Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՄՏՇ/Մոնղոլների երկրորդ արշավանքը Հայաստան և Արցախի գրավումը

Մոնղոլական առաջին արշավանքները Այսրկովկաս և հայ ժողովրդի դիմադրությունը Մոնղոլների երկրորդ արշավանքը Հայաստան և Արցախի գրավումը

Վահրամ Բալայան

Լանկ Թամուրի արշավանքները դեպի Արցախ
ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԳՐԱՎՈՒՄԸ

1235թ. Չինգիզ խանի հաջորդ, նրա կրտսեր որդի Ուդեգեյի կողմից հրավիրված համամոնղոլական ղուռուլթայը որոշեց նոր արշավանքներ սկսել և գրավել Ռուսաստանը, Արևելյան Եվրոպայի և Այսրկովկասի երկրները։

1236թ. ռազմական գործողություններ են սկսվում մի կողմից՝ դեպի Ռուսաստան, Բաթուի գլխավորությամբ, մյուս կողմից՝ դեպի Այսրկովկաս, Չարմաղանի գլխավորությամբ։

Այսրկովկասում մոնղոլներին դիմակայող միակ իրական ուժը՝ վրացական թագավորությունը, Ռուսուդան թագուհու որդի Դավթի և գահի օրինական ժառանգի՝ Գեորգի Լաշայի որդի Դավթի միջև իշխանության համար մղվող պայքարում արդեն կազմալուծվել էր։ Ներխուժելով Այսրկովկաս, Չարմաղանը բանակ է դնում Մուղանի դաշտում, որը դառնում է մոնղոլական ուժերի հավաքատեղի։ Մոնղոլ զորավարները վիճակահանությամբ Հայոց, Վրաց և Աղվանից երկրների տարբեր իշխանությունները միմյանց միջև բաժանելով, սկսեցին իրենց ավերիչ ասպատակությունները։

Մոլար Նոյինին բաժին հասավ Հայաստանի հյուսիս-արևելյան գավառները։ Նա պաշարեց Շամքոր քաղաքը։ Մոնղոլները զգալի կորուստների գնով իրենց ձեռքն են գցում Շամքորը և ավերում։ Դրանից հետո, համարյա առանց դիմադրության, մոնղոլները գրավում են Քութայիս հեռացած Վահրամ Գագեցու տիրույթի մյուս բերդերն ու ամրոցները։

Տավուշ բերդի հարավային կողմում՝ Լորուտ գյուղի դիմաց, մոնղոլները գերեվարում են Վանական վարդապետին և նրա աշակերտներին, այդ թվում Կիրակոս Գանձակեցուն։

Վանական վարդապետին հետագալում հայերը փրկագնով ազատեցին, իսկ Կիրակոսին հաջողվեց գիշերով փախչել և վերադառնալ թշնամու կողմից մինչ այդ ավերված ու հրդեհված Գետիկի վանքը։

Գրավելով հյուսիս-արևելյան Հայաստանի բնակավայրերը մոնղոլները տակնուվրա արին նաև Վրաստանը։ «Թաթարներն այնպի­սի զարհուրանքներ արին, որ շատ վրացիք թողնում էին բերդերն ու ամրությունները և Կովկասյան լեռները փախչում»-լալահառաչ գրում է վրաց ժամանակագիրը։

Հայ ֆեոդալների մի մասը իրենց տիրույթներից չզրկվելու և արյունահեղությունից խուսափելու համար որոշում են հպատակվել մոնղոլներին։

Նմանօրինակ առաջին փորձը կատարեց Իվանեի որդի Ավագ Զաքարյանը։ Մոնղոլները պաշարեցին Կայեն բերդը, որտեղ պատսպարվել էր Ավագ Զաքարյանը։ Համոզված լինելով, որ եր­կար չի կարող դիմանալ, Ավագն իր տան վերակացու Գրիգոր Տղա Խաչենցուն ուղարկում է Սևանա լճի ափերին բանակած մոնղոլական զորքերի հրամանատար Չարմաղանի մոտ։ Այնուհետև ինքը՝ անձամբ Ավագ Զաքարյանը ներկայացավ մոնղոլ զորավարին և հնազանդություն հայտնեց նրան և մնաց իր տիրույթի իշխանը։

Սևանա լճի առափնյա շրջաններին և Սյունիքին տիրելուց հետո մոնղոլական մեկ այլ զորախումբ Ջուղբուղա Նոյինի գլխավորու­թյամբ ձեռնամուխ եղավ Խաչենի նվաճմանը։

