Բացական

Մկրտիչ Աճեմյան


ԲԱՑԱԿԱՆ


Իմ աչքերես փախեր է քուն․․․
Նոր կբացվի դռնակն այգուն
Ու պատառուն ամպոց մեջեն
Վարդի խուրձեր կբողբոջեն։

Հոս հորիզոնը կարմըրի,
Հոն լուսնկան կը մարմըրի,
Բյուր ադամանդ շողեր՝ կարծես
Կը բեկբեկեն ծովուն երես։

Լերանց մեջքին կապույտ գոտի
Լայն ծալքերով կը փոթփոթի․
Խոլ ձևերով դաշտին վըրա
Շուքն երկարի ծառոց հսկա։

Ճըլվումներով՝ թփոց տակեն
Սարեկներն ալ դուրս կը ցատկեն․․․
Բայց ի՜նճ փույթ ինձ լույս ու շողեր,
Զիս պաշարեն վախ ու դողեր։

Զեփյուռին շունչ ու ծաղկին բույր
Ա՛լ ինձ համար չունին հրապույր․
Սարեկներուն հրճվանքն ի՜նչ փույթ,
Զըվարթ երգերն ինձ տան ձանձրույթ։

Զի միտքս իրմով միշտ կըզբաղի,
Ու կուլ կուտամ արցունք աղի․
Ա՜հ, կարոտն է փուշ մը թաքուն․․․
Ա՛լ աչքերես փախեր է քուն։