Բաքվի հայուհիները
Երբ սրանից երեք տարի առաջ մենք Բաքվի հայ կանանց հրավեր էինք կարդում, որ նրանք սթափվեն անշարժությունից և ձեռնամուխ լինեն մի որևէ հասարակական բարեգործության, գտնվեցան մարդիկ, որոնք ճգնում էին ապացուցանել, անհիմն ու անմիտ փաստերով, որ Բաքվի հայ կինը անընդունակ է բարեգործությամբ և հասարակական գործով զբաղվելու, որովհետև նա դեռ բարձրագույն կրթությունը չունի, նա զուրկ է զարգացումից: Երբ մենք ապացուցում էին այն այբուբենական ճշմարտությունը, որ բարեգործությամբ պարապվելու համար պահանջվում է ոչ թե բարձրագույն ուսում, այլ ցավակցության, խղճահարության զգացում, նրանք մեզ առարկում էին, թե նախ պետք է հայ կինը կրթվի, զարգանա, և ապա նրանից պետք է պահանջենք բարեգործություն անել:
Երբ մենք ասում էինք, մենք չենք հերքում, որ շատ ուրախալի կլիներ եթե հայ կինը կրթված լիներ, զարգացած լիներ, բայց սա չէ նշանակում, որ մենք ձեռներս ծալած պետք է սպասենք մինչ այդ երջանիկ ժամանակը և ահա այն ժամանակ ասեինք. «հայ կանայք, դե հիմա երբ արդեն կրթված եք և զարգացած, եկեք ու բարեգործությամբ պարապվեցեք»:
Երբ մենք հազար օրինակներով ապացուցանում էինք ամենատարրական և պարզ օրինակներով, որ մի որբ օրիորդին խնամելու, մի պառավ կնոջ ապրուստը հոգալու, մի հիվանդ կնոջ չքավորությունից և քաղցածությունից ազատելու, մի՝ դառն հացի կտորի համար դռնե դուռ ընկած հայ մոր կարիքը հոգալու, և վերջապես ամոթից մուրալ չկարողանալով և տան անկյունում քաղցած մեռնողին մահից փրկելու համար անմտություն է անպատճառ բարձրագույն կրթությունը պահանջելը և ոչ քրիստոնեական գթություն,-նրանք, այդ միամիտները պատե պատ էին ընկնում և մեջտեղ բերում ամենաողորմելի առարկություններ:
Մենք հազար անգամ ասել ենք և դարձյալ կրկնում ենք՝ ժողովրդի ակնհայտնի կարիքը հոգալու և նրան քաղցածությունից և անփախուստ մահից փրկելու համար մենք պետք է կարելի միջոցները ձեռնարկենք և ոչ սպասենք հրաշքների և մանանայի:
Եթե Բաքվի հայ կինը կարող է հազար ռուբլիանոց քարեղեններով իրան զարդարել, եթե նա կարող է իր տրամադրության տակ հարյուրներ ունենալ, ապա ինչու չէ կարող նա, նաև բարեգործության համար ունենալ իր կարգադրության տակ եթե ոչ հազարներ, հարյուրներ, գոնե տասնյակ ռուբլիներ: Իսկ բարեգործության համար ինչ է հարկավոր, եթե ոչ քրիստոնեական գութ և նյութական միջոց:
Միթե մեր բազմաթիվ ընկերությունները, ուսումնարանները և այլ ազգային հիմնարկությունները կառավարող հայ ժողովուրդները բոլորը բարձրագույն կրթությունը ստացած են: Այսօր տեսնում ենք, որ Բաքվի հայ կանանց ընկերությունը կազմված է, և արդեն «Մարդասիրական ընկերության» եկեղեցուն կից դահլիճներից մեկը հատկացված է նույն ընկերության բացվելիք արհեստանոցին:
Արհեստանոցում չքավոր օրիորդներ կսովորեն ձրի կերպով, կար, ձև, տնային տնտեսություն և կերակուրներ եփել:
Շնորհավորում ենք Բաքվի կանանց այդ քայլ հասարակական-բարեգործության ասպարեզում:
Միթե կարիք կա ապացուցանելու, որ Բաքվի հայ կանայք, ոչ թե այս 2 տարվա ժամանակամիջոցում մի հրաշքով բարձրագույն կրթությունը ստացան, այլ բարեգործության ոգին և կարիքը ըմբռնեցին: