Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԿՀԱՆ/Պարսից արքունիքի քաղաքականությունը և արևելից նահանգների հայության դիմադրությունը

Առանշահիկների թագավորության կազմավորումը Արցախում Պարսից արքունիքի քաղաքականությունը և արևելից նահանգների հայության դիմադրությունը

Վահրամ Բալայան

Արցախը որպես «Սիսական» շահրի մի հատված
ՊԱՐՍԻՑ ԱՐՔՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎԵԼԻՑ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒ­ՆԸ

Վաչագան բարեպաշտի մահվանից հետո վեցերորդ դարի համարյա ամբողջ երեք քառորդը Արցախն ապրում էր խաղաղ ու բարգավաճ կյանքով։ Դա հիմնականում բացատրվում էր Սասաանյան Իրանում տիրող քաղաքական համեմատաբար կայուն կացութ­յամբ։ Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ (531-578թթ.) Պարսկաստանում սկսվում է տնտեսական և մշակու­թային աննախընթաց վերելք։ Բարեփոխվում է երկրի ռազմավարչական և հարկային համակարգը։ Երկրում սկսված շինարարական եռուզեռի ընթացքն ու անդորրը պահելու համար Խոսրով Ա Անուշիրվանը սկսեց հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել այլ հավատքների, այդ թվում քրիստոնեության նկատմամբ։

Դեռևս Կավատ Ա-ի ժամանակ Պարսկաստանը վարչականորեն բաժանված էր չորս «քուստակների»՝ երկրամասերի։ Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ ռազմական բարեփոխումով այդ չորս երկ­րամասերը միաժամանակ դարձել էին ռազմական շրջաններ։ Յու­րաքանչյուր երկրամաս՝ «կողմ», բաժանված էր առանձին մարզ­պանությունների և «շահրերի»(աշխարհների)։ Մարզպանական Հայաստանը, Ատրպատականը, Վիրքը, Աղվանքը, Կասպից ծովի հարավային եզերքին գտնվող Դմբավանդ, Տապարստան, Ռուան և ամոլ երկրները կազմում էին Հյուսիսային Քուստակը, որը կոչվում էր նաև «Քուստի-Կապկոհ», այսինքն՝ Կովկասյան Քուստակ։ Արցախի Առանշահիկների թագավորությունը Աղվանից մարզպանության կազմում ներառված էր հյուսիսային Քուստակի մեջ և իր տեղն ու դերն ուներ Սասանյան Պարսկաստանի ռազմավարչական հիերարխիկ համակարգում։

Ճիշտ է նկատել հայտնի կովկասագետ Ս.Վ.Յուշկովը, որ Առանշահիկների ավատական իշխանությունը համարվում էր Հայոց երբեմնի մեծ ու հզոր պետության մի բեկորը, որը, թեկուզև կախյալ վիճակում, ապրում էր պետական ինքնահատուկ կյանքով։

Հայոց երկիրը քաղաքական տեսանկյունից բաժան-բաժանանելուց զատ Սասանյան Պարսկաստանը ձգտում էր նրան տկարացնել նաև տնտեսական տեսանկյունից։ Այդ նպատակով Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ անց է կացվում աշխարհագիր՝ գրանցվում են ցանքատարածությունները, այգիներն ու պարտեզները, ինչպես և անասունների գլխաքանակը։ Գլխահարկի քանակը պարզելու համար կազմակերպվել է ազգաբնակչության վիճակագրություն։ Հարկը գանձվում էր տարեկան երեք անգամ։ Հողահարկը վճարում էին ազգաբնակչության բոլոր խավերը, իսկ գլխահարկը՝ ստորին դասերը՝ շինականները և քաղաքացիները:

Նախկինում հողահարկը գանձվում էր բնատուրքի ձևով՝ պարզապես տրվում էր ստացված բերքի որոշ քանակը, այժմ հարկահավաքները պահանջում էին և բնատուրքով, և դրամով։ Հարկային նոր համակարգը մեծ դժգոհություն հարուցեց բնակչության բոլոր խավերում։ Դրա արտահայտությունը հանդիսացավ Հայոց Արևելից կողմանց իշխանների ապստամբությունը պարսից բռնատիրության դեմ։ Սասանյաններին հաջողվեց ճնշել ապստամբությունը և մասնակիցներին ենթարկել դաժան պատժի։ «Մեծամեծաց իշխանաց աշխարհին Աղուանից, որք ապստամբեցան յարքայեն Պարսից և կորեան անկան բազումք ի նոցանէ՝ ոմանք ի սուր, ոմանք ի խեղութիւնս անդամոց և ոմանք տարագրեալք յաշխարհս հեռաւորս» դառը կսկիծով պատմում է Մովսես Կաղանկատվացին։

Հայոց Արևելից կողմանց տերերի՝ Առանշահիկների իշխանապետության բեկորները պահպանել ու պարսից հայակործան քաղաքականությանը դիմակայելու նպատակով հայոց թվականության առաջին տարում (552թ.) հիմնադրվեց կաթողիկոսական աթոռ։ Աղվանից առաջին կաթողիկոսն է դառնում Մեծառանք գավառի եպիսկոպոս Աբասը։ Կաթողիկոսանիստ կենտրոն դարձավ Պարտավ քաղաքը։ Աղվանքի հայրապետությունը, բացառյալ տեղական նշանակության հարցերի, նվիրապետական տեսակետից ենթակա էր Հայոց կաթողիկոսությանը։

Նորաստեղծ կաթողիկոսությունը սկզբից ևեթ մեծ հեղինակու­թյուն ուներ նաև հարևան նահանգների հավատացյալների մեջ։ Շուտով նրա գահերեցությունը ընդունեցին մինչև Դերբենդի դռները փռված նահանգները։ ԵՎ պատահական չէր, որ հայաղվանքում հիմնադրված աթոռը կոչվում էր «Կաթողիկոսություն Աղվանքի, Լփնաց և Չողա»։ Դրա մասին է վկայում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղյանի Աբասին հղած թուղթը, որտեղ նա թվարկում է Աղվանից կաթողիկոսության մեջ մտնող թեմերն իրենց առաջնորդներով։ Ահա դրանք. «Բարիներին, արդարամիտներին, աստվածասերներին, իմ սիրելի եղբորն ու աթոռակցին՝ Աղվանքի կաթողիկոս տեր Աբասին, Բաղախատի եպիսկոպոս Մովսեսին, Կապաղակի եպիսկոպոս Գրիգորին, Ամարասի եպիսկոպոս Հռոմի կին, Բաղասականի եպիսկոպոս Տիմոթեոսին, Շաքիի եպիսկոպոս Ամբակումին, Գարդմանքի եպիսկոպոս Հոհանիկին, Մեծ կողմանց եպիսկոպոս Ղևոնդին»։

6-րդ դարի երկրորդ կեսին Սյունիքի եպիսկոպոս Պետրոսն իր թեմը նույնպես միացրեց Աղվանքի աթոռին, որոշելով այդպես մնալ մինչև սուրբ Գրիգորի աթոռի միասնական դառնալը։

Աբաս կաթողիկոսը իր աթոռակալության առաջին իսկ օրվանից անզիջում պայքար սկսեց աղանդավորության դեմ, անխաթար պահելով հայոց եկեղեցու միասնությունը։