Բեկումնային հանգրվան
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։
Մարտի 1 ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.
- Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում.
- Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում.
- Հայ–թուրքական երկխոսության խորացում.
- Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։
Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկնաբանել Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը նշված խնդիրներից յուրաքանչյուրի վերաբերյալ։
Սոցիալ-տնտեսական իրավիճակ
խմբագրելԻնչպես կանխատեսել էինք մարտի 1 ի հանրահավաքում, երկրի տնտեսությանն սպառնում էին լուրջ փորձություններ, գլխավորաբար կապված դրամի արժեզրկման սպասվող վտանգի հետ։ Իմ ելույթում ես մասնավորապես նշել էի. «Շատ շուտով կառավարությունն ստիպված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունից։ Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պարագայում, այլ պարզապես գահավիժելու է»։ Գահավիժումն իրականացավ հանրահավաքից երկու օր անց, մարտի 3 ին՝ բացահայտելով կառավարության եւ Կենտրոնական բանկի վերջին շրջանում վարած քաղաքականության ողջ սնանկությունը, եթե չասենք՝ հանցավորությունը։ Իշխանությունները մինչ այդ հասարակությանը հավատացնում էին, թե իբր դրամի փոխարժեքը ոչ թե արհեստական, այլ լողացող է, ինչը բացարձակ սուտ դուրս եկավ, որովհետեւ լողացող փոխարժեքը մեկ օրում 30% ով անկում չէր ապրի։ Պարզվեց նաեւ, որ անցյալ տարվա վերջին եւ այս տարվա առաջին ամիսներին Կենտրոնական բանկի պահուստներից դուրս գրված շուրջ 800 միլիոն դոլարը ծառայել է ոչ այնքան դրամի փոխարժեքի պահպանման, որքան բոլորովին այլ նպատակի։ Այդ գումարը, ինչպես նաեւ փոխանակման միջոցով բնակչությունից հայթայթված արտարժույթի պատկառելի քանակը նստել են բանկիրների, պետական պաշտոնյաների եւ օլիգարխների հաշիվներին, ինչն այլ բան, քան ազգային հարստության բացահայտ կողոպուտ, չի կարելի համարել։
Իշխանություններն այժմ գոհունակությամբ նշում են, որ մարտի 3 ի գահավիժումից հետո դրամի փոխարժեքը կայունացել է։ Բայց, չգիտես ինչու, նրանք մոռացության են մատնում այն փաստը, որ դրամի արժեզրկման եւ նրա պատճառած գնաճի հետեւանքով բնակչության կենսամակարդակում շուրջ 30% ի անկում է արձանագրվել։ Կառավարության երկաթյա տրամաբանությամբ՝ կայունացումը նույնիսկ կատարյալ կարելի է համարել, նկատի ունենալով այն նշանակալի իրողությունները, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արդեն իսկ գրանցվել է 6,1% ի տնտեսական անկում, իսկ հարկային մուտքերը կազմել են բյուջեով նախատեսված եկամուտների ընդամենը 40% ը։ Եւս մի այսպիսի կայունացում, եւ ժողովուրդը կհայտնվի լիակատար աղքատության գրկում։ Թեեւ դրամի փոխարժեքն այժմ արդեն իսկապես լողացող է, բայց, չգիտես ինչու, այն լողում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի հարաճուն ու տեւական անկում։ Դա նշանակում է, որ առայժմ եւ մոտակա ապագայում տնտեսական կայունացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Չպետք է մոռանալ, որ չափազանց ծանր դրության մեջ են հայտնվել բանկերը՝ դրամային վարկերի պարագայում դրամի արժեզրկման հետեւանքով կրած վնասների, իսկ դոլարային վարկերի պարագայում՝ դրանց մարման խնդրում առաջացած անհաղթահարելի դժվարությունների պատճառով։ Այս երեւույթն անխուսափելիորեն հանգեցնելու է մի շարք բանկերի սնանկացման եւ, որպես դրա հետեւանք, դրամի փոխարժեքի մի նոր կտրուկ անկման։
Դրամի արժեզրկման եւ գնաճի պատճառով Հայաստանի տնտեսությունը բախվել է նաեւ մի այլ բացասական երեւույթի՝ առեւտրի ծավալների էական կրճատման եւ դրա հետեւանքով հարկային մուտքերի կտրուկ նվազման հետ։ Բյուջեի մասին օրենքը վերածվել է թղթի կտորի, որովհետեւ կառավարությունն, ըստ էության, գործում է ոչ թե այդ օրենքի, այլ տարրական հաշվապահության հիման վրա, այսինքն՝ օրական որքան ստանում, այնքան էլ ծախսում է, հազիվ կարողանալով հոգալ պետական ապարատի կենսագործունեության եւ աշխատավարձերի վճարման կարիքները։ Մուտքերի աղետալի նվազումը կառավարությանն ստիպում է խստացնել վարչարարությունը եւ խրախուսել մաքսային ու հարկային ծառայությունների կամայականությունները, այդ նպատակով որպես գործիք օգտագործելով նաեւ դատական մարմինները։ Հարկային բեռն, այսպիսով, ինչպես անցյալում, շարունակում է ծանրանալ, առանց այդ էլ սնանկության եզրին հասած, մանր ու միջին ձեռնարկատերերի ուսերին։ Սերժ Սարգսյանն ինքն էլ իր վերջին ասուլիսում ակամա խոստովանեց, որ խոշոր բիզնեսը հարկային դաշտից դուրս է մնում։ Եթե այդ խոստովանությունն անկեղծ լիներ, ապա կարող էր վիճակը շտկելու հույս ներշնչել։ Բայց քանի դեռ նախագահի աթոռն զբաղեցնում է Սարգսյանը, խոշոր բիզնեսը շարունակելու է այդպես էլ դուրս մնալ հարկային դաշտից, որովհետեւ նա է նրա գլխավորած ավազակապետական համակարգի ամենահուսալի հենարանը եւ սեփական բարգավաճման հիմնական աղբյուրը։
Մարտի 1 ի հանրահավաքից հետո զգալիորեն սրվել են նաեւ սոցիալական դժգոհության արտահայտությունները, մասնավորապես տաքսու վարորդների, մանրածախ առեւտրի շուկաների եւ տոնավաճառների աշխատողների շարքերում, որոնց շուտով կարող են միանալ գործազուրկներն ու բյուջետային ոլորտի աշխատողները։ Դրանք առայժմ կրում են տարերային ու չկազմակերպված բնույթ, սակայն բավարար լուծումներ չգտնելու պարագայում սպառնում են վերածվել լուրջ ցնցումների։ Իշխանությունները թեթեւամտորեն փորձում են սոցիալական բողոքի ակցիաները ճզմել ահաբեկումների ու ոստիկանական գործողությունների միջոցով, ինչը չափազանց վտանգավոր եւ հակաարդյունավետ մտահղացում է։ Այնինչ նրանք պարտավոր էին անել ճիշտ հակառակը, այսինքն՝ ոչ թե բնում խեղդել իրավացի դժգոհությունները, հուսալով, որ դրանք չեն ծավալվի, այլ ջանքեր գործադրել մանր ու միջին ձեռնարկատերերին եւ վարձու աշխատողներին հուզող խնդիրները լուծելու ուղղությամբ։ Պետությունն իրավունք չունի ձեռքերը լվանալ գործատերերի եւ աշխատավորների, վարձատուների եւ վարձակալների հարաբերություններից։ Նրա պարտքն է ակտիվորեն միջամտել եւ կարգավորել այդ հարաբերությունները։ Կարող են առարկել, թե օրենքները բավարար են այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հակասություններն առաջանում են հենց օրենքների խախտման, պաշտոնեական կամայականությունների եւ համատարած կոռուպցիայի պատճառով։ Եթե պետությունը չստանձնի այդ հակասությունների լուծման պարտավորությունը, վաղը դա արդեն անելու են արհեստակցական միությունները, որոնք պետության կրավորականության հետեւանքով անպայման ձեւավորվելու եւ հզորանալու են, քանի որ աշխատավորների իրավունքների պաշտպանության այլ միջոց գոյություն չունի։ Նկատի ունենալով խնդրի կարեւորությունը եւ անկանխատեսելի սոցիալական ցնցումներից խուսափելու անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է խորհրդատվական եւ իրավաբանական աջակցություն ցուցաբերել անկախ արհեստակցական միությունների կազմակերպման հարցում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Կոնգրեսի գլխավոր նպատակը Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումն է, իսկ արհեստակցական միությունները քաղաքացիական հասարակության ամենակարեւոր բաղկացուցիչ մասերից մեկն են։
Յոթի գործի անփառունակ վախճանը
խմբագրելԹեեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ս.թ. ապրիլի 2 ին հարցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, սակայն ավելորդ չեմ համարում ներկա ընդարձակ լսարանի առջեւ եւս մեկ անգամ վերհանել այդ նշանակալի իրադարձության կարեւորությունը։ Այսպես կոչված յոթի (իրականում՝ տասնմեկի) գործի էությունն ըմբռնելու համար նախ հարկ է պարզել, թե ինչ նպատակով էր հարուցված այդ գործը։ Տարակույս չի կարող լինել, որ նպատակը պարզից էլ պարզ էր, այն է՝ ողջ աշխարհին ապացուցել ընդդիմության կողմից իշխանության բռնի յուրացման փաստը եւ դրանով արդարացնել իշխանությունների պատասխան գործողությունները, որոնք են՝ խաղաղ ցույցի սառնասիրտ գնդակոծումը, 10 քաղաքացիների սպանությունը եւ արտակարգ դրության հաստատումը։ Ըստ այդմ, դատական մարմինների առջեւ խնդիր էր դրված յոթի գործը շուտափույթ կերպով հասցնել ավարտի եւ կայացնել պահանջված դատավճիռը՝ ի հաստատումն մարտի 1 ի իրադարձությունների պաշտոնական վարկածի։ Սակայն համաժողովրդական համառ պայքարի, քաղբանտարկյալների կորովի պահվածքի, փաստաբանների գրագետ մարտավարության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների միջամտության շնորհիվ այդ խնդիրը տապալվեց։ Դեմքը փրկելու համար իշխանություններն ստիպված եղան լուրջ փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում, դրանց հիման վրա վերաձեւակերպել ներկայացված մեղադրանքները եւ յոթի գործը մասնատել առանձին գործերի։
Այս քայլով, մասնավորապես քրեական օրենսգրքի 300 հոդվածով առաջադրված մեղադրանքի վերացմամբ, իշխանությունները փաստորեն խոստովանեցին, որ յոթի գործը սկզբից եւեթ շինծու է եղել, եւ որ ընդդիմության կողմից իշխանության յուրացում կամ նույնիսկ յուրացման փորձ տեղի չի ունեցել։ Իսկ սպանությունների գործի անջատմամբ իշխանությունները խոստովանեցին նաեւ, որ այդ սպանությունները որեւէ կապ չեն ունեցել ցուցարարների գործողությունների հետ։ Այսպիսով, մարտի 1 ի իրադարձությունների պաշտոնական վարկածը վերջնականապես ջուրն ընկավ, եւ հրապարակում մնաց միայն իշխանությունների իրագործած սահմռկեցուցիչ ոճրագործությունը, որը վաղ թե ուշ բացահայտվելու է ամենայն մանրամասնությամբ։
Այդ դեպքում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչով էին հիմնավորված մարտի 1 ին իշխանությունների, մեղմ ասած, ոչ համարժեք, իսկ իրականում բարբարոսական գործողությունները։ Թերեւս ընդդիմության կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպմա՞մբ, ինչում վերաձեւակերպված մեղադրանքով ամբաստանվում են նույն յոթ անձնավորությունները։ Չխոսած այն մասին, որ ինքնին իրավագիտական անգրագիտություն կամ անհեթեթություն է միեւնույն զանգվածային անկարգությունների առանձին կազմակերպիչներ ճանաչել յոթ անձնավորության, կասկածից վեր է, որ մասնատված գործերը եւս արժանանալու են մայր գործի բախտին, քանի որ ընդդիմության ոչ մի ներկայացուցչի այդպես էլ մինչ այժմ անձամբ բռնություն գործելու, մեքենա հրկիզելու կամ խանութ թալանելու կոնկրետ մեղադրանք չի ներկայացվել։ Եթե այնուամենայնիվ դատարանին հաջողվի, անգամ օրենքի կոպտագույն խախտումներով, դատավճիռներ կայացնել, միեւնույն է, դրանք հօդս են ցնդելու եւրոպական դատարանում։
Իսկ թե իրականում ովքեր են եղել զանգվածային անկարգությունների կազմակերպիչները, մեքենաներ հրկիզողներն ու խանութներ թալանողները, այդ մասին սահմանափակ լսարանի առջեւ ես խոսել եմ 2008թ. դեկտեմբերի 21 ին, Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում, մասնավորապես նշելով հետեւյալը. «Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1 ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի։ Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել եւ նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ չորս հայտնի օլիգարխների կողմից։ ... Բոլոր այդ տվյալները Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւ տրամադրել Եւրոխորհրդի Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգին եւ Հայաստանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների»։ Նշված տեղեկությունների հավաստիությունը հաստատվում է նրանով, որ իշխանությունները կտրականապես արգելել են Փաստահավաք խմբին ստուգումներ կատարել Պաշտպանության նախարարության պահեստներից մեկում, որտեղից հիշյալ ավազակախմբերը ստացել են իրենց հանդերձանքը։ Հարգելով Փաստահավաք խմբի գործունեության գաղտնիությունը, մենք առայժմ զերծ ենք մնում այդ ավազակախմբերի պարագլուխների անունները հրապարակելուց։ Այդ մարդիկ այսօր էլ բարձրագույն պետական պաշտոններ եւ ազդեցիկ տնտեսական դիրքեր են զբաղեցնում Հայաստանում։ Չպետք է կասկածել, որ գալու է պահը, երբ մենք այդ անունները դարձնելու ենք հանրության սեփականությունը, եւ բոլորը համոզվելու են, թե քրեական ինչպիսի զազրելի տարրերի ձեռքում է գտնվում Հայաստանի ու նրա ժողովրդի բախտը։
Հայ–թուրքական հարաբերություններ
խմբագրելՀայ–թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետեւ այն շոշափում է Հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը։ Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում։
Իսկ այժմ տեսնենք, թե ինչում է արտահայտվում հիշյալ տեղաշարժը։ Ակնհայտ է, որ հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումների արդյունքում ստեղծվել է մի աշխատանքային փաստաթուղթ, որն ընդգրկում է հետեւյալ կետերը.
- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
- Պետական սահմանների փոխադարձ ճանաչում.
- Հայ–թուրքական սահմանի բացում.
- Հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում։
Հետագայում այդ փաստաթուղթը կոչվեց «ճանապարհային քարտեզ», եւ բացահայտվեցին մի քանի այլ մանրամասներ։ Ինչեւէ, թվում է, թե մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հաստատման մի լուրջ մտադրության հետ, մանավանդ նկատի ունենալով, որ Թուրքիան, կարծես-թե, հրաժարվել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորելու իր նախկին ապակառուցողական դիրքորոշումից։ Սակայն առկա են երկու հանգամանքներ, որոնք մթագնում են այս տպավորությունը։ Հայկական կողմի համար ակնհայտորեն որոշակի դժվարություն պիտի հարուցեր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, եւ վերջիվերջո նրան հաջողվել է այն վերանվանել միջկառավարական հանձնաժողով։ Բայց դա ընդամենը միայն խնդիրը քողարկելուն եւ հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմասացություն (եւֆիմիզմ) է, քանի որ միջկառավարական հանձնաժողովում եւս ենթադրվում է ստեղծել պատմաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենեւին չի փոխվում։ Իսկ թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ադրբեջանական հասարակության եւ սեփական ընդդիմության ճնշման հետ, ուստի ստիպված կրկին վերադառնալու է իր նախկին դիրքորոշմանը։ Այսինքն, հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ–թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր, ապա, բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1 ։ 0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։
