Բախտորոշ ճամփաբաժանի առջև

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է բախտորոշ ճամափաբաժանի առջև: Առաջիկա ամիսները, գուցեև շաբաթները, մեզ համար կարող են լինել ձեռքբերումների ժամանակաշրջան, սակայն կարող են լինել նաև մեծագույն կորուստների շրջափուլ: Հայ-թուրքական համատեղ մշուշոտ հայտարարությունը մեր պետականության նորագույն շրջանի (1991–2009թթ.) արտաքին քաղաքականության՝ առ այսօր եղած ամենավիճահարույց փաստաթուղթն է:

Խիստ խնդրահարույց է հայտարարության ստորագրման ամսաթիվը, միանգամայն անընդունելի է այն հասարակությանը ներկայացնելու ձևը, և մեծապես կասկածելի են ակնկալվող օգուտները: Ավելին, գործընթացի ոչ ճիշտ զարգացման դեպքում, որը ցավոք սրտի շատ հավանական է թվում, մենք ազգովի կարող ենք հայտնվել պղծված անցյալի, պարապ ներկայի և անապագա հայրենիքի ուրվապատկերի առջև: Առանց չափազանցության՝ մենք պարզապես կարող ենք վերջնականապես դառնալ աշխարհագրական ելուստ և քաղաքական կցորդ: Այդ ճակատագրից խուսափելու միակ ուղին, ինչպես նշել եմ բազմիցս, Հայկական հարցի լիակատար, ամբողջական և արդարացի լուծումն է, այլ ոչ թե ինքնախաբեությամբ համեմված պատրանքը: Եթե թուրքերի կողմից պարբերաբար և հետևողականորեն տարածվող տեղեկություն-նախապայմաններից թեկուզև մեկը ճիշտ լինի, ապա դա կլինի Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնուրույն քաղաքական միավորի, եթե ոչ վերջը, ապա վերջի սկիզբը:

Մի կարևոր դիտողություն ևս: Այս աղմկահարույց գործընթացում խոսքը ոչ թե «հայ-թուրքական սահմանի բացման մասին» է, այլ Ախուրյան–Դողուկապի երկաթուղային և Մարգարա–Իգդիր ցամաքային սահմանային անցակետերի հնարավոր բացման մասին: Ուստի իրերը պետք է կոչել իրենց անուններով, և փաստաթուղթը հստակ պիտի խոսի միմիայն դրանց մասին և երբեք չգործածի «հայ-թուրքական սահման» հասկացությունը: Դա ճիշտ չէ միջազգային իրավունքի տեսանկյունից, դա ճիշտ չէ ՀՀ հեռագնա շահերի տեսանկյունից: Քանի որ, չնայած բարձրագոչ հավակնությանը, բանակցային գործընթացի նպատակն ակնհայտորեն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, այն է՝ Թուրքիայի և մի շարք երկրների կողմից ՀՀ նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, այլ ընդամենը 2 մասնավոր հարցի, այն է սահմանային 2 անցակետերի հնարավոր բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ուստի նման փաստաթուղթը պիտի ստորագրվի ոչ թե միջպետական կամ միջկառավարական, այլ միջգերատեսչական մակարդակով: Հայկական կողմից անցակետերը գործարկելու վերաբերյալ ստորագրողները կարող են լինել, օրինակ, Տրանսպորտի և կապի փոխնախարարը, ՊԵԿ-ի նախագահի մաքսային հարցերի պատասխանատու տեղակալը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Ոմանք կարող են ասել, որ այդ մակարդակով հնարավոր չէ: Հնարավոր է. ԱՄՆ – Թուրքիա միջպետական հարաբերությունները հաստատվել են ոչ թե միջազգային պայմանագրով, քանի որ Սենատը դեմ էր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց Վիլսոնի իրավարար վճռի իրականացման, այլ ԱՄՆ պետքարտուղարություն – Թուրքիայի ԱԳՆ միջգերատեսչական փաստաթղթով՝ 17 փետրվարի, 1927 թվակիր մոդուս վիվենդիով: Նույն ամերիկացիների օրինակով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կարելի է հաստատել երկիմաստություններից զուրկ, միանշանակ և զուսպ ձևակերպումներ պարունակող, միմիայն դիվանագիտական հարաբերություններ հաստատող միջգերատեսչական նոտայով: Եթե Թուրքիան հրաժարվի այդ մակարդակով և այդ ձևով առաջ ընթանալուց, ապա դա ցույց կտա, որ թուրքերի նպատակը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների թեկուզև մասնակի կարգավորումն է, այլ, մեզ դիվանագիտական ծուղակի մեջ գցելով, առավելագույն օգուտներ քաղելն ու մեզանից խորամանկորեն իրենց ցանկալի նախապայմանների իրականացումը կորզելն է:

Այս երկու մանր հարցերում էլ Միացյալ Նահանգները պարտավոր է թիկունք կանգնել Հայաստանին, քանի որ ՀՀ նախագահը գոնե այս տարի ԱՄՆ նախագահին պատրվակ տվեց չկատարելու իր ընտրողներին տված անսակարկ խոստումը:



26 ապրիլի, 2009թ.