ հատկացնելով հազար թուման, տաճարը զարդարում 15կգ. կշռող ոսկե ջահով և կարգադրում Քիրմանի նահանգային սարքարարությանը ամենաընտիր գորգերը նվիրել Էջմիածնին331:

Հայ մելիքները ոչ միայն զորքերով էին մասնակցում թուրքերի դեմ մղվող կռիվներին, այլև միաժամանակ հայթայթում էին պար­սից բանակի համար անհրաժեշտ պարենն ու հանդերձանքը։ Թուրք տարեգիրը վկայում է, թե մելիք Եգանն էր կերակրում շահական ամբողջ բանակը, որքան ժամանակ որ նա մնաց Մուղանում332։

Հայերին սիրաշահելուց հետո, նրանց օգնությամբ 1735թ. հուլի­սի 8-ին Եղվարդի մոտ, Նադիրը ջախջախիչ հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո Նադիրը ասպատակեց Կարսից մինչև Կարին և Բայազետ ընկած հարյուրավոր գյու­ղեր ու քաղաքներ։ Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէր պատերազմը շարունակելու հզոր հակառակորդի դեմ։ Նա հարկադրվում է Նադիրի հետ Էրզրումում 1736թ. հաշտություն կնքել, որի համաձայն թուրքերը հանձնում են պարսիկներին Արևելյան Հայաս­տանը (Երևանը, Նախիջևանը, Ղարաբաղը), Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։

Թահմազկուլին պատերազմաական այս հաջողություններով նախապայմաններ է ստեղծում իրեն հռչակելու Իրանի շահ։ Նրա կարգադրությամբ սպանվում է շահ Թահմազը, այնուհետև մանուկ Աբասը։

Գահը թափուր տեսնելով, Թահմազ կուլին 1736թ. ձմռանը Մուղանի դաշտն է հրավիրում Իրանի և հպատակ երկրների հոգևոր ու աշխարհիկ մեծամեծերին և առաջարկում տերության շահ ընտրել։ Մուղանի »կուրուլթայը« միաձայն Իրանի շահ ճանաչեց Թահմազկուլուն՝ Նադիր-Շահ անվամբ։ Թագադրության հանդեսից հետո Նադիրը բարձր պաշտոններով և նոր ավատներով վարձատրեց մարտերում աչքի ընկած և հավատարմությամբ վստահության ար­ժանացած ամիրներին, խաներին և հայ մելիքներին։

Նադիրը քաջ գիտակցելով Ղարաբաղի հայերի ռուսասեր քաղաքականությունը և ժողովրդի ու հայ մելիքների այդ տրամադրու­թյուններին վերջ տալու, նրանց սիրաշահելու և ռազմական կարո­ղությունը օգտագործելու նպատակով, ոչ միայն մելիքներին հաս­տատում է իրենց իշխանության մեջ, այլև ընդգծված կարգավիճակ է շնորհում՝ ծնունդ տալով նոր վարչական միավորի՝ Խամսա(արաբերեն հնգյակ), Խամսայի երկիր, Խամսայի մելիքություններին։ Նադիրը փաստորեն վավերացրեց այն, ինչ հերոսական պայքարի շնորհիվ ձեռք էր բերել Արցախի ազատատենչ հայությունը։

Տվյալ ժամանակաշրջանում Նադիրը ճանաչեց միայն Արցախի տարածքում գոյություն ունեցած մելիքություններից միայն հինգի իրավունքները։ Իսկ մնացածները, ինչպես օրինակ մի ժամանակվա հզոր Ծարի իշխանությունը թուլացել և ենթարկվում էին Խամսայի մելիքներին։

Ըստ էության ուշ միջնադարում Մեծ Հայքի ծայր հյուսիս-արևելյան մի հատվածում վերածնվեց հայկական մի նոր ձույլ պետական միավոր՝ ֆեդերատիվ կառուցվածքով։ Գանձակի բեկլարբեկությունից անկախ հինգ մելիքություններից կազմված նահանգը, կենտրոն ունենալով Տող ավանը, Դ իզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահ­մանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։

Արցախի հյուսիսային հատվածներում տարածված էր Գյուլիատանի մելիքությունը՝ Կուրակ և Թարթառ գետերի միջև։ Այստեղ իշ­խում էին մելիք Բեգլարյանները, որոնց նստավայրն էր Թալիշ ավանը, և ռազմական հենակետը՝ Գյուլիստանի անառիկ ամրոցը։ Սրանից հարավ Ջրաբերդի մելիքությունն էր, որը ընդգրկում էր Թարթառից մինչև Խաչենագետ ընկած տարածքը։ Գավառի տերե­րը մելիք Իսրայելյաններն էին, որոնց նստավայրը Ջրաբերդ ամրոցն էր։ Խաչենի մելիքությունը տարածված էր Խաչենագետից մինչև Կարկառ ընկած հողերը։ Այստեղ էլ բուն Հասան-Ջալալյաններն էին իշխում և նստում էին Խոխանաբերդում, իսկ հետագայում՝ Խնձրիստանում։ Գավառի բերդերից հայտնի էին Կաչաղակաբերդը, Քարագլուխը, Ուլուպապաբերդը։ Վարանդայի մելիքությունը բռնում էր Կարկառ գետից մինչև Մեծ Քիրսի հարավային փեշերը ընկած տարածքը։ Սրա տեր մելիք Շահնազարյանների նստա­վայրն վայրն էր Ավետարանոց բերդավանը։ Վտանգի ժամանակ մելիքության հպատակները պատսպարվում էին Շուշվա բերդում և Հերհեր ու Ծովատեղ գյուղերի միջև ընկած Քոչիզ ամրոցում, Աղջկաբերդում, Գիշու Ղլեն խութ բերդում։ Դիզակի տեր մելիք Եգանյան-Ավանյանների տիրույթները ձգվում էին Դիզափայտ-Քիրս լեռնագո­տուց մինչև Արաքս գետի հովիտները։ Մելիքները նստում էին Տող ավանում։ Քննարկվող ժամանակաընթացքում գավառի նշանավոր բերդերը գտնվում էին Ցոր գյուղում և Վնեսա սարում։

Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թվականը գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Նա հարևան Շիրվանի, Գանձակի, Երևանի բեկլարբեկիների նման ուղ­ղակի ենթարկվում էր Նադիրի եղբոր, սիփահսալար Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի կենտրոն, փոխարքայանիստ Թավրիզ քաղաքում։

Պատմական բախտորոշ այս ժամանակաշրջանում Մելիք-Եգանի նման տաղանդավոր պետական քաղաքական գործիչը, օգ­տագործելով Նադիրի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, հոգում էր ողջ Արևելյան Հայաստանի հայության հոգսերը։ Դրա մասին է վկայում Տողի մելիքական ապարանքի ճակատին Մելիք-Եգանի թողած վիմագիրը. «Ես թողեցի ոչ Հայասդանաս եսիր տալու»333։

Օտար և հայ հեղինակները վկայում են, թե Նադիր շահը հոր տեղ էր ընդունում մելիք-Եգանին, առաջնորդվում նրա խորհուրդներով334։ Մելիք-Եգանի հայրենանվեր գործունեությունը ամփոփ ձևով ներկայացված է Տողի մատուռ-դամբարանում պահպանված շիր­մաքարի չափածո տապանագրի մեջ.

Այս է տապան քաջ իշխանին,
Եկան անուն մեծ Մելիքին,
Որ է որդի բարեպաշտին
Ղուկաս անուն վարդապետին.
Եղեւ սիրեցեալ ամենայնին
Նատիր անուն թագաւորին։
Տիրապետեաց սայ ի երկրին
Ի Աղուանից ի նահանգին

Յոյժ պատուեցաւ Պարսից ազգէն

Քան զիշխանս Հայոց երկթին… ՌՃՂԳ(1741թ.)335։

Մելիք Եգանի արժանավոր ժառանգորդները դարձան նրա որդիներ Արամը (1744–1745թթ.) և մելիք Եսային։ Հատկապես տպավորիչ էր մելիք Եսայու գործունեությունը։ Նա տաղանդավոր զորական էր, անկոտրում կամքի տեր անձնավորություն։ Նրան հաջողվեց ստեղծել քաջավարժ կանոնավոր բանակ։ Նադիր շահի համակրանքն էր վայելում նաև Ջրաբերդի մելիք Ալլահ-Ղուլին: Վերջի­նիս թուրքերի դեմ տարած փայլուն հաղթանակների շնորհիվ Նադիրը նրան տվեց «սուլթան» տիտղոսը։

Խամսայի մելիքությունները, որպես հայոց պետականության մի ձույլ միավոր, գոտեպնդելով լեռնաշխարհի զինավառ հայությանը, մոտակա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական շարժման նոր հանգրվաններ, ամրացնելով հավատքը միասնության և հաղթանակի նկատմամբ։
ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ։ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՂԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ։ Խամսայի մելիքությունների կարգավիճակը շատ բանով կախված էր Իրանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերից։

Նադիր շահի վարած ծանր հարկային քաղաքականությունը, անհաջող պատերազմները Դաղստանի և օսմանցիների դեմ, ավելի են բարձրացնում ժողովրդական ցասման ալիքը բռնակալի դեմ։ Նման պայմաններում 1747թ. դավադրաբար վերջ են տալիս Նադի­րի խռովահույզ կյանքին։ Նրա սպանությունից հետո երկրում սկս­վում է անիշխանության մի շրջան։ Ինչպիսի արագությամբ Իրանը իր հզորությանը հասավ Նադիրի օրոք, նույնպիսի արագությամբ նա դիմեց իր անկմանը նրա մահից հետո։

Կենտրոնական իշխանության բացակայության և գահի համար մղվող պայքարի հետևանքով Պարսկաստանի տարբեր մարզերի շատ իշխողներ անկախություն ձեռք բերեցին։ Ստեղծված խառնակ վիճակից օգտվեցին նաև շիա աղանդի քոչվոր այն թուրքերը, որոնք ժամանակին ընկճվել էին Նադիրի կողմից և արտաքսվել Խորասան։ Այժմ, օգտվելով Նադիրի մահից և Իրանում ստեղծված անիշ­խանությունից, այդ ցեղերը նորից վերահաստատվեցին Այսրկովկասում, հատկապես Կուր-Արաքսյան միջագետքում և անհանգիստ կացություն ստեղծեցին Խամսայի սահմանով մեկ։ Կուր-Արաքսյան միջագետքում թափառող ավազակաբարո թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջը։ Վերջինս Նադիրի կենդանության ժամանակ նրա մունետիկն էր, որ փողոցներում բարձր հայտարարում էր կառավարության որոշումները։ Հետագայում Փանահը հեռանում է արքունիքից և աս­տանդական կյանք վարում Ղարաբաղի դաշտային հատվածնե­րում։ Պարսից կառավարությունը բազմիցս փորձել է ձերբակալել Փանահին։ Սակայն նա, ստանալով Ջրաբերդի մելիք Ալլահ-Ղուլի սուլթանի հովանավորությունը, խույս տվեց դրանից։ Փանահը յուրովի վարձահատույց եղավ. բարեկամությանը թույն խառնելով դառնալով իր իսկ հովանավորների գերեզմանափորը։

Նադիրի սպանությունից հետո, դեպքերը զարգացան ի նպաստ Փանահի։ Իրեն ենթարկելով դաշտավայրի բոլոր քոչվոր ցեղերին՝ հարձակումներ է գործում շրջակա բնակավայրերի վրա։ Կողոպտված ավարը նա բաժանում էր իր կողմնակիցներին, դրա փոխարեն նրանից հավաքագրելով զինվորական նոր ուժեր336։ Դեռ ավելին, խարդախ ճանապարհով նրան հաջողվում է Ադիլ շահից ստանալ խանի տիտղոս, առավել սանձարձակ ասպատակություններ սփռելով շրջակա տարածքների վրա։ Փանահը, հեռուն գնացող նպատակներ հետապնդելով, փորձեց անցնել նստակեցության։ Կուր գե­տի ափին կառուցեց Բայաթ ամրոցը։ Փանահի հակառակորդ Շիրվանի Հաջի Չելեբի խանը փորձեց գրավել բերդը, բայց անհաջողության մատնվեց։ Այս հաղթանակը ավելի ոգևորեց Փանահին։ Նրա հիմնական նպատակն էր տեր դառնալ լեռնային Արցախին, իր բազմահազար ոչխարների հոտերի համար ձեռք բերելով հարուստ արոտավայրեր։

Փանահը ամրացրեց Արցախի հյուսիս արևելքում գտնվող Տիգրանակերտ բերդամրոցը, որը այդ ժամանակներում կոչվում էր Շահբուլաղ և այստեղից հարձակումներ էր գործում Խաչենի և Ջրաբերդի մելիքությունների վրա։ Խամսայի մելիքները, չհանդուրժելով նորաբույս խանի համարձակ քայլերը, Խաչենի մելիք Ալլահվերդու գլխավորությամբ գրավեցին Տիգրանակերտը՝ Փանահին հալածելով Արցախի լեռնային հատվածներից։

Ահա այս հակամարտությունների պայմաններում Ղարաբաղում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք համահունչ պետք է լինեին Փանահի նկրտումներին։ Իրանում ստեղծված անիշխանության պայմաններում Խամսան արագորեն գահավիժում էր և առիթ էր պետք ուշ միջնադարյան հայկական այս պետականության վերջին բեկորին վերջ տալու համար։

Առիթը հայ մելիքների ներքին գժտություններն էին։ 1751թ. Վարանդայի մելիքանիստ Ավետարանոցում տեղի ունեցավ մի ընտանեական սպանդ, ինչը հեղաբեկիչ դեր պետք է ունենար Ղարաբաղի հետագա ողջ անցքերի վրա և ճակատագրական կդառնար արցախահայության համար։

Վարանդայի մելիք Հուսեինի մահվանից հետո, հին սովորու­թյան համաձայն, իշխանությունը անցավ ավագ որդուն՝ Հովսեփին։ Վերջինիս կրտսեր եղբայր Շահնազարը, որը փառասեր անձնավորություն էր, չհանդուրժելով մելիք Հովսեփի իշխանությունը դավադ­րաբար իր ձեռքով սպանեց եղբորը, չխնայելով նրա ընտանիքի անդամներին։ Շահնազարի մեջ խոսեց թուրքի պիղծ արյանը, որը տակ­նուվրա արեց Խամսայի մելիքների կուռ միությունը։ Ավանդության համաձայն Հովսեփը մելիք Հուսեինի առաջին կնոջ՝ Աննայի որդին էր, որը Դիզակի մելիք Ավանի քույրն էր, իսկ Շահնազարը ծնվել էր Նախիջևանի խանի դուստր Զոհրա խանումից։

Այսպիսով, Շահնազարը դավադրաբար դառնալով Վարանդայի մե­լիքը, կործանարար դերակատարություն ունեցավ արցախահայության համար։

Այս եղեռնագործությունը Շահնազարի դեմ հանեց Խամսայի ավան­դապահ մելիքներին և վերջիններս միաբանվեցին նրանից վրեժխնդիր լի­նելու համար։ Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Մելիք Շահ­նազարյանները խնամիական կապեր ունեին Խաչենի և Ջրաբերդի մե­լիքների հետ։ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան մելիք Հովսեփը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-Ղուլի սուլթանը, Խաչենի մելիք-Ալլահվերդի Հասան Ջալալյանը և Դիզակի Մելիք-Ավանյան մելիք Եսային պաշարեցին Ավետարանոցը, սակայն մելիք Շահնազարը տեղի չտվեց և բերդը չգ­րավվեց։

Ժամանակն ու իրավիճակը գործում էին եղբայրասպան մելիքի օգտին։ Ուխտապահ մելիքներից հալածված Շահնազարը օգնության դի­մեց Փանահին։ Նենգադավ քոչվորին հանգստություն չէին տալիս հայ մելիքների փառքը, տիրական դիրքը և Արցախի դրախտային հողն ու ջուրը։

Մելիք Շահնազարը, լավ իմանալով Փանահի նկրտումները օգտա­գործեց նրան և որպես վարձատրություն վերջինիս նվիրաբերեց Շոշի ան­մատչելի հին բերդը։ Վարանդայի տիրոջ այս նոր դավաճանական քայլը ավելի սաստկացրեց Արցախի ներքաղաքական կացությունը։ Ընդհարումները դարձան ավելի համառ ու դաժան։ Մելիք Շահնազարն ու Փանահը հայ մելիքներին դիմագրավելու համար սկսեցին վերակառուցել ու ավելի ամրացնել բերդը։ Մելիք Շահնազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որը «իր և ամբողջ Ղարաբաղի մելիքու­թյունների գերեզմանը դարձավ»337։ Իսկ Շուշիի դիրքը ավելի քան հարմար էր լինելով Արցախի սրտում. «Բնությունը երեք կողմից բարձրաբերձ, սեպացած ժայռերով շրջապատել էր այդ տեղը, դարձնելով նրան այդ կողմից միանգամայն անմատչելի։ Միայն մի կողմից էր, որ բերդն ուներ մուտքի տեղեր, թեև դարձյալ շատ դժվարակոխ։ Այդ չորրորդ կողմը Փանահ խանն ամրացրեց արհեստական պատվարներով, պարիսպներ քաշելով և աշտարակներ բարձրացնելով»338։

Փաստորեն Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում՝ Շուշիում, որի վերակառուցման աշխատանքները կատարվեցին 1752-54 թվականներին։ Սկզբում քաղաք-ամրոցը հորջորջվեց Փանահաբադ, բայց տոհմիկ հայությունը դա չընդունեց և շարունակեց այդ բնակավայրին անվանել Շուշի, երբեմն Շուշվա ղալա(Շուշիի բերդ)։

Մելիք Շահնազարի այս դավաճանական քայլով պատմության մեջ առաջին անգամ թուրքը փորձեց բնավորվել Ղարաբաղում։ Սակայն այնքան օտար էր Արցախի համար նորեկ բռնավորը, որ անգամ իր համար տոհմային գերեզմանատուն ընտրեց Խաչենի իշ­խանից գնաց Աղդամը։

Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրնե­րը միաբերան վկայում են, որ մինչև 18-րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել339։

Փանահը իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար Վրաստանից և Միլ-Մուղանի տափաստանում վխտող կարաչարլի, ջինլի, դամիրչի-հասանլի, ղըզըլ-հաջիլլի, սաֆի-քյուրդ, քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի փոխադրեց Ղարաբաղ։ Դրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի Շուշի տանող ճանապարհնե­րի երկայնքով։ Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր։ Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս։ Տիրելով Ղարաբաղի սրտին՝ Շուշիին, Փանահը ձգտում էր ունենալ քաղաքային կենցաղ։ Ահա թե ինչու փորձեց Ղարաբաղի գյուղական բնակչությանը տեղափոխել Շուշի։ Սակայն գյուղական ապրելակերպ դավանող պահպանողական ղարաբաղցին չտեղափոխվեց Շուշի։

Դրանից հետո Փանահը ասպատակեց դեպի Շահակերտ, Ագու­լիս, Հին Ջուղա, Մեղրի և այստեղից հայերին տեղափոխեց Շուշի։ Դրանով Փանահը Շուշիում քաղաքային միկրոմիջավայր ստեղծե­լուց բացի, լուծեց նաև մի քանի այլ խնդիրներ.

ա) բերդաքաղաքում բնակեցրեց համեմատաբար իրեն հնազանդ հայերով, դրանց անհրաժեշտության դեպքում երբեմն հակադրելով իր ցեղակիցներին,

բ) վերոհիշյալ բնակավայրերի հայությունը ուներ քաղաքային ապրելակերպ և հմուտ էր արհեստների ու առևտրի մեջ։

Եկվորները ունեին տարբեր սովորույթներ և բառբառներ, որի հետևանքով բավականին երկար ժամանակ ապրում էին առանձին թաղերով։ Այսպես առաջացան տեղաբնիկ հայերի՝ ղարաբաղցոց, ինչպես նաև ղազանչեցոց (Շահակերտ), ագուլեցոց և մեղրեցոց թաղերը։ Ամեն մեկը կառավարվում էր առանձին քյանդխուդաների մի­ջոցով։ Նրանք ունեին իրենց եկեղեցիները և ուսումնական մշակու­թային հաստատությունները։

Այսպիսով, Շուշին մի կողմից ուներ թուրքական թաղամաս, իսկ մյուս կողմից հայկական իրար կից չորս թաղամասեր։

Ժամանակի ընթացքում արցախյան հոծ միջավայրում և քաղաքային կյանքին հատուկ օրինաչափություններով եկվոր հայերը ընդունեցին տեղացիների բարքերն ու սովորությունները, ինչպես նաև ղարաբաղյան հյութեղ համով ու հոտով բարբառը։

Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել նրա գերագահությունը։ Նորաստեղծ խանությունը ուներ խիստ ռազմավարական դիրք և Իրանի հետ Անդրկովկասը կապող ամենահիմնական օղակն էր։ Պատահական չէր, որ Պարսից արքունիքը Ղարաբաղի խանության նկատմամբ վարում էր մտրակի և մեղրաբլիթի քաղաքականություն, մերթ խաներին կոշտ մեթոդներով իրենց էին ենթարկեց­նում, երբեմն էլ տրվում էր հավելյալ առանձնաշնորհներ՝ հարևան խաներին ենթարկեցնելով վերջիններիս։

ԽԱՄՍԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ։ Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն։ Փաստորեն դրանով Ղարաբաղը երկատվեց, նրա հարավային թևը՝ Դիզակը կտրվեց Խաչենից, Ջրաբերդից և Գյուլիստանից։ Բնականաբար Խամսան թուլացավ և գահավեժ կործանման էր գնում։

Փանահը վարպետորեն օգտագործեց իր համար ստեղծված բարենպաստ պայմանները։ Փանահ խանը իր ողջ ուժով հարձակ­վեց Խաչենի մելիքության վրա։ Վարանդայի սպանված մելիք Հովսեփը Խաչենի մելիք Ալլահվերդու փեսան էր, որի մոտ էր գտնվում մելիք Շահնազարի եղեռնագործությունից միակ փրկված թոռը։ Վերջինս համարվում էր Վարանդայի մելիքության օրինական տերը։ Ահա թե ինչու օրախնդիր էր դառնում Խաչենի մելիքության վե­րացումը։ Մելիք Ալլահվերդուն հաջողվեց ջարդել Փանահի հրոսակներին։ Սակայն դաշտավայրում հետապնդելով թշնամուն անհաջողություն ունեցավ և պատսպարվեց Ուլուպապ բերդում։ Այստեղ էլ խաչենցիները նորից հաղթանակի հասան։ Դեռ ավելին հակառակորդը հուժկու հարվածների տակ փախուստի մատնվեց։ Հետապնդելով նահանջող թշնամուն ճակատամարտի վայր դարձավ հետագայի Խոջալլուի տարածքը։ Դարանակալ թշնամին պարտության մատնեց մելիք Ալլահվերդու զորքերին։ Այս պարտությունը կործանարար եղավ հայության և Հասան-Ջալալյաննների համար։ Փանահ խանը մելիքությունը նրանցից խլեց և հանձնեց Խնձրստան գյուղի գյուղապետ Միրզախանին։ Դրանով Փանահը հայերի շրջանից ավելացրեց իր դաշնակիցների թիվը։

Հաջորդ զոհը դարձավ Ջրաբերդի մելիքությունը։ Փանահ խանը հարձակվեց Ջրաբերդի վրա։ Մելիք Ալլահ-Ղուլի սուլթանը հետ մղեց թշնամուն։ Փանահ խանը տեսնելով, որ հայ մելիքին ուժով ընկճելը անհնարին է, դիմեց խարդավանքի։ Մելիք Ալլահ-Ղուլու զգոնությունը թմրեցնելու նպատակով Փանահը »բարեկամության« ձեռք մեկնեց նրան։ Մելիք Շահնազարի խորհուրդով Փանահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայ մելիքը ձերբակալվեց և մահախեղդ արվեց Շուշիի բանտում340։

Նահատակ մելիքին հաջորդում է եղբայրը՝ Հաթամը (Ադամ)։

Պատերազմական գործողությունները նոր ընթացք ու թափ ստացան։ Անհավասար գոտեմարտում ուժերը խնայելու և հետագա պայքարը շարունակելու նկատառումով մելիք Ադամը նահանջում է Գյուլիստան և միանում իր դաշնակից մելիք Հովսեփին։ Արյունահեղ պատերազմական գործողությունները տեղափոխվեցին Գյուլիստանի մելիքության սահմանները։ Այն ընդհանում էր փոփոխական հաջողություններով, որը շարունակվեց նաև Փանահի հաջորդ Իբրահիմ խանի ժամանակ։

Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքություններին մահացու հար­վածներ հասցնելուց հետո Փանահը ամբողջ ուժով նետվեց Դիզակի մելիքության վրա։ Փանահը իր դաշնակցի՝ մելիք Շահնազարի հետ մեկտեղ, մի քանի անգամ պաշարեց մելիք Եսայու Տող բերդավանը, բայց խայտառակ պարտություն կրելով հետ է նահանջում։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Փանահ խանը վիրավորվեց բայց չընկճվեց։ Փանահ խանի օրեցօր աճող ու զորեղացող ուժի պայմաններում մելիք Եսային գերադասեց հաշտություն առաջարկել։ Պատերազմական գործողությունները դադար առան։ Մելիք Եսային շարունակեց իշխել մինչև իր մահը 1781 թվականը։

Փանահի հայակործան քաղաքականությունը շարունակեց նրա ժառանգ ու հետնորդ Իբրահիմ խանը։ Փանահի մահից հետո խանության համար պայքար սկսվեց Իբրահիմ և Միհրալի եղբայրների միջև։ Իբրահիմը դաշնակցեց Ավարիայի Օմար խանի, իսկ Միհրալին՝ Ղուբայի Ֆաթալի խանի հետ։ Ժառանգության համար ծագած վեճը, որը ներքին ուժեղ պատերազմներ էր պատրաստում, լուծվեց Իբրահիմ խանի օգտին։ Շուտով Միհրալին սպանվեց չբացահայտված հանգամանքներում։ Այնուհետև 1763թ. Իբրահիմը դարձավ Ղարաբաղի խանության միահեծան տերը։

Օգտագործելով հարևան խանությունների միջև հակամարտու­թյունը և Պարսկաստանի ներքին անկայուն կացությունը, Իբրահիմը ընդլայնեց խանության սահմանները։ Անգամ մի կարճ ժամանակահատված իրեն ենթարկեցրեց Շաքիի, Շիրվանի խանություննե­րը, գրավեց Ռեշտն ու Թավրիզը341։

Դրանից հետո Իբրահիմ խանը իր գործողություններին ավելի ազատություն տվեց ։

Անսանձ բռնություններից մելիքների վիճակն այնքան էր ծանրացել, որ Գյուլիստանի ու Ջրաբերդի տերերը աստանդական էին դարձել և իրենց հպատակների հետ միասին հանգրվանել էին Գանձակի խանությունում ու Վրաստանում։ Շուրջ 8 հազար հայ ընտանիքներ նոր բնակավայրեր ստեղծեցին Լոռու Շուլավերի կողմերում, որտեղ առայսօր պահպանվում է Ղարաբաղյան բարբառը և բազմաթիվ բարքեր ու սովորություններ։ Պետք է նշել նաև, որ կատարվածը բացասական հետևանք ունեցավ արցախահայության ազգագրական պատկերի վրա։ Այս ամենի հետևանքով արագ հայաթափվեց հյուսիսային Ղարաբաղը։ Ստեղծված պարապը լցվում էր մահմեդական խառնամբոխով։ Սակայն այս աղետաբեր արտագաղթից հետո էլ Ղարաբաղը գերազանցապես հայաբնակ էր։ Կովկասում ռուսական զորքերի հրամանատար Ցիցիանովի արքունի­քին հղած զեկուցագրերից մեկում նշում է, որ 18-րդ դարի վերջերին Ղարաբաղում ապրում էր 40-ից 60 հազար հայ ընտանիք։ Եթե հաշ­վի առնենք, որ ամեն մի ընտանիքում կամ գերդաստանում ապրում էր 10-15 մարդ, ապա արցախահայերի թիվը կհասնի կես միլիոնի։

Ջրաբերդի և Գյուլիստանի տարագիր մելիքները Գանձակի խանությունում անգործության մատնված չմնացին։ Նրանք, դաշ­նակցելով մերթ Ուրմիայի Ֆաթալի խանի, մերթ էլ Գանձակի Շահվերդի խանի հետ, հարձակումներ էին գործում Ղարաբաղի Իբրահիմ խանի տիրույթների վրա։ Այս հանգամանքը անհանգստացնում էր Իբրահիմ խանին։ Մյուս կողմից էլ հայաթափելով գավառները Ղարաբաղի խանը զրկվում էր իր գանձարանը լցնելու հնարավոր տարբերակից։

Նման պայմաններում Իբրահիմը համոզեց հայ մելիքներին՝ վե­րադառնալ իրենց տիրույթները։ Մելիք Հաթամի և մելիք Հովսեփի վերադարձը Ջրաբերդ և Գյուլիստան որոշ չափով կայունացրին Խամսայի մելիքությունների քաղաքական կացությունը։ Սակայն այս անգամ էլ Իբրահիմ խանը փորձեց խաթարել մելիքների միաբանությունը Գանձասարի թափուր կաթողիկոսական աթոռին նոր թեքնածուի ընտրության հարցում։ Իբրահիմը մերթ հովանավորում էր օրինական կաթողիկոսին՝ Հովհաննեսին, մերթ էլ հակաաթոռ Գանձակում նստող և հետագայում Արցախ տեղափոխված Իսրայելին, ավելի էր խճճում Խամսայի մելիքների առանց այն էլ ոչ սովորական հարաբերությունները։

Դժվարին այս ժամանակաշրջանում Ղարաբաղ է գալիս Հովսեփ Էմինը։ Նա մեծ հույսեր էր կապում Արցախի մելիքների հետ, նրանց մեջ տեսնելով ապագա հայկական պետականության հիմնաքարը։ Իր ինքնակենսագրության մեջ նա ասել է. «Ես կարծում եմ, որ եթե լինեմ եվրոպական զինվորի նման, կգնամ իմ երկիրը, Լեռնային Հայաստանի հայերի մոտ, որոնք, լսել եմ, որ միշտ անհաղթ են ու քաջ և եթե ես նրանց կարողանամ սովորեցնել պատերազմի արվեստը, դա շատ մեծ օգուտ կտա»342։ Հովսեփ Էմինը ականատես եղավ Արցախի հայերի քաջագործությանը։ 1767թ. Գանձակի Շահվերդի խանը փորձեց պատժել Գյուլիստան վերադառ­նալու մտադրություն ունեցող մելիք Հովսեփին։ Նա հանկարծակի հարձակվեց Գետաշենի վրա։ Հանկարծակի եկած գետաշենցիները մելիք Հովսեփի որդի Բեգլարի գլխավորությամբ 40 հոգով լեռնային կռիվներով հաղթեցին 4500 հոգուց բաղկացած հակառակորդի ուժերին։ Մի քանի օրից հետո պատերազմական գործողությունները նոր թափով շարունակվեցին։ Հայերին հաջողվեց ոչ միայն պաշտպանել Գետաշենը, այլ հալածելով թշնամուն, պաշարեցին Գանձակը։ Շահվերդի խանի խնդրանքով վրաց Հերակլ թագավորի միջնորդությամբ հակամարտությունը հարթվեց։

Հովսեփ էմինը, հյուրընկալվելով Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ, փորձեց միավորել մելիքների ուժերը, կազմել միասնական բանակ։ Այդ նպատակով նա հանդիպումներ ունեցավ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի հետ։ Սակայն շուտով կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրահրանքով, մելիքները Էմինին հեռացնում են Ղարաբաղից: Հետագայում նա Ղարաբաղի մասին գրել է հետևյալը. «Աշխարհում եղած ամեն բան ունի Ղարաբաղը, բացի մեկից, որը բոլորի թագուհին է՝ խոհեմ ղեկավարություն, որն ասես հրաժեշտ է տվել Ղարաբաղի բնակիչներին»343։

Հովսեփ Էմինի գործունեությունը անհետևանք չանցավ։ Նրա ռուսամետ գաղափարները նոր ծիլեր արձակեցին՝ ոգևորելով ու­նայնության գիրկը մատնված մելիքներին ու Գանձասարի կաթողի­կոսին։

Հայ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի ռուսամետ քաղաքականությունը մտահոգիչ էր Իբրահիմ խանի համար։ 1787թ. նա Շուշիի բանտում սպանել տվեց Հովհաննես կաթողիկոսին։ Մինչ այդ, 1781թ. վախճանվել է Դիզակի մելիք Եսային, իսկ 1783թ. իրենց մահկանացուն կնքեցին Ջրաբերդի մելիք Հաթամն ու Գյուլիստանի մելիք Հովսեփը։

Դիզակի տեր դարձավ մելիք Եսայու որդի մելիք Բախտամը։ Մելիք Հաթամին հաջորդեց մելիք Մեժլումը, իսկ մելիք Հովսեփին՝ մելիք Աբովը։ Նրանց և Իբրահիմ խանի միջև պայքարը առավել կատաղի բնույթ ստացավ։ Իբրահիմ խանին հաջողվեց 1780-ական թվականներին մուսուլմանության դարձնել Դիզակի Մելիք-Ավանյանների տոհմակիցների մի մասին։ Ըստ էության Տողի նախկին ադրբեջանցիների մի մասը ուծացված հայեր էին։

Չնայած այդ դաժանություններին, Ջրաբերդի մելիք Մեժլումին և Գյուլիստանի մելիք Աբովին հաջողվեց ազատագրական պայքարը նոր ուղեծրի մեջ դնել։ Վերստին բացվեց ու աննախադեպ աշ­խուժացավ Ռուսաստանի հետ կապող դիվանագիտական ճանապարհը։
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

ԱՐՑԱԽ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Դարերի ընթացքում հայ ժողովուրդը, գալարվելով թուրք-պարսկական բռնակալության ճիրաններում, մշտապես վառ էր պահել ազատության տենչը՝ այն կապելով հյուսիսի մեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ։ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին հիշատակում է «ռուզիկներին» կամ «ռուզերին»՝ ռուսներին, որոնք «ոչ ավելի քան զերիս ժամանակս իբրև զմրրիկս ընդ համատարած աշխարհածով ելիցն Կասբից յանկարծ հասնէին ի մայրաքաղաքս Աղուանից ի Պարտավ, ուր ոչ ուստեք լեալ կարողութիւն ընդդիմայիլ նոցա …»344։

943 կամ 944 թվականներին ռուսական ջոկատները Կուր գետով բարձրանալով հայտնվեցին Պարտավի մատույցներում։ Սկզբում նրանց հաջողվեց գրավել քաղաքը։ Սակայն տեղի իշխանները իրենց ուժերը ի մի բերելով կարողացան ազատագրել Պարտավը345։

Կուր գետի ափերին կատարված հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են վերոհիշյալ ժամանակներից մնացած ռուսական նավերի մնացորդներ։ Ռուս առևտրականները Ռումի(Սև) ծովի, Սլավոնական(Դոն) գետի և Ջուրջանի(Կասպից) ծովի վրայով մորթիներ և այլ ապրանքներ են տարել Բաղդադ և Մերձավոր Արևելքի այլ քաղաք­ներ346։ 1466թ. Շիրվանշահ Ֆառուխ Յասարը դեսպան Հասան Բեկին ուղարկեց Մոսկվա՝ Իվան Գ-ի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու։ 1467թ. իր հերթին ռուսական դեսպանությունը Վասիլի Պանինի գլխավորությամբ եկավ Շամախի։ Նրա կազմում էին մի քանի վաճառականներ, որոնց թվում նաև տվերցի հայտնի ճանապարհորդ-վաճառական Աֆանասի Նիկիտինը347։

Փաստորեն այս կամ այն առիթով ռուսների Այսրկովկասում հայտնվելը հնարավորություն է ստեղծում երկուստեք ծանոթանալու և պատկերացում կազմելու միմյանց մասին։ Ռուսաստանի և ռուսների մասին տեղեկություններ է հաղորդում նաև Կիրակոս Գանձակեցին348։

ԱՐՑԱԽ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ 15-րդ դարի երկրորդ կեսին և 16-ի սկզբներին, Մոսկովյան պետության հզորացմանը զուգընթաց, ցարական կառավարությունը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Այսրկովկասի նկատմամբ։ Ռուսաստանը, լինելով քրիստոնյա երկիր, շահագրգռվածություն էր հանդես բերում Այսր­կովկասի քրիստոնյա ժողովուրդների ազատագրման գործում։ Իհարկե, ցարիզմը իրականում հետամուտ է եղել իր ռազմաքաղաքական նպատակներին։ Այս պարագայում էլ հայ ժողովուրդի քաղաքական նկրտումները համապատասխանում էին Ռուսաստանի շահերին և ազատագրման հույսը մարմին է առնում, դառնում շոշափելի։ Սակայն այդ բաղձանքներն ու տրամադրությունները քաղաքական անշեղ ճանապարհի վրա դնելու, երկու ժողովուրդների բարեկամական փոխհարաբերություններն ու գործակցությունը կանո­նավոր դիվանագիտական հունի մեջ առնելու համար ռուսական արքունիքի հետ քաղաքական լեզվով խոսող լիազոր վարչական մարմին էր պետք։

Բուն մայր երկրում չկար քաղաքական որևէ գործոն կամ սոցիալական ներքին որևէ ուժ, որը զորավիգ լիներ կամ ձգտում ու հնարավորություն ունենար օգնելու, միավորելու հայ ժողովրդի ջանքերը, նպատակ ու ընթացք տալու ազատագրական մղումներին։ Նման պայմաններում ռուսական արքունիքի հետ հարաբերությունները վարում էին Արցախի մելիքները, որոնց մոտ վառ էին մնացել հայ­կական պետության գաղափարները, և «գլխավորապես Գանձասարի կաթողիկոսները, որոնք բավականին անկախ էին պարսկական իշխանություններից»349։ «Արցախի հայ ֆեոդալները,- կարդում ենք 1532թ. հիշատակարաններից մեկում,- համարվում են մեր ժողովրդի և ամբողջ քրիստոնյաների պարծանքը»350։

Տակավին 14-րդ դարի սկզբներից Կիլիկիայի հայկական պե­տության ճգնաժամի պայմաններում հայ քաղաքական գործիչները արևմտաեվրոպական տերությունների օգնության մեջ հայ ժողովր­դի ազատագրության երաշխիքներ էին ակնկալում։ Հայ իրականության ազատագրական ձգտումները կողմնորոշվում էին դեպի Արևմուտքի քրիստոնյա տերությունները։ Հռոմի պապի և Եվրոպական միապետների հետ շուրջ երեք դարյա անպտուղ բանակցություններից հետո 17-րդ դարի երկրորդ կեսին հայ քաղաքական միտքը հակվում է դեպի Ռուսաստան։ Դա բացատրվում է հետևյալ պատճառներով.

1. նախ և առաջ հայ գործիչները համոզվեցին, որ Եվրոպական տերությունները լիովին հակված են դեպի Պարսկաստանն ու Թուր­քիան։

2.17-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանը դուրս եկավ միջազ­գային ասպարեզ։

3. Տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը, ընդարձակելով իր պետական սահմանները, մոտեցել էր Այսրկովկասին և ձգտում էր իր ազդեցությունը տարածելով այդ երկրամասի վրա՝ կայսրու­թյան համար ճանապարհ հարթել դեպի Հնդկաստան։ Իսկ այս պայմաններում կամա թե ակամա Ռուսաստանի շահերը պետք է բախվեին Թուրքիայի, Պարսկաստանի, միաժամանակ նրանց հովանավորող Եվրոպական տերությունների հետ։

4. Այսրկովկասում Ռուսաստանին անհրաժեշտ էր քաղաքական մի ուժ, որի վրա հենվելով պիտի իրականացնի իր արևելյան քաղաքականությունը։ Որպես այդպիսի ուժ Այսրկովկասում հանդես էին գալիս Վրաստանը, Սյունիքի և Արցախի մելիքությունները։

5. Չպիտի թերագնահատել նաև ցարական իշխանությունների, մանավանդ Պետրոս Առաջինի հակաթուրքական տրամադրությունը։ Տակավին իննսունական թվականների վերջին, ուղևորվելով Արևմուտք, Պետրոս ցարը հայտարարում էր, որ մշակութային նպատակներից զատ, իրեն գրավում է. «Տիրոջ խաչի թշնամիների, թուրքաց սուլթանի, Ղրիմի խանի և բոլոր մուսուլմանական հորդաների թուլացումը»351։

Հետաքրքիր է այն փաստը, որ ի տարբերություն Հայաստանի մյուս նահանգների քաղաքական գործիչների, Ղարաբաղի աշխարհիկ և հոգևոր տերերը ի սկզբանե իրենց երկրի ազատագրությունը կապեցին ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի հետ։ Նման գործ առաջին անգամ նախաձեռնվեց 1670-ական թվականներին։

1670-1671 թվականներին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմում է ռուսական ցարին՝ հայերին իր հովանավորության տակ վերցնելու խնդրանքով352։ 1677թ. կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ Էջմիածնում հրավիրված գաղտնի ժողովին մասնակցել էին Սյունյաց ու Արցախի հայ մելիքների ներկայացուցիչները։ Նույն այդ նպատակով Հակոբ Ջուղայեցին Գանձասարի կաթողիկոսի հետ գործակցության մեջ է մտել353։

Գանձասարի կաթողիկոսի հորդորանքով Հակոբ Ջուղայեցին, նախ գնում է Վրաստան և վրաց գորցիչների հետ բանակցելով, փո­խադարձ համաձայնությամբ որոշվում է, որ հայերը դիմեն Արևմտյան Եվրոպայի պետություններին, իսկ վրացիները՝ Ռուսաստանին։

Ռուս-Արցախյան քաղաքական կապերի զարգացմանը նպաս­տում էր Պետրոս Առաջինի բարյացակամ վերաբերմունքը։ Պետրոս Առաջինի ժամանակ ռուսաց կառավարության հարաբերություննե­րը հիմնականում Գանձասարի հետ էին354։

17-րդ դարի վերջին 18-րդ դարի սկզբին հայ ժողովրդի ազատագրական շարժումը թևակոխեց նոր փուլ։ Երևան եկան այդ շարժման գաղափարախոսները, որոնք հանդես էին գալիս քաղաքական որոշակի ծրագրով։ Նրանցից մեկն էր իր ժամանակի հայ մեծագույն գործիչ Իսրայել Օրին։ Սյունիքի մելիքական տների հայ­րենասիրական ավանդույթներով դաստիարակված գործիչը շուտով համոզվեց, որ անհրաժեշտ է շեշտակի շրջադարձ մտցնել Հայաստանի մինչև այդ որդեգրված կողմնորոշման մեջ։ Նրա այդ ձեռնարկման առաջին քայլը հանդիսացավ 1699թ. ապրիլի 29-ի Անգեղակոթի հայ մելիքների գաղտնի խորհրդակցությունը։

Ընդունելի է Բագրատ Ուլուբաբյանի այն կարծիքը, ըստ որի Անգեղակոթի ժողովին հրավիրված են եղել նաև Ղարաբաղի մելիքները։

Պատահական չէ, որ առաջին 1699թ. թղթի տակ ժողովատեղ էր հիշատակված Անգեղակոթը, իսկ վերջին բոլոր թղթերի գրության տեղ է նշված Աղվանք գավառը, որ նշանակում է Արցախ։ Վերոհի­շյալ կարծիքի օգտին է խոսում նաև մեկ այլ փաստ։ Հայտնի է, որ Անգեղակոթի ժողովից հետո Օրին,վերադառնալով Դյուսելդորֆ՝ Կյուրֆուրստին հանձնած զեկուցագրում Իրանի դեմ մղվելիք առաջիկա պատերազմում 2-3 հարյուր հազարի էր հասցնում ռազմունակ հայերի թիվը, թեև փաստորեն միայն 5000 մարտիկներով էր նրանց մասնակցությունը խոստանում Երևանի առման համար մղվելիք մարտերին։ Ըստ երևույթին, Օրին ի նկատի ուներ Խամսայի 5 մելիքների հազարական զինական ուժը։

Անգեղակոթի ժողովը որոշում կայացրեց հատուկ նամակ ու­ղարկել Պետրոս առաջինին՝ խնդրելով աջակցել հայերին ազատվելու անհավատների ծանր լծից356։ Ապա նամակում ասվում է. «մեր մտադրությունն է, որպեսզի մենք և մեր բոլոր ժողովուրդները, մեծ թե փոքր, հանձնվենք ձերդ մեծության իշխանությանն ու կառավար­մանը… և խոստանում ենք մեր կյանքն ու մեր ամբողջ ունեցվածքը ի ծառայություն ձերդ մեծության և այս գործի»357։ Հայ ժողովուրդը վստահ է, այնուհետև ասվում էր նամակում, որ գալու է. «Մոսկվայի տնից ոմն իշխան, Ալեքսանդր Մեծից էլ քաջ մեկը, որը վերցնելու է Հայոց թագավորությունը և ազատելու է քրիստոնյաներին»358։

Իսրայել Օրին մեծ ակընկալիքներ ուներ Արցախի մելիքներից։

1701թ. Մոսկվայում իշխան Գոլովինի հետ ունեցած զրույցում ակնարկում է, որ Մեծ Հայքում կա հինգ նահանգապետ, որոնք ռու­սական զորքերի մոտենալու դեպքում «24 ժամ էլ չի անցնի, որ նրանք կքշեն անհավատներին և 15 օր էլ չանցած, կտիրեն ամբողջ երկրին»359։ Անգեղակոթի ժողովը լիազորագիր և մելիքների կողմից ստորագրված, բայց չգրված թուղթ տվեց Իսրայել Օրուն, նրան լիազորելով իրենց անունից դիմումներ գրել։ Հետագայում, Մոսկվայում Օրին այդ իրավասու թղթերը օգտագործում է։ Այս առթիվ Ա.Հովհաննեսյանը գրել է. «1703թ. խմբագրած նրանց դիմումներն անմի­ջականորեն համընկնում էին եթե ոչ Ղափանի մելիքների, գեթ Ղարաբաղի մելիքների և մանավանդ սրանց քաղաքական ղեկավարի՝ Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի տրամադրությանը»360։

Հայաստանում տեղի ունեցած հետագա դեպքերն արդարացրին Իսրայել Օրու վարգագիծը։ Թե՛ մելիքները, թե՛ Գանձասարի կաթո­ղիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, որ կաթողիկոս ընտրվելու օրից՝ 1703 թվականից սկսած դարձավ ազատագրական պայքարի ան­խոնջ մարտիկներից մեկը, նորանոր դիմումներ հղեցին ռուսական պետությանը՝ հայերին օգնելու և Հայաստանն ազատագրելու խնդրանքով։

Մեզ են հասել մելիքների անունից կազմված գրություններ, որոնք 1703թ. ներկայացված են եղել Մոսկվայի դեսպանական պրիկազին և հաստատում են հայ մելիքներին Օրիի արած այն հավաստիացումը, թե ցարը բարեհաճ տրամադրություն է հայտնել՝ շվեդական պատերազմից հետո իր ձեռքն առնելու Հայաստանի ազատագրման գործը361։ Վերոհիշյալ գրություններին նախորդել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի բանակցությունների արդյունքների հաղորդումը հայ մելիքներին, Գանձասարի ու Էջմիածնի կաթողիկոսներին։ Այդ առաքելությամբ 1702թ. Գանձասարում և Էջմիածնում եղավ Մոսկվայում ապրող մի հայ կապիտան Միրոն Վասիլևը։

Նամակներում Օրին կաթողիկոսներին և մելիքներին հորդորում էր, որ նրանք նախապատրաստվեն մասնակցելու ազատագրական պայքարին և իրենց կողմից դիմումներ հղեն ռուսական պետությանը։

Գալիք պարսկական արշավանքի մանրամասները նախա­պատրաստելու համար Պետրոս առաջինը անհրաժեշտ գտավ հետախուզել ապագա ռազմական գործողությունների թատերաբեմը և պարզել Այսրկովկասի ժողովուրդների տրամադրությունները՝ Ռուսաստանի հանդեպ։ Օրին պատրաստակամություն հայտնեց մասնակցելու հետախուզական այդ աշխատանքներին։ Նա առիթը փորձում էր օգտագործել, մանավանդ, հայ մելիքների հետ իր կապերն ամրապնդելու համար։ Արքունիքը նպատակահարմար գտավ, որ դեսպանությունը գլխավորի հենց ինքը՝ Օրին։ Իր առաքե­լության ընթացքում Օրին հանդիպումներ ունեցավ Գանձասարի Եսայի կաթողիկոսի և Արցախի մելիքների հետ։ ժամանակի ամենալուսավորյալ անհատներից մեկը՝ Եսայի Հասան-Ջալալյանը սեր­ված լինելով Առանշահիկների հինավուրց նախարարական տոհմից, արտահայտում էր ոչ միայն հայ հոգևոր և աշխարհիկ, այլև բովանդակ արցախահայության ձգտումներն ու տրամադրությունները։ Ռուսաստանի և Ուկրաինայի հայ եկեղեցական համայնքները Գանձասարի կաթողիկոսությանը ենթարկելու նպատակին հետամուտ՝ Եսային քաղաքական շեշտված հակում ուներ դեպի Ռուսաստանը։ Հայ իշխող դասի ներկայացուցիչների մեջ առաջիներից մեկն էր նա, որ ի սկզբանե հակված էր դեպի Օրիի մոսկովյան ծրագիրը և հետագայում հանդես եկավ որպես այդ ծրագրի կենսագործ­ման եռանդուն պրոպագանդող և կազմակերպիչ։ Այդ հանդիպումը առավել կարևորվում է, որովհետև Արցախի հայ տերերը սերտ կապեր և ազդեցություն ունեին ոչ միայն հայկական ողջ լեռնաստանի, այլև հայաշատ վայրերի վրա։ Օրիի Արցախի մելիքների հետ հանդիպման մասին է վկայում հայ գործիչների 1721թ. նամակը՝ հասցեագրված Պետրոս Առաջինին։ Նամակի հեղինակները վկայում են, որ Օրին տեղեկացել է իրենց երկրի բոլոր եկամուտների, ճանապարհների, մետաքսի արտադրության և Պարսկական զորաբանակի մասին։ Եսայի կաթողիկոսից և Ղարաբաղի չորս վանահայրերից զատ, այդ նամակի տակ կա Ջրաբերդի Մելիք-Եսայու ստորագրությունը362։

Հայ ժողովրդի բաղձանքները անձամբ Պետրոս Առաջինին հաղորդելու համար, 1710թ. Եսայի կաթողիկոսը Պարսկաստանից վերադարձող Օրու դեսպանությանը միացավ և ուղևորվեց դեպի Ռու­սաստան։ 1711թ. Աստրախանում չպարզված հանգամանքներում Օրին մահացավ։ Նրա գործը շարունակեցին Եսայի Հասան-Ջալալյանը, Արցախի մելիքները, Մինաս Վարդապետ Տիգրանյանը։ 1716թ. Գանձասարում Մինաս վարդապետը հանդիպեց Եսայի Հասան-Ջալալյանի հետ, նպատակ ունենալով ճշգրտելու հետագա գործողությունների ծրագիրը։ Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Ղարաբաղի մելիքների անունից դիմեց Պետրոս Առաջի­նին՝ խնդրելով նրանց վերցնել Ռուսաստանի հովանավորության տակ «…Յառաջ քան զայս առաքեալ ի քումմ է թագավորութեն Իսրայէլ Օրի դեսպանն եկն երկիրս Հայոց և զհամբավ բարեյաղթութեանդ սփռեալ տարածեաց ի լսելիս մեր ամենեցուն…: Իսկ այժմ կրկին առաքեալ ի մեծէ թագավորութենեդ եղբայրս մեր զՄինաս վարդապետս, որ ի յազգէ մերմէ, եկն եհաս երկիրս մեր և առ մեզ և զբարի և աստուահաճոյ մեզ, և մեր լսելով զուարճացաք և ցնծուցաք ի հոգի և ի մարմին և յօժար սրտիվ կամիմք ընդ հովանեավ թևոց քոց լինիլ… մեք պատրաստք եմք ընդ առաջ քո ըստ իմուն կարողութեանս և մեր նահանգիս մէլիքովս և մեծամեծովք և փոքումբք և յորժամ կամեսցի հզօր և մեծ թագավորդ յաճապարել այսր կամօքն աստուծոյ…»363։

Այսպիսով, երկարատև փնտրտուքից հետո 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարի սկզբներին Գանձասարի կաթողիկոսների և Արցախի մելիքների ջանքերի շնորհիվ հայ իրականության մեջ առաջացած ազատագրական ձգտումները կողմնորոշվում էին Ռուսաստանից հայ ժողովրդի ունեցած ակնկալությունների օգտին։

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՔՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրության հարցը դարձավ հայկական դիվանագիտության առանցքը։ Հայտնի է, որ դրա արդյունքն է նաև 1722-30թթ. Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան հարյուրապետի և Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորած ազատամարտը Սյունիքում և Արցախում։

Վերոհիշյալ ժամանակահատվածում Այսրկովկասը Ռուսաստանին միացնելու հարցը ռուսական դիվանագիտության համար ձեռք բերեց հատուկ նշանակություն։ Այս ընթացքում կառավարական շրջանակներում առաջ էին քաշվում դեռևս Պետրոս Առաջինի օրոք կազմված մերձկասպյան արշավանքների ծրագրերի իրագործման նախագծերը, որտեղ նորից առաջնային դերակատարություն էր վերապահվում Արցախի մելիքներին։ Իբրահիմ խանից հալածական մելիքների մոտ դեռևս կենսունակ էր հյուսիսի մեծ հարևանի օգնությամբ երկրի փրկության հրագիրը։ Նրանք ճիգերի վերջին լարումով իմի բերելով երկրամասի տնտեսական և ռազմական կարողությունները նորից լծվեցին հայկական պետականու­թյան վերակերտման գաղափարին։

1769թ. հունիսին Հերակլ Երկրորդի կազմած և Ռուսաստան առաքած «Վրաստանին կից երկրների նկարագրությունից» գրության մեջ ասված է. «Խամսան մի երկիր է, որտեղ կան յոթ մելիքություններ։ Նրանք բոլորը քրիստոնյաներ են, դավանանքով՝ հայեր, և սրանք ևս պարսից թագավորի արքունիքին հարկատու են եղել։ Երբ քայքայվեց Պարսից թագավորությունը, այնտեղի քոչվոր ցեղերից մեկի առաջնորդը, որ մահմեդական էր տոհմով՝ ջոանշեր, հզորացավ և այս Խամսայի կենտրոնում կա հնուց ի վեր ամուր բերդ, խաբեությամբ գրավեց այն։ Մի քանի անգամ մեր և այս ջոանշերի միջև տարաձայնություններ եղան և զօրությամբն աստծու մեզանից և մեր զորքերից պարտվեցին և ավերվեցին, ո՛չ այն քրիստոնյա հայերը, ո՛չ, այլ միայն այն ջոանշերները։ Այժմ այնպիսի պատճառներ ծագեցին, որ մեր և նրանց միջև խաղաղություն է տիրում։ Խամսան ունի մեծ ամրություն, շատ լեռներ՝ անտառապատ ու ժայռաշատ և դաշտե րունի ջրառատ, հույժ բերքատու։ Իր երկրում ջոանշերը կարող է հավաքել երկու հազար հինգ հարյուր զինվոր, իսկ հայերը հանդես կգան չորս հազար հինգ հարյուր։ Այս երկիրը գտնվում է հարավ արևելյան մասում և տիրում են սրանք մինչև Ղարաբաղի և Գանձակի սահմանները և գտնվում են Շիրվանի, Նախիջևանի, Գանձակի ու Ղարադաղի միջև։ Այս Խամսայի բնակիչները շատ քաջ են, պատերազմող և խիզախ, և այս մելիքների միջև վրեժխնդրության և թշնամության ծագումը ջոանշերների ձեռքը գցեց այս հայերին»364։

Դեպի Այսրկովկաս կատարվելիք արշավանքը ռուսական կառավարությունը մտադիր էր իրականացնելու նշանավոր զորավար Ա.Սուվորովի հրամանատարությամբ։ Սուվորովը ապագա արշավանքի հաջողությունը կապում էր Արցախի մելիքների եռանդուն գործունեության հետ։ Մելիքների և Սուվորովի կապը իրականաց­վում էր Հ.Արղությանի և Հովհ.Լազարյանի միջոցով։ 1780թ. Սուվո­րովը Հովհ.Լազարյանից զեկուցագիր է ստանում Հայաստանի քաղաքական դրության մասին, որտեղ նշվում է, որ «Հայաստանը ամայացած է, բնակչության մեծ մասը ստիպված է բնակություն հաս­տատել տարբեր տեղերում, սակայն հայ մելիքները Ղարաբաղում դեռևս պահպանում են իրենց անկախությունը և անհրաժեշտ դեպ­քում կարող են հանել իրենց զորքերը, որպեսզի վերականգնեն հայ­կական պետությունը, միայն թե անհրաժեշտ է Ռուսաստանի ռազ­մական և տնտեսական օգնությունը…»365։ Սուվորովը ցանկություն է հայտնում ժամանել Ղարաբաղ և տեղում ծանոթանալ գործերի վիճակին, նույնիսկ կազմում է Հայաստանի քարտեզը, որը ներառում էր գլխավորապես Ղարաբաղի մելիքությունները։ Ղարաբաղի մելիքները նաև ուղղակի նամակներ էին հղում ռուսական կառավարությանը, որի մեջ հայտնում են իրենց հպատակությունը և խնդ­րում օգնել ազատագրելու իրենց երկիրը։ Այդ նամակներում մելիք Բեգլարը և մելիք Հաթամը իրենց համարում էին «Հայոց թագավորաց ազնիվ զինվորաց մնացեալ ժառանգք»366։

Սուվորովը, որի մայրը ծագումով արցախցի էր, մեծ հռչակ ուներ Ղարաբաղի հայերի մեջ և մելիքները ձգտում էին ապագա արշավանքը գլխավորի մեծ զորավարը։ «Խնդրում ենք,- գրում են մելիք­ները,- մինչև 10 հազար հետևակ և գոհ կլինենք, եթե դա իրականացվի գեներալ պորուչիկ Սուվորովի գլխավորությամբ»367։

Սակայն շուտով Սուվորովին տեղափոխում են Կազան և նրան այլևս չվիճակվեց զբաղվելու Այսրկովկասի հարցերով։ Ռուսական կառավարության հանձնարարությամբ այդ հարցով զբաղվում էր Գ.Ա. Պոտյոմկինի ամենավստահելի բարեկամներից մեկը՝ նրա ազ­գական գեներալ պորուչիկ Պ.Ս. Պոտյոմկինը։ Իր նախորդների պես նա ակտիվ շփումներ ունեցավ հայ երևելի գործիչների, հատկապես Հ.Արղոթյանի և Հովհ.Լազարյանի հետ։ Պ.Պոտյոմկինը մանրա­մասն տեղեկություններ էր հավաքում Այսրկովկասում ստեղծված քաղաքական և տնտեսական կացության մասին։

18-րդ դարի 80-ականների սկզբին ռուսական արքունիքում նոր եռանդով սկսեցին քննարկել Հայաստանի ազատագրության հար­ցը։ Այդ ծրագրերում ամենասուր ուշադրություն էր դարձվել իրական ուժի՝ Արցախի մելիքների վրա։ 1783թ. ապրիլի 25-ին Գրիգորի Պոտյոմկինին հասցեագրված իր նամակում Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը հիշեցնում էր, թե «առանձնապես ջանադիր են մելիք­ները, առավել ևս Արցախի մելիքները՝ լինելով անկախ, ինքնիշխան, ունեին բավական թվով զորք և պարենի տեսակետից էլ, հավատացած են, ձերդ վսեմ գերազանցությանն են հասցրել»368։ Ռուսական արքունիքը փորձում էր Արցախի մելիքությունները ապագա Հայաստանի քաղաքական հիմքը դարձնել, իսկ մելիքներից մեկին կարգել հայոց պետության թագավոր։ Այդ առթիվ 1783թ. ապրիլի 6-ին Գ.Ա.Պոտյոմկինը հրահանգ է տալիս Պ.Ս.Պոտյոմկինին. «Շուշիի Իբրահիմ խանին պետք է հեռացնել, որովհետև դրանից հետո Ղարաբաղը կկազմի բացի Ռուսաստանից ոչ ոքից կախյալ հայկական նահանգ։ Դուք այդտեղ օգտագործեք ամեն ջանք, որպեսզի այս նոր նահանգը կազմակերպի ժողովրդի համար առավել նպատակահարմար ձևով։ Դրանով հայկական այլ խոշոր նահանգներ ևս կհետևեն նրա օրինակին կամ մեծ քանակությամբ կգան Ղարաբաղ»369։

Զարգացնելով և կարևորելով այս գաղափարը Գ.Ա. Պոտյոմկինը 1783թ. մայիսի 19-ին Եկատերինա 2-ին ուղղված զեկուցագրում ասում է. «Չունենալով դեռևս ձերդ կայսերական մեծության հրամանը ես կարգադրություն եմ արել գեներալ պորուչիկ Պ. Պոտյոմկինին Շուշիի Իբրահիմ խանի մասին, որը կմոտեցնի նրա հնազանդությունը։ Այստեղ հարկ է նախատեսել, որպեսզի հարմար առիթով նրա նահանգը, որը բաղկացած է հայ ժողովուրդից տրվի ազգային կառավարման և դրանով իսկ վերականգնվի Ասիայում քրիստոնեական պետություն, ձեր գերագույն կայսերական մեծության խոստումների համաձայն՝ տրված իմ միջոցով հայ մելիքներին»370։

Դեպքերի հետագա զարգացումը, ապացուցեցին, որ ռուսական արքունիքը ըստ էության, ոչ մի նպատակ չուներ Խամսայի մելիքու­թյունների հիմքերի վրա վերականգնել հայկական պետականու­թյունը։ Պարզապես երկդիմի քաղաքականությամբ փորձում էր ստանալ հայերի համակրանքն ու առանց պատերազմի իրեն ենթարկեցնել Իբրահիմ խանին։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները լավ էին հասկանում, որ առաջ քաշելով անկախ Ղարաբաղի գաղափարը, այդ ճանապարհով կստիպեն Իբրահիմին ընդունել իրենց հպատակությունը։ Իսկ հայերի հարցում, նրանք վստահ էին, որ սիրաշահելու միջոցով մշտապես կվայելեն նրանց համակրանքը։ Մի առիթով Եկատերինա 2-րդը ասել է. «…միայն զենքի ուժով չէ, որ հաղթում են ժողովուրդներին… այլ պետք է նվաճել նրանց վստահությունը․․․ նվաճել սրտերը․․․, որի համար պետք է ամեն կերպ սիրաշահել և մեր կողմը գրավել ժողովուրդի լավագույն մարդկանց»371։

Հայոց ազատագրության ամենավճռական պահին Իբրահիմ խանը հերթական անգամ ցույց է տալիս իր դիվանագիտական ճկնությունը և հպատակություն է հայտնում Ռուսաստանին։ Այդ առթիվ Գրիգորի Պոտյոմկինը զեկույց ներկայացրեց Եկատերինա 2-ին, որտեղ հարցնում է, թե հարմար չի լինի արդյոք «այս անգամ շոյենք Իբրահիմին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա մեր բռի մեջ լինի»372։ Եվ այդպես էլ կատարվում է։

1783թ. նույն մայիսի 19-ին Գրիգորի Պոտյոմկինը հրահանգ է տալիս Պավել Պոտյոմկինին. «…Շուշիի Իբրահիմ խանի հնազանդության և հպատակության մասին նրա խնդրանքը ավելորդ են դարձնում նրա հեռացումը։ Ձերդ գերազանցություն, առանց իրականացնելու նախորդ հրահանգը նրա տապալման մասին, հաղորդեք նրան միայն, որ հարկը, որը ռուսական թագուհին կբարեհաճի հարգել, հավատարմությունն է։ Եվ, այդպես, եթե նա աներեր կմնա դաշինքի մեջ և մշտապես պատրաստ կատարելու գերագույն հրամանները, ապա այդպիսի պայմաններում կարող է հուսալ հպատակության մեջ ընդունումը»։ Իսկ Արցախի հայերին սիրաշահելու համար հրահանգ է տալիս « ․․․աշխատեք փաղաքշել հայերին և ներարկել նրանց մեջ բարի կամեցողություն դեպի Ռուսաստանը, որ­պեսզի նրանց միշտ ջանադիր և պատրաստ ունենալ օգտագործելու այն ձեռնարկումների համար, որոնք հանգամանքներն ու մեր գոր­ծերի շահերը կպահանջեն»373։

Գ.Պոտյոմկինը արդեն սկսում է հովանավորել Իբրահիմին և քայլեր է կատարում, որոնք հետին պլան էին մղում հայոց ազատագրության հարցը։ Այդ էլ այն դեպքում, երբ Իբրահիմի բանագ­նացները լորձնաշուրթն հավատարմագրերով միաժամանակ թակում էին ռուսական, թուրքական և պարսկական արքունիքների դռները: Թուրքական սուլթանին ուղղված խնդրագրում նա ասում է. «Ամենապայծառափայլ բարձրյալիդ զեկուցում եմ, որ պատվիրակն եմ դարձնում ինձ վսեմագույն Դռան, որտեղ հենց հրեշտակներն են ապրում և նրանից են հորդում առատություններն անծայր, քան ծո­վը, ամբողջ իմ կյանքը, կարողությունը, հողերն ու ժողովուրդները ոտքի փոշին են փոխանորդի մեր մեծ մարգարեի։ Ողորմագութ տեր, …քեզանից օգնություն եմ սպասում և եթե զորացնենք մեզ, ապա մեր օրենքի թշնամիներին մենք գլխիվայր գդնենք»374։ Չմոռանալով Պավել Պոտյոմկինին հայտնել, թե ինքը վաղուց ի վեր ցանկություն է ունեցել դառնալու «ամենամեծաշուք Ռուսական գահի և անսպառ առատաձեռնությամբ գահակալող կայսրուհու հավատարիմ ու հաճակատար ստրուկը»375։

Դիվանագիտական քայլերի հետ միաժամանակ Իբրահիմ խանը եռանդուն նախապատրաստվում է Ռուսաստանի հնարավոր առաջխաղացումը կանխելու համար։ Այդ նպատակով նա հիմնում է Ասկերանի բերդը, միաժամանակ մելիքներից աշխատուժ պահանջում Շուշի բերդաքաղաքի պարիսպները անմատչելի դարձնելու համար։

Ռուսական արքունիքի քաղաքական վայրիվերումներն ու հակասական դիրքորոշումը ողբերգական է դառնում Արցախի հայու­թյան համար։ Որերորդ անգամ ռուսական օգնության խոստումներից խրախուսված, նրանք ըմբոստանում են խանի դեմ։ Խանն էլ առերես հպատակություն հայտնելու ճանապարհով, նույն ռուսական իշխանություններից իրեն ապահովագրած, դաժանորեն ճնշում, կողոպ­տում էր հայերին, քայքայում մելիքների ուժերը։ Արցախահայությունը ապրում էր նմանօրինակ տագնապալից օրեր, երբ սկսվեց Աղա Մուհամմադ խանի արշավանքը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ 18-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ։ 18-րդ դարի վերջերին գահին տիրելու համար Իրանում նորից պայքար սկսվեց։ 1794թ. թուրքական ծագում ունեցող Կաջարների ներկայացուցիչ ներքինի Աղա Մուհամադ խանը իրեն շահ է հռչակում, որից հետո եռանդուն գործունեություն ծավալում Իրանի տի­րապետությունը Այսրկովկասի վրա վերահաստատելու և ռուսների առաջխաղացումը կանխելու համար։ Շուտով նա պահանջ ներկայացրեց վրաց Հեարակլ 2–րդ արքային՝ խզել իր կապերը Ռուսաստանի հետ և անվերապահորեն ենթարկվել Իրանին։ Նա հպատակու­թյուն էր պահանջում նաև Այսրկովկասի տարածքում եղած խանու­թյուններից։ Սակայն Հերակլ 2-րդ արքան, որն ապավինել էր Ռուսաստանի հովանավորութանը, մերժեց այդ պահանջը։ Աղա Մուհամադ խանը մերժում ստացավ նաև Ղարաբաղի Իբրահիմ խանից։

