Բանասիրական

1871

3. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Հառաջաբան: —Օրագիր և թերթք: —Մայիս 24: —Խոսք մ՛ալ:

Գաղափարի սվին՝ գրիչ շարժել կարենալես ի վեր հոգվույս ծալքերը մեկուսի թղթատելե ավելի՝ կսիրեմ հրապարակական ձայնարկությունները։ Չեմ ուզեր նմանիլ անոնց որոնք իրենց հոգվույն կայծերովը աստղերուն հետ կըդհարին անձայն։ Սակայն զբաղմունքս և ուրիշ պարագաներ շատ քիչ անգամ սույն փափագիս լրմանը տեղի կուտան։ Թեպետև թատերաբեմի մը միջոցավ հայրենյաց հսկա դարերու ավերակաը մոխրոտ շունչն ուզելի ըլլալ, բայց երևակայության հեղեղներուն արտադրած սույն կաթիլները ընդեըան համր կամարի մը տակ։ Հոգվույս քրտունքն էին անոնք։ Խոսքեր, որոնք հանճարներու ամպրոպին մեջ կփսփսան թեև, բավական է որ խոսին։ Որչափ թերթեր բացվին այնքան վհեր կը գոցվին։

Այն, որուն խոկմունքը համասլաց սլաքներ կ’արտադրե. բնական է, որ երբ ասպարեզ նետվի, արձագանք մ’ունի իր գաղափարին, քրքիջ կամ ծափ։ Ես վայրկյան մը մտածեըի անուշադիր անցնիլ այն ժխորին մեջեն, և միայն ուշ դնել այն Օվկեանին, որ իմ ներսս կը փրփրի․— այլ ո՛չ հարկ է այն ծափահարին ձեռքը թոթվել և այն քրքիջին դեմ որոտալ։ Սիրել և մաքառիլ։ Ահա սրտիս ծալուցը մեջ երկու հրատառ բառեր, ճակտիս տակ երկու հրաբուխներ։

Ահա իմ գաղափարս.

Խառնել գահոսները, մոտել այն վհին, ուր ճառագայթը կը սոսկա թափանցելու. վիհ մը, որ կը շնչե, և գծուծ, գունատ և անզոր էակներու վխտում մը անոր աղիքը կը կազմե. լույս և ձեռք կը պոռա նա։ Այն վիհը մարդկության ահագին և խորունկ վերքն է։ Լույսը և եղբայրության շունչն է անոր սպեղանին։

Հոս կ’ուզեմ խառնել նաև գարուց մոխրակույտը և ի տես բերել այն մարած հրաբուխը1), որ ասկից տասնևինը գար առաջ վերանորոգության կայծեր սփռեց, այն կարմիր բլուրը, ուր լուսեղեն դիակ մը վառեցավ2) ահավոր ջահի մը պես. այն արտոսրալից խորշը, ուր տիեզերքն հեղաշրջող սա փոթորիկը հեծկլտաց՝ «Սիրեցեք զ’միմյանս»3

Բայց ավա՜ղ որ Գողգոթան միջին դարը պիտակեց։ Այն վսեմ փոթորիկը արյան ծովեր ալեկոծեց, փայտակույտներ հրահրեց։ Մենաստաններու մեջ մահաշշուկ հծծյուն մը սողաց: Տիեզերքի երակներուն մեջ ցուրտ սարսուռ մ’Էր այն։

Խղճի շղթա հյուսեցին կողմնակի չարաշշուկ գանչյուններ։

Ա՜հ, ո՛րչափ այլայլեցին Աստվածաշունչ հեղափոխականին հագագը։

Եվ դեռ մինչև հիմա միայն երկու իր ակնածությամբ և հավատարմաբար կը նային այն հեղափոխական հրաբուխին, երկնի աստղը և հյուզին փոշոտ լուսամուտը՝ նվաղյալ աչքի պես։

Ա՜հ, մինչև ե՞րբ մարդիկ թույն ու խավար պիտի շնչեն։

Ե՞րբ պիտի լռե թնդանոթը։

Ե՞րբ պիտի սիրե կղերն ալ։

Ե՞րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա։

Ե՞րբ պիտի ծավալի համայն աշխարհ իր ամբողջությամբը ԼՈԻՅՍԸ։

Ե՞րբ:

Արդյոք դեռ շատ դարե՞ր կան հոլովելիք։

Ես կը տարակուսիմ, որ չըլլա թե աշխարհ իր երկանցը մեջ այս երազները հեղհեղած միջոցին ալեվորի և լուսածամ աստղերուն վարսերը թափթփին։

Այլ ո՛չ, հարկավ Աստծո մը ըմպած բաժակին մեջ պատրանք չի գտնվիր։

* * *

Այս օրերս երբ Օրագիրը նորափետուր տեսա) բերկրեցա, համակրական նոր նշույլ մը կ՚ընդշմարվեր հոն։ Հիրավի որչափ զմայլում ազդեց ինձ այդ կերպարանափոխությունը,— ինչպես շատերուն,— երբ նա հառաջադիմության նշանավոր քար մը կ՚առներ և իր մեջ կը փայլեր հայկական լեզվին կորովը։ Կը շնորհավորեմ այդ հսկա քայլը։

Օրագիր հրապարակ իջնելեն ի վեր Հայ հասարակությունը զայն համակրությամբ ընդգրկեց, վասնզի Օրագիր, վսեմ և ազատ գաղափարներ արտաշնչեց։ Անշուշտ այս անգամ ալ, որ հայկական լեզվով ոգևորվեցավ, ազգն իրավամբ իր համակրական ընդգրկումը պիտի ամրապնդե։ Հասարակաց կարծիքը չկրնար ուրանալ այն շահերը, զորս ազգը քաղեց ազգային թերթերեն, որոնց գլխավորներեն Մասիս5) իր հայկաբանությամբը, Մանզումե6) իր հախուռն գաղափարներովը և Օրագիր7) իր հասուն խորհրդածությամբքը բավական լույս ու շահ ջամբած են ազգին։ Հրապարակական թերթերն ազգի մը հառաջադիմության թևերն են։ Լուսավորյալ գարու փառաց դափնիներ։ Մելանը խավարի սև արյունն է։ Ծծենք միշտ զայն։ Հոգեսպառ ընենք. տապալենք խավարը։ Խավարի արյանը մեջ լուսո զենքեր թաթխենք, գրիչներ։ Հարգենք գրիչը, ինչպես հսկայն իր զենքը, քահանայն իր խաչը։ Հառաջադիմական խոկմանց ծալերով ծանրացած ճակատներ հանձնենք մեր հողակույտին։ Այս է մարդկության պարտքը։ Իրավ է որ Մամուլնիս ամուլ չէ։ Բայց ինձ այնպես կ’երևի, որ Հայության կենաց ծառեն մեկ֊մեկ տերև կ’ընկնի, երբ անընդհատ նոր թերթեր ծնանելնուն հետ կը մեռնին։ Ասոր պատճառն այն է, որ մեր հասարակությունը չը հարգեր նոր ասպարեզ նետվող գաղափարի մը դողդոջումը և թոթովումը, կ’ուզե որ հանկարծ արծվի մը պես թևարկե և օվկեանի մը պես մռնչե։ Անհնար է այս։ Օվկեանն անգամ ատեն մը կաթիլ մ’էր։ Վերջապես խոսքերնիս եզրակացնենք։

Վարժարան և տպարան, ասոնք են մեր զարգացման վառարանները. ասոնցմե մարդ, — մայր ալ հասկնանք, — և գիրք դուրս տալ աշխատինք։ Եթե ամեն հայ մարդ և ամեն գաղափար գիրք ըլլան՝ այն ատեն մեր հուսացած իրականացյալ ազգն ենք։

Երջանիկ և անմահ ազգ մ’ենք։

***

Վարդի և արշալույսի ամսուն՝ Մայիս 24ը8) կը մոտի։ Կրակոտ հիշատակի մը սրտագրավ թվական։ Տես սա կապույտ եթերին ձյունատիպ ամպիկը. տես սա Վոսփորի խաժագույն ալին.— ձգե՛նք, եղբա՛յր, թող երկին ու ծով իրարու նային։

Տես սա կանաչագեղ թավուտքը։ Շուք և փսփսուք ունի.— ձգե՛նք, եղբա՛յր, թող հոն սիրեն։ Տես սա դափնեզարդ և դրոշավոր շոգենավները, որոնք Վոսփորի խաժագույն լանջը պատռելով կը թռչին։ Անոնց մեջ խուռն ու զվարթ ամբոխ մը կա։ Հոն սրտերը շոգենավին անիվներեն ուժգին կը բաբախեն։ Կարծես թե եռանդը զիրենք կը տանի, քան թե շոգենավին մեքենայն։ Հոն կիներ ալ կան։ Հաստատուն աստղերու պես զիրենք շրջապատող մոլորակներուն լույս տվող էակներ։ Ծածանող դրոշակներ, բոցավառ ճակատներ, դյությալ նայվածքներ, կցկտուր ձայնարկություններ, նվագարանաց թըրթըռումներ ...։

Ո՜հ, ուր կ’երթա այս սրտագրավ շենքը։

Հոն, ուր կան նաև ամպիկներ, ալի, թավուտք, շուք ու փսփսուք։ Գեղ, գույն, բույր, ամեն բան կա հոն։ Բայց հոն ա՛յլ է սերը։ Հոն շատեր զիրար կը սիրեն, հոն հոգիները կը սիրեն, հոն հայրենիք մը կը սիրեն։ Հոն կայսերաշնորհ Սահմանադրության մը9) հիշատակը կը տոնեն։ Հոն ագգային հանդես մը կը կատարվի։

— Այդ շոգենավը նետվինք ուրեմն, եղբա՛յր, որ կարծես թե Վատիկանը զարնող շանթեն շուտ այն սրբավայրը կ՝ուզե նետվիլ, հոն, ուր հոգիներու բուրում մը կը ծավալի։ Ազգային հանդեսները ազգի մը շնչառություններն են։

Բայց բա՜բե։ Ո՜րչափ կարճ կը տևե այս սիրային օրը: Արևը կը փութա իր ճառագայթները լերանց գագաթը մարելու: Իսկույն օդը կը տարաժամի, մինչդեռ սրտեր դեռ կը բաբախեն և շուրթեր դեռ կը դողդոջին խոսելու համար։

Շոգենավները կը սուլեն։ Բաժանում կը գուժեն։

Տեսե՞ր եք այն ալին, որ հանդիսականները ի ծով կամ ի վերադարձ հրավիրելու համար ծովափին ավազներուն վրա կը շփշփա։

Տեսե՞ր եք այն հսկա ծառերուն սոսափած տխուր «երթալը բարյավ»ը, որոնք իրենց շուքին տակ հյուսված մտերմությանց վկա հանդիսացան:

Հիրավի դառն է այս ժամը։ Բայց ամբողջ տարի մը դառն չըլլալու համար երանի թե այն բոցավառ ճակատները չը մարին, երբ այն օրվան ։ Վերջալույսը հորիզոնին վրա մարի։