Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ

բնագիր
Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ

Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ.
Ռանգըն վուր սիվադէն նընգնի՝ ալ անիլըն ինչի՞ն է շահ.
Մարդ վուր քու խօսքով միռանի՝ գալ անիլըն ինչի՞ն է շահ.
Պատանքին մէ ռանգն է հերիք՝ չալ անիլըն ինչի՞ն է շահ:

Մարդ պիտի թանգ հախ տայ, ա՛ռնէ խօսքիրըն փիր-ուստադէմէն.
Ռանգըն ռանգիրուն ծածկում է, հուջրէքըն լիքն է սադէմէն.
Թէգուզ զար-զարբաբ հագցընիս, վուր չըլի ասըլզադէմէն...
Սիվ արաբի ճակտի վըրայ խալ անիլըն ինչի՞ն է շահ:

Լաւ մարդն էն է՝ սի՛րով անէ բարի հրիշտակնիրու կամքըն.
Իմաստուննի՛րն էլ չըտեսան էս աշխարհի հուտն ու համքըն.
Չուրս գըլխանի ռաշի վըրէն աջալըն դըրիլ է թամքըն.
Աշխարհըս միզ մընալու չէ. մալ անիլըն ինչի՞ն է շահ:

Մէր ու մանուկ բաժանվեցան, մանուկն է՛նդուր ունի լալու.
Սատանէն մէ դամբ է դըրի՝ Աթամի զաթըն վուրսալու.
Շատըն սատանէն է տանում, վիրջըն մընում է վա՜յ տալու.
Վուր չէ ուրնիելի նըման՝ կալ անիլըն ինչի՞ն է շահ:

Շուռ էրիտ չարխըն փալագըն, դօվլաթըն միզնից խըռով ա.
Ում հագին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թէ էս ո՞վ ա.
Եարովըդ մէկ մըհլամ չունիս, էնդուր գուլաս, Սա՛յաթ-Նովա.
Ջարէքըն դիղըդ չին գիդի՝ փալ անիլըն ինչի՞ն է շահ:


Քրոնիկոնի 447-ին (1759):

թարգմանություն
Անկիրթ մարդուն որ խոսեցնես, լռեցնելը ի՞նչին է շահ

Անկիրթ մարդուն որ խոսեցնես, լռեցնելը ի՞նչին է շահ.
Գույնը, որ հենքիցը թափվի[1], ալ անելը ի՞նչին է շահ.
Մարդ որ քո խոսքերից մեռնի՝ այցի գալը ի՞նչին է շահ.
Պատանքին մի գույնն էլ է բավ՝ չալ անելը ի՞նչին է շահ:

Մարդ պիտի թանկ գին տա առնի, խոսքերը իմաստուններից.
Մի գույնը մյուսին ծածկում է դարակների լիությունից.
Թեկուզեւ բեհեզ հագցնես, ի՞նչ շահ, թե չէ ազնիվ ցեղից...
Սեւ արաբի ճակտի վրա խալ անելը ի՞նչին է շահ:

Լավ մարդն էն է՝ սիրով անի բարի հրեշտակաց կամքը.
Իմաստուններն էլ չտեսան էս աշխարհի հոտ ու համքը.
Չորս գլխանի ձիու վրա մահը դրել է իր թամքը.
Աշխարհս մեզ չի մնալու. կուտակելը ի՞նչին է շահ:

Մայր ու մանուկ բաժանվեցին, մանուկն առիթ ունի լալու.
Սատանան մի ցանց է դրել՝ Ադամի զարմը որսալու.
Շատին սատանան է տանում, վերջը մնում է վա՜յ տալու.
Որ չէ ուռնիելի[2] նման՝ կալ անելը ի՞նչին է շահ:

Բախտը շրջեց իր անիվը, փառքը մեզանից խռով ա.
Ում հագին հին շոր են տեսնում, էլ չեն ասում, թե էս ո՞վ ա.
Վերքիդ հարմար դարման չունես, ուստի կուլաս, Սա՛յաթ-Նովա.
Բուժողդ դեղդ չգիտի՝ հմայելը ի՞նչին է շահ:


  1. Հնում կրորեղենը ներկելիս նախ ներկում էին հենքային ներկով և ապա բուն ներկով: «Սըվա» թուրքերեն բառը հենց հենք նշանակությունն ունի: Տողի իմաստն է՝ եթե հենքը ներկը չպահի և այն թափվի, ապա ներկել շարունակելը ի՞նչ իմաստ ունի:
  2. Ուռնիելի կալ — հրաժարվում ենք մեր մեջ բերած՝ Մ.Հասրաթյանի մեկնաբանությունից Աստվածաշնչյան Ոռնա Հեբուսացու կալի մասին: Ուռնիելի կալ Լոռվա Սանահինի տարածաշրջանում կոչվում է յայլաներում ուռենու ճյուղերից հյուսաց քողտիքների միջև ընկած ազատ հրապարակը, ուր երեկոները ուրախ ժամանցի համար հավաքվում էին սարվորները: Լոռիում այս արտահայտությունը օգտագործվում է մինչ օրս: