Բերսայի առաքելը

ԲԵՐՍԱՅԻ ԱՌԱՔԵԼԸ

I

1870 թվականի աշնան մեջ քաղցր եղանակներ էին։ Երկրամշակը յուր աշխատության պտուղն էր հնձում, բերքն ու բարիքն էր տուն կրում, ձմեռվա պաշարը դիզում և պատրաստվում բքաբեր ձմռան։ Այգեկութի առատ հնձից ուրախացած` մշակը կայտառանում էր` շիրան ու պտուղները իշով ու ձիով տուն կրելով։ Մի օր, իրիկնադեմին, վերշալույսի ժամանակ մի դեռահաս երիտասարդ բարձրանում էր Էշկինարի ձորից դեպի Արդանուչի բերդը։ Մռայլ էր երիտասարդի դեմքը և կարծես չէր ուզում աչքերը շուրջն ածել ու դիտել բարեզեղուն այգեստաններն ու անդաստանները, որոնք իրենց գեղեցիկ տեսարաններով, գույնզգույն պտուղներով և անուշահոտ բուրումներով գրավում էին անցորդի սիրտը։ Նա անդադար հառաչում էր և ոլոր֊մոլոր, համընթաց քավլերով բարձրանում այդ դիք դարիվերը։ Վերջապես նա Ծայգի դռնից մտավ բերդը և անմիջապես ուղղվեց իրենց տան կողմը։ Ներս մտավ առանց բարևելու և երբ երիտասարդը տատանվեց նստելիս, նրա մայրը որդու մոլորված շարժումները նկատելով ասաց.

— Առաքե՛լ, որդի՛, որտե՞ղ էիր մինչև հիմի։

— Քիչ լաղուտ գնեցի,— ասաց կակաղելով երիտասարդը և ավելացրեց.— էշկինարից եմ գալիս։ Ապսպրեցի, որ քիչ կորկոտցու և բլղուրցու ճերմակ հատիկ ուղարկեն տուն։

— Դադրել ես, որդի, նստի՛ր, ոտքերդ տարածի՛ր, քիչ հանգստացիր։ Բերսան դառնալով հարսի կողմը, ավելացրեց. — Սառա՛ , քիչ ջուր բե՛ր, Առաքելս թող լվացվի։

— Չեմ ուզում,— ասաց Առաքելը,— ջուր պետք չէ, Բերսա՛, դու նստիր:

Մայրը մոտեցավ և բազմոցի ծայրին նստեց որդու մոտ մտախոհ, ձեռքով որդու ճակատը շոյելով։

— Որդի՛, գլուխդ խո չի՞ ցավում, մի դարդ խո չունի՞ս,— ասաց վշտաբեկ մայրը, սրտատրոփ զննելով որդու դիմագծերի արտահայտությունները։

— Բան չկա, Բերսա՛, ոչինչ չունիմ,— պատասխանեց հանդարտությամբ Առաքելը։

— Մի ցավ ունիս, մի վիշտ ունիս, Առաքել, և ումնի՞ց ես ծածկում։

— Ոչինչ չունիմ, թաքցնելու բան չկա, բայց…

— Էլի ի՞նչ Բայց, ասա ու մի՛ սիրտս հատցնիլ:

— Փողերս հատավ… ես եմ ու այս ոսկի ու կեսը,— ասաց Առաքելը, ցույց տալով քսակի որքը, որը ժամանակից շատ վաղ դատարկվել Էր։

— Ի՞նչ անենք, որդի՛,— ասաց սրտի խորքից մի աղեկեզ հառաչանք բաց թողնելով Բերսան,— մեր ճակատին էլ աստված երևի այդ է գրել։ Մի կտոր հող չունինք, ո՛չ այգի, ո՛չ արտ, ո՛չ էլ մի խարխուլ խանութ։ Քսան տարի առաջ հայրդ էլ քեզ նման կարգվեց, երեք ամիս ամբողջապես քովս չկեցավ, գնա՜ց, կորավ, էլ չվերադարձավ…

Բերսայի աչքերը ցոլացին, արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ նրա այտերի վրայից գլորվեցին։ Նա ակամա ընդհատեց յուր խոսքը, բայց քիչ հետո հերոսաբար զսպեց կրքերը, սիրտը պնդացրեց ու շարունակեց.

— Բրիշակ դառնա այդ Սթամբոլն իրեն մեծ իմամի գլխին, որ աշխարհքն ազատվի։ Տարին քանիները պիտի երթան ու չվերադառնան։ Քանդվի, կործանվի ու չքանա Իսթամբոլն Էլ, իրեն ոսկին էլ, որ քանդեց ու ավերեց մեր տներն ու բները։ Ի՞նչ ասեմ, որդի՛, «մի՛ երթալ» չեմ կարող ասել, քանի որ քաղցած չենք կարող ապրել, ուրիշի դռան վրա մի հույս չենք կարող կապել։ «Բարով երթաս» էլ ի՞նչ սրտով ասեմ։ Մի փոքր ժամանակ մթնշող սենյակում լռություն տիրեց, մայր ու որդի, առանց իրար դեմքերը զննել կարողանալու, խորասուզվեց ան դառն մտքերի անհատակ անդունդը։ Բայց Բերսան, կրկին ուշքը հավաքած, խզեց լռությունը և որդուն հույս տալու, քաջալերելու համար ավելացրեց.

— Որդի՛, ի՞նչ անենք, ինչի՞ ես այդքան մտածում, մեր տղերանց վիճակն այս է, որ գնան, վաստակեն պանդխտության մեջ, տուն բերեն և ուտեն։ Գնա՛, աստված քեզ հետ, բայց…

— Էլ ի՞նչ բայց… քաջա՛ն, կերթամ էլ, կգամ էլ և հույս ունիմ, որ այս անգամ այնպես գամ, որ էլ հավիտյան կարիք չզգամ նորից պանդխտելու։ Ես խո էլ խամ չե՞մ, յոթ տարի կեցել եմ, սովորել ու փորձվել։ Այժմ ո՞վ ասես ինձ լավ ռոճիկով խոհարար չի պահի Բեյ-օղլիում։ Շատ, շատ, եթե չորս հինգ տարի Սթամբոլ մնամ, այնպես ետ կդառնամ, որ էլ բոլորովին ապահովված կլինինք և մինչև մահ իրարից բաժանվելու կարիք չենք ունենալ։

— Տանը խոսք տալը արժեք չունի, բանը մտադրածը գործադրելու մեջն է։ Մոր ու կնոջ մոտ մեծամտելու չէ, այլ հեռանալուց հետո մտքից հանելու չէ ընտանիքն ու օջախը հավիտյան։ Ինչ ասեմ, որդիս, մեկ գնացիր յոթ տարի մնացիր, հիմի որ գնաս քանի՞ տարուց պիտի վերադառնաս, այդ միայն տերը գիտե։ Դրսի մարդը ի՞նչ գիտե, բայց դու իմ ներքին բոլոր դարդերը երեք տարեկան հասակից զգացել ես ու քաշել, քեզ խո կրկնել պե՞տք չէ։ Բեմուրադ հորդ ճանապարհը սպասելով, քեզ հետ ամառ-ձմեռ սրա-նրա մանածն եմ մանել, մանուսան գործել, հազիվ ցամաք հաց ճարել ոա ապրել… Բայց էլ ծնկներումս ճար չկա, թևերումս ուժ չմնաց, սիրտս էլ մաշվել, մարմաշի պես բարակել է, դիմանալու հալ չէ մնացել։ Չորս-հինգ տարի՜… ասելը շատ հեշտ է, բայց դիմանալը տաժանելի։ Գնա, ճար չունինք։ Առաքել ջան, պիտի երթաս, բայց մի մոռանալ մեր անցյալը… Խղճմտանքդ զարթուն պահե, գութ ունեցիր մանավանդ այս կնոջդ վրա, որի արյունը մտար, որը քեզ շուտով մի զավակ է տալու։ Այն, ինչ որ ես եմ քաշեի աստված ո՛չ անե, ո՛չ թե Սառաս, այլ թշնամիս միս անգամ չքաշե։ Այն, ինչ որ դու ես կրել քու մատղաշ օրերում, չլինի թե մեզ երեսի վրա թողնես, որ քու ապագա զավակն էլ կրե։

Քաջա՛ն, ղու անհանգիստ մի՛ լինիր, հակառակը մի՛ մտածիլ։ Այդ քարոզները քեզանից շատ վաղ եմ լսել։ Ինքդ էլ համոզված ես, որ քու որդին երբեք չի կարող այն մեր քաշած դառն օրերը մոռանալ ու նույն սոսկալի վիճակին մատնել յուր սիրասուն մորը և դեռափթիթ կնոջը։ Միայն ինձ համար մի նպատակ ունիմ, որոշ և պարզ, այդ նպատակիս հասնելն էլ դժվար չէ ինձ համար։ Սթամբոլում մի համեստ դրամագլուխ կազմելն ու վերադառնալը ծանր գործ չէ ինձ նման աշխատող մի արհեստավորի համար։ Ինձ ոչ հազար է պետք, ոչ էլ հարյուր հազար, մի֊երկու հարյուր լիրան անվերջանալի դրամագլուխ է մեզ նման մի համեստ ընտանիքի համար։

- Գնա, որդիս, մի՛ վհատիր, գնա՚ գործիդ, խիղճդ զարթուն պահիր ու միշտ հիշիր մանկական օրերիդ դառնությունները…

II

Մի֊երկու օրից, արդեն ճանապարհի բոլոր պատրաստությունները տեսած, ուղի ընկավ Առաքելը։ Նրան ուղեկցեցին կինը, մայրը, զոքանչը և խաչեղբայրը՝ Սրապիոնենց Պապոն։ Փոքրիկ պայուսակը ուսին գցած, մի մահակ Էլ ձեռին գնում Էր Առաքելը, ջանալով որքան կարող Էր ուրախ ու զվարթ դեմքով անջատվել սիրելիներից։ Բերսան նույնպես պահպանում Էր կեղծ ժպիտը, իսկ Սառան տրտում Էր, թախծալի դեմքով։ Օրն ամպամած Էր, աշնան տխրաշունչ քամին փչում Էր, ծառերի տերևները օդի մեջ ծածանվելով թափվում Էին, գետինը ծածկված Էր բոցակիզված, դեղնած խոտերով, որոնք քամու հետ սփռվում էին օդի մեջ։ Հազիվ թե մի հարյուր քայլ բերդից հեռացել էին, Բերսան ետ դարձավ և ասաց.

− Խնամի Մարթա՛, Սառա՛, աղջիկս, բավական է, ետ դարձեք, գնացեք տուն։ Մենք էլ շուտով կգանք։

Մի վերջին համբույր ևս տվին Մարթան ու Սառան Առաքելին, արտասվալի աչքերով, անմռունչ տուն դարձան։ Երբ քիչ էլ առաջ գնացին, Առաքելը դեմքը շուռ տվեց բերդի կողմը, մի դառնաշունչ հառաչանք արձակեց անզգայաբար և մոլեգնած քայլերով շարունակեց իր ուղին, Սույոլի արտերի կողքերով։ Բերսան այնքան խորասուզված էր բաժանման դառն մտքերով, որ ոչինչ չնկատեց, իսկ Պապոն այնպես ձևացրեց, որ իբր թե չտեսավ ու անցավ։

Երեքով ճանապարհները անմռունչ շարունակեցին մինչև Կտրած ապառաժը, որտեղ Բերսան կանգնեց բարի չու մաղթելու յուր որդուն։ Դարձյալ համբուրվեցին մայր ու որդի, և Բերսան չկարողացավ զսպել իր արտասուքը, որ գլորվում է յուր չորացած այտերից, ինչպես ապառաժի երեսից սահում են իրար հետևից հալված ձյունի կաթիլները։ Մռայլ էր և Առաքելը, հոգով տխրած, բայց մայրը նրան մանկությունից այնպես էր վարժեցրել տոկալու, որ բոլոր ճիգովը ջղերը սանձած, անզգա, անկենդան ձևացած, սպասում էր մորից բաժանվելու վայրկյանին։ Չէր ուզում երիտասարդը, որ այդ վերջին րոպեում յուր որևէ անզգույշ բորբոքումով, փղձկել ու մղկտացնել մոր սիրտը, որն ինքնըստինքյան մորմոքումից ժայթքելու պատրաստ էր։ Բայց ուժերն սպառվեցին, և ջղերի լարերը կտրատվեցին․ մայրն էլ, որդին էլ հեկեկացին, գրկվեցին ու չէին կարողանում բաժանվել։ Լեզուները չէին շարժվում, մթնած աչքերը չէին տեսնում իրար դեմքերի, մկանների արտահայտությունները, բայց իրար սրտերի միջից անցածները զգում էին։ Կարող էին նրանք երկար ժամանակ այդ դրության մեջ մնալ, եթե Պապոն, որ նվազ չէր զգացված այդ պատկերով, սրտակտուր ձայնով նրանց չհիշեցներ, որ բաժանվելու ժամանակն է։

− Քեզ էլի ի՞նչ պատահեց, Բերսա՛,− ասաց Պապոն վշտաբեկ տիկնոջ թևից բռնելով,− նոր տեսածդ է, մի՞թե հարազատներիցդ այս առաջին անգամն է, որ բաժանվում ես։ Առաքելի այս ճանապարհից տուն գալուց քանի՞ օր է անցել, որ դու այդպես շուտ մոռացար և այսպես խիստ ընկճվեցար։ Գնա՛, Առաքել ջան, տերը քեզ հետ։ Մեր վիճակն էլ այս է։ Թե որ տունը նստիս, ո՞վ պիտի կերակրե քու ընտանիքը։ Գնա՛ բարով, վաստակիր խերով, ետ դարձիր հազար բարով։

— Ստեղծողիդ եմ քեզ հանձնում, որդի՛ս,— ասաց Բերսան ետ դառնալով։

— Պապո ապար, դուն ու քու հոգիդ, դրանք քեզ ամանաթ։ Դու գիտես, էլ ի՞նչ ասեմ,— ասաց վերջին անգամ լցված սրտով Առաքելը և երեսը դարձրեց դեպի յուր ճանապարհը։

— Բարի ճանապարհ, բարով հասնիս, դու հոգս մի անի՛լ,— ասաց առանց ետ նայելու Պապոն և պառավի հետ շարունակեց յուր քայլերը դեպի բերդը։

Ցուպը ձեռքին, մեծ-մեծ քայլերով իջնում էր դեպի ձորերը Առաքելը, մտազբաղ և մռայլ, երբեմն-երբեմն ետ դարձնելով գլուխը դեպի բերդը և սրտի խորքերից ծանր ու բոցակեզ հառաչելով։ Արևը թեև բավական բարձրացել էր հորիզոնից, բայց ոչ մի նեղություն չէր պատճառում հետի ճանապարհորդին, քանի որ անտառներն ու այգեստանները նրա ուղին հովանավորում էին։ Երբ դուրս եկավ ձորից ու ծառաստաններից, անցավ Արդանուչի վտակը, անպաճույճ ու անհովանի զառիվերով սկսեց բարձրանալ կիզիչ արևի ճառագայթների տակով, կամաց-կամաց սիրտը պատած թուխ-մութ պատկերները անհետացան, շիջավ հոգու փոթորիկը, դադարեցան հառաչանքները։ Երբ նեղ ձորից դուրս գալով Շավշեթի գետափում Առաքելի աչքերի առաջ լայնացավ հորիզոնը, երևցան հեռուն՝ Խարխանի անտառները, օձապտույտ, ահեղընթաց Ճորոխի հորձանքները, մշտադալար ձիթենիի այգեստանները, կապուտակ երկնակամարը և նրա մեջ տարածված արծաթափայլ, բամբականման, քուլա-քուլա ամպիկները իրենց սքանչելի ծփանքով։ Բնության այդ զվարթագույն պատկերներով Առաքելի սիրտը, աչքերը գրավվեցին, այնպիսի նոր-նոր հույսեր ծնվեցան նրա սրտի խորքերում և ուղեղում, որ նա, առժամանակյա անջատման բոլոր ցավերը մոռացած, լիահույս և վստահ հաջողությունների մասին, ավելի թռչկոտելով, քան թե քայլելով ձգվում էր դեպի յուր նպատակակետը։

Ետինքին հասավ Կամուրջի գլուխը՝ Կորձուլ։ Խառնաշփոթ երազներով անցկացրեց գիշերը և արշալույսին նավակ նստելով, բազմաթիվ ընկերներով հետևյալ իրիկնադեմին հասան Բաթում։ Առանց ժամավաճառ լինելու, գնաց ու մուրհակ տվեց սիմսար Կարապետին՝ երեք լիրայի, երեք ամիս ժամանակի, որով տոմսակ գնեց ու ճանապարհ ընկավ ռուսական ընկերության Ալեքսանդր II շոգենավով դեպի Կ․ Պոլիս։