Ներքին Խաչենի հայության մի մասը պատսպարվեց Հավքախաղաց բերդում։ Չնայած խաչենցիների ցուցաբերած համառ դի­մադրությանը, մոնղոլներին այնումենայնիվ հաջողվեց գաղտագողի մտնել բերդ և սրախողող անել պաշտպաններին։

Մոնղոլները արցախահայության կամքը կոտրելու համար ամենադաժան ու վայրենի ձևով հաշվեհարդար տեսան խաղաղ բնակ­չության հետ։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Հավքախաղացի բնակչության մի մասին սրի քաշեցին, իսկ մնացածներին բերդից գահավեժ արեցին։

Արյունը առու դարձած ջրի պես գնում էր։ Շատ ժամանակ անց չթաղված նահատակների ոսկորները քարե կույտերի տեսք ու­նեին։ Ապա մոնղոլները շարժվեցին Ներքին Խաչենի տիրակալ Հասան-Ջալալի վրա, որը ամրացել էր Գանձասարի հանդիպահայաց անառիկ Խոխանաբերդում։ Մոնղոլները երկար ժամանակ չէին կարողանում գրավել բերդը։ Տեսնելով, որ կռվով անհնար է գրավել այն, դիմեցին արդեն իրենց փորձված մեթոդին. հնազանդության կոչեցին Հասան Ջալալին, խոստանայով նրան թողնել իր երկիրը։ Ներքին Խաչենի տերը դրսից օգնության հույս չունենալով և երկիրն ավելորդ ավերից ու կոտորածներից փրկելլու նպատակով ընդունեց մոնղոլների առաջարկը։

Չնայած Հասան-Ջալալը հնազանդվեց մոնղոլներին, բայց և այնպես ամբողջ Խաչենի նվաճումը բավական դանդաղ ընթացավ, որովհետև ժողովուրդը համառորեն դիմադրում էր։ Պայքարը շարունակվեց 1238թ. ներառյալ։

Մոնղոլները, նվաճելով Պարսկաստանը, Այսրկովկասը և Փոքր Ասիայի արևելյան շրջանները, ստեղծեցին վարչական նոր միավոր­ներ։ Վրաստանը, Հայաստանը, Առանը, Շիրվանն ու Ատրպատականը կազմեցին մեկ կուսակալություն, որի կառավարիչն էր Չարմաղանը։ Այս կուսակալության կազմում էլ Վրաստանն ու Հայաս­տանի իշխանությունները կազմեցին վարչական մեկ ինքնուրույն միավոր, որը մոնղոլները անվանեցին Գյուրջիստանի վիլայեթ։

Մոնղոլական կայսրության մեծ խան Ուդեգեյը Չարմաղանին հանձնարարել էր մնալ տեղում և ամեն տարի մայրաքաղաք ուղարկել մեծ քանակությամբ ոսկի և թանկարժեք այլ ապրանքներ։ Մոնղոլները դաժան հարկապահանջությամբ քամում էին նվաճված երկրների կենսատու ավիշը։ Դրանով չբավարարվելով, մոնղոլները հպատակ երկրների ազատագրական շարժումները կանխելու և դի­մադրական ուժից զրկելու համար կռվելու ընդունակ բնակչությանը զանգվածաբար ոչնչացնում էին կամ էլ այդ ուժերը օգտագործում էին նոր նվաճումների համար, նրանց մոնղոլական զորքերի առաջին շարքերում՝ ստիպելով կռվել յուրայինների դեմ։

«Անկասկած է,– գրում է Համադալլահ Ղազվինին,– որ եթե հազար տարվա ընթացքում որևէ այլ աղետ չլինի, մոնղոլական արշավանքների ու տիրապետության հետևանքները ուղղել հնարավոր չէ ...»։

Հպատակություն հայտնած Արցախի իշխանները նույնպես մասնակցեցին մոնղոլների կազմակերպած արշավանքներին։ Կարինի գրավմանը մասնակցում էր նաև Հասան-Ջալալը։ Իսկ Տիգրանակերտի գրոհման ժամանակ զոհվեց Վերին Խաչենի իշ­խան Գրիգորի որդին՝ Սևադան։

Ներքին Խաչենի տիրոջ Հասան-Ջալալի ճկուն քաղաքականու­թյան և մոնղոլ զորապետների նկատմամբ առատաձեռնության շնորհիվ Խաչենի հայությունը մի առ ժամանակ զերծ մնաց մոնղոլ­ների վարյագություններից։ Մոնղոլները առավել բարյացակամ դարձան Հասան-Ջալալի նկատմամբ, երբ Չարմաղանի որդի Բորա-նոյինը ամուսնացավ հայ իշխանի աղջկա՝ Ռուզուքանի հետ։

