Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ՔԴԱ/Պարսից Միհրանյան տոհմի պայքարը Առանշահիկների դեմ և դրա հետևանքները

Արցախահայության հակաարաբական ապստամբությունները Պարսից Միհրանյան տոհմի պայքարը Առանշահիկների դեմ և դրա հետևանքները

Վահրամ Բալայան

Խաչենի իշխանությունը
ՊԱՐՍԻՑ ՄԻՀՐԱՆՅԱՆ ՏՈՀՄԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

7-րդ դարում ավարառու ցեղերի անընդհատ կրկնվող արշավանքները և պատմության թատերաբեմ ելած իսլամի նորահավատ՝ արաբների հայակործան դավերի հետևանքով քամվեց Հայոց Արևելից գավառների կենսատու հյութերն ու պարարտ հող նախապատրաստվեց պարսից Միհրանյան տոհմի Արցախում և Ուտիքում հիմնավորվելու ու շուրջ երկու դար հայոց նահանգները խառնակ վիճակում պահելու համար։

7-րդ դարի սկզբներին պարսից Խոսրով Բ Փարվեզի տոհմակից­ներից մեկը՝ Միհրանը արքայից արքայի վրեժխնդրությունից փախչելով (վերջինս մասնակցել էր արքայի հոր սպանությանը) 30 000 ընտանիք վերցրած հասնում է Գարդմանք և այնտեղ իշխող Առանշահիկներից տասներկու հոգու դավադրաբար կոտորում ու տեր դառնում գավառի մի մասին։

Միհրանին հաջորդում է որդին՝ Արամայելը, իսկ սրան էլ Վարդը, այնուհետև Քաջ Վարդանը։ Ամբողջ երկրին տիրելու համար վերջինս խնջույքի է հրավիրում Առանշահիկ 60 իշխանազունների և, բացի իր փեսայի՝ Առմիհր Առանշահիկի, դավադրաբար բոլորին կոտորել է տալիս։ Նվաճելով ամրողջ երկիրը, նա, իր իշխանությունը ամրապնդելու համար, կառուցում է Գարդման բերդը։

Առանշահիկները Գարդմանից դուրս մղվելով, ամրանում են Ար­ցախի լեռնային բավիղներում, շարունակելով պայքարը իրենց օրի­նական իշխանության պահպանման համար։

Չնայած տասնամյակներ տևած երկու տոհմերի միջև արյան վրեժին, երկրամասում արձանագրվել է նաև խաղաղ գոյակցության որոշ դրվագներ։ Հայկական միջավայրն իր բարերար ազդեցու­թյունն ունեցավ Գարդմանի նոր տերերի քաղաքական գործելակերպի և մշակութային արարումների վրա։ Այդ գործընթացը ավելի խո­րացավ քաջ Վարդանի որդիներ, քրիստոնեություն ընդունած Վարազ Գրիգորի և Ջիվանշիրի կառավարման շրջանում։

Միհրանյան տոհմի ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Ջիվանշիրը(637-683թթ.) երկիրը ղեկավարում էր հայկական օրենքնե­րով ու բարքերով։ Պատահական չէ, որ նա իր համար կին առավ Սիսական նահանգի իշխանի աղջկան։ Ջիվանշիրը փորձում էր շրջակա երկրների նկատմամբ վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, անխաթար պահելով երկրի սահմաններն ու ներքին անդորրը։ Ընդունելով պարսից արքայի գերագահությունը, իր զորքերի գլուխ անցած կռվում է շահնշահի թշնամիների դեմ և անպարտելի հերոսի անուն վաստակում։ Քաջագործությունների համար Հազկերտը նրան հռչակում է ողջ Աղվանքի սպարապետ։ Վաչագան Բարեպաշտի թագավորության փառքն ու սահմանները վերականգնելուն ձգտող Ջիվանշիրի օրեցօր մեծացող հեղինակությունը սկսեց անհանգստացնել պարսից արքունիքին։ Երկիրը մտած պարսկական զորքերին նա հաղթեց Պարտավի մոտերքում։ Հետապնդելով պարսիկներին, Ջիվանշիրը անցնում է Կուր գետի ձախ ափը և Կամբեջան գավառում ջախջախում պարսիկներին ու ազատում գերյալ ծնողներին և եղբայրներին։

Ճկուն արտաքին քաղաքականության միջոցով Ջիվանշիրը մի առ ժամանակ բարեկամական հարաբերություններ պահպանեց բյուզանդացիների, արաբների, հոների և պարսիկների հետ։