Ուղիղ է, այդ փոխառինության համար մի լիրա տոկոս էր տալու Առաքելը, բայց նրա ուրախությանը չափ չկար շոգենավի մեջ։ Պարզ լուսնկա գիշեր էր, և խաղաղ ծովը նմանում էր հայելու, որի մեջ լողանում էին լուսինն ու աստղերը։ Մինչև կեսգիշեր Առաքելը դիտում էր, թե ինչպես յոնուզ-ձկները նավի քթի հետ մրցում էին և խայտալով առաջ-առաջ սլանում, կարծես նրանք էլ իրեն հետ Կ. Պոլիս էին գնում, նրանք էլ բախտ որոնելու էին դիմում։ Լուսնի ճառագայթները սփռված մակարթափ ծովի երեսին, բոլոր պար բռնողների նման, հանդարտ ծփանքով ցոլում էին անվերջ ծածանումներով և ինքը լուսինը, կարծես նախանձելով ձկների վիճակից, իջել էր ծովի խորքերը լողալու, զովանալու և թարմանալու։ Այս տեսարանը հետզհետե խորասուզեց Առաքելին տխուր մտքերի մեջ, ինքն էլ լուսնի նման գոնե շքով ընկավ յուր հայրենի օջախը, յուր սիրելիների գիրկը և երևակայական օդային համբույրներով սկսեց զովացնել յուր սիրտը, հոգին։ Թայց Առաքելը լուսնի նման երկնքի վերնահարկում թռչկոտելու հարմար թևեր չուներ, որ կարողանար դիտել յուր հայրենի օջախը եթերի բարձունքից, զննել յուր պաշտելիները։

III

Առաքելի Կ. Պոլիս հասնելուց արդեն երեք ամիս անցել էր։

Նա գալուն պես Շիշմանի տունը մտել էր խոհարար, ամսական երկու լիրայով։ Անմիջապես շոգենավի տոմսակի պարտքը վճարելուց հետո մի լիրա էլ տուն էր փոխադրել, որպեսզի մայրն ու կինը կարոտություն չքաշեն։ Ինքը անձնական ծախսեր չուներ, յուր պարոնի տան մեջ ուտում, ծխում, լվացվում, տիրոջ հին շորերը հագնում և բոլոր կարիքները հոգացվում էին։ Իսկ շռայլությունը ընտանիքից հեռացած պանդխտին սազ չէր գալ, նամանավանդ Առաքելին, որ փարայի ղադրը շատ լավ գիտեր, քանի որ օրական տասնևվեց ժամ խոհանոցի ճենճերում, ճթրտան ածուխ ի օջախի առաջ և դրանից բարձրացած կյանք մաշող ծխի ու գազերի մեջ տապակվելով էր ձեռք բերում այդ փարաները։ Նա արդեն հիմք դրել էր՝ ստացած գումարները տնտեսելու և երկու լիրա Ղալաթիայում մի հայտնի սարրաֆի տվել էր վեց տոկոսով, խոստանալով ամեն ամիս նրան հանձնել լիովին յուր ռոճիկը և ձեռք ընկածները։

Ձմեռ էր, բայց ո՛չ թե Հայաստանի բուքն ու բորանը։ Փորյասը (զեփյուռ) ձյան հատիկները խփում էր փողոցներից անցուդարձողների երեսին, թրջում դեմքերն ու ձեռքերը և կարմրացնում այտերն ու ականջները։ Պերայի փողոցները անտանելի ցեխոտ էին, քանի որ եկած ձյունը իսկույն հալվում և խառնվում էր մայթերի և սալահատակների վրա գտնված փոշիների մեջ։ Հարուստների և տաք հագնվածների համար մեծ զվարճություն էր կառքերով կամ հետի փողոցներում զբոսնելն ու չափչփելը։ Նրանց իրանները ամեն կերպով պաշտպանված էին ցրտից, խոնավությունից և ցեխից, իսկ կերած յուղալի ու ճարպալի խորտիկները մարսելու համար կարևոր էր այդ զբոսանքը, մանավանդ զվարթացուցիչ ու կազդուրիչ։ Ցուրտ քամին, ձյան հատիկները թարմացնում էին նրանց և անհետացնում ոգելից խմիչքների գոլորշին նրանց մարմնից։

Բայց այդպես չէր աղքատի համար, պանդխտի համար, որն ամառվան վերարկուի մեջն էր ձմեռն էլ, որի կոշիկների ծակոտիներից երևում էին մերկ մատները և մաշված թևերի միջից՝ արմունկները։ Նա դեռ հաճախ ենթակա էր հարուստին ճանապարհ տալու համար նեղլիկ մայթերից իջնել ցեխալի փողոցները և մինչև սրունքները լողալ տիղմերի մեջ։ Դեռ այդ հերիք չէ, էֆենդիների և բեյերի կառքերի, ձիաների և անիվների բարձրացրած տիլը ցայտելով, գլխից դարիվար ապականում էր ցնցոտիների մեջ կոլոլվածներին։ Այսպես ցեխոտված ու ցրտից ամբողջ մարմնով դողդղալով, Առաքելի հայրենակից Պեխքեյենց Պոտոն զարկեց Շիշմանների դուռը. Առաքելը նրան իսկույն խոհանոց տարավ և օջախի մոտ մի իսկեմլու (աթոռ) վրա նստեցնելով, ասաց.

— Պոտո՛, դու տաքցիր, մինչև ես տեսնեմ դուդուն (տիկին) ի՞նչ է ասում։

— Գնա՛, գնա գործիդ,— ասաց կակազելով Պոտոն և ձեռքերը ցամաքեցնելով Առաքելի անձեռոցով, տեղավորվեց օջախի առաջ։

Մի հավաքածու էր ներկայացնում Պոտոն յուր հագուստով, գդակը՝ թուրքի, փուշին՝ պարսկի, վերարկուն՝ ֆրանսիացու, ձիկվեն ու շալվարը՝ լազի, չստերը՝ հայի ու զբունը՝ քրդի։ Բայց բոլոր հագուստը մաշված ու մաղված էր, այնպես որ խոնավությունն ու ցուրտը անարգել թափանցում էին նրա շորերի ամեն կողմից, և թշվառ Պոտոն սրսփում էր ու ցնցվում ամբողջ մարմնով։ Առաքելը վերադարձավ և հայրենակցին Հանգստացնելու համար կրկնեց.

— Պոտո, դուդուն կերակուր ուզեց, ես նրանց հաց պիտի տամ, դու հանգիստ տաքցիր, մինչև ես գործս կարգի դնեմ։

— Լա՛վ, բանիդ, աշե՛,— ասաց կզակը դողդողացնելով Պոտոն,— քեզի գիր ունիմ, բայց հետո, հետո։ Ձեռքս չի բռնում, որ ծոցիցս դուրս հանեմ։

Առաքելը արդեն չլսեց Պոտոյի խոսքերը, նա պահարանները բաց անում, խփում էր, զանազան նյութեր էր առնում, այս կողմ, այն կողմ թռչկոտում, կարգի բերում յուր կերակուրները։ Մի քանի րոպեից եկավ աղախինը, մատուցարանները ձեռքին, հետզհետե սկսեց կերակուրների հոտը բուրել: Պոտոյի դատարկ ստամոքսը բորբոքվեց և ախորժակը գրգռված աչքը չռեց նրանց վրա, բայց Առաքելն այնքան զբաղված էր, որ այդ շարժումները չնկատեց անգամ։ Նա անդադար ձգվում էր այս ու այն կողմ և կարգի բերում ամեն բան, որ չլինի թե պակասավոր գտնվի և խոսք գա վրան։ Պոտոն տաքացավ, չորացավ և թմրած տեղից բերանի ջրերը վազելով, զննում է այն բոլոր համեղ պատառները, որոնք իրար ետևից Առաքելը լցնելով պնակները, դարսելով մատուցարանները, աղախնի ձեռքով վեր էր ուղարկում։

— Պոտո ջա՛ն, քիշ էլ համբերի՛ր, ահա՛ պրծա, մնաց միայն պաղպաղակը,— ա՛սաց դարձյալ Առաքելը, մաքրելով հախճապակե պնակները։ Երբ այդ էլ վերջացրեց, մի աթոռ առավ, նստավ յուր սեղանի առաջ և ծխատուփը գրպանից հանելով ասաց․ — Պոտո ջա՛ն, չտաքցա՞ր, հերիք այդ մախրոցի մոտ նստիս։ Արի քովս պատմե տեսնենք ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Արի քովս, շունչ առնեմ, մի սիգարս ծխեմ, մենք էլ հաց ուտենք։ Լավ որ եկար. մինակ հաց ուտելը անդուր բան է։ Պոտոն մոտեցավ և, ծոցից նամակը հանելով, տվեց Առաքելին, որը հասցեն նկատելուն պես ճանաչեց յուր հոգեկցի՝ Սառայի ձեռագիրը։ Առաքելը չկարողացավ համբերել, սիգարը վար դրեց և սկսեց կարդալ։ Կարդաց ու հուզվեցավ և դառն մտքերի մեջ խորասուզվեցավ, այնպես որ կիսակարդալ ծոցը դրեց կնոջ գիրը, ծխելը շարունակելով։ Հեշտ չէր Առաքելի նման կակազելով կարդա ցողի համար շորս երեսը գրված մի նամակ կարդալը, այն էլ թերուս, մի անվարժ կնոջ ձեռքով գրված։

— Պոտո՛, դու քաղցած կլինիս,— ասաց քիշ հետո Առաքելը,— հացներս ուտենք, ես գիշերս կկարդամ այս նամակը։ Ու նստան հացի։ Ինչ կխնայեր հայրենակիցը երկրացունց մանավանդ էֆենդիի անհաշիվ պահարաններից։

IV

Գիշեր էր, մեջ գիշերի մոտ։ Առաքելը, առանձնացած յուր խոհանոցում սեղանի առաջ, կանթեղի աղոտ լույսի տակ, կարդում էր կակազելով յուր ստացած նամակը։ Կարդում էր նամակը և անվերջ արտասվում։ Խմում էր անդադար և հառաչում հորթը կորցրած կովի նման։ Ընդարձակ չէր Սառայի գրած նամակը, բայց բովանդակությունը ծովեր կլցներ, ցամաքներ կծածկեր»։ կծածկեր։ Ամեն մի բառ, ամեն մի նախադասություն օրերով մտածելու առիթ էր սիրտ ունեցող, զգացման տեր մարդու համար։ Նա ո՛չ հաց էր ուզում Առաքելից, ոչ էլ հալավ, կյանք էր պահանջում, հոգի էր ուզում, իրեն էր կանչում․․․ Մեծ ուրախություն էր ավետել Սառան Առաքելին. նա ազատվել էր և մի առույգ զավակ ծնել նրա համար, որին պապի անունով Լևոն էին անվանել։ Բայց այդ ավետիսը ավելի շատ արտասուք խլեց գորովալի հոր սրտից, քան թե բոլոր վշտերը, որ նկարագրել էր թշվառ Սառան։

Այնպես բորբոքվել, այնպես էր հուզվել Առաքելը, որ մոռացել էր, թուլացել մնացել և չէր լսում զանգահարությունները։ Հանկարծ աղախինը ներս եկավ և տեսնելով նրան սեղանի առաջ անզգայացած, ապուշ կտրած, գլուխը թևերին հենած, կամացուկ սկսեց կանչել.

— Առաքե՛լ, Առաքե՛լ, գառնուկ, դուդուն ընթրիք է ուզում։ Սթափվեցավ Առաքելը և իսկույն նամակը ծոցը դնելով, խրտնած եղնիկի նման մոռացավ ամեն ցավ, սկսեց վազել այս ու այն կողմը և կարգի բերել ամեն բան։ Կերակուրները նա ժամանակին խնամքով պատրաստել էր, սպասում էր հրամանի, որ ներս տա։ Ամեն ցավ, ամեն վիշտ ու հոգ Առաքելը պարտավորված էր թաղել, սպանել յուր սրտի խորքերում և հանձն առած պարտականությունները ճշտությամբ կատարել։ Ամեն մի սխալի, ամեն մի թեթև անճշտության համար նա պարտավորված էր անարգանքներ ու լուտանքներ լսել, սպառնալիքների տոկալ, թե ինչ է ամսական մի չնչին գումար էր ստանալու, մի գումար, որն ապրեցնելու, կենդանացնելու էր յուր ընտանիքը, մի գումար, որից մտածում էր մի փոքրիկ կապիտալ կազմել և հայրենիք վերադառնալով, մի գործ սկսել և ընտանիքի մոտ, հայրենի հարկի տակ կերակրել յուր գերդաստանը։

Այսպես, արշալույսից մինչև կեսգիշեր, երբեմն սրանից էլ մի երկու ժամ անց, Առաքելը խոհանոցում կենդանի թաղված շրջելու էր, վազելու էր դես, դեն և ժամերով ձեռքերն ու երեսը խորովելու էր կրակի առաջ, որպեսզի յուր տերերին հաճոյանա, նրանց աչքը մտնի և նրանց կոպեկներին արժանանա։ Իսկ Առաքելը մի այնպիսի նպատակ ուներ, մի այնպիսի ուխտ էր դրած, որ տոկունությամբ տանում էր ամեն բան, համբերում էր եզի նման և քաշում այն ծանր լուծը, որը դրել էին նրա ուսին շիշմանները և տանում ինչպես հրամայում էին յուր կամապաշտ գուդուները։

Այս վարմունքով այնպես գրավեց Առաքելը տերերին, որ նրանք վեց ամիս հետո,նրա ռոճիկը, առանց Առաքելի պահանջելուն, ավելացրին մի լիրայով, որով նա արդեն անվանի խոհարարների շարքն անցավ։ Առաքելը խրախուսված այդ հավելումով, սկսեց ավելի լուրջ կերպով զբաղվել յուր արհեստով, այնպես որ նա միշտ փորձեր էր անում կատարելագործելու յուր գիտեցածը և նորից սովորածները։ Երկու տարին չլրացած արդեն նրա ռոճիկը բարձրացրին չորս լիրայի։

Մեծ մխիթարություն էր Առաքելի համար ստացած ռոճիկը, որը օրեցօր աճում էր սեղանավորի մոտ։ Նա արդեն վաթսուն լիրա ուներ,մի գումար, որը մեծ հույս էր արդանուչեցու համար։ Այդ գումարով Առաքելը կարող էր մի փոքրիկ գործ սկսել և կատարյալ ապրուստ ձեռք բերել Գյոլայի քրդերի կամ Շավշեթի թուրքմանների մեջ։ Բայց քիչ խորը մտածելուց հետո վճռում էր դեռ միառժամանակ էլի մնալ, կապիտալը հասցնել մի հարյուր լիրայի կամ մի քիչ էլ դրանից ավելի ու այնպես հեռանալ։

Սեղանավորից ստացած տոկոսը և տանտերերից տոների առթիվ կամ մեծ հրավերներին ստացած նվերները կազմում էին տարեկան մոտավորապես տասնևհինգ ոսկի։ Այս գումարը արդեն բավական էր Առաքելի տան ապրուստին։ Դեռ այդ գումարից տալիս էին ոչ միայն խարաջն ու բեդելեթը, այլ մինչև անգամ տարեկան մի-մի ձեռք հալավ էին կարում։ Երրորդ տարին լրանալիս, արդեն հարյուր ոսկի ուներ Առաքելը սեղանավորի մոտ։ Նա կնոջ ու որդու համար բավական բան ու ման արած պատրաստվում էր տուն վերադառնալ։ Արդեն այդ օրերը Արդանուչից եկել էր յուր կնքահայրը՝ Պապո ապարը, և ստիպում էր, որ ձեռք քաշե Պոլսից, պատրաստվի իրեն հետ տուն վերադառնալու։

Առաքելը յուր միտքը հայտնեց տիրոջը, որպեսզի նա ուրիշ Խոհարար վարձե իրեն տեղ։ Բայց երբ տիկիններն այդ բանը լսեցին, հակառակվեցան Առաքելի մտադրության և չէին թողնում շեմքից անգամ դուրս գալու։ Շատ ընդդիմացավ Առաքելը, բայց չկարողացավ օձիքն ազատել Շիշմանկերի ձեռքից։ Ընդհակառակը, սրանք ռոճիկը հինգ լիրայի բարձրացնելով, Առաքելից երկու տարով ևս մնալու խոստումն առին։ Առաքելը մտածեց, որ երկու տարվա ընթացքում կկարողանա ևս մի հարյուր լիրա ավելի տնտեսել, երկու հարյուր լիրա կապիտալով հայրենիք վերադառնալ և առաջնակարգ հարուստների դասն անցնել յուր ծննդավայրում։ Այդ գումարը շլացուց Առաքելին, և նա զիջավ մի երկու տարի ևս տոկալու։ Խեղճ խոհարարը Էլի մի քանի կտոր փալաս ու մետաղ գնեց և ավելացնելով առաջվա գնածների վրա, ուղարկեց խաչեղբոր Պապոյի հետ յուր կնոջն ու մորը, դրանցով խաբելու, միանգամայն խոստանալով մի տարուց հետո անպատճառ վերադառնալ հայրենիք։ Տարիները սահում էին, իսկ Առաքելը չէր կարողանում բաժանվել Շիջմանների ոսկիներից կամ ավելի ճիշտը կապիտալը մեծացնելու տենչից․․․