Հասան-Ջալալի միջնորդությամբ քիչ թե շատ ապահով և տանելի վիճակ ստեղծվեց հայկական մյուս գավառների համար։ Գերու­թյունից և անխուսափելի վախճանից փրկվեցին հարյուրավոր հայեր։ Խաչենի լայնախոհ տիրոջ շնորհիվ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի և մոնղոլների միջև կնքվեց դաշնակցության պայմանագիր, որի շնորհիվ երկիրը փրկվեց վերահաս աղետից։

Շուտով իրավիճակը փոխվեց ի վնաս Հասան-Ջալալի և խաչենցիների։ 1242թ. սկզբներին Հայաստանում գտնվող մոնղոլական կուսակալ ամրացած Չարմաղանին փոխարինում է Բաչու զորավարը։ Վերջինս առավել մեծ չափերով էր օգտագործում հայերի զի­նական ուժը արևմտյան և հարավային Հայաստանը վերջնականապես նվաճելու համար։

Մշտապես կրկնվող պատերազմների ծախսերը փակելու նպատակով մոնղոլները ավելի սաստկացրին հպատակ ժողովուրդների հարկապահանջության գործը։ 1246թ. արևմտյան երկրներից կայսրության հասանելիք հարկերը հավաքելու նպատակով Գույուկ խաքանը Արղունի և Բուղայի գլխավորությամբ մեծ հանձնախումբ ու­ղարկեց Իրան և Այսրկովկաս։ «...Այս Բուղան,– պատմում է Կիրակոս Գանձակեցին,– որ եկավ թաթարական զորքերի մոտ, մտնում էր ավագանու տները և իրեն ինչ դուր է գալիս անխնա առնում էր, ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել նրան․․․»։

«Եվ բոլորից պահանջում էին խստագույն հարկեր ավելի քան մարդը կարող էր տալ, սկսեցին աղքատացնել և նեղել անհնարին չարչարանքներով և տանջանքներով և մամլակներով։ Եվ թաքնվո­ղին բռնում և սպանում էին, և ով չէր կարող հարկը վճարել նրանց ե­րեխաներին էին վերցնում պարտքի դիմաց․․․»։

Մոնղոլների վարած դաժան կեղեքման, բռնությունների և ահաբեկման քաղաքականությունը շուտով առաջ բերեց խորը ատելու­թյուն նվաճված երկրներում։

Դաժան հարկահանության դեմ մեծ դժգոհություն առաջացավ նաև Խաչենում։ Ապստամբները պատսպարվել էին անառիկ Խոխանաբերդում, որի դեմ մոնղոլները ոխ ունեին դեռևս 30-ական թվականներից։ Բուղան մեծաքանակ զորքով շարժվեց այնտեղ, քարուքանդ արեց Խոխանաբերդը, այնուհետև Դեդը, Ծիրանաքարը և այլ ամրոցներ։ Նա Հասան-Ջալալին ավագանու առջև պատիժների ենթարկեց։ Միայն հայ իշխանը շատ ոսկի ու արծաթ տալով հազիվ փրկվեց մահից։ Մոնղոլների կամայականություններին վերջ տալու նպատակով, այս դեպքերից հետո Հասան-Ջալալը և Խաչենի իշխանական տան ներկայացուցիչներից մեկը՝ Իվանե Զաքարյանի տան կառավարիչ Գրիգոր տղան (հեջուբ Գրիգորը) մի պատվիրակության գլուխ անցած Բաթու խանի որդի քրիստոնյա Սարթախի միջնորդությամբ և ուղեկցությամբ մեկնում են Բաթուի նստավայր, այժմյան Աստրախանի տեղում գոյություն ունեցած Իթիլ քաղաքը։ Բաթու խանը մեծ պատվով ընդունեց հայ իշխաններին, նրանց վերադարձրեց հայրե­նի բոլոր տիրույթները և տեղի մոնղոլ կուսակալներին հրահանգեց բարյացակամ վերաբերվել Խաչենի բնակչությանը։

Վերադառնալով հայրենիք այս անգամ Հասան Ջալալի դեմ բռ­նություններ սկսեց գործադրել մեծ լիազորություններ ունեցող հարկահան Արղունը։

