ԱՓՈՎ ՋՈՒՐ ԷՐ ՄԵԿՆԵԼ


Քեզանից բացի ոչ ոք քեզ չի տեսնում այնպես, ինչպես
դու ես քեզ տեսնում, մինչդեռ
ոչ մեկին այդպես չի թվում։
Եվ կասկածելի է վայրկյանը, որը դեռ չի եկել։


Բերման ենթարկված անձրեւ. ծաղիկները այլեւս չեն ընդունում։ Ոչ
մի տեղ չէ ճշմարտությունը։ Եվ ծառը՝ ցատկատախտակին
կանգնած լողորդի նման, ձեռքերը երկարել, թեքվել է, որ նետվի
ջրի մեջ, բայց այդ դիրքով, քանի տարի է, կանգնած է ափին։

Եթե անում ես մի բան, ուրեմն՝
ամեն ինչ անում ես, բացի
այդ մի բանից։ Իսկ թե ինչու է սիբիրյան ագռավն ավելի սեւ
լինում, կարող եք հարցնել Գրիգոր Ներսիսյանին։
                                        (Մի մարդ է, էլի)։
Հոգի՝ հիշողություն ապագայի։
(Քաշվեիր, գոնե Սողոմոնից, իսկ ես՝
դեռ ոչինչ։ Ինձ հետ եմ խոսում, թե՞ ուրիշի)։ Այնպես եմ
                              քայլում անհայտ քաղաքում, ասես,
հատակագիծը մանրամասնում-կծկում եմ ոտքերիս մեջ՝ մի
այլ տարածքում նրա նմանակը կառուցելու մտադրությամբ։

Չէ՛, Սողոմոնը չէր հաստատ, Դալին էր Սալվադոր,
աղբյուրի մոտ կանգնել էր երեկ - բոլորովին մերկ -
ափով ջուր էր մեկնել իրենից առավել մերկ մի աղջկա։
                                                 Եվ մութը,
որի մեջ նրանք չէին երեւում, երբեւէ այդքան գեղեցիկ չէր եղել։

Ոչ ոքից չեմ քաշվում,
բացի ինձանից։ Դալու ծոծրակին եւս աչքեր կային։ Անխուճապ մի քամի՝ աշնան
մկրատը ձեռքին, թեպետ օգոստոս է դեռ, մտել է ծառերի մեջ։ Գիշեր-
ները, ասե՞լ եմ, թե՝ չէ, ես քնում եմ չվող կռունկների թեւին։


Չի կարող լինել մեր հոգին գերի Սերտած խոսքերի, կռտած մտքերի.
Չարենց Եղիշե։ Որձ։ «Հայ գրականության ամենաքաջ տղան».
             Մաթեւոսյան Հրանտ։ Եվ ես ուզում եմ գտնել,
կարդալ գիրքն այն, որը դեռ
չի գրվել, որը, կարծում եմ, երբեւէ չի գրվելու եւ ոչ մի լեզվով։


Եվ այսպես, չեմ մեռնում, որովհետեւ ապրելը բացարձակ խայտառակություն է։ Իսկ
ձին գայթում է իր անասելի
գեղեցիկ լինելուց։ Ոչ մի բառ։