Բախտի՞ բան է, թե՞ լախտի․․․
Բախտի՞ բան է, թե՞ լախտի․․․
Դու էլ ես մարդ, մարդ եմ ե՛ս էլ,
Աչք, ունք ունենք երկուսս էլ․
Դու էլ գլուխ ունես, ե՛ս էլ,
Ունենք միտք, սիրտ երկուսս էլ,
Բայց ինչո՞ւ դու միշտ ուրախ ես,
Առանց հոգս, ցավ, միշտ անկախ ես,
Իսկ ես, որ ոչ ծույլ եմ, ոչ թույլ՝
Չի պակասում «ախ»-ը սրտես։
Ինչո՞ւ մշտավ քո սեղանը
Լի է, չունե իր նմանը,
Իսկ իմ աչքես չի հեռանում
Ամեն րոպե կախաղանը։
Ինչո՞ւ ագահ քո գրպանը,
Անգործ, հանգիստ ընկած տանը,
Ժողով եղած գումարներին
Միշտ բացում է իր բերանը,
Իսկ ես այնպե՜ս եմ աշխատում,
Որ արյուն է ճակտես կաթում,
Սակայն․․․ սակայն հազարից մին
Հազիվ սոխ ու հաց եմ ուտում։
Ինչո՞ւ միտքը քո լոկ խոսքի,
Որ չի արժե գրոշ իսկի,
Լսում են միշտ ակնածությամբ
Ու գին դնում մին-մին ոսկի,
Իսկ իմ խելքը, երբ կդատի,
Լավին գովել, վատին կատի,
Իսկույն ծաղրելով կհաշվեն
«Ձայն բարբառո հանապատի»։
Ինչո՞ւ մշտավ քեզ գդակը
Կխոնարհվի մինչ հատակը,
Կամ կցուցանեն քեզ բարձր տեղ,
Իսկ ինձ, երբեմն, դռան տակը։
Ինչո՞ւ, ինչո՞ւ միշտ կոշտ հողը
Կդնե ծոցիս մահվան դողը․․․
Ա՜խ, հարցերիս մի պատասխան
Շո՞ւտ, ո՞վ կտա․․․ փո՜ղը, փո՜ղը․․․