Կրկին՝ նոստալգիա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Բացակայություն)

Վարդան Հակոբյան

Աղերս
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ


Փախստական լուսինը՝
սուրսայր իջնող մի հսկա
սառցաբեկոր,
եւ դժվար է գլխապատառ փախչելն
ու առավելեւս՝ չփախչելը։

«Բիս» կաբարեում սուրճը
նստվածքն է տտիպ ու արյունոտ
գիշերների՝
նեյլոնալույսերի թեթեւ երգիծումով.
սիգարի կրակը ձգվում է
մինչեւ շուրթերը՝ մոռացված բառերով։

Գինեփախ աչքերը չկարողացավ հավաքել
պորտապարերի միջից, ջազի,
ծխի, ժպիտների միջից՝ հազար ու մի
թմրախորշերով ետին ու մութ.
երկնաքերի տունը իրենը չէր,
կամ իրենն էր, ինքը չէր ինքը։
Մայրը գզում էր մազերը
(բայց չէ՞ որ նա վաղուց էր մահացել)
բոլոր կանանց ու աղջիկների մեջ,
որոնք ինքնամոռաց ու մերկ կոտրատվում էին
անհասկանալի ու սուրսայր ռիթմերի տակ,
մայրը իր կուրծքը ծեծում էր անպաշտպան,
իսկ ինքը անտարբեր ընկնում էր,
բռնելու տեղ չկար։ Եվ հատակն էլ չկար,
չէր երեւում։ Ինչքան կուզենար՝ հասնել նրան,
փռվեր հատակով մեկ, հանգստանար։
Եվ ինքն ընկնում էր։

Զրնգուն ճարմանդներով գիշերապահի
ոտքը դիպավ կուչ եկած մեկին՝
սառել, մնացել էր քունքի արյան մեջ։ Իսկ
երբ գրպանում ամուր կծկված բռունցքը բացել են,
այնտեղ գտել են միակ հենարանը նրա,
որից բռնել էր վերջին պահին՝ չընկնելու համար,
երեւանյան
իր տան
փոքրիկ
բանալին։

Փախստական լուսինը՝
գլխիվայր իջնող մի հսկա
սառցաբեկոր,
ուր էլ ինքը փախչեր, միեւնույն էր
        արդեն, պիտի այն իջներ ուղիղ իր վրա,
որովհետեւ
գլխավերեւից բացակայում էր երկինքը։