Այլ ելք չտեսնելով, Հասան Ջալալը նույն Սարթախի ուղեկցությամբ 1255թ., կնոջ՝ Մամքանի և միակ տղա Աթաբակի հետ մեկնում է Մոնղոլիա՝ մեծ խանին իր գանգատները ներկայացնելու։ Ճանապարհորդությունը տևում է 5 տարի։ Մանգու խանը բավարարում է Հասան Ջալալի պահանջները, նրան վերադարձնելով գերագահ իրավունքը։ Չնայած դրան, Արղունի դավերը Հասան-Ջալալի նկատմամբ շարունակվեցին։ Չնայած մոնղոլ խաները առերես բարյացակամ էին վերաբերվում հայ իշխանների նկատմամբ այնքան ժամանակ, որքան հնարավոր էր լինում դրանով շորթել նրանց հարստությունը։ Իսկ իրականում իրենց պաշտոնյաներին դրդում էին հնարավորին չափ շատ շահագործելու հայ հպատակներին։

Քոչվոր ազնվականության ու պաշտոնեության անկաշկանդ կամայականություններն ու բռնությունները 50-կան թվականների վերջերից պատճառ դարձավ Հայաստանում և Վրաստանում ապս­տամբական շարժումներին։

1260թ. բռնկված ապստամբությունը գլխավորում էր վրաց թագավոր Ուլու Գավիթը։ Հասան Ջալալը նույնպես միացավ ապստամբներին։ Արղունի զորքը պարտություն կրեց ապստամբներից։ Շարժման թափը կոտրելու նպատակով Արղունի դրդմամբ ձերբակալեցին վրաց Գոնցա թագուհին, նրա Խոշաք դուստրը, Զաքարյան Շահնշահը, Հասան Ջալալը և շատ ուրիշ իշխաններ։ Կալանավորվածները բազում գանձ տալու միջոցով հազիվ կարողանում են մահից փրկվել։

Ապստամբների և մոնղոլների միջև պատերազմական գործողու­թյունները շարունակվեցին մինչև 1261թ.։ Ուժերի անհավասարու­թյան պատճառով վրաց Ուլու Դավիթ թագավորը նորից հպատակություն է հայտնում մոնղոլներին։

Ապստամբության ճնշումից հետո Արղունը նորից կալանավո­րում է շարժման կազմակերպիչներին՝ հայ և վրաց իշխաններին, այդ թվում Հասան Ջալալին։ Նրանց տեղափոխում են Ղազվին։

Հասան Ջալալի դուստր Ռուզուքանը փորձում է Հուլավուի կնոջ՝ Տողուս-խաթունի միջոցով փրկել հորը։ Արղունը դրա մասին իմանալով դահիճներին հանձնարարում է հոդակոտոր անելով սպանել Հասան Ջալալին։

Աթաբակը նահատակված հոր մասունքները տեղափոխում և թաղում է Ներքին Խաչենի իշխանական տոհմի տապանատանը՝ Գանձասարի վանքի գավիթում։

Այնքան ակնհայտ էր Հասան Ջալալի տեղն ու դերը Խաչենի Առանշահիկ իշխանական տան ներկայացուցիչների շարքում, որ հե­տագա դարերում այդ ճյուղը սկսեց անվանվել նահատակ իշխանի անունով՝ Հասան Ջալալյաններ, որոնց մեծագործություններին բազմաթիվ սերունդներ պիտի ականջալուր և ականատես լինեին։

Այսպես էին կոչվում նաև հոգևոր այն նվիրապետները, որոնք ներկայացնում էին նույն իշխանական տոհմը և արդեն ժառանգական իրավունքով 13-րդ դարի երկրորդ կեսից տնօրինում էին նահանգի եպիսկոպոսությունը, իսկ 15-րդ դարից նաև ամբողջ Հայոց Արևելից կողմանց կաթողիկոսական աթոռը։ Հասան Ջալալի թափուր գահը ժառանգեց միակ արու զավակը Իվանեն կամ Աթաբակը (1261-1287)։ Նրա կառավարման շրջանում Ներքին Խաչենի իշ­խանությունը համեմատաբար խաղաղ մի շրջան ապրեց։ Դա հնարավորություն տվեց Աթաբակին զբաղվելու շինարարական ու մշակութային գործունեությամբ։ Նա ավարտեց Հասան Ջալալի կիսատ թողած Գանձասարի վանքի գավթի շինարարությունը։

