Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Երվանդունիների և Արտաշեսյանների գահակալության տարիներին

Արցախը Երվանդունիների և Արտաշեսյանների գահակալության տարիներին
ԱՐՑԱԽԸ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Ք.ա. 7-րդ դարի վերջերին Առաջավոր Ասիայում կատարվեցին նոր տեղաշարժեր, որոնք իրենց անդրադարձները ունեցան Հայկական լեռնաշխարհի քաղաքական կացության վրա։

Աննախընթաց վերելքի ուղին բռնեց Մարաստանը։ Մյուս կող­մից էլ Ուրարտուն ապրում էր ներքին խռովահույզ ժամանակաշրջան։ Օրեցօր իրենց զգացնել են տալիս կենտրոնախույս ուժերը։ Արմե-Շուբրիայի կառավարիչ Պարույր Սկայորդին, չենթարկվելով Ուրարտուի կենտրոնական իշխանությանը, իր ձեռքի տակ է միավորում լեռնաշխարհի ողջ արևմտյան մասը՝ Վանա լճից մինչև Եփրատ։ Այդ ժամանակ Մարաստանը և Բաբելոնը դաշինք էին կազմել ընդդեմ Ասորեստանի։ Նրանց միանում է Պարույրը՝ հայկական զորքերով։ Դաշնակիցների հարվածների տակ Ք.ա. 612թ. կործանվեց երբեմնի հզոր Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, իսկ Ք.ա. 580-ական թվականներին՝ Վանի թագավորությունը։ Մարաստանի Կիաքսար թագավորը իրեն մատուցած ծառայության դիմաց Պարույրին ճանաչեց իբրև Հայոց թագավոր։

Այսպիսով, Հայաստանում հիմնվում է նոր թագավորական դի­նաստիա, որը Պարույր արքայի ազգական և իրավահաջորդ Երվանդ Սակավակյացի անունից ստացավ «Երվանդունյաց» կամ «Երվանդական» անունը (Ք.ա . 580-ական−201թթ.)։

Երվանդունիները իրենց գահակալության առաջին իսկ տարիներից ուշադրության կենտրոնում էին պահում Արարատյան դաշտավայրը, որը շուտով դառնում է հայ ժողովրդի տնտեսական-քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը։

Հայոց Արևելից նահանգների հայությունը աշխարհագրական տեսակետից առավել մոտ լինելով նոր թագավորական տան կենտրոնատեղիին, ավելի գործուն մասնակցություն ունեցավ պետականության կերտմանը։

Նոր կազմավորված հայկական թագավորությունը ստիպված էր դիմակայել երեկվա իր դաշնակցին՝ Մարաստանին։ Վերջինս, տի­րելով Արաքսի հովտում և Միջագետքում գտնված հաղորդակցու­թյան ուղիներին, փորձում էր իր գերիշխանությունը տարածել նաև Հայաստանի վրա։ Մարաստանի Աստիագես կամ առասպելական Աժդահակ թագավորի դեմ պայքարը գլխավորեցին Երվանդ Սակավակյացը և նրա որդի Տիգրանը։ Հայոց թագավորը զորք է ժողովում Հայաստանի տարբեր նահանգներից, այդ թվում Արցախից և Ուտի­քից ու հասնում հաջողության։ Այդ պայքարում հայերին աջակ­ցում են պարսից Աքեմենյանները՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ, որոնք ապստամբել էին Մարաստանի դեմ։ Տիգրան Ա-ի օժանդակությամբ Կյուրոսը Ք.ա. 550 թվականին ստեղծում է աշխարհակալ Աքեմենյան պարսկական տերությունը։ Արցախը Ք.ա. 550 թվականից մինչև 331 թվականը գտնվում էր Աքեմենյան գերիշխանության տակ։

Տիգրան Ա Երվանդյանի գահակալության շրջանում Հայաստանը ենթարկվեց սկյութական հարձակումներին։ Չնայած Հայոց թագավորը նրանց նկատմամբ հաղթանակի հասավ, բայց և այնպես ժամանակի ընթացքում սկյութներին հաջողվեց բնակություն հաս­տատել Կուրի աջափնյակում՝ Գանձակի գավառում, որը անվանվեց Շակաշեն։ Էթնիկ բախումների հետևանքով նշված տարածքնե­րից հայ բնակչության մի հատվածը տեղափոխվեց Կուրի ձախ ափը և մինչև Արցախյան շարժման սկիզբը ապրում էր այնտեղ։

Ք.ա. 4-րդ դարում Աքեմենյան տերությունը բռնել էր քայքայման ուղին։ Նրա անկումն արագացրեց Բալկանյան թերակղզու հյուսի­սում գտնվող Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծի ձեռնարկած արշավանքը։