V

Մեծ իրարանցում կար Շիշմանների տանը։ Երկու վերին հարկերը հարսանիքին հատուկ լուսավորված էին։ Շքեղ երեկույթ էր և Պերայի beau monde-ը Շիշմանների տանն էր։ Պարում էին, թռչկոտում էին, դաշնամուրի ձայնը և ուրախ քրքթշեերն ամբողջ թաղում դղրդյուն էին բարձրացրել։ Փողոցի դուռը բաց էր։ Գավթում և բակում ծառաները ղժվրտում էին, պարտեզում հանդիսականները ծառերի տակ և քյոշքերում զբոսնում։ Կառքերն ու սեթիաները դռանը՝ փողոցում շարված և սենեկապաննե՛րն ու աղախինները սանդուխներից անդադար բարձրանում, իջնում էին։ Աշնանային պարզ մթնկա գիշեր էր, և երկինքը բազմաթիվ աստղերով զարդարված։ Պարող երիտասարդները իրենց անգաժեների հետ պարամիջոցներում գույնզգույն իջնում էին տան գույնզգույն լապտերներով զարդարած դարած պարտեզը, պաղպաղակ ընդունելու և բլդակներ վայելելու։ Տան տիկիններն ու օրիորդները այս կողմ, այն կողմ էին դառնում, վազում և ցրված հրավիրյալներին պատվում, հյուրասիրում։ Աղախինները, որոնց թիվը այդ գիշեր սովորականից տասնապատիկն անցել էր, մի ակնթարթում կատարում էին տիրուհիների հրամանները։ Մատակարարը մառանից անընդհատ ափսեներով խմիչք ու մրգեղեն էր դուրս տալիս և քաղցրեղենների անուշ բուրմունքով գրգռում հրավիրյալների ախորժակը։ Պարերգերն ածում էին դաշնամուրի վրա չորս ձեռքով, ջութակի օգնությամբ, իսկ խաղամիջոցում թուրքական երաժշտական խումբը զբաղեցնում էր հասարակությանը պարտեզի մեջ յուր երգերով և նվագածությամբ։ Այդ միաձայն մեղեդին գրգռում էր ջղերը, մորմոքեցնում սրտերը, մանավանդ ալկոհոլի ազդեցության տակ ընկածներին։

Բազմամբոխ հրավիրյալները բաղկացած էին Պերայի զանազան դասերից՝ թե՛ ֆինանսական աշխարհից և թե՛ ինտելիգենցիայից։ Այդտեղ կային ևս մի քանի իսլամ պաշտոնականներ իրենց եվրոպական տարազներով զարդարված կանանց հետ, որոնք շատ ախորժում էին քրիստոնյա երիտասարդների հետ պարելուց։ Երիտասարդների և հասած օրիորդների թիվն անչափ էր։ Սրանք իրար խաբելու համար միջոցների մեջ ընտրություն անգամ չէին անում։ Բայց տարաբախտաբար ծերունիներն էին հրճվում, բերկրում օրիորդների գեղեցկությամբ և ձգտում նրանց իրենց ոսկե ցանցերի մեջ գլորելու, իսկ առույգ երիտասարդների սրտում միայն մատաղահաս, բայց հասակավոր ամուսիններ ունեցող տիկիններն էին տեղ բռնել։

Հրավիրյալների մեջ բոլոր երիտասարդների աչքը շլացրել ու գրավել էր տիկին Հելեն Գալֆայանը, որը գեղեցկությամբ երեկույթի թագուհին էր։ Տիկինը հազիվ քսանհինգ տարվան լիներ և թեև երեք զավակի մայր էր, բայց տասնվեց տարվան օրիորդի նման գողտրիկ և անմեղ ժպիտներով էր պատասխանում ամեն մի սրտաբուխ կայտառ հայացքի։ Տիկինը ամուսնացած էր Տիրան բեյ Գալֆայանի հետ, որը նախկին մայր սուլթանի առաջին ճարտարապետի թոռն էր և պապից մեծամեծ կալվածներ ժառանգած՝ ահավոր հարստության տեր։ Տիրան բեյը թեև քառասուն տարեկան հասակումն էր ամուսնացել, բայց ժիր էր և պարապում էր մանուֆակտուրայի առևտրով ու մեծ կապեր ուներ Մանչեստրի ֆիրմաների հետ: Բեյը, որ մի քանի հասակակիցների հետ թղթախաղով էր զբաղված, ոսկիներ էր ցրվում իրեն շրջապատող պաշտոնականներին ու փաստաբաններին, աչքը չէր հեռացնում նույնպես պարողներից, մանավանդ յուր կնոջ պարընկերներից։ Բայց Միհդատ բեյը, որ Կ. Պոլսի վաճառականական դատարանի անդամն էր, առանց շուրջը նայելու ամեն կերպ աշխատում էր հաճոյանալ մատաղահաս տիկնոջը։ Հելենը հրճվում էր Միհդատի սեթևեթներով և մի քանի անգամ նրա թևը մտած իջավ պարտեզ, և քյոշքերի մեջ զովացած ու շիկնած վերադարձան պարահանդես։

Այս բանը այնքան վրդովեց Տիրան բեյին, որ ուշքը կորցրած, անընդհատ տարվում էր։ Վերջապես համբերությունը սպառված, թողեց թղթախաղը և կնոջը մոտենալով, ասաց մեղմորեն.

— Հելե՛ն, գնա՛նք, քեֆս քիչ ավերվեց։

— Ի՞նչ ունիս, հոգյա՛կս,— մի այնպես քաղցր արտասանությամբ և հաճոյալի հայացքով ասաց Հելենը, որ Տիրանը մոլորվեցավ, ցրվեց նրա ժանտ նախանձը, կասկածների և կակազելով ասաց.

— Չգիտեմ, սիրտս սանկ…

— Գնա՛նք, գնանք,— ասաց Հելենը սրտաբաբախ տոնով, երբ նրանց մոտենալով տան տիկինը, ասաց.

— Ինչո՞վ կարող եմ ձեզ հյուրասիրել։

— Շնորհակալ եմ, տիկին,— պատասխանեց Հելենը հոգատար դեմքով,— բեյս քիչ քեֆ չունի, ներեցեք, որ պարտավորված ենք ձեր գրավիչ երեկույթից շուտ զրկվելու…

— Խնդրում եմ, չթողնել մեզ, արդեն ժամանակն է, մի-մի զադայիֆ ուտենք և որդուս կենացը խմեցեք։ Հինգ րոպե հետո լրանալու է նրա ծննդյան երեսունհինգ ամյակը…

— Ուրախությամբ,— ասաց Տիրան բեյը և դառնալով կնոջը, ավելացրեց, — Մի քառորդ ժամ ևս կարող ենք մնալ,— ու բազմոցի վրա տեղավորվեցավ։

— Ղադայիֆ֊ղայմաղ,— ձայն տվեց տիկինը,— լիկյո՜ր, շամպայն,— և աղախինները իսկույն սկսեցին այդ բաժանել։ Ամեն կողմից կանչում էին․ կեցցե՜ Մագսուտ բեյը, կեցցե՜ Շիշման տոհմի կորյունը։

— Վերջին կադրիլր, զույգե՜ր, զույգե՜ր, առաջ,— ձայն տվեց պարի առաջնորդողը, և Միհդատ էֆենդին կրկին չոքեց Հելենի առաջ ու խնդրեց պարել։ Աղմուկն ու աղաղակը, պարողների ոտնաձայնն ու դաշնամուրի եղանակները կենդանացրին երեկույթը, և Տիրան բեյը պարտավորված կրկին նստավ թղթախաղի։ Միհդատ էֆենդին հանգամանքից օգտվելով, կրկին թևն առաջարկեց Հելենին, և միասին իջան պարտեզ։ Անկյունի քյոշքում տեղավորված պաղպաղակ պահանջեցին և սկսեցին առանձնության մեջ սրտի զգացումները իրար պարզել։ Առաքելը, որ մինչև այդ ժամանակ խոհանոցի բոլոր գործերը կարգի բերելով էր զբաղված, քրտնաթոր իրանով, կիսով չափ դուրս երկնցավ խոհանոցի լուսամուտից զովանալու և լսելով հոմանիների սիրազեղուն բացատրությունները, ակամա նրանց ականջ դրեց բորբոքված սրտով։

— Շատ նախանձոտն է ամուսինդ, եռ է գալիս, երբ նկատում է, որ դուք քաղցր ժպիտով եք ինձ մոտենում։ Ճշմարիտ, ինձ հաճելի չէ, որ ձեզ վրա նկատողություն անե, իմ պատճառով իրար մեջ տարաձայնություններ ունենաք, բայց սիրտս, զգացումներս դու խո՜ գիտես, որ չեմ կարող սանձել…

— Ես չեմ էլ ցանկալ, որ սանձես, դու անհոգ կեցի՛ր, դու թույլատրի՛ր ջղերիդ սանձարձակ գործելու, ինձ թող, որ ես կարգադրեմ մնացյալը։ Նրան մի հայացքով, մի բառով կարող եմ խաղաղեցնել։ Հանկարծ տիկինը հրամայեց ընթրիք տալ։ Աղախինները մտան խոհանոց։ Այս ու այն կողմից բան էին պահանջում, իսկ Առաքելը չէր երևում։ — Առաքե՛լ, Առաքե՛լ,— կանչեցին, որը սթափված ներս ընկավ և սկսեց կերակուրները կարգավորել ու ներս տալ։ բայց նա այնպես հուզված ու մոլորված էր, որ շփոթվում էր, խառնվում…

Ընթրիքից հետո Մագսուտ բեյը, երբ ճանապարհ դրեց յուր հյուրերին, կանչեց Առաքելին յուր մոտ և ասաց զայրալի.

— Առաքե՜լ, ի՞նչը քեզ ստիպեց այդպես անարգելու իմ հյուրերին, այդ ինչպիսի՞ կերակուրներ տվիր։

Երբ խեղճ խոհարարը լռել էր, չէր իմանում ի՞նչ պատասխանել, բեյը անարգական խոսքերով հանդիմանում էր նրա վարմունքը։ Առաքելը, ճարահատ, գրպանից հանեց տանից ստացած հետևյալ նամակը և հանձնելով բեյին, ասաց.

— Ես մոլորված էի, ես այլևս չեմ կարող ծառայել, պարտականություններս ճշտությամբ կատարել։ Մագսուտ բեյը կարդաց հետևյալ նամակը, որ գրել էր Սառան Առաքելին.

«Իմ անգին թագ ու պսակ՝ Առաքել ջա՜ն.

«Չգիտեմ, գիրս որտեղի՞ց սկսեմ, ի՞նչ գրեմ, քանի որ թուղթն ու գիրը քո սիրտը չի կակղացնում, քու հոգին չի բորբոքում, խելքդ, միտքդ տվել ես ժանտ ոսկուն, կպել ես Սթամբոլին, մտահան արել քու տունն ու քու տեղը, քու մորն ու քու պապերի գերեզմանը, քու կնոջն ու քու մատաղ որդուն։ Երեք տարով գնացիր, ահա յոթը տարին բոլորեց, ութերորդի մեջ մտավ։ Դու գութ չունի՞ս, դու սիրտ չունի՞ս, դու հոգի չունի՞ս… Ի՞նչ անեմ, թե շատ փող ես դիզելու և այնպես տուն դառնալու։ Ինչի՞ս է պետք քու ժանգոտ ոսկին, որ ինձ ոչ կթարմացնե, ո՛չ կառողջացնե, ոչ էլ մի օրով կյանքս կերկարե։ Թո՛ղ քիչ ունենամ, թո՛ղ ցամաք հացով փորս կշտացնեմ, թո՜ղ իմ գործած կտավով ու մանուսով իրանս ծածկեմ, միայն թե դու տանդ գլխին կենաս, ես էլ քու շվաքի տակ գործեմ։ Դու որ քովս լինիս, ես է՛լ բանի պետք չեմ ունենալ։

«Անտոն ապարի հետ ուղարկածդ ղութնին, ալաջան ու ջանֆեսը հասավ, դրի սնդուկս առանց ծալքերը բանալու, ձևելու ու կարելու, առաջվա ղրկածներիդ մոտ։ Ինչի՞ են պետք թանկագին կերպասները, ատլասն ու դիպակը, շալն ու մետաքսը, քանի որ սիրտս, հոգիս սգի ու շիվանի մեջն են։ Հորս տնից բերածս ջեհեզը դեռ չէ մաշած, քու կտրել տված կապան ու ջիվբեն թևս անցկացնելու սիրտ չունիiմ, Էլ տարոց տարի ղրկածներդ կարեմ, ի՞նչ անեմ… ու՞մ համար հագնեմ… Երբ սրտիցս արյուն Է գնում, երբ աչքերս չեն բացվում, չորս բոլորիս հագված, զուգված ջուխտակներին տեսնելու, երբ ականջներս ծակվում, խլանում են դրացիներիս պարի, երգի ու հրճվանքի ձայներից, որոնք քչով-շատով բոլորված կյանք են վարում իրար գրկում։ Ես ի՜նչ հավասով Էլ զուգվիմ, զարդարվիմ ու նոր-նոր հալավ կարեմ, երբ հները հագնելու ու մաշելու առիթ չունիմ, միջոց չունիմ… Քեզ գրում եմ, թե հին Սառադ էլ չէ մնացել, հալվել, մաշվել, կես է եղել, դու, բուրդ ու բամբակ ականջներդ խրած, ոչինչ չես ուզում իմանալ և գուցե գիրս էլ, նամակներս էլ չես կարդում, դեն ես շպրտում… Անցածները, աստվածածնի տոնին, Թագուհի հորքուրանցդ գնացինք։ Կապույտ ջիվբես էի հագել։ Գիտե՞ս, մի՞տքդ է, որ վրաս չէր գալիս… Լևոնիս գիրկս առի և ջիվբես երկուսիս վրա կոճկեցի… Ի՞նչ գրեմ, քանի որ այս բոլորը քեզի ջրի ձայնի պես է գալիս։

«Երևի սպասում ես, որ Լևոնս մեծանա ու գա քեզի տուն բերի, բայց այդ բանը դժվար թե տեսնես։ Խեղճ երեխաս որբի նման անհայր մեծացավ, և երբ դրացիների զավակները վայելում են իրենց հայրերու գուրգուրանքը, նա զմայլում է, սիրտը լցված վազում է տուն, լացակումած կամ մամի գիրկն ընկնում կամ իմ և լեզուն բռնված մի բառ չի կարողանում խոսել։ Դու այդ մարդը չէիր, Առաքել, քեզ ի՞նչ եղավ. ինչպե՞ս քար ու ապառաժ դարձավ քու սիրտը։ Քեզ թուղթ ու գիր արի՞ն, թալիսմով կապեցի՞ն, սերդ գրավեցի՞ն… Եթե ինձ չես խղճա՛, գոնե զավակիդ խղճա, այս անմեղ երեխային, որը հայրական գգվանքի կարոտ է քաշում, որը փողոցում որբի կերպարանքով է թափառում…

«Բայց ես ու՞մն եմ գրում այս տողերը, զուր չէ՞, որ մաշում եմ սիրտս, հոգիս, աչքերս և ինձ ուտում, քրքրում։ Ի՞նչ ազդեցություն ունեցան իմ այնքան գրերս, որ սրանով կարողանամ քեզ գութ ներշնչել և դեպի հայրենիք քաշել։ Միևնույն բանն է, ինչ որ գրեմ, ես հավատացած եմ, որ պիտի գցես նույնպես առաջդ վառված խոհանոցի օջախը, գուցե առանց իսկ վրան մի հայացք գցելու։ Բայց պարտքս կատարած լինելու ցանկությամբ մաշվիլս, քրքրվիլս, հալվիլս, աչքիս չի երևում: Կրկնում եմ, քառապատկում եմ նախորդ գրածներս, ես ձեռքից ելա, էլ ուժ չունիմ դիմանալու։ Ականջիդ բուրդը հանի՛ր, Առաքե՛լ, ինձ անդանակ մի՛ մորթիլ, տուն արի՛, ետ դարձիր, տիրություն արա՛ քու զավակիդ, քու մորդ։

«Խեղճ պառավս՝ մայրդ, արդեն գլգլել է։ Տարիքը շատ չէ, բայց տանջանքները, դու խո՛ լավ գիտես, ցեցի նման նրան կերել են ու մաղել, ծակծկել են ու թողել։ Արի կատարի՛ր նրա փափագը և քեզ տեսնելով, գուցե քիչ սիրտ առնե, զորանա և մի քանի տարով կյանքը երկարի։ Մի՛ դատարկ խոստումներով մեր սրտերը բորբոքիլ, խոսքդ, խոստումդ կատարիր տղամարդու պես։ Քանի՞ մեզ վրա ծիծաղեցնես մեր չարակամներին։ Ահա չորս տարի է շարունակ նամակներով և ճամփորդներով մեզ խաբխբում ես՝ «կգամ, գալիս եմ, այս տարի, այս աշուն, գալ ամսին», որով ավելի ու ավելի բորբոքում ես մեր սրտերը։

«Անտոն ապարի հետ մի հայելի էիր ուղարկել, երանի ճանապարհին ջարդված լիներ, ծովն ընկներ և տուն չհասներ։ Խաբվեցա, մեջն աշեցի։ Սառադ ձեռքիցդ գնացել է, ոչ գույնն է մնացել, ոչ կյանքը, այլ չոր ոսկոր ու մաշկ։ Ես կարճ գրեցի, դու շատ իմացիր։

«Ոչ փողդ ենք ուզում, ո՛չ հալավ, միայն քու ներկայությունդ կարող Է մեզ կյանք տալ։ Ի՜նչ գրեմ, Սթամբոլը բրիշակ դառնա, քար քարի վրա չմնա, որ դու էլ անճարացած տուֆ դառնաս և խաղաղի աշխարհքը։

«Է՛լ ո՛չ գիրդ է պետք, ո՛չ խաբար, թե մեզ սիրում ես, թե մեզ համար բաբախում է քու սիրտը, ինքդ ընկիր ճանապարհ, արի խնդա, խնդացուր, աչքերիս արտասուքը ցամքեցուր, չորցուր:

«Քո կողակից և աղախին Սառա»: Շիշման Մագսուտ բեյը այնքան վրդովվեց այս նամակից և այնպես զգացվեց, որ բորբոքված ասաց.

- Այսօր անմիջապես պատրաստությունդ տես և ճանապարհ ընկիր։ Գնա, երեք ամիս կեցի′ր ու էլի վերադարձիր»: Ամեն երկու տարին մի անգամ երեք ամսով քեզ արձակուրդ սրանից հետո։

Առաքելը լուռ, շրթունքներն անգամ չշարժեց։ Շիշմանը շարունակեց.

— Մի՞թե գա կարգված ես եղել, ո՞ւմ մտքից կանցներ։ Դու մեր տունը գալիս մազ, մորուք անգամ չունեիր, ո՞վ կարող էր երևակայել, որ դու հայր ես։

Առաքելը անմիջապես պատրաստություն տեսավ ճանապարհ ընկնելու։ Նա իջավ Ղալաթիա, սեղանավորից յուր դրամագլուխը տոկոսիքով ստացավ, որը մի պատկառելի կապիտալ էր մի խեղճ գավառացու համար՝ երեք հարյուր հիսուն լիրա։ Փողը գրպանը դնելով, անցավ կամուրջից, գնաց Սթամբոլ։ Մտավ Ուզուն֊Չարչու փողոցը, Զիլիֆտար խանի մեջ գտավ հայրենակից Պողոս աղային սենյակում և երկար֊բարակ ձևական, սովորական խոսակցություններից հետո ասաց.

— Գիտե՞ս ինչի եմ եկել, աղա՛։

— Ի՞նչ ունիս, Առաքել, ինչի՞ պարզ չես խոսում։

— Տուն պիտի երթամ։

— Քամի ես բաց թողնում, յոթ տարի է պիտի երթաս, Բայց դեռ Շիշմանների խոհանոցից չկարողացար բաժանվել։

— Ի՞նչ անեի, խո դատարկ չէի՞ կարող դառնալ։ Այսօր հաշիվս կտրեցի և մտադիր եմ մեկ֊երկու օրից ճանապարհ ընկնել։

— Լա՛վ, շատ ուրախ եմ։

— Մի քանի լիրա փող ունիմ, ուզում եմ ապրանք առնել, աղա՛, ի՞նչ խորհուրդ կտաս։

— Շատ լավ կլինի, փող տանելուն՝ ապրանք տար, ամենաքիչը տասը տոկոս կաշխատիս։ Որքա՞ն փող ունիս։

— Մեկ֊երկու հարյուր ոսկու չափ։

— Լա՛վ, շատ լավ, անչափ ուրախ եմ։ Բայց, տո′, ուրիշներից ես իմացել եմ, որ հինգ հարյուր ոսկու չափ փող ունիս…

— Պարապ խոսքեր են, կլինի մոտ երեք հարյուր ոսկի…

— Այդ էլ մեծ գումար է։ Ի՞նչ ես ուզում առնել…

— Դու ավելի լավը գիտես, աղա՛, այնպես բան առնենք, որ շահվիմ։ Ես առևտուրից հասկացողություն չունիմ, ձեզ վրա հույս դրած եկել եմ, դու իմ տերս ես, արա ՛, ինչպես կամենում ես…

— Լա՛վ, դու նոր պիտի սկսես առևտուր։ Այնպես ապրանք առնենք, որ քիչ շահի, բայց գետին չմնա, հաճախորդը միշտ քու ետևից ման գա։ Կտավ և չիթ առ։ Թե ուրիշ բան էլ կուզես առնել, քի՛ չ առ։

— Ղո՛ւ գիտես,— ասաց Առաքելը և լռեց։ Քիչ Հետո ասաց Պողոս աղան•

— Ուզում ես, գնանք, քիչ վաճառանոցները ման գանք, տեսնենք, գուցե մի պատեհ դեպքի հանդիպինք։

— Գնանք, եթե կբարեհաճիք,— ասաց Առաքելը, և կեսօրից մի ժամ առաջ մտան վաճառանոցները, մինչև իրիկուն ման եկան։ Պողոս աղան ամեն տեղ ծանոթացնում էր յուր հայրենակից նոր բազիրգյանին վաճառականների հետ և ամեն միջոց գործ էր դնում, որ այնպես արժան գնե ապրանքը, որ ժամանակին հայրենակիցը միշտ գոհունակությամբ հիշե յուր սկսնակը և միշտ հրճվանքով մտաբերե այդ օրերը։

Աշուն էր, հոկտեմբերի սկզբներում, ապրանքների մեծ պահանջ կար, և վաճառականները երկու-երեք տոկոս վրադիրով էին ծախում։ Պողոս աղան ամեն ջանք գործ էր դնում, որ յուր նախորդ պարտիայով գնած ապրանքներից մի բան պա¬ կասով գներ, որ արդանուչում հաշվեցուցակները համեմատության դնելիս կասկածանքի չենթարկվի Առաքելը, բայց չէր հաջողվում, նազով էին ծախումն վաճառականները:

Իրիկնադեմին նրանք մտան Գալֆայան Տիրան բեյի վաճառանոցը: Ապրանքի տեսակները լավ զննելուց և բավարար գտնելուց Հետո սկսեցին սակարկել։ Այդտեղ Համեմատաբար մատչելի էին գները, այնպես որ վճռեցին առևտուրը Գալֆայանի վաճառանոցում կատարել։ Պողոս աղան Առաքելի հետ մտավ Տիրան բեյի գրասենյակը և իրար հետ սովորական հարց ու բարևները անելուց հետո ասաց.

— Բե՜յ, հայրենակիցս նոր է սկսում առևտուր, այնպես որ այս առաջի քայլում սրան ամեն տեսակ զիջումներ է անել։ Գների մեջ սովորականից շատ ավելի զիջողությունում եմ պահանջում։

− Գիտեք, աղա, որ որքան նեղությամբ է այժմ ապրանք ձեռք բերվում։ Առաջներս աշուն է, պահանջը այս տարի սովորականից կրկնապատկված է։ Դուք խո ամեն բան գիտե՞ք։

− Ինչ ուզում եք ասեք, բե՛յ, միայն թե իմ առած գնից մինչև մի զգալի տոկոս չպակասեցնեք, ապրանքը վերցնելու չեմ։ Այս էլ գիտցիր, որ փողերը կանխիկ է և անմիջապես վճարելի։

Կանխիկ բառը Տիրան բեյին բորբոքեց, և նա ներքին հուզմունքը առանց արտահայտելու ասաց.

− Աղա, դուք գիտեք, որ ձեզանից բան չեմ խնայիլ, բայց ձեզ տվածս գնից…

− Ես չեմ ցավիր, պիտի երեք տոկոս զեղչես իմ խաթեր համար։ Այս բարեկամս նոր է առևտուր սկսում և ինձ է դիմել։ Թող սա էլ քեզ հաճախորդ դառնա և այն օգուտը, որից այսօր զրկվելու ես, ապագայում կստանաս։

− Թող քու քեֆդ չկոտրվի, ինչպես ուզում ես այնպես վճարիր։

− Իմ գնած ապրանքի գնից պիտի երեք տոկոս զեղչես և վեց ամսական էլ տոկոսը։

− Գոնե մեծ գումարի խո չէ՞ գնելու։

− Ոչ, մի երեք հարյուր լիրայի։

− Ոչինչ, այդպիսի մի գումարում ես մեծ կորուստ ունենալու չեմ և քեզ նման բարեկամի սիրտրը չեմ կոտրիր։ Մանավանդ որ նոր հաճախորդ եմ գտնելու։ Թող ապրանքը ջոկե, տանե, ես կասեմ գործակատարին, որ քեզ տրված գներով նշանակեն, իսկ զիջումը անձամբ կանեմ, թո՛ղ օրինակ չդառնա ուրիշներեն։

− Շնորհակալ ենք,− պատասխանեցին Պողոս աղան և Առաքելը։

Երբ դուրս էին գնալու, ասաց Տիրան բեյը.

− Եթե փողը ձեզ մոտ է, վճարեցեք անմիջապես, խնդրում եմ։ Բանկ Օտոման փող եմ ուղարկելու, քանի դեռ չի մթնել։

Առաքելը վճարեց երեք հարյուր լիրա և գնացին մթերանոցը ապրանքները ջոկելու։ Քայց արդեն մութն ընկավ, չկարողացավ ընտրած ապրանքները հակ կապել տալով, դուրս հանել մթերանոցից։ Ցուցակ, ամեն բան պատրաստվեց, բայց քանի որ մշակները չկարողացան հակերը կապել, թողին մթերանոցում՝ հետևյալ առավոտ տանելու մտքով։ Առաքելը այդ հաջող առևտրից ավելի ուրախացած և տուն վերադառնալու, սիրելիներին տեսնելու բերկրալի մտքով բորբոքված, այդ գիշեր Պողոս աղայի սենյակում անվերջ երագներով լուսացրեց։ Արշալույսին վեր կացավ Առաքելը, լվացվեց ու պարաստվեց գործի գնալու։ Կ. Պոլսում ապրած յոթ տարին այնքան երկար չէր թվացել իրեն, որքան այդ մի գիշերը։ Մտածում էր այդ օրն իսկ մի քանի բան ևս առնել ու շոգենավ մտնելով, երեկոյան դեմ ճանապարհ ընկնել դեպի Բաթում։

Կեսգիշերին, Կ. Պոլսի վաճառականական ատյանից պաշտոնյաներ գալով, Տիրան բեյ Գալֆայանի վաճառատունը, մթերանոցը և բոլոր ապրանքները կնքեցին, չթողնելով Առաքելի գնած ապրանքն անգամ հակերի վերածելու և դուրս հանելու մթերանոցից։ Առավոտ վաղ, երբ Առաքելը անհամբերությամբ շոգենավի ապրանքներ հանձնող մակլերի հետ գնաց Գալֆայանի վաճառատունը և դռները կնքված գտավ, մնացին շվարած։ Մշակները իսկույն նրանց շրջապատեցին, հայտնեցին, որ Տիրան բեյը սնանկացել էր և դատաստանական պաշտոնակալները չէին թույլ տվել, որ նրա հակերը կապեն, դուրս հանեն մթերանոցից։ Այս լուրը Առաքելին բոլորովին մոլորեցրեց, և նա խելագարի նման դիմեց Զիլիֆթար խան՝ հայրենակցի մոտ։ Երբ մի քանի կիսակտոր խոսքերով պատմեց հանգամանքները, Պողոս աղան ասաց նրան քաջալերելով.

— Քեզ ի՞նչ, դու ինչի՛՝ ես վրդովվում։ Խո քու ապրանքդ կուլ տալու չէ՞ Տիրան բեյը կամ մի ուրիշը։ Այսօր կամ շատ–շատ վաղը քու ապրանքը քեզ կհանձնեն։ Թեև այս խոսքերը այնքան էլ մեծ հույս չներշնչեցին Առաքելին, բայց նա ասաց մոլորված.

— Այսօրվա շոգենավից եթե ետ ընկնեմ, մի շաբաթ ավել զուր սպասելու եմ:

— Կարող ես ավստրիական Լոյդ ընկերության շոգենավով էլ գնալ,— ասաց Պողոս աղան, սառնասրտությունը պահելով յուր հայրենակցի մոտ։

Բայց զուր, ո՛չ այդ օրը, ո՛չ երկրորդ օրը, ոչ էլ մի շաբաթ հետո հնար գտան դուրս բերելու այդ ապրանքները մթերանոցից։ Տիրան բեյը ինքն էլ շատ աշխատեցավ, ամեն կողմ դիմեց, բայց պարտատերերը՝ ապրանքը բռնել տվողները զիջում չարին, իսկ դատարանը առանց վճիռ կայացնելու, հակառակ պահանջատերերի կամքին, չէր կարող մի բան դուրս բերել մթերանոցից։ Ճարը հասավ, Առաքելը մի փաստաբան բռնեց։ Փաստաբանն էլ շատ վեր-վար ընկավ, բայց վերջապես պատասխանեց, թե պետք է սպասել մինչև դատարանի վճիռ կայացնելը։ Իսկ թե երբ էին վճիռ կայացնելու, այդ էլ ալլահին էր խաբար…

Առաքելը հուսահատվեցավ։ Ո՛չ փաստաբանը, ո՛չ Պողոս աղան, ո՛չ էլ յուր տերը՝ Շիշման Մագսուտ բեյը, ոչ էլ նույնիսկ Տիրան բեյը հնար գտան նրան ապրանքը հանձնելու։ Ամենքը երկդիմի պատասխաններով և խոստումներով երկար ժամանակ Առաքելին հուսադրելուց հետո վերջապես խոստովանեցան, որ անհնար էր ապրանքները դուրս բերել մթերանոցից, Գալֆայան պահանջատերերի իշխանության տակից, մինչև գործի վերջնական վճիռը։ Երբ ճարը կտրվեց, Մագսուտ բեյը մի օր ասաց.

— Առաքել, գնա՛ և խնդրի՛ր Հելեն խանումից, գուցե նա մի ճար գտնե։

— Ինչպե՞ս, բե՛յ, ես գնամ Հելեն խանումից ողորմություն խնդրե՞մ…

— Ո՛չ, գործը պատմիր և փողերդ խնդրիր:

— Իմ փողս խնդրեմ… բայց ինչո՞ւ… Այն էլ Հելենից… Չէ՞ որ ես փողի պահանջ չունիմ, այլ ինձ գնածս ապրանքն են ետ դարձնելու։ Եթե փողի պահանջ հայտնեմ, ես էլ ապրանքը գրավողների դասը կանցնիմ և այն ժամանակ ինձ էլ նրանց հետ հինգ կամ տասը տոկոսով կկամենան բավականացնել ու ճանապարհել։

— Դու գործի հանգամանքը պատմիր Հելեն խանումին, նա կարգի կդնե։ Ես հավատացած եմ, որ նա այնքան բարի է, որ երբ իմանա քու վիճակը, յուր միջոցներից քեզ կբավականացնե։

― Լավ է, իմ յոթ տարվան դառն աշխատությամբ դատածս, խոհանոցի ճենճերի մեջ, վառարանի դիմաց, խորովվելով ու տապակվելով վաստակածս, անդադար վազելով, անքուն, հոգնած, քրտնաթոր շահածս դրամը նրա ամուսինը խաբեությամբ ձեռքիցս խլե, կնոջ սնդուկը լցնե, կեղծ կալվածագրերով ամբողջ անշարժ կայքը կնոջ անվան վրա դարձնե, հազարներով, ոսկով ու գոհարով կնոջ արկղները լցնե, և ես իմ դառն տանջանքով ձեռք բերածս, իմ ընտանիքիս միակ հույսն ու կյանքը կազմող դրամագլուխս գնամ նրա կնոջ ոտքերը ընկնելով ողորմություն խնդրեմ…

― Տե՛ս, մեկ տե՛ս այս գավառացի լեռնականին, որքա՜ն գոռոզն է եղել… որքա՜ն մեծասիրտ…— ասաց մրմնջալով Մագսուտ բեյը,— որ խնդրես, քեզնից ի՞նչ կպակսի…

— Ներեցե՛ք, բե՛յ, ո՛չ գոռոզ եմ, ո՛չ էլ մեծասիրտ, այլ սոսկ մշակ։ Գոռոզն ու մեծասիրտը, գլուխը քաշ գցած, յոթ տարի ձեր խոհանոցում անմռունչ չէր տքնիլ։ Եթե ձեզ նման հարուստներ չենք, բայց ստրուկ էլ չենք ծնված։ Մենք էլ մեզ համար մարդ ենք, պատիվ, զգացմունք ունինք։ Ի՞նչ անենք, որ խոհարարությամբ կամ սենեկապանությամբ ենք մեր հացը ճարում, դա կարծում եմ ամոթ չէ, բայց մուրալու երբե՛ք չենք կարող զիջանիլ։ Ես իմ այս դրամագլուխը, դու ինքդ լավ գիտես, որ մեծ տանջանքով, ամբողջ կյանքս ծյուրելու գնով, բայց ազնիվ միջոցով եմ ձեռք բերել։ Յոթ տարի ձեր դռանը գլուխս կախած, ընտանիքիս և զավակիս կարոտով տոչորված, ամեն տեսակ զրկանք տանելով եմ գումարել, որ ի՜նչ է՝ տուն վերադառնամ և խաղաղեցնեմ ալեծուփ ընտանեկան կյանքս, ամոքեմ նրա վշտերը և կորցրած առողջությունս դարմանեմ, կազդուրվիմ։ Ասե՛ք, խնդրում եմ, մի՞թե կարող եմ ես, քսանյոթերորդ տարիքումս, այսքան մազերիս մեջ սպիտակ ընկնելուց հետո, ձեռքերս և սրունքներս այսպես դողալուց հետո դարձյալ ծառայել, դարձյալ ծծել խոհանոցի ածուխի այն սոսկալի գազերը, ճենճահոտերը և տոկալ… Ասացե՛ք, այսպես քայքայված առողջությամբ, ընտանիքիս կարոտովը բորբոքված, ես ի՞նչ միջոցի դիմեմ, ի՞նչ անեմ, որ ապրիմ և ապրեցնեմ գերդաստանս, սրբեմ թշվառներիս արտասուքը.․․ Այս ի՞նչ անիրավություն է․․․

— Փորձանք է, Առաքե՛ լ, պատահմունք է, պետք չէ՛ դժգոհիլ, հնարը գտնելու է, փողերդ ետ բերելու ճարը մտածելու է։ Լավ, որ դու ինքդ ես նկարագրում վիճակդ։ Ի՜նչ մեծ կորուստ կունենաս, եթե ընտանիքդ, կյանքդ փրկելու համար գնաս, զիջանիս և խնդրես ծածկաբար Հելեն խանումից, որ քեզ ազատե այս ծանր վիճակից։ Չե՞ս ուզում, ես կգնամ, ես կխնդրեմ, նա անչա՜փ բարի է, որ մի ճար կգտնե։

« Անչափ բա՜րի է»… իմ փողերս իրիկնադեմին մարդը խաբեությամբ ձեռքիցս կորզե, տանե կնոջ սնդուկը լցնե, որն արդեն բռնված և գտնվում Է պահանջատերերի իշխանության տակ, իսկ ես գնամ նրանից իմ փողերս որպես ողորմություն ետ խնդրեմ..․ Բե՜յ, բե՜յ, ինչեր եք ասում, մի կնոջ սնդուկից քսան հազար լիրա էլ դուրս գա… Քու բարի Հելեն խանումի սնդուկում այդքան փող ո՞վ դրեց… Մի՞թե նա հոր տնից ժառանգություն էր բերել այդ ոսկիները։ Եվ դուք ասում եք «այդ փորձանք է, այդ պատահմունք է»- Ո՛չ, ո՛չ, գողություն է, հափշտակություն է, սարի ավազակներն ավելի ազնիվ են վարվում… Տիրան բեյը բոլոր կալվածագրերը, պապենական ժառանգած բոլոր կայքերը դարձնել յուր անբարոյական կնոջ անունով, սրան-նրան թալանե, խաբե, փողերը կորզե, լցնե կնոջ սնդուկը, և ես աչքիս լույսի, առողջությանս և քայքայված կյանքիս գնով ձեռք բերած կարողությունս գնամ գողակցից ողորմություն ետ խնդրեմ…

— Այդ դեռ հարց է, թե Հելեն խանումը գողակի՞ց է, կամ մաս ունի՞ պահած յուր ամուսնի կարողությունից,… Ես հավատացած եմ, որ նա անչափ բարի է… — Հապա ո՞վ տվեց այն կարողությունը Հելեն խանումին, որտեղի՞ց էր այն ահավոր գումարը, որ դատարանը բռնեց նրա սնդուկում…

VII

Առաքելը հաստատապես համոզված էր, թե Տիրան բեյը իրեն գիտությամբ է կողոպտել, և այնպես տանջվում էր այս մտքով, որ մի ամսի ընթացքում բոլորովին այլակերպվել էր։ Օրեցօր, ժամից֊ժամ, մազերի և պեխերի մեջ նորանոր սպիտակներ էին ցցվում և զգալի կերպով հալվում, մաշվում ու նիհարում էր։ Ո՛չ կանոնավոր քուն ուներ և ո՛չ ախորժակ։ Պողոս աղայի սենյակում, թե պատահում էր ճաշի, ընթրիքի ուտում էր, թե ոչ, մտքովն անգամ քաղց չէր անցնում, սովածություն չէր զգում։ Առավոտները վաղ վեր էր կենում և վազում էր դատարանների մոտերը գտնված սրճարանները, որտեղ տասը փարա վճարելով, մի ղայֆա էր խմում և ժամերով նստում, ծխում ու մտածում։

Այդպիսի ղայֆանաներում էին հավաքվում բոլոր գանգատավորները և այդտեղ էին խորհրդակցում փաստաբանները իրենց կլիենտների հետ, մինչև դատավորների հավաքվելը և դատաստան սկսիլը։ Որքան վշտացյալների էր պատահում այդ դռներում Առաքելը, այնքան սաստկանում էին յուր վշտերը։ Կային այնպիսի թշվառներ, որոնք տասնյակ տարիներով սպասել էին իրենց գործերի վճռին, բայց դեռ ոչ միայն արդարադատության, այլ մինչև անգամ վերջնական վճռի չէին արժանացել։ Այդ անգործ, աշխատությունից ձեռք քաշած թշվառների հուսահատ հառաչները, բարակացավի ենթարկված թոքերն ու քսակները, պատռտած, յուղոտած հագուստները և ծակծկված կոշիկները, ֆեսերը Առաքելին այնպես վատ էին ազդում, որ նա մոլեգնած, շատ անգամ փակում էր աչքերը չտեսնելու, խփում էր ականջները չլսելու համար։ Բայց օրեցօր Առաքելն էլ նրանց հետ հալվելով, հալվում, մաշվում էր և յուր թշվառության անդունդը ավելի սոսկալի, ավելի խոր, անհատակ էր երևում։ Տիրան բեյի վրա պահանջք ունեին ընդհանրապես մեծ կապիտալիստները, Մանչեստրի, Լիվրպուլի, Դրեզդենի գործարանատերերը։ Այդինի, Անգյուրիի և Ադանայի բրդի, բամբակի, քիթրայի, գղտորի վաճառականները և կալվածատերերը, բայց մանր-մունր պահանջատերեր էլ շատ կային։ Միայն Առաքելը չէր նրա թշվառ զոհը, այդպիսի փոքրիկ դրամատերեր շատ կային, որոնք ինչ-ինչ ապագայի հույսերով իրենց տնտեսած գումարները պահ էին տվել նրա դրամարկղը և այսօր Առաքելի հետ սգում էին։

- Մարգարե չես, բայց գուշակություններդ ուղիղ են, Առաքե՛լ,- ասաց մի օր սրճարան մտնելով Առաքելի թշվառ ընկերներից մեկը, որը նույնպես հարյուր քսան լիրա պահ էր տված Տիրան բեյի գրասենյակում,- Մարգարն ու Մարտիկը գնացել, լիզել են Հելեն խանումի կոշիկների գարշապարը և տասնական ոսկի ստանալով, փակել իրենց հաշիվները։

- Մինաս աղբա՛ր, չասի՞, որ նրանք ստորաքարշ անասուններ են, նրանք ցածհոգի, լղպոր սողուններ են, որ կարող են ամեն ինչ մրոտել, աղտեղել։ Նրանք, որ այնպես գոռում-գոչում, պոռնկի նման արտասվում էին, զգում էի, որ մեզ դավաճանելու էին…

- Փողերն ստացել են ու իրիկունն իսկույն ճանապարհ ընկել։

- Իբրև թե մենք ընտանիք, զավակներ, սիրելիներ չունենք, մենք պարտեզում աճած խոտեր ենք… Մենք էլ կարոտ ենք քաշում, տապակվում ենք, բայց գործը…

- Հարյուրհիսունական լիրան տասնական լիրայով և մի-մի բիլեթով են վերջացրել…

- Գոոնե գային, մարդ երեսներին երկու խոսք գոնե ասեր, սիրտը հովացներ, հետո էլի երթային… Այդպիսի ընկեր լքողներն են մարդու հուսահատեցնում, ապա թե ոչ, ինչի՜ Տիրան բեյերն ու Հելեն լրբերը պիտի կարողանան մեր դառն աշխատանքով ձեռք բերածը կուլ տալ։ Բայց ոչինչ, ով ուզում Է հրաժարվի, ես իմ մի փարայից հրաժարվողը չեմ, եթե մինչև անգամ դրա համար զոհվելու Էլ լինիմ… -Արդար քրտինքի աշխատանքով վաստակված չէ եղել նրանց փողերը, ապա թե ոչ, ո՞վ կհամաձայնի տարիներով դառն տանջանքով դատած հարյուր հիսուն լիրայի փոխարենը տասը լիրայով բավականանալ․․․ Ղայֆաջի՛, նարգիլես շուտ լից, -ասաց Մինասը, սրճարանի բազմոցի վրա տեղավորվելով և թիկունքը պատին հենելով։

-Այսօր նորից բացատրություններ է պահանջելու դատարանի միջոցով մեր փաստաբանը տիրան բեյից։ Նրա առանելիքների ցւցակների մեջ ահագին զեղծումներ է գտել։ Այնպիսի խարդախություններ, որոնցով կարելի է Տիրանի նենգավոր սնանկությունը ապացուցել․․․․

-Մի՛ հավատալ այդ փաստաբաններին, -ասաց Առաքելը, -այնպես են հավատացնում, վստահեցնում մարդու, որ կուրացնում և կողոպտում են, իսկ ատյան մտնելիս շվարեցնում թողնում․․․

-Չէ՛, այս մարդը գործին լավ է կպել։ Ցուցակներից գտել է, որ Գալֆյանը ապառիկ ապրանքներ է բաց թողել ոչ միայն Սըվազի, Էրզրումի, Դիարբեքիրի, Մուսուլի, Հալեբի, Բաղդադի և մինչև անգամ Հեքյարի, Արաբիայի հեռավոր Հեջազի ու Եմենի վիլայեթների վաճառակեններին, այլ մինչև անգամ Պարսկաստանի, Կովկասի վաճառականներին ու վերջինների վրա մեծ գումարով պահանջք է մնացել, այնպես որ սնանկության գլխավոր պատճառը այդ ապառիկներն են եղել։ Բայց բանից դուրս է գալիս, որ այդ բոլոր անվանված վաճառակենները, որոնք երբեք ապառիկ ապրանք չեն տարել Գալֆայանից, երևակայական են, գոյություն չունին և դրանք աստեղծվել են միայն Տիրանի բեյի փաստաբանի գրչով և ուղեղով, կեղծված տոմատների մեջ։

«Մինարեն գողացողը կանխապես պատյանը պատրաստում է», -ասում է առածը, զուր բաներ են դրանք, դրանցով գործը կարգի չի գար։ Էգուց Գալֆյանը զանազան քաղաքներից, և երկրներից վկայականներ բերել կտա որոնցով կհաստատե, թե կային այնպիսի վաճառականներ, բայց կողոպտվեցան, սպանվեցան, սննկացան, մեռան և այլն, և ցեղերն էլ բնաջինջ եղան։ Ո՞վ ժամանակ ու միջող ունի, որ երկրից երկիր ման գա և հաստատե, որ այդ երկրների վարչական ատյաններից հաստատված և տրված այդ վկայականները շինծու են և դրանք կաշառքով կամ խաթեր համար են պատրաստված: Դու ասա՛, պիտի կարողանա՞ն այն լիրբ Հելենի անունով հաստատված կայքերը խլել և բաժանել պահանջատերերի մեջ։ Ահա՛ թե որտեղից մենք կարող ենք փրկություն հուսալ…

— Լավ ես ասում, թե կալվածաթղթերը կարողանան ջրել: Նենգավորը ութ տարվան ընթացքում մաս-մաս այլևայլ ձևերով, դարձվածներով կամաց-կամաց դարձրել է այդ կալվածները իրեն կնոջ անվան, այնպես որ դժվար թե…

— Ավելի վատ, ուրեմն նա ութ֊տասը տարի է ծրագրում է կողոպտել սրան-նրան, սգացնել և օրական հացի կարոտ թողնել թշվառներին…

VIII

Պարտատերերի պահանջի համեմատ, Տիրան բեյի ո՛չ միայն տունը-տեղը, կնոջ սենյակները և սնդուկները ցուցակագրվեցան, գրավվեցան և երաշխավորության հանձնվեցան, այլ մինչև անգամ կնոջ անունով հաստատված բոլոր կալվածների եկամուտները առժամանակ գրավվեցան, մինչև գործի քննության ավարտը և վաճառական դատարանի վճիռ կայացնելը:

Երկու հարյուր հիսուն հազար լիրայով էր սնանկացել Տիրան բեյը, իսկ այդ գումարի դիմաց նա ուներ միայն յուր վաճառատան և մթերանոցների ապրանքները՝ մոտավորապես հիսուն հազար լիրայի։ Այդ ապրանքը աճուրդով ծախելիս կամ վաճառականների մեջ բաժանելիս հազիվ երեսուն հազար լիրա բռներ, որովհետև, մինչև գործի ավարտը, ապրանքը կտրորվեր, կփչանար և մոդայից կընկներ։ Այդ բոլորը աչքի առաջ ունենալով պարտատերերը մտածում էին փոխանակ իրենց պահանջից տասը կամ տասնևմեկ տոկոս ստանալու, այդ ստացվելիք գումարով փաստաբաններ վարձել, դատավորներին կաշառել և ամեն միջոց գործ դնելով, խլել Հելենից այն կալվածները, որոնք նենգությամբ Տիրան բեյից անցել էին գեղանի խանումի տիրապետության։ Նրանք վճռել էին, որ եթե չկարողանային էլ խլել, գոնե մի լավ խայտառակել Գալֆայաններին։

Երեսուն կտոր մեծ կալված էր ժառանգել Տիրան բեյը յուր հորից, որոնք գտնվում էին Պերայում, Ղալաթիայում, Սթամբոլ-Բեզեզթան, Յալիներ, Բեյուք-Դերե, Մեծ կղզի և ուրիշ տեղեր՝ մոտավորասպես հարյուր հիսուն հազար լիրա արժողությամբ։ Այդ կալվածները տարեկան բերում էին ոչ պակաս տասներկու հազար լիրա և Կ․ Պոլսի աչքի ընկնող հայտնի տեղերում էին գտնվում։ Տիրան բեյը յոթ-ութ տարվա ընթացքում կամաց-կամաց այդ կալվածներից մի քանիսը նախ ծախել էր յուր ծառաներին կամ բարեկամներին նենգությամբ և ապա նրանցից ետ գնել էր յուր կինը՝ Հելենը, այնպես որ օրենքի առաջ սա այղ բոլոր կալվածների օրինական տերն էր դարձել։ Դեռ այդ հերիք չէ, Տիրան բեյի նստած տունն անգամ հաստատված էր Հելեն խանումի անունով, այնպես որ Տիրան բեյը յուր կնոջ տանն էր ապրում։

Թեև օրինազանցություն էր Հելեն խանումի անունով հաստատված կալվածների եկամուտները գրավելը, տան կահ–կարասիները ցուցակագրելը, տիկնոջ սնդուկի մեջ գտնված փողերը, գոհարեղենը կնքելով դատարան բերելը, բայց թուրքերի Կ․ Պոլսի վաճառականական դատարանը պարտավորված էր զիջանիլ անգլիական, ֆրանսիական և ավստրիական կոնսուլների պահանջներին, որոնց հպատակները մեծամեծ վնասի ու կորուստի էին ենթարկվել Գալֆայանի սնանկությունից։ Բայց Գալֆայանին և Հելենին ոչ մի անհանգստություն չէր պատճառում այդ բոլորը, քանի որ նրանք համոզված էին, որ և ոչ մի աշխարհի կամ պետության օրենք ուժ չուներ խլելու Հելեն խանումի կալվածները, սրա սեփականությունները և բաժանելու նրա ամուսնի պարտատերերի մեջ։ Անհատական սեփականության օրենքները չէին զիջանիլ և թույլատրել, որ ոտնակոխ լինի դարերով սրբագործված այդ օրենքը։ Թե՛ դատավորները և թե՛ փաստաբանները վստահեցնում էին, թե նրանք ոչինչ տուժելու չէին, բացի ժամանակի կորստից և սնանկի անվանարկությունից: Իսկ այդ կեղծ սնանկի տիտղոսն էլ մեծ կորուստ չէր նախկին որմնադրի և ապա մայր սուլթանի ճարտարապետի թոռի համար, քանի որ յուր գողացած փողով և կարողությունով միշտ կարող էր շլացնել իրեն շրջապատող հասարակությանը, որոնք ո՛չ միայն ուշք չէին դարձնելու այդ ստորության, այլ շուտով էլ մոռանալու էին այս տխուր միջադեպը։ Մանավանդ որ փաստաբանների պատրաստած կեղծ վաճառականական տոմարներով արդարանալու էր Տիրան բեյը ուրիշների գումարները նենգությունով յուրացնելու համար, իսկ դատարանով արդարացած սնանկը ամաչելու ի՞նչ կարիք կարող է ունենալ։

Առաքելը այդ բոլորը ուշի-ուշով քննեց, Գալֆայանի ամեն մի գործակատարից ու բարեկամից ծանոթացավ գործի մանրամասնությունների հետ և իմացավ, թե ի՞նչ ճարպկությունով Տիրան թեյը կարողացել էր ութ֊տասը տարվան ընթացքում, ուրիշների դատած ու հավաքած գումարները առատապես շռայլելուց, փչացնելուց հետո, մոտ երկու հարյուր հազար լիրա էլ քաղել և իրեն նենգ սնանկ հրատարակել: Նույնպես զգացել էր, որ պահանջատերերի փաստաբանները ոչինչ չպիտի կարողանային շահել դատավարությունով, քանի որ սեփականության հիմունքների վրա կազմված բոլոր օրենքներն ու կարգերը պաշտպանելու էին նենգավոր սնանկին և նրա անբարոյական կնոջը պիտի ետ դարձնեին Գալֆայանի պապի շինել տված բոլոր կալվածքները։ Բայց և այնպես հույսի մի աղոտ նշույլ ստիպում էր Առաքելին հետևել գործի ընթացքին և սպասել դատավարության վախճանին։

Օրեր և ամիսներ անցան, անձրևաշատ աշնանը հաջորդեց ցրտաշունչ ձմեռը իրեն փորիասով և սպիտակ սավանով, որը երկար հյուր չմնաց Կ. Պոլսում։ Սրանց հաջորդեց դալարագեղ գարունը, որը յուր քաղցր բուրմունքով զարդարեց Կ. Պոլիսը շրջապատող դաշտերն ու բլուրները, ամեն կողմի այգիները հարսի նման ծաղիկներով ու տերևներով պճնվեցան, և վարդի թփերի միջից սկսեցին երգել սոխակները։ Ամեն կողմ նոր գարունը նոր կյանք էր սփռում և ամեն մի բուռ հող ծլեցնում, բողբոջում, և դուրս էր ժայթքում երկրի սրտից բյուր բարիք։ Բնությունը անդադար շարունակում էր լուր դերը․ բեղմնավորում, աճեցնում, հասցնում, չորացնում և գեաին թափելով ապականում, փտեցնում…

Այդ բոլորը մոռացնե էր տալիս մարդկանց ցրտաշունչ ձմեռը, դառնագին օրերը և սրտաճմլիկ ցավերը, բայց Առաքելի աչքերը չէին բացվում, չէր նկատում այս քաղցր բարիքների այլակերպությունները։ Նրա մսյրր, կինը, բալիկը մնացել էին անտեր, անտիրական և ո՞վ է իմանում, գուցե և քաղցած ու տկլոր։ Ձմեռը նա յուր կնոջից երեք նամակ էր ստացել և ոչ մեկին պատասխանելու ո՛չ սիրտ ուներ, ո՛չ քաջություն։ Կինն ու մայրը լսել էին Առաքելի գլխին եկած դժբապտությունըմ խորհուրդ էին տվել թքել այդ գումարի վրա և վերադառնալ իրենց մոտ, բայց ոչ մի ազդեցություն չէր ունեցել Սառայի աղերսանքը, Առաքելի սիրտը չէր փափկել… Սա մտածում էր կամ փողերը ստանալ և կամ վրեժը լուծել…

— Օ՜հ, այս ի՜նչ սոսկալի վիճակ է, այս իմ անողորմ բախտը… Պապը որմնադրությամբ Բաբերդից Կ. Պոլիս տրեխով գա, ձեռքի տակ բանացրած քարտաշների և մշակաների օրականներից խուզելով, խուզելով հազարներ դիզե և այս կալվածները թոռին թողնե, որ սա էլ շրջապատող հասարակության մոտ վարկ ունենա, կողոպտե այդ հասսւրակության թշվառ անհատներին և հարյուր հազարները դիզե, անպատիժ, արդարացած ու սգացնե հազարավոր անհատներ… Տիրան բե՜յ, իշխա՜ն, վսեմաշու՜ք… չեն ասում, գո՛ղ, ավազա՛կ, հափշտակո՛ղ գազան,— ասում էր դառնացած սրտով Առաքելը և հառաչում աղիողորմ ձայնով։

Մայիսի միջերքում նշանակված էր Գալֆայանի սնանկության դատավարության օրը։ Առավոտ վաղ բոլոր պահանջատերերը կամ նրանց ներկայտցացիչներր փաստարկեցին հետ հավաքվել էին Այա-Սոֆիայի մոտ գտնված Թիջարեթ մեջլիսի (վաճառականական դատարան) մեծ դահլիճում և իրար հետ միտք էին փոխանակում։ Ամեն մի փաստաբան յուր ձեռք բերած փաստերն էր ընկերակիցներին հայտնում և նըրանց խորհուրդը լսում։ Պահանջատերերն էլ, ճաշի նստած տիկնոջ բերանին ու աչքերին նայող շների նման, դիտում էին իրենց փաստաբանների շրթունքների ամեն մի շարժումները և ուշի-ուշով լսում արտասանած խոսքերը։

Դեռ ո՛չ դատավորներն էին հավաքված, ո՛չ էլ պատասխանատուները իրենց փաստաբաններով, բայց դատավարական սրահի բազմոցների վրա տեղ էին բռնել Կ. Պոլսի երկսեռ հասարակության հետաքրքիր ներկայացուցիչները։ Ղարագյոզի տեսարաններին վազեվազ հաճախող հանդիսատես–խանումները իրար ետևից շտապում էին տեղ բռնելու և լսելու Հելեն խանումի դատավարությունը և դրա վախճանը։ Դեռ սանդուխների տակ հանդիսականները պարտավոր են իրենց կրկնակոշիկները, հովանոցները, մահակները և վերարկուները պահ տալ դռնապահներին և սրանցից համարներ ստանալով կանխիկ վճարել դրանց վարձքը՝ քսանական փարա։

Նրբասրահում պտղեղեն, մրգեղեն, քաղցրեղեն և շաքարեղեն ծախողները անցուդարձ անողներին քծնանքով առաջարկում էին իրենց վաճառքները։ Կարկանդակ ծախողները իրենց եռոտանիներով ուշադրություն էին գրավում, օշարակ և ջուր ծախողները պատրաստի բաժակները մեկնում էին դեպի այս ու այն անցորդը։ Այնպես որ, եթե մինչև կեսգիշեր տևեր դատավարությունը, հանդիսականները քաղցն ու ծարավը հագեցնելու համար նեղություն չէին կրի, հարկավոր էր միայն քսակների բերանները բանալ և մի քանի սև փող ցրվել այս ու այն կողմը։

Մեծ աղմուկ էր տիրում նրբասենյակում, ամեն կողմ խումբ-խումբ հավաքված վիճում էին կամ դրա հարյուր քայլից ավելի երկայնությամբ ճեմելով՝ խոսակցում։ Այդ աղմուկը երբեմն֊երբեմն ընդհատվում էր պաշտոնականների և դատավորների ելումուտի ժամանակ և իսկույն շարունակվում։ Մինչև դատավորների հավաքվելը, դատաստանասրահը ամբողջապես լցվել էր հսւնդիսականներով, այնպես որ ծառաները պարտավորվեցին օդը մաքրելու համար հրապարակին նայող լուսամուտների վարագույրները վերցնել և փեղկերը բանալ։

Երբ դատավորներն եկան և անցան իրենց խորհրդարանը, իսկույն լուր տարածվեց, որ դատաստանին նախագահելու է Միհդատ էֆենդին, Հելեն խանումի Հոմանին և երեկույթների պարընկերը։ Կոնսուլների թարգմանները եկել էին և իրենց որոշ աթոռները գրավել դատավորների աթոռների ետևը, պատերի տակ։ Թեև մի քանի անգամ այդ թարգմանները դուրս եկան այս ու այն եվրոպացի կամ օտարական պահանջատերերի հարցերին բավականություն տալու, բայց հնար չգտան Միհդատ էֆենդիին մի կերպ հեռացնելու նախագահի աթոռից։ Եկան նույնպես Տիրան բեյի և Հելեն խանումի փաստաբանները և իրարից հեռու մեկ-մեկի հակառակ դիրք բռնեցին։

Այդ բոլորը Առաքելին այնպես էր թվում, իբր թե թատերաբեմի վրա ներկայացումներ էին տալու։ Առաքելը նախապես ամեն գործ լուծված և վերջացած էր համարում։ Նա լուռումունջ աչքերը երբեմն այս, երբեմն այն կողմը ձգելով, դիտում էր և անշարժ պղլում, մնում։ Հավատացած էր, որ իրենց բոլոր բողոքները և արդար պահանջները մերժվելու էին։ Պահանջատերերին բաժին էր պահված միայն Գալֆայանի վաճառատան մնացորդ ապրանքը, որից դատավորները պահանջատերերին տասը տոկոս վճարելով, փակելու էին հաշիվները և կատակախաղը ավարտելու։ Այս մտքերով խորասուզված, Առաքելը մինչև անգամ չէր էլ ըմբռնում շուրջը բոլորածների խոսակցությունները։

Երբ արդեն հանդիսատեսները րոպե առ րոպե սպասում էին դատավորների բեմ բարձրանալուն, դատասրահի դուռը բացվեցավ, և Հելեն խանումը ամուսնի թևը մտած ներս եկավ, այցելության դուրս եկած մի տիկնոջ նման պճնված մետաքսեղենների մեջ շղշղալով։ Աղախինը նրանց հետևում էր ձեռքին բռնած eau-de-Cologne-ի շիշը, զանազան շալերով և թաշկինակներով։ Մարդ ու կին առաջ գնացին, և յուրաքանչյուրը փաստաբանի կողքին տեղ բռնեց, նստելով չոր, տախտակե բազմոցի վրա։ Աղախինը թեև անմիջապես տեղ գտավ հանդիսականների կողքին, բայց մի քանի անգամ պարտավորվեց տիկնոջ ակնարկին հետևելով՝ նրան մոտենալ, ինչ-ինչ իրեր առնել ու տալ։

Տիկին Հելենը այդ օրվա հերոսն էր. հանդիսականների աչքերը, կարճատեսների դիտակները ուղղված էին նրա կողմը։ Մարդիկ նրա գեղեցկությունով, կորովամտությունով, վայելուչ շարժումներով, առնացի քաջասրտությունով և նազենի հայացքներով էին գրավված, իսկ տիկինները՝ նրա արդուզարդով, շրջազգեստի, ժապավենների, դանտելների, օղերի, մանյակների, ձեռնոցների մանրամասնություններով։ Նախանձոտ կանանց սիրտը ավելի ծակում էր Հելենի այն խորամանկ և ճարպիկ խաղը, որով ոչ միայն գրավել էր իր ամուսնի ահագին կալվածներն ու կարողությունը, այլ մինչև անգամ շշմեցրել էր ոդջ Կ․ Պոլսի հասարակությանը։

Հելենը, նկատելով իրեն վրա սևեռված հայացքները, բոլոր ճիգով աշխատում էր, ճարպիկ դերասանուհու նման, արտաքին շարժումներով զբաղեցնել հասարակությանը, և նա այնքան ձիրք ուներ, որ կարող էր մտադրածը գործադրել։ Նա այնպես դիրք Էր բռնել, որ իբր չէր էլ նկատում, որ իրենով զբաղվողներ կային դատաստանասրահում և ողբերգակ երգչուհու նման գլուխը ուսերի վրա այնպես էր տատանում, որ կարծես վշտի, տանջանքի ալիքների վրա ցնցվում և տարուբերվում էր։

Առաքելը, որ աչքից չէր փախցնում Հելենի ամեն մի շարժում, իսկույն հիշեց Շիշմանի պարահանդեսի զարդին, որը պարտեզի քյոշքի մեջ պաղպաղակ էր վայելում Միհդատի հետ․ այրված սրտի բաբախումները հանգստացնելու տենչով, թեև Միհդատի սրտաբուխ ճոռոմաբանություններով և կիզիչ համբույրներով ավելի ու ավելի արծարծվում էին նրա իրանի և երակների մեջ բորբոքումները։ Այդ տեսարանը Առաքելին մտքով առաջնորդեց բոլոր այն վայրերը, որտեղ պատահել էր գեղանի Հելենին, նրա անթիվ երկրպագուների շրջաններում և խորասուզվեց զարհուրելի մտքերի անսահման օվկիանում։

Դատավորների հանկարծակի մուտքը դատասրահի բեմը սթափեցրեց Առաքելին։

X Դատավորների երևալուն պես լռություն տիրեց, և ամեն հայացք ուղղվեց նրանց կողմը, ուշադրությունները ամփոփած, լռելյայն լսում էին բոլոր հանդիսականները։ Բայց նախագահի սովորական քննությունը, սկզբնական դատավարության արձանագրության երկար ու բարակ ընթերցանությունը ձանձրացուցիչ էին մինչ այնքան, որ դատավոր-անդամները, քարտուղարն անգամ, մոռացած իրենց դերը, ստեպ իրենց հայացքը մեկնում էին Տիրան բեյի, մանավանդ Հելեն խանումի վրա, այնպես որ ավելի զբաղված էին գեղանի տիկնոջ հրապույրով և չէին էլ ըմբռնում ընթերցանության բովանդակությունը։

Միհդատ էֆենդին անդադար հանդարտ սրտով կարդում՛ էր երկար ու ձիգ արձանագրությունները, Գալֆայանի սնանկության պատմությունը և այն հանգամանքները, որոնք առաջացրել էին Տիրան բեյի առևտրական տան ձախորդությունը։ Երբեմն-երբեմն, ընդհատելով ընթերցանությունը, Միհդատ էֆենդին թեքում էր գլուխը աջ ու ձախ, իբրև թե հարցնում էր ընկերակիցներին, «կարդա՜լ և այսինչ արձանագրությունը», որին իսկույն մեքենաբար պատասխանում էին շըփոթված ընկերակիցները, կիսասթափ իրենց ուշաթափությունից, «բելի էֆենդիմ, էվետ էֆենդիմ» (հրամմեր եք, այո՛)։ Միհդատ էֆենդին, «ղասաբի» նման սառնասիրտ, առանց ուշք դարձնելու քերթված անասունի դիակին, անդամահատում էր միսը և դասավորում այս ու այն կողմը, այնպես որ նրա կարդացած արձանագրությունները, բացատրությունները և քննությունները կանխապես հայտնի լինելով հանդիսատես հասարակությանը, նրա տաղտուկը բերեց։ Ամենքի ուշադրությունը դարձյալ կենտրոնացավ Հելեն խանումի վրա, որը թեև դիակնացած դիրքով, բայց պարբերական հառաչանքներով և ցնցումներով, դերասանական նրբությամբ քաշում էր իր կողմը բոլորի հայացքները և այնպես էր ձևացնում, որ իբր այդ բոլոր հոգեկան տանջանքները առաջանում էին սառնասիրտ նախագահի զրպարտություններով լի արձանագրությունների ընթերցումից։ Նստած տեղում Հելենը երբեմն մեռելի դեմք և գույն էր ստանում, երբեմն բորբոքվում, շանթի նման կարմրում էր, այն աստիճան, որ կարծես աչքերից պեծեր էին ցայտում և երեսը ցոլում էր բոցափայլ շողքով: Երբեմն էլ արհամարհական ծիծաղով ժպտում էր այնքան նազենի, այնպես գողտրիկ, որ տասնևչորս տարվան անմեղ կույսի տիպար էր ընդունում և իրեն դիտող աչքերին խոնարհելու, ակամա ծնրադրելու ստիպում…

Ընթերցանության ավարտումից հետո, երբ պահանջատերերը պնդեցին իրենց փաստաբանների խնդրագրերով պահանջված քննությունները կատարելու, Միհդատ էֆենդին նախ գրավոր փաստերը պահանջեց և ապա վկաներին դատաստանասրահից հեռացնելով, սկսեց մեկ-մեկ վերջինների ցուցումները արձանագրել, փաստաբանների տված հարցերի հետ։ Կողմերի վկաներն ու վկայագրերը հերքում էին իրար ցուցումները, դատավորներին մնաց միայն գրավոր փաստերի և գոլություն ունեցող օրենքների հիման վրա կայացնել իրենց վճիռը։ Բայց որովհետև դատ վարողների մեծագույն մասը օտարականներ էին և ապելիացիայի իրավունքից զրկված, ուստի դատավորներն ամեն տեսակ նրբությամբ հետևում էին գործի մանրամասնությունների մեջ թափանցելու և ոչ մի կետ անուշադիր չէին բաց թողնում, որպեսզի կոնսուլների թարգմանների բողոքին առիթ չմնար։

Պահանջատերերի փաստաբանները աշխատեցան և իրենց ճառերով ուզեցին ապացուցանել, որ Տիրան բեյը երկար տարիների ընթացքում մտադրած է եղել կանխապես սնանկանալ և պարբերաբար բոլոր գործերին այնպիսի ընթացք է տվել, որ կարողանա ժամանակին արդարանալ։ Այս բանի գլխավոր ապացույցը կալվածների կնոջ անվան դարձնելու կետն էին մատնացույց անում: Այդ բանը հերքեց Տիրան բեյի փաստաբանը, ապացուցանելով, որ Տիրան բեյը յուր ինչ-ինչ վճարումները բանկ Օտոմանին և Կրեդի-Լիոնեին լրացնելու համար պարտավորված էր եղել, այն էլ պակաս գնով, ծախել յուր կալվածները, որպեսզի կարողանար պատիվը պաշտպանել եվրոպական գործարանատերերի մոտ և գործերը շարունակելով կարգի բերել։ Տիրան բեյի փաստաբանը ներկայացրեց վկայականներ, որոնք ստացված էին վերև հիշված բանկերից և ցույց էին տալիս ժամանակին նրա մեծաքանակ վճարումները, որով պահանջատերերի ենթադրական մեղադրանքները հերքեց, և դատավորները խոնարհեցան հավատ ընծայելու դրական փաստերին, որոնք վավերացված էին դարձյալ օտարականների վարկավոր հիմնարկություններից:

Վերջապես փաստաբաններից մեկը, պատշաճության սահմանից դուրս գալով և ընդունված դատաստանական համեստության քողը պատռելով, սկսեց այնպիսի հարցերի քննության մեջ մտնել, որոնք խավարի անդնդում գործվածները լույս աշխարհ էին կամենում դուրս բերել և որոնց լուծումը առևտրական դատարանի իրավասության սահմանից դուրս էր: Դատավորները երբ ցանկացան սանձել փաստաբանի նկարագրությունները, կյանքի մութ խավարի այս ու այն կողմը տարածումները, նա առանց քաշվելու, առանց տատանվելու դարձավ ժողովրդի կողմը և ասաց բողոքելով.

— էֆենդինե՜ր, խանումնե՛ր, ժողովրդին կողոպտում են, նրա հավատքը դեպի չարը գործադրելով, տարիների ընթացքում կյանքի գնով տնտեսածները խլում են ձեռքից, և երբ ուզում է փաստաբանը բացատրել և չարագործի դիմակը պատռելով մերկացնել նրան, ցույց տալ գազանական ժանիքները, մատնել արդարադատության ձեռքը, մեր դատավորները նեղանում են, ձանձրանում են լսելուց և շտապեցնում…

— Ներեցե՜ք, մյուսյու, մենք չենք շտապեցնում,— ասաց ժպտալով Միհդատ էֆենդին, որի ժպիտը ավելի ժահրալի էր, քան թե օձի թույնը,— այլ խնդրում ենք, որ առանց դուրս գալու ներկա սնանկության գործի սահմանից, դուք տաք մեզ ձեր բացատրությունները։ - Ներեցեք, դատավոր էֆենդիներ,– շարունակեց փաստաբանը անվրդով,— իմ պարտքս է այն բոլոր պարագաները նկարագրել, որոնք պիտի ձեզ պարզեն իրերի դրությունը և պատկերացնեն ճշմարտությունը, որպեսզի դուք մի անսխալ համոզմունք կազմելով, տաք արդար վճիռ, որին սպասում են, եթե ոչ եվրոպացի գործարանատերերը, վաճառականները, բանկիրները, այլ այն թշվառները, որոնք իրենց տարիներով, հազար մի տանջանքներով տնտեսածները, իրենց կյանքի միակ կենսատու հյութը և փրկությունը կորցնելու են, կործանվելու են, եթե արդեն իսկ կործանված չեն։ Ես այդ սնանկությունը մի ճարտար խազ եմ համարում, որի դերակատարները ներկայումս ծիծադում են արդարադատության վրա, մեզ վրա, ձեզ վրա, ծաղրում այս բոլոր ձևականությունները և կատակերգությունները, որոնք իրենց հեղինակությունն են համարում։ Մի՛ վրդովվեք իմ այս խոսքերից, մի՜ ցնցվեք այս լոկ բառերից, թող ձեր պատվազգացությունը չբորբոքվի այս չնչին հարձակողական լեզվիս բառերից, որին թյուն են մատակարարում, աղու են տալիս թվարկյալներիս սոսկալի վիճակը, այլ սոսկացել է մակաբերելով թվարկյալներիս և նրանց ընտանիքի ապագան, ձեր վճիռը տալուց հետո։ Գիտեք, որ այդ բոլոր անհատները մի-մի ընտանիքի սյուներն են, մի-մի խումբ մարդիկ սնուցանողներն են, մի-մի տան նեցուկներն են և եթե դրանց կոտրենք, շպրտենք, կործանելու ենք ամբողջ ընտանիքներ։ Երբեք ես չէի կարող մտքիցս անցկացնել, որ թշվառացնեի, անբախտացնեի, անվանարկեի մի անհատ, թե ինչ է պիտի շենացնեի մի քանի տներ, պիտի փրկեի մի քանի ընտանիքներ, կուզե աշխարհներ։ Բայց իմ աչքիս առաջ ես պարզ տեսնում եմ, որ նենգությամբ, նախամտածված չարությամբ կողոպտված են այս մարդիկ, չարամտությամբ և կանխապատրաստությամբ սարքված է Գալֆայանի սնանկությունը… «Ասացե՛ք, խնդրում եմ, ո՞վ է Տիրան բեյը, ո՞վ է Հելեն խանումը։ Մի՞թե միևնույն ընտանիքի երկու կողմի պատերը կամ երկու սյուները չեն կազմում, մի՞թե մի կապով չեն կապված երկուսն էլ։ Եթե Հելեն խանումը այնքան գումար ուներ, որ կարողանար գնել Տիրանի կալվածները, ինչո՞ւ այդ փողով նա չէր օգնում յուր ամուսնին, ինչի՞ էր թողնում այդ կալվածները ծախելու կամ ինչի ուղղակի ինքը չէր գնում, այլ նախ մի գործակալի, մի բարեկամի էր ծախվում այդ կայքերը, ապա նրանցից գնում էր տիկինը։ Ինչի՞ էր թողնում Տիրան բեյը կամ Հելեն խանումը ավելորդ ծախսեր անելու, պակաս գներով ծախելու կամ կալվածական թղթերի հաստատության համար կրկնակի վճարումներ անելու։ Եթե խորը դատեք, արդարությունը ինքն իրեն կներկայանա ձեր աչքերին։ Մի՞թե այս կետերը ձեր սրտերում կասկածներ չեն ծնեցնում։

«Կամ թե որտեղի՞ց այնքան մեծ–մեծ գումարներ մի տիկնոջ, որը յուր ծնողներից, բացի յուր բնական գեղեցկությունն ու ձիրքը, ոչինչ չէ ժառանգել և անձամբ որևէ առևտրական գործ չէ վարել։ Ասացե՛ ք, խնդրում եմ, պարբերաբար, տարեցտարի որտեղից էր ճարում Հելեն խանումը այն գումարները, որոնցով ետ էր գնում ամուսնի կալվածները։

— Ի՞նչ եք պատասխանում այս հարցերին, խանու՛մ–, ասաց նախագահը՝ Միհդատ էֆենդին,– ով տվեց ձեզ այնքան փող, որ այդ կալվածները գնելուց հետո ձեր սնդուկից էլ դուրս եկավ ևս քսան հազար լիրա՛։

— Ինչի՞ եք ինձ հարցնում, րեիս (նախագահ) էֆենդի՛,- ասաց Հելեն խանումը, գլուխը բարձրացնելով և հայացքը հառելով նրա աչքերին,– ինչի՞ դուք անցյալ երեկո ինձ երկու հարյուր լիրա էիք ուղարկել… Ի՞նչ իրավունքով եք դուք միջամտում իմ անձնական և ներքին գործերի մեջ… Նախագահը մոլորվեցավ… Հելեն խանումն այս խոսքերը դողդողալով արտասանելուց հետո ջղաձգորեն ցնցումներ արավ, աչքերը ոլորեց, չռեց, չորս կողմը զննեց, կրկին կամաց փակեց և տատանվելով ուշաթավված ընկավ բազմոցի տախտակի վրա։ Երբ ջղաձգությունը նկատեց հույն աղախինը, իսկույն թռավ, մոտեցավ յուր տիկնոջը, բռնեց և չթողեց, որ գլորվի, ընկնի հատակի վրա։ Տիրան բեյը հետևեց աղախնին քիչ թույլ շարժումներով, իսկ հեռվից տան էսկուլապը յուր հաստ փորով ճեղքելով ամբոխը, արտորալով հասավ օգնության յուր պացիենտին։ ժողովուրդն արդեն այնպես աղմուկ բարձրացրեց, որ ոչինչ չէր լսում, իսկ դատավորներն այդ խառնաշփոթին վերջ տալու համար իսկույն հինգ րոպեով դատավարությունը ընդհատեցին և առանձնացան իրենց խորհրդարանում՝ ծխելու, հանգստանալու։

Հասարակությունը մոռացավ դատավարությունը, նա հետաքրքրվում էր, թե ինչ հետևանք ունեցավ Հելեն խանումի ուշագնացությունը։ Ամեն մարդ հետամտում էր տեսնելու այդ րոպեին նրա դեմքի այլակերպումն ու արտահայտությունը։ Բժիշկը զանազան հոտեր էր շնչել տալիս, աղախինը, տիկնոջը յուր կրծքի վրա հանգստացրած, նրա թիկունքը բազուկներով գրկել էր, որ չգլորվի։ Տիրան բեյը, ձեռքերը բռնած, առաջը չոքած, կրկնում էր. հոգի՛ս, հոգյա՛ կս, սթափվի՛ր, հանգստացի՛ր, աչքերդ բա՛ց, ների՛ր դահիճիդ, որ քեզ այսքան տանջանքների մատնեց։

— Ջու՜ր, մի բաժակ սառը ջուր կամ մի կտոր ձյուն,– գոռում էր բժիշկը, քանդելով Հելենի կրծքի կոճակները։

Իսկ հասարակությունը խռնված, իրար գլուխ էր կոտրում, որ կարողանար անցքի մանրամասնություններին ականատես լինել։ Ամենայն հետամտությամբ դիտում էին տիկնոջ շարժումները և ոչ մի ցնցում աչքից բաց չէին թողնում, կարծես Հելենը բեմական դերակատար լիներ։ Ջուրը բերեցին, սառույցը տվին, բժիշկը կատարեց յուր պաշտոնը, և ուշագնացը սթափվեցավ։ Այնքան կենդանի անցան այդ սթափման վայրկյանները, այնքան բնական, որ մի քանի գեղարվեստի սիրահարներ անզգայաբար ծափահարեցին, մեծ ուրախություն պատճառելով տիկնոջը։

Դատավարությունը շարունակվեց, և Հելեն խանումի փաստաբանը մի երկար ճառով ապացուցեց, որ իրավունք չունի առևտրական դատարանը քննել, թե ինչ միջոցով է ձեռք բերել Հելենը յուր անձնական֊սեփական կարողությունը։ Այս հարցը մի այնպիսի խնդիր է, որի քննությունը կապ չունի Տիրան բեյի սնանկության գործի հետ։ Մանավանդ որ բոլորովին մի միություն չեն կազմում Տիրան բեյն ու Հելենը, այլ երկու, քանի որ կարող է նրանցից մեկը մեռնել և մյուսը գուցե շատ ու շատ ապրել կամ մի ուրիշ անձնավորության հետ ամուսնանալ։ Մինչև անգամ կարող են ապահարզանով բաժանվել և նորանոր ամուսնություններ կազմել։ Փաստաբանը կարճ, բայց օրենքների և մինչև անգամ շերիաթի հատվածների վրա կանգ առնելով, պնդեց, որ Հելենի բոլոր կալվածները, զարդերը և շորերի ու փոխնորդի սնդուկներից դուրս բերված փողերն ու գոհարները անմիջապես վերադարձնեն տիկնոջը։


Դատավորները երկու կողմից վերջին խոսքերը լսելուց հե¬ տո հեռացան իրենց խորհրդարանը՝ վճիռը կայացնելու։ Հանդիսականները սրտատրոփ սպասում էին վճռի ընթերցանւուլթյանը։ Փաստաբանները նրբանցքում ման էին գալիս ծխելով, մռայլ դեմքով և իրար ծուռ-ծուռ հայացքներով չափչփելով։ Դատասրահից ոչ ոք դուրս չէր գալիս, որպեսզի տեղ չգրավեին ուրիշները և իրենք չզրկվեին կոմեդիայի վերջին տեսարանից։ Հելեն խանումը, ամուսնի թևը մտած, գնաց քովի սենյակներից մեկը քիչ հանգստանալու, իսկ Առաքելը մեքենաբար, աչքը հառած փողոցում, սրճարանի առաջ դառն քրտինքով ողողված փայտահատի վրա, խորասուզվել էր կրկին տխուր մտքերի մեջ։


Ամեն կողմից ծիծաղում, քրքջում էին, ամեն մարդ յուր կարծիքն էր հայտնում դատավարության մասին և ամեն մեկը յուր եզրակացությունն անում։ Բայց ընդհանուր կարծիքն այն էր, որ գործը վճռվելու էր ի օգուտ Գալֆայանի և Հելեն խանումի, քանի որ բոլորի կարծիքով և համոզմունքով աշխարհիս կարգն ու օրենքը դրանց կողմն էր։ Երկու ժամից հետո դատավորները ներս եկան և կարդացին իրենց որոշումը, որով Հելեն խանումի ինչքը գրավելու և պահանջատերերի մեջ բաժանելու խնդիրը մերժեցին։ Որոշեցին աճուրդով ծախել Տիրան բեյի վաճառանոցի ապրանքը և գումարը բաժանել պահանջատերերի մեջ։ Տիրան բեյին էլ ճանաչեցին պատվավոր սնանկ։


Վճիռը վերջնական էր օտարահպատակների համար։ Այս ավետիսը այնպես կայտառացրեց Հելենին, որ նա անմիջապես մտավ ամուսնի թևը, դուրս գնաց։

- Բե՛յ խանո՛ւմ,— ասաց նախագահը,— խնդրում եմ մի քանի րոպեով սպասել։ Նախ ստորագրեցեք վճիռը և ապա ձեզ բարի ճանապարհ։

Մինչ այդ Առաքելը՝ վերջին հույսն էլ կտրած, մոլեգնած դուրս եկավ, իջավ փողոց, սկսեց զննել շուրջը և Գալֆայանի կառքը։ Նա վայրկենաբար կայացրեց յուր վճիռը և որոշ դիրք բռնեց։ Ամբոխը ցած իջավ դատարանից և սկսեց ցրվել: Դատարանի դռնից իրար հրելով էին դուրս գալիս, ամեն դուրս եկողի հրապարակի մեջ կանգնեցնում էին ծանոթները ե հարցեր տալիս գործի վախճանի մասին։

Առաքելը աչքը չռած դիտում Էր բակից ներս, սանդուխներից ներքև իջնողներին և ուշի-ուշով զննում ամեն բան։ Վերջապես իջան և Գալֆայանները։ Առաքելը տեղից ցատկեց, առավ փայտահատի կացինը կոճղի վրայից, մոտեցավ Գալֆայանների կառքին։ Երբ Հելեն խանումը կառք բարձրացավ՝ ամուսնի և աղախնի օգնությամբ, ու Տիրան բեյը ուզում էր կնոջ քովը տեղ բռնել, Առաքելը կացնի մի հարվածով փշրեց սնանկացածի գանգը։

Վայնասուն բարձրացավ ամբոխի մեջ, ամեն մարդ գոռալով սկսեց փախչել, սարսափ տիրեց ամեն կողմ։ Տիրան բեյը շնչասպառ տեղից տեղ ընկավ։

Առաքելը, ճեղքելով ամբոխը, կացինը ձեռին մտավ դատարան և չորս կողմը սարսափ տարածելով, բարձրացավ սանդուխներից, մտավ վաճառական ական դատարանի նախագահի գրասենյակը և կացինը ցույց տալով, ասաց Միհդաա Էֆենդիին.