Աղա Մուհամմադ խանին առավել շատ անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Այդ էր պատճառը, որ նա խոստացավ մելիքներին հաստատել իրենց իշ­խանություններում և տապալել Իբրահիմ խանին, եթե նրանք ենթարկվեն պարսից շահին։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին սպառնալիքներով ուղեկցվող այդ պահանջը։ Դեռ ավելին, նրան դիմակայելու համար անգամ դաշնակցեցին Իբրահիմ խանի հետ։ Միայն շրջահայացություն ցուցաբերեց Ջրաբերդի մե­լիք Մեժլումը՝ միանալով Աղա Մուհամմադ խանին Իբրահիմ խանին տապալելու համար։ Արցախի անհնազանդ տերերին պատժելու նպատակով 1794թ. ամռանը Սուլեյման Շահզադեի զորքերը մտնում են Արցախ և խայտառակ պարտություն կրում376։

Արցախում կրած պարտությունը կատաղեցնում է Աղա Մուհամմադ խանին և նա դաժանությամբ պատժում է ողջ վերադարձած զորապետներին։

Եվ ահա, 1795թ. պարսկական 80000-անոց խառնիճաղանջ բա­նակը, անձամբ Աղա Մուհամմադ խանի գլխավորությամբ անցնում է Արաքս գետը, մտնում Արցախ և պաշարում Շուշի ամրոցը։ Աղա Մու­համմադ շահը չի կարողանում կոտրել Շուշիի պաշտպանների դի­մադրությունը։ Արցախցի մի ծերունու պատմածի հիման վրա Վարդան Օձնեցին նկարագրում է, թե ինչպիսի խիզախություն են դրսևորել Շուշի ամրոցը պաշտպանելիս 60 հայ քաջորդիներ, որոնք ծածուկ դուրս գալով ամրոցից՝ հանկարծակի հարձակում են գործել թշնամու վրա, խուճապի մատնել և մեծ կորուստներ պատճառել նրանց377։

Քիչ նեղություն չէին կրում շահի զորքերը նաև այն 12 հազար հայ ընտանիքներից, որոնք ամրացել էին Շուշին շրջապատող կիր­ճերի մեջ և շարունակ թիկունքից հարվածում էին պաշարողնե­րին378։ Շուշիի ամրոցի պարիսպների տակ կրած պարտության համար, Աղա Մուհամմադ խանի հրոսակները վրեժխնդիր են լինում անզեն ժողովրդից։ Պարսից շահը առանձնակի դաժանություն էր ցուցաբերում գերի ընկած բերդապահ հայերի նկատմամբ։ Նա հրամայեց ձիերը պայտել այնպես, որ պայտերը լինեն սմբակների երեսին, իսկ մեխերը դուրս ցցված լինեն սմբակների տակից։ Ապա փռել տվեց գերիներին գետնի վրա և այդպես պայտած ձիերով կոխկրտել տվեց նրանց։ Սմբակներից դուրս ցցված մեխերը կատարելապես հոշոտեցին, մսի և արյան զանգված դարձրին այդ թշվառնե­րին379։

Չկարողանալով գրավել Շուշին, Աղա Մուհամմադ խանը, ասպատակելով Շուշիի շրջակայքում գտնվող հայկական բնակավայրերը, շարժվում է դեպի Թիֆլիս։ Քաղաքի բնակիչների մի մասը սրի է քաշվում, իսկ մնացածները տարվում են գերի։

Յոթ օր քաղաքը թալանելուց, ավերելուց հետո, շահի զորքերը՝ հարուստավարով և հազարավոր գերիներով ծանրաբեռնված շարժվում են Մուղանի դաշտ՝ այնտեղ ձմեռելու։ Մինչև այդ շահը փորձեց հնազանդեցնել Շամախու և Նուխու խաներին։ Բայց նրա զորքերը պարտություն կրեցին։ Կատաղած շահը իր թույնը թափեց Թիֆլիսից բերած գերիների վրա։ Ավելի բարբարոսական պատիժ շահը պատրաստել էր Արցախից բերված 52 հայ գյուղապետների համար, որոնք ձերբակալվել էին Շուշու պաշարման ժամանակ։ Նրա հրամանով շինվեց մի քարակիր պատ 52 նեղլիկ ծակերով, որոնց մեջ մտցրին գյուղապետների գլուխները։ Ապա պատի մյուս կողմից նրանց պարանոցներին անցկացրին հաստ պարաններ, որոնց ծայրերը կապեցին ամեհի ջորիների գավակներին ու հարված­ներով ստիպեցին անասուններին քաշել այդ պարանները և նրանք այնքան քաշեցին, որ թշվառների գլուխները պոկվեցին380։

Աղա Մուհամմադ շահի հաջողությունները Այսրկովկասում թու­լացրեց Ռուսաստանի հեղինակությունը տարածքաշրջանում։ Այն վերականգնելու համար ցարական իշխանությունները անհապաղ միջոցառումներ ձեռնարկեցին։ Սկզբում՝ ռուսական կառավարու­թյան որոշմամբ 1795թ. դեկտեմբերին Թիֆլիս է ժամանում 2000 հոգուց բաղկացած ռուսական մի ջոկատ՝ Վրաստանը Աղա Մուհամմադ շահի նոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Օգտվելով առիթից, որ Խորասանում բռնկված խլրտումները ճնշելու համար Պարսկաստան է ճանապարհվել Աղա Մուհամմադը, 1796թ. գարնանը ռուսական արքունիքը գործնականորեն նախա­պատրաստվում է արշավանքի։ Ռուսական էքսպեդիցիոն կորպուսը գլխավորելու էր կոմս Վալերիան Զուբովը։ Վերջինիս Եկատերինա կայսրուհու խնդրանքով ուղեկցում էր արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը որը քաջատեղյակ էր Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող քաղաքական կացությանը։

1796թ. մայիսի 10-ին ռուսները գրավում են Դերբենդը։ Ռուսական զենքի համար արշավանքը սկզբից ևեթ բարեհաջող էր։

Շուտով ռուսներին են հանձնվում նաև Ղուբան, Շամախին ու Բաքուն381։ Ռուսական զորքերի այս հաջողությունները պայմանավորված էին նաև այդ վայրերի հայերի աջակցությամբ։ Հովսեփ Արղությանի կոչով ամենուր ստեղծվում են կամավորական ջոկատներ։Ռուսական իշխանությունները Այսրկովկասի քրիստոնյաներին ոգևորելու նպատակով հայտարարվել է, որ պատերազմական ձեռնարկության ամենագլխավոր նպատակն էր՝ «վերականգնել Հերակլի իշխանությունն իր կալվածքներում, հայ մելիքներին և նրանց հպատակ Ղարաբաղի բնակիչներին դնել միմիայն Ռուսաստանից կախված դրության մեջ»382։

1796թ. աշնանը կոմս Վ․Զուբովը համալրում է ստանում և հոկ­տեմբեր ամսին մի զորաջոկատ՝ գեներալ Ս․Մ․ Ռիմսկի-Կորսակովի հրամանատարությամբ ուղարկում Գանձակի վրա։ Քաղաքը գրավելուց հետո նրանք պետք է միանային ռուսական հիմնական ուժերին և հասնեին Կուր ու Արաքս գետերի խառնվելու վայրը։ Հովսեփ Արղությանը այնուհետև խորհուրդ է տալիս «անցնել Կուր գետը և, կանգ առնելով Մուղանի դաշտում, հրաման տալ Շուշու Իբրահիմ խանին, որ նա ինքը գա ձերդ պայծառափայլության մոտ կամ գոնե ուղարկի իր ավագ որդուն հայ մելիքների հետ։ Ձերդ պայծառափայլության այդ հրամանի կատարումը կդառնա Իբրահիմի դեպի Ռուսաստանն ունեցած հավատարմության և ջերմեռանդության ապացույց։ Այնտեղ բոլոր կարևոր գործերը վերջացնելուց հետո կարելի է անարգել գնալ Թավրիզի կամ Արդեբիլի վրա, ուր որ ավելի հարմար կդիտվի։ Իսկ հիշյալ Իբրահիմ խանից անհրաժեշտ է պահանջել նրա որդուն հազար զինվորների հետ և հինգ հայ մելիքնե­րին՝ նրանց հինգ հազար զորքերի հետ, զանազան գործողություննե­րի համար, մասնավորապես իբրև առաջապահ գնդեր, որովհետև նրանց խորթ չի պատերազմական ոգին։ Իսկ եթե Շուշու խանը ձեր հրամանը կատարել չկամենա, այդ կլինի նրա անհավատարմու­թյան և խորամանակ խաբեության բացարձակ ապացույց։ Այս դեպքում կարելի է գործադրել հայ մելիքներին, որոնք հարմար զենք կդառնան նրան պաշտոնազուրկ անելու և բարձր աստիճանից ու բերդից զրկելու համար, իսկ այնուհետև ամբողջ Ատրպատականը կարելի է հնազանդության մեջ պահել առանց զենքի։ Հայ զորքի թի­վը, ի մեծ օգուտ Ռուսաստանի, կբազմապատկվի և կհասնի մեծ քանակության, և բոլոր ձեռնադրությունները վերջիվերջո կհանգեն բարեհաջող վախճանի։ Շուշու խանը, իր կարծիքով, իր բերդերը համարում է անառիկ, բայց այդ կարծիքի վերաբերմամբ կարող է հեշ­տությամբ խաբված լինել, որովհետև նրա բերդը և ուժն առավելապես հայերն են կազմում, որոնք թեև կտրիճ ու քաջ են, բայց ճշմարտապես անձնատուր եղած լինելով ռուսաց գահին, ոչ միայն զենք չեն վերցնի ռուսների դեմ, այլև ամեն կերպ կաջակցեն Իբրահիմի կորուստյան, եթե նա ուխտադրուժ կհանդիսանա։ Պետք է միայն հայ մելիքներին գաղտնաբար հուսադրել նորին մեծության ողորմությամբ և հովանավորությամբ»383։ Իբրահիմ խանը կեղծավորաբար ջերմ հարաբերություններ պահպանելով Զուբովի հետ, միաժամանակ ռուսների դեմ դիվային ծրագրեր էր մտմտում։ Իբրահիմ խանն իր մոտ կանչեց Վարանդայի մելիք Շահնազարի որդի մելիք Ջումշուդին և մահ սպառնաց նրան, եթե հայերի մեջ ռուսամետ շարժում նկատի։ Միաժամանակ նա Նուխու և Շամախու խաների հետ հակառուսական դաշինք կնքեց։ Դրանից հետո Իբրահիմ խանը դավադրություն կազմակերպեց Զուբովի դեմ, բայց հաջողություն չու­նեցավ։

Որերորդ անգամ Այսրկովկասի քրիստոնյա բնակչության ոգևորությունը մթագնեց Ռուսաստանից ստացված վատ լուրով։ Սուրհանդակը ռուսական զորքերին ետ դառնալու հրաման բերեց։ 1796թ. նոյեմբերի 6-ին մահացել էր Եկատերինա II-ը և նոր կայսր Պավել I-ը, կամենա լով իր ուշադրությունը նվիրել եվրոպական գործերին, միաժամանակ լինելով իր մոր քաղաքական ծրագրերի հակառակորդը, չէր ցանկանում շարունակել այդ արշավանքը։ Ռուսական զորքերի հեռանալը ծանր հարված էր հայության համար։ Ժողովուրդն ապրում էր տագնապալից օրեր։ Մշտապես կրկնվող պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի, Սյունիքի և Գանձակի շրջաններում սովն ու մահտարժամը սովորական երևույթներ էին։ Հայության մի մասը ստիպված լքում էր իր հայրենիքը, հեռանալով Վրաստան և Ռուսաստան։

Աղա Մուհամմադ շահը, ճնշելով Խորասանում ծագած ապստամբությունը, սկսեց եռանդով նախապատրաստվել Այսրկովկաս ներխուժելու համար։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո, 1797թ. գարնանը Աղա Մուհամմադ շահը նոր արշավանք սկսեց դե­պի այսրկովկասյան երկրները։ Շահն Խուդափերինի կամուրջով, անցնելով Արաքսը, շարժվում է դեպի Շուշի։ Ղարաբաղի Իբրահիմ խանն իր մերձավորներով լքում է ամրոցի պաշտպաններին և ապաստանում Դաղստանի Ումմա խանի մոտ։ Այս անգամ Աղա Մու­համմադ շահը գրավում է Շուշին և ավերում այն, սրի անցկացնում բնակչությանը։ Շահի դաժանություններից զերծ չէին մնում նաև իր իսկ անմիջական սպասավորները։ Եվ նրանցից մեկը՝ Սաֆար Ալին, գիշերով մտնում է շահի ննջարանը ու դաշույնի հարվածներով վերջ դնում բռնակալի ոճրաշատ կյանքին384։ Դրանից հետո պարսից զորքը խառնիճաղանջ խմբերով հեռանում է դեպի Իրան, ուր պայ­քար էր սկսվել իշխանության համար։

ԱՐՑԱԽԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ։ 18-դ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին սկսվում է արցախահայության ազատագրական պայքարի և Ռուսաստանին միացման եզրափակիչ փուլը։ Արցախահայությունը ապրում էր թերևս իր պատմության ամենատագնապալից ու մղձավանջային օրերը։ Աղա Մուհամմադ շահի և Հյուսիսային Կովկասի խառնամբոխ ցեղերի պարբերաբար կրկնվող ասպատակությունները, Իբրահիմ խանի խարդավանքներն ու հայաջինջ քաղաքականությունը քամել էին Արցախի կենսատու ուժերը։ Այս ամենին գումարվեց երաշտն ու բնական մյուս աղետները։ Երկրամասում մոլեգնում էին սովն ու համաճարակ հիվանդությունները։ Ավանդությունները պատմում են, որ մարդիկ գերեզմաններից հանում էին նոր թաղած մեռելներին և ուտում, հարձակումներ գոր­ծում գերիներ խլելու և մորթելու համար, երեխաներից մի քանիսին մորթում էին՝ մյուսներին հանգստացնելու համար385։ Գաղթականների հոծ զանգվածներ տեղափոխվելով Վրաստան մի կտոր հացի համար վաճառում էին իրենց երեխաներին386։

Չնայած Իբրահիմ խանի դեմ անհավասար պայքարում մելիք­ների ուժերը հատվել էին, բայց պայքարը դադար չունեցավ։

Վարանդայի մելիք Ջումշուդը և նրա քրոջ որդի Գյուլիստանի մելիք Ֆրեյդունը, 1797թ. մեկնեցին Աստրախան՝ նպատակ հետապնդելով Հովսեփ Արղությանի միջնորդությամբ հանդիպել Պավել կայսրի հետ։ Միաժամանակ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմեց կայսրին՝ հովանավորության տակ առնելու հայ ժողովրդին։ 1798թ. փետրվարի 26-ի կայսերական հրովարտակով իր նախորդների՝ Պետրոս I-ի, Եկատերինա I-ի և Եկատերինա II-ի նման հայոց կաթողիկոսին, հայ մելիքներին, յուզբաշիներին ու կառավարիչներին, ողջ հայ հաժողովրդին և առանձնապես Ռուսական կայսրության սահմաններում բնակվող հայերին, վերցնում է իր կայ­սերական ողորմածության ու պաշտպանության ներքո387։ Չնայած այդ հավաստիացումներին, Պավել I-ը, ըստ էության, հրաժարվել էր Այսրկովկասում հայկական դուստր պետության ստեղծման զաղափարից, նպատակ հետապնդելով բռնազավթել երկրամասը։

Աստանդական դարձած մելիքները Աստրախանում երկար սպասելուց հետո 1799թ. մեկնեցին Պետերբուրգ և Հ.Արղությանի միջնորդությամբ ներկայացրին կայսրին իրենց աղերսագրերը։

Պավել կայսրը ընդունեց երկու մելիքներին ռուսաց հպատակության տակ։ Մելիք Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մի մասը, իսկ մե­լիք Ջումշուդը՝ Լոռին։ Գյուլիստանի մելիք Աբովը հաստատվեց Բոլնիսում։ Այս ճանապարհով Ռուսաստանը պիտի կորցներ արցախահայ պետության ստեղծման վերջին հնարավորությունը։

Բարեբախտաբար արցախահայությունը տուրք չտվեց իր մե­լիքների ցանկություններին՝ տեղափոխվել նոր տիրույթները։ Ժողո­վուրդը ամուր կառչած իր հողին շարունակեց պայքարը ազատու­թյան համար։ Աղա Մուհամադ շահի սպանությունից հետո նրա եղբորորդին՝ Ֆաթալի շահը, անցնելով իշխանության գլուխ, փորձեց Պարսկաստանի գերիշխանությունը նորից վերահաստատել Այսրկովկասում։ Առանձնակի եռանդ էր այս հարցում ցուցաբերում թագաժառանգ Աբբաս–Միրզան։ 1800թ. գարնանը նրա զորքերը մտան Արարատյան դաշտավայր և պաշարեցին Երևանը։ Բերդաքաղաքը գրավել նրանց չհաջողվեց։

Դեպքերի զարգացման ընթացքը ի նպաստ Ռուսաստանին դարձնելու համար Հերակլ թագավորի որդի Գիորզի XII–ի մահվանից մեկ տարի հետո՝ 1801թ. սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I–ի հրովարտակով վերացվեց վրաց թագավորությունը և Վրաստանը միացվեց Ռուսաստանին։ Ալեքսանդր 1-ի մանիֆեստով Ռուսաս­տանին միացվեց նաև հայկական Լոռին, Փամբակը, Շամշադինը և Հայաստանի հյուսիսային մի քանի այլ շրջաններ։

1804թ. հունվարին Գյանջայի գրավումով այստեղ բնակվող հայերը նույնպես անցան ռուսական հպատակության ներքո։ Այնուհետև ռուսական հրամանատարությունը սկսում է եռանդուն նախապատրաստություն տեսնել՝ գրավելու ռազմավարական կարևոր նշանակու­թյուն ունեցող Երևանի ու Նախիջևանի խանությունները և Շիրակը։

Ռուս-պարսկական խորացվող հակասությունները շուտով վե­րաճեցին 1804-813թթ. պատերազմի։

Հակառակորդների միջև առաջին լուրջ ճակատամարտը տեղի ունեցավ 1804թ. հունիսի 10-ին Փոքր Ղարաքիլիսա (Ազատան) գյուղի մոտ։ Ռուսական կորպուսի առաջապահ ուժերը գեներալ Տուչկովի հրամանատարությամբ հաղթանակ տարան։ Իր հերթին գեներալ Ցիցիանովը հունիսի 30-ին Քանաքեռում ջախջախում է Աբաս Միրզայի զորքերին և պաշարում Երևանը։ Ուժեղ տոթը, ռազմամթերքի ու պարենի խիստ պակասը, ինչպես նաև Վրաստանում տի­րող խռովահույզ վիճակը Ցիցիանովին հարկադրեցին սեպտեմբերի 3-ին դադարեցնել Երևանի պաշարումը և վերադառնալ Թիֆլիս։

Ռուսների վերջին հաջողություններից անհանգստացած Ղարաբաղի Իբրահիմ խանը որոշեց հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Պարսկաստանն էլ, Ղարաբաղը կորցնելու հեռանկարից խուսափելու նպատակով, 1805թ. հունվարին մեծաքանակ մի զորագունդ է ուղարկում Ղարաբաղ։ Դեռևս Շուշի չհասած, Դիզակում հայ կամավորները խայտառակ պարտության են մատնում պարսիկներին։

Իբրահիմ խանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով Շուշի է ուղարկվում մայոր Լիսանևիչի գլխավորությամբ ռուսական մի ջո­կատ։

Իբրահիմ խանը ստիպված գնաց զիջումների։ 1805թ. մայիսի 14-ին, Գանձակից 30 վերստ հեռավորության վրա, Քյուրակչայ գետի մոտ, գեներալ Ցիցիանովը և Իբրահիմ խանը ստորագրեցին պայմանագիր։ Որպես շահագրգիռ կողմ հայերից ներկա էին Թիֆլիսի և Գանձակի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակիրը և Վարանդայի մելիք Ջումշուդ Սելիք-Շահնազարյանը։ Պայմանագրով Ղարաբաղը ընդունում է Ռուսաստանի հովանավո­րությունը, Շուշիում տեղակայվելու են ռուսական զորքեր, ռուս աս­տիճանավորների հսկողության տակ Ղարաբաղը ղեկավարվելու էր խանի կողմից։ Պայմանագրի առաջին հոդվածում ասված է. «Ես՝ Շուշու և Ղարաբաղի Իբրահիմ խանս, իմ, իմ ժառանգների և հաջորդների անունից հանդիսավորապես ընդմիշտ հրաժարվում եմ Պարսկաստանից կամ այլ պետությունից վասալական կամ առհասարակ ուրիշ որևէ տիտղոս ունեցող որևէ կախում ունենալուց և սրանով հայտարարում եմ ամբողջ աշխարհի առաջ, որ ես ինձ և իմ հաջորդների վրա չեմ ճանաչում ուրիշ մի ինքնակալություն, բացի նորին կայսերական մեծության համառուսական մեծ թագավոր կայսրին և նրա բարձր ժառանգների և համառուսաստանյան կայ­սերական գահի ժառանգների գերագույն իշխանությունը՝ խոստանալով նույն գահին հավատարմություն, ինչպես նրա հավատարիմ ստրուկը, որի համար և պիտի երդվեմ սուրբ Ղուրանի վրա»։ Ցարական կողմն իր հերթին խոստանում է, որ ցարի ու «նրա հաջորդների անունից շնորհն ու բարեխնամությունը Շուշու և Ղարաբաղի Իբրահիմ խանից ու նրա ժառանգներից, ինչպես և իրեն հավատարիմ հպատակից երբեք չէն խլվի…, նորին բարձրաստիճանության ու նրա ժառանգների ներկա կալվածների ամբողջականությունը պահ­պանված կլինի»388։

Փաստորե նայդ դաշնագրով ցարական Ռուսաստանը անսքող ցույց տվեց մերկապարանոց, շահախնդիր արտաքին քաղաքականության էությունը, հարազատ մնալով ծավալապաշտական նկր­տումներին, անտեսելով մինչև վերջ իրեն հավատարիմ մի ամբողջ ժողովրդի իր հայրենիքում ազատ ապրելու խնդրանքը, ամենակոպիտ ձևով ոտնահարելով Ղարաբաղի մելիքների հայրենասիրական իրավունքները։ Այս նույն ձեռագիրն ուներ նաև 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, 1921թ. հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի հայտնի որոշումը և «վերակառուցված» Ռուսաստանի ծնունդ Գորբաչովյան հայատյացությունը։

1805թ. գարնանը Աբաս-Միրզան մեծ բանակով անցնելով Արաքսը, մտնելով Ղարաբաղ՝ պաշարեց Շուշին։ Ռուսական կայազորը Լիսանևիչի գլխավորությամբ և տեղի հայ կամավորների օժանդակությամբ համառ դիմադրություն ցույց տվեց թշնամուն։

Իբրահիմ խանը չնայած իր երդմանը, որոշեց միանալ Աբաս Միրզայի զորքին, իր ընտանիքով գիշերը լքելով բերդը։ Լիսանևիչը և մելիք Ջումշուդը, իմանալով դրա մասին, հետապնդում են խանին և Խանեն բաղ կոչվող տարածքում՝ հասնելով սպանում են Իբրահիմ խանին և նրա ընտանիքի մյուս տղամարդկանց։

Շուշիի պաշտպաններին օգնելու համար Գանձակից գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ ուղարկվում է 500 հոգանոց մի ջոկատ՝ երկու հրանոթով։ Ասկերանի մոտ ռուսական զորքերին շր­ջապատում են պարսկական Փիր-Ղուլի խանի 10 հազարանոց բանակը։ Պարսից առաջապահ զորքերին օգնության է հասնում Աբաս Միրզայի 30 հազարանոց բանակը։ Գումարտակի ծանր վիճակի մասին Շուշիի կայազորին տեղյակ է պահում կուսապատցի Վանի Աթաբեկյանը։ Նրա օգնությամբ Կարյագինի գումարտակը Ասկերանից գաղտնի հեռանում և ամրանում է Շահ-Բուլաղ բերդում։ Աբաս-Միրզան փորձում է պաշտպաններին սովի մատնելով՝ հարկադրել անձնատուր լինել։ Ստեղծված կացության մասին Վանի Աթաբեկյանը իր եղբոր՝ Հակոբի միջոցով նամակ է ուղարկում Ելիզավետապոլ գեներալ Ցիցիանովին, իսկ ինքը հաց և այլ սննդամթերք­ներ հասցնում սովի մատնված զինվորներին։

Հույսը կտրելով օժանդակ ուժեր ստանալուց, հուլիսի 7-ին գիշերը, Վանի Աթաբեկյանի ուղեկցությամբ, Կարյագինի գումարտակը թշնամուց աննկատ հասնում է Մոխրաթաղ գյուղը։ Կուսապատում հոր տանը գտնվող ալյուրի պաշարները հանձնելով ռուս զինվորներին, նրանց բարեհաջող հասցնում է ռուսական հիմնական ուժերին։ Այս քաջագործությունների համար Ցիցիանովը Վանի Աթաբեկյանին նվիրեց իր արծաթե ժամացույցը389։

Հետագայում Վանի Աթաբեկյանը 60 հայ կամավորների գլուխ անցած կռվում է ռուս-պարսկական ճակատի ամենաթեժ կետերում։ Արցախի հայությունը, նրա մելիքական ուժերը, երկիրը ազատագ­րելու նպատակով կռվում էին ոչ միայն հայրենի եզերքներում, այլև ուր անհրաժեշտ լիներ, ուր որ ռուսական հրամանատարությունը հարմար գտներ։

Երևանի 1804թ. պաշարման ժամանակ ռուսական զորքերին մեծ օգնություն ցույց տվեց Գյուլիստանի Մելիք-Աբովի որդի՝ Ռոստոմ բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը։

Ռոստոմ բեկը անձնազոհության հրաշալի օրինակներ ցույց տվեց Բոլնիսում, Փամբակի ու Ապարանի մարտերում։ Անհավասար մարտերում ընկան Ռոստոմ բեկի ջոկատի մարտիկներից շատերը, իսկ ինքը՝ հրամանատարը, վիրավոր վիճակում գերվեց և շղթայակապ ուղարկվեց Թավրիզի բանտը, որտեղ և դաժան խոշատանգումներից հետո սպանվեց390։

Ծերունի Մելիք Աբովը որդու հերոսական նահատակությունից հետո, գլխավորեց հայկական ջոկատը և արիության բազում օրի­նակներ ցույց տվեց։

1806թ. Ղարաբաղում պարսկական զորքերի դեմ մղվող մարտերում աչքի ընկավ Մելիք-Ջումշուդ Շահնազարյանի հեծյալ ջոկատը։ Ֆելդմարշալ Գուդուվիչը, բարձր գնահատելով հայորդու ցու­ցաբերած ծառայություններն ու հմտությունը, գլխավոր շտաբ էր ներկայացրել՝ Մելիք-Ջումշուդ Շահնազարյանին փոխգնդապետի աստիճան շնորհելու համար։ 1806 թվականից մինչև 1809 թվականը ռուս-պարսկական ճակատում հանգստություն էր տիրում։ Խրախուսվելով Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, 1809թ. Պարսկաստանը նոր ռազմական գործողություններ սկսեց։ Թուրքիայի և Պարսկաստանի դեմ երկու ճակատով կռվելուց խուսափելու նպատակով 1810թ. փետրվարին՝ Թավրիզում և ապրիլին՝ Ասկերանում Ռուսաստանը Պարսկաստանի հետ բանակցություններ սկսեց։ Սակայն Պարսկաստանը, ակնկալելով մեծ տերությունների աջակցությու­նը, ընդհատեց բանակցությունները և վերսկսեց պատերազմական գործողությունները։

1810թ. ամռանը գնդապետ Պ.Կոտլյարևսկու զորագունդը գրավեց Մեղրին, ապա, հանկարծակի գրոհելով Աբաս-Միրզայի ճամբարը, նրան պարտության մատնեց և հարկադրեց զորքերը դուրս բերել Ղարաբաղից ։

Անհջողության մատնվեց նաև 1811թ. ամռանը Աբաս–Միրզայի կողմից դեպի Ղարաբաղ կազմակերպված արշավանքը։

1812թ. հայրենական պատերազմի ծանր շրջանում պարսկական զորքերը հարձակման անցնելով՝ ցանկանում էին վերստին գրավել իրենց կորցրած տարածքները։ Ասլանդուզի և Լենքորանի ճակատամարտերում պարսկական զորքերի կրած ծանր պարտու­թյունները Ֆաթ-Ալի շահին հարկադրում են հաշտություն խնդրել։

Հայ ժողովրդի ջանադիր մասնակցությամբ ռուսական զենքի հաղթանակները ամբողջականացվեցին 1813թ հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ Այն ստորագրում են լիազոր՝ Ռտիշչևը և Պարսկաստանի ներկայացուցիչ՝ Միրզա Աբդուլ Հասան խանը391։ Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի ու Արևելյան Վրաստանի, ինչպես և Գյուլիստանի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի խանությունների միացումը Ռուսաստանին392։ Ըստ պայմանագրի երկրորդ կետի այս տարածքների հետ Պարսկաստանը հրաժարվում էր նաև Արևե­լյան Հայաստանի՝ Ղարաբաղի, Լոռու, Փամբակի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագայլի գավառներից։ Պարսկաստանը զրկվում է Կասպից ծովում նավատորմ ունենալու իրավունքից393:

Անկախ նրանից, թե ցարական իշխանությունները Այսրկովկասում ինչ նպատակներ էին հետապնդում, այն համապատասխանում էր Ղարաբաղի հայության ազատագրական ձգտումներին։

Գյուլիստանի պայմանագիրը մեր ժողովրդի համար պատմական անանցանելի իրողություն է։ Այն մի ավելորդ անգամ նորից վկայում է, որ Ղարաբաղը առանձին ազգային պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ։ Հետևաբար, ներկայիս Ադրբեջանը կազմող տարածքները, Դաղստանը, Վրաստանը, այնպես էլ Ղարաբաղը Ռուսաստանին են անցել հավասար իրավասուբյեկային կարգավիճակով։ Ուրեմն, եթե խորհրդային կայսրության փլուզումից հետո վերոհիշյալները իրենց իրավունք են վերապահում ստեղծելու ազգային պետականություն, այդ նույնից օգտվում է նաև Ղարաբաղը։ Գյուլիստանի պայմանագիրը կարող է քաղաքական ուղենիշ հանդիսանալ ԼՂՀ արդեն ձևավորվող արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզ­բունքների մշակման համար։ Այն, բացի քաղաքական պատճառաբանություններից, ունի նաև իրավական ամբողջացված դաշտ՝ մեր օրերի թելադրած տեսակետի առումով։ ԼՂՀ ճանաչման իրավական կողմի առաջնային քայլը անպայման պետք է կապել Գյուլիստանի պայմանագրի հետ։

Այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես երկրորդական դեմք։ Հիմնական կնճիռը Ղարաբաղ-Ռուսաստան կապի վրա է, որովհետև կամա թե ակամա Ռուսաստանը ինքը եթե հիմա կանգնած է իր պետականության կայացման ճանապարհին և այն փորձում է իրականացնել քաղաքակիրթ չափանիշներով, չի կարող խուսափել իր պատմության իրավապայմանագրային հիմունքներից։ Այ­սինքն՝ հաշվի նստելով այդպիսի հիմունքներից մեկի՝ Գյուլիստանի պայմանագրի հետ, Ռուսաստանը պիտի կողմնորոշվի ստացած ժառանգության նկատմամբ։ Իսկ պետաիրավական ժառանգությունը դա ոչ թե հպանցիկ երևույթ է, այլ տվյալ տերության գոյության ընթացքում մշակված պետական շահերի ամբողջություն։ Հետևաբար, եթե Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ինչ-որ չափով ինքնուրույնացված միավոր է Հայաստանի համար, ապա Ադրբեջանի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Գյուլիստանի պայմանագրի քաղաքական-իրավական ուժի արտահայտություններից մեկն էլ այն է, որ այդ պայմանագիրը պաշտպանության կարիք չունի։ Խուսափումը նրանից նրան առընչվող ցանկացած պետության կողմից ուղղված է հենց խուսափողի դեմ։ Որովհետև կիսատ-պռատ ուժեղ-մշտական պետություն չի լինում, այլ լինում է ուժեղ պետություն, որի կառուցման հիմքում դր­վում է քաղաքակրթության կողմից մշակված պետական-քաղաքական սկզբունքները ամբողջությամբ։

Ցարական Ռուսաստանը հայերի օգնությամբ տիրանալով Ղարաբաղին, ձեռնամուխ եղավ իր գաղութատիրական քաղաքականության իրականացմանը։ Ցարական կառավարության հրամանով վերացվեց մելիքական կարգը։ Նման քաղաքականության հիմքը պետք է փնտրել այն ինքնավարական ձգտումների մեջ, որոնց համար մարտնչել են Արցախի մելիքները։

Դրա փոխարեն պահպանվեցին թաթար խաների և բեկերի իրավունքները։ Քննարկվող ժամանակաշրջանում Կովկասի ազնվականների 41,53%-ը վրացիներ էին, ռուսները՝ 16,4%, թաթարները՝ 27,50%-ը, իսկ հայերը ընդամենը 5,46%-ը394։ Այս գործում իր բացասական դերն է կատարել վրացական ծագում ունեցող հայատյաց Ցիցիանովը։

Իբրահիմ խանի սպանությունից հետո, ռուսաց կայսեր անունից խանի հետնորդ հայտարարվեց նրա ավագ որդի Մեհտի-Ղուլի խանը։ Վերջինս, չնայած իր հավատարմության երդումներին, նոր տերերի նկատմամբ նույնպես այնքան էլ բարեհամբյուր չգտնվեց։ 1822թ. Մեհտի Ղուլի խանի և նրա մերձավորների Պարսկաստան փախչելուց հետո, Ղարաբաղի խանությունը գեներալ Մադաթովի հրահանգով լուծարվեց և վերակազմվեց Ղարաբաղի նահանգի, որն անմի­ջապես կառավարվում էր ռուսական կառավարության կողմից։ Նահանգն իր հերթին բաժանվեց մահալների։ Վարչական պաշտոններից հեռացվեցին խանական շրջանի նախկին պաշտոնյաները, իսկ մահալների կառավարիչներ նշանակվեցին ռուս աստիճանավոր­ներ։

Քաղաքական այս գործընթացներով սկսվեց Ղարաբաղի պատմության նոր շրջանը։
ԱՐՑԱԽԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
(IV-XVIII ԴԱՐԵՐ)

Գրերի գյուտը հայոց բազմադարյան պատմության մի նոր դարաշրջանի սկիզբ հանդիսացավ։ Մեսրոպ Մաշտոցը իրական հնարավորություն ընձեռնեց հայ ժողովրդին մշակույթի համաշխարհային գանձարանը մուծել իր հանճարի գոհարները։

Հայերեն նշանագրեր ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը, ինչ­պես ասում է Խորենացին, «բոլոր գավառներում դպրոցներ հիմնեց»395։

Գիտակցելով այդ մեծ գործի նշանակությունը, Մաշտոցը թող­նելով Վաղարշապատը, հեռանում է երկրի առավել խուլ և հետամնաց շրջանները գրագիտություն տարածելու։

Սկզբնական շրջանում Մաշտոցը լայն գործունեություն է ծավալում Գողթան գավառում, Սյունիքում, ապա տեղափոխվում է Արցախ։ Հայտնի է, որ նա 5-րդ դարի սկզբներին Հաբանդ գավառի Ամարաս վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը, որը կարևոր դեր է խաղացել Հայոց Արևելից կողմերում հայ գրերի տարածման գործում։

Այնուհետև Մաշտոցը անցնում է Դիզակի Ցոր բնակավայրը, այստեղից ավանդական Պանդալեոն բժշկի ուխտատեղու վրայով տեղափոխվում երկրամասի արևմտյան մասում գտնվող Մեծառանք և Մեծկվենք գավառները։ Այստեղից իր աշակերտների հետ միասին իջնում է Արցախի դաշտային մասը, իրենց քարոզչական, լուսավորչական առաքելությամբ հասնում Ուտիքի Գիսավանը, որը Հայոց Արևելից կողմերի երկրորդ նշանավոր սրբավայրն է։

Հարկ է նկատել, որ բազում դարերի ընթացքում Ամարասը ավերիչ ասպատակությունների է ենթարկվել։ Չնայած դրան այստեղ երկար ժամանակ անընդմեջ գործել է դպրոց։ Հետագա ժամանակներում Արցախում լուսավորական, դպրոցական կյանքը աշխույժ վերելք է ունենում Վաչագան Բարեպաշտի թագավորության ժամանակաշրջանում։ Անցնելով իշխանության գլուխ Վաչագանը քաջ գիտակցեց, որ օտարի տիրապետության տակ գտնվող հայության ինքնության պահպանության հիմնական միջոցը մայրենի դպրու­թյան տարածումն է։

Նախ և առաջ նա վերացրեց երկրի անմատչելի վայրերում բուն դրած մոլի աղանդները, քրիստոնեական հավատքին վերադարձնե­լով բոլոր նրանց, ովքեր բռնի մոգություն էին ընդունել։ Մովսես Կաղանկատվացին ասում է, որ նա առաջին հերթին դպրոցներ էր բացում այն երեխաների համար, որոնց ծնողները նախկինում աղանդավորներ են եղել։ Պատմիչը վկայում է, որ Վաչագանը երբ որևէ գյուղ էր գնում, անպայման մտնում էր դպրոցատունը, իր շուրջն էր հավաքում մանկաց, առաջարկում բարձրաձայն կարդալ։ Եվ նրանց առաջադիմությամբ ուրախանում էր ավելի, քան եթե մեծագույն հարստություն գտներ։ Նա դպրոցում իր շուրջն է հավաքում ե­րեխաներին և մեկի ձեռքը գիրք տալով, մյուսին պնակիտ (գիր գրելու կամ նկարելու տախտակ), առաջարկում է միասին, միաբան ու բարձրաձայն կարդալ։ Երեխաները իրենց անարատ շուրթերով հե­գում են ոսկեղենիկ հայերենը, եւ նրանց ինքնավստահ ու մեծաձայն ընթերցանությունն արձագանք է տալիս Արցախամայր աշխարհի բոլոր անկյուններում՝ հնավանդ լեռնաստանը լցնելով արդեն գրի ու դպրության փոխված մայրենի հզոր ելևէջներով396։

Վաչագան Բարեպաշտի օրոք եկեղեցիներին կից դպրատներից բացի, գոյություն ունեին գյուղական դպրոցներ, որոնց ուսուցիչները վարձատրվում էին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տվյալ ժամանակահատվածում ինչպես Հայաստանի մյուս հատվածներում, այնպես էլ Արցախում գործում էին հասարակական տի­պի դպրոցներ։ Դրանք հիմնականում պահվում էին ժողովրդի միջոցով

Խոշոր եկեղեցիներին ու վանքերին կից գործում էին հոգեւոր-եկեղեցական դպրոցներ, որտեղ դասավանդում էին մայրենի լեզու, փիլիսոփայություն, կրոնական առարկաներ, երաժշտություն։ Առավել բարձր ու պատրաստված գործիչներ ունենալու համար պահանջվում էր ավելի խոր ու ավելի բարձր կրթություն, »արտաքին« գիտությունների՝ փիլիսոփայական ու իմաստասիրական գիտելիք­ների և գրականության իմացում, անհրաժեշտ էր տիրապետել քաղաքակրթության նվաճումներին։ Այդ նպատակով Արցախի հոգևոր և աշխարհիկ իշխանավորներն իրենց զավակներին ուսման էին ուղարկում Ասորիք, Հունաստան, Պարսկաստան, Հռոմ, հետագայում՝ Վաղարշապատ, Գլաձորի համալսարան։ Արցախի երի­տասարդները կրթություն են ստացել նաև Անանիա Շիրակացու հիմնադրած մաթեմատիկական-բնագիտական դպրոցում։ Ավարտելուց հետո լուսավորչական գործնեություն են ծավալել Սյունյաց նահանգում, ինչպես նաև Ամարասի, Դադիվանքի դպրոցներում397։

Արաբական արշավանքների ժամանակաշրջանում մեծապես տուժեց հայ ժողովրդի ոչ միայն նյութական, այլև հոգևոր մշակույ­թը։ Սկսած IX դարի վերջից հայկական պետականության վերած­նունդը, սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացումը նոր պայմաններ ստեղծեցին հայ մշակույթի՝ առաջին հերթին դպրոցի, կրթական գործի զարգացման համար։

Բացվում են տարբեր տեսակի ու բնույթի դպրոցներ։ Հատկապես նշանավոր են Ամարասի Գտչավանքի, Դադիվանքի դպրոց­ները։

Հանդես են գալիս անվանի ուսուցիչներ և ուսուցչապետեր, որոնց ջանքերով վարդապետարաններն ու համալսարանները վե­րաճում են գիտության կաճառների։ Այդ անունների շարքում առանձնակի փայլ ունի փիլիսոփա, տոմարագետ, մաթեմատիկոս, գրող Հովհաննես սարկավագ Իմաստասերը։ Ծնվել է 1045 թ. Արցախի նահանգի Փառիսոս գավառի Փառախոնիս գյուղում, քահանայի ընտանիքում։ Մահացել է 1129 թ. և թաղվել Հաղբատի վանքում։ Նրա գերեզմանի վրա գրված է ընդամենը երկու տող.

Արձանս այս սեմական է
Սոփեստոսի Սարկավագին398։

Երկար տարիներ աշխատել է Սյունիքում, Արցախում՝ Ամարասի, Դադիվանքի դպրոցներում բարեկարգելով ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործը։

Առավել տպավորիչ էր նրա գործունեությունը Անիի վարդապե­տարանում։ Հաջողությամբ ավարտելով Հաղբատի դպրոցը Հովհաննեսը է Անի քաղաքը, այնտեղ բացում դպրոց, որտեղ կրոնական առարկաներից բացի դասավանդվել են երկրաչափություն, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտու­թյուն և բնագիտական այլ առարկաներ։

Հովհաննեսի դպրոցի և նրա անխոնջ տնօրենի հռչակը շատ արագ տարածվում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Վրաց Դավիթ թագավորը, հայտնում է պատմիչը, «սիրում էր հայ ժողովրդին, (հայկական) եկեղեցիները, և Հաղբատի հռետոր մի վարդապետի, որի անունն էր Սարկավագ, նրան էր խոստովանում իր հանցանքները և խոնարհելով իր պատվական գլուխը, ստանում էր նրա օրհնությունը»399։

Հովհաննես Իմաստասերը, մանկավարժական աշխատանքին զուգընթաց, գիտական հետազոտություններ է կատարել տոմարի(նրա անվան հետ է կապված հայկական շարժական տոմարը անշարժ դարձնելու իրողությունը), տիեզերագիտության, փիլիսո­փայության, պատմության վերաբերյալ, գրել է բանաստեղծություններ, հմտացել է նաև երաժշտական հնչակարգի հարցերում։ Հով­հաննես Իմաստասերը գիտությունը հարստացրեց երևույթների և իրողությունների հետազոտման՝ փորձաքննական մեթոդով։ Միաժամանակ նա եկավ այն եզրակացության, ըստ որի բավական չէ նվաճումների յուրացումը, պետք է կարողանալ զարգացնել դրանք։ Դա, ըստ էության, գիտությունը առաջ մղող նոր մեթոդի առաջադ­րումն էր։

XII-XIIIդդ ծաղկում էր ապրում Նոր Գետիկի կամ Գոշավանքի վարդապետարանը։ Դա կապված էր խոշոր իրավաբան, մատենագիր և ուսուցչապետ Մխիթար Գոշի անվան հետ։ Սկզբում նա դպրոց է բացում Կարինում, Գանձակում, այնուհետև Հաթերքի Վախթանգ իշխանի հովանավորությամբ՝ Խաչենում։ Այստեղից տեղափոխվում է Գետիկ վանքը, որը 1191 թ. երկրաշարժի պատճառով ավերվում է։ Զաքարե իշխանի օժանդակությամբ Մխիթար Գոշը մերձակա Տանձուտ ձորում հիմնադրում է նոր Գետիկի վանքն ու վարդապետարանը։ Այստեղ են ուսում ստացել հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ Վանականը, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։

Մոնղոլական արշավանքների հետևանքով մշակութային կյանքի վերելքը ընդհատվեց։ Առանձնապես իրավիճակը անմխիթարական էր թուրքմենական ցեղերի տիրապետության և թուրք-պարսկական պատերազմների շրջանում։ Այդ ամենը առանձնապես ծանր անդրադարձավ դպրոցական կյանքի վրա։ Նախորդ դարերում հռչակ ձեռք բերած դպրոցները փակվեցին։

XVIIդ առաջին կեսից սկսած, երբ երկրում համեմատաբար խաղաղ իրադրություն ստեղծվեց, արցախահայությունը նորից ձեռնամուխ եղավ դպրոցների բացման գործին։

XVII-XVIIIդդ Արցախում, երբեմն որոշ ընդհատումներով շարունակել են գործել Գանձասարի, Դադիվանքի, Գտիչ, Ս. Հակոբի, Երից Մանկանց վանքի, Շուշիի եկեղեցու և այլ վանքերի եկեղեցի­ներին կից դպրոցները400։

Միջնադարի ողջ ժամանակահատվածում եկեղեցիներին, վանքերին կից դպրոցների հետ միասին գործում էին նաև մատենադարաններ։ Հայերեն ձեռագրեր են գրվել հազարից ավելի գրչության կենտրոններում, Մեծ Հայքի բոլոր 15 աշխարհներում, Փոքր Հայքում, Կիլիկիայում, հայ գաղթավայրերում։ Դրանց մեծ մասը օտար նվաճողների կողմից ալան-թալանի է ենթարկվել։ Դարերի բազում փորձությունների միջով մեր օրերն են հասել շուրջ 300000 հայերեն ձեռագրեր՝ իրենց մեջ ներառելով պատմագիտական, փիլիսոփայական, աստվածաբանական, գրական բնույթի բազմաթիվ ու բազ­մաբնույթ ստեղծագործություններ, մշակույթի զանազան ոլորտնե­րին վերաբերող հարուստ նյութեր, թարգմանական ճոխ գրականու­թյուն, բարձրատիպ և ինքնատիպ մանրանկարչություն։ Արցախի և Ուտիքի գրչակենտրոններում ստեղծվել են հարյուրից ավելի մատյաններ401։

Ձեռագիր մատյանների ընդօրինակման ու պատկերազարդման աշխատանքները սկզբնավորվել է դեռևս վաղ միջնադարում։ Հայոց Արևելից կողմերի պատմիչը վկայում է, որ աղանդավորության դեմ պայքարի ընթացքում VII դարում բազմաթիվ գրքեր թափել են Տր­տու գետը402։

Գրչության նշանավոր կենտրոններից մեկը Գանձասարն էր։ Լեոի կարծիքով այստեղ գործում էր լավ մատենադարան403։

Հմուտ ձեռագրագետ Օ. Եգանյանը դրան ավելացնելով գրում է. «Որպես կաթողիկոսական նստավայր և գրչության արվեստի կենտրոն, Գանձասարի վանքը ժամանակին ունեցել է նաև իր գր­չատունն ու գրչակիր մատյանների հավաքածուն»404։

Դեռևս 989թ. հիմնադրված Թարգմանչաց վանքը ունեցել է իր գրչության կենտրոնը, որտեղ 1232 թ. ընդօրինակվել է Գրիգոր Ծաղ­կողի հայտնի «Թարգմանչաց» Ավետարանը։

XIII-XVIIդդ. ճոխ և բազմաբովանդակ ձեռագրեր են ստեղծվել Վանական վարդապետի հիմնադրած Խորանաշատի գրչության կենտրոնում, Երից Մանկաց վանքում, Գոշավանքում, Ծարի ս. Աստվածածնի կամ Գետամեջի վանքում։ Գոշավանքի համալիրի մեջ կա նաև երկհարկանի գրատուն։

Խոշոր գրչակենտրոններ են եղել նաև Գանձակում, Շուշիում, Շամախում, Գտչավանքում, Ամարասում, Թաղասեռում։ Շուշիից մեզ է հասել 20, Զակամա երկրից՝ 35, Շամախուց՝ 15 ձեռագրեր405։ Հետաքրքիր է այն փաստը, որ XVII-XV դդ հայոց երկրի տարբեր հատվածներում մշակութային կյանքի միապաղաղության պայմաններում Քաշունիքի, Քաշաթաղի, Քարվաճառի անմատչե­լի վայրերում մի ժամանակվա հզոր իշխանական տների կենսու­նակ շառավիղների հոգատար հայացքի ներքո ստեղծվեցին տաս­նյակ ձեռագիր մատյաններ։ Հիշատակության արժանի է Մաշտոցի անվան Մատենադարանում 2067 համարի տակ պահպանվող 1684թ. Ծարի «Քարոզգիրք»-ը (գրիչ՝ Վառվառե), 1652թ. Ապահեն գյուղի «Շարակնոց»-ը (կազմող՝ Մովսես), 1653-54թթ. Մոսի «Ավե­տարանը» (գրիչ՝ Մարտիրոս Խնձորեկցի, ծաղկող-կազմող՝ Մովսես Երեց), 1666թ. Հարար գյուղի «Մաշտոց ձեռաց»-ի հիշատակարանը (գրիչ՝ Պաղտասար դպիր, պատվիրող՝ Մարտիրոս քահանա )։ Նույն Պաղտասար դպիրի ձեռքով Հարար գյուղում 1671թ. գրված մեկ այլ ձեռագիր հիշատակարան պահվում է Լոնդոնի «Վելքոմ» ինստի­տուտի գրադարանում406։

Արցախում հայկական պետականության բեկորների պահպանության շնորհիվ ոչ միայն ընդօրինակվել են ձեռագրերը, այլև հայոց տարբեր նահանգներից հավաքվել և այստեղ պահպանվել են հայ ձեռագրական մշակույթի համար անգնահատելի արժեք ներկայացնող մի շարք գործեր։ Մոնղոլները իրենց համար եկամտի մեծ աղբյուր էին դարձրել նվաճված վայրերում հափշտակված ձե­ռագիր մատյանները մեծ գումարներով հայ իշխաններին վաճառե­լու գործը407։

Կիրակոս Գանձակեցին՝ ի թիվս այլոց, հիշատակում է իշխան Գրիգոր Ծարեգուն408։

XII XIV դդ. Արցախ բերվել և պահպանվել են Մեծ շեն գյուղի 909թ Կարմիր Ավետարանը (Մատ. N 6202, այն Մլքե թագուհու և Լազարյան Ավետարաններից հետո իր հնությամբ հայերեն երրորդ թվակիր մատյանն է), Դիզակի Ցոր գյուղի 1040թ Ավետարանը (Մատ.N 1252), «Բեգյունց» կոչվող 11-րդ դ. Ավետարանը (Մատ.N 10090), Հռոմկլայի 1166թ. Ավետարանը (Մատ. 7347), Սկևռայում ընդօրինակված 1283թ. Ավետարանը (Մատ. N 6764), Դրազարկի 1294թ. Ավետարանը (Մատ.N.2588), «Հաղպատի» 1211թ. Ավետարանը (Մատ. Ա 6288)409։

V դարում սկզբնավորվում է հայ ինքնուրույն գեղարվեստական խոսքը։ Հայ առաջին հեղինակների երկերը իրենց բովանդակու­թյամբ խիստ ազգային էին, կապված իրենց միջավայրի և դարաշրջանի իրական պայմանների ու որոշակի պահանջների հետ։ Սկզբնական շրջանում գրականությունը տոգորված է եղել քրիստոնեական-կրոնոկան ոգով ու գաղափարախոսությամբ։

Այդ ընդհանուր ֆոնի վրա VII դարում գրված Դավթակ Քերթողի «Ողբք ի մահն Ջևանշէրի մեծի իշխանին» ստեղծագործությունը հայ գրականության աշխարհականացման ճանապարհին մեծ հայտնություն էր։ Դավթակ Քերթողի «Ողբը» գրված է հունական ճարտասանական արվեստի կանոններով։

Դավթակի ստեղծագործության մեջ ներկայացված է Գարդմանքի իշխան Ջևանշիրի գովքն ու նրա սպանության հետ կապված իրողությունը։ Մանուկ Աբեղյանի կարծիքով «Ողբը» գրված է բանաստեղծական զգացումով, քնարական տխուր, երբեմն բուռն զե­ղումներով, պատկերավոր կենդանի ոճով, բովանդակությանը համապատասխանող տաղաչափական ձևերի օգտագործմամբ410։

Դավթակը Հայոց Արևելից գավառների ծնունդ է եղել։ Նա Ջուանշիրի համերկրացին էր և նրա կորուստը բանաստեղծը համարում էր իր երկրի և ժողովրդի մեծ կորուստը411։ Դավթակի բանաստեղծությունը հետագայում թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և լեհե­րեն լեզուներով։

Հայոց Արևելից կողմանց գեղարվեստական գրականության աշ­խարհականացման հաջորդ շրջանը կապված է IX դարում Բուղայի դեմ պայքարում հերոսացած Գտիչ բերդի պաշտպանության կազ­մակերպիչ Եսայի Աբու Մուսե իշխանի անվան հետ։ Այդ ճակատամարտում, ի պատասխան Բուղայի սպառնալիքների Եսայի իշխանը գրեց իր «Թուղթը», որտեղ հայ իշխանը բանաստեղծական ոճով ներկայացնում է լեռանականի խիզախ ոգին և հաղթանակի հասնե­լու անկոտրում կամքը։

IX դարում ապրել և ստեղծագործել է Համամ Արևելցի թագավորի ժամանակակից Համամ Վարդապետ Արևելցի բանաստեղծն ու երաժիշտը։ Նրա թողած գրական ժառանգության մեջ հայտնի են բանաստեղծություններ, աստվածաշնչային մեկնություններ, քերականության ձեռնարկ և այլ ստեղծագործություններ։ IX-Xդդ ապրել է Անանուն շարականագիրը, որն իր ստեղծագործությունների մեջ ներկայացնում է բողոք օտար նվաճողների դեմ։

XII դարի երկրորդ կեսին գեղարվեստական արձակի մեջ ձևավորվում է մի նոր ուղղություն։ Դրա հիմնադիրը դարձավ Մխիթար Գոշը։ Ժողովրդական լայն զանգվածներին դաստիարակելու, համախմբելու և լուսավորելու քաղաքացիական մեծ պարտքի զգաց­ման արդյունքն է 190 առակ պարունակող նրա ժողովածուն412։

Գոշի առակների նյութը հասարակական և կենցաղային խնդիր­ներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերությունների հարցերը։ Առակներում հատուկ ուշադրություն է նվիրված Հայոց պետականության ազգապահապան դերին և նրա ուժեղացման գաղափարին։ Այս տեսանկյունից Գոշի առակները նրա «Դատաստանագրքի» տրամաբանական շարունակությունն է համարվում։

XIV-XVIIIդդ. հայոց տարբեր նահանգներում ստեղծվում են Տաղարան կոչված ժողովածուները։ Նրանցում մեծ տեղ են գրավում քաղաքական-հայրենա սիրական ստեղծագործությունները։ Քիչ չեն նաև մեռածներին կամ էլ առանձին անձանց տխուր ճակատագրերին նվիրված ընդհանուր բնույթի ողբերը, որոնք հատուկ տեղ ունեն «Մաշտոց» կոչվող ժողովածուներում։ Նման ստեղծագործու­թյունները պահպանվել են Արցախի վանքերում գրված ձեռագրերի մեջ։

V-XVIII դդ Հայոց Արևելից նահանգներում, չնայած տարափո­խիկ հանգամանքներին, հայ պատմագիտական միտքը, վայրիվե­րումներով հանդերձ, մնաց պատշաճ աստիճանի։

Մովսես Կաղանկատվացին VII դարի հեղինակ է։ Լինելով Հայոց Արևելից նահանգների թագավորական տան պատմիչը, նա իր երկրամասի պատմության շարադրանքը սկսում է Առանից։ «Պատմություն Աղուանից աշխարհի» գիրքը կազմված է երեք հատորից։ Առաջինն ու երկրորդը շարադրվել են VIIդ. վերջին, Մովսես Կաղանկատվացու կողմից։ Xդ. երրորդ հատորը գրել է Մովսես Դասխուրանցին՝ ամբողջացնելով Արցախի և Ուտիքի (I-Xդդ.) մեկ հազարամյակի պատմությունը։ «Պատմության» մեջ հստակ ձևով ներկայացված է հայ Աղվանքի աշխարհագրական սահմանները։ Երկու հեղինակնե­րի շնորհիվ մեզ հաջողվում է պատկերացում կազմել օտար բռնավորների դեմ արցախահայության հերոսական պայքարի, Առանշահիկների թագավորական տան գործունեության մասին։ Ականատես պատմիչն ամենայն մանրամասնությամբ գրում է բոլոր այն փորձությունների մասին, որ ենթարկվեց իր հայրենիքը։ «Պատմության» շնորհիվ մեզ է հասել հայոց առաջին քնարական պոեմը՝ Դավթակ Քերթողի «Ողբը»։ Մովսես Կաղանկատվացուն ենք պարտական այն անգնահատելի տեղեկությունների մասին, որ տալիս է Աղվանքի, Վրաստանի և հատկապես խազարների մասին։

Մովսես Դասխուրանցուն պատկանում են պատմության այն հատվածները, որոնք ընդգրկում են արաբական տիրապետության շրջանը, Xդ. արցախահայության պետականության վերականգնու­մը։ Պատմության վերջում կցված է մի գլուխ՝ «Անունք հայրապետացն Աղուանից, ամք և գործը նոցին» վերնագրով, որը Աղվանից կաթողիկոսների շարքը սկզբից հասցնում է մինչև 998թ.։ Գրքում հանգամանորեն խոսվում է նաև Արցախի և Ուտիքի հայության հոգևոր արժեքների մասին։ Առանց փաստերի և իրողությունների մեկնաբանության ադրբեջանցի «գիտնականները» վերոհիշյալ երկու պատմիչին էլ վերագրում են աղվան ծագում, իսկ նրանց երկը համարում Ադրբեջանի պատմության շարադրանք։

Արցախում և Ուտիքում հայ պատմագրությունը նոր փայլով ու որակով հանդես եկավ։ Հանդես եկան պատմիչների մի բույլ, որոնք հարցերին ինքնատիպ և բազմաբովանդակ մոտեցմամբ ու ընդգրկումով գերազանցում էին նախորդ շրջանի պատմիչներին։

Վանական վարդապետը իր ժամանակաշրջանի հայ պատմագրական դպրոցի հիմնադիրն է։ Ծնվել է 1181-ին Ուտիքի Տավուշ գավառում։ Նրա հիմնած Խորանաշատի դպրոցում ուսանել են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին։

1236թ. Վանական Վարդապետը իր աշակերտների հետ միասին գերվում է մոնղոլների կողմից, հետո Գագ բերդի բնակիչների հանգանակած միջոցներով փրկագնվում և շարունակում է իր գիտալուսավորչական գործունեությունը։ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Վանականը գրել է իր ապրած օրերի և հատկապես մոնղոլոկան նվաճումների պատմությունը, որ դժբախ­տաբար մեզ չի հասել։

Վանական Վարդապետը գրել է և պահպանվում են աստվածաբանական բազմաթիվ գործեր՝ «Մեկնութիւն Յոբայ», «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի», «Համեմատութիւն Հին կտակարանաց ի Նորս», «Խրատ դավանութեան», որոնցում պաշտպանում է Հայոց եկեղեցու սկզբունքները։

Նրա «Հարցմունք և պատասխանիք» ժողովածուն, միջնադարյան Հայաստանի դպրոցներում օգտագործվում էր որպես ուսումնական ծրագիր։

Վանական Վարդապետը վախճանվել է 1251թ. մարտի 18-ին իր կտակի համաձայն՝ թաղվել Խորանաշատի մերձակայքում եղած չքավորների գերեզմանոցում։

Կիրակոս Գանձակեցին հայ պատմագրության փայլուն ներ­կայացուցիչներից է։ Նա դեռևս իր ժամանակակիցների կողմից գնահատվել է որպես ռաբունապետ։

Կիրակոս վարդապետը ծնվել է 1202 կամ 1203թ. Գանձակում։ Սկզբում աշակերտել է Մխիթար Գոշի Նոր Գետիկի դպրոցում, այնուհետև Վանական Վարդապետի մոտ։ 1236թ. մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցը, գերեվարում աշակերտներին, այդ թվում՝ Կիրակոսին։ Սակայն ապագա մեծ պատմիչին հաջողվում է փախչել գերությունից և վերստին հաստատվել Նոր Գետիկում։ Նա մինչև իր կյանքի վերջը զբաղվել է մատենագրական աշխատանքներով, միաժամանակ հեռու չմնալով հայ հասարակական, կրոնավարչական և մշակութային կյանքից։ Կիրակոս Գանձակեցին վախճանվել է 1271թ. և թաղվել Նոր Գետիկի վանքում։

Նրա «Պատմութիւն Հայոց» երկը սկսվում է IV դարից և հասնում մինչև 1265թ.։ Առաջաբանը նվիրված է Պատմության շարադրման հանգամանքներին։ Գրքի առաջին մասը սկսվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատի և հիմնականում նրանց անունների հետ կապված, քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնական կրոն դառնալու կապակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությամբ։ Այստեղ հեղինակը, օգտվելով նախորդ շրջանի գրավոր աղբյուրներից, ամփոփել է մինչև XIIդ. վերջին տասնամյակները կատարված անցուդարձերը, ներառյալ Կիլիկիայի համապատասխան ժամանակահատվածի պատմությունը։

Աշխատության երկրորդ մասը սկսվում է 1197թ. և ավարտվում 1265թ. դեպքերով։ Այն շարադրված է իրադարձություններին ականջալուր և ականատես հեղինակի մոտեցումով, ուստի այն ավելի արժեքավոր է։ Նա հանգամանորեն պատմում է XIIդ. վերջին տասնամյակներում Վրաստանի ռազմական ու քաղաքական հզորացման և հայ-վրացական միասնության, Զաքարյանների ժամանակ Հայաստանի՝ սելջուկների լծից ազատագրման, քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացման մասին։


Կիրակոս Գանձակեցու երկը չափազանց կարևոր է մանավանդ Հայաստանում ու Մերձավոր Արևելքում մոնղոլների տիրապետու­թյան շրջանի պատմության լուսաբանման համար։ Նա ընթերցո­ղին մատուցում է ոչ միայն մոնղոլների հաղթական արշավանքների, ավարառության, համատարած կոտորածի պատկերը, այլև նկարագրում է նրանց ցույց տրված հերոսական դիմադրությունը։ Գանձակեցին բավականին լայն տեղ է հատկացրել հայ ժողովրդի՝ այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական, իրավա-հասարակական պայմաններին և հոգևոր-մշակութային երևույթներին։

Իր պատմությունը շարադրելիս Գանձակեցին շատ ու բազմազան աղբյուրներ է օգտագործել։ Գրեթե առանց բացառության դի­մել է բոլոր նախորդ հայ մատենագիրներին, լայնորեն օգտվել է անցյալի և իր ժամանակի վիմագրական աբյուրներից, հայ թարգմանական գրականությունից, ինչպես նաև հայ բանահյուսությունից ու բանավոր-ժողովրդական զրույցներից և ականատեսների վկայություններից։ Այդ ամենը նա անց է կացրել քննական իր մաղով։ Պատահական չէ, որ նրան համարել են «Մովսես Խորենացու հետևորդն ու Ստեփաննոս Օրբելյանի նախորդը»413։

Կիրակոս Գանձակեցու երկը ժամանակաշրջանի պատմության ստուգապատում սկզբնաղբյուր է ոչ միայն հայագիտության, այլև ընդհանրապես կովկասագիտության ու արևելագիտության համար։

Մատենագիր, փիլիսոփա, աշխարհագրագետ, գրող, թարգմանիչ, մանկավարժ և ազգային-հասարակական գործիչ Վարդան Արևելցին ծնվել է XIIդ. վերջերին Գաձակի կողմերում։

Նա սկզբում ուսանել է Մխիթար Գոշի մոտ Նոր Գետիկ վանքում, այնուհետև հիմնարար կրթություն է ստացել Խորանաշատ վանքում՝ ուսուցչապետ ունենալով Վանական Վարդապետին։ Փայլուն գիտելիքներ ստանալուց հետո նա Կայենա բերդի ս.Անդրեյի վանքում հիմնել է դպրոց։ Մանկավարժական լայն գործունեություն է ծավալել Հաղբատի վանքում։ Կոստանդին Բարձրաբերդցի կաթողիկոսի հորդորանքով մի ժամանակամիջոց ապրել է Կիլիկիայում։ Այստեղ նա մասնակցել է հայոց եկեղեցու գաղափարական հիմքերի ամրապնդմանը, պայքարելով Բյուզանդիայի և Հռոմի հայակուլ քաղաքականության դեմ։

Վարդան Արևելցին կյանքի վերջին մեկ և կես տասնամյակը անց է կացրել Խոր Վիրապի վանքում, որտեղ հիմնել է միջնադարյան բարձրագույն դպրոցներից մեկը։ Վարդան Արևելցուն տարբեր վայրերում աշակերտել են հայ մշակույթի ականավոր գործիչ­ներ Հովհաննես Պլուզ Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բջնեցին։ Վարդան Արևելցին սերտ հարաբերություններ ուներ Հուլավու խանի հետ և նրա միջոցով շատ թե քիչ կարողացել է մեղմել իր հայրենակիցների ծանր վիճակը։

Վարդան Արևելցին մեզ է թողել ծավալուն մեկնաբանական աշ­խատություններ՝ «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն երկոտասան մարգարեիցն», «Մեկնութիւն երգոց երգույն Գրիգոր Նարեկացւոյ», «Մեկնութիւն Դանիելի», «Մեկնութիւն Հնգամատենին», որոնց մեջ արտացոլված են աստվածաշնչային գաղափարներ, բնափիլիսոփայական, սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցեր, մշակութային կյանքին առնչվող խնդիրներ։

Վարդան Արևելցին հեղինակել է «Ժղլանք» (ժղլել նշանակում է մանր մունր գիտելիքների, զանազան անցուդարձերի ու երևույթնե­րի մասին զրուցել) ժողովածուն, որտեղ քննարկվում են բնության, հասարակության վերաբերող բազմապիսի հարցեր։ Վարդան Արևելցու «Աշխարացոյց»-ը Անանիա Շիրակացու համանուն երկից հետո տվյալ բնագավառում իր նշանակությամբ երկրորդն է։ «Աշխարացոյց»-ի մեջ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում տվյալ ժամանակի Հայաստանի աշխարհագրական վիճակի, վարչա-տարածքային բաժանումների, հարևան երկրների մասին։

Վարդան Արևելցու ամենանշանավոր գործը «Հավաքումն պատմութեան» կամ «Պատմութիւն տիեզերական» աշխատու­թյունն է։ Այն հայ պատմագրության մեջ տիեզերական կամ ընդհանուր պատմություն շարադրելու երկրորդ փորձն է։ Նա օգտագործել է բազմապիսի աղբյուրներ՝ հայ մատենագիրների աշխատությունները, վիմական արձանագրություններ, ժողովրդական պատումներ, այդ թվում նաև քաղդեական, ասորական, պարսկական զրույց-առասպելներ։

Վարդան Արևեցին հայոց պատմությունը սկսում է բաբելոնյան աշտարակաշինությունից, Հայկից ու Բելից և հասնում մինչև XIIդ. դեպքերը։ Պամիչը միաժամանակ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հայ և այսրովկասյան ժողովրդների, Կիլիկիայի հայկական պետության, պարսիկների, բյուզանդացիների, արաբների, սելջուկների, խաչակիրների, մամլուքների, մոնղոլների և թուրքմենական ցեղերի պատմական անցյալի մասին։ Վարդան Արևելցին գրել է բազմաթիվ ճառեր, ներբողներ, շարականներ, խրատներ, մանր զրույցներ, կատարել թարգմանություններ հունարենից և ասորերենից։ Առանձնապես հետաքրքիր է ասորի անվանի եկեղեցական-հասարակական գործիչ Հակոբ Սրճեցու ճառի թարգմանությունը։ Վարդան Արևելցու շնորհիվ մեզ է հասել ասորի մատենագիր Միխայիլ պատրիարքի (XIIդ.) «Ժամանակագրութիւն» պատմագիտական երկի հայերեն թարգմանության մի մեծ բաժին։

Մեծ լուսավորիչն ու գիտնականը մահացել է 1271թ. Խոր վիրապում և այնտեղ էլ թաղվել։

Գրիգոր Ակներցին (XIIIդ.) ծննդով Արցախի Խաչեն գավառից էր։ Վանական Վարդապետի սաներից էր, Վարդան Արևեցու և Կիրակոս Գանձակեցու դասընկերը։ Նրա «Պատմութիւն վասն ազգին նետողաց» երկը ընդգրկում է կարճ (1220-1273թթ.), բայց բովանդակալից մի ժամանակահատված, երբ հայ ժողովուրդը մաքառում էր մոնղոլական տիրապետության դեմ։ Պատմիչը հետաքրքիր տեղեկություններ է տալիս մոնղոլների նիստ ու կացի, նրանց ծանր հարկային քաղաքականության, կառավարման համակարգի մասին։ Գրիգոր Ակներցին ներկայացրել է կիլիկիահայության պայքարը մամլուքների դեմ։ Նրա «Պատմությունը» հետաքրքիր տեղեկու­թյուններ է պարունակում նաև Հայաստանի և Կիլիկիայի հարևան երկրների մասին։

Հայոց Արևելից կողմանց գրական-պատմագիտական կյանքն առկայծումներ է ունեցել նաև հետագա դարերում։ Չնայած դժնդակ պայմաններին, Արցախի և Ուտիքի նշանավոր վանքերի խուցերում հայ մտավոր շարժման առաջնորդները շարունակում էին արարել հոգևոր արժեքներ։

XVIդ. ժրաջան աշխատանք է ծավալել Հովհաննես վարդապետ Ծարեցին։ Սկզբնաբյուրների վկայությամբ Դադի վանքում Հով­հաննես Ծարեցու գլխավորությամբ ստեղծվում են բազում գրքեր, որոնք ժամանակի ընթացքում հրկիզվում և կողոպտվում են օտար նվաճողների կողմից։ Այդ ձեռագրերից մեկը 6879 թվահամարով այսօր պահպանվում է Մատենադարանում։ Նա մահացել է 1583թ., մարմինը ամփոփվել է Սյունիքի Վասակաշենում։ Առավել բեղմնավոր է եղել Ծարա իշխանական տներից մեկի՝ Ջհանշահանց տոհմի ներկայացուցիչ Հովհաննեսիկ Ծարեցու գոր­ծունեությունը։ Նա ծնվել է 1560թ. Ծարում։ Հիմնավոր կրթություն ստանալով Դադի վանքում ռաբունապետ Ներսես Գնունեցու մոտ, հարազատ միջավայրում էլ ձեռնամուխ է լինում հին ձեռագրերի նորոգման և նորերի ստեղծման գործին։ Հովհաննեսիկ Ծարեցու թո­ղած գրական-պատմագիտական ժառանգության ամենանշանակալիցը «Յովհաննիսիկ վարդապետի համառոտ պատմութիւն անցից անցելոց ի վերին կողմանս Հայաստանի ըստ կարգի ժամանակագրութեան» աշխատությունն է414։

Այստեղ ներկայացված է 1572թ. մինչև 1600թ. ընկած ժամանակահատվածը հյուսիս-արևելյան Հայաստանի պատմությունը։ Ժամանակագրության մեջ մանրամասն պատմվում են թուրք-պարսկական պատերազմների և դրան հաջորդած սովի ու մահտարժամի մասին։

Այդ ամենի հետ մեկտեղ Հովհաննեսիկ Ծարեցու գլխավորու­թյամբ Գեղամա գավառում կառուցվում է Աստվածածին եկեղեցին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ժրաջան և հայրենասեր այս գործիչը մահացել է 1621-1623թթ. միջոցին։

Եսայի Հասան Ջալալյան՝ մեծանուն այս տոհմի արժանավոր զավակի զորավարական տաղանդի և հոգևոր առաջնորդի առաքելությանը անդրադարձել ենք գրքի նախորդ էջերում։ Բազմազբաղ հայրենասեր կաթողիկոսը անջնջելի ծիր է թողել նաև պատմագիտության բնագավառում։ Իր «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհի Աղուանից ի թուականի հայոց 1160, իսկ ի թուականին տեառն մերոյ փրկչին Հիսուսի 1711» (հրատարակվել է Շուշիում 1839թ.) կամ ավելի շատ ընդունված «Պատմութիւն համառոտ Աղուանից երկրի» (1868թ. լույս է տեսել Երուսաղեմում) վերտառությամբ երկասիրության մեջ ականատեսի և դեպքերի մասնակցի անաչառ գրիչով, կենդանի ու ճշմարիտ գույներով ներկայացրել է XVIIIդ. առաջին քառորդի հայ ազատագրական շարժման պատմությունը։ Դժբախտաբար Եսայի կաթողիկոսի պատմության ամբողջական բնագիրը մեզ չի հասել։ Րաֆֆին այդ առթիվ գրել է «Եսայի կաթողիկոսի պատմության իսկականը շատ ընդարձակ է եղել, ինչպես այդ երևում է մեր ձեռքը հասած մի գրչագիր օրինակից, որը, դժբախտաբար, կիսով չափ փտած է։ Ցանկալի կլիներ, որ գտնվեր այդ աշխատության ամբողջը և դա առատ նյութ կտար մեր նոր պատմությանը»415։

Արցախում և Ուտիքում հայկական պետականության գոյության պայմաններում անհրաժեշտություն է դառնում ունենալ հասարակական կյանքի կանոնավորման իրավական նորմեր։ Այդ գործի առաջին նախաձեռնողը դարձավ Դավիթ Ալավկաորդին։ Ծնվել է Գանձակում, ապրել և ստեղծագործել է մինչև XII դ. կեսերը։ Դավիթ Ալավկաորդու «Կանոններ» օրենքների ժողովածուի մեջ ընդգրկված են 97 կանոններ416։

Դրանք կարգավորում էին ընտանեական և կենցաղային հարցերը։ Դավթի կանոնները կարևոր սկզնաղբյուր են հայ իրավունքի և հասարակական–քաղաքական մտքի պատմության համար։

Այս բնագավառում հաջորդ առաջընթաց քայլը կատարեց միջ­նադարյան հայ մշակույթի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Մխիթար Գոշը (Գոշը մականուն է, որը նշանակում է քոսակ, միրուքը նոսր մարդ)։ Նա ծնվել է 1120-ական թթ. Գանձակում։ Աշակերտում է Հովհաննես Տավուշեցուն և ստանում վարդապետի կոչում։ Չբավարարվելով ձեռք բերվածով, նա Քուրդ Արծրունի իշխանի հովանավորությամբ մեկնում է Կիլիկիա և Սև լեռան հոգևոր կենտրոնում հարուստ գիտելիքներ ամբարելուց հետո, նորից ստանում է վարդապետի կոչում։

Վերադառնալով հայրենիք նա սկզբում ապրում է Գանձակում, սակայն հալածվում է մահմեդական տերերից և կաթողիկոսի կող­մից։ Ստանալով Խաչենի տեր, հայ մշակույթի մեծ ջատագով Վախտանգի հովանավորությունը, հաստատվում է Հաթերքում, որ­տեղ էլ 1184թ. ստեղծում է «Դատարանագիրք»-ը։ Այստեղից էլ նա տեղափոխվում է Գետիկ վանքը։ Երկրաշարժից այդ վանքը ավեր­վելուց հետո Զաքարե և Իվանե Զաքարյանների հովանավորու­թյամբ, նախկինից ոչ հեռու՝ Տանձուտ ձորում, կառուցում է Նոր Գետիկի վանքը։ Կարճ ժամանակահատվածում Գոշի և նրա հիմնադրած դպրոցի հռչակն այնքան է տարածվում, որ Հայաստանի հե­ռավոր վայրերից գալիս են նրա մոտ ուսանելու։ Մխիթար Գոշը գրել է բազմաթիվ աշխատություններ՝ «Համառոտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբի վերայ բնութեյանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս Նորայն», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձվածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», «Վկայութիւն սրբոյն Խոսրովայ», «Դատաստանագիրք հայոց», աղոթքներ և առակներ։

Մխիթար Գոշի աշխատություններից բացառիկ արժեք է ներ­կայացնում Դատաստանագիրքը։ Զարգացած ֆեոդալիզմի պայ­մաններում, երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում տեղի ունեցող փոփոխությունները ծնում են տար­բեր դասերի և խավերի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն։ Դրանից ելնելով Մխիթար Գոշը ստեղծեց իր կոթողային աշխատությունը։

«Դատաստանագիրքը» բաղկացած է 3 մասից՝ «Նախադրություն»-ից, եկեղեցական կանոններից(«Եկեղեցական կանոնք», 124 հոդված) և աշխարհիկ օրենքներ («Աշխարհական օրէնք», 130 հոդված)։ «Նախադրության» մեջ արծածված են հեղինակի մոտեցումները դատական համակարգի, դատավարության, դատարանակազմության մասին, բացատրված օրենսգրքի ստեղծման հանգամանքները։

«Դատաստանագրքի» ելակետը մարդն է, անկախ նրա սոցիալական պատկանելիությունից։ Այս տեսանկյունից Գոշը հումանիստ է՝ իր աշխատության մեջ ներկայացնելով իր ապրած ժամանակներից առաջանցիկ գաղափարներ։ Մխիթար Գոշը չի հանդուր­ժում ոտնձգությունը մարդու կյանքի դեմ՝ անկախ նրանից, թե կրո­նական ինչ համոզմունքներ ունի, հասարակության հիերարխիկ համակարգի որ աստիճանին է կանգնած։

«Դատաստանագրքի» մեջ ուրվագծվում է հայկական պետականության ստեղծման կենսական անհրաժեշտությունը, մեկնաբանելով ապագա թագավորության իրավական հիմունքները, ներկայացնելով թագավորի իրավունքները, իշխանների և հասարակության տարբեր դասերի փոխհարաբերությունները, հարկերի կառավարման համակարգի այլ հարցեր։

Գոշի «Դատաստանագիրքը» այնքան կատարյալ էր, որ այն շուրջ 700 տարի օգտագործվել է ոչ միայն հայ իրականության մեջ, այլև շատ տարածված է եղել աշխարհի մի շարք երկրներում։ Այն 1519թ. գործածության մեջ մտավ լեհահայ գաղութում։ Շատ չանցած՝ «Դատաստանագրքի» լատինական խմբագրությունը թարգմանվեց Ղրիմի թաթարերեն։ XVIIIդ. կեսերին Աստրախանի հայկական գաղութը, դրա հիման վրա կազմեց մի նոր օրենսգիրք, որը հաստատվեց ցարական կառավարության կողմից և գործադրվեց հարավային Ռուսաստանի հայության մեջ միչև դատական բարե­փոխումները։

XVIIIդ. սկզբին վրաց Վախթանգ Զ թագավորը վրացերեն թարգմանել է տալիս «Դատաստանագիրքը» և մտցնում իր օրենսգրքի մեջ417։

XIIIդ. Սմբատ Սպարապետը Գոշի «Դատաստանագրքի» հի­ման վրա ստեղծում է իր օրենսգիրքը և գործածության մեջ դնում Կիլիկյան հայոց թագավորությունում։ Հնում այն թարգմանվել է լատիներեն և ղփչաղերեն։

Մխիթար Գոշը վախճանվել է 1213 թ.։ Նրա մարմինը ամփոփվել է Նոր Գետիկում, որն էլ մեծ մտածողի անունով կոչվեց Գոշավանք։

Դարավոր ավանդույթներ ունեցող հայ ճարտարապետությունը վաղ միջնադարում նոր որակ և զարգացում ունեցավ։ Այս փուլում է, որ դրվեց եկեղեցաշինության հորինվածքային, գեղարվեստական և կառուցողական սկզբունքների հիմքերը։ Պատմական Արցախի ճարտարապետության զարգացումը ընթացել է համաքայլ եւ սերտ կապերի մեջ Հայաստանի մյուս նահանգների ճարտարապետության հետ և հանդիսանում է նրա անբաժանելի բաղադրիչը։

Վաղ միջնադարի արցախյան եկեղեցիները, ինչպես Սյունիքի և կենտրոնական Հայաստանի եկեղեցիները, հիմնականում պատկանում են եռանավ բազիլիկ տիպին, 1 կամ 2 զույգ մույթերով, որոնք կրում են աղոթասրահի թաղակապ ծածկը՝ առնված երկլանջ կտորի տակ։

Վաղ միջնադարյան հայ ճարտարապետությանը բնորոշ կառույցներից է Ամարասի վանքը։ Հայ պատմիչների վկայության համաձայն վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը418, որի կառու­ցումը ավարտին է հասցրել իր թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։ Նրա ժամանակ էլ վանքը դառնում է եպիսկոպոսանիստ։ Երբ 338թ. Գրիգորիսը քարոզչության ժամանակ նահատակվում է Դերբենդում, նրա աշակերտները եպիսկոպոսի մարմինը ամփոփում են Ամարասում։ Vդ․ Վաչագան Բարեպաշտը Գրիգորիսի գերեզմանի վրա կառուցում է ստորգետնյա մատուռ-դամբարան, որը գտնվում է եկեղե­ցու բեմի տակ։ Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը այստեղ բացում է հայկական առաջին դպրոցներից մեկը։

Ամարասը, լինելով Արցախի ոչ միայն հոգևոր, այլ նաև մշակութային, տնտեսական և ազատագրական պայքարի կենտրոնը, բո­լոր ժամանակների նվաճողներն էլ՝ պարսիկները, արաբները, սելջուկ-թուրքերը, թաթար-մոնղոլները մշտապես ձգտել են հիմնավեր անել Աստծո այդ տունը։ Ավանդությունը պատմում է, որ Լենկ-Թեմուրը վանքը ավերելուց հետո իր զինվորներին շարքով կանգնեց­նում է Ամարասից մինչեւ Արաքս գետը (հեռավորությունը մոտավո­րապես 45կմ) և հրամաում վանքի քարերը իրար փոխանցելով լցնել գետը։ Սակայն շուտով վանքը իր բարեշեն տեսքն է ստանում։

XVIդ. երկրորդ կեսին Պետրոս եպիսկոպոս Գիշեցու ջանքերով վանքը վերանորոգվում է, և միաժամանակ Հերհեր գյուղում կառուց­վում ս. Գրիգորիս ամառանոց եկեղեցի։

XVI-XVIIդդ. Ամարասը ամուր պարսպապատվում է, կառուց­վում են օժանդակ շինություններ, օթևաններ։ Պարսպի երկարու­թյունը 85, լայնությունը 59, իսկ բարձրությունը 5 մետր է։

XIXդ.սկզբներին վանքը անտեր էր մնացել։ Թուրքերը այն անվանում էին Աղ–Օղլան։ Արցախը Ռուսաստանին անցնելուց հետո Ամարասը դարձրին մաքսատուն։ Բաղդասար միտրոպոլիտի ջանքերով 1848թ. մաքսատունը տեղափոխվել է Արաքսի ափը, իսկ վանքն իր կալվածքներով վերադարձվել Հայոց հոգևոր իշխանոթյանը։

Ամարասի ներկայիս եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1858թ. շուշեցիների միջոցներով։ Վաղ միջ­նադարյան շրջանի մյուս հռչակավոր կառույցը՝ Քաշաթաղի շրջանում Ծիծեռնավանքի եկեղեցին է։ Հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով եռանավ բազիլիկ եկեղեցին մեզ հուշում է հնամենի լինելու մասին։ Մ. Հասրաթյանի կարծիքով եկեղեցին հիմնված է եղել հեթանոսական տաճարի տեղում։

Մասնագետների կարծիքով Ծիծեռնավանքը կառուցվել է VIդ.: Ավելի ուշ կառուցվել է եկեղեցու շքամուտքը, զանգակատունը, պարսպաշարը։ Պարսպից դուրս պահպանվում է երբեմնի հայաբ­նակ գյուղի գերեզմանոցը։

IV-VIIդդ. կառույցներ են համարվում Գլխո կամ Հոռեկա վանքը, Եղիշե Առաքյալի վանքը, Վաչազան Բարեպաշտի, Օխտը Դռնանիի, Խոժոռաբերդի, Խտուդրենք տաճարները, Մոխրենիսի, Սղնախի, Փափրեվենդի, Թազաքյանդի (Աղջաբեդու շրջան) եկեղեցինե­րը։

Մովսես Կաղանկատվացու տեղեկությունների համաձայն VI-VIIIդդ. Պարտավում գործում էր ս.Գրիգորի և ս. Աստվածածին եկեղեցիները419։

VIIIդդ. կառուցվել է Գետաբեկի եկեղեցին։

Վաղ միջնադարում Արցախում կառուցվել են նաև ժայռափոր եկեղեցիներ։ Քաշաթաղի շրջանում Ղարաղշլաղ գյուղից մեկ կիլո­մետր հեռավորության վրա պահպանվում են մի քանի ժայռափոր խորաններ և մեկ եկեղեցի։ Նմանօրինակ մի եկեղեցի գտնվում է Աղդամի շրջանում Վանքասարի եկեղեցուց 2 կմ. հյուսիս։

Վիմափոր եկեղեցաշինության ավանդույթը նոր ընթացք ստացավ հետագա ժամանակներում, որի գլուխգործոցը հանդիսացան Պռոշյան իշխանների պատվերով կառուցված Այրիվանքի ժայռափոր եկեղեցիները։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում Բազրատունիների, Զաքարյանների իշխանության և Կիլիկյան Հայաստանի գոյության պայմաններում քաղաքաշինությունը և ճար­տարապետությունը ապրում են աննախընթաց զարգացում։ Հատկապես XIIIդդ. Արցախն ապրում է շինարարական եռուզեռի շրջան։

Խադավանքը գտնվում է Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի աջ ափին, Վաղուհաս գյուղի շրջակայքում՝ մի անտառա­ծածկ թրաձև լեռնաբազկի վրա։ Ավանդությունը պատմում է, որ Ծարա իշխանության հոգևոր կենտրոնը կառուցվել է վաղ միջնադարում և կոչվել է քրիստոնեության առաջին քարոզիչներից մեկի՝ Խադ եպիսկոպոսի անունով։ XIIդ. վանական համալիրը ավերվեց երկրաշարժի և սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ Վանքը վերստին վեր հառնվեց Հովհաննես Ա. վարդապետ Խաչենցու ջանքերի շնորհիվ։ 1204թ. նա ավարտեց գլխավոր տաճարի կառուցումը։ Հովհաննեսի եղբայր՝ Ծարա երկրի տեր Հասան իշխանը իր մոր՝ Շուշիկի հետ 1215թ. կառուցեցին ս. Կարապետ եկեղեցին, իսկ իշխանուհի Դոփը ամուսնու մահվանից հետո այն 1225թ. լրաց­րեց գավիթի շինարարությամբ, ամբողջական տեսքի բերելով վանական համալիրը։

Հարկ է նշել, որ Հովհաննես Ա Խաչենցու անվան հետ է կապված Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու և նրա գավթի (1181թ.) կառուցու­մը, Կաթողիկե տաճարի վերակառուցումը (1184թ.), Հաղբատի վանքի գավթի կառուցումը և ս. Գրիգորի եկեղեցու վերակառուցումը։

IX-XIII դարերում ստեղծվեցին ճարտարապետական մեծար­ժեք շինություններ։ Հաջորդաբար կառուցվեցին Թարգմանչաց վանքի համալիրը (989թ.), Հաղարծնի ս. Աստվածածին(1071թ.), Մակարավանքի ս.Աստվածածին (1198թ.), Նոր Վարագա վանքի ս․Նշան (1190-1200թթ.), Մորոյ Ձորոյ (1213թ.), Վարանդայում՝ Կարմիր կոչվող(1221թ.), Գոշավանքի (1191-1241թթ.), Դադի վանքի կաթողիկեն(1214թ.), Գանձասարի Հովհաննես Մկրտիչ (1216-1238թթ.), Խորանաշատի Կաթողիկեն (1211-1222թթ.), Գոշավանքի (1191-1214թթ.), Գտչավանքի գլխավոր եկեղեցին(1241-1248թթ.), Հաղարծնի Առաքելոց (1240-1245թթ), Բռի եղցի համալիրը (1230-1270թթ.), Սուլոկի(1279թ.), Ծարա ս. Աստվածածին (1301թ.) եկեղեցիները, որոնցից յուրաքանչյուրը ճարտարապետական յուրօրինակ հրաշագործություն է։

Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվում է Գանձասարի վանական համալիրը։ Գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ գեղատեսիլ սարի գագաթին։ Գանձասար է կոչվում, որովհետև հնում այստեղ գոյություն ունեին արծաթահանքեր։ Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, միաբանական խցերից, տնտեսական շինություններից և երկհարկանի դպրոցական մի շենքից։ Այդ ամենը շրջապատված էր պարիսպներով։

Մատենագիտական տեղեկությունները վկայում են, որ IX-Xդդ. այստեղ եկեղեցի է եղել։

Ավանդությունը պատմում է, որ Խաչենի գահերեց իշխան Հասան Ջալալը Հովհաննես Մկրտչի գլուխ-նշխարը ամփոփում է Գանձասարում՝ իրենց տոհմական գերեզմանատանը, որի վրա էլ 1216–1238թթ. Կաթողիկե եկեղեցի է կառուցում և այն կոչում սրբի անունով։ Դարեր շարունակ տաճարը այդպես էլ մնում է մի անգերազանցելի հրաշագործություն։ Բյուզանդական ճարտարապետու­թյան պրոֆեսոր Շ. Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հինգ շինություններից Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցուց, Էջմիածնի Հռիփսիմե տաճարներից հետո երրորդ տեղը վերապահել է Գանձասարին420։

Իսկ ռուս գիտնական Ա. Յակոբսոնը այն համարում է միջնադարյան ճարտարապետության «հանրագիտարան», «մարգարիտ»421։

Իր նշանակությամբ Արցախի երկրորդ նշանավոր վանական համալիրը Դադի կամ Խութավանքն է։ Հաթերքից վեր, Տրտու-Թառթառ գետի ձախ ափին, մի բլրակի կամ խութի (որից էլ ստացել է Խութա վանք) վրա փռխած է վանական համալիրը։ Ավանդության համաձայն, այն միաժամանակ Դադիվանք է կոչվել Թադևոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ Դադիի անունից, որի շիրիմի վրա առաջին դարում եկեղեցի է շինվել422։ Վանքը, լինելով առաջնորդական կենտրոն, դրսեկ զավթիչների համար աչքի փուշ է եղել և բազմաթիվ անգամ ավերել են այն։ Սակայն հայության հոգևոր այս կենտրոնը ամեն անգամ էլ ժողովրդի ջանքերով նորից վեր է հառնել։ Ցայսօր պահպանվել է Դադի վանքի զանազան նշանակության 30 կառույցներ։ Համալիրի զարդն է համարվում կաթողիկե եկեղեցին։ Այն հիմնադրվել է 1214թ. Հաթերքի իշխան Վախտանգի տիկնոջ՝ Արզու-Խաթունի ջանքերով։ Վանքի շրջակայքում գտնվում են 5 մատուռներ, երկուսը կանգուն, իսկ ե­րեքը՝ կիսավեր։

Չնայած հետագա դարերում թրքախոս ցեղերի չընդհատվող հոսքին և դժնդակ պայմաններին, Արցախում եկեղեցաշինությունը դադար չունեցավ։ XV-XVIII դարերում կառուցված եկեղեցիները մեծ մասամբ պատկանում են վաղ միջնադարյան բազիլիկ (միանավ, եռանավ) տիպին։ Դրանց մեծ մասը առանց գմբեթ եկեղեցի­ներ են։ ՈՒնենալով հատակագծային և ծավալատարածական պարզ հորինվածք, այդ տիպի եկեղեցիները բնութագրվում են նաև արտաքին և ներքին ճարտարապետության պարզությամբ։ Նմանօրինակ կառույցներ են համարվում Ավետարանոց գյուղի Կուսանաց անապատը (1616թ.), Mերիկի ս. Աստվածածին(XVII դար), Ջերմաղբյուրի թաղածածկ եկեղեցին(XVII դար), Ավետարանոցի ս. Աստվածածին (1651թ.) եկեղեցին, Հերհերի ս. Գրիգորիս տամարը (1667թ.), Եղիշե վանքի եկեղեցին (1655թ.), Ծաղկավանքի Կաթողիկեն (1682թ.), Երից Մանկաց վանքի եկեղեցին (1691թ.), Բերդաձորի Պարին Պիժ եկեղեցին (1658թ.), Տող գյուղի ս. Ստեփանոս (1747թ.), ս. Հովհաննես(1736թ.) եկեղեցիները, Խնձրիստանի Ծիթհանը (1772), Ջրաբերդի անապատը (1715թ.), Հողեր գյուղի Կավանքի (1749թ.), Ցորի Ամենափրկիչ (1749թ.) եկեղեցիները։

Վաղ միջնադարից սկսած և հատկապես ուշ միջնադարում թշ­նամի ցեղերի և երկրների անընդմեջ կրկնվող արշավանքներին դի­մակայելու նպատակով Արցախի գլխավոր ռազմավարական հանգույցներում, հիմնականում անմատչելի լեռնային բավիղներում, կառուցվել են բերդեր և պաշտպանական այլ ամրություններ։ Առավել հայտնի են Խոխանաբերդը, Կաչաղակաբերդը, Շիկաքարը, Խաչենաբերդը, Ծիրանաքարը, Ականաբերդը, Հանդաբերդը, Ջրաբերդը, Գյուլիստանի, Փառիսոսի բերդերը, Մայրաբերդը, Մածնաբերդը, Դողը, Գոռոզը, Ցորաբերդը, Խոժոռաբերդը, Ամատուկը, Դիզափայtը, Քոչիզը, Շոշի բերդը և այլն։ Պաշտպանական այս համալիրները իրար հետ կապված են եղել հատուկ ազդանշանային համակարգով և վտանգի դեպքում շրջակա գյուղերի բնակիչները պատսպարվում էին վերոհիշյալ բերդերում։

Արցախը Ռուսաստանին անցնելուց հետո երկրամասում ռազմաքաղաքական իրավիճակը ինչ-որ չափով կայունացավ։ Արցախի հզոր բերդերն ու ամրությունները կորցրին իրենց նախկին դերն ու նշանակությունը։ Բնական աղետների և մարդու երախտամոռ, անտարբեր վերաբերմունքի հետևանքով, տարիների ընթացքում քաղաքակրթության այդ նմուշների զգալի մասը անվերադարձ աներևութացան, թողնելով միայն մի բարի հուշ մեր հերոս նախնիների դյուցազնական անցյալի և անկոտրում կամքի մասին։

XII-XIIIդդ. Արցախում առավել հատկանշականը ճարտարապետության աշխարհիկ ճյուղի աննախընթաց զարգացումն է։ Կառուցվում են նորատիպ աշխարհիկ շենքեր, պալատներ, ուր լայնորեն օգտագործվում էին ժողովրդական բնակարանի շինարարության դարավոր ավանդույթները։ Դրանցից առավել հայտնի են Հասան Ջալալ իշխանի ապարանքը՝ Խոխանաբերդում (XIII դարի սկիզբ), Վախտանգյանների աարանքը՝ Դադիվանքում (XII-XIIIդդ.), Դոփյանների ապարանքը՝ Ծարում (XIIIդ., վերակառուց­ված 1658թ.), Դադիվանքի առաջնորդական ապարանք-«տաճարը»(1211թ), որն ամբողջական վիճակում այսօր էլ կանգուն է։

XVI-XVIII դարերում Արցախում մելիքական կարգի հաստատման ու ամրապնդման, և դրանց հետագա ճյուղավորման շնորհիվ աշխարհիկ այդ տերերի բնակարանների՝ ապարանքների շինարարությունը լայն թափ ստացավ։ Դրանց մի հատվածի վերաբե­րյալ պատկերացում ենք կազմում պատմական սկզբնաղբյուրներից, իսկ մյուս մասն էլ պահպանվել է կիսավեր վիճակում։ Ծարի և Սոդքի Մելիք Շահնազար Ա-ն ու նրա տոհմակիցները ապարանք­ներ ունեին Ականաբերդում (XV-XVIդդ) և Մեծ Մազրայում (XVI-XVII դդ.), Քաշաթաղի Մելիք Հայկազ Ա-ը և նրա հաջորդները՝ քաշաթաղ գյուղում (XV դ.) և Խնածախում (XVIդ.), Դիզակի Մելիք Եգանը Տող ավանում (1737թ.), Գյուլիստանի տերերը համանուն բերդում (XVII-XVIIIդդ.), և Հոռեկավանում (Մելիք Թամրազինը՝ 1727թ., Մելիք Հովսեփինը(XIIIդ․ երկրորդ կես), Գյուլիստան գյու­ղի Աբրահամ սպարապետի որդի Հակոբը՝ նույն գյուղում (1772թ.), Ջրաբերդի Մելիք֊Իսրայելյանները համանուն ամրոցում (XVII-XVIIIդդ.) և Քաղաքատեղ բերդավանում (XVII-XVIIIդդ.), նույն տոհմի Մելիք-Ադամը՝ Մոխրաթող գյուղում (1771թ.), Մելիք-Ալավերդյանները Գյուլաթաղ գյուղում (1799թ.), Վարանդայի Մելիք Շահնազարյան Մելիք-Բաղի Բ-ը, Մելիք Հուսեյն Ա և Մելիք Շահնազար Բ-ը՝ Ավետարանոցում (XVIIIդ. սկիզբ, 1786թ.), նույն տոհմը Շուշիում՝ XVIIIդ., նույն գավառում Մելիք Դոլուխանյանները՝ Թուխնակալ գյուղում (XVIIIդ .) և Ավան Սպարապետը՝ Շուշիում (XVIIIդ. սկիզբ), Մելիք Շահնազարյանների մի ուրիշ ճյուղը՝ Ոսկանապատում, Մելիք-Առստամը՝ Բարսում գյուղում, Մելիք-Մովսեսը՝ Խաչակապում, Մելիք-Մնացականը՝ Գետաշենում (XVIII դ.)423։

Ծարում ուշագրավ և հազվագյուտ նմուշ է նաև 1658թ. ոմն Ավանեսի կառուցած հազարաշեն տունը, որի չորս սյուները սովորական գերանների փոխարեն քարից են 424։

Արցախի աշխարհագրական կտրտված դիրքը բազմաթիվ հոր­դահոս գետերի առկայությունը, ինչպես նաև տնտեսական կյանքի ու առևտրի մասնակի աշխուժացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում կամրջաշինության համար։

Միջնադարյան տասնյակ միաթռիչք և բազմաթռիչք կամուրջներ են մնացել Արաքս, Թարթառ, Խաչենագետի, Հակարի, Հոչանց գե­տերի վրա։ Դրանցից առավել հետաքրքիր է Արաքսի վրա, Խուդափերին գյուղի, միմյանցից 750մ հեռավորության վրա գտնվող կամուրջները։ Նրանցից մեկը ունի 150մ երկարություն և բաղկացած է 15 թռիչքից։ Այն կառուցվել է XVIIդ. և առայսօր օգտագործվում է։ Մյուսը 11 թռիչք ունի, բայց մեծ մասամբ կործանված է։ Կարծիք­ներ կա, որ այն կառուցվել է VIIդ., իսկ XIIIդ.` վերանորոգվել։

Արցախի համարյա թե բոլոր գյուղերի մոտակայքում պահպանվել են ջրաղացներ, որոնք նույնպես ճարտարապետական կառույց­ներ են համարվում։

Ճարտարապետության հետ զուգորդված զարգացում է ապրում նաև քանդակագործությունը։ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերվել է IVդ․ խոյակ, իսկ նույն շրջանում, Բռի եղցի համալիրի շրջակայքում՝ V դարի։

Հետագա դարերում եկեղեցիների հարդարանքը նոր զարգա­ցում է ապրում, հանդես են գալիս դեկորատիվ նշանակություն ունե­ցող նոր ձևեր։ Աճում է զարդարվեստի նշանակությունը, ծավալվում ֆիգուրալ քանդակագործությունը։ Այս իմաստով առավել ուշագ­րավ հուշարձանը Գանձասարն է՝ Աղթամարից հետո հայ ճարտարապետության մեջ «քանդակային» բնույթի թերևս 2-րդ տաճարն է425։ Քանդականախշերի մանրամասներն այստեղ երբեք չեն կրկնվում։ Գլխավոր բեմառաջքը զարդարված է երկրաչափական ու բու­սական ոճավորված քանդակամոտիվներով: Տաճարի գմբեթատակի գոտու ներքո քանդակված է խոյի, եզան, մարդու գլուխներ և արծիվ։

Տաճարի խաչի թևերի ծայրերին, ճակտոնապատերի անկյուններից վեր տեղավորված են զանազան քանդակախմբեր, կտիտորներ, որոնք գլուխներից վեր պահել են եկեղեցու մանրակերտը։ Գմբեթի արևմտյան ճակատի տիմպանի ներսում Հիսուսի պատկերն է, ավելի ցած, ճակտոնասյունների ներսում՝ »Մեխսագործության« տեսարանը։

Տաճարի արևմտյան ճակտոնակալից սկսվում է մեծ խաչի բարձրաքանդակը, որը կոթողի ամենափառահեղ զարդն է համարվում։ Կենտրոնում Հիսուսի խաչելիության տեսարանն է։ Գմբեթի թմբուկի նիստի վրա ու ճակտոններում տեղադրված են պատկերաքանդակներ։

Գեղատեսիլ դեկորատիվ զարդաքանդակներով աչքի է ընկնում Դադիվանքը։ Կաթողիկեի հարավային և արևելյան ճակատներին կակտիտորական բարձրաքանդակներ եկեղեցու մանրակերտով։ Հարավային ճակատի լուսամուտի երկու կողմերում պատկերված են Արզու-Խաթունի ամբողջ հասակով կանգնած որդիները՝ Հասանը և Գրիգորը։

Հետաքրքիր քանդակներ է պահպանվել Խադավանքում, Գոշավանքում, ՈՒտիքի Նոր Վարագա սուրբ Նշան վանքում։

Արցախի հին բնակավայրերի գերեզմանատներում առայսօր պահպանվել են միջնադարյան գեղաքանդակ տապանաքարեր, որոնց վրա պատկերված են հավերժությունը խորհրդանշող և հոգևոր թեմաներ պարունակող քանդակներ, երաժիշտներ, ռազմիկներ՝ խրենց երիվարներով, հայ հոգևորականն ու գեղջուկն իրենց տարազով։ Առանձնապես հետաքրքիր են խոյի պատկերով մահարձանները, որոնք ավելի շատ տարածված են Քարավաճառի շրջանում։

IX-X դդ. հայ քանդակագործության մեջ ձևավորվեց մի նոր և նշանակալից երևույթ՝ խաչքարերի արվեստը։ Հարկ է նշել, որ խաչ­քարերի արվեստը բնորոշ է միայն հայ իրականությանը։ Ադրբե­ջանցի այս բնագավառը նույնպես սեփակա­նաշնորհելով, մերկապարանոց ընդհանրացումներով աշխարհի կողմից ճանաչված հայկական խաչքարերը անվանում են խաչդաշեր426։

Խաչքարերի արվեստը ողջ միջնադարի ժամանակահատվածում Արցախում աննախադեպ վերելք է ունեցել։ Հազարավոր խաչ­քարեր ցայսօր պահպանվում են հին գերեզմանատներում, վանքե­րի և եկեղեցիների բակերում, ագուցված են պատերում, սփռված են լեռնաշխարհի տարբեր հատվածներում։ Մեզ հասած խաչքարերի բազմաբովանդակ քանդակները, երկրաչափական ձևերի համաչափությունը, նրբին և արտահայտիչ հորինվածքները խոսում են արվեստի այս տեսակի կատարելության մասին։ Խաչքարերը դրվել են հայտնի մարդկանց հիշատակին, ինչպես նաև կարևոր պատմական դեպքերի, եղելությունների առիթով, երբեմն նվիրված աղբյուր­ների, սրբավայրերի շինարարությանն։

Արցախի խաչքարերը ունենալով որոշ ինքնաոճություն, միաժամանակ հորինվածքային կառուցվածքի և զարդարվեստի մոտիվնե­րի առումով ակնհայտ ընդանրություններ ունեն հայոց մյուս նահանգներում գտնվող այդօրինակ կոթողների հետ։

Առայժմ հայ իրականության մեջ հայտնի հնագույն թվականով ՅԲ(853), խաչքարը գտնվում է Արցախի Մեծառանք գավառ(այժմ՝ Մարտակերտի շրջան) Քոլատակ գյուղի մոտ, հին կաթողիկոսանիստ ս. Հակոբա վանքում427։

Թվակիր ամենահին խաչքարը՝ ՅԿԷ (916թ.) հայտնաբերվել է Քարվաճառն ազատագրելուց հետո, որը ներկայումս պահպանվում է Գանձասարի վանքում։ Նույն Քարվաճառում՝ Հանդաբերդի մոտակայքում հայկական ճարտարապետական հուշարձանների մեծ գիտակ, այդ բնագավառի անխոնջ մշակ Սամվել Կարապետյանը, հայտնաբերել է մի խաչքար (XII-XIII դար), որի ստորին մասում ներկայացված է երեխային կուրծք տվող մոր քանդակ։ Այս տեսանկյունից վերոհիշյալ խաչքարը նույնպես եզակի է։

Իրենց գեղարվեստական կատարելությամբ անկրկնելի են համարվում Դադի վանքի երկու հռչակավոր խաչքարերը։ Ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակները անսքող հիացմունքով են նկարագրել և նկարագրում վերոհիշյալ հրաշագործությունները։ Դեռևս 1873թ. Հերման Աբիխը տեսնելով խաչքարերը գրել է «տպաւորություններից խեղճացած զգացումն ասես գիտակցում է բառաարտայայտչի պակասաւորութիւնը»428։

Պատահական չէ, որ անցյալ դարի վերջին անգլիացիներն ու ֆրանսիացիները վանքի առաջնորդին մեծ գումարներով առաջարկել են խաչքարերը վաճառել իրենց429։

Պահպանվել է նաև խաչքարերի պատվիրատուի՝ տեր Գրիգո­րի արձանագրությունը։

Դարերի ընթացքում խաչքարերը սրբացվել են, և նրանց վե­րագրվել է հիվանդույթուններ բուժելու, չար ուժերից փրկելու, աղետներ կանխելու զորություն։ Պատահական չէ, որ բոլոր ժամանակնե­րում էլ հորդաները, մտնելով երկիր, անխնա ոչնչացրել են մեծար­ժեք այդ ստեղծագործույթունները։

Խաշնարած քրդերը, ավերելով Ծարի հռչակավոր Գետամիջո Սբ. Աստվածածնա եկեղեցին, կառուցել են դպրոց՝ պատերի մեջ իբրև սոսկ հասարակ շինաքար, ագուցելով եկեղեցիների, խաչքարերի, տապանաքարերի ու արձանագրությունների ջարդոտված բե­կորները։ Այդ դպրոցի պատերի մեջ Ս. Կարապետյանը հաշվել է 133 բեկոր, որոնցից 37-ը արձանագիր430։

Արցախի միջնադարյան մշակութային կյանքի հետաքրքրական երևույթներից է որմնանկարչության արվեստը։ Հայ հոգևոր և աշ­խարհիկ տերերը իրենց պալատներն ու տաճարները զարդարել են հոյակապ որմնանկարներով։ Սկզբնաղբյուրներում մնացած հիշատակություններն ու մեզ հասած որոշ նմուշներ խոսում են արվեստի այդ բնագավառի բարձր զարգացվածության մասին։

Հայոց Արևելից կողմանց պատմիչը վկայում է, որ Ջիվանշիրը, հասնելով Գարդմանք, մտավ իր կառուցած փառահեղ եկեղեցին՝ իր ապահովության ու հաղթական գործերի հովանի տաճարը։ Մեծամեծ ծախսեր անելով գործի դրեց գեղագեղիչներին (նկարիչներ), գմբեթից մինչև դռան բարավորները նկարազարդեց, պաստառապատեց կերպասագործ զարդերով։ Եվ հրամանտվեց, որ արծաթապատեն ու քանդակազարդեն տաճարի դուռը՝ տիեզերքի լույսի պահ­պանիչը431։ Հետաքրքիր որմնանկարներ են պարունակում Իջևանի շրջանի Ս.Առաքելոցվանքը (XIII դար) և Առաջաձորի փոքրիկ եկեղեցին (XIII դար)։ Այստեղ ավագ խորանում նկարված են տարբեր տիպի երկու եկեղեցիներ։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու որմնանկարները (XIII դար)։ Նկարները մնացել են հյուսիսային և հարավային պատերի վրա։

Հյուսիսային պատի վրա ներկայացված է մի քայլող անձնավորություն։ Նրա մոտ մի երկրորդ անձնավորություն է։ Նույն պատի վրա նկարված է Հիսուսի ծնունդը։ Հարավային պատի տեսարանն էր՝ Աստվածածին։

«Հարավային պատի վրա պատկերված է Սուրբ Նիկողայոս Հրաշագործին Քրիստոսի կողմից վեղարի և Մարիամ Աստվածածնի կողմից թիկնոցի հանձնման մեծամասշտաբ տեսարանը, իսկ հյուսիսայինի վրա՝ Ստեփանոս սարկավագի քարկոծման տեսարանը(գտնվում է պատի աջ մասում)։ Նիկողայոս Հրաշագործի պաշտամունքը տարածում չունենալով Հայաստանում՝ անգամ ուշ միջնադարում, ու նաև վերջինիս ի հայտ գալը ևս պետք է, որ առանձնահատուկ պատճառ ունենար»432։

Որմնանկարի հետքեր են պահպանվել նաև Ծիծեռնավանքում։ Մշակութային կյանքի բոլոր բնագավառների համաչափ աշխուժացման պայմաններում վերելք է ապրում նաև դեկորատիվ կիրառական արվեստը։

Այս բնագավառի մի առանձին ճյուղ է կազմում գորգագործու­թյունը։ Արցախում այն լայնորեն տարածված է եղել դեռևս միջնադարում։ Մովսես Կաղանկատվացին տակավին VII դարում, խոսե­լով մետաքսահյուս ու կերպաս դիպակների, ոսկու ու արծաթի ընտրելագույն կահույքի ու սպասեղենի մասին, հիշում է Արցախի գույ­նզգույն կարպետները։

Արարական աղբյուրները հիացմունքով են խուսում Հայոց Արևելից կողմանց արհեստավորների աշխատանքի մասին։ Ալ Մաքսուդին գրում է, որ այդ երկրում արտադրած պաստառների և գորգերի, որդան կարմիրի, ծածկոցների ու ներկերի նմանը ինքը ոչ մի տեղ չի տեսել433։ Գորգագործությունը վերելք ապրեց XIII դ. սկսած։ Ուշագրավ է, որ նույնիսկ «գորգ» անվանման առաջին հիշատակությունը հանդի­պում է Արցախի Կապտավանք եկեղեցու 1242-43 թթ. վիմական արձանագրության մեջ434։

Գորգագործության մեջ օգտագործվել է ոչխարի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոս­կեթել ու արծաթաթել։ Թելը ներկելու համար օգտվել են հատկապես բուսական(տորոն, դեղնածաղիկ, ընկույզի, սոխի կեղև և այլն) ներ­կերից։ Գույներն ամրացվել են հանքային նյութերով (շիբ, կիր), որի պատճառով չեն կորցրել երբեմնի իրենց փայլն ու բազմերանգ գույները։

Հիշատակագրություն ունեցող հայկական հնագույն գորգը ընդունված է համարել 1202 թվականից։ Այն ստեղծվել է Արցախի Բանանց գյուղում435, ունի հայերեն արձանագրություն և պահպանվում է Վիեննայում։

Առանձնապես հռչակավոր են Արցախի վիշապագորգերը, օձագորգերը և արծվագորգերը։ Աշխարհի շատ թանգարաններում պահպանվում են արցախյան գորգերի հավաքածուներ։

Միջնադարյան հայ վարպետները կամ ջուլհակները հյուսում էին ամեն տեսակի երկրաչափական, բուսական զարդերով, կենդանիների և թռչունների պատկերներով այլ գործվածքներ։ Ձեռագործ վարագույրների ու ծածկոցների պատրաստման մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել մատենագրական երկերում։

Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ Հասան Ջալալի մայր Խորիշահը ձեռագործով էր զբաղվում436։ Պատմիչը նկարագրում է, թե ինչպես Հաթերքի Վախտանգ իշխանի բարեպաշտ տիկին Արզուխաթունը և նրա աղջիկները վարագույրներ են գործել և նվիրել Գոշավանքին, Հաղպատին, Մակարավանքին և Դադիվանքին437։

Կիրառական արվեստի բնագավառ էր դարձել նաև գրքերի կազմերի ձևավորումը։ Թանկարժեք քարերով զարդարված ոսկեզօծ, արծաթյա կազմ է ունեցել «Թարգմանչաց» ավետարանը։

Կիրառական արվեստի ուշագրավ գործեր են արծաթից, պղինձից, նաև ոսկուց պատրաստած թասերը, սափորները, մոմակալները, ճրագամանները, մասնատուփերը։ Նրանց վրա հանդիպում են կենդանիների գազանների պատկերներ, բուսական և երկրաչափական զարդեր։

Մեզ են հասել նաև արծաթապատ սրեր։ Առանձնապես հայտնի է իշխան Հասան-Ջալալի դաշույնի մուգ–կանաչ նեֆրիտե նախշազարդ երախակալը, «Հասան-Ջալալ իշխան Խաչենոյ» փորագրու­թյամբ։ Այժմ այն պահվում է էրմիտաժում438։

Արցախահայերը իրենց ավանդն են ունեցել նաև հայ տպագրության սկզբնավորման և զարգացման գործում։ 1656 թ. Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսը դպիր Մատթեոս Ծարեցուն ուղարկում Եվ­րոպա՝ տպագրական գործերով։ Երկար ժամանակ դեգերելով Հռոմում և Վենետիկում, վերջնականապես հաստատվում է Ամստերդամում։ Նա հոլանդացի տպագրիչների օգնությամբ այդտեղ էլ հիմնում է տպարան։ Մատթեոս Ծարեցուն վիճակված չէր տեսնել իր հիմնադրած տպարանի երախայրիքը։ Նա անժամանակ մահանում է 1661թ. սկզբներին։

Ամստերդամի տպարանը բարգավաճեց Ոսկանյանների ժամանակ, որտեղ մինչև 1669թ. լույս է տեսել 11 անուն գիրք, որոնց մեջ Առաքել Դավրիժեցու «Գիրք Պատմութեանը»։ Վերջինս առաջին հայերեն տպագիր գիրքն է, որ հրատարակվել է հեղինակի կենդանության օրոք։ Միջնադարի բոլոր փուլերում Արևելից գավառների ստեղծած մշակութային արժեքները իրենց բնորոշ գծերով հան­դերձ, անխտիր որոշակի ընդհանրություններ ունեն հայոց մեծ նահանգներում ստեղծված գործերի հետ. դրանք նույն արմատներն ունեն և կազմում են հայ արվեստի բաղկացուցիչ ու անբաժան մասը։
ԱՐՑԱԽԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

1826-1828ԹԹ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ՇՈՒ­ՇՈՒ ՊԱՇՏՊՆՈՒԹՅՈՒՆԸ։ Գյուլիստանի հաշտության պայ­մանագրից հետո Պարսկաստանը չէր հաշտվում Այսրկովկասում տարածքային կորուստների հետ։ Անգլիայի դրդմամբ Պարսկաս­տանը փորձում էր ետ ստանալ կորցրածը, իսկ Ռուսաստանն էլ, ոչ միայն նպատակ չուներ հողային զիջումներ կատարել, այլև գրավել Հայաստանը և ավելի ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում։

1826թ. հուլիսի 16-ին Աբաս-Միրզան, առանց պատերազմ հայ­տարարելու, 60 հազարանոց բանակով ներխուժում է Ղարաբաղ։

Պարսիկների հարձակման ժամանակ Ղարաբաղում գտնվում էր ընդամենը 6 վաշտ՝ գնդապետ Ա.Ռեուտի գլխավորությամբ, որը տեղաբաշխված էր Չանախչի (Ավետարանոց) գյուղում։ Փոքրաթիվ այս զորամասին օգնելու նպատակով Գորիսում գտնվող փոխգնդապետ Նազիմկայի հրամանատարության տակ եղած մոտովորապես 1000 հոգուց բաղկացած զորամասը հրաման է ստանում՝ միանալ գնդապետ Ռեուտի 42-րդ եգերական գնդին։ Չնայած հայ ուղեկ­ցողների հորդորներին՝ հասնել Ղարաբաղ աննկատելի կածաննե­րով, փոխգնդապետ Նազիմկան, հրանոթները նույնպես տանելու մտադրությամբ, գնաց հիմնական վտանգավոր ճանապարհով։

Հագարու գետի մոտ, թաթար խռովարարները՝ Հաջի Աղալար Բեկի գլխավորությամբ, պարսկական միացյալ ուժերի հետ միասին շրջապատում են ռուսական ջոկատը, մի մասին կոտորում, մնացածներին գերում։

Ռեուտի զորամասն առանց հապաղելու ամրանում է Շուշիի անմատչելի բերդում։ Պարսկական բանակը, Ավետարանոցը գրավելուց հետո, հուլիսի 26-ին պաշարեց Շուշիի բերդը։ Աբաս Միրզան հաջորդ օրը առաջարկում է Ռեուտին՝ բերդը հանձնել, խոստանալով թույլ տալ կայազորին անարգել գնալու Թիֆլիս։ Պարսից բանագնացին պատասխանում են, որ առանց գլխավոր հրամանա­տար Երմոլովի կարգադրության Շուշին հանձնել չեն կարող։ Շուշիի 1700 հոգուց բաղկացած կայազորը և 1500 հայ աշխարհազո­րայինները վճռականորեն որոշեցին պաշտպանել բերդը ու շրջակա 22 հայկական գյուղերից այստեղ ապաստանած հայ բնակչությանը։

Թիկունքը ապահովելու նպատակով գնդապետ Ռեուտի կար­գադրությամբ բերդից հեռացվեց պարսկամետ թուրք երիտասար­դությունը։ Միաժամանակ, Շուշիի պաշտպաններին ոգևորելու նպատակով, Ռեուտը հայ կամավորներից մեկին անց է կացնում պարսպի մյուս կողմը և նորից վերադարձնելով բերդ, բոլորի ներկայությամբ ընթերցում է սուրհանդակի բերած իր իսկ կողմից կազմած նամակը, որը իբրև Թիֆլիսից ուղարկել է գեներալ Երմոլովը։

Մերժում ստանալով, պարսիկները անգլիական մաստնագետների օգնությամբ ականապատում են բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհում։ Կրելով ծանր կորուստներ Աբաս-Միրզան իր ուժերը խնայելու և Թիֆլիսը գրավելու նպատակով կրկին բանակ­ցությունների մեջ է մտնում Ռեուտի հետ և 10 օրով զինադադար կնքում, մինչև որ Երմոլովից կարգադրություն ստացվեր՝ Շուշին հանձ­նելու մասին։

Սակայն դրան հակառակ, Ռեուտը Երմոլովից ստանում է հետևյալ հրամանը. «Պաշտպանեցեք մինչև վերջին մարդը, գլխով պատասխանելու եք բերդի հանձնման համար։ Պաշպանելով Շու­շին այն ձեզ պատիվ կբերի։ Պահանջում եմ բոլոր միջոցները գործադրել պաշտպանության համար։ Թաթարներից հավաքեք հացի պաշարները, թող դավաճանները սովամահ դառնան։ Մեծահոգաբար վերաբերվեք հայերի նկատմամբ։ Հայերին զինեք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն։ Սպասեցեք մեզ»439։ Իր հերթին գնդապետ Ռեուտը գեներալ Երմոլովին ներկայացրած զեկուցագ­րում գրել է. «Բերդը պաշտպանող հայերի վերաբերյալ պարտքս եմ համարում բացատրել, որ նրանց ծառայությունը արժանի է ուշադ­րության, որովհետև նրանք բոլորը գործում էին գերազանց քաջու­թյամբ, դիմացան բազմաթիվ գրոհների, ետ մղեցին թշնամուն խոշոր կորուստներով, արհամարհում էին պարենի պակասը և բնավ չէին մտածում բերդը հանձնելու մասին, թեև վրա է հասել կատարյալ սովը»440։

Ղարաբաղի հայերն իրենց քաջարի նախնիների ավանդներին հավատարիմ հերոսաբար պաշտպանում էին հայրենի հողը։ Շուշիի հայերը ոչ միայն կռվում էին ճակատի առաջին գծում, այլ միաժամանակ սննդամթերք հայթայթում, վառոդ պատրաստում, նորոգում բերդի փլված պատերը, կանայք և երեխաները փամփուշտ, հաց և ջուր էին մատակարարում զինվորներին, խնամում վիրավորներին։

Շուշեցի Խաթունի անունը այդ օրերին բոլորը գիտեին Ղարաբաղում։ Արհեստավոր Պողոսը օրական պատրաստում էր 20-30 ֆունտ վառոդ։ Հայ մեծահարուստներ Հախումյանները, Մելիք Շահնազարյանները, Զոհրաբ-աղա Թառումյանը իրենց ողջ ունեցվածքը ի սպասդրեցին հաղթանակի հասնելու համար։ Հասարակ մարդիկ գիշերները իրենց ուսերի վրա հացահատիկի պարկե­րը կածաններով իջեցնում էին Շոշ գյուղի ջրաղացները, ալյուր աղում և վերադառնում։ Աբաս Միրզան մի քանի անգամ փորձեց վերցնել իր համար ատելի այդ ջրաղացները, բայց նրա բոլոր փորձերը փշրվեցին, զարնվելով հայերի հերոսական դիմադրությանը, որոնց առաջնորդում էին Սաֆար և Ռոստոմ Թարխանյան եղբայր­ները։ Շուշիի պաշտպաններից աչքի ընկան նաև սուրհանդակ Հ. Ալթունյանը, կապիտան Մադաթովը և ուրիշներ441։

Վ. Պոտտոն վկայում է, որ առանց հայերի օգնության Շուշու կայազորը երբեք չէր կարող դիմանալ պաշարմանը։ Հետագայում հայ կամավորներից շատերը արժանացան պարգևների և արտո­նությունների։ Ռոստոմ Թարխանյանը ստացավ ռուսական բանակի պրապորչշիկի զինվորական կոչում և ցմահ թոշակ, իսկ Սաֆար Թարխանյանի մահվանից հետո նրա ընտանիքի անդամներին պե­տական գանձարանից նշանակեցին նպաստներ442։

Անհաջող գրոհներից հետո, Աբաս Միրզան փորձում է պառակ­տում առաջացնել բերդում գտնվող հայերի և ռուսների միջև։ Նա հավաքել է տալիս մի քանի հարյուր հայ ընտանիք և Գանձասարի Սարգիս արքեպիսկոպոսի հետ ուղարկում է Շուշու բերդի պարիսպ­ների տակ, որպեսզի հայերին համոզեն հանձնել բերդը, այլապես իրենց կկոտորեն։ Բերդի հայ պաշտպանները պատասխանում են. «Մենք ռուսներին չենք դավաճանի… ավելի լավ է մի քանի հարյուր մարդ ոչնչանա, քան ամբողջ ժողովուրդը ընկնի ղզլբաշների ծանր լծի տակ»443։

Ռուսական հրամանատարությունը օգտվելով Շուշիի պարիսպ­ների տակ պարսկական զորքերի կրած խայտառակ պարտությու­նից, ի մի բերելով իրենց ուժերը, անցնելով հակագրոհի ռազմական նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը։

1826թ. սեպտեմբերի 3-ին հայ նշանավոր գեներալ, ծննդով Ավետարանոց գյուղից, Վալերիան (Ռոստոմ) Մադաթովի հրամանատարությամբ ռուսական 2 հազարանոց ջոկատը ջախջախեց 10 հազարանոց պարսկական բանակին և սրընթաց գրոհով ազատագրեց Գանձակը։ Այս հաղթանակի համար Մադաթովը ստանում է գեներալ-լեյտենանտի աստիճան և ադամանդներով զարդարված սուր՝ «քաջության համար» մակագրությամբ։ 1826 թ. սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ ռուսները նոր փայլուն հաղթանակ տարան։

Կորցնելով մարտական հիմնական ուժերը, հակառակորդն այլևս անկարող եղավ լուրջ դիմադրության։ Մադաթովը շարժվեց դեպի Ղարաբաղ։ Աբաս-Միրզան խուճապահար ստիպված էր սեպ­տեմբերի 17-ին անցնել Արաքսի մյուս ափը։

Շուշիի հերոսական պաշտպա նությունը, որը տևեց 48 օր, կարևոր նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի հետագա ամբողջ ընթացքի վրա։ Իրեն գամելով հակառակորդի գլխավոր ուժերը, հնարավորություն ստեղծվեց ժամանակ շահել, կենտրոնացնել Կովկասյան կորպուսի ցրված ուժերը, լրացուցիչ օգնական ուժեր ստանալ Ռուսաստանից և ջախջախիչ հարված հասցնել Այսրկովկաս ներխուժած պարսկական բանակներին։

Ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների հետ ուս-ուսի տված ռազմաճակատի տարբեր հատվածներում նոր հաջողություններ են ունենում, մոտեցնելով բաղձալի հաղթանակի օրը։

1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա, Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Դրանով ավարտվում է ռուս-պարսկական պատերազմը։ Արաքս գետը երկու երկրների միջև ճանաչվեց պետական սահման։ Արևելյան Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվեց պարսկական լծից։

ՑԱՐԻԶՄԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Արևելյան Հայաստանը, այդ թվում Արցախը անցնելով Ռուսաստանին հայ ժողովուրդը չստացավ ցանկալի ազատությունը։ Պարսակական լուծը փոխարինվեց ռուսականով։ Ցարական կառավարությունը դիմում է նոր միջոցների՝ ռուսական տիրապետությունը Այսրկովկասում ամրապնդելու համար։

Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասը դարձ­նել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների շուկա, «այն կապելով Ռուսաստանի հետ քաղաքացիական և քաղաքական կապերով իբրև մեկ մարմին և ստիպել տեղի բնակիչներին խոսել, մտածել և զգալ ռուսաբար»444, ինչպես գրում էին Պասկևիչը, սենատորներ Մեչնիկովն ու Կուտաիսովը։ Ֆինանսների նախարար գրաֆ Կանկրինը, վերոհիշյալ գաղափարը ավելի հստակեցնելով, 1827թ. Նիկոլայ Առաջինին ներկայացրած զեկուցագրում ասում էր. »Անդրկովկասյան գավառները որոշակիորեն կարող են համարվել մեր գաղութը, որն իր հարավային կլիմայի արտադրանքներով պետությանը մեծ օգուտ պետք է բերի։ Անդրկովկասը Ռուսաստանի գաղութ կոչելը առաջին անգամ բացահայտ կերպով ցույց է տալիս տեղական իշխանության բոլոր ձևերը։ Դա հենց այն կետն է, որից պետք է նայել նրա վրա և ուղղություն տալ գործողությունների ամբողջ սիստեմին445։

Աստիճանաբար երկրի կառավարման մեջ զգալի փոփոխություններ էին մտցվում։ Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասի բոլոր երկրամասերում միանման վարչակարգ ստեղծել և ընդհանուր օրենքներով այն կառավարել։ Միաժամանակ ազգամիջյան հակասություններն օգտագործելու նպատակով ցարիզմը ձգտում էր ստեղծել խառը բնակչություն ունեցող վարչական միավորներ։ Այդ նպատակով 1840թ. օրենք է ընդունվում, ըստ որի Այսրկովկասում ստեղծվում են վրացա-իմերեթական նահանգը՝ Թիֆլիս, և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոններով։ Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտնում էին Արևելյան Հայաստանի՝ Ելիզավետպոլի, Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրոպոլի, Ախալցխայի գավառները, իսկ Կասպիական մարզի գավառներն էին հայկական մյուս տարածքները, այդ թվում նաև Ղարաբաղը446։

Փաստորեն ցարիզմը, անտեսելով երկրամասի ազգային առանձնահատկությունները, անցնում էր գաղութային անսքող քաղաքականության։

Այսքանով էլ չբավարարվելով, 1846թ. դեկտեմբերի 14-ին կառավարությունը կրկին Այսրկովկասը վարչական բաժանման է ենթարկում։ Այս անգամ ստեղծվում են չորս նահանգներ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի։ Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները մտնում են Թիֆլիսի, իսկ Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ Շամախու նահանգի մեջ447։ Այս դեպքում ևս անտեսվում էին երկրամասի ազգային առանձնահատկությունները, նորից բաժան-բաժան արվում հայկական գավառները։

1867թ. դեկտեմբերի 9-ի ցարական կառավարության ընդունած նոր օրենքով Այսրկովկասը բաժանվեց 5 նահանգների՝ Քութայի­սի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Արևելյան Հայաս­տանի տարածքների մի զգալի մասը մտցվեց Երևանի, իսկ մյուս մասը՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների կազմի մեջ։ Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ448։ 1868թ. Ելիզավետպոլի նահանգական կենտրոն ճանաչվեց Գանձակը, որը իր բնակչության թվով ու քաղաքին հատուկ մյուս բնորոշ գծերով շատ էր զիջում Շուշիին։

Այս կարգով գավառական կենտրոններ հռչակվեցին Թարթառը՝ Ջիվանշիրի համար, որի մեջ ներառվեցին Գյուլիստանի, Ջրաբերդի նախկին մելիքությունները ամբողջապես և Խաչենի մի մասը, Ջեբրայիլը՝ համանուն գավառի համար, որի կազմում էր Դիզակի տարածքի մի մասը և Շուշին, որի մեջ ներառվեց ամբողջ Վարանդան, Խաչենի և Դիզակի զգալի մասը։

Վարչատարածքային այս բաժանումները անփոփոխ մնացին մինչև 1917թ.։ Հարկ է նշել, որ 1916թ նորից վիճաբանությունների առարկա դարձավ Անդրկովկասի նոր սահմանագծման հարցը։

Հայերը կազմեցին մի նախագիծ, որով Այսրկովկասի հայկական և միաժամանակ հայաբնակ շրջանները կազմելու էին կամ մեկ նահանգ, կամ էլ բաժանվելու էին 4 փոքր նահանգների՝ Երևանի, Լեռնային Գանձակի կամ Ղարաբաղի, Ալեքսանդրապոլի և Կարսի։ Այդ նախագծով Այսրկովկասի արևելյան մասը բաժանվում էր երկու մասի՝ հայկական և թաթարական։ Հայկական մասի մեջ մտնելու էին բացի Երևանի նահանգից, Գանձակի նահանգի Ղազախ, Գանձակ, Ջիվանշիր, Շուշի գավառների լեռնային հայաբ­նակ մասերը և ամբողջ Զանգեզուրը։ Գանձակ քաղաքը բաժանվե­լու էր երկու մասի՝ հայկական և թաթարական։ Թիֆլիսի նահանգից Ախալքալաքը, Լոռին և Ծալկայի հայկական մասը միացվելու էին Ալեքսանդրոպոլի նահանգին449։ Թեպետև այս նախագիծը ռուսական կառավարությունը ընդունեց, սակայն կյանքում չիրականացվեց։

Ցարական կառավարությունը Անդրկովկասում իր դիրքերը ամրապնդելու նպատակով տեղացի իշխողներին զրկում է պետական պաշտոններ վարելու իրավունքից, դրանք վերապահելով ռուս չինովնիկներին։ 1840թ. ապրիլի 10-ին ցարը վավերացրեց մի օրենք, ըստ որի տեղական »բարձր դասը«՝ աղաներն ու բեկերը դուրս էին մղվում վարչական գործունեության ասպարեզից, իբրև ցարիզմի քաղաքական նոր խնդիրներին բոլորովին անհամապատասխան և ավելորդ մի տարր450։

Դեռ ավելին, ցարական իշխանությունը հայ մելիքներին զրկելով սեփական տիրույթներից և իրավունքներից, ճարպկորեն օգտագործեց այդ դասի ժառանգած ձգտումը դեպի ռազմավարչական գործողությունը և, հովանավորելով նրա փառասիրությունը, սերունդ առ սերունդ նրանց ներքաշեց իր զորքերի շարքերը, բայց զգալիո­րեն ավելի քիչ՝ կառավարության մեջ։ Ազնվականական ռազմական ուսումնարանների և կադետային կորպուսի դռները լայնորեն բացված էին մելիքական ընտանիքների երեխանների առջև, որոնք հաճախ այնտեղ էին ընկնում ամենապատանի տարիքում, այնուհետև ծառայելով հասնում էին բանակի ամենաբարձր աստիճանների, մեծ մասամբ մնալով անդրկովկասյան զորքերում, ուր նրանց գերադասում էր ուղարկել ցարական քաղաքականությունը451։

Նման պայմաններում թաթար խաներն ու բեկերը տարբեր զարդուղի ճանապարհներով՝ կաշառքներով և շողոքորթությամբ, սիրաշահելով ռուս աստիճանավորներին, տեր են դառնում հայկական գյուղերին ու մելիքների նախկին տիրույթներին։ Հայ գյուղացիու­թյունը անխնա շահագործվում էր թաթար աղաների և ռուս չինով­նիկների կողմից:

Դրա մասին է վկայում Դիզակի Բանազուր գյուղի բնակիչների 1849թ. բազմիցս գրած բողոք-խնդրագրերը՝ ուղղված Կովկասի փոխարքային և Ներսես կաթողիկոսին։ «Ղարաբաղի գնդապետ (պոլկովնիկ) Ջաֆար Կուլի խանը, որի իշխանության ներքո ենք գտնվում որպես ռահաթներ,− գրում են Բանազուրի գյուղացիները,− տանջում է մեզ եւ պատճառում անպատմելի նեղություններ, պատիժներով եւ տուգանքներով, մինչեւ անգամ ամենայն կենցաղավարությունից այժմ էլ զրկված, մատնվել ենք սովի, … մեր քահանա Տեր Մինասի փիլոնը գցել տվեց շան վրա եւ ստիպեց ժողովրդին երկրպագելով գնալ նրա հետեւից, հայտարարելով՝ թե այդ լինի ձեզ սուրբ եւ քահանա, որի պատճառով հիշյալ քահանան «նեղսրտեց» եւ մահացավ։ Քանի մարդ մեզանից ծեծից մահացել է։

Նեղվելով, մեր գյուղի բնակիչները ցրվեցին այլեւայլ տեղեր, ջանալով ազատվել նրա գերությունից․․․։ Հուսալքված բնակչությունը անգամ երանի են տալիս Իբրահիմ խանի ժամանակներին»452։

Հայոց երկրում վարչական նոր կարգեր հաստատելուց հետո ցարական կառավարությունը այս անգամ ձեռնամուխ է լինում եկե­ղեցու իրավունքների և պարտականությունների ճշգրտմանը, նպատակ հետապնդելով մի կողմից զրկելու հայ հոգևորականությանը պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից, մյուս կողմից՝ հոգևոր իշխանության հեղինակությունն օգտագործե­լու իր ազդեցությունը հայ ժողովրդի վրա տարածելու համար։

1836թ. մարտի 11-ին ընդունվում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու գործերի կառավարման կանոնադրությունը (Պոլոժենիե)։ Նոր օրենքի համաձայն կայսրության տիրապետության տակ գտնվող հայկական եկեղեցին բաժանվում էր 6 թեմերի. Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի, Աստրախանի, Երևանի, Վրաստանի, Ղարաբաղի և Շիրվանի453։

Դրանով վերացվում է Գանձասարի կաթողիկոսությունը ու նրա տեղը ստեղծվում միտրոպոլիտություն։ 1837 թ. հուլիսի 1-ին կայսերական հրամանով Բաղղասար Հասան-Ջավալյանցը նշանակվեց Դարաբաղյան թեմի առաջնորդ և միաժամանակ թեմի կոնսիստո­րիայի նախագահ։

Նրա եռանդուն գործունեության շնորհիվ Շուշիում զարգացում ապրեց կրթական և մշակութային կյանքը։ Վերանորոգվեց Ամարասի վանքը։ Բաղդասար միտրոպոլիտի համառ պայքարի շնոր­հիվ Գանձասարի Խաթրավանքին, Սուրբ Հակոբա վանքին, Հուրեկին, Ամարասին վերադարձվել էին նրանց բռնագրավված կալ­վածքներն ու մյուս սեփականությունները։ Միայն զանազան ցեղե­րին և հատկապես քոլանեցի քրդերի կողմից բռնազավթաց հողերի քանակը կազմում էր 196438 դեսյատին, որը վերադարձվեց Դադիվանքին454։

Բաղդասար միտրոպոլիտը միաժամանակ ցարական իշխանությունների առաջ պաշտպանում էր թուրք բեկերի կողմից ոտնահարվող իր հայրենակիցների տարրական իրավունքները։ Ցարիզմի հակահայկական քաղաքականությունը դժգոհություն էր առաջաց­նում հասարակության տարբեր խավերի շրջանում։

Այս հանգամանքը ցարական կառավարությանը էլ ավելի մո­տեցրին տեղական իշխող դասակարգին։

Միաժամանակ Այսրկովկասում նոր վարչակարգն ամրապնդելու համար ցարական կառավարությունը ձգտում էր տեղացի հողատերերից ստեղծել սոցիալական հենարան։ Դրանց են ուղղված 1840-1850թթ. հրատարակված մի շարք օրենքներ ու կարգադրություններ։

1846թ. դեկտեմբերի 6-ի օրենքով ցարական կառավարությունը Այսրկովկասի խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչեց որպես հողի ժառանգական սեփականատերեր։ Այդ նույն օրենքով նրանց վերադարձվեցին անցյալում խլված հողերը։ Կալվածատերերին, որպես հողի լիակատար սեփականատերերի, իրավունք տրվեց ժառանգելու, ընծայելու և վաճառելու հողը, բայց միայն՝ «բարձր դասի» մարդկանց։ Նրանց տրվեցին նաև որոշ վարչական իրավունքներ։

Ցարիզմը իր հեռագնա նպատակների իրականացման համար Այսրկովկասում ձգտում է ստեղծել նաև ազգային հենարան։ Դեռևս 19-րդ դ. սկզբներից առավել բերրի տարածքները բնակեցվում էին Ռուսաստանի տարբեր նահանգներից բերված գաղթականներով։

Հայերի համար պատուհաս էր դարձել ռուսների վերաբնակե­ցումը նոր գրաված տարածքներում։ Սկզբնական շրջանում փորձ էր կատարվում ստեղծել զինվորական բնակավայրեր, որը այնքան էլ արդյունավետ չէր։ Այնուհետև պետական խորհուրդը որոշեց ռուս աղանդավորներին՝ դուխոբորներին, իկոնոբորներին, մոլականներին բնակեցնել Ղարաբաղում։ Սակայն Ղարաբաղում ազատ հողատարածություններ չկային, ուստի ռուս աղանդավորներին հողով հնարավոր էր ապահովել միայն ի հաշիվ տեղական գյուղաբնակչության հողաբաժինների։

Ռուս գաղթականներին շահագրգռելու նպատակով կառավարությունը 26 տարով նրանց ազատում է հարկերից455։

Դիզակի, Վարանդայի և Ջրաբերդի սակավահող մի շարք գյու­ղերի հողատարածությունների հաշվին հիմնվեցին Նիկոլաևկա, Կարյագինո, Սկոբոլևկա, Լևոնարխ ռուսաբնակ գյուղերը։

ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ։ Քաղաքական խնդիրները լուծելուց հետո, ցարիզմը ձեռնամուխ եղավ նաև Այսրկովկասի տնտեսական յուրացմանը։ Ցարական կառավարու­թյունը ձգտում էր Այսրկովկասը դարձնել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների իրացման շուկա։

Դրանհասնելու համար ցարական կառավարությունը իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք շատ թե քիչ սկսեցին աշխուժացնել տնտեսական կյանքը։ Առաջին հերթին անհրաժեշտ եղավ պարզել և ճշտել, թե ինչ եկամուտներ էր ստանում խանը Ղարաբաղից, որոնք հետագայում պետք է մտնեին պետական գանձարան։ Այդ նպատակով 1822-23թթ. երկրամասում անցկացվեց աշխարհագիր, ցուցակագրվեցին բոլոր բնակավայրերը, ընտանիքի անդամները, հավաքվելիք հնարավոր տուրքերի չափը456։

Նոր գրավված տարածքների տնտեսական հնարավորություննրը օգտագործելու համար 1836թ. ստեղծվեց «Կովկասյան արդյունաբերական ընկերություն»457։

1861թ. փետրվարի 19-ի կանոնադրությամբ Ռուսաստանում ճոր­տատիրական իրավունքի վերացումից հետո, 19-րդ դարի 60-70-ական թվականներին ցարական կառավարությունը կայսրության ծայրամասերում անցկացրեց նաև գյուղացիական բարեփոխումներ։

Արևելյան Հայաստանում, այդ թվում նաև Ղարաբաղում, գյու­ղացիական բարեփոխումը անցկացվեց 1870 թ. մայիսի 14-ի օրենքով։ Նոր օրենքով վերացվեց հողերի օգտագործման համայնական եղանակը և այն փոխարինվեց անհատական եղանակով։ Հստա­կեցվեց յուրաքանչյուրի հողաբաժինը, իրավունք տրվեց գյուղացի­ներին վաճառելու, նվիրելու կամ գրավ դնելու իրենց հողակտորներն ու այգիները։ Որոշ բնատուրքեր վերածվեցին դրամականի։ Այս ամենը նպաստեց ապրանքադրամական հարաբերությունների զարգացմանը։ Ապրանքային դարձավ առաջին հերթին հողագործու­թյունը։ Ղարաբաղը մնում էր որպես հետամնաց ագրարային երկիր, որտեղ արտադրության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Տարեց տարի ընդարձակվում են մշակովի հողատարածությունները։ Երկրագործության մեջ գերակշիռ տեղ ուներ հացաբույսերի մշակությունը։ 1883թվականից մինչև 1896թվականը Ելիզավետպոլի նահանգում հացազգիների ցանկատարածություններն ու բերքատվությունը ավելացավ 2-ից մինչև 2,5 անգամ458։ Եթե Շուշու գավառում հացահատիկի մշակաբույսերից 1886 թ. ստացել են 424,566 չետվերտ բերք, ապա 1895 թ. դա հասցվել է 620,700 չետվերտի459, որի մեծ մասը սպառվել է քաղաքի շուկաներում։

Ներքին շուկայի ընդլայնումը և Ռուսաստանում արդյունաբե­րության զարգացումը խթանում էր Այսրկովկասի տարբեր գավառ­ների գյուղատնտեսական ապրանքների արտադրության մասնագիտացմանը։ Եթե Շուշու գավառում ավելի շատ զարգացած էր շերամապահությունը, ապա Ջիվանշիրի գավառում՝ բամբակագործությունը և խաղողագործությունը։

Շուշու գավառում 1890 թ. ստացվել է 2,138 փութ բոժոժ, իսկ 1894 թ.՝ 17,000 փութ, որից 4,300 փութը ուղարկվել է արտասահ­ ման460։

Երկրագործական մշակաբույսերի համար կարևորություն էր ներկայացնում ոչ միայն ցանքատարածությունների ընդարձակումը, այլև հումքի որակի բարձրացումը և հողագործության կատարելագործումը։ Ուստի երկրամասում մեծ ուշադրություն դարձ­վեց ոռոգման ցանցի կատարելագործմանը, առանձնապես քյահրիզների կառուցմանը։ Համարյա Ղարաբաղի բոլոր գյուղերում նման ջրագծեր կառուցվեցին, որոնք առայսօր օգտագործվում են։

Հանդես եկան կազմակերպություններ, որոնք արտասահմանից ներ էին մուծում բարձրորակ սերմեր՝ խաղողի և բամբակի՝ Բրազիլիայից, Հյուսիսային Ամերիկայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, տեխնիկական մշակաբույսերի վերամշակման համար մեքենաներ՝ Հյուսիսային Ամերիկայից, Ֆրանսիայից։

Անասնապահությունը ևս շարունակում էր մնալ բնակչության զբաղմունքի հիմնական տեսակներից մեկը։

1891թ. Շուշիի գավառում եթե պահում էին 69,161 գլուխ խոշոր և 144 865 գլուխ մանր եղջյուրավոր անասուն, ապա 1895 թ․ համապատասխանաբար՝ 76,180 և 164 080 գլուխ461։

Առաջընթաց կատարվեց նաև գյուղատնտեսական արտադ­րանքի մշակման գործում։ Դեռևս 60-ական թթ. վերջերից սկսեց զարգանալ օղու և գինու արտադրությունը։ Շուշու գավառում գինե­գործական կենտրոններ են համարվում Գիշի և Ղզղալա գյուղերը։ Գավառում 1884-1894 թվականներին գինու արտադրությունը 95,406 դույլից հասավ 186000 դույլի462։

Ղարաբաղի թթի այգիներից ստացվում էր մեծ քանակությամբ օղի։

1872թ. տվյալներով Ելիզավետպոլի նահանգում գործում էր 3624 օղու թորման գործարան, որտեղ տարեկան արտադրվում էր 75000 դույլ օղի463։ Այս բնագավառում Ելիզավետպոլի նահանգը ամբողջ Անդրկովկասում առաջին տեղն էր գրավում։ Միայն Շուշու գավառում 1895 թ. թորվել է 300000 դույլ օղի։ Գինու և օղու արտադրանքից Շուշու գավառում ստացվել է 1323270 ռուբլու եկամուտ464, որը բավականին մեծ գումար էր։

Հայ դրամատերերից շատերը սկսեցին իրենց միջոցները տեղափոխել արտադրության առավել շահավետ ոլորտներ, ստեղծելով զանազան գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1880-ական թթ. Աղդամում մեծահարուստներ Խուբլարյաններն ու Սողոմոնյա նները հիմնում են սպիրտի գործարաններ։ Դրա հիմքերի վրա Աղդամում ստեղծվում է նաև կոնյակի փոքր ործարան465։

19-րդ դարի վերջին տասնամյակներում ռուսական կայսրությունում կապիտալիստական հարաբերությունների զարգացման և տնտեսության բուռն վերելքի պայմաններում հայկական գյուղը իր նահապետական սովորություններով հանդերձ, ներքաշվեց ընդհանուր համառուսական շուկայի մեջ։ Անձրևից հետո աճող սնկերի նման, Ղարաբաղի բնակավայրերում մեկը մյուսի ետևից, երևան էին գալիս մասնավոր նոր ձեռնարկություններ։ Այդ գործարանների զգալի մասը զբաղվում էր մետաքսի արտադրությամբ։ Մետաքսի մեծ ճանապարհին մոտ լինելով, Ղարաբաղի հայությունը հնուց ի վեր զբաղվում էր շերամապահությամբ։ Այն նոր ընթացք ու թափ ստացավ 19-րդ դարի 80-90-ական թվականներին։ Շերամի հունդը Ղարաբաղ է հասել մի շարք երկրներից, տարբեր ճանապարհնե­րով։

Մինչև 1890 թ. Ղարաբաղում լայն տարածված էր ճապոնական դեղին ցեղի մանր բոժոժ ունեցող հունդը, որին տեղացիները յապոն էին անվանում։ Այն ծովային ճանապարհով Չինաստանից տեղափոխվել է Հունաստան, իսկ այնտեղից Ղարաբաղ466։ 19-րդ դարի վերջերին Անդրկովկասում հունդի աճեցման և տարածման գործը կենտրոնացված էր 3 ընտանիքների ձեռքում, որոնցից մեկը՝ Տեր-Գրիգորյանները, ղարաբաղցիներ էին։

Սկզբնական շրջանում շերամապահ գյուղացիները ոչ միայն բոժոժ էին արտադրում, այլ տանը պարզունակ եղանակով ոտնաչարխով մանում էին թելը։ Տեղացի վաճառականները արտադրանքը արտահանում էին արտասահմանյան քաղաքներ։ Ղարաբաղի բնական մետաքսը բարձր է գնահատվել միջազգային մի շարք տոնավաճառներում։ 1882 թ. Մոսկվայում կազմակերպված տոնավաճառում Հոնաշեն Հադրութի մետաքսն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ մեկ տարի անց՝ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ոսկե մեդալի։ Տեղին է հիշել, որ 19-րդ դարի վերջերին Արցախի մետաքսից են պատրաստվել Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները467։

19-րդ դարի 50-ական թվականներին Ղարաբաղում գտնվող մետաքսագործարանները տնայնագործական տիպի մանր ձեռնարկություններ էին՝ խարսխված բացառապես ձեռքի աշխատանքի վրա։ Միայն 1868թ. Շուշու գավառում կար 490 մետաքսակարժական արհեստանոց, որտեղ թողարկվում էր 76 000 ռուբլու արտադրանք468։ 250 Արդյունաբերական եղանակով մետաքսաթելի արտադրության առաջին փորձերը Ղարաբաղում կատարվել են 19-րդ դարի կեսերին։ Ղարաբաղցի Աղաբաբա և Գրիգոր Խաչատրյաններն ու Կարապետ Շահմուրադյանը 1856-1857թթ. Ստեփանակերտում հիմնադրեցին մետաքսի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին Նուխուց եկած 25-30 հայ բանվորներ։ Նույն դարի 60-ական թվականներին շուշեցի վաճառականները լինելով Մարսել, Լիոն, Միլան, Վենետիկ, Ջենովա քաղաքներում, արտասահմանից օրինակում են մանարանը, մետաքս ոլորող մեքենան և միաժամանակ «ցելլիվսի» եղանակով սկսում են ստանալ առողջ սերմ։ Առաջին անգամ Ղարաբաղի մետաքսագործի կիսանահապետական աշխատանքին փոխարի­նելու եկավ շոգու աշխատանքը։ Այս հանգամանքը նպաստում է,որպեսզի երկրամասում զարգանա շերամապահությունը։

1873 թ. Շուշեցի առևտրական Գ. Հարությունյանցը քաղաքում հիմնեց մետաքսաոլորման առաջին ֆաբրիկան, որտեղ Ռուսաստանում առաջին անգամ կիրառվեց բոժոժ չորացնելու հատուկ մեխանիկական սարքավորում։

Գ.Հարությունյանցի ֆաբրիկան սերտորեն կապված էր «Ա․ և Վ. Սապոժնիկովներ», «Ա. Իլին որդիների հետ և Կ.», «Ե.Ա. Սոկոլիկովա» մետաքսի առևտրով զբաղվող խոշորագույն ընկերությունների հետ469։

Վարանդայի գավառում 1890թ. արտադրվող 2138 փութ բոժո­ժից, 1895թ. հասցվեց 9000 փթի, որից 4300 փութը արտահանվել է եվրոպական երկրներ470։

Նման պայմաններում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեց Ղարաբաղում նոր մետաքսագործարանների կառուցման ուղ­ղությամբ։ Ժամանակակցի վկայությամբ 1888թ. Արցախում կար 18 մետաքսագործարան, որոնք պատկանում էին հայերին։ Դրանք տեղակայված էին Շուշի քաղաքում, Ստեփանակերտում, Կրկժան, Քարին տակ, Սղնախ, Չանախչի, Ղարաբուլախ , Ղշլաղ, Թաղուտ, Տող, Հադրութ, Շոշ, Բաուջա, Խանածախ, Գիշի գյուղերում471։ Դրանց տերերը հիմնականում տեղացի կապիտալիստներ էին՝ Հարունովներ, Ներսեսովներ, Տեր-Գրիզորյաններ, Տեր-Մկրտչյաններ Քամալյաններ։

Արդեն 1896թ. Լեռնային Ղարաբաղում 26 մետաքսագործական ֆաբրիկա կար472, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին դրանց թիվը հասավ 36-ի473։ Շուշին հանդիսանում էր բոժոժի խոշոր շուկա Այսրկովկասում։ 1894թ. Շուշիում հիմնադրվեց Կովկասյան մետաքսագործական կայանի մասնաճյուղը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի 85 բնակավայրերում շերամապահությամբ զբաղվում էին մոտ 12000 տնտեսություններ, որը կազ­մում էր բոլոր տնտեսությունների 45 տոկոսը։ Վերոհիշյալ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում բնական մետաքսի ար­տադրության բուռն վերելքը պայմանավորված էր մի շարք բարենպաստ գործոնների առկայությամբ. տարանցիկ առևտրական ճանապարհների հանգուցակետում գտնվելը, լեռնային Ղարաբաղի վաճառականների գործարանատերերի սերտ կապերը Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկրների գործարար շրջանների հետ, այս բնագավառում հնուց եկած ավանդույթները, որին գումարվեց նաև ղարաբաղցիների աշխատասիրությունը և հակումը դեպի արհեստը, էժան և որակյալ աշխատուժի գոյությունը, վառելանյութի՝ անտառների մոտ լինելու հանգամանքը։

Լեռնային Ղարաբաղի մետաքսաթելը մեծ համարում ուներ Եվրոպայի և Ասիայի երկրներում։ Մինչև 1888թ. երկրամասում արտադրված թելը ուղարկվում էր Մարսել, հետագա տարիներին առավել շատ Մոսկվա, իսկ ֆրիզոնը՝ Ֆրանսիա474։

Մետաքսի արտադրությամբ Ռուսաստանի երկրամասերի մեջ Ղարաբաղը բռնում էր 2-րդ տեղը և տալիս էր Այսրկովկասի մետաք­սի արտադրության 35 տոկոսը475։

20-րդ դարի սկզբին ստեղծվեց Գ. Հարությունյանցի Կովկասի մետաքսագործական և մետաքսաոլորման արդյունաբերական ընկերությունը, որը միավորեց 6 մետաքսագործարան, 2 մետաքսաո­լորման և 3 բոժոժ չորացման ֆաբրիկաներ։

Քաղաքական գործընթացները սակայն շուտով ընդհատեցին շերամապահության և մետաքսագործության զարգացման բնականոն ընթացքը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ ազգամիջյան ընդհարումների հետևանքով ավերվեցին Լեռնային Ղարաբաղի մետաքսագործարանները։ Խաթարվեցին Եվրոպական և Ասիական երկրների հետ տնտեսական կապերը։ Ճանապարհների անապահովությունը դժվարացրին գործարանների արտադրած թե­լի սպառումը։ Անտառներից փայտ բերելու խնդիրը կապված էր կյանքի վտանգի հետ և որպես վառելափայտ օգտագործում էին թոխմաչարի տունկը։

Այս ամենից բացի Շուշի քաղաքում 1895 թ. կենտրոնացված էր 6 կաշվի, 4 օճառի, 10 ներկարարական և 2 աղյուսի գործարաններ476։

Շուշին առավել շատ հայտնի էր, որպես արհեստավորական կենտրոն։ Այս ժամանակահատվածում էլ արհեստավորները կազ­մակերպված էին համքարությունների մեջ և ղեկավարվում էին նախկին ավանդույթներով։

Առանձնապես հայտնի էին Շուշեցի գորգագործները, ոսկերիչ­ները, արծաթագործները, պղնձագործները, բրուտագործները, դարբինները, հյուսները, քարտաշներն ու կոշկակարները։

Նրանց արտադրած ապրանքները մեծ համարում ունեին Եվրոպայում, Ռուսաստանում և Արեւելքի երկրներում։

Բրոկհաուզ և Եֆրոնի հանրագիտական բառարանում կարդում ենք. «Շուշին Կովկասում գորգագործության ամենախոշոր կենտ­րոնն է, որի արտադրությունը սպառվում է նահանգի սահմաններից դուրս շատ հեռու և հասնում է Մոսկվա ու Պետերբուրգ։ Մետաքսի գորգերի աշխույժ առևտուր է գնում, որը համարյա բացառապես գտնվում է տեղի հայերի ձեռքին477։

1895 թ. տվյալներով Շուշիում 1000 բնակչի վրա հաշվում էր 22 արհեստավոր478։ Նույն ժամանակահատվածում քաղաքում կար 500 տեսակ արհեստ479։

Ցարական կառավարությունը Այսրկովկասը տնտեսապես ու քաղաքականապես Ռուսաստանին ենթարկելու, իր ազդեցությունը հարևան երկրների վրա տարածելու նպատակով հովանավորում էր առևտրականներին։ Եվ պատահական չէր, որ բազմաբնույթ միջո­ցառումներով խրախուսում էր առևտրական դասին ու նրա գործունեությունը։ 1821թ. հոկտեմբերի 8-ի օրենքով Այսրկովկաս ներմուծվող ապ­րանքներից գանձվում էր 5% մաքս, իսկ Պարսկաստան առաքվող ապրանքների համար հաստատվում էր անմաքս տրանզիտ։ Պատահական չէ, որ Այսրկովկասում արտաքին առևտրի ծավալները 1822-1870 թթ. ընթացքում 1289108 հասավ 15399969 ռուբլու480։

Մաքսային նման քաղաքականությունը խթան հանդիսացավ նաև Շուշիի առևտրականների աշխույժ գործունեության համար։ Արդեն 30-ական թթ. ցարական պաշտոնական աղբյուրները հաս­տատում էին այն իրողությունը, որ հայ առեւտրականներն իրենց ձեռքն են առել «Թիֆլիսի և ամբողջ Անդրկովկասի առեւտուրը»481։

Սինչեւ 250000 տարեկան շրջանառություն ունեցող առևտրականները հիմնականում հայեր էին։ Դրանցից հայտնի էին Շուշեցի Թառումյանների և Հախումյանների ընտանիքները։

1808 թ. Բաքվի տուրքերը 4 տարով տրվել էին Բաբա Թառումյանին482։ Նրա ձեռքին էր գտնվում նաև Կասպից ծովի նավթի, ձկան, աղի արտադրության կապալը։

Զոհրապ և Մարկոս Թառումյանները իրենց միջոցներով կառուցեցին Ագուլեցոց եկեղեցին։

Մարկոս Թառումյանը մահվանից առաջ Էջմիածնին և մնացածներին վերադարձնում է պարտամուրհակները և երկու քսակ ոսկի բաժանում աղքատներին։

Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին, գրում է Մեսրոբ Թաղիադյանը483։

Երեք վաճառական հայ ընտանիքներ Շուշիի սարահարթից հս­կում էին մի մեծ առևտուր, որի միջոցով իրար էին կապվում աշխար­հի չորս ծայրերը Չինաստանից մինչև Արևմտյան Եվրոպա, Հնդ­կաստանից մինչև Ռուսաստան և Սկանդինավյան երկրներ։ Գեր­մանական «Ալգեմայն ցայտունգ» թերթը 1846թ. նոյեմբերի 15-ի համարում գրում է. «Ղարաբաղի գլխավոր քաղաքը Շուշին առանց չափազանցության կարելի է համարել Կովկասյան Ջիբրալթարը»484։

1880թ. տվյալներով Շուշիում կային 952 առևտրական և արդյունաբերական ձեռնարկություններ485։ Շուշին 19-րդ դարում առևտրական բազմաթիվ թելերով կապված էր արտասահմանյան երկրների հետ։ Ղարաբաղի և Այսրկովկասի սահմանները նեղ էին շուշեցի առևտրականների համար։ Նրանք առևտրական գործառնություն ծավալեցին Ռուսաստանում, Իրանում, Եվրոպական երկրներում։

Շուշեցի մեծահարուստներ Հախումյանները նշված երկրներում ունեին իրենց գործատները և Ռուսական կայսրության բանկերում ունեին մոտ մեկ միլիոն ռուբլի486։

Առևտրի զարգացմանը խթանում է նոր ճանապարհների կառու­ցումն ու փոխադրական միջոցների կատարելագործումը։ Կառուց­վեցին և խճապատվեցին Շուշի-Եվլախ, Շուշի-Գորիս-Նախիջևան-Երևան ճանապարհները։ Շուշիում գործում էին «Նադեժդա» և «Ռոսիյսկոյե» ընկերությունների գրասենյակները, որոնք կազմակեր­պում էին ապրանքների փոխադրումը487։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբներին ներկայիս Ադրբեջանի, հատկապես Բաքվի առևտրական և արդյունաբերական կապիտալի գերակշիռ մասը գտնվում էր ղարաբաղցի, ինչպես նաև արևելահայ մեծահարուստների ձեռքին։ Բաքվում հրատարակված ռուսերեն լեզվով Ադրբեջանի պատմության մեջ հետաքրքիր տեղեկություններ կան վերո­հիշյալի մասին։ Այսպես, օրինակ Բաքվի խոշորագույն նավթահարերը գտնվում էին Մանթաշյանի, Լիանոզովի, Ղուկասյանի, Փիթոևի, Մաիլյանի, Արամյանցի, Թադևոսյանի, Ծատրյանի, Միրզոյանի մետաքսի արտադրության գործարանները՝ Մեսրոպյանի, Գյանջումյանցի, Հարությունյանցի, Քամալյանի, Ներսիսյանի, Զուրաբյանի ձկնաարդյունաբերությունը՝ Լեանոզովի, Ղուկասյաի, Մաիլյանի, Փիրալյանի առևտուրը՝ Արամյանցի, Անանյանի, Մաիլյանի, Հովհաննիսյանի, Առաֆելյանի(Արաֆելով), Դովլաթյանի, Ջանփոլադյանի, Աֆրիկյանի ձեռքում։

Հայերն էին տնօրինում գինեգործական, ծխախոտագործական արդյունաբերությունը։ Նրանց ձեռքին էր կենտրոնացված Ադրբե­ջանի քիմիական արդյունաբերության 10 տոկոսը, մեխանիկական արտադրության 22 տոկոսը։ Ոչ լրիվ տվյալներով 1900թ. Բաքվի նահանգի արդյունաբերական ձեռնարկությունների 29 տոկոսը պատկանում էր հայերին, 27 տոկոսը՝ ռուսներին, 18 տոկոսը՝ ադրեջանցիներին և 13 տոկոսը՝ օտարերկրացիներին488։

Առևտրա-արդյունաբերական կապիտալի հայ ներկայացուցիչ­ները իրենց գործունեությամբ դարձան հասարակության առաջմղիչ ուժը։ Լեոն իրավացիորեն գրել է. «Այն ժամանակվա մեր կյանքում այդ դասակարգն էր, որ հոգևորականությունից հետո կատարում էր խոշոր հասարակական դեր»489։

19-րդ դ. 2-րդ կեսին սոցիալ-տնտեսական տեղաշարժերը որոշակի պայմաններ էին ստեղծում կրթամշակութային կյանքի զարգացման համար։ Նոր տնտեսական հարաբերությունները պահանջ են դնում ունենալ ուսյալ մասնագետներ։ Հայ մեծահարուստները միջոցներ չէին խնայում իրենց զավակներին և, ինչու չէ, նաև տաղանդաշատ հայրենակիցներին ուսում տալու հայրենի երկրում և արտասահմանում։

Քննարկվող ժամանակահատվածում Շուշիում գործող դպրոց­ների մեծ մասը պահվում էր մեկենասների միջոցներով։

1898թ. թեմական դպրոցի նոր շենքը կառուցվել է հանգանակությունների միջոցով հավաքված փողերի միջոցով։ 1908թ. ռեալական դպրոցը Մովսես բեկի տնից տեղափոխվեց առևտրական բարերար Արաֆելյանի կառուցած հիասքանչ շենքը։

Մարիամյան օրիորդաց դպրոցը գործում էր նրա ամուսնու՝ Համբարձում Հախումյանի նվիրած սեփական տան մեջ։ Շուշեցի մեծահարուստ Պողոս, Արշակ, Հակոբ և Աբրահամ Ղուկասյան եղ­բայրները, իրենց հանգուցյալ քրոջ հիշատակը հավերժացնելու նպատակով, Ամենայն հայոց կաթողիկոսի տրամադրության տակ են դնում երկու հարյուր հազար ռուբլի և Շուշիում գտնվող իրենց սեփական տունը «Մարիամ Ղուկասյան» անունով օրիորդաց դպ­րոց հիմնելու համար։

Շուշիի թեմականի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ մոսկվայաբնակ մեծահարուստ Բաղդասար Արզումանյանը դպրո­ցին նվիրեց 200 000 ռուբլի, որից ստացված տոկոսներով պետք է հոգային դպրոցի կարիքները։ Միաժամանակ դպրոցին տրվեց Պոկրովկա, Չիստըե պրուդը քաղաքում գտնվող սեփական պալատը, միայն մի պայմանով, որ ամեն տարի մեկենասի ծննդավայրից՝ Զարդանաշենից չքավոր մանուկներից երկու հոգու ձրիաբար սովո­րեցնեն դպրոցում։ Նույն տարեդարձի կապակցությամբ Միքայել Արամյանը Շուշիում գտնվող 30 000 արժողությամբ իր տունը նույնպես նվիրեց դպրոցին։ Այս ցուցակը կարելի է շարունակել։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ 19–րդ դարի երկրորդ կեսին, երբ արևելահայությունը Ռուսաստանի կազմում ուներ տնտեսական և մշակութային կյանքի ու, մանավանդ, ֆիզիկական գոյության համար անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, հայ ժողովուրդի մյուս ստվար հատվածը (քննարկվող ժամանակահատվածում աշխարհի շուրջ հինգ միլիոն հայերից մոտ երեք միլիոնը գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ)՝ արևմտահայությունը տակավին գալարվում էր թուրքական անագորույն լծի տակ։

Արևմտահայության վիճակը առավել ծանրացավ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։

Բեռլինի վեհաժողովից հետո Թուրքիան փաստորեն վերածվեց ասիական պետության և հերթականությամբ կորցնում էր ինչպես եվրոպական, այնպես էլ աֆրիկյան նահանգները։ Ակնառու լինելով նման իրավիճակին, Ռուսաստանի գերագահության տակ ապրող թուրք-թաթարական ժողովուրդների մեջ նոր երազներ սնուցվեցին։ Նրանք այժմ բացահայտորեն դիմում էին «մեծ խալիֆին», առաջարկում Եվրոպայից հայացքը թեքել դեպի Փոքր Ասիա և, գլխավորելով թուրանական շարժումը, այնտեղ ստեղծել մահմեդական մի նոր հզոր պետություն, որի շոշափուկները պիտի տարածվեին մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, դրանց վրայով՝ նաև Պակիստան ու Հնդկաստան։

Ռուս-թուրքական հերթական հակամարտություների բովում, Կովկասի թուրքալեզու ժողովուրդներին Համիդի շուրջն համախմբելու, Ասիայում թուրքական ընդարձակ պետություն ստեղծելու ծրագրերն իրողության վերածելու ճանապարհին օսմանյան կայսրության, պանթյուրքիստների առաջ իբրև զորեղ խոչընդոտ՝ հասակով մեկ կանգնում էր Հայաստանը։

Բեռլինի վեհաժողովից հետո հայ-թուրքական հարաբերու­թյունների սրմանը պատճառ էր դառնում նաև ռուսական վտանգը, որը հավերժորեն կախված էր Թուրքիայի գլխին՝ հայկական բարե­նորոգումների պատրվակով։

Ելնելով դրանից թուրքական պետական գործիչները հետևողականորեն կենսագործում էին մի զարհուրելի ծրագիր, որի նպատակն էր բնաջնջել արևմտահայությանը։ Մեծ վեզիրը՝ Քյամալ փաշան, արդեն 1878թ. ցեղասպանությունը հռչակում է պետական քաղաքականություն. «Եթե Եվրոպայի մեջ մեր ծոցը օձ սնուցինք, պետք չէ, որ նույն դիմադրությունները ընենք մեր ասիական Տաճկաստանի մեջ, խելոքութիւնը բնաջնջել-վերացնելն է այն ամէն տարրերը, որ օր մը կրնան մեզ նույն վտանգը ծնանել…: Ուրեմն, հայ ազգը վերացնելու, անհետ անելու ենք․․․»490։ Փաստորեն հայ­կական հարցի լուծման թուրքական եղանակը հայերի ֆիզիկական ոչնչացումն էր։

Եվ պատահական չէ, որ սուլթանական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից կտրուկ կերպով փոխեց Արևմտյան Հայաստանում իր գաղութակալ քաղաքականության վարման մեթոդները։ Նրա վարչական և ժողովրդագրական քաղաքականությունը ստանում է նոր բովանդակություն՝ արդյունքում ունենալով Արևմտյան Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում մահմեդա­կան բնակչության տոկոսային հարաբերությունն արհեստականորեն մեծացնելու միտում։ Այդ նպատակի համար նա երկար տարի­ների ընթացքում դիմում էր բոլոր հնարավոր և անհնար միջոցներին։

Սուլթան Համիդի՝ 1880թ. օգոստոսի 30-ի հրամանագրով հայ­կական թերթերին և պաշտոնական գրությունների հեղինակներին արգելվեց Հայաստան, իրավունք, ազատություն, հերոսություն, բռ­նակալություն, թագավոր և այլ բառերի օգտագործումը։ Թուրք գրաքննիչները Հ տառով սկսվող բոլոր բառերը թարգմանել էին տալիս, կասկածելով, թե արդյոք Հայաստան չի գրված։

Քիմիայի դասագրքից հանեցին ջրի ֆորմուլան, պատճառաբանելով, թե այն նշանակում է Համիդ երկրորդը հավասար է զրոյի։

Զգալով, որ հայ մտավորականությունն արդեն սերտ աճել է իր ժողովրդին և փորձեր է անում դիմագրավելու արևմտահայության նկատմամբ նյութվող դիվային ծրագրերի կենսագործմանը, Համիդն անցավ գրողների, հրապարակախոսների, քաղաքական ու կրոնական գրծիչների զանգվածային բանտարկության ու աքսորի։ Դիարբեքիրը դարձավ հայ և բուլղար քաղաքական կալանավորնե­րի նստավայր։ Սահմանվեցին բանտարկյալների մարմնական այնպիսի պատիժներ, որոնց նախադեպը չկա մարդկության պատմության մեջ:

Սուլթանիզմը հակահայկական քաղաքականությունն իրագոր­ծում էր կանոնավոր բանակի, քրդական «Համիդիե» ջոկատների, ոստիկանության և հասարակության տականք բաշիբոզուկների ձեռքերով, որոնք կողոպտում ու կոտորում էին խաղաղ, անմեղ ու անզեն բնակչությանը, հրկիզում գյուղերը։ Կոտորածներին մաս­նակցելու համար յուրաքանչյուր խուժանի խոստացել էին օրական վճարել 20 ղուրուշ, թալանի միջոցով միշտ հարստանալու հնարավորություն և չպատժել կատարած հանցանքի համար։

Փաշաներն ու բեկերը գյուղացիներին գնում ու վաճառում էին հողի հետ, որոնց անվանում էին զեռ-կուրի (ոսկով գնվածներ)։ Հայ գյուղացիները պետությանը վճարում էին հարկ, փաշաներին ու բե­կերին տալիս տուրք, նրանց հարկադրում էին կատարել նաև կոռային աշխատանք։ Երբեմն ծնողները հարկադրված երեխաներրի մի մասը վաճառում էին՝ մյուս մասի կյանքը փրկելու համար։

Արևմտահայության գլխին իսկական պատուհաս էին մուհաջերները՝ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմաճակատներից Հայաստան փոխադրված մահմեդականները, որոնք օգտվելով կառավարության հովանավորությունից, կողոպտում էին հայերին, բռնագրավում հողերը, հափշտակում բերքը, քշում անասունները, դիմադրողներին գնդակահարում, անգամ վրեժխնդիր լինում պատերազմում կորցրած իրենց հարազատների համար։

Բարձր դռան գաղտնի հրահանգով 1887թ. հուլիսի 26-ին հրդեհվեց Զեյթունի 1000 տուն։ Օգոստոսի 27-ին Կ. Պոլսի հայաբնակ Սկյութար թաղամասում այրվեց հայերի 1200 տուն։ 1888թ. ապրի­լին հրո ճարակ դարձավ Մարաշը։

Հայ բնակչությունը հարկադրված գաղթում էր օտար երկրներ։ Խրիմյան Հայրիկը լակոնիկ ոճով գրում է. «Ո′չ հայ, ո′չ Հայաստան»։ Հայ ազատագրական շարժման ալիքը բարձրանում էր որպես պատասխան այն կեղեքումների, որոնց ենթարկվում էր արևմտա­հայությունը։ Տվյալ ժամանակահատվածում ծանր հիասթափու­թյունից ու տևական որոնումներից հետո, արդեն մշակվում է պայ­քարի ուրույն զաղափարաբանություն, նոր որակ է ձեռք բերում հայ հեղափոխական-քաղաքական միտքը։ «Երկիր» վերամկրտված Արևմտյան Հայաստանը զորեղ մագնիսի նման դեպի իրեն է ձգում աշխարհի բոլոր ծագերում սփռված հայ երիտասարդությանը։ Իբրև այդ ամենի զարգացման բարձրակետ, ձևավորվում են հայոց ազգային-քաղաքական երեք կուսակցություններ, որոնք, տարընթացություններով հանդերձ, շարունակում են գործել մինչև օրս։

Հայ ազատագրական շարժման վերընթացը, մասնավորապես՝ Բեռլինի վեհաժողովի դասերը, բալկանյան ժողովուրդների ազատագրության պատմական փորձը, հայ քաղաքական կուսակ­ցությունների հանդես գալը հանգեցրին այն բանին, որ հայ ազատագրական շարժումները 19-րդ դարի 80-ական թթ. թևակոխեցին նոր շրջան։

Այս փուլի ամենաբնորոշ գիծն այն էր, որ համաժողովրդական մաքառման ընդերքում գնալով հավաքական գիտակցություն էր դառնում այն գաղափարը, թե զուտ աղերսագրերով և մուրալով հնարավոր չէ ձեռք բերել ազատություն, գլխավորը դիմադրության սեփական պաշարներին ապավինելն է։ Խրիմյան Հայրիկի թղթե շե­րեփի պատմությունն արդեն նման գաղափարի լավագույն բանաձևումն էր և գործնական պայքարի անցնելու կոչը։

Թուրքական յաթաղանի դեմ արևմտահայության ինքնապաշտպանական պայքարում մեծ տեղ է գրավում ֆիդայական շարժումը։ Հայդուկական շարժումները Արևմտյան Հայաստանում առաջացան տարերայնորեն, կուսակցությունների երևան գալուց դեռ առաջ։ Արևմտյան Հայաստանի հայդուկային պայքարի ավանգարդում կանգնեցին տեղացի ֆիդայիները, արևմտահայության ծոցից դուրս եկած, նրա կյանքով ու շնչով ապրող Արաբոն, Սերոբ Վարդանյանը (Աղբյուր Սերոբ, Սերոբ փաշա),Արմենակ Ղազարյանը (Հրայր, Ուրվական,Դժոխք), Անդրանիկ Օզանյանը (Անդրանիկ), Գևորգ Արամյանը (Գևորգ Չաուշ)։ Նրանք տոն տվեցին հայդուկային շարժմանը և անջնջելի էջեր գրեցին մեր պատմության մեջ։ Հայ երիտասարդությունը, դառնացած լինելով օսմանյան վարչակար­գից՝ ծառանում էր նրա դեմ, մտնում հայդուկային խմբերի մեջ։ Րաֆֆին այդ պայքարը բնորոշում էր, որպես մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի բողոք, որպես ստրուկի ըմբոստացում իշխող բարբարոսության դեմ491։

Արցախահայությունը նույնպես չեր կարող անտարբեր մնալ արևմտահայության ծանր կացության և մաքառումների նկատմամբ։ Արյան կանչը ոտքի հանեց տասնյակ արցախցի ֆիդայինե­րի, որոնք իրենց կյանքը չխնայելով, օգնության ձեռք էին մեկնում իրենց եղբայրներին, նրանց զենք և օգնական ուժ հասցնում, աշխարհազոր հավաքագրում։

Դեպի Երկիր համարձակ առաջին ձեռնարկումը իրականացրեց ծննդով Նուխի գավառի Նիժ գյուղից Սարդիս Կուկունյանը։ Նա Մանթաշյանից և Ծատուրյանից ստացած 5000 ռուբլի նվիրատվու­թյամբ492 ձեռք բերելով զենք ու զինամթերք, շուրջ 100 հոգուց կազմված ջոկատով, հիմնականում արևելահայեր, այդ թվում՝ արցախահայեր սղնախեցի Կոնստանտին Լիսինյանը, բարսումեցի Եփրեմ Գավթյանը, շուշեցի Հովհաննես Մարգարյանը։ 1890թ. սեպտեմբերի վերջին անցան սահմանը։ Ջոկատը սահմանագլխին հանդիպում է թուրքական, քրդական և ռուսական զինված ուժերի հետ։ Անհավասար մարտում ֆիդայիներից 6 հոգի զոհվում են, իսկ մնացածներն էլ հանձնվում են ռուս սահմանապահներին։

26 հոգու ձերբակալեցին Կաղզվանի բանտում։ Ս. Կուկունյանն աքսորվում է Սախալին, որտեղ մնում է 15 տարի։

1906թ. նա վերադարձավ հայրենիք։ Երբ պատրաստվում էր սահմանն անցնել վերստին ձերբակալվեց, որպես մեծագույն պատիժ փոխադրվեց Օրյոլ քաղաքի բանտը, որտեղ նետվում էին ամենավտանգավոր քաղաքական հանցավորները։ Այստեղ ծանր հիվանդացավ և չարաչար տանջանքների մեջ մեռավ այդ սքանչելի հայը, որը մարմնացած սեր էր, գաղափար ու զոհություն և որը եղավ հայոց ազատագրության մեծագույն նահատակներից մեկը493։

Ռազմական տեսանկյունից Կուկունյանի արշավանքը կատարյալ ձախողություն եղավ։ Հակառակ դրան նրա թողած տպավորությունը հանրային մտքի վրա շատ մեծ էր։ Այն մարտակոչ էր խոր թմբիռից արթնացող հայության համար։ Իրավացի է Ս.Վրացյանը. «Ս. Կուկունյանով հայ ազատագրական պայքարի պատմության մեջ բացվում է մի նոր շրջան, որի ներկայացուցիչն ու դրոշակակիրը եղավ ՀՅ Դաշնակցությունը494։

Հետագայում Կուկունյանի արշավանքի հերոսներից մեկը՝ Եփրեմ խան Դավթյանը Արցախի Բարսում գյուղից ՀՅԴ որոշմամբ մասնակցեց 1908-1911թթ. պարսկական հեղափոխությանը։ Նա գլ­խավորում էր Պարսկաստանի հեղափոխական զինված ուժերն ու ոստիկանությունը։

1890-ական թվականների կեսերից հայդուկային շարժումներն Արևմտյան Հայաստանում հատկանշվեցին վերելքով։ Երկիր մտան նոր խմբեր, որոնք կազմակերպվում և ուղարկվում էին հայ քաղաքական կուսակցությունների, գերազանցապես դաշնակցականների կողմից։

Հայ ազգային ազատագրական պայքարի հերոսական և ոգեկո­չող դրվագներից է Խանասորի արշավանքը, որի կազմակերպիչն ու ջատագովը դարձավ ծննդով Խաչեն գավառի Ղշլաղ գյուղից Նիկողայոս Տեր Հովհաննիսյանը(Նիկոլ Դուման)։ Նիկոլն իր առաջին մարտական մկրտությունն ստանում է թուրք-պարսկական սահմանագլխին գտնվող Դերեկա վանքի կռվում 1894թ. ամռանը։ Դերեկը հայ ֆիղայիների կենտրոնատեղին էր՝ Երկիր անցնելու և զենք ու զինամթերք տեղափոխելու գործում։ Եվ Դերեկում և Բողազ Քյասանում թշնամին պարտվեց։ Վերջին կռվում(1895-ի աշնանը) ֆիդայիները Նիկոլի գլխավորությամբ, խույս տալով թշնամուց, ապաստանում են Բողազ Քյասան գյուղի մարագներում։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո քրդերը հրդեհում են մարագները, փոր­ձելով ծխախեղդ անել ֆիդայիներին։ Նիկոլն անսպասելիորեն, մր­րիկի արագությամբ, դուրս է թռչում մարագի դռնից և տապալելով երկու քուրդ ցեղապետների, ջոկատի հետ միասին հեռանում են մո­տակա սարը։ Նիկոլի անհավատալի քաջագործությունից ապշահար լինելով, քրդերը նրան անվանում են Դուման՝ այսինքն մրրիկ, փոթորիկ կամ Ղարա Դուման(սև մրրիկ)։ Դումանի խումբն անարգել հասնում է Վան՝ համալրելով քաղաքի պաշտպանների շարքերը։Նոր մարտական խմբեր և զենք հայթայթելու նպատակով նա մեկնում է Սալմաստ և ապահով հասնում Դերեկ։ Հետապնդելով հայդուկներին թշնամին պաշարում է Դերեկա վանքը։ Ընդհարումների ժամանակ վանքը հրդեհվում է։ Նիկոլ Դումանի խումբը, ճեղքելով պաշարման օղակը, նորից հեռանում է ապահով վայր։

1896թ. հունիսին վանեցիները ֆիդայիների օգնությամբ հաջողությամբ դիմագրավեցին ջարդարարներին, սակայն դեպի Պարսկաստան անցնելիս մոտ մեկ ու կես հազար հայեր Վարագա լեռան շրջակայքում ուխտադրժորեն հարձակման են ենթարկվում թուրքե­րի և քրդերի կողմից: Միայն 30 հոգի կարողացան մազապուրծ անց­նել Պարսկաստան։

Այս դեպքից հետո, քրդական մազրիկ ցեղին պատժելու, ինչպես նաև եվրոպական տերությունների ուշադրությունը հայկական հարցի վրա սևեռելու նպատակով Նիկոլ Դումանը նախաձեռնեց ու կազմակերպեց 1897թ. հուլիսի 25-27-ի Խանասորի հռչակավոր արշավանքը։ Այդ առթիով նա Դաշնակցության վարիչ մարմնին գրել է. «Այդպես չէր լինի, եթե կոտորվելու փոխարեն կռվեինք։ Միթե ժամանակը չէ, վերջապես, որ լուրջ քննության առարկայ դառնայ մեր գործունեության հին եղանակը և ընդունվեր նոր, ավելի նպաստավոր տակտիկա, որի առանցքը լիներ ոչ թե կոտորածը, այլ կռի­վը»495 :

275 հոգուց կազմված հայդուկների խումբը Շուշեցի Վարդան Մեհրաբյանի (Խանասորի Վարդան) գլխավորությամբ Սալմաստից գաղտնի շարժվելով բարձրանում է պարսկաթուրքական սահ­մանագլխին գտնվող Արաուլ լեռը, որտեղից 1897 թ. հուլիսի 27-ին անակնկալ հարձակում են գործում լեռան ստորոտում փռված Խանասորի դաշտում գտնվող մազրիկ ցեղի վրա և կոտորելով նահանջում։

Լինելով առաջապահ հիսնյակի հրամանատար՝ Նիկոլ Դումանը անմիջականորեն ղեկավարեց և հարձակումը, և կազմակերպ­ված նահանջը։ Դիմելով վրեժխնդրության՝ Դումանը բարձրացրեց հայ հեղափոխականների հեղինակությունը ժողովրդի աչքում, որը Վանի կռիվներից հետո բավականին ընկել էր։ Միաժամանակ այս արշավանքը մեծ ֆիդայուն համոզեց, որ ազատության հասնելու միակ ուղին համահավաք ուժերով ընդհանուր ապստամբության կազմակերպման մեջ է։

1904 թ. Դումանը կազմում է «Փոթորիկ» խումբը և որոշում անց­նել Սասուն՝ օգնելու ապստամբներին, սակայն սահմանագլխին բախվում է թշնամու մեծաքանակ ուժին և հարկադրված նահանջում։

Նիկոլ Դումանը ֆիդայական շարժման ոչ միայն կազմակերպիչ էր, այլև ժողովրդական այդ պայքարի լավագույն գաղափարախոսը։ Նա հայ ազատագրական ոգորումների այն եզակի առաջամարտիկներից է, որ կարողանում էր տեսական իմացությունը հաջողությամբ ներդաշնակել պրակտիկ գործունեության հետ։ 1907թ. Ժնևում հրատարակվում է Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» և «Գործնական և համառոտ հրահանգ­ներ» գրքույկները, որոնց մեջ արծարծված հիմնադրույթներն ու հրահանգները մշակվել են տարիների ընթացքում և հաջողությամբ կիրառվել ազատագրական պայքարի ժամանակ։ Նիկոլ Դումանի հեղինակությունը այնքան մեծ էր, որ բոլոր հայտնի ֆիդայինները՝ Գևորգ Չաուշը, Հրայրը, Անդրանիկը, Ռուբեն Տեր-Մինասյանի վկայությամբ «բոլորն ալ հավասար սիրով պատրաստ էին ենթարկվելու Ղարաբաղի լեռնականի պողպատե կամքին»496։

Թվում էր, թե սուլթանին հաջողվեց 1890-ական թթ. զանգվածային կոտորածներով հայերի մեջ մեռցնել ազատաբաղձ ոգին, կաթ­վածահար անել հայ ազգային ազատագրական շարժումներն ու հայ ժողովրդին պարտադրել ստրկական գոյավիճակ։ Սակայն նորից ասպարեզ իջան նոր ազատամարտիկներ, որոնք իրենց հերոսական պայքարի օրինակով սթափեցրին հուսահատության մատնված ժողովրդին։

Հայդուկային պայքարը աշխուժացնելու նպատակով ՀՅԴ որոշմամբ Հայաստանում ստեղծվում է ինքնապաշտպանության գործը կազմակերպող ղեկավար կենտրոն։

Ստանալով ՀՅԴ ղեկավար կենտրոնի հրահանգը շուշեցիներ Թորգոմը(Թուման Թումյան) և Մենակը(Եգոր Առուստամյան) ձեռնամուխ եղան նոր մարդկանց հավաքագրման, նոր մարտական խմբերի կազմավորման գործին։

1903թ. վերջերին Կովկասից Սասուն էր հասել Թորգոմի 27 հոգուց բաղկացած խումբը։ 1904թ. հունիսի 26-ին ռուս-թուրքական սահմանը անցնում է հնչակյանների «Արծիվ» հայդուկային խումբը։ Նրանք իրենց քաջագործությամբ ոգևորում էին տեղացիներին։ 1904թ.նորից մահացու վտանգ է կախվում Սասունի հայության գլխին։ Թորգոմը վերադառնալով Ղարաբաղ կամավորական մի ջո­կատ է կազմում՝ «Մրրիկ» անունով։ Խմբի մեջ էին Սասունի վերջին ապստամբության խմբապետներ Ֆարհատը, Մուրադը, Սեպուհը, Որսորդը, Գևորգը, Առաքելը497։

«Մրրիկի» հաղթական մուտքը Սասուն, ցնցություն և ոգևորոթյուն է առաջացնում տեղի և մյուս վայրերի հայության շրջանում։ Սասունցիները ջերմ ընդունելություն են կազմակերպում նրա պատվին։ «Մրրիկի» մուտքը Սասուն ողջունում է նաև մեծ զորավար Անդ­րանիկը։ Եվ տարիներ հետո նա իր հուշերում գրելու էր. «Լուր եկավ ինձի, թե 20 հոգիէ բաղկացեալ ձիավոր խումբ մը եկավ Սեմալ։ Ելանք գացինք Սեմալ, տեսնվեցանք Թումանի հետ, նրանց մեջ կային իմ նախկին ընկերներս…»498։

Թորգոմը Սասունում զբաղվում է կազմակերպչի, պրոպագանդիստի ու թղթակցի աշխատանքներով։ Շուտով ՀՅԴ ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Կովկաս են մեկնում Թորգոմը և Կայծակը։ Թուրքական ճնշումներին դիմակայելու նպատակով ժողովը որոշեց Թորգոմին նորից վերադարձնել Սասուն։ 1904թ. հուլի­սի 28-ին 61 հոգանոց «Որսկան» խումբը Օլթիով գնում էր Երկիր՝ օգնելու արևմտահայ եղբայրներին։ Սահմանում նրանք բախվեցին զինված մեծաքանակ թուրքերի և քրդերի հետ։ Խումբը բաժանեցին երկու մասի, մի մասը ղեկավարում էր Թորգոմը, մյուսը՝ Որսորդը։

Թիկունքից հարվածում են ցարական սահմանապահները՝ սևհարյուրյակային գնդապետ Բրիկովի հրամանով։ Ֆիդայիների մեծ մասը, այդ թվում նաև Թորգոմը զոհվում են, մի մասն էլ վիրավոր գերի ընկնում։ Բրիկովի հրամանով բոլոր հայ գերիները սվինահարվում են թուրքերի ներկայությամբ։ Հետագայում ֆիդայի Հմայակ Ջանփոլադյանը գնդակահարեց գնդապետ Բրիկովին499։

Արևմտյան Հայաստանի թուրքական լծից ազատագրելու գործին անմնացորդ նվիրվեցին նաև արցախահայ ֆիդայիներ և գոր­ծիչներ Գաբրիել Կաֆյանը, Բարսեղ Զաքարյանը, Մարտիկ Սարուխանյանը, Նիկոլ Միքայելյանը, Մարգար Ժամհարյանը, Սար­գիս Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, Միքայել Հովհաննիսյանը(Մ.Վարանդյան), Լևոն Աթաբեկանը, Բախշի Իշխանյանը, Իսահակ Դանիելբեկյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Սիմոն Նարինյանը, Դ.Տեր-Դանիելյանը(Դ.Անանուն), Սիսակ Տեր-Դանիելյանը (Արամայիս) և ուրիշներ։

Հայ ազատագրական շարժումների պատմության մեջ սուլթանական բռնատիրուրյան դեմ հայդուկային կռիվները և ապստամբական բռնկումները, ինքնապաշտպանական մարտերը, թեև չհանգեցրին ժողովրդի ազատագրությանը օսմանյան լծից, բայց և այնպես՝ հայությունը համոզվեց, որ առանց այդ պայքարի և ոչ մի ժողովուրդ չի հասել իր ազատությանը։ Այդ պայքարը թույլ չտվեց, որ հայերի իրավազուրկ վիճակը հանգեցնի ստրկամիտ հնազանդության, և ժողովրդի մեջ միշտ վառ պահեց ազատաբաղձ ոգին։
ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 1905-1920 ԹԹ

Դարասկզբին կովկասահայությունը նոյնպես ապրում էր անհանգիստ ժամանակներ։ Այս անգամ հայութան համար արհավիրք էին դարձել ազգամիջյան հակամարտությունները։ Հայ-թաթարական ընդհարումների գլխավոր դրդապատճառները տնտեսական, քաղաքական և կրոնական բնույթ ունեին։

19-րդ դարի վերջին Բաքուն դարձել էր նավթարդյունաբերական խոշոր կենտրոն։ Ռուս, հրեա և եվրոպացի հանքատերերի կողքին, հայ գործարար շրջանները նույնպես սկսեցին գնել թաթարների(ադրբեջանցիների) նավթահանքերը և իրենց ձեռներեցության շնորհիվ ստեղծեցին պատկառելի հարստություն։ Այս հանգամանքը գրգռում էր ազերի թուրքերին, որոնք զգում էին, որ տնտեսական մրցությունում դուրս են մղվում։

Տնտեսության աշխուժացման պայմաններում զարթոնք էր ապ­րում հայ հանրության քաղաքական կյանքը։ Հայ քաղաքական կուսակցությունների կազմավորումը, ֆիդայական ազատագրական կռիվներն ու Կովկասում ահաբեկչական արարքներով ցարական բռնատիրության դեմ ծառացումն ահ ու սարսափի մատնեցին իշ­խանություններին։

Հարկ է նշել նաև, որ 1905թ. Ռուսաստանում բռնկված հեղափոխությանը մասնակցեց նաև հայությունը։ Ցարական իշխանությունները քաջ գիտակցում էին հպատակ ժողովուրդների համերաշխու­թյան և միասնական գործողությունների լուրջ հետևանքները։ Այդ իսկ պատճառով դիմեցին փորձված միջոցի՝ նրանց միջև բորբոքե­լով կրոնական ու ազգային թշնամանք, այդ կերպ փորձելով դուրս մղել նրանց հեղափոխության ոլորտից։

Հայ-թաթարական բախման մեջ որոշակի դեր խաղաց օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսությունը։

1905թ. «XXX» թերթը գրել է. «Գերմանիայի իմացությամբ Կոստանդնոպոլսում ձեռնարկվել է մի դավադրություն, որին մասնակցել են հիշյալ խաներն ու բեկերը (խոսքը վերաբերում է Ղարաբաղի խաներին և բեկերին,- Վ.Բ.), օգտվելով հեղափոխությունից և ազատությունից, սկսեցին իրագործել իրենց պլանները։ Ոչ ոք չի կարող հերքել, որ այդ նույն խաներն ու բեկերն են մահմեդական հետամնաց զանգվածներին լարել հայերի, ռուսների դեմ…»500։

Այս բոլորին եթե ավելացնենք քրիստոնյա հայերի և մահմեդական թուրքերի կրոնական հակակրանքն ու փոխադարձ ատելությունը, պատկերը հստակ կդառնա։

Օգտագործելով մահմեդական բնակչության ֆանատիզմը և խավարամոլությունը, ցարական պաշտոնյաները, թուրք կալվածատերերը և մահմեդական հոգևորականությունը ճգնում էին իրենց ցեղակիցներին հավատացնել, որ նրանց թշվառության և աղքատության հիմնական պատճառը հայերն են, հետևապես պետք է նրանցից վրեժ լուծել։

Արդյունքում՝ Բաքվում, Նախիջևանում, Շուշիում, Գանձակում և այլ հայաշատ քաղաքներում 1905-1906 թվականներին տեղի ու­նեցան հայ-թաթարական ազգամիջյան ընդհարումներ։

1905թ. փետրվարի 6-9-ը թաթար խուժանը, իշխանությունների գործակցությամբ Բաքվում հարձակվեց հայկական թաղամասերի վրա։ Հայերը անակնկալի եկան։ Մոտ երկու օր թշնամին անարգել կատարեց իր արյունոտ նախճիրը։ Գազազած ամբոխին զոհ դար­ձան Լալայան և Ադամյան հայտնի գերդաստանների անդամները։

Այս ծանր ու տագնապալի օրերին պետականությունից ու սե­փական իշխանություններից զուրկ հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բարդ և պատասխանատու գործը ստանձնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ «Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վարկյաններում»501։ Այդ օրերին նման սկզբունքով էր գործում Հայ հեղափոխական դաշնակցության անվեհեր մարտիկ Նիկոլ Դումանը։ Առանց հապաղելու Նիկոլ Դումանը իր փոքրաթիվ խմբով շեշտակի հարվածներով կասեցրեց գազազած ամբոխի առաջխաղացու­մը։ Ոգևորված Դումանի հաջողություններով, բազմաթիվ հայ երի­տասարդներ հավաքվեցին հայդուկապետի դրոշի ներքո։ Տղա­մարդկանցից կազմվում է 5-ից 15 հոգանոց ինքնապաշտպանական խմբեր, որոնք իրենց հսկողության տակ են վերցնում հայկական թաղամասերը և ապահովում նրանց անվտանգությունը։

Չկարողանալով թափանցել հայոց թաղամասերը, կատաղած թուրքերը իրենց զայրույթը փորձեցին թափել թուրքական թաղամասերում բնակվող հայերի վրա։ Նիկոլ Դումանը այստեղ նույնպես հրաշքներ գործեց, հայերին դուրս բերելով այդ թաղամասերից։ Դումանի գլխավորությամբ քաղաքի հայ ազգաբնակչության հերո­սական դիմադրությունը ստիպեց թուրքերի վերնախավին պարզել սպիտակ դրոշակ և սկսել բանակցությունները։

Ընդհարումների ժամանակ ոստիկանությունը և զորքը սոսկ դի­տորդի դերում էին և շատ դեպքերում, նույնիսկ զենքով, օժանդակում էին ջարդարարներին։ Բաքվի նահանգապետը՝ Նակաշիձեն, փորձում էր արդարանալ նրանով, որ իբր իշխանությունները անհ­րաժեշտ քանակությամբ զորք չունեն կասեցնելու համար հայ-թաթարական բախումները։ Ականատեսների վկայությամբ Նակաշի­ձեն ընդհարումների ժամանակ բացահայտորեն խրախուսում էր թաթարներին։

Ռուսական հանրային կարծիքը անարգանքի սյունին գամեց արյունարբու դահճապետին։ Նահանգապետ Նակաշիձեին ուղղված բաց նամակում, Բաքվի նախկին քաղաքագլուխ Ալեքսանդր Նովիկովն իր ցասումն արտահայտեց կատարված հանցագործությունների վերաբերյալ, դրանով ամբաստանելով Նակաշիձեին. «Ես,- ­գրում է Ա․Նովիկովը,կճանաչեմ հանցավորին և սրբազան պարտքս կհամարեմ ասել նրա անունը։ Կոտորածի հեղինակը դուք եք։ Դուք Կայենից էլ վատ եք, Կայենը մեկ եղբայր սպանեց, իսկ դուք թաթախեցիք ձեր ձեռքերը հարյուրավոր անմեղ եղբայրների արյան մեջ։ …Դուք Հուդայից էլ վատ եք, որովհետև Հուդան զարհուրելի գործը նյութելուց հետո զղջաց ու գնաց խեղդվելու, իսկ դուք հնարավոր եք գտնում ապրել, ձեր բոլոր արածներից հետո․․․ Դուք անպատվեցիք հրաշագեղ Վրաստանը։ Դուք անարգեցիք Ռուսաստանը, որի դեմ կարող էին տրտնջալ աղետի զոհերը և անգիտակից ոճրագործները, կարծելով, թե ձեր և Ռուսաստանի մեջ կա որևէ ընդհանուր բան։ Թող ձեր անունը հավիտենապես անիծված լինի»502։

Հայ հեղափոխական դաշնակցության Բաքվի կոմիտեն որոշեց մահվան դատապարտել նախճիրի բուն հեղինակ՝ նահանգապետ Նակաշիձեին։ 1905թ. մայիսի 11-ին Դրաստամատ Կանայանը և Մարտիրոս Չարուխյանը ռմբահարեցին դահճին։ Հայ ահաբեկիչ­ների գնդակներով սպանվեցին նաև Միքելաձեն և Շախտախտինսկին, իսկ Մահմեդբեկովը վիրավորվեց։ Նրանք նույնպես խրախուսում էին ջարդարարներին։ Բաքվի երեքօրյա բախումների ընթաց­քում սպանվեց 205 հայ, 111 թաթար, վիրավորվեց 121 հայ և 128 թաթար։ Խաժամուժի կողմից թալանվեց և ավերվեց հայերին պատկանող 451 խանութ503։

Անպատժելիությունը և ցարական իշխանությունների հովանավորությունը դրդում է թաթար ամբոխին 1905թ. օգոստոսի 20-30-ը Բաքվում կազմակերպել հայկական նոր ջարդեր։ Տեղական իշխանությունների կողմից հրահրված հայ-թաթարական նոր ընդհարու­մը գերազանցում էր նախորդին։ Ամբոխի մոլեգնությունն այն աս­իճանի է հասնում, որ բացի հայերի տներից ու խանութներից, հր­դեհվում են բազմաթիվ նավթահորեր։ Քաղաքի որոշ մասեր իշխանությունների կողմից ենթարկվում են հրետանակոծության։ Բախման հետևանքով զոհվում է 270 թաթար, 130 հայ, վրացի, ռուս և այ­լազգի504։

Բաքվի երրորդ ընդհարման առիթը հանդիսացավ 1905թ. հոկտեմբերի 17-ի ցարական մանիֆեստը։ Հեղափոխական և հակացարական շարժման դեմ արգելք հանդիսանալու համար տեղական իշ­խանությունները հոկտեմբերի 20-25-ը կրկին բորբոքում են ազգամիջյան թշնամանք։ Այդ բախմանը գործուն մասնակցություն են ու­նենում նաև միապետական ուժերն ու զորքը։

Հայ-թաթարական ընդհարումները Բաքվում չսահմանափակվեցին։ Հայ թաթարական բախումների ընթացքում հայերը առավելապես ծանր կորուստներ ունեցան նաև Նախիջևանի գավառում։ Այստեղ թաթար բնակչությունը ուներ թվային գերակշռություն հայերի համեմատ։ Այս հանգամանքը, զենքի սակավությունը, իշխանու­թյունների թույլտվությամբ Թուրքիայից իրենց ցեղակիցներին և հավատակիցներին օգնության եկած մահմեդական ջոկատների մասնակցությունը հնարավորություն չտվեց հայերին ինչպես հարկն է կազմակերպել դիմադրությունը։ Այդ օրերին(1905թ. մայիս) ցարական կառավարությունը Նախիջևանի գավառապետ է նշանակում թաթար Ալիխանովին, որն էլ կազմակերպեց հայերի ջարդը։ Երկու շաբաթ անընդմեջ տեղի մահմեդական ամբոխը թալանում, հրդե­հում և ոչնչացնում էր հայերին պատկանող ունեցվածքը։

Հարկ է նշել, որ երբեմն հայերից խլված ավարի բաժանման ընթացքում ընդհարումներ էին տեղի ունենում նաև ցարական բանակի ստորաբաժանումների և թաթարների միջև, որը հաճախ ավարտվում էր արյունահեղությամբ։

Նախիջևան քաղաքի և գավառի հայությունը տվեց շուրջ 400 զոհ ու վիրավոր։

Անդրկովկասի հայաշատ մյուս վայրերում Նախիջևանի աղետալի դեպքերի կրկնությունից խուսափելու նպատակով Հայ հեղափոխական դաշնակցությունը ժողով գումարեց, որտեղ Նիկոլ Դումանը ռազմական ծրագիր ներկայացրեց, ըստ որի ամեն մի գյուղ և շրջան պետք է ստեղծեր ինքնապաշտպանական ջոկատ, սակայն խմբապետը պետք է լիներ ոչ տեղացի փորձառու ֆիդայիներից մե­կը։ Այսպես, Զանգեզուր և Դարալագյազ ուղարկվեց Կոտոյի Հաճին, Առույծ Ավագը, Սեբաստացի Մուրադը, Քեռին և Դրոն։ Ավելի ուշ Ագուլիսի շրջանի պաշտպանությունը ստանձնեցին Մուրադը, Կայծակ Առաքելը և Ավոն։ Մշեցի Սմբատ Բարոյանը հանձն առավ Ղամարլուի շրջանը, Սեյտո-Պողոսը՝ Արագածի շրջանը, ՈՒսուլ Գրիգորը և Արա մայիսը՝ Աղբաբայի շրջանը, իսկ ծուռ Դալոն՝ Կողբի շրջանը։ Գանձակ ուղարկվեցին Աբրահամ Գյուլխանդարյանը, Սեպուհն ու Բուլանխցի Մարտիրոս Վարժապետը։ Թիֆլիսի և շր­ջակա հայկական բնակավայրերը հանձնարարվեց Կարո Բաստրմաճյանին։ Արցախի պաշտպանությունը ստանձնեցին Խանասորի Վարդանը, Համազասպը։ Իսկ Երևանի ընդարձակ շրջանը հանձն առավ Նիկոլ Դումանը, որպես օգնական ունենալով Սարգիս Օհանջանյանին և Գալուստ Ալոյանին։ Նիկոլ Դումանը խմբապետերին հրահանգեց գործել «ակն ընդ ակա»-ի սկզբունքով։

Ձեռք առնված միջոցների շնորհիվ Նախիջևանի մի քանի շր­ջաններում հաջողվում է կազմակերպել դիմադրություն և զերծ մնալ կողոպուտից ու ավերածություններից (Այլապար, Զնաբերդ, Ղազանչի և այլն)։ Դեռ ավելին, հայկական ինքնապաշտպանական ջոկատները նախահարձակ լինելով, ոչնչացրին թաթարական մի քանի գյուղեր (Ջահրի, Ղարաբուլաղ և այլն)։

Լուրջ ընդհարումներ են տեղի ունենում նաև Գանձակում: Քաղաքում ապրում էր շուրջ 20000 հայեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Աբրահամ Գյուլխանդարյանը և Համազասպը գտնվում էին Թիֆլիսում, Դալի Ալին իր 300 հրոսակներով 1905թ. նոյեմբերի 18-ին խուժեց քաղաք ու սկսեց թալանել ու հրկիզել հայոց թաղամասը։ Սպանվեց 100 մարդ։ Մինչև հրամանատարների վերադարձը ղարաբաղցի համբավավոր կռվող Ալեքսան Բալասյանը ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանական գործի կազմակերպմանը։ Գանձակի հայությանը օգնու­թյան ձեռք մեկնեցին Բաթումի, Բաքվի, Թիֆլիսի հայերի ինքնա­պաշտպանական ուժերը։ Շուտով Գանձակ հասան նաև զինված հեծելախմբեր. Թալիշից Դավիթ Բեկ Մելիք Բեգլարյանի գլխավո­րությամբ, Գետաշենից՝ Առուստամ Յուզբաշու, Երվանդի և Ալեք­սանդր Մելիք Մնացականյանի 50 հոգանոց ջոկատը, Բանանցից հայտնի խմբապետ Ղաչաղ Համբոյի և Բաշխինի զինյալ խմբերը։

Թաթար ջարդարարներին հովանավորում էր նահանգապետ, ազգությամբ վրացի՝ Տակայաշվիլին։ Նոյեմբերի 22-ին Գանձակում սկսում է հայ-թաթարական ճակատամարտը։ Չնայած սկզբում թաթարներին մեծքանակ ուժերով հաջողվում է օղակի մեջ առնել հայկական քաղաքամասը, բայց և այնպես հայ պաշտպանների դիպուկ հարվածների տակ թաթարները անկանոն սկսեցին նահանջել։ Հայերի հաղթանակը կատարյալ էր։ Նախաձեռնությունը անցավ հայերի ձեռքը։ Նրանց հատու հարվածների տակ կործանվեցին ավազակավորջերի վերածված Մոլլա-Ջայլու, Դոգիլար, Սարիսու, Թողան, Հաջի-Մագադլու, Բալուլաղ, Ալի Ուշաղի, Բայրամլու, էնզիշա գյուղերը։ Հետ վերադարձվեցին նախկինում հայկական բնակավայրերից թալանված անասուններն ու գույքը։

Այսրկովկասի տարածքում հայ-թաթարական կռիվները ոչ մի տեղ այնքան արյունալի ու կատաղի չեն եղել, որքան Ղարաբաղում և մանավանդ նրա կենտրոն Շուշիում։ Արխիվային վավերագրերը և ժամանակակից մամուլը վկայում են, որ դեռևս այդ իրադարձություններից շատ առաջ էին թուրքերը սկսել զենք ու զինամթերք գաղտնի տեղափոխել Շուշի, ինչպես և մոտակա մահմեդական գյուղերը։

Շուշի քաղաքում փոխհրաձգությունները սկսվեցին 1905թ. օգոստոսի 16-ին։ Բախումը նախապատրաստվեց մամուլում կեղծ և սադրիչ հակահայկական բովանդակությամբ տեղեկությունների հրապարակմամբ։ Ընդհարման հենց առաջին օրը քաղաքում բռնկվեց հրդեհ, որն ավելի ճգնաժամյին դարձրեց իրավիճակը։ Դեպքերի ականատեսը վկայում է, որ այդ ժամանակ քաղաքի շրջակա մահմեդական գյուղերից քաղաք են ներխուժում թուրք-քրդական մի քանի ավազակային ջոկատներ, որոնց ներսիթուրքերը նետում են առաջ, իսկ իրենք «ետևից, մի ձեռքում բռնած փալաս և նավթի կուլա , «յա Ալի» կանչելով, վառում տները»։ Հրդեհը Արշակ Մելքումյանի խանութից սկսած, Անանյանցի տան ուղղությամբ, թեք կեր­պով կտրած մինչև խանի աղջկա աղբյուրը, Բաբա Հախումյանցի տնից մինչև հին գերեզմանոցի արևելյան ճակատը և Ս.Աղամալյանցի տնից մինչև թուրքերի թաղամասը ամեն ինչ վառում է։ Օգոստոսի 16-ից մինչև 22-ը Շուշիում սպանվել և վիրավորվել են 300 հոգի, այրվել 400 տուն, 500-ից ավելի խանութ, քաղաքի գլխավոր փողոցի բոլոր կառույցները։ Այրվում է Խանդամիրյանի թատրոնը, քաղաքային դումայի շենքը, հայոց երկու շուկաները, զինվորական հիվանդանոցը, քարվանսարան, Մահտեսի Հակոբյանի տպարանը։ Վայրենացած մահմեդականները ներս էին խուժում հայոց Ագուլեցոց եկեղեցին, Ղուրանը դնում սեղանին և երդվում «համաիսլամական պատերազմ սկսել հայերի դեմ»։

Թալանի ծարավը ավելի էր բորբոքում թուրքերի ախորժակը։ Այդ օրերին կողոպտվում և ավերվում են Աղդամում գտնվող Բաղդասարյանների, Ահարոնյանի և Սողոմոնյանի սպիրտի գործարանները։ Թուրքերը վառում են նաև Ղայբալիշենում գտնվող Ներսիսյանի մետաքսի գործարանը։

Շուշիի պաշտպաններին հաջողվեց թուրքերին կանգնեցնել հայկական վերին թաղամասի մատույցներում։ Մի կերպ կարգի գցելով գրեթե անգործածելի հինավուրց թնդանոթը, հայ ինքնապաշտպանները կրակ են բացում գրոհող հակառակորդի վրա։ Սարսափահար թշնամին հաշտություն է խնդրում։

Չնայած այդ հաջողությանը, երկրամասը կտրված էր դրսի աշ­խարհից։ Աղդամից մոտ երկու հազար զորքով թուրքերը փորձում են ներխուժել Արցախ, բայց Վարանդայի և Խաչենի հայերը փակում են Ասկերանի կիրճը և Համազասպի ու Վարդանի գլխավորությամբ ջախջախում թուրքերին։ Վերոհիշյալ ժամանակաընթացքում Շուշիից նահանջող մի զորաջոկատ Ասկերանի և Խոջալլուի արանքում դարանակալ հայդուկների կողմից ջախջախվում է։ 200 ասկյարներից ճողոպրելով՝ փրկվեց միայն վեցը։

Հենց այդ օրերին վեց հազար զինված թուրք հարձակում են գոր­ծում Քյաթուկ, Նախիջևանիկ, Փրջամալ, Վարազաբուն և Ղզղալա գյուղերի վրա։ Արցախ ուղարկված փոխգնդապետ Օզերովսկու պատժիչ ջոկատը, կարգուկանոն հաստատելու փոխարեն, թուրքե­րի թելադրանքով, թնդանոթների համազարկերով անցնում է Ասկերանի կիրճը և ռմբակոծում հայկական գյուղերը։

1906 թվականը նոր արհավիրքներ բերեց արցախահայությանը։ Այս անգամ ազգամիջյան ընդհարումները ավելի սաստիկ էին։ Հուլիսի 13-ին Ղայբալուի ձորից թուրք-քրդական հրոսակները փորձում էին երևանյան դռներից ներխուժել Շուշի, բայց քարինտակցիների և ղայբալիշենցիների հուժկու հարվածի տակ ստիպված են լինում ետ նահանջել։ Դեռ ավելին, Վարդանի հրամանատարությամբ հայ պաշտպաննները հարկադրեցին թշնամուն լքել մի շարք կարևոր դիրքեր։ Իշխանությունները, տեսնելով հայ կտրիճների հաջողու­թյունները, վրացի սպա Մաչավարիանիի գլխավորությամբ զորք ուղարկեցին կասեցնելու նրանց առաջխաղացումը։ Միաժամանակ կառավարական զորքերը կրավորական դիրք էին որդեգրել Թուրքիայից իրենց ցեղակիցներին օգնության եկող մահմեդական ջոկատների անարգել մուտքի հանդեպ։

1906թ. օգոստոսի 19–ին կատաղի մարտեր են ծավալվում Խրամորթի մոտակայքում։ Հայ մարտիկները արիաբար դիմադրում են դեպի Շուշի շտապող Աղդամի թաթարների ջոկատներին։

Այս անգամ Թուրքիայից ստանալով համալրում մահմեդական խառնամբոխը հարձակում է ձեռնարկում Սոս գյուղի ուղղությամբ։ Թուրքերը ներ են խուժում Ամարասի վանքը, թալանում և ավերում այն։ Սոսեցիները, մաճկալաշենցիները, ինչպես և հարևան մյուս գյուղերի բնակիչները համատեղ ուժերով հակահարված են տալիս ելուզակներին՝ սպանելով Թուրքիայից եկած ջոկատի հրամանատարին։ Հետագայում հայերի ճնշման տակ թուրքերն առաջարկում են դադարեցնել ռազմական գործողությունները։

1905-1906 թվականներին Ղարաբաղում տեղի ունեցած ազգա­միջյան ընդհարումների հետևանքով միայն Խաչենի 25, Վարանդայի 15 և Զանգեզուրի 3 գյուղերից զոհվել է 193 մարդ։ Ավերվել են Ջամիլլու, Ուլուբաբ, Խրամորթ և Ղազանչի գյուղերը։ Շուշի քաղաքում հայերից զոհվել է 127 մարդ505։

Անդրկովկասի ցարական իշխանություններն ու թաթար խուժանը անակնկալի եկան հայ մարտիկների վճռականությունից։ Անպաշտպան ժողովրդի դեմ դյուրին հաղթանակների վարժ մահմե­դական խուժանը համոզվեց, որ անհնարին է կոտրել արցախահայության կամքը։

Նիկոլ Դումանը 1905-1906 թվականների Անդրկովկասի ազգամիջյան ընդհարումներից առաջ կանխատեսել էր Մեծ եղեռնը և հորդորել է արևմտահայությանը՝ օգտագործել արևելահայության ինք­նապաշտպանության մարտավարության փորձը։ 1907թվականին ժնևում հրատարակված իր «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության «գրքույկի մեջ գրել է.«Նույն փոթորիկը ըստ իս կրկնվելու է Տաճկահայաստանում, ավելի ահավուր կերպով։ Մեզ կմնա ինքնապաշտպանությունը դնել ամուր հիմքերի վրա»506։

1917թ. հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, օգտվե­լով Ռուսաստանում ստեղծված խառնակ իրավիճակից, Թուրքիան, հենվելով Անդրկովկասի մահմեդականության վրա, փորձում էր հաշվեհարդար տեսնել Ղարաբաղի հայության հետ։ Ռազմաճակատից Ղարաբաղ վերադարձող մի քանի հարյուր հայ զինվորներ գնդակահարվեցին Զաբուխի ձորում։ Քրդերի և թաթարների կողմից բարբարոսաբար ոչնչացվեցին բազմաթիվ արևմտահայ փախստականներ, որոնք փորձում էին բնակություն հաստատել Ղարաբաղում։ Նրանք ձերբակալեցին հայ գործիչներին, ավերեցին Խանաբադ, Փրջամալ, Արանզամին, Աղբուլաղ, Դահրազ, Քյաթուկ և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Շրջափակվեցին դեպի Լեռնային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները։ Անելանելի իրավիճակի մեջ հայտնվեցին նաև Ղարաբաղում գտնվող ռուսական կայազոր­ներն ու բնակիչները։ Թալանվեցին Կարյագինոյի գավառի զորամասերը։ Ադրբեջանցի ականատեսը վկայում է. «Կարյագինոյի նահանգում համատարած ապստամբություն է, հարձակվում են զորամասերի վրա, զինվորներին, սպաներին կողոպտում, սպանում, ողջ-ողջ թաղում, բազմաթիվ զոհեր կան, Կարյագինոյի Ջեբ-Վանքի թույլ կայազորները շրջապատված են, սով է սկսվել սննդի պակասի պատճառով։ Թալանված է Կարյագինոյի զինվորական հանդեր­ձանքի պահեստը, Ջուլֆա-Բաքվի երկաթգծի պահեստը, որի կողո­պուտի ընթացքում պայթեցվել է վառոդի պահեստը, տներն ավեր­վել են։ Փոստ-հեռագրատուն չի աշխատում, լարերը կտրված են, վիճակն աղետալի է։ …Հապաղումն սպառնում է բնակչության խաղաղ հատվածի և զորքի մնացորդի համար սոսկալի հետևանքնե­րով։ Խաների և բեկերի շնորհիվ հոծ զանգվածը հարձակվում էր վագոնակազմի վրա, զինաթափում, սպանում, Ելիզավետպոլի և Ղազախի նահանգներում, երկաթգծի երկու կողմերով մեկ հազար դիակներ են փռված, ոչնչացված են ռուս վերաբնակների գյուղերը։ Հայ զինվորներն ու սպաները, իմանալով երկաթգծի վրա կատար­ված հարձակումների մասին, հարկադրված են եղել ոտքով վերադառնալ տուն՝ անցնելով Նախիջևանի և Զանգեզուրի նահանգների լեռներով ու անտառներով, բայց ավաղ, այստեղ էլ ավելի ստույգ՝ Զաբուխում, նրանք հարյուրավոր զոհեր են տվել»507։

Այդ ամենի հետևանքով ներկայիս Մարտունու շրջանի հարթավայրային հատվածի մի շարք գյուղերի՝ Կոտլյարովկայի, Կուրապատկինոյի, Նովո-Նիկոլայովկայի և Սկոբոլևկայի ռուս բնակիչնե­րը, թողնելով 14000 հեկտար հողատարածությունները և ամբողջ ունեցվածքը, գաղթեցին հյուսիսային Կովկաս508։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր սրությամբ դրսևորվեց 1918-1920 թվականներին։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հռչակում է ադրբեջանական։ Այսպես աշխարհի քարտեզի վրա գծվում է մի նոր պետություն, որն առաջին անգամ սկսեց հավակնել պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին և Զանգազուրին։ Ադրբեջանը վճռել էր Արցախ-Զանգեզուրի հարցը լուծել Արցախահայությանը բնաջնջելով։

Թուրքերը առաջին հերթին Լեռնային Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի 6 գյուղեր։ Թուրքական առաջատար զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։ Բանակի հետևից շարժվում էր »տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով«։ Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը, ձերբակալվեցին և նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազ­մակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։

1918թ. վերջին առաջին աշխարհամարտից հետո, պարտված թուրքերին Անդրկովկասում փոխարինեցին անգլիացիները։ Նրանք էլ, Բաքվի նավթին տիրելու նպատակով ընդառաջելով մուսավաթականների նկրտումներին, Ղարաբաղի հայությունից պահանջե­ցին ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։ Դրան հասնելու նպատակով գեներալ Թոմսոնի երաշխավորությամբ, 1919թ. հունվարի 15-ին մուսավաթական Խոսրով Բեկ Սուլթանովը նշանակվում է նախկին Ելիզավետապոլլի նահանգի հարավ-արևելյան հայկական գավառների գեներալ-նահանգապետի պաշտոնում։ Սուլթանովը պատրաստվում էր «արյան բաղնիք» կազմակերպել արցախական աշխարհում։ 1919թ. հունիսի 4-ին և 5-ին նա սարսափելի սպանդ կազմակերպեց քաղաքամերձ Ղայբալիշեն, Կրկժան, Փահլուր, Ջամիլու, Խանածախ, Դաշուշեն և այլ գյուղերում։ Հայերի կո­րուստները կազմեցին ավելի քան 500 հոգի։

1920թ. գարնան շեմին վիճակն ավելի է ծանրանում Արցախում։ Գանձակից մինչև Մուսուլմանլար-Զանգեզուր տեղի էին ունենում պատերազմական գործողություններ։ Աղդամ-Ասկերան-Շուշի ուղ­ղությամբ և Քիրս-Տումի-Խծաբերդ գծի երկարությամբ առանձնապես կատաղի էին գործում Սուլթանովի կազմակերպած քրդական «համիդիե» ջոկատները։ Հայ մարտիկները ցուցաբերում էին հերո­սության աննախընթաց օրինակներ։

Դիզակի ռազմաճակատում հայ պաշտպանները Հովակ Ստեփանյանի և Սասունցի Մանուկի գլխավորությամբ 450 զինվորներով կարողանում են դիմակայել թշնամու մի քանի անգամ գերակշ­ռող ուժերին։ 1920թ. մարտին ամենաողբերգական իրադարձությունները տեղի ունեցան Շուշի քաղաքում։ Սուլթանովը, լուր ստանալով, որ Քարին տակի կողմից քաղաք է թափանցել հայկական մի ջոկատ և փորձել ասկյարներից զենք խլել, հրամայում է «սրի ու հրի մատնել հայկական քաղաքամասը»։ Մահմեդական մոլեռանդ ամբոխը աս­կյարների և թուրք սպաների գլխավորությամբ ներս է խուժում քաղաքի հայկական թաղամասերը, հրդեհում, կողոպտում տները, խանութները, հասարակական շենքերը, անխնա կոտորում անպաշտպան բնակչությանը։ Թիֆլիսում տպագրվող «Սլովո» թերթը 1920թ. ապրիլի 16-ին գրել է. «Քաղաքի հայկական մասում քարը քարի վրա չի մնացել»509։ Մոտավոր տվյալներով զոհվածների թիվը հասնում էր 10 հազարի։

1918-20 թվականների հայ-ադրբեջանական ընդհարումների ժամանակ ոչնչացվել են 58 գյուղ, անօթևան մնացել 57 հազար բնակիչ, փոշիացվել 7 հազար տնտեսություն, զոհվել 25 հազար մարդ(երկրամասի բնակչության 20,1 տոկոսը), փակվել կամ ոչնչացվել են բոլոր ֆաբրիկաներն ու արհեստանոցները, մշակույթի օջախները, այրվել ու մոխրի վերածվել հայոց Շուշին510։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ 1890-1920 ԹԹ

XIX սկզբներին Ռուսաստանի հետ Արցախի միացումից հետո աշխուժացավ մշակութային կյանքը։ Դրան նպաստեցին նաև կապիտալի նախասկզբնական կուտակմանը հատուկ երևույթները։ Կյանքը նոր խնդիրներ էր դնում մշակութային գործիչների առջև։ Լուսավորության տարածումը դժնդակ ժամանակներին դիմակայած ժողովրդին գրին ու գրականությանը հաղորդակից անելը դառ­նում էր հայ գործիչների առաջնահերթ խնդիրներից մեկը:

Նոր ժամանակը հրամայաբար թելադրում էր, որպեսզի մատաղ սերնդի կրթության գործը համապատասխանեցվի իր պահանջներին, այն է՝ աշխարհականացմանն ու ժողովրդականացմանը, մանկավարժական առաջավոր մեթոդների և կրթական միասնական համակարգի կիրառմանը։

Դարասկզբին Գանձասարի և ս. Հակոբա վանքերի ու Շոշի ե­կեղեցուն կից գործում էին դպրոցներ։ Առաջին երկու դպրոցներում բեղմնավոր գործունեություն էր ծավալել Հովսեփ վարդապետ Տեր Ավագյանը (Արցախեցի), որը հեղինակել է աստվածաբանական, ճարտասանական, քերականագիտական բնույթի աշխատություններ։ Նրա աշակերտներից էր Պողոս վարդապետ Ղարաբաղցին, որի մոտ սովորել են Մեսրոպ Թաղիադյանը և Ստեփանոս Նազարյանը։

Մ. Թաղիադյանը պատմում է, որ «իմաստասեր», «գիտնական», վարդապետ Հովսեփ Արցախեցուն և Պողոս Ղարաբաղցուն Շուշու հարուստները բերել էին տվել իրենց որդիներին ուսուցանելու համար511։ Օրեցօր Շուշին դառնում էր ողջ Այսրկովկասի հայության տնտեսական ու մտավոր կենտրոններից մեկը։

Շուշի այցելած օտար ճամփորդները այն անվանում էին «Հայոց փոքրիկ Փարիզ»512։

1862-63 թթ. մարդահամարի տվյալներով Բաքվում բնակվում էր 14897, Շուշիում՝ 19765 մարդ513։ Բարգավաճող հայկական քաղաքը դեպի իրեն էր ձգում տարբեր ազգերի ներկայացուցիչների։

1823թ Շուշի են գալիս Բազելի «Ավետարանական քարոզչական ընկերության» ներկայացուցիչներ Ավգուստ Դիտրիխն ու Ֆիլիցիան Զարեմբան, որոնք 1827թ հիմնում են հայկական ուսումնարան(Լեմսի շկոլը), որը պատրաստել է մեծ թվով ուսուցիչներ և քարոզիչներ։

1830-ական թվականներին Արցախի թեմում գործում էին 25 հայկական դպրոցներ, ուր սովորում էր 252 աշակերտ։ Միայն Շու­շի քաղաքում 1835թ. կար 3 հայկական դպրոց՝ 100 աշակերտով514։

1837թ. ցարական կառավարության հրամանագրով արգելվեց Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը։ Նույն թվա­կանին էլ կայսերական հրամանով Շուշի փոխադրված Ղարաբաղի թեմի կոնսիստորիայի նախագահ նշանակվեց ժամանակի նշանավոր քաղաքական-մշակութային գործիչ Հասան-Ջալալյան տոհմի շառավիղներից Բաղդասար Միտրոպոլիտը (1775-1854թթ.), որը մե­ծագույն նպաստ բերեց Արցախի կրթական-մշակութային կյանքի աշխուժացմանը։ Նրա ջանքերով էլ 1838թ. հիմնվեց Շուշիի թեմական դպրոցը։ Այն գործել է մինչև 1920թ. ողբերգական դեպքերը, երբ հրի մատնվեց քաղաքի հայկական թաղամասը։ Թեմական դպրոցի 75-ամյա հոբելյանին նվիրված մեծանուն շուշեցին՝ Լեոն գրել է »Պատմություն Ղարաբաղի Հայոց Թեմական հոգևոր դպրոցի«(1838–1913թթ.) հայտնի աշխատությունը։ Այն հրատարակվել է Թիֆլիսում 1914թ. նույն դպրոցի հովանավորությամբ։ Թեմականը ծաղկում ապրեց Պ. Շանշյանի, Խ. Ստեփանեի, Վ. Պապաջանյանի, Ղ․ Աղայանի տեսչության տարիներին։

Տարբեր տարիների այստեղ դասավանդել են հայ մշակույթի նշանավոր դեմքեր Պ. Պռոշյանը, Մակար Բարխուդարյանը, Ս. Մանդինյանը, Մ. Աբեղյանը, Լ. Մանվելյանը, Ե. Լալայանը, Ա. Կանայանը, Ստ. Դեմուրյանը, Վրթ. Փափազյանը, Հ. Աճաոյանը, Ա. Չիլինգարյանը, Նիկոլ Աղբալյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Լ. Թախտաջյանը(ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի հայրը), Ա. Տեր-Պողոսյանը, Հ. Մուսայելյանը, Խ. Սամվելյանը և ուրիշներ։ Նրանց շնորհիվ դպրոցներում փոխվել են ուսուցման, դաստիարակության հին ձևերը, կազմվել նոր ուսումնական պլաններ, ծրագ­րեր, դասագրքեր։

Թեմականի բազմաթիվ շրջանավարտներ իրենց կրթությունը շարունակելով արտասահմանյան բարձրագույն հաստատություններում դարձել են նշանավոր գիտնականներ, մշակութային, հասարակական, պետական գործիչներ՝ Սիմոն Հախումյանը, Կոստանդին Մելիք-Շահնազարյանցը (Տմբլաչի Խաչան), Լեոն, Մուրացանը, Արսեն Տերտերյանը, քիմիկոս Հակոբ Հովհաննիսյանը, Գաբրիել Ղուլիքեվխյանը և ուրիշներ։

Սկսած XIX դարի 50-60-ական թվականներից դպրոցներ են բացվում Արցախի մի շարք գյուղերում։ 1861թ. դպրոցներ են հիմնվում Երեք Մանկունք վանքում, Գտչավանքում, Նուխի գավառի Վարդաշեն գյուղում(Սուրբ Սահակյան հոգևոր դպրոց)։

Հայ հայրենասեր գործիչները մեծ ջանքեր են թափում նաև Ար­ցախում աղջիկների կրթության և դաստիարակության գործը կազ­մակերպելու համար։

Շուշեցի մեծահարուստ Համբարձում Հախումյանի կնոջ՝ Մարիամ Հախումյանի կազմած ծրագրով և գործադրած եռանդի շնոր­հիվ 1864թ. ապրիլի 7-ին Շուշիի նրա բնակարանում բացվում է Օրիորդաց դպրոց, որի նպատակն էր պատրաստել «լուսավորյալ վարժապետուհիք և լուսավորյալ մայրեր»515։ Այս դպրոցը պահպանվել է մինչև 1920 թվականը։ Դպրոցական այս ուշագրավ նախաձեռնությունը լայն արձագանք գտավ Հայոց Արևելից կողմերում։ 1880թ. Դիզակի Ներքին Թաղլար գյուղում բացվում է Ս.Մեսրոպյան օրիորդաց դպրոց, որտեղ սովորում էր 40 աշակերտ։ Երկ­սեռ դպրոցներ են բացվում Շուշի և Նուխի քաղաքներում։

1875թ. տվյալներով Արցախի թեմում գործող 52 հայկական դպ­րոցներից 18-ը իգական էր516։ XIX դարի վերջերին Շուշիում բացվում է ռուսական իգական Մարինսկու դպրոցը, որի աշակերտների մեծ մասը հայուհիներ էին։ Այսպես, 1898թ. 257 աշակերտուհիներից 240 հայուհիներ էին, 14 հոգի՝ ռուս, 2-ը՝ թաթար և մեկ հոգի այլք517։

Շուշեցի մեծահարուստ Պողոս, Արշակ, Հակոբ և Աբրահամ Ղուկասյան եղբայրները իրենց հանգուցյալ քրոջ հիշատակը հավեր­ժացնելու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոսի տրամադրության տակ են դնում երկու հարյուր հազար ռուբլի և Շուշիում գտնված իրենց սեփական տունը՝ «Մարիամ Ղուկասյան» անունով օրիորդաց դպրոց հիմնելու համար։ Դպրոցը բացվել է 1914-1915 ուս. տարում և ունեցել է լրիվ միջնակարգ դասընթաց։

Արցախահայության կյանքում կարևոր երևույթ էր 1881թ. Շու­շու ռեալական ուսումնարանի բացումը։ Դպրոցը պետական էր, որ­տեղ ուսուցումը տարվում էր ռուսերեն լեզվով։

Հայերը կազմում էին ռեալականի 80 տոկոսից ավելին, թաթարները՝ մոտ 15 տոկոս, և ավելի չնչին է ռուս ու վրացի աշակերտների թիվը518։

Շուշիում կրթական կյանքի նման պոռթկումը ենթադրում է ունե­նալ նաև հարուստ տպագրական և հրատարակչական բազա։

Հայ տպագրության գործը 1512թ. սկզբնավորվելով Վենետիկում, երկար ժամանակ զարգանում էր օտար ափերում։ 1771թ. Էջմիածնում հիմնվում է տպարան։ 1828թ. հայրենի հողում՝ Շուշիում Բազելի քարոզչական ընկերության կողմից ստեղծվում է երկրորդ տպարանը, որտեղ տպագրվում է մեսրոպատառ առաջին գիրքը «Պատմութիւն Սուրբ Գրոց» խորագրով։ Չբավարարվելով Շուշիում կատարած հրատարակություններով, Բազելի քարոզչական ընկե­ րությունը գրքերի մի մասը տպագրել է տալիս Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանի տպարանում519։ 8 տարվա ընթացքում նրանք հրատարակեցին կրոնական, բարոյախոսական, գիտական և ու­սուցողական բնույթի գրքեր։

Բազելցի քարոզիչները Շուշիից հեռանալուց հետո տպարանը գնում է Բաղդասար միտրոպոլիտը և ա յն վերանվանում «Հայոց հոգևոր տեսչության տպարան»։ 1837թ այստեղ հրատարակվեց Բայրոնի «Շիլոնյան կալանավորը» Մ. Զոհրաբյանի թարգմանությամբ, Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից» երկասիրությունը, ինչպես նաև կրոնական, գեղարվեստական և այլ բնույթի գործեր։

Բաղդասար միտրոպոլիտի մահվանից հետո (1854թ.) Վեհապետյանը հայ մեծահարուստների նվիրատվությունների հաշվին պահում է տպարանը այն անվանելով «Տպարան Սրբոյ էջմիածնի»։

1881թ. Շուշիում բացվեց Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի (Հակոբյան) տպարանը, որը գործեց շուրջ 25 տարի։ Այստեղ առաջին անգամ առանձին գրքով լույս տեսան Րաֆֆու «Խենթը», Մ.Աբեղյանի «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, «Դավիթ և Մհեր» ուսումնասիրությունը, Լեոյի «Վեպ թե պատմություն», «Վահան Մամիկոնյան», «Իմ հիշատակարանը»։ Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն»(1893), Ա. Դոդևի, Ջ.Վ.Դրեպերի և այլոց գործերը։

1905թ. հետո Շուշիում սկսեցին գործել Բագրատ Տեր-Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեու­թյունն ընդհատվեց 1920թ. մարտի 23-ին՝ Շուշիի հայկական թաղամասի ավերման ժամանակ։ 1827-1920թթ. ընթացքում Շուշիի հինգ տպարաններում հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք520։

1874թ. մինչև 1920թ. Շուշիում լույս է տեսել 21 անուն թերթ և հանդես, որից 19-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն։ Անդրանիկ պարբերականը «Հայկական աշխարհն» էր (1874), հրատարակիչ Խորեն Ստեփանյան, այնուհետև «Գործ» հանդեսը (1882-84), խմբագիր հրատարակիչ Սիմեոն Հախումյան, «Ազգագրական հանդեսը (1896, առաջին գիրք, խմբագիր հրատարակիչ Ե. Լալայան), «Ղարաբաղ» եռօրյա թերթը (1911-12, խմբագիր հրատարակիչներ Ն. Յարամիշյան, Սիմ. Տեր-Մինասյան), «Շուշինսկի լիստոկը» (1911, ռուս.) շաբաթաթերթը, «Շուշինսկայա ժիզն»-ը (1913-14 ռուս.), «Միություն» (1913), «Միրաժ» (1913-17), «Ծիծաղ» (1916) աշակեր­տական ամսագրերը, «Պայքար» քաղաքական թերթը (1914-17), «Փայլակ» շաբաթաթերթը (1915-17, հրատարակիչ Լ.Վարդապետյան, խմբագիր Խաչիկ Սամվելյան), «Ծիածան» ամսագիրը (1915-19, խմբագիր-հրատարակիչ Մ. Պետրոսյան), «Ապառաժ» (1917-1919) երկշաբաթաթերթը, խմբագիր Հ. Մուսայելյան), «Աշխա­տանք» լրագիրը (1917), «Ասպարեզ» թերթը (1917, խմբագիր Հ. Մուսայելյան), «Սրինգ» (1917), «Աշակերտ» (1912) աշակերտական թերթերը, «Նեցուկ» շաբաթաթերթը (1917, խմբագիր Ա. Հովհաննի­սյան), «Եռանդ» (1917) թերթը, «Արցախ» շաբաթաթերթը (1919), «Ղարաբաղի սուրհանդակ» լրագիրը (1919, խմբագիր Ա. Քամալյան), «Նոր կյանք» շաբաթաթերթը (1919)։

Շուշիում հրատարակված պարբերականները հանդիսանում էին տարբեր հոսանքների գաղափարախոսներ, ունեին շեշտված դիրքորոշում հասարակական քաղաքական հրատապ հարցերի նկատմամբ, ինչպիսիք էին ագրարային հարցը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, ազգային մշակույթի ստեղծման, աշխարհաբար գրական լեզվի մշակման հարցերը և այլն։ Քննարկվող ժամանակահատվածում Արցախում բուռն զարգացում է ապրում հայագիտական միտքը։ Հանդես եկան նաև գեղարվեստական խոսքի մեծ վարպետներ։ Հրապարակ են գալիս բառարանագիտական և հայոց լեզվի քերականությանը նվիրված աշխատություններ։ 1829թ. Շուշիում լույս տեսավ Պողոս Ներսիսյանց Ղարաբաղցու «Համառոտ հայկական քերականութիւն», 1830թ. Հովսեփ վարդապետ Արցախեցու «Համառոտ բառագիրք ի գրաբարէ յաշխարհաբարն (ի պիտոյ համբակաց)» ուսումնասիրություննե­րը և 1840թ. «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն» քերականության դասագիրքը։

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում XIX դ. առաջին կեսում ապրած դիզակցի Առաքել վարդապետի երկհատորյա մատենագրությունը, որը հայտնաբերել Րաֆֆին521 Գտչավանքից և պահ է տվել Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերության գրադարանում։ Առաքել վարդապետի ձեռագիրը արժեքավոր աղբյուր է հանդի­սանում Արցախի մելիքությունների և նրանց հետ առնչվող հարցե­րի, առավելապես Արցախ-Ռուսաստան քաղաքական առնչությունների պատմության համար522։ Առաքել վարդապետի երկու հատորների մեջ հետաքրքիր նյութեր են պարունակում նաև Լանկ-Թեմուրի արշավանքների մասին։ XIX դարի երկրորդ կեսին Շուշիում լայն գործունեություն է ծավալում Միրզա Ֆարուխը (Հարություն Ներսեսի Ղարաբաղցի)։ Ծնվել է 1798թ. Թաղուտ գյուղում։ 1805թ. ռուս-պարսկական պատե­րազմի ժամանակ գերի է ընկնում։ Տիրապետելով արևելյան և եվրո­պական մի շարք լեզուների՝ նրան պետական ծառայության են ընդունում, դառնում է Թեհրանի սարդարի քարտուղարը։ Պարսկական արքունիքում ստանում է Ֆարուխ անունը։ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նրան հաջողվում է փախչել գերությունից և հիմնավորվել հայրենի քաղաքում՝ Շու­շիում։ Նա, համագործակցելով Բազելի ավետարանական քարոզ­չական ընկերության ներկայացուցիչների հետ, հիմք է դնում գիտական֊ ուսումնական աշխատությունների հրատարակմանը։ Գրել է Ղարաբաղի պատմությունը «Թարիխ-Սաֆի» վերնագրով, որտեղ շարադրված է սկզբից մինչև 1820-ական թվականների իրադարձությունները։

Առանձնապես բեղուն կյանքով ապրեց Արցախը և հատկապես նրա կենտրոն Շուշին 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին։ Այստեղ ծնվել և ստեղծագործել են հայագիտության և հայ գրականության շատ երախտավորներ։

Հայ խոշորագույն պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ, Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932թթ.) ծնվել է Շուշի քաղաքում, ուսանել տեղի թեմական դպրոցում։ Նրա 60-ի հասնող կապիտալ աշխատությունների, հարյուրավոր բազմաբնույթ հոդվածների մեջ ամփոփված են հայոց պատմության և գրականու­թյան բազմապիսի հարցեր։ Լեոյի ուսումնասիրությունները գրված են հայրենասիրական շնչով և լեզվական հրապուրիչ բարձր ոճով։

Լեոյի աշխատությունների մի զգալի մասը՝ «Վեպ թե պատմու­թյուն» (1887), «Կույր աղջիկը», «Վահան Մամիկոնյանը» (1888), «Իմ հիշատակարանը», «Սպանված հայրը» (1891), «Թաթախման գիշերը» (1892) և այլն առաջին անգամ տպագրվեցին Շուշիում։

Պատմագիտական աշխատություններից հատկապես արժեքավոր են Լեոյի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը(հրատ՝ 1917-47թթ.), «Հայկական տպագրություն» (հ. 1-2, 1901-02), «Ստեփանոս Նազարյանց» (հ.1-2,1902), «Գրիգոր Արծրունի» (հ․1-3,1902-1905), «Ս․ Մեսրոպ» (1904), «Հայոց հարցը» (1906), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (1946), Երևանի և Ղարաբաղի թեմական դպրոցների պատմությանը նվիրված մենագրությունները (1914)։

Հայագիտության բնագավառում կարևոր ներդրում ունի Վահան (Խաչիկ) Տեր-Գրիգորյանը-Դաղայանը (ծննդով Վարանդայի Զարդարաշեն (Վերին Թաղավարդ) գյուղից, 1863թ․), որը Արցախում հրատարակչական և գիտամանկավարժական լայն գործունեություն է ծավալել։ 1888 թ․ ձեռնադրվելով կուսակրոն քահանա՝ պաշտոնավարել է Արցախի Ս․Գրիգորիսի, Ս․ Հակոբի և Խութա վանքերում։ Այդ շրջանում հնագիտական պեղումներ է կատարել Առաջաձոր, Քոլատակ գյուղերի շրջակայքում և Սաղսաղան բերդում, միաժամանակ հավաքել է հայոց պատմությանը առնչվող բազմաթիվ վավերագրեր և հանձնել Ս․ Էջմիածին։ Նմանատիպ աշխատանքներ է կատարել Մակվում, Խոյում, Սալմաստում, Ուրմիայում, Բարանդուզում, Մարանդում։ Նրա անվան հետ է կապված Զվարթնոցի, Դվինի, Արմավիրի պեղումները։ Նա հավաքել է ժողովրդական, ազգագրական երգեր, գրի առել մեծ եղեռնի ականատեսների պատմածները։

1917-1923 թվականներին Արցախի պատմության հարցերին է անդրադարձել Միրզա Տեր-Սարգսյանի(Միտսարը)։ Նա ականատեսի և դեպքերի մասնակցի հավաստիությամբ ներկայացրել է մեր պատմության կարևոր, երբեմն վիճահարույց շրջանի մանրամասները։ Նրա գրչին է պատկանում «Կաթիլներ» խորագրով արձակ գործերի ստվարածավալ ժողովածուն, որ հրատարակվել է 1914թ․ Շուշիում։

Նոր շրջանի հայոց պատմության հարցերին է նվիրված Դավիթ Անանունի (1879-1943) «Ռուսահայերի հասարակական զարգացումը 19-րդ դարում» եռահատոր աշխատոււթյունը (հրատ․1916-1926)։ Այստեղ նա անդրադարձել է արևելահայերի հողային հարաբերությունների, գյուղական համայնքի, առևտրի և արդյունաբերության զարգացման, քաղաքական կուսակցությունների, հասարակական հարաբերությունների և մշակույթի պատմության հետ կապված ամենաբազմազան խնդիրներին։ Հայրենասիրական շնչով է գրված նրա «Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը(1913)։

Անգնահատելի է ականավոր ազգագրագետ, բանագետ ու հնագետ Երվանդ Լալայանի (1864-1931) դերը հայ ազգագրության և հնագիտության զարգացման բնագավառում։ Ժնևի և Լոզանի համալսարաններում հիմնավոր կրթություն ստանալուց հետո նա 1896թ. Շուշիում հիմնեց «Ազգագրական հանդեսը», իսկ 1900թ. Թիֆլիսում ստեղծեց Ազգագրական հրատարակչական ընկերությունը։ Իր շուրջը համախմբելով ժամանակի լուսավոր մարդկանց՝ Ե. Լալայանը նոր աստիճանի հասցրեց ազգագրական-մարդաբանական-հնագիտական աշխատանքների դրվածքը ոչ միայն Հայաս­տանում, այլև ամբողջ Կովկասում։ Ընկերության և նրա անխոնջ ղեկավարի ջանքերի շնորհիվ ժողոված բազմապիսի նյութերը հիմք հանդիսացան Վրաստանի և Հայաստանի պատմության թանգարանների հիմնադրման համար։

Շուշիում ծնվել և մինչև 1878թ. ապրել է հայ արձակի խոշորագույն դասականներից մեկը՝ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննի­սյանը, 1851-1908)։ Նա լայն ընդգրկումների խոշոր գեղագետ է։ Մուրացանի կարծիքով ազգության, ինչպես և հայրենիքի պահպանման հիմքը գյուղացիությունն է։ Ուստի, նրա ստեղծագործու­թյունների հիմնական թեման գյուղն ու գյուղացիությունն է։ Նա օժտված է պատմականության խոր զգացողությամբ։ Մուրացանը գրական ճանաչման արժանացավ իր «Ռուզան կամ հայրենասեր օրիորդ» (1881թ.) պատմական դրամայով, որի ներկայացմամբ էլ հենց 1891թ. բացվեց Շուշիի Խանդամիրյանների թատրոնի խաղացանկը։ Նրա ստեղծագործությունների գլուխ գործոցը դարձավ «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը։

Հայ երգիծաբանության մեջ իր ուրույն տեղն ունի Տմբլաչի Խաչանը (Կոստանտին Մելիք-Շահնազարյանը)։ Նրա առաջին ստեղ­ծագործությունը՝ «Ղըլցէ կնանոց պընըրփեշակը», գրված հայրենի բարբառով, աչքի է ընկնում գունեղ պատկերներով, ժողովրդական իմաստություններով, աֆորիզմներով, թևավոր խոսքերով։ Տմբլաչի Խաչանին փառք բերեց «Զուռնա-տմբլա» ժողովածուն, որը լույս տեսավ 1908թ.՝ Վաղարշապատում։

Մելիք Շահնազարյանը գրել է նաև մանկական ստեղծագործություններ պիեսներ, կատարել թարգմանություններ, հավաքել ժո­ղովրդական շատ խաղիկներ ու հեքիաթներ։

Արցախում հայ գրականության զարգացմանը նպաստում է թարգմանական գործի կազմակերպումն ու հրատարակումը։ Շուշիում առաջին անգամ հայերեն հրատարակվեց Գոգոլի «Տարաս Բուլբան», Ֆիրդուսու «Շահնամեից» «Ռոստոմ եւ Զոհրաբը», «Զոհրակ Բիւրասպի Աժդահակը» և այլն։ «Քնար խոսնակ» հանդեսի էջերում թարգմանաբար տպագրվել են Հայնեի, Գյոթեի, Շիլլերի, Բայրոնի, Պուշկինի, Լերմոնտովի, Դոբրոլյուբովի ստեղծագործու­թյունները523։

Շուշիի մշակութային եռուզեռի պայմաններում աշխույժ ու բեղմնավոր է եղել Շուշիի թատերական կյանքը։

1860-ական թվականներին Շուշիում գործում էին սիրողական թատերական խմբեր։ Դպրոցների բարձր դասարանների աշակերտների և ուսանողների ուժերով կազմակերպվում էին գրական-գեղարվեստական երեկույթներ, ցերեկույթներ, թատերական ներկայացումներ։

Պրոֆեսիոնալ թատրոն ստեղծելու ճանապարհին առաջին քայլը կատարվեց 1865թ., երբ Շուշի են գալիս Թիֆլիսահայ դերասաններ Գ. Չմշկյանը, Մ. Ամերիկյանը և Ս. Մանդինյանը և տեղական ինքնագործ ուժերի հետ միասին բեմադրում «Սամվել», «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ» և այլ ներկայացումներ։ Այս ամենը վարակիչ եղան Շուշիի թատերասեր հասարակության համար։ 1868թ-ից սկսած՝ Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։

1882 թ. ամռանը «Պեպո», «Խաթաբալա», «Ո՞վ է մեղավոր» ներկայացումներում հանդես եկավ հայ բեմի մեծ վարպետ Պետրոս Ադամյանը։ Ամենից առաջ ժողովուրդը նրան սիրեց Համլետի դերակատարման համար։

1880-ական թվականներին Շուշիում են լինում նաև Սաֆրազյան ամուսիները՝ տեղի սիրողների հետ խաղալով «Սամվել», «Շու­շանիկ», «Երվանդ կամ Սանդուխտ կույս» և այլ պիեսներ524։ Շուշիի թատերական կյանքը նոր հունով է տարվում, երբ 1891 թ. հիմնադրվում է «Խանդամիրյան» թատրոնը։ 350 տեղանոց պրոֆեսիոնալ թատրոնը իր գործունեությունը սկսեց «Ռուզան» պատմական դրամայի բեմադրությամբ։

Մինչ այդ հայ պրոֆեսիոնալ երկու թատրոն հիմնադրվել էր 1851թ.՝ Թիֆլիսում (Թամամշյանի) և 1861 թ.՝ Կոստանդնոպոլսում (Արևելյան թատրոն), որոնք գործում էին հայոց սահմաններից դուրս։

Խանդամիրյանի թատրոնը գործեց մինչև 1905 թ. ազգամիջյան կռիվները, որի արդյունքում այն հիմնավեր դարձավ։

Թատրոնի հիմնադիրը Մկրտիչ (Նիկիտա) Աբրահամի Խանդամիրյանն էր, որը թատերական կայուն գիտելիքներ էր ստացել Փարիզում։ Կարճ ժամանակում «Խանդամիրյան» թատրոնը անուն է հանում ամբողջ Կովկասում։ Ժամանակի մամուլը գրում է. «Ոչ միայն գավառում, այլ նույնիսկ Թիֆլիսում էլ անկարելի է մի ամսվա ընթացքում 10-12 ներակայացում տալ հայերի համար միայն, որպեսզի ամեն անգամ թատրոնը այսքան լիքը լինի և կամ թե համարյա թե լիքը»525։

1891 թ. մինչեւ 1896 թ. բեմադրվել է 119 ներկայացում526։ Հայ և ռուս դրամատուրգներից բեմադրվել են առավելապես Հ. Պարոնյանի, Շիրվանզադեի, Պուշկինի, Գոգոլի, Լերմոնտովի, Օստրովսկու, Նայդյոնովի, Չեխովի, Նեմիրովիչ Դանչենկոյի, արևմտաեվրոպական գրողներից՝ Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի, Հյուգոյի, Ջիակոմետտիի, Զուդերմանի և այլոց ստեղծագործությունները։ Չնայած Խանդամիրյանի թատրոնը 1905թ. հրո ճարակ դարձավ, բայց և այնպես չէին դադարում բեմադրությունները Շուշիի թեմական դպրոցում, Մելիք Հայկազյանի տան դահլիճում, քաղաքային ակումբում։

Արցախում հյուրախաղերով հանդես են եկել հայ թատրոնի խոշորագույն դեմքեր Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը, Հ. Զարիֆյանը, Վ. Փափազյանը, Ա. Մսկանյանը, Օ. Գուլազյանը։ Շուշիում են ծնվել հայ բեմի ականավոր գործիչներ Գրիգոր Ավետյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Վաղարշ Վաղարշյանը։

1910թ. Շուշիի դերասանական ամենասիրված խմբերից մեկը Ամո Խարազյանի ղեկավարած խումբն էր։ Թատերական կյանքը որոշ չափով աշխուժացել էր նաև Արցախի գյուղերում։ Ճարտար, Բալլուջա, Խանածախ, Դահրավ, Փրջամալ գյուղերում տեղացի սի­րողների ուժերով բեմադրվում են ներկայացումներ։ Ժամանակի մամուլը գովեստով է խոսում նմանօրինակ ներկայացումների մասին527։

XX դարի սկզբին թատերական կյանքը ծնունդ է առնում նաև Վարարակն գյուղաքաղաքում(Ստեփանակերտ)։ Տեղի միակ ակումբում բեմադրվում էին հայկական և ռուսական պիեսներ528։

Շուշիի բնակչությունը ծանոթ էր նաև կրկեսային արվեստին։ 1848թ. քաղաքում տրվեց կրկեսային ներկայացում529։ Նմանօրի­նակ հանդեսներ կազմակերպվել են նաև «Խանդամիրյան» թատրոնում։

Շուշիում ստեղծվել էին հայ ժողովրդական գուսանական և հոգևոր երաժշտության բարձրարվեստ գործեր։ Ղարաբաղը հայկական ավանդական հորովելի նշանավոր կենտրոններից է։ «Մաճկալ ես…» երգի մեղեդին հորինվել է Շուշիում՝ ինքնուս կոմպոզիտոր Եգոր Հասրաթյանի կողմից, իսկ «Մի լար բլբուլ» երգի մեղեդին ստեղծել է շուշեցի կոմպոզիտոր Եղիշե Բաղդասարյանը530։ XVIII դարի վերջերից մինչև նորագույն ժամանակները հայ գուսանական արվեստին մի ամբողջ բույլ է տվել Մեծ Թաղլարեցի Չիթչյաննների տոհմը։ 1895 թ. այստեղ երգչախումբ են կազմակերպել և համերգներ տվել Գ. Միրզոյանը, Ս. Դեմուրյանը, որը 1916-17թթ. բեմադրել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Երկար տարիներ նրա ստեղծած երգչախումբը մասնակցել է քաղաքի եկեղեցիների պատարագնե­րին։ Մինչև 1920թ. Շուշիում փողային նվագախումբը ղեկավարել է Հ. Իոաննիսյանը։ Շուշվա երաժշտական հարուստ ավանդույթների շարունակողներն էին թառահարներ Միրզա Սադղջյանը (1846-1902), Գրիգոր Մելիքովը (1895-1929), Բալա Մեյիքյանը(1888-1935), Սողոմոն Սեյրանյանը(1907-1974), քամանչահարներ՝ Ավանեսը, նրա աշակերտներ՝ Սաշա Օգանեզաշվիլին(1889-1932), Լևոն Կարախանը (1889-1937)։ Տարբեր ժամանակներում Շուշիում համերգ­ներով հանդես են եկել հայ ճանաչված երգիչներ ու երգահաններ Կոմիտասը, Քրիստափոր Կարա Մուրզան, Արշակ Կոստանդյանը, Բեգլար Ամիրջանյանը, մեծ թատրոնի մեներգիչ Ներսես Շահլամյանը, Գրիգոր Սյունին(Միրզոյան), Դանիել Ղազարյանը, Նիկոլայ Թեյմուրազյանը, Եղիշե Բաղդասարյանը և ուրիշներ531։

Քրիստափոր Կարա Մուրզան, շրջագայելով Ղարաբաղում հավաքագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր։

Իրավամբ Շուշին ժամանակակիցները անվանել են «Անդրկովկասի կոնսերվատորիա»։

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբներին աննախընթաց զարգացում է ապրում հայ կերպարվեստի արցախյան դպ­րոցը։

Ստեփան Աղաջանյանը (1863-1940) ծնվել է Շուշիում, սովորել տեղի թեմական դպրոցում և ռեալական ուսումնարանում։ 1886 թվականից ուսումը շարունակել է Ֆրանսիայում և 1900 թվականին վերադարձել հայրենի քաղաք։ «Հոր դիմանկարը», «Մոր դիմանկարը», «Քրոջ դիմանկարը», «Մտորումները», «Մարիետա Շահինյանը» և այլ գործերով նա նոր որակի հասցրեց հայկական դիմանկարային արվեստը։ Ստեփան Աղաջանյանը կապող օղակ է եղել 19 և 20-րդ դարերի հայ գեղանկարիչների միջև։

Գեղանկարչության աչքի ընկնող դեմքերից էր Մարգարիտ Ալեքսանյանը (1858-1902)։ 1881 թ. Շուշիում նա հրատարակել է «Հայկական գեղանկարչություն» ալբոմը, որի մեջ արտացոլված հայկական բնաշխարհը և Ղարաբաղին առնչվող տարբեր թեմաներ։ Մ. Ալեք­սանյանի ձեռագիր աշխատանքներից մեկը՝ Ավետարանը, այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր եկեղեցու թանգարանում։

Հայ նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը (1881-1948) ծնվել է Շուշիում։ Սովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալական ուսումնարաններում, 1907-10 թթ.՝ Փարիզի Ժյուլիան ակադեմիայում, ապա հաճախ էլ է Օ. Ռոդենի արվեստանոցը։ Նա ստեղծել է 300-ից ավելի աշխատանքներ՝ դիմաքանդակներ, այլաբանական, կրոնական, պատմական, դիցաբանական կերպարներ, անիմալիստական գործեր։ Առանձնապես հայտնի են Մ. Գորկու, Լ. Տոլստոյի, Ա. Շիրվանզադեի, Ֆ. Շալյապինի, Մ. Շիրվանզադեի, Վ . Դոբրովեյնի, Վ. Տերյանի, Գենրիետա Պասկալի դիմաքանդակները։ Ի դեպ, Գենրիետա Պասկալի դիմաքանդակը այսօր պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Արվեստագետի ստեղծագործության մեջ ինքնատիպ միահյուսվել են արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների լավագույն ավանդույթները։ Գյուրջյանի շնորհիվ հայ արձանագործությունը դուրս բերվեց համաշխարհային ասպարեզ։

Շուշիի արվեստասեր և ընթերցասեր հասարակությունը իրենց օրվա մի մասը անց են կացնում գրադարաններում, ընթերցարաններում, ակումբներում և կրթա-մշակութային այլ հաստատություններում։

Արցախում լայն գործունեություն է ծավալել հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքը։ Ընկերության ջանքերով 1859թ. Շուշիում հիմնվում է այսպես կոչված «հասարակաց» գրադարան։ Լեոն գրում է, որ ընկերությունը գրադարան ընթեր­ցարանը դարձրել էր «թանգարան վերածնության»532, բնակչու­թյան շրջանում տարածելով ռուսական և եվրոպական գրականու­թյուն։ Նույն ընկերության նախաձեռնությամբ Շուշիի քաղաքային ժողովարանի շենքում 1889թ. կազմակերպվեց գրադարան-ընթերցարան, որտեղ կար 4000 կտոր հայերեն և ռուսերեն գրքեր։ 1889թ. մարտի 10-ից մինչև 1896թ. հունվարի 1-ը գրադարանից օգտվողների 85 տոկոսը կազմում էին հայեր, 8 տոկոսը՝ ռուսներ, 4 տոկոսը՝ թուրքեր, 3 տոկոսը՝ այլազգիներ533։

Նոր շրջանում Արցախում շարունակվեցին հայ միջնադարյան ճարտարապետության ավանդույթները։ Միաժամանակ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին քաղաքային նոր միջավայ­րում շինությունները կրում էին դասական ճարտարապետական ոճի դրոշմը՝ հիմքում շարունակելով պահպանել ազգայինը։

1813 թվականից հետո Շուշին արագորեն կառուցապատվում է կանոնավոր քաղաքաշինության սկզբունքով։

Մեսրոպ Թաղիադյանը, նկարագրելով 1820-ական թվականներին Շուշիում ծավալված շինարարությունը, նշում է, թե ինչպես նախկին փայտաշեն եկեղեցիների փոխարեն հայ մեծահարուստ ընտանիքների մեկենասությամբ կառուցվում են քարաշեն հոյակապ տաճարներ, երկհարկանի բնակելի տներ, հյուրանոցներ, խանութներ և կուլտուր-լուսավորական բազմաթիվ շենքեր534։ Ելնելով քաղաքաշինության առանձնահատկություններից՝ քննարկվող ժամանակաշրջանում կազմվել և իրականացվել է Շուշիի կառուցապատման չորս գլխավոր հատակագիծ535։

Շուշու հայաբնակ թաղամասերից յուրաքանչյուրն ունեցել է իր կենտրոնն ու եկեղեցին։ Դրանք են՝ Կուսանաց վանք(Անապատի) միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս. Աստվածածինը (կառուցված 1816, չի պահպանվել), նոր կամ վերին թաղի խաչաձև գմբեթավոր Ս. Հովհաննես Մկրտիչը՝ «Կանաչ ժամ» կամ ղարաբաղցոց եկեղեցի (1818), Ագուլեցոց Ս. Աստվածածին (1822), Մեղրեցոց Ս. Աստվածածին(1838) եռանավ բազիլիկները (չեն պահ­պանվել), Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868-87)։ Վերջինս իր չափերով միայն զիջում է Երևանում կառուցվող ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն։

Հետաքրքիր կոթողներ են համարվում նաև Ամարասի նոր եկե­ղեցին, Թալիշի ս.Աստվածածինը, Գետաշենի եռանավ բազիլիկը, Առաքյուլի Մարիամ Աստվածածինը, Սարովի ս.Աստվածածինը, Գանձակի եկեղեցին և այլն։

Նկատենք, որ 1914թ. տվյալներով Հայոց եկեղեցու Ղարաբաղի թեմն ունեցել է 222 գործող եկեղեցի, 188 սպասավոր, 206 768 հավատացյալ, 224 հայկական գյուղ536։

Շուշում, Հադրութում, Տողում, Մեծ Թաղլարում, Ճարտարում, Գիշում, Ավետարանոցում, Թալիշում, Գետաշենում, Հաթերքում կառուցվեցին քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, ղպրոցներ, ուսումնարաններ, ակումբներ, գրաղարաններ, խանութներ, հյուրանոցներ, դրանց մեծ մասը, մանավանդ Շուշիի կառույցները, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կործանվեցին։ Ուշագրավ են թեմական ղպրոցի, ռեալական ուսումնարանի, «Խանդամիրյան» թատրոնի եռահարկ ակումբի շինու­թյունները։

Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Շուշիի հայ­կական թաղերի ժողովրղական բնակելի տների ճարտարապետությունը։ Բնակելի տները 2-3 հարկանի էին՝ շինված կոպտաշար կրաքարից, իսկ շենքի անկյունները, բացվածքների շրջանակները, քիվերը, հարդարանքի տարրերը՝ սրբատաշ, երբեմն էլ նախշազարդ քարից, միջհարկային ծածկերը՝ փայտից։

1903թ. Շուշիի մասին Հրաչյա Աճառյանը գրել է. «Գեղեցիկ էր Շուշի քաղաքը … տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր, տաշած քարերով շինված։ Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ։ Կտորները ներկված են կարմիր, և բարձունքից դի­տողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարան ունի առաջը»537։ Այդ ամենին լրացնելով՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, 1955թ. լինելով հայրենի երկրամասի կենտրոնում՝ Շուշիում, նկատել է. «Բոլոր տները, առանց բացառության, կառուցված են նույն տիպարով։ …Ստացվել է գեղեցիկ ու հետաքրքիր դասավորություն, որի շնորհիվ այդ քաղաքը բնավ չի կարող ձանձրացնել, չնայած բոլոր տները կառուցված են միևնույն «ճարտարապետությամբ»։ … Դա բոլորովին չի խանգարել, որ Շուշին դառնա կոլորիտային, երփներանգ՝ իր կրկնություններով հանդերձ, ավելին, այդ կրկնությունները գունախաղ են ստեղծում տների տարբեր բարձրության ռելիեֆի հարստության որմնախորշերի ու պատշգամբների բազմազանության, փողոցների անսպասելի դարձերի շնորհիվ»538։

Շուշիի բնակելի տները 19-րդ դարի հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշներ են, որոնց պահպա­նությունն ու վերականգնումը համայն հայության, և, առաջին հերթին, արցախահայության սրբազան պարտքն է համարվում։ Արցախահայության շինարարական գործունեությունն իր բազմապիսի դրսևորումներն ունեցավ նաև ամրոցաշինության բնազավառում։ Առանձնապես հիշատակելի են Շուշիի և Ասկերանի (Մայրաբերդ) բերդերը։

Շուշիի հին բերդը՝ Շիկաքար անունով, գոյություն ուներ դեռևս միջին դարերից և հիշատակվում է Կաղանկատվացու կողմից 821թ. հակաարաբական ընդվզումների կապակցությամբ։ 1720-ական թթ. Ավան հայրուրապետը, Շուշի բերդը դարձնելով իր ռազմական հե­նակետը, ամրացնում է նոր պարիսպներով։

Արցախի մելիքների դեմ պայքարելու նպատակով 1750-1752 թթ. Փանահ խանը, հայ վարպետների միջոցով վերակառուցելով, բերդը դարձնում է անմատչելի։ Շուրջ 370 հա տարածություն զբաղեցնող բերդի արևմտյան, արևելյան և հարավային հատվածները շրջափակված են բնական պատվարներով, ինչպես դիպուկ բնու­թագրել է Հակոբ սարկավագ Շուշեցին «…յԱստուծոյ էր ամրաց­րել»։ Մնացած հյուսիսային մասը,- նշում է նա,-շրջապատված էր 5000 կանգուն(2,5 կմ) ընդհանուր երկարությամբ պարսպապատերով, որոնց մեջ կա 50 աշտարակ և 4 դարպաս»539։ Պարիսպները ու­նեն 7-8մ բարձրություն։ Բերդը ավելի է ամրացվել 19-րդ դարի առաջին քառորդում՝ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Շուշիի պաշտպանական հնարավորությունները մեծացնելու հա­մար 1788-89 թթ. Կարկառի հովտում կառուցվում է 1,5 կմ պարսպագծով Ասկերանի նշանավոր բերդը։

Արցախում շարունակում է վերելք ապրել կիրառական արվեստը։ Դրական տեղաշարժեր կատարվեցին գորգագործության բնագավառում։ Լայնորեն արտադրվում էին պատկերագորգեր, ուղեգորգեր, օձագորգեր և այլն։ Կատարման որակով և զարդանկարների բարդությամբ արցախյան գորգերը, իրենց մեջ ներառելով հայ­կական գորգերին հատուկ կողմերը, ունեն նաև առանձնահատկու­թյուններ։

Աղբյուրները վկայում են, որ հատկապես Շուշու գավառում բավական զարգացած է եղել գորգագործությունը։ «Թեև առանձին գործարաններ չկային, բայց շատ տներում գործում են գորգ, կար­պետ, ձիու չուլ և ա յլն»540։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ազգագրության բաժնում ցուցադրված են 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին պատկանող գորգեր, կարպետներ, խուրջիններ, մաֆրաշ­ներ (անկողնապարկ), աղաման, ձիու չուլ, արցախցի կանանց ձեռքերով պատրաստած, գունային երանգների և զարդապատկերների բազմազանությամբ աչքի ընկնող ասեղնագործ իրեր։


Այսպիսով, փաստերն ու մեկնաբանությունները վկայում են, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին արցախահայ մշակույթը առաջընթաց քայլ է կատարում՝ իր մեջ ներառելով ժամանակաշրջանի առաջնային գաղափարները, հիմքում ունենալով ազգայինը։

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 1917-21 ԹԹ.