Ք.ա . 331թ. Գավգամելա վայրում Ալեքսանդրը հաղթանակ է տանում Աքեմենյանների նկատմամբ և վերջ դնում երբեմնի հզոր կայսրությանը։ Մեծ Հայքի սատրապ Երվանդը, օգտվելով առիթից, իրեն հռչակեց անկախ կառավարիչ։ Հայաստանն, այսպիսով, վե­րականգնվում է որպես ինքնուրույն թագավորություն։ Հայկական անկախ պետականության վերականգնումը արդյունք էր նաև Հայաստանի հասարակության ներքին զարգացման, նրա հասունաց­ման, հայոց բոլոր նահանգների միակամության, իշխանության նոր, ավելի բարդ ձևերը ստեղծելու ունակության։

Հայկական թագավորության սահմանների մասին որոշ տեղե­կություններ են պահպանվել։ Ինչպես երևում է Քսենոփոնի «Կյուրոպեդիայի» որոշակի տվյալներից, Հայաստանի և Ատրպատականի սահմանը անցնում էր Արաքսի միջին հոսանքի շրջանից Ուրմիա և Վանա լճերի միջով մինչև Ջերմ գետի (Բոհտան սու) ակունքների շրջանը։ Ջերմ գետով հարավային սահմանը ձգվում էր դեպի արևմուտք և շարունակվում Արևմտյան Տիգրիսով կամ Մասիոս (Տուր-աբդին) լեռնաշղթայով մինչև Եփրատ։ Հայաստանի արևմտյան սահմանի մի մասը պետք է անցած լինի Ամանոսի լեռներով և Կոմմագենե երկրի արևմտյան եզրով։ Եփրատ գետից սահմանը անցնում էր Եկեղիքի հարավային մասով։ Արևմտյան Եփրատից դեպի արևմուտք և հյուսիս գտնվում էր Փոքր Հայքը՝ մինչև Կապադովկիա և Պոնտական լեռները։ Եփրատի վերին հոսանքից հյու­սիսային սահմանը ընթանում էր դեպի արևելք, հավանաբար՝ Ճորոխով, իր մեջ ամփոփելով արդեն փասիանների և հեսպերիտների, ինչպես նաև տաոխների երկրները։ Հայկական պետության հյուսիս-արևելյան սահմանը Կուր գետն էր։ Արևելյան Այսրկովկասի այդ ժամանակաշրջանի պատմության տվյալներից երևում է, որ Կուր գետից արևելք ձգվող տարածությունները, որտեղ բնակվում էին աղվանական բազմաթիվ ցեղեր, գտնվում էին մարական սատրապության և ապա Ատրպատականի պետության հսկողության տակ։

Փաստերը վկայում են, որ Երվանդունյաց պետության կազմի մեջ մտնում էին նաև Արցախը և Ուտիքը։

Ք.ա. 4-3-րդ դարերում հայոց արքունական տան կալվածներն ու ձմեռանոցը Ուտիք նահանգում էր։

Պատահական չէր, որ Ք.ա. 2-րդ դարում Արտաշեսի և Երվանդի միջև թեժ պայքարը նոր ընթացք ստացավ Ուտիքում։ Խորենացին վկայում է, որ Երվանդը Ուտիքում էր, երբ լուր ստացավ, թե Արտաշեսի դայակ Սմբատը պարսիկների հետ դաշնակցած մեծաքանակ զորքերով խորանում էր Հայոց նահանգներում։ Երվանդը այդ նահանգում թողնելով կողմնապահներ, ինքը տեղափոխվում է խոր թի­կունք՝ Արարատյան դաշտավայր, իր շուրջը համախմբելով դաշնակիցներին։

Արտաշեսը, մտնելով Ուտիք, նրան են միանում հայ նախարարները և համատեղ ուժերով Սևանա լճի ափերով հասնում Երվանդի բանակին։ Ճակատամարտում՝ պարտության մատնելով Երվանդին, Ք.ա. 201թվականին Արտաշեսը գրավում է Երվանդաշատ մայ­րաքաղաքը և իրեն հռչակում Մեծ Հայքի կառավարիչ։ Նույնը կատարեց Զարեհը Ծոփքում։ Քիչ անց Ք.ա. 189թվականին Արտաշեսը, օգտվելով արտաքին բարենպաստ հանգամանքներից, իրեն հռչակեց անկախ Մեծ Հայքի թագավոր։

Լինելով Երվանդունյաց տոհմի շառավիղներից մեկը, նա այնքան մեծագործություններ կատարեց և խոր հետք թողեց Հայոց կենսագրության մեջ, որ ընդունված է նոր պետությունը անվանել Արտաշեսյան (Ք.ա.189-Ք.հ.1թ.):

Հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնը վկայում է, որ հայկական պետությունը Արտաշեսի օրոք ընդարձակվել է բոլոր չորս ուղղություններով։ Դեպի արևելք կատարված արշավանքների հետևանքով ձեռք բերված երեք երկրամասերից (Կասպիանե, Փավնիտիս, Բոսորոպեդիա) վերջինը համընկնում է Պարսպատունիք գավառին, երկրորդի տեղը պարզ չէ, իսկ առաջինը՝ Կասպիանեն, Կուրի և Արաքսի գետախառնուրդի շրջանն է և նրանից արևելք, մինչև Կասպից ծովն ընկած երկիրը, որը նույնանում է Փայտակարանի հետ։ Մ.Խորենացին այն անվանում է Կասբից երկիր և, հենվելով Օղյումպ քրմի պատմածի վրա, մանրամասնություններ հաղորդում Արտաշեսի՝ դեպի այդ կողմ կատարած արշավանքի մասին։ Մ.Խորենացու հաղորդմամբ, այդ երկիրը նախապես էլ Հայաստանի իշխանության տակ է եղել և Արտաշեսի օրոք ապստամբել է։ Արտաշեսը զորք է ուղարկում զորավար Սմբատի ղեկավարությամբ, որը ճնշում է ապստամբությունը և գերեվարում երկրի թագավոր Զարդմանոսին ու բնակչության մեծ զանգվածներ։ Այն հանգամանքը, որ այստեղ Կասբից երկիրը (Ստրաբոնի Կասպիանեն) դիտվում է որպես հայկական պետության ապստամբած մաս և ոչ նվաճվող երկիր, թերևս արտացոլումն է այն իրողության, որ հայ­կական էթնոսը արդեն նախապես տարածված էր այս երկրամասում։ Ուստի և նրա քաղաքական միավորումը հայկական պետու­թյան հետ կարող էր ընկալվել որպես վերամիավորում։

Պատահական չէ, որ Ստրաբոնը, խոսելով Արցախի մասին, պատմում է, որ այն չի սահմանակցվում հարևան երկրների հետ և գտնվում է Մեծ Հայքի խորքում։ Ըստ Ստրաբոնի՝ Արցախը (Օրխիստինան) այդ ժամանակ արտահանում էր մեծաքանակ պատերազ­մական ձիեր։ Ստրաբոնը մ.թ.ա. 1-ին դարի և մ.թ. արշալույսի Հայաստանը նկարագրելով որպես ականատես, նրա կազմի մեջ ներ­կայացրել է Շակաշեն-Ուտիքը և Օրխիստինա-Արցախը՝ որպես այդ երկրի բուն նահանգներ։ «Կիրը(Կուր),− գրել է նա,− սկիզբ է առնում Հայաստանում, նեղ գետահովտով հոսում է դեպի Ալբանիան՝ Առատաջուր և հախուռն անցնելով նրա և Հայաստանի միջով»։

Ստրաբոնի հաղորդած տեղեկությունները հնարավորություն են տալիս որոշելու պատմական Հայաստանի հյուսիս-արևելյան սահ­մանները։ Հյուբշմանը գտնում է, որ Հայաստանը Արտաշեսի օրոք իր մեջ բովանդակում էր Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Չորրորդ Հայքը, Աղձնիքը, Մոկքը, Կորճայքի մի մասը, Ուտին ու Արցախը, այսինքն՝ հնագույն Հայաստանի 15 նահանգներից 13-ը։ Հույն պատմիչը վկայում է, որ Ք.ա. 2-րդ դարում Հայաստանի բնակչությունը միալեզու էր, այսինքն՝ հայալեզու։

Ստրաբոնի վկայությունները հաստատում են Մովսես Խորենացու տեղեկություններով։ Պատմահայրն ասում է՝ Վաղարշակ ավանդական արքայի (Արտաշեսի) օրոք Հայոց պետության սահ­մանները գծվեցին «զեզերբ հայկական խօսիցս», այսինքն՝ հայոց լեզվի տարածման սահմաններով։ Շարունակելով իր միտքը, Մ.Խորենացին հաղորդում է, թե ինչպես Վաղարշակ-Արտաշեսը կարգավորում է իր արքունիքը, ստեղծում գործակալություններ, նահանգ­ներում նշանակում կառավարիչներ։ Արտաշեսը Հայկի սերնդից Առանին կարգեց Կուրի և Արաքսի միջագետքի, այսինքն՝ Արցախի և Ուտիքի կուսակալ։ «Աշխարհն էլ Աղվանք կոչվեց,− գրում է պատմահայրը, նրա քաղցր բնավորության պատճառով, որովհետև նրան աղու էին ասում»։

Լեոն, խոսելով հայոց պետականության գոյության համար վե­րոհիշյալ գավառների ռազմավարական նշանակության մասին, գրել է. «...առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանոթյունը հյուսիսային և արևելյան տափաստաններից, Ղարաբաղը անմիջական շարունակությունն է այն հզոր պաշտպանողական պատվարի, որ ներկայացնում է Գուգարքը (այժմյան Լոռին և հարակից գավառները)։ Եվ այս է պատճառը, որ հայկական պետության հիմնադիրներ հանդիսացած Արտաշեսն ու Տիգրանը Գուգարքի հետ միասին Հայաստանի սահմանների մեջ են մտցրել և Ուտին, Արցախն ու Սյունիքը»։ «Արտաշեսի սերնդից էր,− ասում է Ստրաբոնը,− Տիգրանը. նա իշխում էր բուն Արմենիայում, որը սահմանակից էր Մարաստանին, Աղվանքին, Իբերիային մինչև Կողքիս և Սև ծովի մոտ գտնվող Կապադովկիային»։ Տիգրան Բ Մեծը, շարունակելով իր պապի՝ Արտաշես Ա-ի կիսատ թողած գործը, առավել ընդարձակեց տերության սահմանները՝ ստեղծելով ծովից ծով Հայաստան։ Նա ոչ միայն ամրապնդեց իր նախորդների ստեղծած միասնական հայկական պետությունը, այլև նրա քաղաքական ազդեցության տակ առավ հարևան երկրները։ «Հայաստան աշխար­հագրական գաղափարը,վ ասում է Հյուբշմանը,− հաստատուն կեր­պով զարգացավ Տիգրանի ժամանակ, որն առաջին անգամ Հայաս­տանին միացրեց Ծոփքն ու Կորդուքը։ Հաջորդ դարերին այս զաղափարը տիրող մնաց հայերի մոտ, թեև քաղաքական հարաբերությունները միշտ նույն գաղափարին չէին համապատասխանում։ Եթե հարավային նահանգները պարսիկներին էին անցնում, արևմտյանը՝ հույներին, հյուսիսայինները՝ վրացիներին կամ աղվաններին, և եթե հռոմեացիներն ու պարսիկները երկիրը իրենց մեջ էին բաժանում՝ Հայաստանը հայերի համար միշտ այն երկիրն էր համարվում, որը հին բացատրությամբ- իր սահմաններն ուներ հարավից Մասիս լեռը (ի նկատի ունի Տավրոսը, որ Հայաստանը բաժանում Միջագետքից,- Ստրաբոն), արևելքից՝ Ատրպատականն ու Մեդիան, հյուսիսից՝ Կասպից ծովի կողմերը գտնվող Պարաքռաթրյան լեռները՝ Վրաստանը, Աղվանքը և Կովկասը՝ Մոսքյան և Կողքիսյան լեռներով, արևմուտքից՝ Պարխարը և Սկյուդիսեսը, Փոքր Հայքն ու Եփրատը, (որը Հայաստանը բաժանում էր Կապադովկիայից և Կոմմագենից)»։

Լայնածավալ տերությունը ներքաշվեց հելլենիստական մշակույթի ոլորտը, որի բնորոշ գծերից մեկը քաղաքաշինությունն էր։ Տիգրան Բ Մեծը բուն Հայաստանում կառուցեց չորս քաղաքներ և նրանք կոչեց իր անունով՝ Տիգրանակերտ։ Դրանցից մեկը գտնվում է Արցախում՝ Աղդամից ոչ շատ հեռու և որի հիմքերը առ այսօր պահպանվում են։

Տիգրան Բ Մեծը, ունենալով հզոր բանակ, անխաթար էր պահում երկրի սահմանները։ Մ.Խորենացին պատմում է, որ երբ Տիգրանը գտնվում էր տերության հարավային սահմաններում, լսում է, «թե Վայկուն անունով մի ելուզակ վրդովում է Հայոց աշխարհը, գրավե­լով այն ամուր լեռը, որ մինչև այսօր էլ այդ ելուզակի անունով կոչ­վում էր Վայկունիք»։ Ամենայն հավանականությամբ, պատմահոր ներկայացրած Վայկունիքը, Արցախի Վայկունիք-Քարավաճառ գավառն է։

Ցավոք, հայ և օտար աղբյուրները Հայաստանի սահմանների, երկրի ու նրա բնակչության ազգագրական վիճակի մասին ամենայն մանրամասնությամբ խոսելով հանդերձ, շատ քիչ տեղեկություններ են հաղորդում Երվանդունիների և Արտաշեսյանների ժամանակ Հայոց Արևելից նահանգների ժողովրդի ներքին կյանքի, նրա մշակույթի և նիստ ու կացի մասին։