Նման կացություն էր ստեղծվել նաև Վերին Խաչենում։ 1220-ական թվականներից այստեղ տերություն էր անում Հասանի և Դոփի որդի Գրիգորը։ Ինչպես մյուս հպատակ հայ իշխանները, Գրիգորը նույնպես մասնակցում է մոնղոլների կազմակերպած արշավանք­ներին, որի ընթացքում Հայոց Արևելից գավառների իշխանները մեծ փրկագներով ազատում էին արևմտյան Հայաստանի հայ գերյալ­ներին և մշակութային արժեքները, մանավանդ ձեռագիր մատյանները։ Վերին Խաչենում 1250–ական թվականներից Գրիգոր իշխանին փոխարինեց որդին՝ Հասան Բ-ն։ Աղբյուրները այս Հասանին պատվում են «արիակամ», «քաջ» և «հաղթող զորական» ու նման այլ մակդիրներով։ Հասան Բ-ն բարիդրացիական հարաբերություններ ունենալով մոնղոլների հետ խաղաղ կյանք ապահովեց Վերին Խաչենի հայության համար։ Հասան Բ-ն վախճանվել է 1287թ.։ Ինչով էր բացատրվում 13-րդ դարին երկրորդ կեսի համեմատաբար խաղաղ կացությունը։

Ներքին Խաչենի տեր Աթաբեկի և Վերին Խաչենի իշխան Հասան Բ-ի իշխանությունը համընկավ մոնղոլական կենտրոնական իշխանության թուլացման հետ։ Մոնղոլ-թաթարական ավագանին նվաճված ժողովուրդների հաշվին անբավ հարստություն դիզելով այս անգամ կռվում էին միմյանց դեմ՝ գերագահության հասնելու համար։

1256թ. Հուլավու խանը հաղթանակի հասնելով Իրանի, Ատրպատականի, Արևելյան Վրաստանի, Հայաստանի, Ռումի, Քրդստանի, Իրաքի մոնղոլ կուսակալների նկատմամբ, ինչպես նաև վերջնականապես հնազանդեցնելով տեղական հնագույն ֆեոդալական տներին, փաստորեն հիմք դրեց Հուլավյան մոնղոլա-իրանական պետությանը, որը և պատմության մեջ մտավ «իլխանություն» անունով (իլխան-ժողովրդի տեր)։

Հուլավուի և նրան հաջորդած Աբաղա խանի(1265-1282թթ) կառավարման տարիներին երկրում տիրում էր հարաբերական խաղաղություն։ Հուլավյանք մոնղոլական կենտրոնական իշխանության և հարևան երկրների ցեղակից տերերի դեմ պայքարելու նպատակով հավատարիմ դաշնակիցներ էին փնտրում տեղի իշխանական տների շրջանում։ Եվ պատահական չէ, որ նրանք հնարավորություն էին տալիս, որպեսզի այդ իշխանությունները հզորանան և կարգավորեն իրենց ներքին տնտեսական ու մշակութային կյանքը։ Սակայն հանգիստ քաղաքական կացությունը երկար չտևեց։ 1282թ.՝ Աբաղայի մահից հետո, նրա եղբայր Թագուդարը, հենվելով իր համախոհների վրա, դավադրաբար տիրացավ գահին։ Իշխաններից առաջինն էր նա, որ ընդունեց մահմեդականություն և կոչվեց Ահմադ։ Նորից քրիստոնեապաշտ հայության համար սկսվեցան լուր տառապանքների մի շրջան։ Թաթար-մոնղոլական բռնակալները նվաճված երկրներում պարբերաբար կրկնվող կողոպուտի ու ավերածությունների և անասելի ծանր հարկերի միջոցով ժողովրդին դատապարտել էին ծայր աղքատության և հուսահատության։ 14-րդ դարի սկզբներից սկսած մոնղոլական ծավալապաշտ կայսրությու­նը գնաց քայքայման ուղիով։ Մոնղոլ կուսակալներն ու զորապետները, հաճախ գժտվելով միմյանց հետ կամ ըմբոստանալով կենտրոնական իշխանության դեմ, դարձել էին իրենց կառավարած երկրամասի անկախ և ինքիշխան տիրակալներ, իսկ հպատակ ժողովուրդների համար՝ դահիճներ։ Հայ բնակչության վիճակը դարձավ ողբերգական և Ղազան խանի ժամանակ մոնղոլները պաշտոնապես ընդունեցին մահմեդականությունը։ Ազգային ու սոցիալական ճնշումներին գումարվեց կրոնական հալածանքը։ Հայաստանի շատ նահանգներում ծայր են առնում արտագաղթն ու փախուստը։ Վանքերում ու եկեղեցիներում այլևս չկար նախկին խլրտուն մշակութային կյանքը։ Նախկին շեն բնակավայրերը սկսում են դա­տարկվել։

Սակայն Արցախի հայությունը, ապավինած իր լեռնաշխարհին, տեղի չտվեց նաև այդ փորձության առաջ։