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄՈՒՍԱՎԱԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հե­ղափոխության հաղթանակից հետո ժամանակավոր կառավարու­թյունը 1917թ. մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օղակում), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Երկրամասը ղե­կավարելու համար մարտի 13-ին կաղմակերպվեց 40 հոգուց բաղ­կացած Ղարաբաղի գործերի կոմիտե։

Ժամանակավոր կառավարությունը Արցախը, Գանձակը, Ախալքալաքը և Շարուր-Նախիջևանը ճանաչեց որպես հայկական տարածքներ541։ Այս հանգամանքը, ինչպես նաև մահմեդականների կրոնական անհանդուրժողականությունը առավել խորացրին անվստահությունը հայերի և ազերի-թուրքերի միջև։ Արդյունքում՝ Ղարաբաղի գործադիր կոմիտեն կազմալուծվեց։ Հայերը իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի Ազգային բյուրո, իսկ թուրքերը՝ Ազգային կոմիտե542։

1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո քաղաքական կացությունը Այսրկովկասում փոխվեց։ Երկրամասը անջատվեց Ռուսական կայսրությունից։ Իշխանությունը անցավ հայերի, վրացիների և ազերի-թուրքերի ներկայացուցիչներից կազմված Անդրկով­կասյան սեյմին։ Խախուտ այդ միությունը շուտով փլուզվեց։ 1918թ. մայիսի վերջին այսպես կոչված միացյալ կառավարությունը լու­ծարվեց, և նրա երեք առանձին մասերից գոյացան կառավարություններ։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը նախկին Բաքվի և Ելիզավետապոլի նահանգները հռչակում է ադրբեջանական և առաջին անգամ հավակնում պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին ու Զանգեզուրին։ Ադրբեջանը Թուրքիայի հետ Բաթումում կնքված հաշ­տությամբ և Օսմանյան կայսրապետության կամքով տեր դարձավ նախկին ցարիզմի կողմից սահմանված վերոհիշյալ նահանգներին։ Փաստորեն, անխուսափելի էր դառնում բախումը Արաքսից հյուսիս ընկած տարածքների վրա առաջին անգամ հորջորջվող Ադրբեջանի և իր ազատության ու ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղի հայության միջև։

Եվ այսպես, աշխարհի քարտեզի վրա գծվում էր մի նոր պետու­թյուն, որի հիմքում դրված էր ոչ պատմականության և ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Այն ստեղծվեց պանթուրքիստական ու մեծ տերությունների շահանկատ ծրագրերի իրագործման և հայկական հարցի վերջնականապես կործանման համար։ «Մի ղարաբաղցի ծեր հայ,– գրել է իր «Պատմական հիշատակարանում»-ում Միրզա Տեր-Սարգսյանը (Միտսարը),- Ադրբեջանի պետության առաջ գալու մասին ասել է. «Օսմանցին և անգլիացին (օսմանլին և անգլիան) քոնթի եկան և ցկնեցին ադրբեջանի պետու­թյունը»543։

Հետագայում, իրանական Ատրպատականին հավակնելու համար, էնվերի եղբոր՝ Նուրի փաշայի խորհրդով այս նորաթուխ մահմեդական պետությունը անվանվեց Ադրբեջան։ Նորաստեղծ Ադր­բեջանի կառավարությունը շտապում էր թուրքական օկուպանտնե­րի օգնությամբ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությանը։ Ըստ էության, Ադրբեջանում փաստացի իշխանությունը գտնվում էր թուրք զինվորականության տրամադրության տակ։ Նրանք զենք ունեցող տեղի մահմեդականներից կազմակերպեցին հրոսակախմբեր։ Առանձնապես դաժանորեն էր գործում այսպես կոչված «վայրի դիվիզիան», որի հսկողության տակ էր գտնվում Շուշի-Եփլախ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը կտրվեց արտաքին աշ­խարհից և հայտնվեց պաշարման օղակի մեջ։

Անհրաժեշտ էր անցնել ինքնապաշտպանության և պահպանել երկրամասի ինքնուրույնությունը։ Այդ հարցը լուծելու համար դաշնակցական կուսակցության նախաձեռնությամբ 1918 թ. հուլիսի 22-26-ին Շուշիում անցկացվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը։ Լեռնային Ղարաբաղը համագումարը հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդ և յոթ հոգուց բաղկացած Ղարաբաղի ժողովրդական կառավարություն, որի կազմում հիմնականում դաշնակցականներ էին։ Կառավարությունը գլխավորում էր Եղիշե Իշխանյանը544։ Միաժամանակ Թիֆլիսում բնակվող ղարաբաղցիներից կազմակերպվում է կամավորական մի գունդ, որը անհրաժեշ­տության դեպքում պետք է պաշտպաներ երկրամասի հայությանը։ Մինչև Ղարաբաղ հասնելը այդ գունդը հերոսացավ Սարդարապատում։

Արցախահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Թիֆլիսից Շուշի է գնում գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանը։ Սակայն իրադարձությունները զարգանում էին ի վնաս Ղարաբաղի հայության։ Թուրք զավթիչները մուսավաթականների գործուն մասնակցությամբ որոշեցին Ղարաբաղի հայու­թյան դիմադրությունը ճնշել զենքի ուժով։ Թուրքերը առաջին հեր­թին Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Աղդամում տեղակայված թուրքական երկ­րորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակ­վելու պահանջով։ Նա միաժամանակ պահանջեց «հեռու մնալ Անդ­րանիկից»545։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հրավիրեցին Ղարաբաղի հայության երկրորդ (1918 թ. սեպտեմբերի 7-11-ին), ապա երրորդ համագումարները (1918թ. սեպտեմբերի 18-22-ին), որոնք մերժեցին թուրքերի պահանջները։ Միաժամանակ գավառներում սղնախական ժամանակներից մնացած ավանդույթով ստեղծվեցին զորակայաններ և նշանակվեցին զորահրամանատարներ։ Վարանդայի զորահրամանատարն էր Սոկրատ Բեկ Շահնազարյանը, Դիզակինը՝ Արտեմ Լալայանը, Խաչենինը՝ Ալեքսան Դային, Ջրաբերդինը՝ Բագրատ Նազարյանը։ Թուրքական բանակը տեղացի մահմեդականների ուղեկցությամբ սեպտեմբերի 22-ին մտավ Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով Դահրազ, Վարազաբույն՝ Փիրջամալ, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ, Ղլիշբաղ, Քարագլուխ գյուղերը։ Թուրքական զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։ Բանակի հետևից շարժվում էր «տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով»546։

Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղ. Իշխանյանը, ձերբակալվեցին ու նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։

1918թ. հոկտեմբերին ավելի քան 400 հոգուց բաղկացած թուրք-թաթարական մի զորամաս փորձում է Շուշիից Վարանդայի վրայով անցնել Կարյագինո՝ նպատակ ունենալով ավերել Դիզակն ու Վարանդան։ Դիզակի զորահրամանատար Արտեմ Լալայանը անմի­ջապես համախմբում է Դիզակի ու Վարանդայի աշխարհազորայիններին և իր քաջարի օգնական, ծննդով Կեմրակուճ գյուղից Ասլանիկին՝ Ասլան Սարգսի Մուրադխանյանին ուղարկում թշնամու ճանապարհը փակելու։ Հոկտեմբերի 18-ին Մսմնա գյուղի մոտ Դիզակի և Վարանդայի զինված ուժերին հաջողվում է լիովին ջախջախել թշնամու զորամասը։ Մի քանի օր անց թուրք-թաթարների ավե­լի քան 600 ասկյարներից բաղկացած մեկ ուրիշ զորամաս երկրորդ անգամ փորձում է Վարանդայի վրայով անցնել Կարյագինո547։ Այս անգամ էլ Դիզակի և Վարանդայի աշխարհազորայինների անկոտրում կամքի շնորհիվ թուրքական հրամանատարությունը ստիպված զորամասը ետ է վերադարձնում Շուշի։

Շուտով Թուրքիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմում, և Անդրկովկասում նրան փոխարինեց Անգլիան։ Ադրբեջանը Ղարաբաղին ցանկացավ տիրել այս անգամ էլ Անգլիայի օգնությամբ։ Այդ օրերին, 1918թ. նոյեմբերի 16-ին զորավար Անդրանիկը արցախցիների խնդրանքով իր ջոկատով շարժվում է դեպի Ղարաբաղ։ Նա Զաբուխի պաշտպանական բլուրները գրավելուց հետո մտավ Ավդալլար և նպատակ ուներ շարժվել դեպի Շուշի։ Սակայն դեկտեմբերի 1-ին Անդրանիկը Շուշու նախկին քաղաքագլուխ Գ.Մելիք-Շահնազարյանի անունով Բաքվից ստանում է հեռագիր Անդրկովկասում անգլիական զորքե­րի հրամանատար Թոմսոնի ստորագրությամբ, որով Անդրանիկից պահանջվում էր զորաշարժի անհապաղ դադարեցում։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ավդալլար է ժամանում Անտանտի ռազմական միսիան և Անդրանիկին հանձնում Թոմսոնի նամակը, որում մասսամբ գրված է. «Ես ձեզ նախազգուշացնում եմ, որ եթե դուք չկատարեք ինձնից ստացված հրահանգերը, դուք անձամբ պատաս­խան կտաք ձեր գործողությունների հետևանքով առաջացած արյունահեղության համար։ Իմ հրահանգը կատարելուց ձեր ամեն տեսակ խուսանավումը անպայման լրջորեն կանդրադառնա հայ ժողովրդի հարցի վրա, երբ այն կդրվի խաղաղության կոնֆերանսում…»548։

Անդրանիկը ստիպված տեղի տվեց և վերադարձավ Գորիս։ Նենգ Ալբիոնը, մի կողմից հայտարարելով, որ վիճելի տարածքների ճակատագիրը կորոշվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, մյուս կողմից՝ 1919թ. հունվարի 15-ին Ղարաբաղում և Զանգեզուրում ստեղծեց գեներալ-նահանգապետություն և նահանգապետ նշանակեց հայտնի հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին։ Այդ առ­թիվ Թոմսոնին փոխարինած գնդապետ Շատելվորդի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «…բժիշկ Սուլթանովը նշանակված է Շուշվա, Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ջիվանշիրի գավառ­ների գեներալ նահանգապետ և օգտվում է անգլիական հրամանատարության պաշտպանությունից․․․»549։

Ադրբեջանը, ոգևորվելով նման հովանավորությունից, նոր վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդին։ Այդ նպատակով Սուլթանովը ստանում է նոր ուժեր և աքցանի մեջ առնում Արցախը։ Մուսավաթական Ադրբեջանի վերջնագիրը քննար­կելու համար 1919թ. փետրվարի 12-21-ին Շուշիի թեմական դպրո­ցում հրավիրվեց Ղարաբաղի հայության չորրորդ համագումարը։ «Հայկական Ղարաբաղը,− ասված է համագումարի որոշման մեջ, իրազեկ է պահել ամբողջ աշխարհին, որ նա իր տարածքում չի ընդունել և չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը»550։ Նույն վճռականությունը հանդես բերին նաև հինգերորդ և վեցերորդ համագու­մարները։ «Ղարաբաղի հայության քաղաքական, պատմական, կուլտուր-իրավական և մանավանդ տնտեսական պայմաները, ասված է 5-րդ համագումարի որոշման մեջ,- չեն կարող ոչ մի դեպ­քում հիմք ծառայել հայ ժողովրդի շլնքին փաթաթելու Ադրբեջանի թեկուզ ժամանակավոր իշխանության վարչական ձևը»551։

Արցախի հայությանը նեցուկ կանգնելու նպատակով 1919թ. ապրիլի սկզբին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի և կառավար­ման գծով Բրիտանական հրամանատարության լիազորին առըն­թեր ներկայացուցիչ552։

Արցախ ուղարկվեցին ծագումով արցախցի մի խումբ քաղաքական գործիչներ և սպաներ, որոնց առջև խնդիր դրվեց կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։

Սուլթանովը, արցախահայության վճռականությունից գազազած, որոշեց բնակչությանը խեղդել սովի ճիրաններում։ Այդ նպատակով դեպի Դաշտային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհնե­րը փակվեցին։ Հրի ու սրի մատնվեցին մի քանի հայկական գյուղեր։ Առանձնակի դաժանությունների ենթարկվեցին Ղայբալիշենի հայերը։ «Գյուղի բոլոր տները այրվում են,- պատմում է արխիվային վավերագիրը,- իսկ կիսավեր և այրված տները լի են դիակներով։ … 70 տուն ունեցող գյուղի բնակչությունից ազատվել են մոտավորապես 160 հոգի։ Կոտորածի ժամանակ քաղաքից (Շուշիից-Վ.Բ.) դի­տելիս են եղել անգլիացիք և ոչ մի միջոց չեն ձեռք առել կոտորածը դադարեցնելու»553։ Այս և Սուլթանովի մյուս չարագործությունների մասին վկայել են Ադրբեջանի պառլամենտի անդամներ Կարաբեկովը և Ռուստամբեկովը554։ Վերոհիշյալ չարագործությունները ղե­կավարում էին թուրք էմիսարները։ «Պատգամավոր Խոջայանի ստացած տեղեկություններով իբր թե Էնվերը գտնվում է Սուլթանո­վի հայտնի բնակավայրում- Հաջի Սալմոնում, իսկ անգլիացիների ունեցած տեղեկություններով նա իբր թե գտնվում է Աղդամում»555։

Եվ այդպիսի լարված իրավիճակում 1919թ. օգոստոսին, Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության յոթերորդ համագումարը։ Ձգտելով խուսափել նոր արյունահեղությունից՝ ժամանակ շահել և կենտրոնացնել առկա ուժերը, համագումարը գնաց փոխզիջման։ Համագումարի կողմից ընտրված 16 հոգուց բաղկացած պատգամավորությունը օգոստոսի 22-ին Սուլթանովի հետ քննարկեց և ստորագրեց 26 կետից բաղկացած համաձայնագիր556, որով Լեռնային Ղարաբաղը մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը իրեն ժամանակավորապես համարում է Աղրբեջանի սահմաններում։ Ադրբեջանի զորքերը չեն մտնում Ղարաբաղ, երկրամասի գործերը առաջվա նման վարելու էին Հայոց Ազգային Խորհուրդը և հայության համագումարները։ Սուլթանովը, ավելի հեռուն գնալով Ղարաբաղի Ազգային Խորհրդից պահանջում է վերջնականապես ենթարկվել մուսավաթական Ադրբեջանին։ Միաժամանակ նա հրամայեց մուսավաթական բանակը տեղաշարժել և կենտրոնացնել ռազմական նշանակություն ունեցող կետերում՝ այստեղից Զանգեզուր ներխուժելու միտումով։

Ստեղծված իրավիճակը քննարկելու համար 1920թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության ութերորդ համագումարը, որը մերժեց Սուլթանովի պահանջը և գտավ, որ օգոստոսի 22-ի համաձայնագիրը Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հետևանքով կորցրել է իր ուժը։ Համագումարը մուսավաթական կառավարությունից պահանջում է վերջ տալ կոտորածներին, այլապես «նման դեպքերի կրկնությունը կստիպի Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու համար դիմել համապատասխան միջոցների»557։ Կազմակերպվեց Ղարաբաղի պաշտպանության կենտրոնական մարմին՝ շրջաններում իր ճյուղավորումներով558։

Մարտին սկսվեց համաժողովրդական ապստամբություն։ Ադր­բեջանական ուժերի հարձակումը սկսվեց 1920թ. մարտի 22-ին երեկոյան։ Առավել կատաղի մարտեր ծավալվեցին Ասկերանի ռազմաճակատում։ Հայկական փոքրաթիվ ուժերը Դալի Ղազարի գլխավո­րությամբ մարտի 27-29-ը մի քանի ջախջախիչ հարվածներով հետ մղեցին ադրբեջանական մեծաքանակ զորքերի հարձակումները։ Բանն այնտեղ հասավ, որ ահաբեկված ազերիները ստիպված էին թողնել Աղդամը և մի քանի սահմանամերձ բնակավայրեր։ Խայտառակ պարտության հետևանքով Ադրբեջանի զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Սելիմովը հեռացվեց պաշտոնից։ Պարտությունից կատաղած մուսավաթական կառավարությունը նորանոր ուժեր է նետում ռազմաճակատ։ Արդեն մարտի 30-ին Ղարաբաղի ռազմաճակատում կենտրոնացվեց Ադրբեջանի կանոնավոր բանակի 70-80 տոկոսը, բազմահազար «կամավորական» խաժամուժ, այստեղ մնացած թուրքական բազմաթիվ ջոկատներ, Դաղստանցի մուսուլմանների և քրդական զորախմբեր, ծանր ու թեթև հրետանի։ Զորքերի ընդհանուր քանակը հասնում էր մոտ 80000-ի559։

Ապրիլի 3-ին, օգտվելով թանձր մառախուղից, թշնամին իր գե­րազանց ուժերով ճեղքեց պաշտպանական գծի ճակատը և շարժ­վեց դեպի Շուշի։ Ղարաբաղը բաժանվեց երկու մասի, Աղդամ-Շուշի ճանապարհը ընկնում է հակառակորդի ձեռքը։ Դալի Ղազարը կորուստներ չտալու համար իր ջոկատին հրամայում է նահանջել, իսկ ինքը մնում է և կռվում մինչև վերջին փամփուշտը, իսկ վերջին գնդակը ուղղում իր քունքին։

Հեշտ հաղթանակի սովոր թուրքը լեռնաստանում հանդիպեց համառ դիմադրության։ Ապրիլի 5-13-ը լարված մարտեր տեղի ունե­ցան Վարանդայի ուղղությամբ։ Սղնախ գյուղի տակ թշնամին մե­ծաքանակ կորուստներ է տալիս, որի հետևանքով, ինչպես նաև Հայաստանից սպասվելիք օգնության լուրն առնելուց հետո լքում է ռազմաճակատի գիծը։

Չնայած Հայաստանի Հանրապետության ծանր վիճակին՝ կառավարությունը 1920թ. ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ՝ Նժդեհին։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատեց Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920թ. ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։ Միաժամանակ համագումարը որոշեց «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»560։

Արցախը պաշտոնապես ընդունում է Հայաստանի Հանրապե­տության դրոշը, զինանշանը, հիմնը, դրամը561։

Չնայած ծանր կորուստներին՝ արցախահայությունը հասավ իր բաղձալի նպատակին՝ վերամիավորվեց մայր Հայաս­տանին։

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՂԳՈԹԱՆ։ 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը նոր ար­հավիրքներ բերեց արցախահայությանը։ Երեկվա մուսավաթականները մորթափոխվելով դարձան բոլշևիկներ։ Ապրիլի 29-ին Սուլթանովը ստեղծում է Ղարաբաղի հեղկոմ և իրեն հռչակում նրա նախագահ։ Արցախահայության գոյապայքարը թևակոխեց մի նոր շրջան։ Այս անգամ գույնը փոխած Ադրբեջանը փորձում է խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ տիրանալ Լեռնային Ղարաբաղին։ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը և 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը Հայաստանի հանրապետությանը վերջնագիր են ներկայացնում՝ անհապաղ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Այս պահանջով խորհրդային Ռուսաստանը կայացման փուլում խախտեց իր իսկ հայտարարած բարձրակոչ սկզբունքները, այն է ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Դժբախտաբար խոր­հրդային իշխանության գոյության ողջ ընթացքում հարցերի նմանօրինակ լուծումը դարձավ գործելակերպ, որը հետագայում կործանարար եղավ ծավալապաշտ կայսրության համար։

Հիշենք, որ 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների հռչակագրի» համաձայն բոլոր ժողովուրդները ստանում են ազատ ինքնորոշման իրավունք։ Ընդ որում դրանից օգտվում է նաև ժողովրդի հիմնական մասից բաժանված առանձին էթնոտարածքը։ Բնական է, որ այդ իրավունքը տարածելի է նաև զբաղեցրած պատմական տարածքի վրա։ Հետագայում բոլոր խորհրդային սահմանադրությունները արձանագրե­ցին ինքնավարությունը (անկախ մարզային կամ հանրապետա­կան) ազատ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ հանդիսանալու փաստը562, ինչը ճանաչված է նաև Խորհրդային Միության միջազ­գային պայմանագրերում։ Պարզ է, որ այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը, մանավանդ հետագայի ԼՂԻՄ-ը, սահմանադրական միավոր է և ունի հետևաբար ինքնորոշման իրավունքի սուբյեկտի կարգավիճակ։

Պատեհ առիթն օգտագործելով՝ Ադրբեջանը ձգտում էր Լեռնային Ղարաբաղից բացի իրեն կցել Նախիջևանն ու Զանգեզուրը։ Զավթողական նման պահանջը հիմնավորվում էր «դաշնակցական» Հայաստանի հետագա «հզորացումը» կանխելու և Ադրբեջանում խորհրդային իշխանությունը «դիսկրիմինացիայի» չենթարկելու համար։

1920թ. մայիսի 12–ին Շուշի մտավ 11-րդ կարմիր բանակի 32–րդ դիվիզիայի 281-րդ գունդը։

Արցախը հայտարարվեց Խորհրդային Ադրբեջանի մաս։ Այդ օրերին՝ մայիսի 19-ին, Վարանդայի Կարաբուլաղ գյուղում տեղի ունեցան կովկասյան ռազմաճակատի խորհրդի անդամ Ս. Տեր Գաբրիելյանի և Ղարաբաղում հայկական զորքերի հրամանատար Դրոյի բանակցությունները։ Սահակ Տեր-Գաբրիելյանը Դրոյից կտրականապես պահանջեց հայկական զորամասերը դուրս բերել Արցախից։ Ստեղծված պայմաններում Դրոն ստիպված մայիսի 25-ին հեռացավ Արցախից։

Երկարատև պատերազմներից հոգնած ժողովուրդը ընդունեց նոր՝ խորհրդային կարգերը՝ նրա հետ կապելով իր ազգային խնդիր­ների արդարացի լուծման հարցը։ Հաջորդ օրը Թաղավարդ գյուղում տեղի ունեցավ Արցախի հայության 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց խորհրդային, ստեղծվեց հեղկոմ՝ Սաքո Համբարձումյանի նախագահությամբ563։

Սակայն խորհրդային կարգերի հաստատումը ցանկալին չտվեց Ղարաբաղի հայությանը։ Ադրբեջանի խորհրդային հանրապետու­թյան ղեկավարները Խորհրդային Ռուսաստանի ազգությունների կոմիսար Ստալինի աջակցությամբ ձեռնամուխ եղան Արցախը Ադրբեջանին բռնակցելու սև գործին։ Պահը շատ հարմար էր. Ադրբեջանը այսպես ասած՝ խորհրդային էր, իսկ Հայաստանը, այսպես ասած՝ «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Իսկ միջազգային իմպերիալիզմի դեմ կռվում էր կարմիր բանակը։ Եվ սկսվեց մի դրամատիկ ու ողբերգական պայքար…։ Սակայն Ղարաբաղի հարցում բոլշևիկյան կուսակցության և խորհրդային պետության որոշ գոր­ծիչներ (Ս. Կիրով, Գ. Չիչերին, Բ. Լեգրան) արդարացիորեն գտնում էին, որ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը պատմականորեն կազմում են Հայաստանի անքակտելի մասը և հետևապես, պետք է վերամիավորվեն նրա հետ564։ Սակայն այդ գործիչների խոսքը մնաց որպես ձայն բարբառո անապատի։

1920թ. ամռանը և աշնանը Ադրբեջանում լայն քարոզչություն է ծավալվում կեղծելով ու եղծելով պատմությունը՝ իրենց ցանկու­թյուններին համապատասխանեցնելու ճանապարհով, հորինվեց մի մտացածին վարկած, ըստ որի՝ Մեծ Հայքի մաս կազմող Արցախը, Ուտիքը, Նախիջևանը պատմականորեն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն են։ Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը Ար­ցախը վերջնականապես կլանելու մի նոր ու առավել կատաղի պայքար սկսեց։

ՌԿ(բ)Կ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ 1921Թ. ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՈՐՈՇՈՒՄԸ։ ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ։ 1920թ. սկզբներին կտրուկ փոփոխություն կատարվեց խորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մինչ այդ բոլշևիկները հավատացած էին, թե ահա ուր որ է, սոցիալիստական հեղափոխության ալիքները տարածվելու են Եվրոպայով ու հյուսիսային Ամերիկայով մեկ, ամենուր տապալելու են կապիտալիզմը և հաստատելու են խորհրդային կարգեր։

Բայց 1918թ. Գերմանիայում և 1919թ. Հունգարիայում հեղափոխությունը պարտվեց, ստեղծված խորհուրդները ցրվեցին։ Հակախորհրդային ալիքը մոլեգնեց Եվրոպայով մեկ։ Նման պայմաննե­րում Խորհրդային Ռուսաստանը «հայացքը» ուղղեց դեպի արևելք, նպատակ ունենալով համաշխարհային սոցիալիստական հեղափո­խության ուտոպիստական գաղափարները արտահանել դեռևս միջ­նադարյան թանձր խավարում խարխափող ասիական երկրներ։ Ա­ռիթն օգտագործելով՝ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիմանովը եռանդուն գործունեություն ծավալեց, որպեսզի Հայաստանի հաշվին հնարավորին չափ տարածքային զիջումներ արվեն՝ հօ­գուտ Թուրքիայի և Ադրբեջանի։

Արցախի հարցի շուրջ վիճաբանությունները նոր ընթացք ստացան Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի նոյեմբերի 30-ի համատեղ նիստում ընդունվեց մի որոշում, որի մեջ ասված էր. «Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությու­նը, ստանալով ապստամբած գյուղացիների անունից Հայաստանը սոցիալիստական խորհրդային հանրապետություն հայտարարելու ուրախալի լուրը, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը հայտարարվում են վերացած։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական հանրապետության մասը»565։ Այդ որոշումը վավերաց­վեց 1920թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրով566։

Դեկտեմբերի 1-ի հռչակագիրը ողջունեցին Ի. Ստալինը, Ս. Օրջոնիկիձեն, Ս. Կիրովը և պետական ու կուսակցական մի շարք հայ գործիչներ։ Հռչակագրի հիման վրա և ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հունիսի 3-ի պլենումի որոշմամբ 1921թ. հունիսի 12-ին Հայաստանի հեղկոմը դեկրետով ազդարարում էր, որ «Ադրբեջանական ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Խոր­հրդային Սոցիալիստական Հանրապետությունների փոխադարձ համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայկական Սոցիալիստական հանրապետության անբաժանելի մասն է»567։ Ասքանազ Մռավյանը Լեռնային Ղարաբաղում նշանակվեց ՀՀ Արտակարգ լիազորի պաշտոնում։

Սակայն Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովը, որը ստորագրել էր վերոհիշյալ հռչակագիրը և մասնակցել Կովկասյան բյուրոյի 1921թ. հունիսի 3-ի պլենումի որոշման ընդունմանը, շատ չանցած՝ դեմ դուրս եկավ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելուն։ Նա սպառնալից պնդում էր, որ հար­ցը ի օգուտ Ադրբեջանի չլուծվելու դեպքում հետևանքների համար հեղկոմը պատասխանատվությունն իր վրայից վերցնում է, քանի որ հանրապետությունում ուժեղանում են «հակախորհրդային խմբերը»։ Չնայած դրան՝ Ստալինի ներկայությամբ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումը 1921թ. հուլիսի 4-ին, լսելով խնդրո առարկա հար­ցը, ձայների մեծամասնությամբ վճռում է Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Խորհրդային Հայաստանին։ Նարիմանովը բողոքում է սույն որոշման դեմ և պահանջում հարցը տեղափոխել ՌԿ(բ)Կ Կենտկոմ։ Հուլիսի 5-ին նորից գումարվում է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը, որի ժամանակ, առանց քննարկելու և քվեարկու­թյան դնելու, կամայականորեն որոշվում է Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին568։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ։ Այս առթիվ տեղին է նշել ռուս մեծ գրող Ալեքսանդր Սոլժենիցինի խոսքը. « …Իլյիչն առաջինն է սահմաննե­րի հարցը համարել «նույնիսկ տասներորդական»։ Այսպես են Ղարաբաղը կտրել, միացրել Ադրբեջանին, ի՞նչ տարբերություն, թե որտեղ, այն ժամանակ հարկավոր էր սիրաշահել սովետների սրտակից բարեկամին՝ Թուրքիային»569։

1921թ. հուլիսի 7-ին Լենինի նախագահությամբ ՌԿ(բ)Կ քաղ­բյուրոյի նիստում նորից քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Որոշվեց տարածքային վեճերը լուծելիս հիմք ընդունել էթնիկական գործոնը, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Դա սոսկ դեկլարատիվ հայտարարություն էր։ Դժբախտաբար, նման մոտեցումը խորհրդային իշխանության գոյության ողջ ընթացքում դարձավ գործելակերպ։ Պատահական չէր, որ մեկ օր հետո՝ հուլիսի 8-ին, Ստալինը հեռագրում է Օրջոնոկիձեին և պարտադրում նրան «վիճելի հարցե­րը լուծել հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի»570։

Այսպիսով, խորհրդային իշխանության արշալույսին հայ ժո­ղովրդի իրավունքները զոհաբերվեցին համաշխարհային կարմիր հեղափոխության սին գաղափարին։

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 1920-21ԹԹ.։ Արցախահայության այն հույսը, թե խորհրդային կարգերի հաստատումը կնպաստի մայր հայրենիքի հետ միանալուն, շուտով հոդս ցնդեց, և միանգամայն պարզ դարձավ, որ 11-րդ կարմիր բանակը երկրամասը բռնազավթել է՝ ի օգուտ խորհրդային Ադրբեջանի։

11-րդ կարմիր բանակը դարձել էր Ադրբեջանի կառավարությանը ենթակա պատժիչ ջոկատ, որի նպատակն էր Արցախն ու Զանգեզուրը բռնակցել Ադրբեջանին571։

Տիրելով Արցախին՝ 11-րդ կարմիր բանակը 1920թ. հունիսին ժամանակավորապես նվաճեց Զանգեզուրի մի մասը։ Սկսվեցին մաս­սայական բռնություններն ու թալանը։ Դրոն գրում է, որ Զանգեզուրում և Սիսիանում կարմիրների չորսշաբաթյա գործունեությունը համոզում է, որ դա եղել է «համատարած մղձավանջային թալանի և խաղաղ աշխատավոր գյուղացիության նկատմամբ ուժի գործադ­րում»572։ Արխիվային մի փաստաթղթում ասված է, որ կարմիրները գյուղերի և Գորիսի եկեղեցիները դարձրել են ախոռներ573։

11-րդ կարմիր բանակի 28-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Նեստերովսկու 1920թ. հոկտեմբերի 14-ի հմ.-29 հրամանով 83 և 84-րդ բրիգադների հրամանատարներից պահանջվում էր «խուսափել ամեն տեսակի մարդասիրական միջոցներից և դաժան լինել ապստամբ բնակչության հետ, որպեսզի նա զգա բանվորական բռունցքի թափը։ Դիմադրողներին գերի չվերցնել և կենդանի բաց չթողնել…»574։

Գարեգին Նժդեհի ազատագրական բանակի հարվածների տակ 11-րդ կարմիր բանակը ստիպված հանգրվանեց Արցախում։ Անպատժելիության մթնոլորտում Արցախում լայն ծավալ ստացան բռնություններն ու ալան-թալանը։ 1920թ. նոյեմբերի 30-ին Գարեգին Նժդեհը 11-րդ կարմիր բանակի հրամանատարներից մեկին՝ Սեմյոնովին գրված նամակում, մերկացնելով կարմիր բանակի հակահայկական, հակաժողովրդական գործունեությունը, փաստերով ցույց է տալիս, թե հուլիսից մինչև նոյեմբերի վերջերը այդ «ազատարարները» Ադրբեջանի և բոլշևիկների պահանջով ինչպիսի անմարդկային արարքներ են կատարել Սյունիքում և Արցախում՝ կողոպտելով առանց այն էլ կարիքի մեջ գտնվող Ղարաբաղը և Զանգեզուրը։ Նժդեհը կարմիրների պարտության պատճառները համարում է նրանց քաղաքական անհամբերությունն ու աղանդավորությունը575։

Հարկ է նշել, որ, ի տարբերություն խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում բոլշևիկները եկեղեցու և հոգևորականու­թյան նկատմամբ ավելի անսանձ ու կամայական քաղաքականու­թյուն էին վարում։ Եթե խորհրդային Հայաստանում եկեղեցին դիտվում էր որպես նոր կարգերին ընդդիմադիր ուժ, ապա Ղարաբաղում այն համարվում էր նաև հակաադրբեջանական շարժումը ոգեշնչող ու կազմակերպող գործոն։ Ուստի և, պատահական չէր, որ 1920թ. ամռանը ձերբակալված մի խումբ հայրենասերների շարքում եղան նաև հոգևորականներ։ Արմենակ Ղարագոզյանի հրամանով ձերբակալվեցին Տեր-Մեսրոպ Շահնազարյանը, Դալի Մահրասան, Բեգլար Միրումյանը, Կարապետ Ասրյանը, կապիտան Արամյանը և ուրիշներ, որոնց տարան Թարթառ, հանձնեցին թուրք դահիճնե­րին, որոնք էլ բոլորին կացնահարեցին576։

1921թ. փետրվարի 24-ին 11-րդ կարմիր բանակի հրամանատարությանը հասցեագրած բաց նամակում գրված է. «Դուք էիք, որ խաբելով, ավարի ու ավերածության մատնեցիք ըմբոստ ու ազատասեր Ղարաբաղը, Սյունիքն ու Վայոց ձորը, սոցիալական քայ­քայումի հետ անաստվածորեն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման տխուր գործը»։ Եվ ապա՝ «Ձեր միայն թալանի մեջ մարզված ու Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած զորքերը չեն, որ պիտի պաշտպանեն ձեր ձեռքերով գլխատված ու զինաթափ եղած հայ աշխատավորությանը»577։ Արցախում խորհրդային կարգերի հաստատումը համընկավ Խորհրդային Ռուսաստանում իրականացվող «ռազմական կո­մունիզմի» քաղաքականության վերջին շրջանին։ Առաջին հերթին երկրամասում կործանեցին նախկին իշխանության մարմինների կառուցվածքները և ստեղծեցին նորերը՝ հեղափոխական կոմիտեներ։ Դրանք նշանակովի մարմիններ էին, որտեղ կադրերի ընտրու­թյունը կատարվում էր բոլշևիկյան սոցիալ-դասակարգային սկզբունքով ու մոտեցումներով։

Ղեկավար պաշտոններում առաջ էին քաշում չքավոր գյուղացի­ների ներկայացուցիչներին, որոնք էլ, օգտվելով առիթից, առանց դատ ու դատաստանի, հաշվեհարդար էին տեսնում մարդկանց հետ, լուծում նեղ անձնական բնույթի հարցեր։ Առավել առողջ ու կիրթ, շատ թե քիչ բարեկեցիկ կյանքով ապրողներին, համարելով խորհրդային կարգերին խորթ տարրեր, մեկուսացնում էին։ Նման վերաբերմունքի հետևանքով շատերը հեռացան Լեռնային Ղարաբաղից։ Արխիվային փաստաթուղթը պատմում է. «նրանցից շատերը բանտարկվեցին և տասնյակներով գնդակահարվեցին։ Այդ հանգամանքը ստիպում է շատերին պաշտպանվել անտառներում», կամ էլ անցնել Զանգեզուր և միանալ Նժդեհի ապստամբ ուժերին578։ ժամանակակիցը գրում է. «Առանց որևէ դատի ու քննության կացնահարում և տմարդի եղանակով սպանվում են Թարթառում Ղարաբաղի հայ գյուղացիության շահերին երկար տարիներ նվիր­ված գործիչները. հարյուրավոր ինտելիգենտ ուժեր տարվում են Բաքու, Գանձակ, Շուշի և փակվում բանտերում»579։

Ղարաբաղում և Զանգեզուրում ողջ հայությունը զինաթափ է արված բոլշևիկների կողմից և «վայրագություններին չափ ու սահ­ման չկար։ Քայքայված գյուղացիներից պահանջում են տասնյակ հազարավոր փթերով ցորեն ու գարի, խլում են ամբողջ երկրի բեր­քը, տավարը, և այլ սեփականություն և գիշերով ուղարկում Բաքու կամ Ռուսաստան։ Գյուղերում շրջող զինված պահակները… գոր­ծադրում են ահաբեկության բոլոր միջոցները․․․

Հայերին զոռով հավաքագրում են և ստիպում ծառայել Ադրբեջանի բանակում։ Թուրքերն ուժեղ պրոպագանդա են մղում հայ ազգաբնակչությանը Ադրբեջանին հպատակ դարձնելու համար։ Ուժով ստիպում են ստորագրել Ադրբեջանի իշխանությունը ճանաչելը»580։

Լեռնային Ղարաբաղում տեղադրված զորամասերին ապահո­վելու նպատակով թալանում էին բնակչությանը, տանում բանող անասունները և հացի վերջին կտորը։ 1920թ. սեպտեմբերին ներքին գործերի կոմիսարիատի կողմից ուղարկված հատուկ հանձնաժողո­վը, ստուգելով գավառներում կատարվող բռնագրավումները, արձանագրում է. «28-րդ դիվիզիայի մթերային բաժինը սկսել է մթերումը, բնականորեն մթերողները նշանակել են իրենք, և կատարվեց ոչ թե ավելցուկ մթերքների վերցնում, այլ գյուղացիների իսկական թալանում… համարյա ուժի միջոցով»։ Տեղերում հեղկոմների բռնարարքների հետևանքով «միջակ և չքավոր գյուղացիները ախ ու վախ են անում» և արագորեն քայքայվում էին գյուղացիական տնտեսու­թյունները581։

Այս ամենը վրդովմունքով է ընդունում Լեռնային Ղարաբաղի աշխատավորությունը։ Դժգոհություններն ու բողոքները շիկանում, լցվում էր ժողովրդի համբերության բաժակը։ 1920թ. աշնանից մինչև 1921թ. ապրիլն ընկած ժամանակահատվածը Արցախն ապրում էր քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջան։ Խորհրդային պատմագրության կողմից այս շարժումը որակվել է որպես դաշնակցական թևանիստական խռովություն։

1920թ. աշնանը Արցախում բռնկված ժողովրդական ապստամբությունը ղեկավարելու համար Դրոն Թևան Ստեփանյանին նշանակում է Լեռնային Ղարաբաղում Նժդեհի տեղակալ։ 1920թ. աշնանը Կապանում Թևան Ստեփանյանը հանդիպում է Գարեգին Նժդե­հի հետ։ Սպարապետը ապստամբների առաջ խնդիր է դնում՝ Լեռ­նային Ղարաբաղը միավորել Զանզեզուրի և Հայաստանի հետ։ Ապստամբությունը, բռնկվելով Դիզակում, շուտով ընդգրկում է ամբողջ Արցախը։ Կարճ ժամանակաշրջանում ապստամբների թիվը հասնում է 1800-ի582։

Ապստամբները կարճ ժամանակահատվածում ազատագրում են ամբողջ Դիզակը, Վարանդան, Խաչենի զգալի մասը։ «Հակառակորդը Լեռնային Ղարաբաղում գրաված գյուղերը միացնում է Արարատյան հանրապետությանը» տագնապով գրում են բոլշևիկ գոր­ծիչները583։

Կարմիր բանակի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների հորդորներով ղարաբաղյան ճակատում կենտրոնացրեց մե­ծաքանակ ուժեր։ Զանգեզուրից Ղարաբաղ նահանջած 28-րդ դի­վիզիայի 250, 251 և 252֊րդ գնդերը, համալրվելով թարմ ուժերով և միանալով Վարանդայում, Դիզակում և Խաչենում կազմակերպված կոմունիստական ջոկատներին, ապստամբների դեմ ճակատ են հարդարում։

Չնայած դրան՝ Արցախում բռնկված ազատագրական պայքարը նոր թափ առավ 1921թվականի հունվար փետրվար ամիսներին։

1921թ. ապրիլի 15-ին Դիզակի կոմունիստական ջոկատը Արշակ Բալասանովի գլխավորությամբ հարձակում սկսեց ապստամբ ուժերի դեմ, բայց, խայտառակ պարտություն կրելով, հետ նահանջեց։

1921թ. ապրիլի 19-ին կարմիր բանակը, անցնելով հարձակման, գրավում է Դիզափայտ լեռը, ապա Աղջաբենդ և Հին Թաղեր գյուղերը։ Թևանի ջոկատները հակառակորդի մեծաքանակ ուժերի ճնշման տակ թողնում են նաև ռազմավարական վերջին հանգրվանը՝ Խծաբերդ գյուղը։ Այդ օրերին ակտիվացել էին նաև Դիզակի և Սյունիքի միջև ընկած տարածքում ապրող թուրքերը։ Որպեսզի ապահովվեր ապստամբների անվտանգ անցումը Զանգեզուր, ապրիլի 18–ի գիշերը Նժդեհի հրամանատարներից մեկի՝ Ամիրջանյանի ղեկավարությամբ մի ջոկատ անցնում է Զաբուխը, ճեղքում կարմիրների և մահմեդականների պաշարման գիծը և բացում նահանջի ճանապարհը։ Արցախի ապստամբները, մոտ 700 հոգի, անցնում են Զանգեզուր և միանում Գարեգին Նժդեհի ուժերին584։

Հետագա տարիներին ապստամբության մասնակիցների մի մասին, թևանական պիտակը կպցնելով, կամ գնդակահարում կամ էլ արգելափակում էին բանտերում։ Այդ ճակատագրից չխուսափեց նաև ապստամբության ղեկավարը՝ Թևան Ստեփանյանը։ Քսան-երեսունական թվականներին նա իր գործունեությունը ծավալում էր արդեն Պարսկաստանում։ Մի քանի անգամ անցնելով սահմանը՝ փորձում է հաստատվել հայրենիքում, բայց, հատուկ ծառայությունների կողմից ենթարկվելով հետապնդումների, նորից հեռանում է Պարսկաստան։ 1941թ. Թեհրանի մոտակայքում նա ձերբակալվում է խորհրդային չեկիստների կողմից, տեղափոխվում Բաքու և գնդակահարվում։

Նման տխուր վախճան ունեցավ արցախահայության 1920-21թթ. հակաադրբեջանական, հակախորհրդային շարժումը։
ԼՂԻՄ-ը 1921-40 թթ․

ԼՂԻՄ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ։ Արցախահայությունը չընդունեց 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի ապօրինի որոշումը։ Ողջ Արցախում ադրբեջանական իշխանությունների դեմ քաղաքացիական անհնազանդության շարժում սկսվեց։ Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու և Ադրբեջանին ենթարկեցնելու համար Բաքվից մի շարք ներկայացուցիչներ ուղարկվեցին երկրամաս։

Ասքանազ Մռավյանի՝ Ղարաբաղից Երևան վերադառնալուց հետո, Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի լիազոր նշանակե­ցին Ալիհեյդար Կարաևին։ Միաժամանակ Արցախում տեղակայվե­ցին ադրբեջանական պատժիչ ջոկատներ։ Չնայած դրան՝ արցախահայության կամքը մնաց անկոտրում։ Մասսայականորեն զի­նում էին Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչներին։ Նարիմանովը այս անգամ փորձեց Արցախի հիմնահարցը լուծել հայի ձեռքերով։ Որպես երկրորդ լիազոր՝ Ղարաբաղ ուղարկեց նաև Ադրբեջանի նախարարների տեղակալ և արհմիությունների հանրապետական խորհրդի նախագահ Լևոն Միրզոյանին։ Վերջինիս հետ միասին ադրբեջանցի գործիչները արցախահայությանը սպառնում են ուժ գործադրել, եթե նա չկատարի Ադրբեջանի պահանջները։

Նրանք Արցախի շրջաններում հրավիրեցին խորհուրդների շր­ջանային արտահերթ համագումարներ և փորձեցին կորզել Ադրբե­ջանի շահերից բխող որոշումներ։ 1921թ. օգոստոսի 1-ին Հաղորտի գյուղում տեղի ունեցավ Վարանդայի խորհուրդների արտահերթ համագումարը, որտեղ, չնայած Լևոն Սիրզոյանի ջանքերին, ադրբեջանանպաստ որոշում չկայացվեց։ Դեռ ավելին, պատգամավորներից մեկը նորից հաստատեց արցախահայության կամքը՝ միավորվելու մայր Հայաստանի հետ585։ Նմանօրինակ դիրքորոշում ուներ նաև Արցախի մյուս շրջանների հայությունը։ 1921թ. օգոստոսի 8-ին Լևոն Միրզոյանը, վերադառնալով Բաքու, Ադրբեջանի ղեկավարությանը առաջարկեց Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարություն։ Հարկ է նշել, որ այս առաջարկու­թյունը արցախահայության համար նորություն չէր։ Դեռևս 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի տխրահռչակ որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերապահվել էր որոշակի ինքնավարության կարգավիճակ։ Դրա նպատակը մեկն էր՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության ազգային ազատագրական շարժման թափը։ Վերադաս կուսակցական մարմնի որոշումը կատարելու նպատակով Ադրկոմկուսի Քաղբյուրոն և Կազմբյուրոն 1921թ. հուլիսի 20-ին ստեղծում են մի հանձնաժողով, որը պետք է մշակեր Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը586։

Ադրբեջանի ազգայնամոլ ղեկավարությունը, ստանալով Մոսկվայում նստած մի շարք ազդեցիկ գործիչների աջակցությունը, լու­ծեց իր հիմնական խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի բռնագրավումը, արդեն լայն քարոզչություն սկսեց՝ արցախահայությանը զրկելու ազատ ապրելու վերջին հնարավորությունից։ 1921թ. սեպտեմբերի 26-ին Ադրկոմկուսի Քաղբյուրոն և Կազմբյուրոն որոշում են. «խնդրել Կովբյուրոյին՝ վերանայելու իր որոշումը Լեռնային Ղարաբաղն առանձնացնելու մասին, այսուհետ ինքնավարություն չհայտարարել»587։

Որպեսզի հիմնավորեն իրենց որոշումը, ստեղծում են հատուկ հանձնաժողով (Կարաև, Էֆենդիև, Ստուկալով և Սիրզոյան) և շտապ ուղարկում Ղարաբաղ՝ «նյութեր հավաքելու համար»588։ Վերոհիշյալ հանձնաժողովը 1921թ. հոկտեմբերի 21-ին հրավիրեց Լեռնային Ղարաբաղի պատասխանատու աշխատողների կոնֆերանս, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ էին։ «Ղարաբաղի դրության մասին» հարցի շուրջը զեկուցումով հանդես եկավ Կարաևը։ Կոնֆերանսի որոշման մեջ ասված է. «Ղարաբաղի աշխատավորների կոնֆերանսն աննպատակահարմար է համարում Լեռնային Ղարաբաղի բաժանումն իբրև առանձին ինքնավար մարզի և գտնում է, որ բոլոր միջոցառումները, որոնք նշվում են վե­րը՝ բանաձևում, հենց հանդիսանում են ղարաբաղյան հարցի լու­ծում»589։ Բանաձևում առաջարկվում է «անխնա գնդակահարել» անհնազանդներին։ Որոշման յոթերորդ կետը պահանջում է «Ազ­գայնական հոգի և ազգայնական տրամադրություններ ունեցող բոլոր աշխատակիցները պետք է անհետաձգելիորեն դուրս շպրտվեն ու փոխարինվեն ինտերնացիոնալիստ աշխատակիցներով»590։

Կոնֆերանսի նման դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում աշխատանքից հեռացնելու հայրենասեր, ժողովրդի հոգսերով ապրող հայ գործիչներին՝ նրանց փոխարինելով ադրբեջանցիներով կամ էլ, լավագույն դեպքում, ադրբեջանի կամքը արտահայտող հայ աշխատակիցներով։

Ելնելով այդ որոշումից՝ Ադրկոմկուսի կենտկոմի անունից հայ­տարարվում է, թե «կոֆերանսի կողմից հաստատվել է, որ ոչ մի առանձնահատուկ, այսպես կոչված «ղարաբաղյան հարց» էլ գոյու­թյուն չունի591։

1922թ. փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումա­րում Ադրբեջանի ներկայացուցիչ Կուլիևը, անդրադառնալով Լեռ­նային Ղարաբաղի ինքնավարության հարցերին, նշել է. «Ադրբեջանական Կենտկոմն էլ, որ Ղարաբաղի հարցի պարզաբանման համար հանձնաժողով էր ընտրել, շատ ճիշտ վարվեց, երբ ասում էր, Ղարաբաղին պետք չէ, ոչ մի ինքնավարություն։ Այդ մոտեցումը ճիշտ էր, և այդպես պետք է մոտենալ, որպեսզի հաստատվի իսկական խաղաղություն և Ղարաբաղում, և Անդրկովկասում»592։

Չնայած այդ ամենին՝ արցախահայությունը, չկորցնելով հույսը, շարունակում էր պայքարը մայր Հայաստանի հետ միավորվելու համար։ Լեռնային Ղարաբաղի հայությունը 1922թ. գարնանը խորհուրդների վերընտրությունների նախընտրական ժողովներում, խորհուրդների նիստերում և համագումարներում շարունակում էր համարձակորեն առաջ քաշել Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու անզիջում պահանջը։

Այս ամենին և դրան նախորդած դեպքերին ականատես լինելով և համոզվելով, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Լևոն Սիրզոյանը 1921թ. օգոստոսի 8-ին Շուշիից Ադրկոմկուսի Կենտկոմին և Անդրերկրկոմին առաջարկում է. «Ամբողջ Լեռնային Ղարաբաղն առանձնացնել որպես ինքնուրույն վարչական միավոր՝ ենթակա կենտրոնին Ադրժողկոմխորհին ու Կենտգործկո­մին, իսկ կուսակցության գծով՝ Ադր ԿԿ-ին»593։

Հարցը մտահոգիչ էր նաև Անդրերկրկոմի որոշ ղեկավարների համար։ 1922թ. փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած Անդրկովկասյան կոմունիստական կուսակցության առաջին համագումարի ամբիոնից Սերգո Օրջոնիկիձեն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, ասել է «ճիշտ է, Ադրբեջանում մենք երկար զբաղ­վեցինք Ղարաբաղյան հարցով, սակայն, վերջիվերջո, որոշեցինք ղարաբաղյան բնակչությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տալ ինքնավարություն Ադրբեջանի խորհրդային հանրապետության սահմաններում։ Գործնականորեն այդ ինքնավարության կենսագործումը հանձնարարվել էր Ադր ԿԿ Կենտկոմին։ Ես խոսեցի ընկ. Կիրովի հետ. ինչ՞ու դա դեռևս չի արվել, և նա նշեց, թե հայերն ու մուսուլմանները համաձայնվել են այն հարցում, որ այդ ինքնավարության անհրաժեշտությունը չկա ։ Ես չգիտեմ դա այդպե՞ս է, թե մի ուրիշ կերպ, ամեն պարագայի այդ հարցն այնպես է լուծված, որ բնակչությանը հնարավորություն տրվի վճռելու իր խնդիրը»594։

Ադրբեջանի ղեկավարությունը 1922թ. աշնանը նոր արշավ սկսեց արցախահայության նկատմամբ։ 1922թ. նոյեմբերին երկրամասի գյուղական և շրջանային խորհուրդների նախագահներին ու քար­տուղարներին կանչում են Շուշի՝ խորհրդակցության, որին մասնակ­ցում էին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալիհեյդար Կարաևը և Լևոն Միրզոյանը։ Կարաևը պահանջում է Լեռ­նային Ղարաբաղը միավորել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Հավաքի մասնակիցների մեծամասնությունը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը «Ադրբեջանի ԽՍՀ-ին, ցանկալի չէ»։ Նրանք պնդում են, որ հարցը պետք է վճռվի երկրամասի բնակչու­թյան հանրաքվեի միջոցով։ Սի շարք պատգամավորներ հայտատարում են, թե, եթե խոսքը վերաբերում է միավորմանը, ապա իրենց՝ Լեռնային Ղարաբաղի աշխատավորների համար նպատակահար­մար և ցանկալի է մտնել խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

Սակայն Կարաևի և Միրզոյանի ճնշման տակ խորհրդակցու­թյունը որոշում է Արցախը թողնել Ադրբեջանի սահմաններում՝ ինք­նավար մարզի իրավունքով595։ Բողոքների ալիքը ահագնանում է։ Արցախահայությունը վր­դովմունքով է ընդունում այդ անօրեն որոշումը։ Բանն այն էր, որ այդ խորհրդակցությունը լիազորված չէր նմանօրինակ հարց լուծելու։ Անդրերկրկոմի ղեկավարությունը ձգտում էր հարցին արագ լուծում տալ։ Անդրերկրկոմի նախագահությունը 1922թ. հոկտեմբերի 27-ին հանձնարարում է Ադրկոմկուսի Կենտկոմին՝ իրականացնել Անդ­րերկրկոմի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու մասին։ Ադրկոմկուսի Կենտկոմի նախագահությունը ստիպված նոեմբերի 30֊ին որոշում է ստեղծել Ղարաբաղի ինքնավարության մշակումը նախապատրաստող հանձնաժողով596։ Այնուհետև Անդրերկրկոմի պլենումը, որը տեղի ունեցավ Բաքվում, 1922թ. դեկտեմբերի 14-ին, քննարկելով «Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն անցկացնելու» հարցը, որոշեց Ադր․ ԽՍՀ ժողկոմխորհին կից ստեղծել Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ հանձնաժողով՝ բաղկացած յոթ հոգուց։ Հանձնաժողովի նստավայր ճանաչել Շուշի քաղաքը և նախագահ նշանակել Կարակոզովին597։

Արցախահայության խոր վրդովմունքի մասին է խոսում նաև Լեռնային Ղարաբաղի կոմիտեի անդամ Շադունցի նամակը՝ գր­ված 1923թ. հունիսի 18-ին՝ հասցեագրված Օրջոնիկիձեին, պատճեները՝ Ադր ԿԿ Կենտկոմին ու ՀԿԿ Կենտկոմին։ Նա գտնում է, որ «չի կարելի խոսել Ղարաբաղի վերականգնման մասին՝ աչք փակելով մի ուրիշ, նրա հարևան ամենահարուստ երկրամասի քայքայվելու նկատմամբ։ Զանգեզուրը կապված է Ղարաբաղի հետ, երկուսի հարցն էլ պետք է լուծել միասին»։ Շադունցը, շարունակելով իր միտքը, եզրահանգում է. «Ես գտնում եմ, որ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Զանգեզուրում ազգային հարցը ճիշտ լուծելու համար և այդ երկրամասի (Ղարաբաղի ու Զանգեզուրի) տնտեսական վերածննդի համար անհրաժեշտ է Ղարաբաղի լեռնային մասը Զանգեզուրի հետ միասին առանձնացնել իբրև մեկ ինքնավար միավոր։ …Կոմիտեի նախագծում բերված փաստերը (հայերի ջարդը Շուշիում, Զանգեզուրի կոմունիստական ջոկատի զինաթափումը Շուշիում, լեռնային գոտու շահերը լրիվ արհամարհելը) բավական ակ­նառու կերպով ասում են, որ այդ երկրամասը թողնել Ադրբեջանի սահմաններում՝ այն հարաբերությունների պայմաններում, որոնք եղել են մինչև հիմա, չի կարելի։ Ուստի և, ես գտնում եմ, որ այդ ինք­նավար մարզը պետք է կապված լինի անմիջապես Անդրժողկոմխորհի հետ»598։

Անգամ Ստալինը, որ հայտնի էր իր հայատյաց տրամադրություններով, նկատելով Ադրբեջանի ղեկավարության հակահայ քաղաքականությունը, 1923թ. ապրիլին ՌԿ(բ)Կ 12-րդ համագումարում նշել է. «Ադրբեջանցիների մի մասի շրջանում նույնպես առկա է այսպիսի միտում՝ երբեմն չափազանց անսքող, այն թեմայով, թե մենք, իբր ադրբեջանցիներս, բնիկ ենք, իսկ նրանք՝ հայերը, եկվոր են։ Չի՞ կարելի արդյոք այդ պատճառով նրանց մի քիչ ետ քաշել հաշվի չնստելով նրանց շահերի հետ։ Դա նույնպես շովունիզմ է»599։ Այնուհետև նա համագումարում իր եզրափակիչ խոսքում ասել է. «Ադրբեջանում ադրբեջանցիները՝ որպես մեծամասնություն, ճնշում են հայերին և կոտորում, ինչպես դա եղել է Նախիջևանում, որտեղ կոտորել են համարյա բոլոր հայերին»600։

Չնայած այդ ամենին՝ Ադրբեջանի ղեկավարությունը Նարիմանովի գլխավորությամբ տարբեր պատճառաբանություններով ձգձգում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հռչակումը։ 1923թ. Ստալինին, Տրոցկուն և Ռադեկին հասցեագրված մի նամակում Նարիմանովը գրել է, թե Ադրբեջանի հիմնարկները «լիքն են ռուսներով, հայերով, որոնց նպատակն է հանրապետությունում բնաջնջել թուրքե­րին, Արևելքում էլ՝ հեղափոխության սրբազան գործը։… Ադրբեջանում դաշնակցական աշխատանքի մասին իմ կանխագուշակումների մյուս կեսը, ես մտածում եմ, ի հայտ կգա այս տարի։ Լեռնային Ղարաբաղը Միրզոյանի ուժգին ճնշման տակ հայտարար­ված է ինքնուրույն մարզ։ Իմ օրոք (այդ ժամանակ նա աշխատում էր Մոսկվայում) դա չէր հաջողվում ոչ թե այն պատճառով, որ ես դեմ էի այդ ինքնավարությանը, այլ պարզապես որովհետև իրենք՝ հայ գյուղացիները, դա չէին ցանկանում։ Միրզոյանն այդ ընթացքում հայ դաշնակ ուսուցիչների օժանդակությամբ հող է պատրաստել և հարցն անց է կացրել Անդրերկրկոմում։ Այդ պահից կտրուկ սրվել են հայ գյուղացիների հարաբերությունները։ Հետո էլ հարցը կդառնա Գանձակի մասին ևս։ Ադրբեջանում դաշնակցական քաղաքականությունն առաջ է գնում ամբողջ ուժով»,-601 թունոտ ձևով զրպարտությունը ավարտում է Նարիմանովը։

Ադրբեջանի ղեկավարության նման դիրքորոշման դեմ բազմաթիվ բողոքներ են ուղարկվում Թիֆլիս, Մոսկվա և Երևան։ Անդրերկրկոմը կրկին ու կրկին անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հարցին։ Անդրերկրկոմի Կենտկոմի 1923թ. հունիսի 27-ին տեղի ունեցած պլենումը, լսելով Ղարաբաղի ժամանակավոր կոմիտեի գործունեության մասին Շաղունցի և Կարակոզովի զեկուցումները, պահանջում է «մեկ ամսվա ժամկետում Լեռնային Ղարաբաղն անջատել՝ իբրև ինքնավար մարզ»602։

1923թ. հուլիսի 1-ին Ադրկոմկուսի Կենտկոմի նախագահությունը, այլ ելք չունենալով, Կենտգործկոմին հանձնարարում է. «Հռչակել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Խանբենդի կենտրոնով և գործադիր կոմիտեով»։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հեղկոմի նախագահ է նշանակվում Արմենակ Կարակոզովը, իսկ կուսմարզկոմի նախագահ՝ Սերո Մանուցյանը603։

Արցախյան հիմնահարցը երկար չարչրկելուց հետո 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի Կենտգործկոմը ընդունեց հռչակագիր «Լեռ­նային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմավորման մասին։ Սակայն այս որոշումն էլ կիսատ պռատ էր։ Մարզից անջատեցին նրա հարթավայրային շրջանը և Աղդամ ավանը։ Այն դարձրին Ադրբեջանական շրջկենտրոն։ Ղարաբաղի լեռնային շրջանի արևմտյան մասը Արաքսի ափից մինչև փոքր Կովկասյան լեռնաշղթայի հյուսի­սային փեշերը կտրեցին և ստեղծեցին «Քուրդիստանի գավառ», դրանով իսկ Արցախը անջատեցին մայր Հայաստանից։ Ադրբեջանի ղեկավարությունը դրանով Մոսկվայի վերադաս մարմիններին փորձում էր ցույց տալ հանրապետությունում ազգային փոքրամասնության նկատմամբ ունեցած իր «հոգատարությունը»։ Իր դիվային ծրագրերը իրականացնելուց հետո Ադրբեջանը շուտով վերացրեց Քուրդիստանի գավառը և ստեղծեց Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները։ Դեռ ավելին, կարճ ժամանակահատվածում թրքացվեց վերոհիշյալ շրջանների գրեթե ողջ քուրդ ազգաբնակչությունը։

Մարզից անջատեցին ամբողջ հյուսիսային Արցախը՝ Թալիշի մոտերքից մինչև Ալհարակ լճի (Գյոլ-Գյոլ) հարավային ափերը, նախկին Գյուլիստանի մելիքության մի զգալի մասը, որտեղ գտնվում էին 107 հայկական գյուղեր։ Միաժամանակ հարևան ադրբե­ջանական շրջաններին տրվեցին Գիզակի, Վարանդայի և Ջրաբերդի արևելյան մասերի մի շարք գյուղեր։

Փաստորեն 11,5 հազար քառ. կմ տարածք և 12 գավառ ունեցող պատմական Արցախին թողնվեց միայն 4,4 հազարը, որտեղ գտն­վում էր Շուշի քաղաքը և 248 բնակավայր։

Շուշիի փոխարեն այն ժամանակ փոքրիկ Ստեփանակերտը մարզի կենտրոն դարձնելը նույնպես պատահական չէր։ Դրանով, ըստ էության, կանխվեց 1920թ. ջարդերից հետո իրենց հայրենի քաղաքը թողած հայության՝ ծննդավայր վերադառնալու փափագը։ 1923թ. ընդունվեց ԼՂԻՄ-ի կանոնադրությունը, իսկ 1924թ. հուլիսին սահմանադրությունը604։ Այդ փաստաթղթերով ԼՂԻՄ-ը դարձավ Ադրբեջանի կցորդը, վերածվեց սովորական գաղութի։ Արցախահայությունը կորցրեց իր ինքնուրույնությունը։ Այսպիսով, խորհրդային կարգերի արշալույսին Ադրբեջանի կողմից սկսվեց հայոց Արցախի ծվատման և վերջնականապես կլանման սանձարձակ քաղաքականությունը, որը նոր արհավիրք­ ներբերեց Հայոց արևելից գավառների հայությանը։

ԼՂԻՄ-ը ՆԷՊ-ի ՏԱՐԻՆԵՐԻՆ։ 1917-20թթ. թուրքական հրո­սակների զավթողական անընդմեջ արշավանքները, անգլիացիների ստոր ու լկտի քաղաքական խաղերը, նորաստեղծ խորհրդային Ռուսաստանի անդրկուլիսյան հայակործան դավերը գրեթե իսպառ քայքայել էին Արցախի ժողովրդական տնտեսությունը, իսկ առանց այն էլ հուսալքված ու հուսախաբված բնակչությանը հասցրել էին օրհասական դրության։ Եթե այս ամենին ավելացնենք Խոսրով Բեկ Սուլթանովի անփառունակ կառավարումը, նրա սանձազերծ կամայականությունները, անիմաստ և անխոհեմ ազգամիջյան կռիվները, երկրամասում տիրող անարխիան, մուսավաթական արյունախում բանդաների ավազակային ամբողջ գործունեությունը, ապա Արցախի մղձավանջային իրավիճակի պատկերը կլինի ամբողջական ու լրիվ։ Նման խառնակ պայմաններում 11-րդ կարմիր բանակի ճնշման տակ, համաշխարհային հեղափոխության մոլուցքով տարված, հայ բոլշևիկների ջանքերով Լեռնային Ղարաբաղում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Երկրամասի հայությունը իր գալիք ապագան միամտորեն կապեց նոր կարգերի հետ և հոգու ջերմությունն ու աշխատանքային ավյունը անմնացորդ նվիրաբերեց խորհրդային կարգերի ամրապնդմանը։

1920 թվականին և 1921թ. սկզբներին Լեռնային Ղարաբաղում վարվող ռազմական կոմունիզմի քաղաքականությունը հիմնովին կործանեց ժողովրդական տնտեսությունը։ 1913թ. համեմատ 1921թ. հացահատիկային մշակաբույսերից 2 անգամ ավելի քիչ բերք ստացվեց։ Այգիները գտնվում էին անխնամ վիճակում, գրեթե լրիվ դադարել էր տեխնիկական մշակաբույսերի ցանքսը, շարքից դուրս էին եկել ջրանցքներն ու քյահրիզները։

1920թ. վերջին Ղարաբաղի արտակարգ կոմիսար Ալի Հեյդար Շիրվանին Ադրհեղկոմին ներկայացրած զեկուցագրում, նկարագրե­լով Ղարաբաղում ստեղծված կացությունը, նշել է. «գյուղերում ավելանում է քաղցած, ոտաբոբիկ և մերկ գյուղացիների թիվը, ռազմական գործողություններ տեղի ունեցած շրջաններից… ահաբեկված տասնյակ հազարավոր փախստականներ քաոսի ձևով թա­փառում են Ղարաբաղի շրջաններում՝ սննդամթերք և տաք հագուստ որոնելու համար։ Հողը քիչ է, մեծ մասը գտնվում է չքավորնե­րի ձեռքին, բայց սերմերի և բանող անասունների բացակայության պատճառով մնում է անմշակ։ Այս տարի հացահատիկը մթերվել է միայն բանակի համար։ Հացահատիկը տեղափոխելու համար չկան միջոցներ, որի հետևանքով Շուշիի գավառում սովի են մատնվել ոչ միայն գյուղացիները, այլև բանվորները, զինվորները, հիվանդանոց­ների և սովետական հիմնարկությունների աշխատավորները»605։

Նման կացություն էր ստեղծված ողջ խորհրդային տարածքում։ Ժողովրդական մասսաների դժգոհության ալիքը մեղմելու և տնտե­սության գահավեժ կործանման գործընթացը կանխելու նպատակով ՌԿ(բ)Կ X համագումարը 1921թ. մարտին ընդունեց պարենմասնատրումը պարենահարկով փոխարինելու և ռազմական կոմունիզմից նոր տնտեսական քաղաքականությանն անցնելու որոշումը։

Գյուղատնտեսությունն ամբողջապես արագ վերականգնելու համար անհրաժեշտ էր առաջին հերթին սկսել հողագործությունից։ 1920թ. մայիսի 5-ից մինչև 1921թ. նոյեմբերը Լեռնային Ղարաբաղում ազգայնացվեց 117560 դեսյատին վարելահող, ևս 42764 դեսյատին արոտավայրեր և տրվեց գյուղացիությանը։ 1921թ. մայիսի 15-ի դեկրետով ազգայնացվեց Լեռնային Ղարաբաղում գտնվող շուրջ 140 հազար դեսյատին անտառներ606։ Բայց այս որոշումներն էլ իրագործվեցին կիսատ-պռատ ձևով՝ նորից ոտնահարելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները։ Այսպես, ըստ օրենքի, լեռնային շրջաններում մեկ շնչին պետք է տրվեր երեք դեսյատին, իսկ հարթավայրային շրջաններում՝ մեկ դեսյատին հող։ Ղարաբաղում ստացվեց դրա միանգամայն հակառակ պատկերը։ Հարթավայրային շրջաններում՝ որտեղ ադրբեջանաբնակ գյուղերն էին գտնվում, տրվեց հինգ դեսյատին հող, իսկ լեռնային շրջաններում՝ կես դեսյատինից փոքր ինչ ավելին։ Բացի այդ, բազմաթիվ տնտեսություններ էլ մնացին առանց հողի607։

ՆԷՊ-ի քաղաքականության սկզբունքները կյանքում իրագոր­ծելու նպատակով 1921թ. ապրիլի 21-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի գավառների կուսակցական պատասխանատու աշ­խատողների կոնֆերանս, որտեղ որոշվեց թույլատրել բոլոր տեսակի մթերքների և արդյունաբերական ապրանքների ազատ առևտուրը, ապրանքների արտահանում գավառից գավառ, վարձակալու­թյան կարգով տալ եկամուտ չբերող կամ անգործության մատնված արդյունաբերական ձեռնարկությունները, առաջին հերթին մետաքսագործական ֆաբրիկաները608։ Կոնֆերանսի որոշման համա­ձայն՝ Դիզակի և Խաչենի շրջաններում ազգայնացված մետաքսագործական ֆաբրիկաներից տասնմեկը վարձակալման կարգով հանձնվեց մասնավոր մարդկանց609։ Շուտով մետաքսաարդյունաբերության բնագավառում հաջողությունները ակնառու էին։ Համառ աշխատանքի շնորհիվ արդեն 1922թ. գործի դրվեցին հինգ ֆաբրի­կա, որոնցից մեկը պետական էր, չորսը՝ վարձակալված610։ Գործարանների պարապուրդը կանխելու նպատակով բոժոժը ներմուծվում էր Ադրբեջանի և Վրաստանի շրջաններից611։ Ֆաբրիկաները որակյալ բոժոժով ապահովելու նպատակով 1924թ. Հադրութում հիմնադրվեց իտալական Չիչե հունդային ընկերությունը612։ 1925թ. շերամապահության զարգացումը մարզի գյուղացիական տնտեսությունների ավելի քան 45 տոկոսին հնարավորություն էր տալիս ստանալ մեծ քանակությամբ շահույթ։

ԼՂԻՄ մետաքսակարժական ֆաբրիկաների պետական տրեստը՝ Ղարմետաքսարդյունաբերությունը ստեղծվեց 1925թ. օգոստոսին։ Այն նոր հնարավորություններ ստեղծեց մարզի մետաքսաարդյունաբերության հետագա զարգացման համար։ Ղարմետաքստրեստը ամեն կերպ ձգտում էր վերացնել աշխատանքի պրոցեսում գոյու­թյուն ունեցող տնայնագործությունը, արմատավորել աշխտանքի առաջավոր ձևերը, պլանավորել արտադրանքի իրացումը և Ստեփանակերտում կառուցել նոր ֆաբրիկա։ 1929թ. սեպտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց Ստեփանակերտի ֆաբրիկայի առաջին մասնաշենքը։

Շերամապահության զարգացման նպատակով 1926թ. մարզում ստեղծվել էր փորձնական տնտեսություն, որի ջերմոցներում աճումէր 600 հազար թթենի613։

Բավականաչափ բարելավվեց մետաքսագործարանների բանվորների սոցիալական վիճակը։ Նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատությամբ 1931թ. բանվորների աշխատավարձն աճեց 17 անգամ614։

Շոշափելի էին նաև հաջողությունները հողագործության և անասնապահության բնագավառում։ 1921թ. ԼՂԻՄ 17220 դեսյատին ցանքսի դիմաց 1922թ. կատար­վեց 28000 դեսյատին615, իսկ 1925թ. 33270 դեսյատին և ստացվեց 852 հազար փութ հացահատիկ, որը կազմում էր նախապատերազմյան շրջանի 92,2 տոկոսը616։ Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը հրամայաբար պահանջում էր, գյուղատնտեսության էքստենսիվ զարգացմանը զուգահեռ, արագ թափով տնտեսության այդ ճյուղն առաջ տանել ինտենսիվացման ուղիով։ Այդ խնդրի լուծման համար կարևոր նշանակություն ուներ հին, ավերված ոռոգման համակարգերի վերականգնումն ու նորերի կառուցումը։ ԼՂԻՄ-ում անբարենպաստ բնակլիմայական պայմաններում, որտեղ մթնոլորտային տեղումնե­րը սակավ ու անհամաչափ են, հողի որակը և հազարավոր հեկտարներ անջրդի հողային տարածությունների առկայությունը, ջրաշի­նարարական աշխատանքները դարձնում էին հրատապ ու անհետաձգելի։ Լեռնային Ղարաբաղում ընդամենը կար 10777 դեսյատին ջրովի վարելահող, որը կազմում էր բոլոր վարելահողերի 17,1 տոկոսը617։

1921թ. մայիսից մինչև 1922թ. մայիսը միայն Շուշիի գավառում նորոգվեց 45 քյահրիզ618։ 1924թ. մարզում գործում էր 61 քյահրիզ։ Շատ գյուղերում գյուղացիների նախաձեռնությամբ փորում էին հո­րեր և ջրանցքներ։ 1925թ. փետրվարի 23-ին մարզկոմի ընդլայնված նիստը, քննարկելով մարզի ջրանցքների օգտագործման հարցը, որոշեց անհապաղ սկսել Թալիշի, Մադաղիսի, Փրջամալի և Ուզուն Թալինի ջրանցքների նորոգման աշխատանքները619։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 1925թ. վերջին բավականին ավելացան մարզի ջրովի տարածությունները։

1930-ական թվականներից սկսած՝ մարզում ջրանցքների վերանորոգումն ու մանավանդ նորերի կառուցումը ինչ-ինչ պատճառնե­րով ընդհատվեց, որից ստացված վնասներն առայսօր զգալի են։

Հողագործության ինտենսիվ զարգացումը և նրա հետագա վե­րելքը անհնարին է պատկերացնել առանց գյուղատնտեսության մեքենայացման և ագրոմիջոցառումների իրականացման։ 1925թ. ստեղծվեցին հողը մշակող մեքենաների և գործիքների վարձակետեր, որտեղ գյուղացիները ժամանակավոր օգտագործման համար վերցնում էին սերմազտիչներ, սրսկիչներ, գութաններ և գյուղատնտեսական այլ գործիքներ ու մեքենաներ։

1925թ. մաքրվեց մարզի հացահատիկային սերմացուի գրեթե 65 տոկոսը620։ Տեղական իշխանության մարմինները գյուղի աշխատավորների լայն շրջանում տարբեր ձևերով ու մեթոդներով գյուղատնտեսական գիտելիքներ էին տարածում։ Կազմակերպվում էին գյուղատնտեսական դասընթացներ, խրճիթ-ընթերցարաններին կից խմբակներ, ցուցադրական դաշտեր, ստեղծում գյուղատնտեսական ցուցահանդեսներ: 1923-1924թթ. ԼՂԻՄ բոլոր շրջաններում բացվե­ցին ագրոկետեր։

Որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին նաև անասնապահու­թյան վերականգնման և զարգացման բնագավառում։ 100 ընտանիքին ընկնող անասունների քանակի տեսակետից Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի խորհրդային հանրապետության բոլոր շրջաննե­րի համեմատությամբ, բռնում էր վերջին տեղը և մոտ երկու անգամ ցածր էր հանրապետության միջինից։

Անհրաժեշտ էր ոչ միայն վերականգնել անասունների գլխաքանակը, այլև բարելավել ցեղայնությունը։ Այդ նպատակով 1925թ. Լիսագորում՝ թթու ջրի մոտ, կազմակերպվեց լեռնաալպիական անասնաբուծական ֆերմա։ Այդ ֆերման հետագայում վերածվեց պետական տնտեսության և 1930թ. անվանվեց համամիութենական ցեղային անասնաբուծական սոլխոզ։ Այն մեծ դեր խաղաց ոչ միայն մարզի, այլև նրա հարևան շրջանների անասունների ցեղայնությու­նը բարելավելու, անասնապահական մթերքների մշակման նորագույն ձևերը և անասունները խնամելու առաջավոր մեթոդները գյուղացիներին ուսուցանելու գործում։

Լավ աշխատանքի շնորհիվ արդեն 1925թ. 1921թ. համեմատու­թյամբ կրկնապատկվեց բոլոր տեսակի անասունների գլխաքանակը և հասավ 201,3 հազար գլխի, իսկ 1928թ. այդ ցուցանիշը գերազանցեց 1913թ. մակարդակը։

ԼՂԻՄ-ում այգեգործության զարգացումը նպաստեց սպիրտի և խմիչքների արտադրության վերականգնմանը։ Այդ տարիներին մարզի գյուղացիական տնտեսությունների 30 տոկոսից ավելին զբաղվում էր սպիրտի և տարբեր տեսակի խմիչքների արտադրությամբ և տարեկան տալիս մինչև 640000 ռուբլու արտադրանք621։ Սպիրտի արտադրությունը արդյունաբերական եղանակով իրականացնելու նպատակով 1925թ. կառուցվեցին Ասկերանի, իսկ 1927թ. Կարմիր շուկայի թորման գործարանները։ Դրա հիմքերի վրա 1927թ. ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի գինու և սպիրտի տրեստը (Ղարգինտրեստը)622։

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ նոր տնտեսական քաղաքականությունը արդարացված էր։ Մեծացավ ապրանաքաշրջանառությունը, աշխուժացավ տնտեսությունը, բարձրացավ աշխատավորների նյութական մակարդակը։ Կյանքը մտնում էր բնականոն հունի մեջ։ ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո գյուղում այսպես կոչված նոր սոցիալիստական արտադրական հարաբերությունների ձևավոր­ման գործը ընթացավ բարդ, հաճախ էլ իրարամերժ գաղափարների հակամարտության պայմաններում։

Բանն այն է, որ խորհրդային երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը մանրապրանքային արտադրությամբ զբաղվող գյու­ղացիներ էին, որոնք մինչև ուղն ու ծուծը հազարավոր թելերով կապ­ված էին պապենական հողին։ Նման երկրում գյուղատնտեսական վերընթացի և, ընդհանրապես, հասարակության բոլոր անդամների բարեկեցիկ կյանքի ապահովման հիմնական միջոցը հողվորի նյու­թական շահագրգռվածության անընդհատ բարձրացումն է։ «Անհրաժեշտ է գյուղացուն առկել իր շահերին»,- ժամանակին նկատել է Ն. Բուխարինը623։

Իսկ ի՞նչ ուղեգծով ընթացավ խորհրդային գյուղատնտեսությու­նը։ 1929թ. աշնանը կուսակցության Կենտրոնական կոմիտեն, խեղաթյուրելով գյուղատնտեսության վարման ավանդական համամարդ­կային սկզբունքները, անտեսելով կոոպերացիաների տարբեր ձևերի համամասնական զարգացման և դրանց ստեղծման գործընթացում կամավորության խստագույն պահպանման սկզբունքը, որոշեց անց­նել համատարած կոլեկտիվացման և դրա հիման վրա կուլակության՝ որպես դասակարգի վերացման քաղաքականությանը։ Մինչև իսկ Կենտկոմի 1929թ. նոյեմբերյան պլենումն այդ չհիմնավորված շրջադարձը գնահատեց որպես «…նոր պատմական էտապ մեր երկրում սոցիալիզմի կառուցման գործում»624։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ոչ թե բխում էր ժամանակաշրջանի ոգուց ու պայմաննե­րից, այլև այն դիտվում էր որպես հացամթերման հիմնահարցի, երկ­րի արագացված ինդուստրացման համար նյութական, աշխատան­քային և ֆինանսական անհատույց միջոցների կորզման ձև։

Կոլտնտեսային շարժման ախտը համակել էր նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Հարկ է նշել, որ ՆԷՊ-ի տարիներին, մանավանդ 1925-1928 թվականներին, մարզում փորձեր կա­տարվեցին ստեղծել կոլտնտեսություններ։ Այսպես, 1925թ. Ջրաբերդի շրջանի Կարմիրավանում ստեղծվեց Ստեփան Շահումյանի անվան կոմունան, իսկ 1927թ. համանուն մեկ այլ կոմունա ստեղծվեց նաև Մարտունու շրջանի Ամարասում։ 1928թ. վերջին մարզում կար ընդամենը 27 կոլտնտեսություն, որոնցում ընդգրկված էին ընդամենը 453 տնտեսություն, կամ մարզի գյուղացիական տնտեսությունների 1,8 տոկոսը625։

Փաստը վկայում է, որ, չնայած բոլշևիկ ղեկավարների ջանքերին, կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման գաղափարը ժողովրդի մեջ հեղինակություն չէր վայելում և, ըստ էության, դատապարտված էր անհաջողության։ Չնայած դրան՝ կուսակցական և խորհրդայիան մարմինները, շրջանցելով կոոպերացիայի ամենապարզ ձևերը, անմիջապես անցնում էին խոշոր կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման գոր­ծին, որի հետևանքով օրինաչափորեն ի հայտ էին գալիս արատավոր երևույթներ, թույլ էին տրվում կոպիտ քաղաքական սխալներ։ Այդ սխալներից անմասն չմնացին ԼՂԻՄ կուսակցական և խորհր­դային մարմինները։ Նրանք ամեն կերպ ձգտում էին կոլեկտիվացումն ավարտել ամենասեղմ ժամկետում։ Նրանց կողմից կոպիտ կերպով խախտվում էր կամավորության սկզբունքը և այդ պատճառով էլ առողջ կոլտնտեսային շարժումը վերափոխել էին կոլեկտի­վացման «խաղով»։ 1929թ. կեսերից մինչև 1930թ. առաջին ամիսները կոլտնտեսային շինարարության «ամենաբուռն աճման» շրջանն էր։ Աշխատավոր գյուղացիներին հարկադրում էին կոլտնտեսություններ մտնել «կուլակաթափման», ընտրական իրավունքից զրկման սպառնալիքի տակ։ Կոլեկտիվ տնտեսություն մտնելուց հրաժարվողներից խլում էին հողը, ունեցվածքը և հանձնում կոլտնտեսությանը։ Հաճախ գյուղերի և շրջանների կոմունիստները իրար հետ մրցում էին, թե ով կարող է ավելի շատ կուլակներ հայտնաբերել և ունեզրկել։

1929թ. դեկտեմբերին Մարտունու շրջանային պլենումը որոշեց մինչև 1930թ. մարտ ամիսը շրջանը ենթարկել համատարած կոլեկտիվացման։ 1930թ. հունվարին, համանման որոշում ընդունեց Դիզակի կուսշրջկոմի պլենումը626։ Կուսակցության մարզկոմը իր հեր­թին որոշեց 1929թ. դեկտեմբերի 20-ից մինչև 1930թ. հունվարի 5-6-ը մարզում անցկացնել գյուղական տնտեսությունների կոլեկտիվաց­ման երկշաբաթյակ։ Արդյունքում՝ մի քանի օրվա ընթացքում մարզում կազմակերպվեց 28 նոր կոլտնտեսություն627։ 1930թ.փետրվարի կեսերին մարզի գյուղացիական տնտեսությունների 26 տոկոսը ընդգրկված էին կոլտնտեսություններում628։ Նույն թվականի վերջե­րին տնտեսությունների 73,3 տոկոսը հայտնվել էին կոլտնտեսու­թյուններում629։ Չքավորական կոմիտեները, գյուղական խորհուրդների և Բաքվից Լեռնային Ղարաբաղ եկած բանվորների հետ ձեռք­ ձեռքի տված մեկը մյուսի հետևից կուլակ էին հայտարարում և արտադրության միջոցներից ու կենսական մի շարք պայմաններից զրկում գյուղի ամենաաշխատավոր ու ձեռներեց տնտեսատերերին։ Տեղերում գյուղխորհուրդների աշխատանքի գնահատման չափանի­շը դարձել էր կուլակներին հայտնաբերելն ու արտաքսելը։ Ժամանակի կատարողական միտքը հասել էր անհեթեթության։ Գյուղի ակ­տիվիստները իրենց համագյուղացիներին մինչև իսկ արտաքսում էին այլ բնակավայրեր։ Շատ հաճախ, ստեղծված խառնակ վիճակից օգտվելով, կուսակցական բջջի անդամները անձնական հաշիվ­ներ էին մաքրում համագյուղացիներից։ Բազմաթիվ բնակելի տներ, գոմեր, անձնական օգտագործման իրեր, գորգեր դարձել էին պատահական մարդկանց սեփականությունը։

Մենատնտես գյուղացիները անասունների հարկադիր համայ­նացումից խուսափելու համար մորթում էին կովերը, խոզերը, ոչ­խարները, տնային թռչունները։ Այսպես, միայն խոշոր եղջերավոր անասունների կորուստը հաշվում էր 10239 գլուխ630, որը մեծ հարված հասցրեց անասնապահության հետագա զարգացմանը։ Կոլեկ­տիվացման բնագավառում կուսակցական և խորհրդային մարմինների վարչական վերաբերմունքի հետևանքով լուռ դժվարություննե­րը երբեմն բացահայտ պոռթկումների տեղիք էին տալիս։ Գյուղի աշխատավորները համառորեն դիմադրում և պահանջում էին վերջ տալ անօրինություններին։

Հուսալքված բնակչության մի մասը ստիպված երբեմն դիմում էր զենքի։ Պատահական չէր, որ այդ ամիսներին ԼՂԻՄ բոլոր շրջաններում տեղի ունեցան սպանություններ և ընդհարումներ։ Արցախյան գյուղը, որի բնակչությանը բազում դարեր հատուկ էր համերաշխու­թյունն ու համատեղ ստեղծագործ աշխատանքը, հայտնվեց տարբեր թշնամական ճամբարներում։ Հապճեպ համատարած կոլեկտիվացման քաղաքականությունը տխուր հետևանքներ ունեցավ գյուղի համար։ Սովամահության դեպքերը սովորական երևույթ դարձան։

Ստեղծված քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու նպատակով կուսակցական բարձրագույն մարմինները մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Մանավանդ այն վայրերում, «ինչպիսինն էր ԼՂԻՄ-ը, որտեղ համատարած կոլեկտիվացման համար չկան ոչ սոցիալական և ոչ էլտնտեսական նախադրյալ­ներ»631։ Աշխատանքից ազատվեցին մարզկոմի առաջին քարտուղար Ա. Քարամյանը, ինչպեսնաև շրջկոմների քարտուղարներ և շրջգործկոմների նախագահներ։

1930թ. պետական մի շարք միջոցառումների՝ կամավորության սկզբունքի վերականգնման հետևանքով «թղթե կոլտնտեսությունները», որոնք ստեղծվել էին վերևից դեկրետավորելու միջոցով, մաղման հետևանքավ հանգեցրին կոլեկտիվացման տոկոսի զգալի կրճատման։ Արդեն 1930թ. հուլիսի 31-ի դրությամբ մարզում մնացել էր 114 կոլտնտեսություն՝ 4286 տնտեսությունների ընդգրկումով, որը կազմում էր մարզի գյուղացիական տնտեսությունների 15 տոկոսը632։

Տեղին է նշել, որ եթե 1930թ. սկզբին կուլակությունը վերացվում էր համատարած կոլեկտիվացման հիման վրա, ապա դրանից հե­տո, երբ մասնակիորեն ուղղվեցին թույլ տրված կոպիտ քաղաքական սխալները, նորից ուժի մեջ մտավ կուլակությունը սահմանափակելու և արտամղելու քաղաքականությունը։ Հանվեց համատարած կոլեկտիվացման լոզունգը և շարունակվեց կուլակության, որ­պես դասակարգի վերացման քաղաքականությունը՝ տնտեսական ճնշման օգնությամբ։ Կատարվածը անհամատեղելի էր արցախյան գյուղի զարգացման տվյալ էտապի առանձնահատկություններին, որովհետև առանց այն էլ եղած կուլակների ճնշող մեծամասնությունը, սեփականազրկվել էր մինչև կոլնտեսային շարժման նախօրյակը։

1930թ. Լեռնային Ղարաբաղի մարզկոմը հատուկ նամակով դի­մեց բոլոր շրջկոմներին, կուսկոմիտեներին, կուսբջիջներին և կուս­կազմակերպության անդամներին՝ հրահանգելով 1931թ. մարզում կոլեկտիվացումը հասցնել 42,2 տոկոսի, նախապատրաստվել և ունեզրկել կուլակներին633։ Պատահական չէ, որ մարզում 1930թ. վերջերին տասնյակ ընտանիքներ նորից կուլակաթափեցին։ Մի քանի ամսվա ընթացքում 1930թ. սեպտեմբերից մինչև 1931թ. հունվարի սկիզբը մարզում ստեղծվեց 30 նոր կոլտնտեսություն634։

Գյուղում անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, հոգեբանական նախադրյալների բացակայության պայմաններում թռիչքաձև կոլեկտիվացման հետևանքով կրկին թույլ տրվեցին կոպիտ քաղաքական սխալներ։ Դեպքերի զարգացման ընթացքը շեղվեց իր բնականոն հունից և բազում ապօրինությունների տեղիք տալով՝ բավականին ծանր անդրադարձավ գյուղի տնտեսական, հասարակա­կան քաղաքական կյանքի առաջընթացի վրա։

Վերածնվեցին ռազմական կոմունիզմի ժամանակների ար­տատնտեսական հարկադրանքի մեթոդները։ Հողի տերը լինելու գյուղացու ձգտումը, որը օրենսդրական կերպով ճանաչվել էր դեռ հողի մասին դեկրետով, հայտարարվեց մասնավոր սեփականատիրական վերապրուկ։ Գյուղացիության հետ ապրանքափոխանակ­ման և փոխադարձ օգուտի վրա հիմնված հարաբերությունները փոխարինվեցին թելադրանքի հարաբերություններով, որն իր հերթին պարարտ հող նախապատրաստեց վարչահրամայական համակարգի ձևավորման, բյուրոկրատական ճյուղավորված մեխանիզմի արմատավորման համար։ Այս բոլոր գործողությունների առաջաց­րած գյուղացիների բնական դժգոհությունը մեկնաբանվեց որպես յուրօրինակ սաբոտաժ։ Եվ դրանով արտահայտվում էր պատժիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։ Տասնյակ գյուղացիներ ընտանիքներով կտրվեցին հողից։ Գյուղացին օտարվեց հողից։ Գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման հետ մնալը ուժեղացրին միգրացիոն գործընթացները։ Կուսակցական և խորհրդային մարմինների կողմից իշխանության չարաշահման, օրինականության ոտնահարման, զանազան կարգերի մեքենայությունները, բարոյական վերասերման ամոթալի ու զայրացուցիչ փաստերը սովորական էին դարձել, որոնք աղավաղում, ձևախախտում էին դարերով ստեղծված մարդկային արդարության սկզբունքները, ծնում սոցիալական խորթացում, սասանում ժողովրդի հավատը ապագայի հանդեպ։ Այլընտրանք չունենալով՝ մենատնտեսները մասսայականորեն մտնում էին կոլտնտեսություններ։ Մինչև 1931թ. նոյեմբերի վերջը մարզի բոլոր գյուղական բնակավայրերում ստեղծվեց 224 կոլտնտեսություն635։ Երկրորդ հնգամյակի վերջին մարզում կային 4 սովխոզ և 207 կոլտնտեսություն (կոլտնտեսությունների թվաքանակի նվազեցումը կապված էր խոշորացման հետ-Վ.Բ.), որոնցում միավորված էին գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը։ Կոլտնտեսություններին էին պատկանում բոլոր ցանքատարածությունների 94,8 տոկոսը636։

Հայտնի է, որ մասսայական կոլտնտեսային շարժման տարինե­րին կոլտնտեսային շինարարությունը գերազանցապես ընթացավ լայնությամբ։ Նորաստեղծ կոլտնտեսությունների մեծ մասը չքավորական կազմ ուներ, տնտեսապես թույլ էր, իսկ կազմակերպական տեսակետից՝ հեղհեղուկ, չուներ համապատասխան նյութատեխնի­կական բազա և խոշոր արտադրություն վարելու փորձ։ Գյուղի կուլ­տուրական ու տեխնիկա-տնտեսական հետամնացության պայ­մաններում ձևավորվող կոլեկտիվ տնտեսությունում արտադրու­թյան և սպառման կազմակերպման բնագավառում բազմաթիվ թերություններ կային։ Կոլտնտեսությունները անշահույթաբեր էին։

Կուսակցական և խորհրդային մարմինները սկսեցին հիմնովին զբաղվել կոլտնտեսություններում աշխատանքի կազմակերպման, կոլտնտեսային բրիգադների ստեղծման ու ամրապնդման, պետական և հանրային ունեցվածքի պահպանության խնդիրներով։ Յու­րաքանչյուր բրիգադի ամրացվում էին որոշակի հողամասեր, բանող անասուններ, մեքենաներ և զանազան գույք։ Կոլտնտեսությունում աշխատանքի կազմակերպման ամենալուրջ թերությունը, որ խոչընդոտ էր դարձել կոլտնտեսային արտադրության ծավալման գործին, գործավարձի բացակայությունն էր, եկամտի ոչ ճիշտ բաշխումը։ Խառնաշփոթություն էր տիրում աշխատանքի հաշվառման և վե­րահսկողության բնագավառում, շատ դեպքերում բերքը բաշխվում էր ոչ թե ըստ կատարած աշխատանքի քանակի և որակի, այլ հասարակական սկզբունքով, հաճախ էլ՝ ըստ շնչերի, մինչև անգամ՝ ըստ պահանջմունքի։ Կոլտնտեսային շինարարության առաջին տարիների փորձը համոզեց, որ կոլտնտեսություններում կատարվող հանրային աշ­խատանքի հաշվառման ամենալավագույն ձևը աշխօրն է, որպես աշխատանքի և եկամուտների բաշխման չափանիշ։

1932թ. սկսած՝ մարզի կոլտնտեսություններում աշխատանքը սկսեցին կազմակերպել գործավարձի հիմունքներով և եկամուտների (բնամթերա­յին ու դրամական) բաշխումը կատարել ըստ աշխօրերի։

Երկրագործական կուլտուրաների բերքատվության բարձրաց­ման, աշխատանքի և միջոցների նվազագույն ծախսումներով ավելի շատ գյուղատնտեսական մթերքներ արտադրելու համար անհրաժեշտ էր առաջին հերթին բարձրացնել հողագործության մեքենայաց­ման ու նրա տեխնիկական հագեցվածության աստիճանը։ Այդ նպատակով 1932թ. Մարտակերտում, իսկ 1934թ. Մարտունում, իսկ այնուհետև նաև Ասկերանում ստեղծվեցին մեքենատրակտորային կայաններ։ Եթե 1937թ. սկզբին մարզի ՄՏԿ-ում կար 112 տրակտոր637, ապա նույն թվականի վերջին դրանց թիվը հասավ 180-ի, միաժամանակ ավելացան 18 կոմբայններ և 41 բեռնատար մեքենաներ638։

Կոլտնտեսային արտադրության վերելքն ապահովելու ու նոր տեխնիկայի հիմքերի վրա գյուղատնտեսության վերակառուցումն անհնարին էր իրականացնել առանց այդ տեխնիկային տիրապետող կադրերի ու կոլտնտեսային, սովխոզային արտադրության գործիմաց կազմակերպիչների։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին կոլտնտեսության նախագահների և արտադրու­թյան անմիջական կազմակերպիչների՝ բրիգադավարների, ֆերմայի վարիչների, գյուղատնտեսության մասնագետների դաստիարակության և ուսուցման հարցերը։

Այդ նպատակով 1930-ական թվականներին Շուշիում և Ստեփանակերտում բացվեցին հաշվետորների, բրիգադավարների, ֆերմայի վարիչների, կոլտնտեսությունների նախագահների եր­կամսյա և եռամսյա դասընթացներ։ Երկրորդ հնգամյակի ընթաց­քում այդ դասընթացները ավարտեցին 5 հազար կոլտնտեսային աշխատողներ639։

Նշված միջոցառումների շնորհիվ մարզում աճեց ցանքատարածությունների քանակը։ 1938թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր և մանր եղջերավոր անասունների թիվը մարզում հասնում էր 221,4 հազարի640։

Գյուղի սոցիալիստական վերափոխումների փորձը՝ բոլոր նվաճումներով, ձեռքբերումներով և հսկայական կորուստներով հանդերձ, հավաստում է, որ միայն կոլտնտեսային արտադրության խիստ տնտեսագիտական մեթոդներով, ժողովրդավարական

սկզբունքներով կառավարման, արտադրության և սպառման խելացի կարգավորման միջոցով է հնարավոր հասնել առավելագույն արդյունքի։
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՆ

Խորհրդային Միության ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը 1939-1945թթ. համաշխարհային երկրորդ պատերազմի կարևորագույն և վճռորոշ մասն էր։ Ֆաշիզմի դեմ մղված պատերազմում վճռվում էր ոչ միայն Խորհրդային Միության, այլև ողջ աշ­խարհի ճակատագիրը։ Մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը այդ հաղթանակում։

1941թ. հունիսի 22-ին սկսված աշխարհակործան պատերազմը ընդհատեց արցախցու խաղաղ, ստեղծագործ աշխատանքի ըն­թացքը։ Արցախահայությունը անմնացորդ նվիրաբերվեց հայրենի­քի պաշտպանության գործին։

Ամենահին ժամանակներից ի վեր ղարաբաղցին մարտում եղել է քաջ, համարձակ, հնարագետ, դիմացկուն և ազնիվ, անկաշառ ու անդավաճան՝ բարեկամության մեջ։ Տեղին է հիշել ռուս անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկու մարգարեական խոսքերը. «Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են ցայտուն արտահայտված մի տիպ։ Սփռված ամբողջ աշխարհում՝ ղարաբաղցիները հեշտությամբ կարող են ճանաչվել։ Գործունեության լայն թափ, անձնազոհ քաջություն, վտանգալից խիզախության հակում, ինքնավստահու­թյուն, նահապետականություն ընտանեական կյանքում՝ ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես խտացնում են հին հայ­կական առաքինությունները՝ խամրած պատմության դաժանու­թյուններից և մաքուր տեսքով պահպանված Ղարաբաղը»641։ Մարդ­կային այս որակումները արցախցի բազմաթիվ սերունդների երակներով փոխանցվելով կարծրացել ու դարձել են երկրամասի հայու­թյան յուրատիպ անկրկնելի հատկանիշը։ Ղարաբաղցի հայ հավատավորը նմանօրինակ յուրատիպ խառնվածքով իր ամենաթանկը՝ արյունը չխնայեց հայրենականի տարիներին։ Այն նվիրաբերեց, որպեսզի իր ժառանգը մինչև վերջ չքամի դժնդակ անարդարության, ստի ու կեղծիքի թանձր մրուրը։ Բայց իրարամերժ են իրական կյանքն ու արդարությունը։ Ղարաբաղցի հողվորը, հորովելի կանչը սրտում, զենքը ձեռքին Ուկրաինայի տափաստաններում, Դնեպրի ափերին, հեռավոր Լեհաստանում ու օտար Չեխոսլովակիայում կռ­վում և իր մատաղ կյանքն էր զոհաբերում, որպեսզի ապրի իր հայ­րենի արծվաբույնը, այն չկորչի պատմության անէության մեջ։

Պատերազմի տարիներին արցախահայերի ներդրած ավանդը կարելի է բնորոշել հայ ժողովրդի պանծալի զավակ, ծագումով գետաշենցի, ծովակալ Ա.Ի. Իսակովի խոսքերով. «Եթե մենք գնահատում ու հարգում ենք նրանց, ովքեր, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, հերոսաբար պաշտպանում էին անմիջականորեն իրենց տունը, իրենց օջախն ու ընտանիքը, ապա էլ ավելի պետք է սիրենք ու ըստ արժանվույն գնահատենք նրանց, ովքեր առանց երկար մտածելու արյունահեղ մարտերի մեջ էին մտնում իրենց տնից 2-3 հազար կմ հեռու եղբայրական հանրապետությունների հողում՝ պաշտպանելու ընդհանուր գործը, ընդհանուր ունեցվածքը։ Ահա սա է հայրենասիրության բարձրագույն ձևը… Ռուսների, ուկրաինացի­ների, բելոռուսների և Միության մյուս ժողովուրդների ներկայացու­ցիչների հերոսությունը կատարվում էր հանուն հաղթանակի, ընդ­դեմ ընդհանուր թշնամու, ի երջանկություն բոլորի, այդ թվում նաև հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության, ազատության ու երջանիկ ապագայի»642։

Չկար փոքրիկ երկրամասի մի գյուղ ու բնակավայր, որտեղ հասած չլինեին մահասփյուռ պատերազմի սահմռկեցուցիչ դղրդյունները։ Առաջին համաշխարհայինից մնացած, դեռևս չսպիացած վերքերը նորից նվնվացին։

Պատերազմի հենց առաջին օրերին հազարավոր մարդիկ կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Մարդիկ խնդրում էին իրենց ու­ղարկել այնտեղ, ուր որոշվում էր հայրենիքի ճակատագիրը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցեցին 45 հազար հայորդիներ։ Դա Ղարաբաղի այն ժամանակվա բնակչության թվի 1/3-ից ավելին էր։ Այն դեպքում, երբ պատերազմի տարիներին Ադրբեջանում զորակոչվել է 19 ադրբեջանցիներից ընդամենը մեկը643։

23 հազար արցախահայեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայ­րենիքի պաշտպանության գործին։ Ռազմաճակատներում կատարած սխրագործությունների համար 21 ղարաբաղցիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանը այդ պատվին արժանացել է երկու անգամ։ Հինգ հոգի դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։ Փոքրիկ այս երկրամասը տվել է Խորհրդային Միության 3 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և Արմենակ Խանփերյանցը(Սերգեյ Խուդյակով)։ Ի­րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ­ներ ու ավելի քան 1000 սպա644։

Բնակչության թվի տոկոսային հարաբերությամբ այս ցուցանիշներով ղարաբաղցիները բազմազգ Խորհրդային Միությունում գրավել են առաջին տեղերից մեկը։

Ռազմաճակատի գծից այն կողմ արցախցի պարտիզանները իրենց ավանդը բերեցին Ուկրաինայի, Բելոռուսիայի, Հարավսլավիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի ազատագրման գործին։

Հա յրենական Մեծ պատերազմի տարիներին ԼՂԻՄ-ում վիթ­խարի աշխատանք կատարվեց ամբողջ թիկունքը պատերազմի պայմաններին համապատասխան վերակառուցելու, ռազմաճակատի կարիքների համար արտադրանքի թողարկումը ավելացնելու, ռազմա-պաշտպանական գործը ամուր հիմքերի վրա դնելու և ռազմաճակատին նոր համալրումներ տալու համար։ Չնայածնրան, որ աշխատունակ բոլոր տղամարդիկ գտնվում էին ռազմաճակատում, մարզի գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը առաջընթաց ապրեց։

Կանայք, անչափահասներն ու պատանիները դաշտերում ու գործարաններում ամեն ինչ անում էին, որպեսզի պատվով փոխարինեն ռազմաճակատներում մարտնչողներին և ժամանակին կատարեն ճակատի պատվերները։

Մարզի ազգաբնակչությունը ջանք ու եռանդ չխնայեց ռազմաճակատին հացահատիկով, կաթով, մսով և անասնապահական այլ մթերքներով բավարարելու համար։ Պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղում քիչ չէին սովամահության դեպքերը, բայց արցախցի աշխատավորը իր վերջին հացի կտորը կիսում էր ճակատի զինվորի հետ։

Պատերազմի բոլոր ծանրությունները, կորուստների ամբողջ ցավը անտրտունջ կրեցին մարզի կանայք՝ դրսևորելով վիթխարի կամք ու արժանապատվություն։ Աշխատանքային բոլոր բնագավառներում, չնայած դժվարություններին, կանայք կարողանում էին փոխարինել տղամարդկանց, նրանք աշխատում էին դաշտերում, ֆերմաներում։ Հարսներն ու աղջիկները աշխատում էին որպես տրակտորիստուհիներ։ Պատերազմից առաջ ԼԿԵՄ Մարտունու շրջկոմը կազմակերպել է տրակտորիստների դասընթացներ, որտեղ, առանց արտադրությունից կտրվելու, սովորում էին 32 աղջիկ­ներ։ Նրանց մեծ մասը, անցնելով վերապատրաստման դասընթաց­ները, փոխարինել են ռազմաճակատ մեկնած տղամարդկանց։ Միայն 1943թ. Մարտունու ՄՏԿ-ում երիտասարդ կանանցից ու աղջիկներից պատրաստվեցին 50 նոր տրակտորիստներ645։

Ղարաբաղցի մայրերը տաք շորերով, չորացրած մրգերով հազարավոր ծանրոցներ են ուղարկել ռազմաճակատ։ Ստանալով Մարտակերտի շրջանի կանանց՝ իր հասցեով ուղարկված ծանրոցը, մարշալ Գ.Ժուկովը նամակով նրանց պատասխանել է. «Ձեր մարզի կանայք ընթանում են Կարմիր բանակի հաղթանակի համար թիկունքում աշխատող ժողովրդի ավանգարդում։ Ձեզ ցանկանում եմ ակտիվ ու բեղմնավոր աշխատանք՝ թշնամու նկատմամբ լիակատար հաղթանակ ապահովելու համար»646։ Նամակը ամբողջությամբ պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Արդեն պատերազմի առաջին օրերին ԽՍՀՄ-ի թիկունքային շր­ջաններում, այդ թվում ԼՂԻՄ-ում, աշխատավորների նախաձեռնությամբ ծագեց մասսայական շարժում՝ կամավոր հիմունքներով պաշտպանության ֆոնդ ստեղծելու համար։ Պաշտպանության ֆոնդ էին մուծվում փող, պետական փոխառնություններ, ոսկե ու արծաթե իրեր։ Այդ նպատակների համար մեծ գումար էին հատկացնում կի­րակնօրյա աշխատանքային վաստակից։ Մարզի տնտեսությունները պլանից դուրս ցանում էին «պաշտպանության հեկտարներ», որոն­ցից ստացված ամբողջ բերքը օգտագործվում էր երկրի պաշտպանական կարիքների համար։

Պատերազմի տարիներին ղարաբաղցիները երկրի պաշտպանության ֆոնդ են մտցրել 2762337 ռուբլի, 2 կգ 71 գ ոսկի, 31 կգ 989 գ արծաթ։ Տանկային շարասյունների և մարտական ինքնաթիռների կառուցման ֆոնդն է մուծվել 1631214 ռուբլի և 5961905 ռուբլու ար­ժողությամբ պետական պարտատոմսեր647։

Հարկ է նշել, որ 1942թ. վերջին և 1943 թվականի ընթաց­քում Ադրբեջանում հավաքվել և «Ադրբեջանի կոլխոզնիկ» տանկային շարասյան ֆոնդն է մտցվել 81մլն 200000 ռուբլի, որից 23 մլն 293100 ռուբլին մուծել են Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսությունները648։

Այսպիսով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին լեռնային այս փոքրիկ երկրամասի հայությունը իր մարդկային և նյութական ողջ կարողությունը անմնացորդ ի սպաս դրեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ ժամ առաջ մոտեցնելով բաղձալի հաղթանակը։
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԼՂԻՄ-Ը ՀԽՍՀ-ԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբից, Ադրբեջանի ղեկավարու­թյունը կոպտորեն ոտնահարել է ԼՂԻՄ հայ բնակչության իրավունքներն ու շահերը։ Դա արտահայտվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն արհեստականորեն կասեցնելու, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի հումքային կցուկը դարձնելու, ԼՂԻՄ-ի և իր իսկ միութենական հանրապետության միջև արտադրանքի ոչ համարժեք փո­խանակում իրականացնելու, ԼՂԻՄ-ը Նախիջևանի օրինակով հայազրկելու նպատակով ժողովրդագրական ակտիվ էքսպանսիա վարելու, հայազգի բնակչության նկատմամբ խտրական կադրային քաղաքականություն վարելու, ԼՂԻՄ-ին հարող հայկական շրջանների վարչատարածքային կառուցվածքը մասնակիորեն վերափո­խելու, հայոց լեզուն և մշակույթը սահմանափակելու, հայկական հուշարձանները և մշակութային արժեքները ոչնչացնելու և դրանք յուրացնելու փորձերի մեջ։

Մարզը զրկված էր ամեն տեսակ տնտեսական ինքնուրույնու­թյունից։ Գործնականորեն վերացված էին բոլոր կապերը Հայաստանի հետ։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, գիտակցե­լով, որ բռնակցված տարածքներում հայ ազգաբնակչությունը չի հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, սկսեց միջոցներ ձեռնարկել այդ տարածքների ժողովրդագրական վիճակը փոփոխությունների ենթարկելու ուղղությամբ։ Աղրբեջանի քաղաքական ղեկավարությունը հասկանում էր, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել անմիջական սահմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Դա անշրջելի դարձնելու նպատակով խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը շարունակեց շահ Աբասի ժամանակներից սկսած Արաքսի ափերից մինչև Ջերմուկի փեշերը մահմեդական ցե­ղերով բնակեցնելու քաղաքականությունը։ Այդ նպատակով Աղրբե­ջանի Կ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923թ. հուլիսի 16-ի նիստում որոշվեց «քրդերի զբաղեցրած տարածքից կազմել Քուրդիստանի գավառը»649։ Դրա հիման վրա 1923թ. օգոստոսի 6-ին խորհր­դային Աղրբեջանի կառավարության որոշմամբ կազմավորվեց Կարմիր Քուրիստան ինքնավար քրդական շրջան՝ Լաչին կենտրոնով։ Կարճ ժամանակահատվածում քրդերին թուրքացնելուց հետո, 1930թ. վերացվեց Քուրդիստանի տարբերակիչը, և ստեղծվեցին Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Ջանզելանի շրջանները։ Քրդերի ուծացման հախուռն մի նոր ժամանակաշրջան սկսվեց։ 1926թ. Ադրբեջանում ապրում էր 44139 քուրդ, 1936թ.՝ 6000, իսկ 1979թ. մարդահամարի տվյալներով հարևան հանրապետությունում արդեն քուրդ չկար650։ Այնուհետև ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր պոկեցին ինքնավար մարզից և նվիրաբերեցին ադրբեջանական շրջաններին։ Այսպես, Անդրֆեդերացիայի վերացումից հե­տո Հադրութի շրջանից Հողեր ու Հարար գյուղերը կցվեցին աղրբեջանական Ֆիզուլու և Լաչինի շրջաններին։

Դրանով էլ չբավարարվելով՝ 1950-1970-ական թվականներին տնտեսությունները խոշորացնելու առիթով հայկական գյուղերից խլվեցին ընդարձակ հողահանդակներ և հանձնվեցին ադրբեջանցիներին։ Միաժամանակ հայկական բնակավայրերը ենթարկեցրին ադրբեջանական գյուղերին։ Այդ ամենից հետո մարզի խաչմերուկային ճանապարհների վրա և բարեբեր գետահովիտներում՝ հայ­կական բնակավայրերի արանքում, ստեղծվեցին ադրեջանական նոր գյուղեր։ Արղյունքում տասնյակ հայկական գյուղեր վերացան։ Դրանց մի մասը՝ Ջամիլլուն, Կրկժանը, Խոջալլուն և այլ գյուղեր, բնակեցվեցին ադրբեջանցիներով։

1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականների վերջը Լեռնային Ղարաբաղից ամեն տարի հազարավոր երիտասարդ­ներ էին հավաքագրում և ուղարկում հանրապետության արդյունաբերական կենտրոնները՝ կառուցապատելու, ինչպես նաև Միլլի ու Մուղանի անջրդի հողահանդակները յուրացնելու։

Մշակովի հողահանդակների պակասը, ցածր բերքատվությունը, ոռոգման համակարգերի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը ստիպում էին հարևան ադրբեջանական շրջաններում զբաղվել արտագնա աշխատանքով։ Ծանր աշխատանքը, կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունը մասսայական հիվանդությունների և մահացության պատճառ էին դառնում։ «Տարեց-տարի բնակչության նոր հավաք է կազմակերպվում. ընտանիքների առավել եռանդուն և գործունյա անդամները ստիպված լքում են իրենց հայրենիքը։ … ԼՂ-ում տուն չկար, որ մեկ անդամի չուղարկեին արտագնա աշխատանքի»651։

Միլլի տափաստանում հայ գյուղացիներին հողեր էր հատկաց­վում, պայմանով, որ նրանք պիտի ապրեին Ադջաբեդիի շրջանում652։ Հայ բանվորների ջանքերի շնորհիվ կառուցվեց Միլլի հայտնի ջրանցքը, որը կոչվեց «գյավուր արխ»։

Խորհրդային իշխանության տարիներին ԼՂԻՄ-ում զարգացած էր կանանց աշխատանքի պահանջ ունեցող արդյունաբերությունը, և դա գիտակցաբար էր արվում Ադրբեջանի ղեկավարության կող­մից, որպեսզի տղամարդիկ հեռանան մարզից։

Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանից կտրելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը երկրամասից հայ բնակչության արտահոսքը արագացնելու նպատակով արհեստականորեն արգելակում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը։

Դա առանձնապես արտահայտվել է բարձր որակավորման մասնագետ կադրերին աշխատանքով չապահովելու հարցում։ Առանձնապես Հայաստանում կրթություն ստացած մասնագետները մարզում աշխատելու ոչ մի հնարավորություն չունեին։ Հայկական կրթություն ունեցող երիտասարդներին վարչա-կառավարչական մարմիններում աշխատելը արգելված էր։

Հայ բնակչության արտագաղթին ուղղակի նպաստել է դպրոց­ներում սովորելու համար տարրական պայմանների բացակայությունը: Մինչև 1970-ական թվականները, մարզի հայկական շրջաններում պետական բյուջեի հաշվին չի կառուցվել ոչ մի դպրոցական շենք, ակումբ, մշակույթի տուն։

ադրբեջանի հայկական դպրոցներում արգելվում էր հայոց պատմության դասավանդումը։ Դրան հակառակ, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ադրբեջանի պատմության դասավանդումը պարտադիր էր։

Վատթար վիճակում էր մարզի առողջապահական համակարգը։ 1986թ. Լեռնային Ղարաբաղում բնակչության 10 հազար շնչին ընկ­նում էր 28,7, իսկ ադրբեջանում՝ 38,4 բժիշկ։ Այն դեպքում, երբ բժիշկների մի զգալի մասը ազգությամբ ադրբեջանցիներ էին։

Տարեցտարի բնակարանային շինարարության ծավալները զգալիորեն կրճատվում էր։ Եթե 1966-70թթ. կառուցվել է 262,0 հազ–քառ. մետր բնակտարածություն, ապա 1976-80թթ.՝ 242,6 հազ-քառ. մետր653։ 1966-1986թթ. մարզում շահագործման հանձնված ընդհանուր օգտակար բնակտարածության 58,3 տոկոսը բաժին էր ընկնում անհատական շինարարությանը, իսկ հանրապետությունում, ամբողջությամբ վերցրած, այն կազմում էր 41,6 տոկոս654։

Ստեփանակերտում բնակարան ստանալու համար մարդիկ սպասում էին տասնյակ տարիներ։

ԼՂԻՄ-ը ադրբեջանին զիջում էր մեկ շնչին ընկնող համախառն հանրային արդյունքով, արդյունաբերության, գյուղատնտեսության մեքենայացմամբ և կապիտալ ներդրումներով։ Այսպես, 1986թ. ադրբեջանում մեկ բնակչին ընկնող կապիտալ ներդրումները կազմել են 473, Նախիջևանում՝ 342, ԼՂ ԻՄ-ում՝ 181 ռուբլի655։

Վատթար վիճակում էր հաղորդակցության ցանցը։ Հաղորդակցու­թյան միջոցների բացակայության կամ էլ անմխիթար վիճաի հետևանքով տասնյակ գյուղեր անմարդաբնակ են դարձել։ Մարզի արդյունաբերությունը ներկայացնում են ընդամենը մի քանի տասնյակ ձեռնարկություններ, որոնց մի մասը հիմնադրվել է դեռևս մինչև հեղափոխությունը։ Արդյունաբերական ձեռնարկություններում մեծ մա­սամբ գերիշխում էր իր դարն ապրած հին տեխնիկան և ձեռքի աշխատանքը, դրանք զուրկ էր ժամանակակից արտադրական շենքերից։

ԼՂԻՄ-ում չկար համակցված կերերի, երկաթբետոնե իրերի գործարաններ, ալրաղաց, տնաշինական կոմբինատ։

Գերազանցապես գյուղատնտեսական մարզ հանդիսացող Լեռ­նային Ղարաբաղում խորհրդային իշխանության տարիներին ոռոգ­ման համակարգեր չեն ստեղծվել։ Դրա փոխարեն Ղարաբաղի լեռ­նային գետերի ջրերի հաշվին ջրարբի էին դարձվել հարևան ադրբեջանական շրջանների տասնյակ հազարավոր հեկտար հողահանդակներ։ Ջրառատ երկրամասում լուծված չի եղել նաև խմելու ջրի հիմնահարցը։ Չնայած այս ամենին հայ բնակչության աշխատանքային եռանդի շնորհիվ, մարզը գյուղատնտեսական մի շարք մթերքների արտադրությամբ հանրապետությունում առաջնային տեղ էր գրավում։ Այսպես, 1986թ. ԼՂԻՄ-ը բնակչության մեկ շնչին ընկնող մսի (անասունների և թռչունների միսը կենդանի քաշով) գնումներով Նախիջևանին գերազանցում էր 4,6, կաթով՝ 2,7, ցորենով՝ 1,4 անգամ, խաղողով՝ 1,6 անգամ։ Միավոր հողատարածության հաշվով այստեղ 1,2 անգամ ավելի շատ անասնագլխաքանակ է պահվում, քան հանրապետության միջինն է և 1,7 անգամ ավելի շատ, քան Նախիջևանը656։ Մարզը տալիս էր ավելի շատ գյու­ղատնտեսական մթերքներ, քան ստանում էր, այդ պատճառով էլ աշխատավորությունը մսամթերքների ու կաթնամթերքների մշտական կարիքի մեջ էր։ Վերոհիշյալ մթերքների վաճառքը կատարվում էր կտրոններով։ 70 տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը հնարավոր և անհնարին միջոցներով մարզը մղել է փակուղի, նրա հայ բնակչությանը քաշել ստրկական ու զաղութարարական լծի տակ։ Իրավացի է ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման Կոմիտեի ղեկավար՝ Ա.Վոլսկին. «Երկրում շրջելիս,- ասել էր նա,- ես չեմ հանդիպել այնպիսի ավերածության, մարդկանց ճակատագրերի հանդեպ այնպիսի արհամարհանքի, ինչպես Լեռնային Ղարաբաղում»657։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ազգային իրավունքները ոտնահարելու և նրա նկատմամբ խտրական քաղաքականություն կիրառելու իմաստը Արցախը հայաթափ անելու և մարզը ադրբեջանականացնելու մեջ է։

Մարզի հայ բնակչության տարրական իրավունքների ամեն մի պաշտպանություն գնահատվում էր որպես ազգայնականության արտահայտություն։ Երկրամասը զրկված էր ամեն տեսակ ինքնու­րույնությունից։ Այդ ամենը հանգեցրել է ԼՂԻՄ հայազգի բնակչու­թյան մեծամասնության համար անտանելի պայմանների ստեղծմանը և համապատասխանաբար՝ հայերի զանգվածային արտագաղթին։ Բոլորից շատ հիասթափվել էր հայ մտավորականությունը, որը հասկանում էր բռնակցված տարածքներում իրականացվող քաղաքականությունը։

Նմանօրինակ քաղաքականությունը հանգեցրել էր մարզի հայ բնակչության տեսակարար կշռի անընդհատ նվազմանը։ Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեծ արտահոսքը մինչև երկրորդ աշխարհամարտը ուղեկցվում էր բնական բարձր աճով։ Վերջինիս շնորհիվ հայ բնակչության աճի որոշ միտում նկատվեց։ 1926թ. և1939թ. մարդահամարների ընթացքում, մարզի հայ բնակչության ընդհանուր թիվը 111,7 հազարից հասավ 132,8 հազարի, նույն տարիներին մարզի բնակչության ընդհանուր թիվը 125,3 հազարից հասավ 159,8 հազարի658 կամ ավելացավ 20,4 տոկոսով659։ Փաստորեն, հայերի տեսակարար կշիռը մարզի ընդհանուր բնակչության թվակազմում կրճատվեց ի օգուտ ադրբեջանցիների։

Դրանով չբավարարվելով՝ 1949 թվականի հունիսի 14-ին դաշ­նակցականի, ռազմագերու կամ հակախորհրդային տարրի պիտակներով 24,5 հազար արցախահայեր աքսորվեցին Ալթայի երկ­րամասը։ Դրա, ինչպես նաև անընդհատ ավելացող արտահոսքի հետևանքով մարզի հայ բնակչությունը զգալիորեն կրճատվեց և 1959թ. կազմեց 110,1 հազար660 (ավելի քիչ, քան 1926թ.)։ Հետագա տարիներին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտահոսքը ավելի ուժեղացավ։ 1926-1979 թվականներին Լեռնային Ղարաբաղից միջին հաշվով տարեկան արտագաղթում էին մինչև 2 հազար հայեր, դրա փոխարեն 1959-1979 թվականներին միջին հաշվով ավելանում էին հազար ադրբեջանցիներ661։

Խորհրդային իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղում ապրում էին, այստեղ ծնված ամեն տասերորդ քաղաքացին, իսկ մնացած իննը արտագաղթում էին։ Այդ ամենի հետևանքով մարզի հայ բնակչությունը 111,7 հազարից 1979թ. հասավ 123,1 հազարի, իսկ ադրբեջանցիները համապատասխանաբար 12,6 հազարից հասավ 37,2 հազարի662։ Ադրբեջանցի բնակչությունը շարունակում էր ավելանալ ինչպես բնական աճի, այնպես էլ դեպի Լեռնային Ղարաբաղ կատարվող ներհոսքի շնորհիվ։

Ամբողջությամբ վերցրած՝ 1939 և 1979 թվականների մարդահամարների միջև ընկած 40 տարիների ընթացքում ԼՂԻՄ-ում հայերի թիվը կրճատվել է 7,3 տոկոս, իսկ ադրբեջանցիների թիվը աճել է 2,6 անգամ663։

Հայերին ԼՂԻՄ-ից և ընդհանրապես Ադրբեջանից դուրս մղելու գործընթացը ուժեղացավ հատկապես 50-ական թվականներից։ Դրան հակառակ, ադրբեջանցիների թիվը աճում էր Հայաստանում։ Ասվածի մասին են վկայում ստորև տրված աղյուսակները664: Երիտասարդության արտահոսքը հանգեցրել է մարզի հայ բնակչության «ծերացմանը», որը մի կողմից իջեցրել է ծնունդը և մյուս կողմից՝ բարձրացրել մահացությունը։ Եթե 1970-1986թթ. Ադր­բեջանական ԽՍՀ-ում բնակչության 1000 շնչի հաշվով մահացել է 6-7 մարդ, ապա ԼՂԻՄ-ում այդ ընթացքում այն կազմել է 7,5-8 մարդ։ 1970-80-ական թվականներին ԼՂԻՄ-ի հայ բնակչության բնական աճը դրսևորվում է խիստ նվազման միտումով։ Նկատենք, որ 1989թ., 1979թ. համեմատ, մարզի հայ բնակչությունը 123,1 հազա­րից աճեց 145,5 հազարի, երկրամասի հայ բնակչությունը 75,9 տո­կոսից հասավ 76,9 տոկոսի, այսինքն 1 տոկոսի չափով աճ, իսկ ադրբեջանցիները՝ 37,3 տոկոսից հասան 40,6 տոկոսի665։

այսպիսով, նպատակաուղղված ժողովրդագրական քաղաքականության միջոցով ադրբեջանի իշխանությունները փորձում էին մարզը լիովին հայաթափել, դրանով իսկ մեկընդմիշտ լուծել ղարաբադյան հիմնահարցը։

Հայակուլ այդ քաղաքականությանը դիմակայելու նպատակով Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց անմիջապես հետո, առաջին իսկ օրերից կանգնեց ազատագրական պայքարի վրա։ Aրցախի գավառներում անընդհատ եղել են ընդվզումներ ու ապստամբական պոռթկումներ ադրբեջանական պաշտոնեության դեմ, մարզն Ադրեջանական ստրկությունից ազատագրելու համար։ Այդ կապակ­ցությամբ Ռուբեն Տեր-Մինասյանը գրել է. «ՀՀ Դաշնակցությունը, իբրև հայ ժողովրդի հույսի և հավատի խտացումը, չի դավաճանած Գանձակ-ղարաբաղցիին, ընդառաջ է գացած անոր բաղձանքին և ամենեն տագնապալի վայրկյանին իսկ չէ մոռացած զայն։ Այսօր ալ իր հալածական վիճակին մեջ, իր ծրագրին մեջ ունի հին Արցախ գավառներուն ազատագրումը։ Այդ ծրագիրն ինքը չէ հղացած, այլ քաղած է Ղարաբաղի ժողովրդեն կամքեն»666։

1920-ական թվականներին Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատկով ստեղծվել է «Ղարաբաղը Հայաստանին» միությունը667։ Այն իր բջիջներն ուներ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Գանձակի հայկական շրջաններում։ Միությունը անկուսակցական էր, որի մեջ մտնում էին դաշնակցականներ, հնչակյաններ, էսեռներ, մենշևիկներ և բոլշևիկներ։ 1927թ. նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել «Ղարաբաղը Հայաստանին» նշանաբանով։ Այդ ամենին հետևել են բազմաթիվ ձերբակալություններ, որոնց թիվը անցնում էր 500-ից։ «Հարյուրներով լցնում են երկաթուղին,- պատմում է ականատեսը,- և ճանապարհում դեպի Ռուսաստան։ Իսկ սարերում և անտառներում էլ անհամար փախստականներ կան։ Գիշերը հինգով-տասով անցնում են սահմանը։ Մարդիկ են ուղարկված, որ նրանց էլ հավաքեն բերեն։ Եթե Արաքսը չլինի, մի մարդ չի մնա, բոլորն էլ կանցնեն Պարսկաստան։ Շատ խիստ բռնագրավումներ կան։

Ղարաբաղի ժողովրդից գրավված են 9800 փութ ցորեն, 5900 եղ­ջյուրավոր անասուններ։ Հավաքում են պետական տուրքի ապառիկները ամենախիստ միջոցներով, դրամի փոխարեն գրավում են տնային բոլոր տեսակի իրեղենները։ Այս բոլորը պատմողն ինքը «նաչալնիկ միլիցիան» է, որ իր ձեռքով է գանձել տված։ Պարծենում է, որ Զանգեզուրի շրջանում հարյուրներով վերմակներ կան դիզ­ված։ ժողովուրդը թողած իր տունը, ընտանիքը, զավակները, ով որ կարողանում է, իր գլուխն է ազատում։

Բաքվից գալիս է հայտնի Բագիրովը մի քանի հարյուր ռուսական զինվորներով և ճառախոսում է.-Պրոլետար ընկերներ խորհրդային իշխանության անունից եմ խոսում ձեզ հետ։ Նրանք, որ ձերբակալված կամ փախած են, մեր թշնամիներն են, դեռ շատերը կան, որ պիտի ձերբեակալվեն։ …Ամբողջ լեռնահայաստանի սարերը դարձել են փախս­տականների բնակավայրեր։ Երբ մութը վրա է հասնում, կարծես թե աստղազարդ երկինք լինի սարերը՝ ամեն կողմերում լույսեր են երևում և ամեն կողմից երբեմն-երբեմն համազարկերի ձայներ են լսվում»668։

Ազատագրական շարժման գործիչները Շուշիի շրջանում պահեստ-արհեստանոց էին կազմակերպել։ 1930թ. արտակարգ հանձ­նաժողովի կողմից ձերբակալվել են 17 զինագործ վարպետներ։ Առգրավվել է 6 թնդանոթ, 30 գնդացիրներ և այլ տեսակի զենքեր ու զինամթերք։ Ապստամբել էին Խծաբերդի բնակիչները։ Զորքերը փորձել են ճնշել այն, բայց սկզբում չի հաջողվել։ Լեռնային Ղարաբաղում համաժողովրդական հուզումները ճնշելու համար Բաքվից մեծ քանակությամբ զորքեր են տեղափոխել669։

1931 թվականին մարզկոմի ղեկավարությունը մեղադրվեց նացիոնալիզմի, նացիոնալ-ուկլոնիզմի, Լեռնային Ղարաբաղը Հայաս­տանին վերամիավորելու փորձերի և դաշնակցական գաղափարների դեմ չպայքարելու մեջ670։ Մարզային և շրջանային մի շարք գոր­ծիչների անհիմն բռնադատել են։ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմը բազմիցս քննարկել է ղարաբաղյան շարժման հետ կապված հարցեր Շատ կոմունիստներ են հանվել կուսակցության շարքերից, լու­ծարվել են առանձին շրջանային կուսկազմակերպություններ։

Մարզում ստեղծված սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական ծանր իրավիճակից արցախահայությանը փրկելու համար Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը և մանավանդ մտավո­րականությունը բազմիցս դիմել են կենտրոնական իշխանություններին։

Դեռևս 1945թ. Խորհրդային Հայաստանի՝ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար՝ Գ.Հարությունյանը նամակով դիմել է Ստալինին՝ խնդրելով վերանայել Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին հարցը։ Այդ նամակով Գ.Հարությունյանը փաստերով ընդգ­ծում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը671։

Վերոհիշյալ նամակը ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Մալենկովը ուղարկում է Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտկոմի առաջին քար­տուղար՝ Մ.Ջ. Բաղիրովին՝ ծանոթանալու և առաջարկություն անե­լու։ Բաղիրովն իր պատասխան նամակում մերժել է Գ.Հարությու­նյանի բոլոր փաստարկները, սակայն միաժամանակ տվել է իր համաձայնությունը Հայկական ԽՍՀ-ին միացնելու ԼՂԻՄ-ը առանց Շուշվա շրջանի՝ միայն պայմանով, որ Ադրբեջանի կազմի մեջ մտց­վեն Հայկական ԽՍՀ երեք շրջանները, որոնք հարակից են Ադրբեջանին և ունեն նաև ադրբեջանցի բնակչություն672։

Ըստ էության, հարցը նորից մտցվեց փակուղի։

Դեռ ավելին, առաջանցիկ նոր քայլեր նախաձեռնվեցին մարզի ազգագրական դեմքը փոխելու ուղղությամբ։ 1949թ. մեծ քանակությամբ ադրբեջանցիների Հայաստանից տեղափոխելով՝ բնակեց­րին Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերում։ Ամեն մի հայի ընտանիք պարտավոր էր իր հարկի տակ օթևանել մեկ երկու ադր­բեջանցի ընտանիքների։ Նորից ալեկոծվեց ու խռովվեց արցախահայության անդորրը։ Ծեծկռտոցն ու մասսայական տուրուդմփոց­ները սովորական երևույթներ էին։ Վաչկատուի առօրյայով ապրող վերաբնակները կարճ ժամանակահատվածում մարզի ծաղկավետ դաշտերն ու այգիները վերածեցին ամայի տափաստանի։ Եկվորները, արցախահայության անկոտրում, անհաշտ կամքին չհամակերպվելով, մեկ տարի անց՝ 1950թ., տեղափոխվեցին Խանլարի, Շամխորի, Շահումյանի, Քարհատի շրջանների հարթավայրային հատվածները՝ նոր պատուհաս դառնալով տեղի հայության համար։

Նմանօրինակ գործելակերպով չկարողանալով հասնել ցանկալի հաջողության՝ Ադրբեջանի իշխանությունները երբեմն պաշտո­նամոլ ու հաճակատար հայ ղեկավարների միջոցով են փորձում իրագործել իրենց ծրագրերը։

Այդ նպատակով 1958թ. կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար նշանակեցին Նիկոլայ Շահնազարյանին, որի հայատյաց գործելակերպը նոր բողոքի ու դժգոհությունների ալիք բարձ­րացրեց։

1962թ. Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։

1962թ. մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դի­մեցին ԽՄԿԿ Կենտկոմին։

1965թ. հունիսի սկզբին Լեռնային Ղարաբաղի 13 ղեկավար աշ­խատողներ՝ Գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար՝ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորու­թյամբ, նամակ են հղել ԽՍՀՄ կուսակցական ու պետական ղեկավարությանը։ Նամակում հանգամանորեն շարադրվել է մարզի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի վիճակը, հատկապես ցույց է տրվել Ադրբեջանի ղեկավարության շովունիստական վերաբերմունքը ԼՂԻՄ-ի նկատմամբ673։

Սույն դիմումին հետևեցին համանման համախոսականներ Երևանից ու երկրի հայաբնակ տարբեր շրջաններից։

Միայն Լեռնային Ղարաբաղից կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։ Այս բոլորի շնորհիվ 1966թ. օգոստոսի 8-ին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը հատուկ որոշմամբ Ադրբեջանի ու Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին հանձնարարել էր համատեղ քննարկել հարցը և ԽՄԿԿ Կենտկոմ ներկայացնել իրենց առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու նպատակով։

Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ քաղաքական շանտաժի ու ազգամիջյան կոտորածի սպառ­նալիքով կասեցրեց հիմնահարցի հետագա որևէ քննարկում։ Վերոհիշյալ բողոքները պատրվակ դարձան մարզի հայության նկատմամբ նոր բռնությունների։ 13 գործիչների նկատմամբ էլ գործադրվեցին հալածանքների դաժան միջոցառումներ։ Կարճ ժամանակում նրանք ենթարկվեցին կուսակցական տույժերի, զրկվեցին մարզում աշխատելու հնարավորությունից։

Չնայած այդ ամենին՝ շարժումը ապրեց ու ծավալվեց արդեն հայ ժողովրդի ընդերքում՝ հիմք դնելով նոր խմորումների, որոնք պի­տի հասցնեն 70-ականների խուլ ցնցումներին։ 1971 թվականին մի քանի տասնյակ նշանավոր մտավորականներ՝ Մարտիրոս Սարյանը, Պարույր Սևակը, Գոհար Գասպարյանը դիմեցին ՀԽՍՀ և ԽՍՀՄ ղեկավարությանը՝ տագնապով ընդգծելով այն անօրինությունների մասին, որ կատարվում էր ԼՂԻՄ-ում։ «Բաքվից անվերջ եկող միլիցիան և պետական անվտանգության այլազգի զինվորներով,- գրված էր նամակում,- լցվել, պաշարվել է մարզի կենտրոնը։ Չդադարող հարցաքննությունների ու հետապնդումների միջոցով ստորացնում են նրա բնակիչներին։ Ամեն օր բանտ են քշվում ազնիվներն ու համարձակները։ Պաշտոնազրկվում ու հալածվում են կամայականությունների դեմ բողոքողները։ Մարզի հայության ճակատագրի տնօրեններ են կարգվում հին ու նոր դավաճանները, ուրացողներն ու մատնիչները։ Այս բոլորի վեր­ջը չի երևում։ Իսկ եթե երևում է, ապա դա վերջն է ամեն հայկականի, որ կենաց ու մահու գոյամարտերում պաշտպանվել է մինչև այ­սօր»674։

1976թ. ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման ժամանակ նորից արծարծվեց արցախյան հիմնահարցը։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության ար­ձանագրության մեջ ասված է. «Պատմական մի շարք հանգամանք­ների հետևանքով մի քանի տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվել էր Ադրբեջանին։ Ըստ այդմ, հաշվի չէին առնվել մարզի պատմական անցյալը, նրա ազգային կազմը, ժողովրդի ցանկությունը և տնտեսական շահերը։ Անցել են տասնամյակներ, և Ղարաբաղի հարցը շարունակում է հոլովվել, առաջացնել անհանգստություն և անբարյացակամության պահեր դարավոր բարեկամությամբ իրար հետ կապված երկու ժողովուրդների միջև։ Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը (հայերեն՝ «Ար­ցախ») միացնել Հայկական ԽՍՀ հետ։ Այն ժամանակ ամեն ինչ կբռնի իր օրինական տեղը»675։

Խորհրդային իշխանության տարիներին արցախահայության վերելքներով ու վայրէջքներով ընթացող պայքարը 1988-ի փետրվարին սկսված համաժողովրդական ու համազգային ազատագրական շարժման հիմքը հանդիսացավ։
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ։ ԼՂՀ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

1985թ. հետո գորբաչովյան այսպես կոչված «վերակառուցման» քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը հնարավորություն ընձեռնեց հանդես գալու իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու և ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու:

1987թ. վերջին և 1988 թ. սկզբներին կենտրոնական կուսակցական ու պետական մարմիններում ընդունվել են ԼՂԻՄ-ի հայության ներկայացուցիչների չորս պատվիրակություններ, որոնց հավաս­տիացրին, թե մոտ ապագայում Արցախի հիմնահարցը արդարացի լուծում կստանա։ Ղարաբաղի պատվիրակների կենտրոնական իշխանություններին ներկայացված հանրագրի տակ դրված էին ավելի քան 80 հազար ստորագրություններ։

Ոգևորված կենտրոնական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքից, մարզի բոլոր գյուղերում, ձեռնարկություններում, կազմակերպություններում տեղի են ունեցել կոլեկտիվների ժողովներ, որոնցում որոշումներ ընդունվեցին ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու վերաբերյալ։ Դրանց հիման վրա մարզի շրջանների ժողովրդական դեպուտատների խորհուրդները նմանա­տիպ որոշումներ են կայացրել։ Միաժամանակ Ստեփանակերտում և մարզի մյուս շրջկենտրոններում սկսեցին բազմամարդ հանրահավաքներ կազմակերպվել։ Արցախահայությունը, հավատալով գորբաչյովյան վերակառուցմանը, հանրահավաքների ու ցույցերի է դուրս գալիս ԽՍՀՄ պետական դրոշներով, Վ. Ի. Լենինի, Մ. Ս. Գորբաչովի, կուսակցական ու պետական այլ գործիչների լուսանկարներով, ինչպես նաև «Լենին-կուսակցություն-Գորբաչով», «Հանուն վերակառուցման, ժողովրդավարության և հրապարակայ­նության» ու նման այլ ցուցապաստառներով:

Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչության ցանկություններին՝ 1988թ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրով676։

Սակայն կենտրոնը, չնայած իր կողմից հռչակած «վերակառուցման», «հրապարակայնության» և «ժողովրդավարության» քաղաքականությանը, ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նկատմամբ անհանդուրժողական դիրք գրավեց, քանի որ երկրի ներսում ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործումը լուրջ վտանգ էր սպառնում կոմունիստական կուսակցության համապարփակ տի­րապետությանը։ Ուստի և պատահական չէր, որ արդեն իսկ փետր­վարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն իրականությունից հեռու մի որոշում ընդունեց, որով Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծմանը ձգտող ժաղավրդական շարժումը որակեց որպես «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է Ադր­բեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին։ Միաժամանակ որոշում ընդունվեց հայկական մարզի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը նպաստող միջոցառումներ մշակել677։

Դրան հաջորդեց 1988թ մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդի՝ 1988-1995թթ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների վերաբերյալ որոշումը678, որով նախատեսված միջոց­ները հետագայում հիմնականում նպատակաուղղվեցին մարզի ադրբեջանական բնակավայրերի արհեստական խոշորացմանը։

Փաստորեն, արցախահայության քաղաքական հիմնահարցի լուծումը նենգափոխվեց և խճճվեց սոցիալ-տնտեսական զարգաց­ման միջոցառումների անհեռանկար փաթեթով։ Դեռ ավելին, կուսակցության և պետության ղեկավարները հայ ժողովրդին հասկացրին, որ իրենք ի զորու չեն լուծելու հիմնահարցը՝ ակնարկելով «ադրբեջանական գործոնի» առկայությունը (թեզ, որն իր ժամանակին շրջանառության մեջ է դրել Նարիմանովը)։ Կրեմլը սերտորեն սկսեց համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։

Երկրի զանգվածային լրատվության ողջ համակարգը բացահայտ հակահայկական դիրք գրավեց։ Ամեն օր ինտերնացիոնալիզ­մի և ժողովուրդների բարեկամության հնահունչ քարոզչության ու խոհեմության բարձրագոչ կոչերի ներքո վարկաբեկում էին հայ ժողովրդին, մեղադրում նրան ուրիշի հողերը զավթելու համար կատարվող «ոտնձգությունների» մեջ ու զանազան այլ պիտակներ կպցնում նրա համազգային շարժմանը։

Կրեմլը արցախյան պարզ ու հստակ հիմնախնդիրը խորացնելով դարձրեց «անլուծելի»։ Արցախահայության շարժմանը սատար կանգնելու համար 1988թ. փետրվարի 21-ից Հայաստանում զանգվածային ելույթների մեծ ալիք սկսվեց։ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում և Արցախում կոորդինացնելու նպատակով Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ մարտի սկզբներին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն։ Հանրապետության գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, շրջաններում և քաղաքներում կազմավոր­վեցին «Ղարաբաղ» կոմիտեներ, որը և շարժմանը կազմակերպչական նոր ձև տվեց։

1988 թ. փետրվարյան օրերին ԼԴԻՄ-ի ղեկավարությունը ազատագրական շարժումը գլխավորելու փոխարեն նրա նկատմամբ սկզբում անտարբերություն, իսկ հետագայում ծայրահեղ զգուշավո­րություն ու վախկոտություն դրսևորեց։ Ուստի և, պատահական չէր, որ ժողովուրդն ինքն ընտրեց շարժման ղեկավարներին։ Ստեփանակերտում փետրվարի 2-ին հանրահավաքում ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն, որը գլխավորում էր Արկադի Մանուչարովը։

Լեռնային Դարաբաղի հայ բնակչության սահմանադրական պահանջներին հակադրեցին բիրտ ուժի և բռնության քաղաքականությունը։ Դեռևս մինչև մարզային խորհրդի նստաշրջանի հրավի­րումը հանրապետական հանձնախմբի կազմում Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ասադովը որոշակիորեն սպառնաց Ղարաբաղ «հարյուր հազար ֆանատիկաների» ներխուժումով։ Ղարաբաղը սպանդանոց դարձնելու հայտարարությունները վերածվեցին կոնկրետ գործողությունների։

1988թ. փետրվարի 22-ին Աղդամի շրջանից, իրենց ճանապարհին ամեն ինչ ավերելով, ադրբեջանական բազմահազարանոց հրո­սակները շարժվեցին Ստեփանակերտ՝ «կարգուկանոն հաստատե­լու», բայց Ասկերանի մատույցներում կանգնեցվեցին և հետ շպրտվեցին679։ Կրոնաազգայնամոլական շաղախով բռնկված հիստե­րիան շուտով Ադրբեջանում ծավալուն չափեր ստացավ։

Ահաբեկման հերթական քայլը եղավ հայերի ցեղասպանությու­նը Սումգայիթում, որը սկիզբ դրեց Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին փուլին[11]։ 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրագտնվող Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց տեղի հայ ազգաբնակչության ջարդ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, վայրագ ամբոխի կողմից գազանաբար տանջամահ արվեցին 27 հայեր, խոշ­տանգվեցին ու ծանր վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ680։

Սումգայիթը նախապես պլանավորված փորձ էր հետագա մեծամասշտաբ ցեղասպանություն իրագործելու համար։ Նրա կազ­մակերպիչները դրանով իսկ ցանկանում էին շոշափել կենտրոնական իշխանությունների, իրավապահ մարմինների, լրատվական միջոցների դիրքորոշումը։ Փորձը լավ քննություն բռնեց: Սումգայիթյան և դրան հաջորդող դեպքերի դահիճները շրջանցվեցին, ոճիրը մնաց ստվերում, բանդիտիզմը չորակավորվեց և քաղաքական գնահատական չստացավ։ Իսկ դա, եղեռնագործին ավելի ոգևորելով, նոր ոճիրների մղեց։ Սումգայիթյան ոճրագործությունը ոչ միայն չընկճեց հայ ժողովրդին, այլ ընդհակառակը, նրան էլ ավելի համախմբեց իր ազգային նպատակների իրագործման գաղափարի շուրջը։

Ալեկոծվեց նաև հայկական սփյուռքը։ Բազմաթիվ միտինգներ ու ցույցեր են տեղի ունեցել Լոս-Անջելեսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոնրեալում, Տորոնտոյում, Աթենքում, Բուենոս Այրեսում, Բեյրութում, Սիդնեյում և արտասահմանյան շատ այլ քաղաքներում։ «Հայ ժողովուրդը, մայր հայրենիքում լինի, թէ սփիւռքում, աննախընթաց համախմբուածութեամբ գումարւում էր իր սրբազան Դատի անբաժանելի մասնիկ արցախական պահանջատիրութեան շուրջը, այս աշխարհի հզօրները լուռ համախոհութեամբ Հայկական հարցի արդարացի պոռթկումը մի անգամ եւս դատակնքում էին մերժողական վճռով։ … Որովհետեւ սփիւռքահայութիւնը պատմական իր դժնի ճակատագրի բերումով առաւել իրաւասու ներկայացուցիչն է հայկական համապարփակ պահանջատիրութիան, առաւել անկաշկանդ ու ազատ, հետեւաբար առաւել վճռականօրէն եւ ներգործունօրէն դիրքորոշուելու ու շարժուելու ընդունակ ներկայացուցիչը, որից հայ ժողովրդի կեանքի ու գոյավի­ճակի մերօրյա դասաւորութիւնը պահանջում է ոչ թէ կրաւորական հետեւորդ, այլ հայրենահայութեան կողքին լիիրաւ եւ հաւասարազօր ուղորդ լինել Հայաշարժի հրամայականօրէն կենսական երթում»681։

Բայց կենտրոնը անդրդվելի էր։ Նա ոչ միայն շարունակում էր բացահայտ հակահայկական դիրք գրավել, այլև ձգտում էր ամեն կերպ հավասարման նշան դնել Ադրբեջանում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ 1988թ մարտին խորհրդային բանակը մտցվեց Երևան։

Ոգևորվելով կենտրոնական իշխանությունների թողտվությու­նից՝ Ադրբեջանի ղեկավարությունը Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից 1988թ կեսերից կազմակերպեց հայերի բռնագաղթ։ Վտանգված էր նաև ԼՂԻՄ-ի հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը իր եղբայրներին պետականորեն սատար կանգնելու նպատակով, իր իսկ ճնշման տակ 1988թ հունիսի 15-ին տեղի ունեցած Հայ­կական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը քննարկեց և համաձայնություն տվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ մարզային խորհրդի որոշմանը։ Միաժամանակ հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ քննարկել և դրականորեն լուծել այդ հարցը682։

