Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՄՏՇ/Մոնղոլական առաջին արշավանքները Այսրկովկաս և հայ ժողովրդի դիմադրությունը

Արցախը Զաքարյանների իշխանապետության շրջանում Մոնղոլական առաջին արշավանքները Այսրկովկաս և հայ ժողովրդի դիմադրությունը

Վահրամ Բալայան

Մոնղոլների երկրորդ արշավանքը Հայաստան և Արցախի գրավումը
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

13-րդ դարի սկզբին կենտրոնական Ասիայում մոնղոլական ցեղերը, միակորվելով իրենց առաջնորդ Տեմուչինի(վերջինս ստացավ Չինգիզ խան պատվատիտղոսը, որը նշանակում է ծովերի թագավոր), շուր­ջը ստեղծեցինի պետություն, որը բախտորոշ դեր խաղաց ինչպես Ասիայի, այնպես էլ արևելյան Եվրոպայի պատմության մեջ։

Աշխարհակալ նվաճումները մոնղոլները սկսեցին 1209թ.։ Սկզբում Չինգիզ խանը գրավեց Չինաստանի մի զգալի մասը, 1217-20 թվականներին՝ Արևելյան Թուրքեստանը, Խորեզմի պետությունը և Իրանի մի հատվածը։

Նվաճելով Միջին Ասիան և Իրանի մի մասը, մոնղոլների տրամադրության տակ դրվեց նյութական անբավ միջոցներ, որը նպաստեց նրանց առաջխաղացմանը դեպի արևմուտք։ 1220թ. ամռանը Խորեզմի շահ Ալա ադ-Դին Մուհամմադին հետապնդելու, Իրանն ու Այսրկովկասը հետախուզելու նպատակով Չինգիզ խանը Միջին Ասիայում առանձնացրեց 30000-ոց մի րանակ՝ Ջեբե նոյինի և Սուբադայ Բահատուրի գլխավորությամր։

Մոնղոլական այդ զորամիավորումը գրավում է մի շարք քաղաք­ներ Խորասանում ու պարսկական Իրաքում և ապա շարժվում Ատրպատական։ Անցնելով Երասխը՝ մոնղոլները հասան Մուղան, որ տեղից էլ շարժվեցին դեպի Պարտավ-Գանձակ-Շամքոր-Տփղիս ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող ճանա­պարհով։ Գրավելով Շամքորը, նրանք առաջ շարժվելով, ընդհարվեցին վեցին հայ-վրացական 10 000-ոց բանակի հետ։ Վերջիններս, պար­տություն կրելով, նահանջում են։ Ճակատամարտից հետո մոնղոլ­ները Գուգարքից մտնում են Վրաստան, ընդհուպ մոտենալով Տփղիսին։ Սակայն բավականաչափ ուժեր չունենալով և ճանապարհների վտանգավոր լինելը մոնղոլներին ստիպեց վերադառնալ և բանակ դնել Պարտավի ու Բայլականի միջև ընկած դաշտում՝ Բեղամեջի շրջանում։ Վրաց արքունիքը մոնղոլներին դիմադրելու նպատակով փորձեց հարևան երկրների հետ դաշնակցել և մեկ ընդհանուր ճակատ ստեղծել։ Սակայն մոնղոլները նախաձեռնությունը իրենց ձեռքից չտալու համար, չսպասելով գարնան բացվելուն, կրկին շարժվեցին դեպի Վրաստան։ Հայ-վրացական միացյալ ուժերը Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ շարժվեցին մոնղոլներին ընդառաջ։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1221թ. հունվարին Կոտման(այժմյան Թոուզ գետի մոտ)։

Հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին։

Այնուհետև մոնղոլները, ասպատակելով Հայաստանի հյուսի­սային և Վրաստանի հարավ-արևելյան շրջանները, վերադառնում են Ուտիք և 1221թ. գարնանը ավերածության են մատնում Մարաղա, Համադան, Խոյ, Սալմաստ, Նախճավան, Արդաբիլ, Սարաբ քաղաքներն ու նրանց շրջանները։ Մոնղոլներին համառ դիմադրու­թյուն ցույց տվեց Ուտիքի Բայլական քաղաքի բնակչությունը։ Չնայած բնակչության հերոսությանը, մոնղոլները մեկ ամսից հետո գրո­հով գրավեցին քաղաքը։ Բայլականի գրավումից հետո մոնղոլները շարժվում են դեպի Գանձակ։ Մոնղոլները, իմանալով քաղաքի անառիկության, ինչպես նաև բնակչության քաջության մասին, ստանալով իրենց պահանջած դրամն ու զգեստները, հեռանում են այն տեղից։

Գանձակից մոնղոլական զորաբանակը շարժվեց դեպի Հյուսի­սային Հայաստան՝ նույն Գանձակ-Շամքոր-Տփղիս ուղղությամբ և նորից բախվեց հայ-վրացական ուժերի հետ։ Ճակատամարտը տեղի է ունենում 1222թ. հունվարին Կուրի ափին, Խունանի դաշտում։