Այդ նպատակով նա մեկնեց Վաղարշապատ՝ հանդիպեց Բյու­զանդիայի կայսեր հետ և նրանից մեծամեծ պատիվներ ու ընծաներ ստացավ։ Ջիվանշիրը լեզու է գտնում նաև հոների խաքանի հետ։ Երբ հոները մտան Այսրկովկաս և դեռ չէին հասել Ուտիքի ու Արցախի սահմաններին, նա առաջանցիկ քայլ կատարեց։ Իր 17 բանագնացների հետ անցնում է Կուր գետը և խնդրում խաքանի աղջկա ձեռքը։ Այս նոր ստեղծված բարեկամության շնորհիվ հետ է վերադարձվում 120 հազար ոչխար, 7 հազար ձի և արջառ, 1200 գերի­ներ, ինչպես նաև հոների օգնության շնորհիվ նա Այսրկովկասում հակակշռություն է ստեղծում։ Ջիվանշիրը որպես շրջահայաց գոր­ծիչ, վարում էր նաև խելամիտ արտաքին քաղաքականություն։ Երկրի տնտեսական վերելքը ապահովելու համար թեթևացրեց հարկե­րը։ Պարսկական և արաբական ձուլարար քաղաքականությանը դիմակայելու նպատակով երկրում կառուցեց եկեղեցիներ, ծավալեց քրիստոնեական ու հայկական ազգային սրբությունների քարոզիչ­ների շարժում։ Մեծարվում է Մեսրոպ Մաշտոցը և Գիս ավանում նրա թողած սուրբ խաչը համաժողովրդական ցնծությամբ տեղափոխում են եկեղեցի։ Ջիվանշիրի ժամանակ Հայոց Աղվանքի մշակութային կյանքը մի նոր վերելք է ապրում։

Չնայած Միհրանյաններին հաջողվել էր Հայոց Արևելից գա­վառներում տեր ու տնօրինություն անելու և տանելի կացություն էր ստեղծվել Առանշահիկների հետ հարաբերություններում, բայց և այնպես Արցախի լեռնային գավառներում հայոց հինավուրց այդ տոհմը, պահպանելով իր շառավիղները, մտմտում էր նորից վերականգնելու բռնազավթված իշխանությունը։ Գինարրբունքից հետո, գիշերային մի զբոսանքի ժամանակ Պարտավի իր պարտեզում Ջիվանշիրին դաշունահարեց Առանշահիկ մի իշխանազուն։ Ջիվանշիրին սպանողը Պարտավից փախչում է դեպի Արցախ։ Հևտապնդողները չկարողանալով բռնել նրան, կողոպտում են նրա հոր ունեցվածքը, հրդեհում տունը։

Ջիվանշիրի սպանությունից հետո իշխանությունը անցնում է նրա եղբոր որդուն՝ Վարազ-Տրդատին։

Ջիվանշիրի սպանության վրեժն առնելու համար հոները նորից ասպատակում են երկիրը։ Երկիրը վերահաս աղետից փրկելու նպատակով Վարազ-Տրդատը Եղիազար կաթողիկոսի գլխավորու­թյամբ մի պատվիրակություն է ուղարկում հոների խարանի մոտ, խոստանալով հարկ վճարել վերջինիս։ Մյուս կողմից 705թ. Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը փորձեց հարկատու դարձնել Հայոց Արևելից գավառների հայությանը։ Այդ նպատակով բանակցությունների­ պատրվակով Վարազ-Տրդատին և նրա երկու որդինե­րին՝ Գագիկին ու Վարդանին հրավիրեց Կ.Պոլիս և բանտարկեց։

Հինգ տարի բանտարկության մեջ մնալուց հետո Վարազ-Տրդատին հաջողվեց համոզել կայսրին և վերադառնալ հայրենիք։ Այլ ելք չգտնելով՝ Վարազ-Տրդատը հպատակություն հայտնեց արաբներին։

Հուստինիանոսը, լսելով Վարազ-Տրդատի այդ որոշումը, նրա երկու որդիներին փակում է միանգամայն անլույս մի բանտում։

Հյուսիսային Կովկասի ցեղերի, բյուզանդացիների և արաբների անընդմեջ կրկնվող արշավանքների ու խարդավանքների հետևանքով 8-րդ դարում Միհրանյանների տոհմը թուլացավ։ Բնիկ իշխանական տան Առանշահիկների համար գործունեության ասպարեզ բացվեց. 9-րդ դարի սկզբին Միհրանյան վերջին արու իշխանազունին՝­ Ստեփանոսին սպանեցին Թարթառի հովտում, Դադիվանքի մոտ։ Մայրը կենդանի մնացած միակ դուստր Սպրամին փախցրեց Խաչենի բերդը, այնտեղ ամուսնացրեց Սահլ Սմբատյան մեծ իշխանի­ որդի Ատրներսեհի հետ։

Այսպիսով երկու տոհմերի միջև գոյություն ունեցած երկդարյա պայքարը ավարտվում է քաղաքակիրթ եղանակով։ Առանշահիկները նորից դարձան Արցախի և Ուտիքի լիիրավ տերերը։