Հայկական ԽՍՀ օրենսդիր գերագույն մարմնի նման գործելակերպը անակնկալի բերեց Կրեմլի տերերին։ Քիչ անց՝ 1988թ հուլի­սի 18-ին, Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկեց Լեռնային Ղարաբաղի մասին Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների որոշումների հարցը։ Նախապես մշակված ծրագրով, դատապարտելով հայ ժողովրդի արդարացի պահանջը, Գորբաչովը և ԽՍՀՄ մյուս բարձ­րաստիճան պաշտոնյաները այն որակեցին որպես վերակառուցման դեմ ուղղված և ԽՍՀՄ սահմանային վերաձևմանը ձգտող մտացածին քայլ։ Ուստի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, հիմնվելով երկրի սահմանադրության 78-րդ հոդվածի վրա, մերժեց Լեռնային Ղարաբաղի մարզային և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի խնդրանքը683։

Սակայն հուսախաբություն և խոր հիասթափություն ապրած հայ ժողովուրդը ոչ միայն չընդունեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական փակմանն ուղղված կենտրոնի այս ճիգը ևս, այլև նոր թափով շարունակեց իր ազգային ազատագրական պայ­քարը։

Վերսկսվեցին հայ բնակչության ցույցերն ու հանրահավաքները։

Իրադարձությունները այլ ընթացքով էին զարգանում Ադրբեջանում։ Այստեղ տիրող անպատժելիության մթնոլորտի հետևանքով 1988թ կեսերից աստիճանաբար ուժեղանում էին բռնությունները հայերի նկատմամբ։ Ադրբեջանում կազմակերպվող հանրահավաքներում, մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությամբ հնչող գրավոր և բանավոր ելույթներում ժողովուրդների «եղբայրության», «բարեկամության», «ինտերնացիոնալիզմի» մասին կարգախոսները ու­ղեկցվում էին «հայերին խոշտանգելու», «սպանելու» կոչերով։ Մարզում ապօրինի գրանցումները շարունակելու հետ մեկտեղ, հաճախակի դարձան ավազակային հարձակումները սահմանամերձ հայկական գյուղերի վրա, շրջափակեցին ճանապարհները, դադարեցրին էլեկտրոէներգիայի մատակարարումը, արտաքսեցին Շուշիի հայ բնակիչներին՝ հրդեհելով նրանց տները։

Հարկադրաբար համանման գործողությունների սկսեց դիմել նաև մարզի հայ բնակչությունը։ Սեպտեմբերրի 21-ին Ստեփանակերտում և Աղդամի շրջանում հատուկ դրություն հայտարարվեց ու մտցվեց պարետային ժամ684։

Լուրջ սպառնալիքի տակ դրվեց Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988թ նոյեմբերի վերջերին Կիրովաբադից(այժմ Գյանջա), Բաքվից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչության զանգվածային արտաքսման փաստեր արձանագրվեցին։ Նոյեմբերի 24-ին հա տուկ դրություն և պարետային ժամ մտցվեց Բաքվում, Կիրովաբադում, Նախիջևանում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ նաև Երևանում։

Անհիմն մեղադրանքով ձերբակալվեց և շուրջ մեկ տարի բանտերում կտտանքների ենթարկվեց շարժման ղեկավար Արկադի Մանուչարովը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ԽՍՀՄ կուսակցական և պետական բարձրագույն իշխանության մարմինները քայլում են դեպքերի զարգացման հետևից։ Դեռևս 1988թ. հոկտեմբերի 3-ին ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի նախագահ Ա. Վոսի գլխավո­րությամբ Ղարաբաղ ժամանած հանձնաժողովի իրատեսական եզրակացությունները մնացին որպես այդպիսին։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրադրությունը՝ 1989թ. հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե, որը գլխավորում էր ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Ա. Վոլսկին։ Նոր վարչակարգի ստեղծումը հայ ժողովրդի մեջ արցախյան խնդրի լուծման աղոտ հույս արթնացրեց։ ԼՂԻՄ-ի Հայաստանի և կենտրոնի հետ տնտեսական որոշակի կապեր ստեղծելու ուղղությամբ կոմիտեն որո­շակի միջոցառումներ ձեռնարկեց։ Սակայն ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեն իրավական անորոշ կարգավիճակով, ինչպես նաև կենտրոնի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի հատված ճանաչելու փաստը անպտուղ դարձրին Կոմիտեի գործունեությունը։ Դրա հետ մեկտեղ մարզային կուսակցական ու պետական մարմինների լիազորությունների կասեցումը, աշխատանքային կոլեկտիվների իրավունքների սահմանափակումը վերջնականապես խլեցին մարզի և նրա բնակչության առանց այն էլ խիստ սահմանափակ իրավունքները։ Մարզում այդ պատճառով լարվածությունը գնալով սրվում էր։ Հատուկ շրջանի պարետը բարձիթող էր արել հայ բնակչության բախտը և բացահայտորեն համագործակցում էր ադրբեջանցիների հետ։ Իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով մարզի աշխատավորությու­նը 1989թ մայիսից ստիպված էր սկսել գործադուլ, որը տևեց 4 ամիս։ Ինքնավար մարզի հայ բնակչության համար այդ ծանր վիճակում նրա բախտը տնօրինելու նպատակով 1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց Ազգային Խոր­հուրդ։ Նորընտիր խորհրդի նախագահ ընտրվեց ԽՍՀ ժողովրդական պատգամավոր Վ. Ս. Գրիգորյանը։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցու­թյան մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից, համագումարն ընդու­նել է դեկլարացիա, որում նշվում է, որ Ինքնավար Մարզի գործերին Ադրբեջանական ԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու է որպես ագրեսիայի ակտ և կստանա համարժեք պատասխան686։ Փաստո­րեն ժողովրդաընտիր իշխանությունը հայերի վրա ատամ կրճտաց­նող Ադրբեջանին հասկացրեց ուժի դիրքից խոսելու անհեռանկարության մասին։

1989թ հուլիսի 21-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին տնտեսական շրջափակման։ Եղան հայ ուղևորների սպանության դեպքեր։ Պատժիչ բռնամիջոց­ները հատկապես ուժեղացան Շահումյանի շրջանում։ Վերահաս լայնածավալ բռնարարքներին դիմակայելու նպատակով 1989թ հուլիսի 26-ին ժողովրդական պատգամավորների շրջխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմի մեջ մտցնելու մասին։ Մինչդեռ մարզի հայ բնակչությունը ուժերի գերլարումով փոր­ձում էր պաշտպանել իր ֆիզիկական գոյությունը, ԽՍՀՄ կենտրո­նական իշխանությունները շարունակում էին վարել հակահայկական քաղաքականություն։ Դրա մասին է վկայում ԽՍՀՄ Գերա­գույն Խորհրդի 1989թ նոյեմբերի 28-ի որոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին687։ Սույն որոշմամբ մարզում տնօրինելու էր հանրապետական Կազմկոմիտեն։ Այն գլ­խավորում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտու­ղար հայատյաց Վ. Պոլյանիչկոն։ Նրա առջև Ադրբեջանի իշխանությունները խնդիր էին դրել՝ կարճ ժամանակաընթացքում մարզի ժողովրդագրական իրավիճակը փոխել հօգուտ ադրբեջանցիների։ Փաստորեն, սա վտանգավոր մի քայլ նահանջ էր և առավել լարված իրավիճակ ստեղծեց մարզում։

Ելնելով դեպքերի զարգացման նման ընթացքից՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհուրդը 1989թ դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին688։ Այս որոշու­մը ոչ միայն արտահայտում էր մարզի հայ բնակչության իղձերն ու ցանկություններն, այլև որոշակիորեն ապահովում է նրա անվտանգությունը։ Հայտնի է, որ մինչ այդ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից հանրապետության ինքնիշխանության մասին օրենք էր ընդունել, ըստ որի՝ Ադրբեջանը իրեն իրավունք էր վե­րապահում Լեռնային Ղարաբաղը իր հետ միասին դուրս բերելու ԽՍՀՄ կազմից։

Ադրբեջանը մեկ անգամ ևս հավաստեց իր անհանդուրժողական դիրքորոշումը Արցախյան շարժման նկատմամբ և շարունակեց ահաբեկչական քաղաքականությունը։ Ադրբեջանի ազգայնամոլ ազ­գային ճակատի ավազակախմբերի զինված հարձակումները հայ­կական գյուղերի ու քաղաքների վրա հաճախակի դարձան։ Ներքին գործերի ստորաբաժանումների սանձարձակ բռնությունները օրե­ցօր բացահայտ բնույթ էին կրում։ Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակումը սաստկացավ։ Իրանից զենք տեղափոխելու նպատակով Ադրբեջանա-իրանական սահմանում 800կմ երկայնքով ավերվե­ցին ինժեներա-տեխնիկական կառույցները։ Հակահայկական հիստերիայի մոլուցքով բռնված Ադրբեջանի ժողովրդական ճակատը հանրապետության իշխանությունների հետ միասին 1990թ հունվարի 13-ին Բաքվում սկսում են հայ բնակչության ջարդեր, որը դարձավ Ադրբեջանում հայաջինջ քաղաքականությունը ավարտին հասցնելու վճռական փուլը։ Մի քանի օրվա ընթացքում զինվորական ստորաբաժանումների աջակցությամբ բռնի կերպով տեղահանվեցին Խանլարի շրջանի մի շարք հայկական գյուղերի բնակիչները։

Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված ընդհարման իրական սպառնալիք էր ստեղծում։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 1990թ. հունվարյան դեպքե­րի կապակցությամբ արտակարգ դրություն մտցվեց Լեռնային Ղարաբաղում (1990թ հունվարի 15), ինչպես նաև Հայկական ԽՍՀ-ի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մի քանի շրջաններում։ Հավասարության նշան դրվեց ինքնապաշտպանության դուրս եկած հայազգաբնակչության, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանում կատարված վայ­րագությունների կազմակերպիչների միջև։ Մարզում զինվորական բռնապետական դիկտատուրայի հովանավորությամբ գաղութատիրական իշխանություն է ստեղծել հանրապետական կազմկոմի­տեն։ Սաստկացվեցին մարզում հայ բնակչության նկատմամբ խորհրդային բանակի կողմից իրականացվող անզուսպ կամայականությունները։ Երկրամասում ստեղծվեց անիշխանության տեռո­րի և վախի մթնոլորտ։ 1991թ ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, Պետական անվտանգության կոմիտեի ուժերի աջակցությամբ ու եռանդուն մասնակցությամբ, ադրբեջանական հրոսակախմբերը հայաթափեցին մարզի 24 հայկական գյուղեր։ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության 1990թ ապրիլի 21-ի հրամանագրով մասնակի փոփոխություններ մտցվեցին ինքնավար մարզի վարչատարածքային բաժանման մեջ։ Արագացվեցին ապօրինի շինարարության տեմպերը ադրբեջանական գյուղերում։ Երկ­րամասում խստիվ գրաքննություն սահմանվեց, երկար ժամանակ չէին գործում մարզային ու շրջանային հայկական թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն (դրա փոխարեն Շուշիում տեղակայ­ված հեռուստակենտրոնը լսված ու չլսված լուտանքներ էր թափում հայերի գլխին)։ Անհիմն կերպով ձերբակալվում և բանտերն էին նետվում շարժման բազմաթիվ ակտիվիստներ։

Հրապարակայնորեն քամահրանքի էին ենթարկվում հասարակության, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդական պատգամավորների բողոքները։ Հուսահատության հասած արցախահայությունը, օտարների հովանավորության պատրանքը թոթափելով, իր սեփական բախտը կռելու վճռականությամբ զենքի դիմեց։ Ինքնապաշտպանության մղումով ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատնե­րը, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղում արժանի հակահարված տվեցին թշնամուն։

Մարզի հայ բնակչության համառ կամքից ու անհնազանդությու­նից գազազած ԽՍՀՄ ղեկավարների հետ միակամ Ադրբեջանի իշ­խանությունները ստոր դավեր նյութեցին և ոճիր գործեցին ինքնորոշման սահմանադրական ուղու վրա կանգնած արցախահայության նկատմամբ։

1991 թ. մայիս և հունիս ամիսներին ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները խորհրդային բանակի զորքերի հետ համատեղ իրականացրին «Օղակ» ռազմագործողությունը։ Մարտական ուղղաթիռների, հրասայլերի և զրահամեքե­նաների ուղեկցությամբ «անձնագրային ռեժիմի ստուգման» ու «հայ գրոհայիններին զինաթափելու» պատրվակով հարձակվեցին Գետաշենի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի գյուղերի վրա։ Հատկապես թեժ մարտեր բորբոքվեցին Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում։ Սակայն ուժերը անհավասար էին…

Պատմական Արցախը հայաթափ անելու միջոցով նրա տարածքին վերջնականապես տեր դառնալու գործընթացը հաղթա­կան ավարտին հասցնելու հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղի հայության բնաջնջումն էր։ 1991 թ. հունիսին հիմնահատակ կոր­ծանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, սպանվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր կանայք, երեխաներ, ծերունիներ։ Պատանդ տարվեց ավելի քան 700 մարդ, որոնց կտտանքների են ենթարկել Ադրբեջանի բանտերում։ Հազարավոր մարդիկ ստիպված լքեցին իրենց պապենական բնօրրանը։

Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»689։ Դրանով արցախահայությունը նորից հաս­տատեց ազատության համար մինչև վերջ պայքարելու իր վճռականությունը։ Իրողությունը սրերով ընդունեց Ադրբեջանի ղեկավարությունը։ Արդեն նշմարելի էր դառնում վերահաս լայնամասշտաբ պատերազմի ուրվականը։ 1991 թ. նոյեմբերից զինված ագրեսիա սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։ Առաջին անգամ հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա կիրառվեց միջազգային համաձայնագրերով արգելված մասսայական ոչնչացման զենք։

Առճակատման խորացմանը զուգընթաց քաղաքական արմատական փոփոխություններ կատարվեցին նաև ԽՍՀՄ-ում։ 1991 թ. դեկտեմբերի 8-ին Բելոռուսի մայրաքաղաք Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական խոշոր պետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսը ստորագրե­ցին համաձայնագիր, որով հայտարարեցին ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի և աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման մասին690։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովը ստիպված էր հրաժարական տալ։ Ի դեմս նրան Ադրբեջանը կորցրեց իր ամենահզոր հովանավորին։ Ադրբեջանը երես առ երես մնաց ազատության ուղին բռնած ու հետադարձի կամուրջները վառած Ղարաբաղի հայության հետ։ Իր ազատությունն ու իրավունքները զենքի ուժով պաշտպանելու ընդունակ արցախահայությանը հաջողվեց խուսափել սահմանադ­րական առճակատումից Ադրբեջանի հետ, նրա կազմից դուրս գալու և իր անկախության հաստատման ժամանակ ու հետևել ԽՍՀՄ Օրենսդրությանը և միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

Արցախահայության պետականության վերականգնման ճանապարհին կարևոր քայլ էր հանդիսանում 1991թ. դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեն։ Հարցման ենթարկվածների 99.89 տոկոսը արտահայտվեց ԼՂՀ հռչակման օգտին691։

1991 թ. վերջերին անցկացրին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին ընտրությունները։

1992թ. հունվարի 8-ին պատմական գիտությունների թեկնա­ծու, 33-ամյա Արթուր Մկրտչյանը ընտրվեց ԳԽ առաջին նախագահ։ Այնուհետև կազմավորվեցին գործադիր և դատական մարմինները։ Վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը (ներկայումս ԼՂՆ ԱԺ նախարար)։

Այդ օրերին զինված ընդհարումները առավել հաճախակի էին դառնում։ Նշմարելի էր մեծամասշտաբ պատերազմի ուրվականը։ 1991 թ. նոյեմբերին «Կոմանդոսի»՝ Արկադի Թադևոսյանի գլխավորությամբ առաջին անգամ ինքնապաշտպանական ջոկատները հարձակվեցին և Հադրութի շրջանի Տող գյուղը մաքրեցին ՕՄՕՆ-ականներից։ Գործողությունների նմանօրինակ արագաթափ զարգացումը հուշեց, որ նորընծա հանրապետությանը մոտալուտ արհավիրքներին դիմակայելու համար անհրաժեշտ էր առանձին-առանձին գործող ֆիդայական ջոկատներից ստեղծել մարտունակ բանակ։ Ու սկսվեց գրվել մարտական փայլուն կենսագրություն, որի առաջին էջը դարձավ Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի վերացման ռազմական գործողությունների հաջող իրականացումը։ Դաժան մարտերից հետո (1991թ. դեկտեմբերի 28-ից մինչև 1992թ. հունվարի 26-ը) ազատագրվեց Ստեփանակերտի արվարձան Կրկժանը։

Թիկունքն ապահովելու նպատակով խնդիր դրվեց առաջին հեր­թին երկրամասը մաքրել ավազակախմբերի հենակետեր դարձած ադրբեջանական բնակավայրերը։ 1992թ. փետրվարի 10-ից 11-ը թշնամուց ազատագրվեց Մալիբեկլուն։ Անհրաժեշտ էր վնասազեր­ծել Ստեփանակերտը Մարտունու շրջանի հետ կապող ճանապարհի վրա դարանակալած, ՕՄՕՆ-ականների որջի վերածված Ղարադաղլուն, որի ռազմագործողությունը սկսվեց փետրվարի 17-ին և փայլուն ավարտ ունեցավ փետրվարի 18-ին։ Մարտունիում տեղակայված ինքնապաշտպանական ջոկատների հիմնական ուժերը տեղափոխելով շրջանի արևելյան հատվածը՝ ոչնչացվեցին Ֆիզուլու շրջանի Վեյսալլու գյուղի կրակակետերը[12]։ Արցախի ինքնապաշտպանական ուժերը 1992թ. փետրվարի 26-27-ը ազատագրեցին Բաքվի կողմից քաղաքի կարգավիճակ շնորհված և արդեն ԼՂԻՄ-ի վարչական կենտրոն համարվող Խոջալու գյուղը։

1992թ. մայիսի 7–ի գիշերվա ժամը 3-ին սկսվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը։ Դրան նախորդել է Կրկժանի, Ղայբալլու-Ջանհասան-Քյոսալար, Լիսագոր-Զարուսլու ուղղու­թյուններով ԼՂ ինքնապաշտպանական ուժերի շտաբի մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքը։ Հայ ազատամար­տիկների անկոտրում կամքի շնորհիվ հաջողվեց 2 օրվա ընթացքում կոտրել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշի բերդ-քաղաքը։ Գերի հանձնված ռուս սպաները լավ են ասել, որ Շուշին կարող է հանձնել միայն թուրքը։ Շուշին իր պատմության մեջ մեր ժողովրդի համար երկու անգամ ճակատագրական դեր է խաղացել։ Երկու և կես հարյուրամյակ առաջ Մելիք-Շահնազարը, այն Փանահ խանին հանձնելով, Արցախի մարգարիտը վերածեց հայի դժոխքի, իսկ 1992թ. մայիսի 9-ը կդառնա համահայկական վերածննդի նախերգանքը։

Ադրբեջանցիները ընթացքից փորձեցին շտկել իրավիճակը։ Մայսի 10-ից նրանք մարտական գործողություններ են սկսում Ղարաբաղի հարավ-արևելյան սահմանի երկայնքով՝ Մարտակերտից մինչև Հադրութ։ Առանձնապես կատաղի մարտեր են տեղի ունենում Ասկերանի շրջանում։ Գործի դրվեցին մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Առանձնապես հակառակորդը Ասկերանի ճակատից ջղաձիգ փորձեր էր կատարում օգնության հասնելու յուրայիններին։ Պատահական չէր, որ Շուշիի առումից երկու օր հետո էլ Ադրբեջանի մասսայական տեղեկատվության միջոցները իրենց ցեղակիցներին ստահոդ լուրերով էին կերակրում, որ իբր քաղաքը գտնվում է իրենց ձեռքին, մինչդեռ գերությունից ազատված Ղազանչեցոց եկեղեցում հայորդիները մոմեր վառելով աղոթում էին աստվածահաճ այդ հաղթանակի համար։

Պետք է նշել, որ ադրբեջանցիներին հաջողվեց մայիսի 10-ին գրավել Ասկերանի շրջանի Աղբուլաղ, Նախիջևանիկ, Փիրջամալ, Արամզամին և Միրզաբույն գյուղերը՝ թուրքավարի հրո ճարակ դարձնելով դրանք։ Սակայն դա մի պահ էր, հայկական ուժերը ուշ­քի գալով հետ շպրտեցին թշնամուն։

Դեռ ավելին, մայիսի 16-18-ը ԼՂ ինքնապաշտպանական զո­րամասերը ազատագրեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինն ու նրա շրջակա գյուղերը։ Ավարտվեց արցախյան պատերազմի առաջին փուլը։ Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը մաքրվեց թշնամուց։ Կյանքի կոչվեց երկու հայկական հանրապետություններն իրար կապող ճանապարհը, որը ընդունված է կոչել նաև «հումանիտար միջանցք»։ Ոգևորված այս հաջողություններով, արցախյան բանակը, որի անձնակազմը բավականին հոսուն էր, ինքնահանգստացման խոր թմբիրի մեջ մտավ։ Մինչդեռ անարգ թշնամին նոր դավեր էր նյութում։ Կրկին կյանքի կոչվեց թուրքական գործելակերպը, այն է, ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելը։

Օգտագործելով Գյանջա քաղաքում տեղակայված նախկին խորհրդային IV բանակի ուժերը՝ հունիսի 12-ին ազերի զորամիավորումները լայնածավալ հարձակման անցան ԼՂ հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան սահմանների ամբողջ երկարու­թյամբ՝ Հադրութից մինչև Շահումյան։ Թշնամուն հաջողվեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր։ Սկսեց հայոց նոր գողգոթան։ Փախստականների քարավանը, տեղի և անտեղի, վախի ու սարսափի հիստերիան փոխանցելով հարևան բնակավայրերին, բռնել էին Շահումյանից Ստեփանակերտ և այնտեղից էլ Երևան ձգող ճանապարհը։ Շշմեցուցիչ հարվածից ուշքի գալով՝ Արցախի ինքնապաշտպաններին հաջողվեց կարճ ժամանակահատվածում՝ հուլիսի 11-22-ը թշնամուց ետ խլել Կուսապատ, Սեհմանա, Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մոխրաթաղ, Հաթերք, Զարդախաչ, Իմերեթ Քերեվենդ, Չափար գյուղերը։ Սակայն օգոստոսին վարձկան զորամիավորումների և զրահատեխնիկայի նոր համալրումներ ստանալով՝ հակառակորդին հաջողվեց նորից տիրանալ Մարտակերտի շրջանի նշ­ված գյուղերին։ Երկու կողմերից ճնշում էր գործադրվում Լաչինի միջանցքի վրա։ Այնքան դժվարությամբ ձեռք բերված կյանքի ճանապարհի գոյությունը վտանգի տակ դրվեց։ Այդ ամենին համընթաց Ադրբեջանի լրատվական աղբյուրները եթերը հեղեղել էին հակահայկական պրոպագանդայով ազերի ասկյարների «հերոսական սխրանքների» խրախճանքի պատումներով, երբեմն էլ ցանկալին հրամցվում էր իրականության տեղ։

Դեպքերից առաջ անցնելով՝ ասենք, որ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի հեռուստատեսությամբ հաղորդվեց ի լուր բոլորի, որ իբր այդ օրը գրավվել է անառիկ ամրոց Մարտունի շրջկենտրոնը և Խոջավենդի բնակիչները նորից կարող են ետ վերադառնալ իրենց օջախները։ Դրությունը օրհասական էր։ Ստեղծված իրադրությունը պահանջում էր ուժերի առավելագույն լարում և ինքնապաշտպանության ջոկատների գերհամախմբվածություն։ 1992 թ. օգոստոսի 13-ին հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն692 և մասնակի զորահավաք։ Իսկ օգոստոսի 15-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որը գլխավորեց Ռ. Քոչարյանը։

Վերախմբավորելով իր ուժերը՝ ԼՂ ինքնապաշտպանության բանակը կարողացավ թշնամու բազմահազար հրոսակներին կանգնեցնել Կիչան գյուղի ռազմական բնագծում։ Հակառակորդի առաջ­խաղացումը կասեցվեց, որին հաջորդեց ղարաբաղյան զորամիավորումների կտրուկ հակահարձակումը։

Սեպտեմբերի սկզբներին ազատագրվեցին Խրամորթ, Դահրազ, Նախիջևանիկ, Աղբուլաղ, Արանզամին, Փիրջամալ գյուղերը։ Հոկ­տեմբերի 2-ին Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ջոկատները սրընթաց գրոհով թշնամուց մաքրեցին Մուղանլու, Կուրապատկինո և Ամիրանլար գյուղերը։ Նոյեմբերին արցախյան ազատամարտիկներն իրենց օգտին գրանցեցին նոր հաջողություններ։ Ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Կոճողոտ, Հարությունագոմեր, Չլդրան, Պողոսագոմեր գյուղերը, խփվեց թշնամու երեք ռազմական ինքնաթիռ։ Լաչինի միջանցքի հյուսիսային մասում ինքնապաշտպաներն ամրապնդեցին Հայի բազար, Լուլիդազ, Ղոզլու և Դարաջանլի գյուղերում693։

1993 թ. փետրվար-մարտ ամիսներին մարտական գործողությունները նոր թափով վերսկսվեցին Մարտակերտի շրջանի տարածքների հետագա ազատագրման և Ադրբեջանի զինված ուժերի Լաչին-Քելբաջարյան խմբավորման ջախջախման ուղղությամբ։ 1993 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ը ղարաբաղյան ուժերի ճնշ­ման տակ հակառակորդը ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի տարածքները։

Հայկական զորամասերի հանդուգն գործողությունները խու­ճապ են առաջացնում թշնամու ճամբարում։ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ, որ հայերի հետագա հարձակումները լցնում են Թուրքիայի համբերության բաժակը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժեց Թուր­քիայի ներկայացուցչի առաջարկությունը՝ Քելբաջարյան ռազմագործողությունը որակելու որպես ագրեսիա։ Շուտով ռուսական կառավարության բռնած կոշտ դիրքը ամեն ինչ դրեց իր տեղը. քաշվեց Թուրքիայի սանձը։

Ադրբեջանը նորից ստիպված էր ուտել իր բրդածը։ Լարվածու­թյան ուժեղացում նկատվեց նաև հարավ-արևելյան ռազմաճակատում։ Հադրութի և Մարտունու պաշտպանական շրջանների զորամասերը դիմագրավելով հակառակորդի կողմից ձեռնարկված հար­ձակման բոլոր փորձերը, անցան հակահարձակման և վերացրին Ղաջար, Գովշաթլու, Դիվանլար բնակավայրերում տեղակայված կրակակետերը։

Հուլիսի 12-ին երկրորդ, երրորդ, հինգերրորդ պաշտպանական շրջանի ուժերի մի մասը և կենտրոնական ուղղության զորամասերը սկսեցին Մարտակերտ քաղաքի ու շրջանի ազատագարման խոշորամասշտաբ գործողությունը։ Համառ մարտերից հետո հայկական զորամասերը դուրս եկան Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ Մարտական գործողություններ ծավալվեցին նաև Մարտու­նու, Կուբաթլուի և Ջեբրայիլի շրջաններում։ Այստեղ ձգվեցին հակառակորդի ուժերի զգալի մասը, դրանով իսկ բարենպաստ պայ­մաններ ստեղծվեցին գլխավոր խնդիրն ավարտելու՝ Մարտակերտի վրա վերահսկող հակառակողի ջախջախման, քաղաքին տիրելու և գլխավոր ուժերը Խրամորթ-Բոյահմեղլի-Փափռավենղ-Մարտակերտ-Մաղաղիս բնագիծը դուրս բերելու համար։

Ռազմաճակատում կրած անհաջողությունը ավելի սրեց Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։ Դեպքերի իրական զարգացու­մը ցույց էր տալիս, որ հեղաշրջումն այստեղ անխուսափելի է։ 1993 թ. աշնանը Ադրբեջանի նախագահ էլչիբեյին փոխարինելու եկավ Հեյդար Ալիևը։

Թիթեռնիկի կյանքով Ադրբեջանի մյուս նախագահների նման Ալիևը նույնպես փորձեց ուժի դիրքից «դաս տալ» հայերին։ Մանրակրկիտ ձևով նախապատրաստվեց վճռական գրոհի։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հյուսիսային Կովկասից, Միջին Ասիայից, Աֆղանստանի մոջահեղներից վարձկաններ հավաքագրելով՝ 1993թ դեկտեմբերի 18-ին ռազմաճակատի բոլոր հատվածներում՝ Օմարի լեռնանցքից մինչև Արցախի ափերը, վերսկսվեցին մարտական գործողությունները։ Առաջին օրերին ազերիները որոշակի հաջողություններ ունեցան Քելբաջարի կողմերում՝ հասնելով մինչև Թարթառի հո­վիտը, իսկ հարավում՝ ձեռք գցելով Հորադիզը։ Թշնամին ձգտում էր Արցախը կտրել կենսաապահովման համար կարևոր նշանակություն ունեցող իր երկրորդ միջանցքից։ Սակայն արցախցու հավատն ու վճռականությունը հաղթանակի հանդեպ մնաց անկոտրում։

1994 թ. փետրվարի երկրորդ կեսին սկսվեց հակառակորդի քելբաջարյան խմբավորման ոչնչացման ռազմագործողությունը։ Հաղ­թահարելով ձյունածածկ լեռնալանջերն ու կիրճերը՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 18-ին թշնամուց մաքրեցին Օմարի լեռնանցքը։ Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշ­նամին կորցրեց 5000-ից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնի­կա։ Միաժամանակ, բանակում տիրող իրական պատկերը ջախջախիչ ազդեցություն ունեցավ նաև ադրբեջանական բանակի ոգու վրա։

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի օրը, ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Դաստակերտ, Վերին Չայլու, Թալիշ, Յարմջան և Սեյսուլան գյուղերը։ Զարգացնելով մարտական գործողությունները՝ մի քանի օրում ղարաբաղյան ուժերը ոչնչացրին հակառակորդի կրակակետերը Աղդամի շրջանի Ումուդլու, Շուրաբաղ, Քեշիշբեյլի և այլ բնակավայրերում։ Մարտակերում անհաջողության մատնված գազազած թշնամին մարտ–ապրիլ ամիս­ներին խաղաղ բնակչությանը ահաբեկելու նպատակով գրոհային ինքնաթիռներով սկսեց ռմբակոծել հայկական բնակավայրերը։

Ազերիների ձմեռային արշավանքը ձախողվեց, որն էլ ստիպեց հարևան հանրապետության ղեկավարներին նստելու բանակցու­թյունների սեղանի շուրջը։ Ռուսաստանի դաշնության պաշտպա­նության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ 1994 թ. մայիսին Մոսկվայում Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի միջև բանակցությունները ավարտվեցին մայիսի 14-ից զինադադարի հաստատումով։

Բանակցությունների հենց սկզբից ադրբեջանական կողմը առաջ քաշեց իրեն ձեռնտու մի շարք նախապայմաններ։ Սակայն հանդիպելով հակառակ կողմի միանշանակ դիրքորոշմանը՝ այդպես էլ չհասավ իր նպատակին ու առանց համաձայնագիրը ստորագրելու, Մոսկվայից մեկնեց Բաքու։ Սակայն հետագայում, հուլիսի 27-ին Մամեդովը ստիպված իր ստորագրությունը դրեց հրադադարի համաձայնագրի տակ։

Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հերթական բանակցային գործընթացի փուլը։ Արցախահայությունը, իր կամքի, համառության ու համախմբվածության շնորհիվ լուծելով իր հիմնահարցը, ձեռնամուխ է լինում իր նորօրյա պետականության կերտման գործին։ Դրա առհավատչյան է հանդիսանում նաև 2002 թվականի օգոստոսի 11-ի նախագահական ընտրությունները։ ԼՂՀ նախազահ վերընտրվեց Ա.Ա.Ղուկասյանը։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ 1920-2002 ԹԹ

Լեռնային Ղարաբաղում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հասարակական, քաղաքական կյանքին համարժեք ստեղծ­վեց կրթական և մշակութային նոր համակարգ։ Ժողովրդական կրթության ընդհանուր ղեկավարությունը դրվում է լուսավորության պետական հանձնաժողովի վրա, իսկ տեղերում՝ հեղկոմներին կից, ստեղծվեցին լուսավորության բաժիններ, որոնք հետագայում դար­ձան բանվորների և գյուղացիների դեպուտատների գավառային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ժողովրդական կրթության բաժիններ։

1923թ. հոկտեմբերի 5-ին ստեղծվեց ԼՂԻՄ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որը 1929թ. մարտին վերանվանվեց մարզային խորհրդի ժողովրդական կրթության բաժին։ ԼՂԻՄ առաջին լուսժողկոմիսար է նշանակվում Արշավիր Քամալյանը։

Վերացվեց դպրոցների բազմատիպությունը։ Եկեղեցու իրավասության տակ գտնվող բոլոր ուսումնական հաստատությունները տրվեցին լուսժոկոմատի իրավասությանը։ Արգելվում էր դպրոցներում կրոնի դասավանդումը։ Ժողովրդական կրթության վերականգ­նումը տեղի էր ունենում չափազանց ծանր պայմաններում։ Ազգամիջյան ընդհարումների ժամանակ ավերվել էին դպրոցական շենքերից շատերը, եղածներն էլ ապահովված չէին նյութական միջոց­ներով, չկային ուսուցչական համապատասխան կադրեր։

1924թ. տվյալներով 6100 աշակերտի համար եղած 1500 նստարանների մեծամասնությունը անպիտան էր, 102 դպրոցներից 33-ն էր տեղավորված սեփական կամ ազգայնացված շենքերում, իսկ այդ շենքերից միայն 23-ն էր գտնվում բարվոք վիճակում։ Դպրոցնե­րում ընդգրկված էր 8-15 տարեկան երեխաների հազիվ 30 տոկոսը694։

Չնայած ծանր պայմաններին՝ կրթության և գիտության հարգն ու արժեքը իմացող արցախցին իր սուղ միջոցներից բաժին էր հանում երկրամասում դպրոցական կյանքի կարգավորմանն ու աշխուժացմանը։ Մարզային լուսբաժնի վարիչ Ա․Քամալյանի 1923թ. նոյեմբերի զեկուցագրում կարդում ենք. «Դպրոցների վերանորոգությունները անհնար կլիներ բաժնիս հատկացրած նյութական միջոց­ներով կատարել, եթե օգնության չգային մեզ իրենք՝ գյուղացիները։ Այսպես օրինակ, այդ գործում մեզ շատ ու շատ նպաստել են Վարանդայի, Խաչենի, Դիզակի շրջանները, որտեղ համարյա թե գյու­ղացիների ջանքերով կանոնավորվեցին դպրոցական շենքերը, այդ վերանորոգումները արվում են գյուղացիների միջոցով, նաև մի­տինգների և ժողովների շնորհիվ դպրոցական գործը դարձել է ժողովրդական»695։

1927թ. մինչև 1930թ. գյուղացիների միջոցներով մարզում կառուցվել են 30 նոր դպրոցներ696։

1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում գործում էին աշխատանքային միասնական դպրոցի երկու տիպ։ Ա աստիճանի աշխատանքային դպրոց՝ 5-ամյա դասընթացով, և Բ աստի­ճանի աշխատանքային դպրոց՝ 4-ա մյա դասընթացով697։

ԼՂԻՄ-ում ժողովրդական կրթության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ անցումը ընդհանուր պարտադիր տարրական ուսուցմանը։ 1930-31 ուսումնական տարվանից մարզի բոլոր բնակավայրերում մտցվում է ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում՝ 8-11 տարեկան բոլոր երեխաների համար։ Արդյունքում՝ 1932/33 ուսումնական տարում մարզի առաջին աստիճանի դպրոցներում ընդգրկվեց 30567 երեխա698։

Հայրենական մեծ պատերազմից առաջ ավարտվեց անցումը նաև ընդհանուր և պարտադիր յոթնամյա կրթության։ Դպրոցական նոր համակարգը պահանջում էր ունենալ գրագետ ուսուցչական կադրեր։ Այդ նպատակով 1921-22 ուսումնական տարում Շուշիում բացվում է մանկավարժական ուսումնարան երկու բաժիններով՝ հայկական և ադրբեջանական։

1923թ. մանկավարժական տեխնիկում բացվեց Հադրութում, իսկ մանկավարժական բանֆակ՝ Շուշիում699։ 1926թ. ԼՂԻՄ լուսժողկոմատի հրավերով Երևանից, Գյումրիից, Բաքվից, Թիֆլիսից մի քանի տասնյակ նորավարտ ուսուցիչներ աշխատանքի անցան մարզի դպրոցներում700։ Միաժամանակ ամեն տարի Ստեփանակերտում կազմակերպվում էին մանկավարժական դասընթացներ։

Դժբախտաբար խորհրդային իշխանությունը ոչ բոլոր ուսուցիչ­ների նկատմամբ ցուցաբերեց հանդուրժողական վերաբերմունք։ Այս բնագավառում նույնպես առաջնորդվում էին դասակարգային մոտեցմամբ։ Համալսարանական կրթությամբ, ունևոր ընտանիքներից սերված անձնավորություններին և ուսյալ հոգևորականությանը արգելում էին աշխատել դպրոցներում։ 1924թ. օգոստոսի 10-ին մարզգործկոմի և մարզկոմի համատեղ նիստում, անդրադառնալով այդ հարցին, մարզի ղեկավարությունը անհրաժեշտ գտավ ուսուց­չության շրջանում կատարել զտում։ Լուսժողկոմատի որոշմամբ վերանայվեց մարզի ուսուցչական կադրերի կազմը, և ազատվեցին 20-ից ավելի «անկայուն ուսուցիչներից»701։

Նմանօրինակ ծայրահեղ խոտորումները հետագա տարիներին աստիճանաբար հաղթահարվեցին և այդ բնագավառը մտավ բնականոն հունի մեջ։

Մշակութային կյանքում խորհրդային իշխանության ամենամեծ նվաճումներից մեկը համարվում է բնակչության զանգվածային անգրագիտության վերացումը։ Կառավարությունը սահմանել էր յուրաքանչյուր մարզի, երկրամասի և հանրապետության համար անգրագիտությունը վերացնելու ժամկետներ։ Այդ աշխատանքների ղեկավարումը դրվեց անգրագիտության վերացման համար հատուկ ստեղծված արտակարգ հանձնաժողովի վրա։

Խրճիթ-ընթերցարաններին, ակումբներին, գյուղխորհուրդներին, ուսումնական հաստատություններին կից ստեղծվում են անգ­րագիտության վերացման կայաններ։ Մինչև 1930 թվականը մարզում գործող 450 լիկկայաններում սովորել է 30000-ից ավելի մարդ702։

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին մարզի բնակչության մեծամասնությունը գրագետ էր։ Այս գործում մեծ էր մարզի ուսուցիչների դերը։

1950-80-ական թվականներին որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին ԼՂԻՄ-ում ժողովրդական կրթության համակարգի կատարելագործման բնագավառում։ Այդ ասպարեզում գլխավոր նվաճումներ էին ոչ լրիվ միջնակարգ կրթության փուլի ավարտումը և աստիճանաբար պարտադիր միջնակարգ կրթության անցները։

1923թ. մարզում գործում էր 104 դպրոց, 1940թ՝. 213, իսկ 1982թ՝. 183 դպրոց703։ Թվերը վկայում են, որ վերջին տասնամյակներին դպրոցների թիվը պակասում էր։

20-ական թվականներին ստեղծվեցին նոր տիպի դպրոցներ՝ բանֆակներ, որոնք զգալի դեր կատարեցին արտադրության մեջ աշխատող բանվորներին միջնակարգ կրթություն տալու, ինչպես և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու գործում։

Նշված ժամանակահատվածում մարզի մի շարք խոշոր գյուղե­րում բացվում են գյուղերիտ դպրոցներ, որոնք ընդհանուր գիտելիքներ տալուց բացի սովորողներին ծանոթացնում էին գյուղատնտեսության հիմունքներին։

Բացի հանրակրթական դպրոցներից մարզում գործում էին նաև ուսումնարաններ ու տեխնիկումներ։ 1920-ական թվականներին ԼՂԻՄ-ում ստեղծեցին առաջին միջնակարգ տեխնիկական հաստատությունները՝ ինդուստրիալ, գյուղատնտեսական, մանկավարժական, կերպարվեստի տեխնիկումներ։ 1930-ական թվականներին մարզում կար 6 տեխնիկում, մոտ 2000 սովորողներով704։

Դրանց մի մասը 30-ական թվականներին դադարեցրին իրենց գործունեությունը։ 1980- ական թվականներին ԼՂԻՄ-ում գործում էին 5 արհեստակցական-տեխնիկական ուսումնարան, 2 երաժշ­տական ուսումնարան, 1 բժշկական և 1 կուլտուր-լուսավորական ու­սումնարան, 2 գյուղատնտեսական տեխնիկում705։

Ուսումնական այդ հաստատությունները ժողովրդական տնտեսու­թյանը տվեցին միջին որակավորման հարյուրավոր մասնագետներ։

Շատ կարճ ժամանակում մեծ առաջընթաց ունեցավ հատկապես Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1923 թվականից մինչև 1993թ. տեխնիկումը թողարկել է 6821 շրջանավարտ706։ Նրանցից ոմանք դարձան անվանի գիտնականներ, այդ թվում ակադեմիկոս Արտաշես Առաքելյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գուրգեն Քամալյանը, Գուրգեն Շաքարյանը, Միքայել Առաքելյանը, Երեմ Սաֆարյանը, Վերդի Հակոբյանը, Գեորգի Հակոբյանը, տնտեսագիտության դոկ­տոր Հրաչիկ Փարամազյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Սուրեն Բարխուդարյանը և ուրիշներ։

Ուսուցչական կադրերի կատարելագործման ու մարզի ուսուցիչ­ներին մեթոդական օգնություն ցույց տալու համար 1963թ. Ստեփանակերտում բացվել էր ուսուցիչների կատարելագործման մարզային ինստիտուտը, որն ուներ 17 կաբինետ։ Ամեն տարի կատարելագործման ինստիտուտի դասընթացներով անցնում էին 200-ից ավե­լի ուսուցիչներ։ Այս գործում կարևոր դեր կատարեց նաև Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտը։

ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների մաս­նագետների պատրաստման գործում մի նոր էջ գրեց Արցախի պետական համալսարանը։

1969թ. Ադրբեջանի կառավարության որոշմամբ փակվեց Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայ­կական բաժինը և տեղափոխվեց Ստեփանակերտ, սակայն, արդեն երեք բաժիններով՝ հայկական, ադրբեջանական, ռուսական։ Փաս­տորեն, դա նշանակում էր հայաշունչ Բաքվից օտարել հայոց լեզուն, իսկ Ղարաբաղում նախադեպ ստեղծել ադրբեջաներենի մասսայականացման և ազերի մտավորականության արմատավորման համար։ Նման ձևով հիմնվեց Ադրբեջանի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը։ Դրա հիման վրա 1974թ. ստեղծվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Արցախյան շարժման տարիներին՝ 1989թ. այն դարձավ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բաժանմունք։ Ղարաբաղյան պատերազմի թեժ պահին՝ 1992թ., արցախահայությունը, հավատարիմ իր լավագույն ավանդույթներին, վերոհիշյալ բուհի և Հայաստանի ճարտարագի­տական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հիմքերի վրա հիմնադրեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը։ 1995թ. բուհը վերանվանվեց Արցախի պետական համալսարանի։ ԽՍՀՄ փլուզումից և ԼՂՀ հռչակումից հետո սկսվեց դպրոցական կրթության կատարելագործման ուղիների որոնում։ Մշակվում են ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվում ուսումնական նոր ծրագրեր և դասագրքեր։ ԼՂՀ ԱԺ ընդունած օրենքով հայ երեխաները պիտի սովորեն հայկական դպրոցներում, միաժամանակ կրճատվեց ռուսական դպրոցների թիվը։ 2000-2001 ուսումնական տարում ԼՂՀ–ում գործել են 216 դպրոցներ։

Սակայն ներկայումս տնտեսության մեջ տիրող ճգնաժամային իրավիճակը արգելակում է կրթական կյանքի զարգացմանը։ Դպրո­ցահասակ երեխաների կրթության ու դաստիարակության բնագավառում ձեռք բերված հաջողություններին զուգահեռ որոշակի աշ­խատանքներ կատարվեցին նաև նախադպրոցական հիմնարկների կազմակերպման ու սպասարկման ուղղությամբ։ 1988թ. մարզում գործում էր 98 մանկապարտեզ707։

Խորհրդային իշխանության տարիներին ԼՂԻՄ միջնակարգ դպրոցները ավարտած հարյուրավոր շրջանավարտներ, բարձրագույն կրթություն ստանալով միութենական հանրապետությունների քաղաքներում, դարձան ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների որակյալ մասնագետներ։ Նրանց մի մասը դար­ձան աշխարհահռչակ գիտնականներ։

Արցախ աշխարհը հանդիսանում է հայ գիտության ու լուսավո­րության այն շտեմարանը, որ տվել է գիտնականների փայլուն համաստեղություն՝ Լեո, Աշոտ Հովհաննիսյան, Առաքել Առաքելյան, Արսեն Տերտերյան, Անդրանիկ Ճաղարյան, Անդրանիկ Իոսիֆյան, Ռաֆայել Մայիլյան, Արմեն Թախտաջյան, Արտյոմ Սարգսյան, Սամվել Գրիգորյան, Բագրատ Ուլուբաբյան, Իվան Կնունյանց, Նիկոլայ Ենիկոլոպով։ Այս շարքը կարելի է շարունակել։ Միայն 80-ական թվականներին գործում էին ԽՍՀՄ գիտությունների ակադե­միայի և միութենական հանրապետությունների գիտությունների ակադեմիաների 23 իսկական անդամներ, գիտությունների ավելի քան 115 դոկտոր708։

Քննարկվող ժամանակահատվածում ուշադրություն էր դարձ­վում գեղարվեստական խոսքի զարգացմանը։ 1928թ. մարտին կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի գրողների ասոցիացիան, որը Հայրենական Մեծ պատերազմից հետո վե­րանվանվեց գրողների մարզային բաժանմունքի։

Երեսունական թվականներին տպագրվել են Հակոբ Աթալյանի, Աշոտ Ուլուբաբյանի, Իսրայել Պետրոսյանի, Գր. Մովսիսյանի, Արմո Խաչումյանի և ուրիշների ստեղծագործությունները։

1960-ական թվականներից առ այսօր իրենց ստեղծագործություններով աչքի ընկան բանաստեղծներ Ս.Խանյանը, Վ. Հակո­բյանը, Գ. Գաբրիելյանը, Հր. Բեգլարյանը, Ա. Հովհաննիսյանը, Ռ.Եսայանը, արձակագիրներ Վ. Օվյանը, Ի. Ալավերդյանը, Մ. Հով­հաննիսյանը, Կ. Դանիելյանը։

Կոմունիստական գաղափարախոսության հեղձուցիչ մթնոլոր­տը զրկեց գրողներին ազատ ստեղծագործելու հնարավորությունից։ Պրոլետարական ինտերնացիոնալիզմի, սոցիալիստական ապրելակերպի պարտադիր գովերգումն ու կոմունիզմ կառուցողի գաղափարաբարոյական կերպարի կերտումը խանգարում էր գրողներին լիարժեք ներկայացնելու իրողությունը, բացահայտելու հասարակության մեջ գոյություն ունեցող հոռի բարքերն ու սովորությունները։

Գեղարվեստական խոսքի զարգացման և հասարակական կյանքի աշխուժացման համար կարևոր նշանակություն ուներ հրատարակչական գործի կազմակերպումը։ 1925թ. Ստեփանակերտում ստեղծվեց տպարան։ Հետագա տարիներին մարզի շրջկենտրոններում հիմնվեցին նոր տպարաններ։

Խորհրդային իշխանության առաջին իսկ օրերին Լեռնային Ղարաբաղում փակվեցին տարբեր կուսակցությունների, կազմա կերպությունների և հոսանքների թերթերը, ազգայնացվեցին մասնավոր տպարանները։

Փաստորեն, վերացվեց բացախոսությունը և նոր հրատարակվող թերթերում տիրում էր համատարած միակարծությունը։

1920/21 թվականներին Շուշիում լույս տեսավ «Կավկազսկայա կոմունա» թերթիկը։ 1920 թվականի հոկտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի կեսերը լույս տեսավ Ղարաբաղի արտակարգ կոմիսարիատի «Ղարաբաղի չքավորություն» պաշտոնաթերթը՝ ադրբեջաներեն լեզվով։ 1923թ. ապրիլի 4-ից Շուշիում սկսեց հրատարակվել Շուշիի գավկուսկոմի և գավգործկոմի պաշտոնաթերթ «Ղարաբաղի գեղջուկ»-ը։ Նույն թվականի ամռանը ինքնավար մարզի ստեղծումից հետո այն վերանվանվեց «Խորհրդային Ղարաբաղ» և դարձավ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի և մարզխորհրդի գործկոմի պաշտոնաթերթը։ 1980-ական թվականներին վերոհիշյալ թերթը հրատարակվում էր նաև ռուսերեն լեզվով։ «Խորհրդային Ղարաբաղ» թերթին կից լույս տեսան «Երիտասարդ լենինյան», «Կուլտարշավ», «Ղարաբաղի բատրակ» թերթիկներն ու հավել­վածները և կարճատև «Կայծ» գեղարվեստական հանդեսը։

30-ական թվականներից մինչև 80-ականի վերջերը հանդես եկան շրջանային՝ Շուշիի «Շուշա», Ասկերանի «Կարմիր դրոշ», Մարտակերտի «Բարեկամություն», Մարտունու «Աշխատանք», Հադրութի «Կոլտնտեսական» թերթերը։ Նշված ժամանակահատվածում հրատարակվում էր Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» բազմատիրաժ թերթը։

Արցախյան շարժման և ԼՂՀ կազմավորմանը զուգընթաց հրատարակչական գործը նոր թափ ստացավ։ Ստեփանակերտում գոր­ծող «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ-ի կողքին հանդես եկան «Մաշտոց», «Սոնա», «Ասպար» հրատարակչությունները։

«Խորհրդային Ղարաբաղ» թերթը վերանվանվեց «Արցախ», «ԼՂ հանրապետություն», այնուհետև «Ազատ Արցախ»։ Հանրապետության շրջաններում և քաղաքներում սկսեցին լույս տեսնել «Ստեփանակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ամարաս», «Բերդ», «Ջրաբերդ», «Մռովի ղողանջներ» թերթերը։

Արցախյան շարժման սկզբնափուլում հայրենասիրական գա­ղափարներ տարածելու նպատակով ՀՅԴ-ն հրատարակեց «Պայ­քար», իսկ հետագայում՝ «Քիրս» և «Ապառաժ» թերթերը։ Շուտով լույս տեսան նաև «Եղեցի լույս», «Տասերորդ նահանգ», «Լուսավորիչ», «Մարտիկ», «ԱրՊՀ» պարբերականները։ Թերթերից բացի հրատարակվում են «Արցախ», «Պըլըպուղի», «Գիտությունը և կր­թությունը ԼՂՀ-ում», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսները։

Հրատարակչական գործի հետ էր կապված գրադարանների ցանցի ընդլայնումը և գրքային ֆոնդի աճը։ 1924 թվականին ԼՂԻՄ կառավարության որոշմամբ բացվում է Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանը(այժմ Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան)։ Հիմնադրման առաջին տարում գրադա­րանի ֆոնդերում կար 2097 կտոր գիրք։ 2001թվականի տվյալներով գրադարանում կենտրոնացված է 170390 անուն գիրք709։

Գյուղական վայրերում հիմնվում էին խրճիթ-ընթերցարաններ։ 1983թվականին ԼՂԻՄ-ում կային 220 մասսայական գրադարաններ, որոնց գրքային ֆոնդը կազմել է ավելի քան մեկուկես միլիոն հատոր710։

Դրանց մի մասը ավերվեցին պատերազմի տարիներին։ Ներկայումս գյուղական վայրերում գործում են շրջանային 6 մշակույթի տներ, 127ակումբներ, 136 գրադարաններ, 6 երաժշտական և մեկ արվեստի դպրոցներ711։

Ակումբներին կից կան ինքնագործ խմբեր, կինոկայանքներ։ 1924 թվականից Ստեփանակերտում կազմակերպվեց առաջին կի­նոցուցադրումը։ Կինոն աստիճանաբար մուտք գործեց մարզի գյու­ղերը։ 1983 թվականին մարզում կար 195 կինոկայանք712։ Մարզում ձայնասփյուռը առաջին անգամ մուտք գործեց 1927 թվականին713, իսկ տեղական առաջին հեռուստահաղորդումները եթեր արձակվեցին 1988 թվականին։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը երկրամասի գիտական, մշակութային, ազգագրական կարևոր օջախներից է։ Այն հիմնադրվել է 1938 թվականին714։ Թանգարանի ցուցասրահներում և ֆոնդերում պահվում են հայ ժողովրդի և նրա արցախյան հատվածի նյութական ու հոգևոր մշակույթի թվով 35 հազար պատմական արժեքներ՝ սկսած վաղնջական ժամանակնե­րից մինչև մեր օրերը։ 1997թ. թանգարանի որոշ ցուցանմուշներ, հատկապես բարձրարժեք ձեռագործ գորգերը, ցուցադրվել են Փարիզում, Մարսելում, Լիոնում։

Թանգարանն իր մասնաճյուղերն ունի Շուշիում, Մարտունում, Բերդաշենում, Հադրութում, Ասկերանում, Մարտակերտում և Բեր ձորում, որտեղ գործում է նաև լավ կահավորված պատկերասրահ։ Իրենցից հետաքրքրություն են ներկայացնում Մեծ Թաղլարի օդային ուժերի մարշալ Արմենակ Խամփերյանցի (Սերգեյ Խուդյակով) և Կոլխոզաշենի հրետանու գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովի տուն-թանգարանները։ Հայ թատրոնի երկուհազարամյա պատմության մեջ իր պատվավոր տեղն ունի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Այն ստեղծվել է 1932 թվականին, որի հիմնադիրն էր հայ բեմի երախտավոր Կարո Ալվարյանը։ Սկզբում թատրոնը կրում էր Մ.Գորկու անունը715։ Իրենց անզուգական խաղով հանդիսատեսի սրտում անջնջելի հետք են թողել հայ բեմի մեծանուն երախտավորներ Սիրանույշը, Հովհ. Աբելյանը, Ժասմենը, Վահրամ Փափազյանը, Մ.Կորգանյանը, Ս.Համզոյանը։ Այսօր էլ մեծ նվիրումով շարունակում են ստեղծագործել ժողովրդական դերասաններ Գուրգեն Հարությունյանը, Միքայել Հարությու­նյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը, Ժաննա Գալստյանը, Քաջիկ Հարությունյանը։

Հայ մշակույթի ասպարեզում նշանակալից երևույթ էր նաև 1958թ. Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթի կազմակերպումը, որի հիմնադիրն էր Հայաստանի մշակույթի վաս­տակավոր գործիչ, կոմպոզիտոր Տելեմաք Տեր-Ավետիսյանը։ Համույթի կայացման գործում մեծ ներդրում ունեցան վաստակավոր դերասաններ Յուրի Դավիդովը, Աշոտ Բաբայանը, Ռոբերտ Գրիգորյանը, Նաիրուհի Ալավերդյանը։

Արցախի ազգային-ազատագրական պայքարի ամենածանր ժամանակաշրջանում՝ 1992թ. դեկտեմբերին, կազմավորվում է «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։

Մեծ հաջողությամբ գործում են «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը (1997թ.), «Վարարակն» կամերային (1990թ.) և Շուշիի «Վարանդա» մանկական երգչախմբերը, Մարտունու մշակույթի շրջանային տան «Քնար» համույթը։

Արցախահայ արվեստի վարպետները բազմաթիվ անգամ ե­լույթներով հանդես են եկել նախկին ԽՍՀՄ-ի մի շարք հանրապե­տություններում, արտասահմանյան երկրներում, հատկապես Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում։

1988թ. Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է նկարիչների միություն, որտեղ ընդգծված են 12 նկարիչներ։

Արցախահայ նկարիչների լավագույն գործերը բազմիցս ցուցադրել են ԼՂ Հանրապետությունում և արտերկրներում։ Լեռնային Ղարաբաղում զարգացում է ապրում նաև ճարտարապետությունը և քանդակագործությունը։

Արցախի ճարտարապետական գոհարներից են Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված համալիրը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության, Մարտունու, Ճարտարի, Բերդաշենի տուֆակերտ մշակույթի պալատները։ Ճարտարապետության և քանդակագործության զարգացման լուռ վկաներն են Ստեփանակերտի Ազատության հրապարակը, կենտրոնական մարզադաշտը, հուշաղբյուրները, զբոսայգիներում և փողոցներում տեղակայված հուշարձանները։ Ստեփանակերտին մի առանձնակի հմայք է հաղորդում հայտնի քանդակագործ Ս. Բաղ­դասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը, որը դարձել է Արցախ աշխարհի խորհրդանիշը։ Խորհրդային իշխանության տարիներին արցախահայության մշակութային ձեռքբերումները ավելի ծան­րակշիռ կլինեին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների ստեղ­ծած մշտական արգելքներն ու հետապնդումները։

Լեռնային Ղարաբաղը լիովին կլանելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները փորձում էին արցախահայությանը կտրել իր հոգևոր-մշակութային արմատներից։ Ադրբեջանի «գիտնականների» կողմից գործի դրվեց աղվանական «տեսությունը»716, ըստ որի՝ Արցախի ու շրջակա հայկական գավառների բնակիչներն Հայաս­տանի կողմից բռնությամբ հայացված աղվաններ են, որոնք է իրենց հերթին ներկայիս ադրբեջանական ժողովրդի անմիջական նախնիներն են հանդիսանում։ Փաստորեն, բազում դարերի ընթաց­քում արցախահյության կողմից ստեղծած մշակութային արժեքները փորձ են կատարում դարձնել աղվանական-ադրբեջանական։

1988թ. ապրիլի 27-ին Ադր.ԽՍՀ նախարարների խորհուրդն իր հ. 145 որոշմամբ աղվանական-ադրբեջանական էր հայտարարում Արցախի, Նախիջևանի, Ուտիքի և այլ տարածքներում գտնվող բո­լոր ու ամեն տեսակ հուշարձանները՝ իսպառ մերժելով նրանցից որևէ մեկի այս կամ այն առնչությունը հայ ժողովրդի հետ717։ Եվ այդ քաղաքականության շնորհիվ «Ներկայիս սերունդն արդեն հաստատապես համոզված է և այդպես էլ համարում է, որ Ղարաբաղը՝ Ադրբեջանի անբաժանելի մասն է, որ խաչքարը խաչդաշ է, հայերը եկվորներ են, անկոչ հյուրեր»718։

Չնայած ադրբեջանցիները հայ մարդու ստեղծած մշակութային արժեքները իրենցն էին համարում, բայց և այնպես, նրանց մեջ վտանգ տեսնելով, մեթոդիկ ձևով ոչնչացնում էին։ Հատկապես հիմնավեր էին արել Բաքվի, Գանձակի, Շամախու, Նուխիի, Արցախի ու Ուտիքի տարածքներում գտնվող եկեղեցիները, խաչքարերը և հայ ճարտարապետության մյուս երևելի նմուշները։

Դպրոցներում արգելված էր հայոց պատմության դասավանդու­մը։ ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, ԼՂԻՄ-ի Հատուկ կառավար­ման կոմիտեի ղեկավար Ա.Վոլսկին նշել է. «Ադրբեջանի նախկին ղեկավարությունն անվերջ ու անընդհատ մարզը մղում էր փակուղի, ջանում էր կտրել հայ բնակչության բնական կապերը Հայաստանի հետ՝ մշակույթի, լեզվի բնագավառում, հայալեզու մտավորականու­թյան դեմ կանգնեցրել էր վճռական արգելքներ։ Այս ամբողջն, իրական է։ Այս ամբողջը ճշմարիտ է»719։

Եվ դա էր պատճառներից մեկը, որ արցախահայությունը ընդվզեց բռնակալության դեմ՝ փորձելով փրկել իր բազմադարյան մշակույթն ու պահպանել ինքնությունը։
ՎԵՐՋԱԲԱՆ

Արցախցու անխորտակ նավը, անցնելով խռովահույզ օվկիանո­սը, մաքառելով չարի ու բռնության դեմ, հասավ 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը։ Դա հանգրվան է՝ նոր հորիզոններ բացելու համար։

Արցախահայությունը, իր հիշողության գաղտնարաններում սրբությամր պահպանելով Նոյի թոռ Հարեթոսյան Հայկի ավանդները, պայքարել է գոյատևման, ինքնության ու ինքնուրույնության, նախանցյալ ժամանակներում արյուն քրտինքով ստեղծած մշակութային արժեքների պահպանման համար։

Նորօրյա պետականության ստեղծման ճանապարհին, հաղթահարելով տեսանելի և անտեսանելի խութերը, ԼՂՀ-ն արդարացի պահանջատիրությամբ, կենսահաստատ, համառ ու անկոտրում դիրքորոշմամբ աշխարհի հզորներից պահանջում է հարգանքով և ըմբռնումով մոտենալ իր դատին ու պահանջատիրությանը։

Այսօր արցախցին իր խաղաղ, ստեղծագործ աշխատանքով փորձում է անմասն չմնալ համամարդկային արժեքներից՝ իրեն զգալով երկրագնդի համակեցության անբաժանելի մասնիկ։

  1. Բնակավայր և ձմեռանոց Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Տավուշ գավառում, Կուրի աջ ափին, Լոփնաս(հավանաբար հետագայի Զակամ կամ Զեկամ) վտակի գետաբերանում։ Ըստ Ղ.Ալիշանի գտնվում էր հետագայի Ելիգավետպոլի նահանգի Ձեգամի(Զագամի) շրջանի Խալխանալը (Խալիխանլի) գետի տեղում։ Ագաթանգեղոսը, Ղ. Փարպեցին, Եղիշեն հիշատակում են որպես հայ և աղվան թագավորների ձմեռանոց։ Տես Թ.Խ.Հակոբյան, Ստ.Տ.Մելիք-Բախշյան, Հ.Խ.Բարսեղյան, Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.2, Եր., 1988, էջ 631։ Հայ պատմիչներից, մանավանդ Եղիշեն Խաղխաղը Աղվանից թագավորների ձմեռանոց ասելով, մեր կարծիքով, պետք է հասկանալ Հայոց արևելից կողմանց Առանշահիկների ձմեռանոցը, քանի որ 5-րդ դարի մեր պատմիչները Աղվանք ասելով հասկացել են Կուրի աջափնյակը, այսինքն Հայոց Աղվանքը։
  2. Գավառ Մեծ Հայքի հյուսիս-արևելյան սահմանագլխին, Ալբանիա-Աղվանքի Գարդման և Տաշիր տանող ճանապարհի վրա։ Հիշատակված է Կորյունի, Փ․Բուզանդի, Մ.Կաղանկատվացու և հետագա այլ պատմիչների կողմից։ Ոմանք Բաղասականը նույնացնում են Մեծ Հայքի Փայտակարան աշխարհին։ Ավելի հավաստի է թվում Ղ․Ալիշանի և այլոց այն կարծիքը, ըստ որի Բաղասականը տեղադրվում է Կուրի ձախ ափին, նրա ստորին հոսանքում և դիտվում է որպես Ալբանիա-Աղվանքի մեջ մտնող առանձին վարչատարածքային միավոր։ Այս կարծիքը բավական հիմնավոր պատմական փաստարկներով հաստատում է Բ․ՈՒլուբաբյանը։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, 1986, էջ 571։
  3. Լփինքը բուն Աղվանքի արևմտյան մասն էր, Լոփնաս, Խորա և Ալազան գետերի ավազանը, լփնի ցեղի բնակավայրն էր։ Բուն Աղվանքի միասնական թագավորության շրջանում(մ.թ.ա. 1 դար-մթ. 5-րդ դարի առաջին կես) գտնվում էր այդ թագավորության կազմի մեջ։ Մարզպանության ստեղծումով նվաճեց կիսանկախ վիճակ, և ցեղապետն էլ իրեն հայտարարեց թագավոր։ Ղազար Փարպեցի, էջ 499-500։
  4. Այն ժամանակների բարքերին բնորոշ էր նահատակված մասունքների առուծախը։ Ղազար Փարպեցին հաղորդում է, որ մի քրիստոնյա խուժիկ առևտրական, որն առևտրական գործերով լինում էր Հայաստանի քաղաքներում և խոսում հայերեն, ականատես է լինում Ղևոնդ Երեցի և մյուս եկեղեցականների սպանություններին և նրանց ոսկորներն իբրև մասունքներ, հանձնում է Պարսկաստանի քրիստոնյա համայնքներին, մի մասն էլ բերում Հայաստան։
  5. Հոների անվանումն է, որ ապրում են Կովկասում։ Ըստ Մարկվարտի Խայլադուրք կոչվում է հոների արքայական հորդան։
  6. Բուղան Մութավաքիլ խալիֆի ստրուկներից մեկն է եղել, բայց ազատություն էր ստացել և իր հայրենակիցներից կազմված վարձկան զորքի շնորհիվ ամենակարող մարդն էր դարձել պետության մեջ։
  7. Անմատչելի բերդի մնացորդները առ այսօր պահպանվում են։ Բերդը հյուսիսային կողմից բարձր ժայռի միջով գաղտնուղիով հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ։ Բերդաշինարարները հոգացել են նաև ջրի մասին, ժայռի մեջ ստեղծել բավականին ընդարձակ ու խոր «սառնարաններ», որտեղ կուտակված ձյան պաշարները օգտագործվել են ամռան ամիսներին։ Բացի այդ, բերդավանում ստեղծվել են կալաչափ մեծությամբ ջրամբարներ, որոնք միշտ լիքն են անձրևաջրով։ Այս արհեստական լճակները պաշարված ամրոցի համար լրացուցիչ պահեստներ են եղել։ Բերդի մասին տես՝ Շ.Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Եր., 1985, էջ 90-92։
  8. Այսօր էլ անդունդի վրա կախված կառույցը զարմանք է պատճառում դիտողին։ Եկեղեցին մի ավելորդ անգամ նորից վկայում է հայ մարդու պայքարող ոգու և շինարար քանքարի մասին։
  9. «Մելիք» սեմական ծագում ունեցող բառ է, որ նշանակում է իշխանավոր, տիրակալ, թագավոր։
  10. 1691թ. Ջրաբերդ գավառի Մեծ–Շեն գյուղի Սարգիս քահանայի որդի Սիմեոն եպիսկոպոսը Մռավ լեռան անտառապատ մի խոր ձորի վրա շինեց Երից Մանկանց վանքը, հաստատվեց այնտեղ և ապա, ինքնագլուխ կաթողիկոս դառնալով, սկիզբ դրեց Գանձասարի դեմ ուղղած հակաաթոռությունը։
  11. Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հայ բնակչության ցեղասպանությունն ու զանգվածային բռնագաղթը երկու տարվա ընթացքում հաջորդաբար բռնկվեց չորս փուլերով։ Երկրորդ փուլը սկսվեց 1988թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ցեղասպանության ալիքը ոլորապտույտի մեջ ներքաշեց Ադրբեջանի գրեթե ամբողջ հայ բնակչությանը։ 1989թ. հուլիս-օգոստոսյան օրերից սկսած սկիզբ առավ երրորդ մեծ բռնագաղթը։ 1990թ. հունվարին Բաքվում ժողովրդական ճակատը Ադրբեջանի կառավարող իշխանությունների հետ մեկ բռունցք կազմած, ձեռնարկեց մի նոր ցեղասպանություն որը դարձավ Ադրբեջանից հայերի արտաքսման չորրորդ և վճռական փուլը։
  12. Ճարտարի և Մարտունու միջև սեպի պես խրված Վեյսալու գյուղը գտնվում էր Մարտունու վարչատարածքային կազմում, 1930-ական թվականներին, իրենց հեռագնա նպատակներից ելնելով, Ադրբեջանի ղեկավարությունը այն տեղափոխել է Ֆիզուլու շրջանի ենթակայության տակ։