— Սրանով փշրեցի Տիրան բեյի գանգը։ Խնդրում եմ սրանից հետո ինչպես ուզում եք վճռեցեք…

XI Ամբողջ Կ. Պոլիսը դղրդացրեց Տիրան բեյի մահը, ամեն անկյուն խոսում էին այս մասին։ Եթե կային հինգ-տասը անիծողներ Առաքելին, հազարավոր օրհնողներ էլ կային, որոնք արտի խորքերից հառաչելով, ցանկանամ էին տեսնել այդ թշվառին, երկու խոսքով մխիթարել, մինչև իսկ համբուրել և գգվել։ Տիրան բեյի սնանկությունը մի քանի տասնյակ առաքելների տունն էր կործանել, իսկ Տիրան բեյի նման սնանկների թիվը Կ․ Պոլսում օրեցօր աճում էր։ Առաքելի հանդուգն արարքը որքան վշտացած հոգիներ էր մխիթարել, որքան Հուսահատ և հացի կարոտ ընտանիքների սիրտն էր ամոքել։ Փայտահատի կացինը ինչպիսի սարսափ էր սփռել այն նենգամիտների սրտում, որոնք պատրաստվում էին Տիրան բեյին հետևել իրենց կանխապես մտածված տոմարներով և փաստաթղթերով։

Բյաց Առաքելը անմռունչ նստած էր Կ․ Պոլսի խոնավ բանտերից մեկում շղթայակապ, նիհարած, մեռելային հանգստության մեջ։ Քննիչներին նա բացատրություն չէր տվել, ոչ ոքի չէր պարզել յուր վիշտը և միայն ամեն տեղ ասել էր, թե ինքն է սպանել այն նենգավոր սնանկին, որը յուր երեք հարյուր լիրան հափշտակել էր։ Առաքելի տերերը և տիրուհիները վկայել էին, որ նա անչափ համեստ, բարեսիրտ, ծայրահեղ ճշտասեր և ազնիվ մարդ էր։ Իսկ բժիշկները մատնացույց էին արել նրա խելագարության նշանների վրա։ Եվ, իսկապես, Առաքելը դուրս էր եկել յուր սովորական դրությունից։ Քրեական դատարանը չպարտավորեցրեց Առաքելին երկար տանջվելու բանտի որջերում։ Եղեռնագործությունից չորս ամիս չանցած պիտի քննվեր նրա գործը։ Առաքելի նախկին փաստաբանը հանձն էր առել նրան պաշտպանել և ազատել։ Առաքելի հայրենակիցները գրեթե բոլորն էլ իրենց պահանջքի տասներորդ մասը ստանալով, վերջացրել էին գործերը և ամեն մեկը մի կողմ էր հեռացել յուր ընտանիքի պարենը ճարելու։ Միայն Մինասը երբեմն-երբեմն նրա համար տնական կերակուրներ էր տանում բանտ։

Դատավարության օրը հավաքվել էին փաստաբանները եղեռնադատ ատյանի նրբասենյակում, որը առևտրական դատարանի վերին հարկումն էր գտնվում։ Այդտեղ էին և ոճրագործները, միայն իրենց հատուկ սենյակում, որի դուռը բաց էր նրանց մեջ մի անկյունում նստած էր Առաքելը անդորր և անվրդով։ Փաստաբան Հակոբ էֆենդին մոտեցավ կալանավորների դռանը և Առաքելին մոտ կանչելով, ասաց.

— Էլ բան ունի՞ս ասելու։

— Ո՛չ, միայն թե ես ձեր ծրագիրը չեմ ընդունում։ Թո՛ղ ինձ պատմեն, կախեն, ես ապրել չեմ կարող, այս կյանքը այլևս ուժ չունիմ կրելու։

— Հանգստացի՛ր, մի՛ բորբոքվիր, մի՛ ցնցվիր, մտածի՛ր, որ կին ունիս, մայր, զավակ, դրանք բոլորը քեզ են սպասում։

— Է՛լ թող ինձ չսպասեն, էլ ես նրանց ինչի՞ն եմ պետք։ Կարողությունս, հարստությունս կողոպտեցին, առողջությանս, ուժս և տոկունությունս խլեցին, այժմ այս տկար մարմնով ես նրանց բեռ դառնա՞մ… Գնամ պառկե՞մ, տքամ ու տանջվե՞մ… Կինս, մայրս, զավակս առավոտից մինչև իրիկուն չարչարվեն և հա՞ց ճարեն իրենց անդամալույծի համար։ Իմ գոյությամբ, անպետք կյանքովս նրանց դարաքաշ և ողբալի կյա՞նքն էլ դառնացնեմ, թունավորեմ։ Ո՛չ, Հակոբ էֆենդի՛, ավելի լավ է ինձ կախեն, ինձ գլխատեն, ինձ բզկտեն ու մահացնեն Կ. Պոլսում, իմ ոսկորներս այստեղի շները կրծոտեն, ծովի ձկներին կեր թափեն, թող հայրենի գերեզմանին անգամ չարժանանա դիակս և արտասուք չքաղե իմ մոր, կնոջ առանց այն էլ չորացած աչքերի աղբերակից։

— Առաքե՛լ, մի՛ հուսահատվիլ, մի՛ այդպես ընկճվիլ, դռա այն հերոսը չե՞ս, որ ողջ Կ. Պոլիսը դղրդացրիր քու արարքով։ Ինչի՞ ես հուսակտուր մնացել…

— Էֆենդի՛, էֆենդի՛, եթե գիտենայիք քաղցածության դառնությունը, եթե զգայիք մերկության կսկիծը, եթե երևակայել կարողանայիք կարիքի մորմոքը, աղքատության և չքավորության սարսափը, այն էլ մեր թշվառների մեջ, ուր գազանաբար մտրակում է հարկահանը տուգանքը պահանջելիս, հարկի փոխարեն կնոջ վրայից հագուստն է հանում, օջախի վրայից կաթսան է տանում, թոնրի երեսից խաչերկաթն է քաշում և պղինձը շուռ տալով, թշվառի կրակն է հանգցնում, բանտի խորքերումն է փտեցնում, և ծաղր ու ծանակ շինում մարդու նախանձոտ և արհամարհող դրացու աչքերի առաջ, այն ժամանակ այդ առաջարկը ինձ չէիք անիլ։ Եթե երբևիցե մակաբերել կարողանայիք, թե ինչ արհամարհանքի, նախատինքի, ծաղր ու ծանակի է մատնված մեր երկրռւմ չքավորությունը, եթե գաղափար կարողանայիք կազմել, թե ինչ զրկանքների, կողոպուտների և ավարի է մատնված յուր դրացիներից չքավորի աշխատանքը մեր երկրում, դուք երբեք չէիք ցանկանալ ինձ հանգստաբեր մահճի ճիրաններից ազատել և հավիտենական խաղաղությունից ղրկել։ Երբե՛ք, երբե՛ք դատարկ գրպաններով, ձեռքերս կրծքիս ծալած, իմ քայլերս չեմ ուղղիլ դեպի իմ տունս, այն էլ այս կմախքիս հետ, ասաց Առաքելը վշտացած, երկու ձեռքերով կողերն այնպես պինդ սեղմելով, որ կարծես ցանկանում էր փշրել և վերջ տալ յուր բազմատանջ կյանքին։

Մռայլեց Հակոբ էֆենդիի դեմքը, չգիտեր, թե ինչ խոսեր, ինչ պատասխաներ։ Ցավում էր, որ յուր թևարկյալր այդպես հաստատ վճռել էր կյանքից ձեռք քաշել։ Նա միայն դիտում էր Առաքելին, նրա ձևերը, շարժումները, դիմագծերը, գունափոխությունը, դիտում ու հառաչում։

— էֆենդի՛, էֆենդի՛, ինձ մի՛ տանջի, դահիճ մի՛ դառնա։ Այս վիճակի մեջ ինձ ապրելու ստիպելը ամենամեծ ոճրագործությունն է։ Մի թե դու չգիտես, որ դատարկ գրպանը, անգործ ձեռքը ատելի է, անտանելի ամենամերձավորներին, սիրելիներին անգամ։ Մի՛ կարծիր, որ միայն Կ. Պոլսում է բարոյականությունն ընկել, մի՛ կարծիր, որ անսիրտ, անխիղճ հարազատները միայն մայրաքաղաքներում են կուտակվել, ո՛չ, ո՛չ, ամեն տեղ, ամեն երկրռւմ մարդիկ միատեսակ են։ Միայն երկու օր կարելի է թշվառին կարեկցել, երրորդ օրը երես կդարձնեն, մահ կխնդրեն, չոռին ու գրողին կտան անպետք մարդու։ Խնդրում եմ, աղաչում եմ, թողեք, թույլ տվեք, թող ինձ մահվան դատապարտեն, սպանեն, որ ապրելուց, տանջանքից ազատվեմ…

— Տեսնենք, — ասաց հուսահատ փաստաբանը և հեռացավ։

Դատավորները դեռ դատաստանասրահը չմտած՝ ներս տարան նախ և առաջ Առաքելին: Փաստաբանները նույնպես ներս գնացին։ Առաքելը մեղավորներին հատուկ նստարանի վրա նստած էր, երկու հրացանակիր զինվոր կանգնած էին նրա երկու կողքին։ Դատաստանասրահում գրեթե հանդիսատեսներ չկային, ո՞վ պիտի հետաքրքրվեր մի դուրսեցու վիճակով, որի գոյությունն ու մահը կ․ պոլսեցու աչքում մի մրջյունից ավելի արժեք չունի։

— Գիտե՞ս ինչ կա,— ասաց փաստաբաններից մեկը Առաքելի փաստաբանին խոսքն ուղղելով,— մարգարեությունդ կատարվում է։ Այս իրիկուն Միհդատ էֆենդին պսակվում է Հելեն խանումի հետ։

— Մի՞թե այսքան էլ շու՞տ. հազիվ չորս ամիս անցած լինի նրա մարդու սպանվելու օրից։

— Այո, արդեն ամեն պատրաստություն տեսնված է և գիշերս պաշտոնապես Միհդատ էֆենդին տիրելու է Տիրան բեյի գեղանի կնոջը և սրա հետ կալվածներին…

— Ահա մեր օրենքները, ահա աշխարհի կարգերը։ Բայց որ մարդիկ չեն սթափվում,— ասաց զայրացած Հակոբ էֆենդին, աչքերը ուղղելով Առաքելի կողմը, որը ուշադրությամբ լսում էր նրանց խոսակցությունները։

— Անիրավը զրկեց այնքան թշվառներին, աղքատներին և երբ կողոպտած գանձերով երազում էր բարեբաստիկ կյանք վարել, բարեբախտ ժամեր անցկացնել, պատվի, անվան, խղճի հետ կյանքն էլ զոհեց։ Ւսկ այժմ ովքեր են լափելու, շռայլելու և փչացնելու այն գանձերր, որոնք հազարավոր թշվառների դառն դատումով, աղի արտասուքով և արյան գնով էին հավաքվել, բարդվել և բազմացել…

Հակոբ էֆենդին տխրեց ու ավելի դառն մտածությունների մեջ ընկավ այս խոսքերից հետո։ Մանավանդ որ նկատեց, թե ինչ սոսկալի ազդեցություն ներգործեց ընկերակցի պատմությունը յուր թևարկյալի սրտում։ Նա լուռ խորասուզվեց յուր երևակայությունների մեջ, իսկ ընկերն անուշադիր, բորբոքված սրտով շարունակում էր.

— Ահա՛ և մեր դատավորները։ Ես չէի հավատում քո կանխատեսությանր, եթե այժմ քիչ առաջ երթամ և ասեմ, թե Հելենր շատ ուրախացավ Տիրան բեյի սպանման համար, մի խնդաք ինձ վրա, ինձ մի՛ ծաղրեք և մի՛ զարմանաք, թե ավելացնեմ որ եթե Առաքելը չսպաներ Տիրան բեյին, Հելենցը նրան կամ սպանել տալու էր և կամ լքանելով՝ փախչելու յուր հոմանու հետ։

Միառժամանակ լռեց փաստաբանն էլ, նկատելով Հակոբ էֆենդիի հուզմունքը, որը աստիճանաբար սաստկանում էր։ Հենց այդ միջոցին ներս մտավ Միհդատ էֆենդին, թևն առած Հելեն խանումին։ Տիկինը հրավիրված էր թե՛ որպես վկա, թե որպես դատախազ յուր ամուսնու կողմից, որի որբերի խնամակալն էր։ Չուշացան ևս դատավորները, նրանք էլ իրենց տեղը բռնեցին։

Երկար քննությունների և վկաների հարցաքննության կարիք չկար, մեղավորն ինքը խոստովանում էր հանցանքը, և դատավորներն էլ երկու վկա ունեին, որոնք տեսել և հաստատում էին ոճրագործի խոսքերը. Հելեն խանումը և փայտահատը։ Փայտահատը գուցե չգար էլ վկայության, եթե ժամանակին յուր կացինը իրեն վերադարձրած լինեին, նա ավելի յուր կացնով, քան թե Տիրան բեյի սպանողի հարցովն էր հետաքրքրվում։ Դատավորները մի քանի խոսքով գործին ավարատ տալուց հետո խոսք տվին Հակոբ էֆենդիին, որ պաշտպանե յուր թևարկյալ եղեռնագործին։

Հակոբ էֆենդին շատ երկար չխոսեց, սիրտ չուներ և ո՜չ էլ ուժ։ Մանավանդ, որ Առաքելն էլ ընդմիջում էր նրա ճառը և փաստաբանի ապացուցածի հակառակը պնդում։ Փաստաբանը նախ հայտնեց, թե ինչ հոգեկան դրության մեջ էր Առաքելը ոճիրը գործելուց առաջ և նույն պահին։ Նկարագրեց, թե յոթ տարով հեռացած ընտանիքից, գիշեր-ցերեկ տքնելով դիզած կարողությունից Աոաքելը հանկարծակի զրկվելով, երբ դատարանի արձակած վճռով նկատեց, որ անդառնալի կերպով կորցրեց յուր կապիտալը, նա մոլորվեց և մինչև անգամ այդ իսկ ժամում խելագարվեց։ Առաքելը սպանեց Տիրան բեյին խելացնոր վիճակում և ամեն մի մահկանացու մի այդպիսի կորուստից հետո կասկած չկա, որ կարող է ենթարկվել այդ վիճակին։ Իսկ խելագարի արարքը, դատավորներիդ հայտնի է, թե պատժի չի ենթարկվում: Հելեն խանումը հրաժարվեց Առաքելի դեմ դատախազ կանգնելու իրավունքից։

Դատավորներն առանձնացան և մի ժամից հետո վճիռը դուրս բերին։ Նրանք որոշել էին և վճռել դուրս բերել բանտից, ազատել շղթաներից Առաքելին և ուղարկել Փրկիչ գժանոցը։ Փաստաբանի խնդիրքի համաձայն, իսկույն արձակեցին Առաքելի շղթաները և մի թուղթ սկսեցին գրել պատրիարքարան, որ անմիջապես Առաքելին ուղարկեն գժանոց և հավիտյան այնտեղից դուրս չթողնեն։

Այդ վճիռը նույնպես Առաքելի կամքի հակառակ տրվեց, ինչպես նախորդ վճիռը, որով Հելենը ընդմիշտ տիրել էր ամուսնի պապական կալվածներին, բայց ուժ չուներ, առաջը չէր կարող առնել, քանի որ նրա խոսքերը, որպես խելագարի, դատավորները լսել անգամ չէին կամենում։ Կողքի սենյակում, երբ քարտուղարն ու ոստիկանական պաշտոնյան հրամանագրով էին զբաղված, Առաքելը սրունքներից քանդված շղթան վեր առավ, դուրս թռավ, հասավ Միհդատ էֆենդիի ետևից և մի հուժկու հ արվածով յուր չորս ամիս կրած շղթաներով փշրեց սրա էլ գանգը։ Երբ ոստիկանները և զինվորները Առաքելի ետևից վազում էին, որ բռնեն, Առաքելը երրորդ հարկի սանդուխների գլխի լուսամատի պատուհանը բարձրացավ և ինքն իրեն գցեց դատարանի գավիթը՝ տասնևհինգ կանգուն բարձրությունից։

Գավթում, սալահատակի վրա, Առաքելը ընկած տեղը փշրված մնաց, հոգին ավանդած։ Ոստիկանությունը Առաքելի փոխարեն նրա ոսկորները մի կառքի մեջ դրին և ուղարկեցին պատրիարքարան, որտեղից տարին գերեզմանոց և թաղեցին դուրսեցիների շարքում։

Հելենը մեծ ուրախություն զգաց, որ ազատվեց Միհդատի ճիրաններից։ Նա այժմ անկախ ու ազատ կյանք է վարում, յուրաքանչյուր տարի ճանապարհորդություններ կատարելով դեպի արևմուտք յուր զավակների ուսուցիչների հետ, որոնց շուտ֊շուտ փոփոխում է։ թեև անպատմելի և աննկարագրելի տանջանքներ քաշեցին հարս և սկեսուր՝ Բերսան ու Սառան, բայց ուխտեցին այլևս իրենց զավակին՝ Լևոնին պանդխտության չուղարկել։

Բարեբախտաբար վրա հասավ 1877-78 թվականի պատերազմը, ազատվեց Արդանուչի բերդը իսլամի խալիֆաթի լծից և Լևոնը այժմ գաղթական իսլամներից մի լավ ագարակ գնած, պարտիզպանությամբ և այգեպանությամբ է պարապում։ Նա այժմ լավ պլանտացիա ունի և ծխախոտ է ստանում ահագին քանակությամբ, այնպես որ վարդի պես ընտանիք է պահում։

1989թ․