Թուրքիայի ղեկավարները նախագահ Օբամայի առջեւ դրին հայ եւ թուրք դիվանագետների աշխատանքի արդյունքում ծնված վերոհիշյալ փաստաթուղթը եւ, ինչպես սպասելի էր, նրան հեշտությամբ համոզեցին, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում լրջագույն գործընթաց է մեկնարկել։ Օբաման, թեեւ գովելի ազնվությամբ, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության գնահատման հարցում չի փոխել նախընտրական շրջանում արտահայտած իր տեսակետը, սակայն պետական այրին վայել կեցվածքով բացատրեց, որ մտադիր չէ խանգարել այդ դրական գործընթացին, հասկացնել տալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առայժմ հանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգից։
Կարելի՞ է, արդյոք, Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել երկերեսանիության մեջ։ Ամենեւին ոչ։ Թուրքիան, նախանձելի դիվանագիտական հնարամտություն դրսեւորելով, այս հանգրվանում փայլուն կերպով լուծեց իր հետապնդած առաջնահերթ խնդիրը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վարվեց այնպես, ինչպես նման իրավիճակում կվարվեր ցանկացած պատասխանատու առաջնորդ։ Եթե, այնուամենայնիվ, մեղադրանքի թիրախ փնտրելու անհրաժեշտություն կա, ապա այդ թիրախը կարող են լինել միայն Հայաստանի վերջին տասնմեկ տարվա իշխանությունները՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, որոնք բառացիորեն պղծեցին ցեղասպանության սուրբ գաղափարը, այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի։ Եւ դա ոչ թե պետական կամ ազգային վեհ նպատակների, այլ բացառապես Սփյուռքին հաճոյանալու եւ ներքաղաքական դիվիդենտներ ստանալու մանրախնդիր նկատառումով։
Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միանգամայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային. – Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ – Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։ – Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուրքիային հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։ – Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ–թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկին։ Ոչ մի այլ բան, քան քաղաքական խարխափումների, անհեռատես քայլերի եւ անպատասխանատու ձեռնարկների այս խայտառակ շարքն է, ահա, որ հանգեցրեց նախագահ Օբամայի Թուրքիա կատարած այցի բերած արդյունքին։ Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24 ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, անպայման կարտասաներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան կոնգրեսը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել։ Բայց ներկա իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ այս անգամ արդեն հարցի մերժման ֆորմալ պատրվակը Թուրքիայի հետ ամեն գնով, այդ թվում ցեղասպանության ուրացման գնով, մերձենալու Սերժ Սարգսյանի ձախորդ նախաձեռնությունն է։ Այսպիսով, առանց դույզն իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի։
Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի եւ մանավանդ Սփյուռքի արմատական շրջանակներում։ Արդարությունը պահանջում է, սակայն, կատարվածում մեղադրանքի որոշ բաժին հասցեագրել նաեւ Սփյուռքի ազգային ջոջերին, ովքեր ոչ միայն երբեւէ Հայաստանի իշխանություններին չզգուշացրին ցեղասպանության ճանաչման հարցը պետականորեն բարձրացնելու ձեռնարկի անխոհեմության ու վնասակարության մասին, այլեւ ընդհակառակը, ոգեւորությամբ խրախուսեցին վերջիններիս ջանքերն ու թմբկահարեցին նրանց «սխրանքները»՝ արդյունքում ստանալով այն, ինչ ստացան։ Ավելի քան քառասուն տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով Սփյուռքի ներդրած հսկայական ջանքերն ու դրամական միջոցներն, այսպիսով, մեկ օրում ջուրը թափվեցին։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է շտկել վիճակը եւ դարմանել պատճառված վնասը։
Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ–ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Բարաք Օբաման իդեալիստ է՝ բառիս ամենադրական իմաստով։ Իսկ հայտնի է, որ թեեւ աշխարհը սովորաբար կառավարում են պրագմատիկներն ու ցինիկները, բայց քաղաքակրթությունն առաջ են մղում ժամանակ առ ժամանակ հայտնվող իդեալիստները։ Ընդ որում, իդեալիստ ասելով, ես ամենեւին նկատի չունեմ իդեոլոգներին, այլ բարոյականության, ազնվության եւ արդարության հարցերում կայուն սկզբունքներ ունեցող հազվագյուտ պետական անձանց։
Երեւանի քաղաքապետի ընտրությունները
խմբագրելԵրբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ իմ գլխավորությամբ մասնակցելու է Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, իշխանական ճամբարից հնչած առաջին արձագանքն այն եղավ, որ Կոնգրեսը քաղաքականացնում է այդ ընտրությունները, այսինքն՝ գործում է զարհուրելի մի հանցանք, որի նմանը տեսնված չէ համաշխարհային պատմության մեջ։ Ցանկացած հարցի քաղաքականացումն այդպես արձագանքողների համար, կարծես-թե, հավասարազոր է ժանտախտի, որից գլխակորույս պետք է փախչել։ Նախ՝ դրանով իշխանական կոալիցիայի մաս կազմող խորհրդարանական կուսակցություններն իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ, մոռանալով, որ հենց իրենք են իսկզբանե ծայրահեղորեն քաղաքականացրել քաղաքապետի ընտրությունները, որդեգրելով հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքը։ Եւ երկրորդ՝ նման արձագանքով նրանք անզգուշորեն մատնում են իրենց քրեական էությունը, որովհետեւ քաղաքականացման այլընտրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեականացումը։
Ժամանակն է վերջապես գիտակցել, որ պետության մեջ ոչ քաղաքական հարց գոյություն չունի, որովհետեւ պետության կենսակերպը հենց քաղաքականությունն է։ Եթե այդպես չլիներ, ապա ինչ իմաստ կունենային, ասենք, տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, ագրարային քաղաքականություն, կրթական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, առողջապահական քաղաքականություն եւ բազմաթիվ այլ նմանատիպ հասկացությունները։ Պետություն եւ քաղաքականություն բառերն անգամ ծագումնաբանությամբ նույնական են, եթե նկատի ունենանք, որ քաղաքականություն (պոլիտիկա) բառն առաջացել է հունական պոլիս (քաղաք պետություն) բառից։ Այս բանն, ի դեպ, գիտակցվել է անգամ միջնադարում, ինչի վկայությունն է այն, որ XIII դ. հայ մատենագիր Հովհաննես Երզնկացին պետություն հասկացությունն արտահայտելու համար գործածում է քաղաք բառը։
Պաշտոնական քարոզչամեքենան ընտրությունների քաղաքականացման մեջ Կոնգրեսին մեղադրելուց բացի, փորձում է մեզ անհարմար դրության մեջ դնել նաեւ մի այլ ծիծաղելի հնարքով՝ քաղաքապետին, իր պատկերացմամբ, օժտելով միայն աղբահավաքի նվաստ դերով։ Նախ՝ ո՞վ է ասել, որ աղբահանությունն ինքնին կարեւոր գործ չէ։ Եւ երկրորդ՝ եթե քաղաքապետի միակ պարտականությունը աղբահանությունն է, ապա ինչո՞վ բացատրել, որ Երեւանի մասին 60 մեծադիր էջից բաղկացած օրենքում այդ խնդրին ընդամենը մեկ տող է հատկացվել, մինչդեռ ողջ մնացյալը վերաբերում է քաղաքականությանը։ Եթե տրված բացատրություններից հետո էլ կարծիքներ կհնչեն, թե Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքականացնում է քաղաքապետի ընտրությունները, ապա դրա համար պետք է միայն շնորհակալություն հայտնել Կոնգրեսին, քանի որ քաղաքականացնելով, նա ձգտում է կանխել ընտրությունների քրեականացումը։
Այսօր ես ամենեւին մտադիր չեմ զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Դա մենք կանենք մեր հաջորդ հանրահավաքներում։ Սակայն առաջիկա ընտրությունների կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրությունը չհրավիրել մի վերջին կարեւոր հարցի վրա։ Ի՞նչ տեղի կունենար, եթե Հայ Ազգային Կոնգրեսը որոշեր չմասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Անկասկած, ոչ այլ բան, քան այն, ինչ տեղի ունեցավ 2007թ. խորհրդարանական ընտրություններում։ Դրանք կանցնեին արտաքուստ նույնքան ազատ ու արդար պայմաններում, իշխանական թեկնածուն համոզիչ հաղթանակ կտաներ, իսկ միջազգային դիտորդներն այդ ընտրությունները կգնահատեին որպես ժողովրդավարության խորացման ուղղությամբ կատարված նշանակալի քայլ։ Սերժ Սարգսյանն, այդ ընտրությունները դրոշ դարձնելով, հետին թվով ինչ որ առումով կլեգիտիմացներ 2008թ. նախագահական կեղծված ընտրությունները եւ հսկայական վարկ ձեռք կբերեր միջազգային հանրության աչքում։ Եթե Սարգսյանն իսկապես մտածում է իր եւ պետության վարկի մասին, ապա նա այսօր էլ ունի տվյալ նպատակին հասնելու հնարավորությունը։ Թող անցկացնի օրինական ընտրություններ, որոնք, վստահաբար, կարժանանան ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ մեր հասարակության գնահատանքին։ Նա պետք է վերջիվերջո գիտակցի, որ օրինական ընտրությունների արդյունքում ոչ միայն իշխանության, այլեւ նույնիսկ ընդդիմության հաղթանակը ուժեղացնում է պետությունը եւ նրան զերծ պահում արտաքին ճնշումներից։ Այլապես նա երբեւէ պետական այր կոչվելու իրավունք չի ձեռքբերի։ Իսկ եթե Սարգսյանը, նեղմտություն դրսեւորելով, փորձի կրկնել այն, ինչ կատարեց նախագահական ընտրությունների ժամանակ, չխորշելով ոչ միայն բացահայտ կեղծիքներից, այլեւ ֆիզիկական բռնություններից, ապա պետությանը կհասցնի հերթական ծանր հարվածը, որից այս անգամ արդեն այն կարող է այլեւս ուշքի չգալ։ Քաղաքապետի ընտրությունների օրինականության ապահովումը Սերժ Սարգսյանի համար Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության առջեւ որոշ հեղինակություն ձեռքբերելու վերջին շանսն է։ Այդ շանսը չօգտագործել, հերթական անգամ, նա կարող է միայն Հայաստանի պետական շահը զոհաբերելու գնով։
Եւ այսպես, վաղվանից մենք մտնում ենք ընտրապայքարի մի նոր փուլ, որը մի էական հատկանիշով, այն է՝ ընդդիմության միասնականությամբ, տարբերվում է նախագահական ընտրապայքարից, ինչը մեծապես կնվազեցնի ընտրությունների արդյունքները կեղծելու իշխանությունների հնարավորությունը։ Մենք չափազանց ափսոսում ենք, որ չհաջողվեց ընտրություններին մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգություն կուսակցության ընդհանուր ցուցակով։ Սակայն գնահատում ենք նաեւ՝ ընդդիմության քվեները չփշրելու նկատառումով ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ Ժառանգության կայացրած որոշումը։ Միաժամանակ համոզված ենք, որ Ժառանգությունն, այնուամենայնիվ, կանի ամեն ինչ՝ առաջիկա ընտրություններում ընդդիմությանը սատարելու համար։
Մեր հաջորդ, արդեն նախընտրական հանրահավաքը տեղի կունենա մայիսի 15 ին։ Մենք հանրահավաքներ եւ ընտրողների հետ հանդիպումներ ենք նախատեսել նաեւ Երեւանի թաղային համայնքներում։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր շտաբներում գործելու են հատուկ բաժիններ, ուր դուք կարող եք ներկայացնել քաղաքի խնդիրների վերաբերյալ ձեր գրավոր առաջարկները, որոնք բարեխղճությամբ քննության կենթարկվեն եւ հաշվի կառնվեն մեր հետագա գործունեության մեջ։ Իսկ այժմ՝ բարի երթ, որի ուղին եւ անցկացման կարգը, ինչպես միշտ, ձեզ կներկայացնի Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
1 մայիսի, 2009թ., հանրահավաք