Չնայած աջ թևում Վահրամ Գագեցին իր քաջարի ջոկատով կոտորելով մոնղոլներին, զգալի հաջողությունների են հասնում, բայց և այնպես հայ-վրացական միացյալ զորքերը Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ սաստիկ պարտություն են կրում։

Չնայած դրան հայ-վրացական միացյալ ուժերը հետ են քաշ­վում Տփղիս և նախապատրաստվում թշնամուն հակահարված տալու։

Մոնղոլները տեղեկանալով դրա մասին, խուսափեցին ընդհարումից և հյուսիս-արևելյան Հայաստանից շարժվեցին դեպի Շիրվան, պաշարեցին Շամախին ու գրավեցին այն։

Դրանից հետո իրենց գործն Այսրկովկասում ավարտված համարելով՝ մոնղոլները շրջանցելով Դերբենդը, լեռնային դժվարանցանելի վայրերով հասան Հյուսիսային Կովկաս։

Դրանով ավարտվում է մոնղոլների առաջին արշավանքը դեպի Այսրկովկաս։ Այն ուներ հետախուզական նպատակ։

Դեռ նոր էին հեռացել մոնղոլները, երբ ղփչաղները Հյուսիսային Կովկասից մեծաքանակ ուժերով ներխուժեցին Այսրկովկաս։ Նրանք Գանձակի ամիրայի հետ համագործակցելով մահ ու ավեր էին սփռում Հայաստանի և Վրաստանի բնակավայրերում։

Իվանե աթաբեկը վրացական բանակի ուժերով Գանձակի մոտ հարձակվում է նրանց վրա, սակայն պարտություն է կրում։

Ճակատամարտում զոհվում են նաև Խաչենցի Խաղբակ իշխանի որդի Գրիգորը և թոռ Պապաքը։ 1223թ. միայն վրացական, հայ­կական միացյալ ուժերին է հաջողվում ջախջախել ղփչաղներին և նրանց դուրս քշել Այսրկովկասից։

Մոնղոլների հետախուզական արշավանքից և ղփչաղների աս­պատակություններից հետո դրությունը Այսրկովկասում շարունակ­վում էր մնալ լարված։

Խորեզմի շահ Մուհամմադի որդին՝ Ջալալ ադ-Դինը, նպատակ ունենալով նախ կանխել իր գլխավոր թշնամի մոնղոլների առաջ­խաղացումը, ապա վերականգնել Խորեզմի պետության վաղեմի դիրքերը, որոշում է ամրանալ Իրանի հյուսիս-արևմտյան մասում և Այսրկովկասում։ Փոխանակ ռազմական մի դաշնակցություն ստեղ­ծելու մոնղոլների դեմ մղվող պայքարում, Ջալալ ադ-Դինը սկսեց ասպատակել տարածքաշրջանի երկրները, անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեց քրիստոնյաների նկատմամբ, դրանով իսկ փորելով իր գերեզմանը։ Ջալալ ադ-Դինի յոթնամյա արշավանքները(1225-31թթ.) չափազանց ծանր հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար։ Ավերվե­ցին ծաղկուն քաղաքներն ու գյուղերը։ Թուլացավ երկրի տնտեսական և ռազմական կարողությունները։ Երկրում սկսեց թագավորել սովն ու համաճարակը, ժողովուրդը թողնված էր բախտի քմահաճույքին։

Չնայած դրան, այդ արշավանքների ժամանակ Ջալալ ադ-Դինը համարյա ոչնչով չշոշափեց Արցախի իշխանությունների շահե­րը։ Խորեզմի շահի զորքերը ավերեցին Ուտիքի դաշտավայրային շրջանները, հատկապես Գանձակի շրջակայքը։

Մոնղոլները ուշի ուշով հետևում էին Այսրկովկասում տեղի ունեցող անցքերին, նպատակ ունենալով հարմար պահին ջախջախելու Ջալալ ադ Դինին և վերջնականապես տիրելու նրա տիրապետության տակ գտնվող երկրներին։

Մոնղոլները հետապնդելով Ջալալ ադ-Դինին վերջնականապես 1231թ. հաղթանակի հասան նրա նկատմամբ։ Ջալալ ադ-Դինին հետապնդող մոնղոլները ավերեցին Պարսկաստանը և հասան մինչև Եդեսիա ու Սամոսատ, ապա մարտերով առաջացան մինչև Եփրատ, ավեր ու սպանդ գործելով արշավեցին Դիարբեքիր և Ջազիրա։ Այնուհետև նրանք վերադարձան Ատրպատական։

Մոնղոլները, անցնելով Երասխը, հաստատվեցին Մուղանի բարեբեր դաշտում։ 1232թ. վաղ գարնանը նրանք շարժվեցին դեպի հյուսիս-արևմուտք, պաշարեցին Գանձակը։ Քաղաքի բնակչության դիմադրությունը ավելի բորբոքեց մոնղոլներին։ Նրանք թափանցե­լով քաղաք՝ արյան բաղանիք սարքեցին, սրի քաշեցին ողջ բնակչու­թյանը, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին։ Այս անգամ էլ մոնղոլները չհիմնավորվեցին գրավված տարածքներում և մեծաքանակ ավարով ու գերիներով հեռացան Պարսկաստանի խորքերը։